Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ է սահմանը

Օգոստոս 05,1995 12:30

Իշխանությունների մեղադրանքները Դաշնակցության դեմ տագնապ են ներշնչում։ Եվ պատճառն այստեղ ոչ միայն այն է, որ Ազգային անվտանգության նախարարության փոքր-ինչ «հնաոճ» ձևակերպումներում առանցքայինը «ահաբեկչություն» բառն է՝ մի երեւույթ, որն իսկապես վախեցնում եւ ահաբեկում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս։ Խնդիրը նաեւ նրանում է, որ այդ մեղադրանքներն ուղղված են մի կազմակերպության դեմ, որը գոնե ձեւականորեն հանդես է գալիս որպես քաղաքական կուսակցություն։ Ուստի հարցը, բացի քրեականից (որտեղ, կարծում եմ, մամուլը չի կարող դատավորի կեցվածք ընդունել), ունի նաեւ քաղաքական երանգ։

Այսօր իրավիճակն այնպիսին է, որ գործնականում գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում Սահմանադրության հանրաքվեի արդյունքները, հետեւաբար չեն ընդունում նոր ընդունված Հիմնական օրենքը, եւ այստեղից կարելի է նաեւ ենթադրել, որ նրանք բացասաբար են տրամադրված մնացած օրենքների նկատմամբ։ Այլ կերպ ասած, արմատականները չեն ընդունում պետության եւ հասարակության միջեւ կնքված պայմանագրի կետերը, պայմանագիր, որը որոշում է փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները։ Այլ հարց է, որ նրանցից շատերը երդումներ են տալիս ժողովրդավարական իդեալներին հավատարմության վերաբերյալ եւ նշում են, որ չեն ընդունում քաղաքական պայքարի ոչ լեգիտիմ, արյունահեղ եղանակները։ Այդպես վարվում է ընդդիմադիրների մի մասը։ Իսկ Դավիթ Վարդանյանը արդեն բարձրաձայն է ակնարկում, որ ընդդիմությանն այս օրին են հասցրել, որ նրան այլ բան չի մնում, բացի զինվելուց եւ հրասայլ բարձրանալուց։ Իսկ Աշոտ Մանուչարյանը միտինգների ժամանակ ապստամբության միանշանակ կոչեր էր անում։ Իսկ նույնիսկ երդվյալ դեմոկրատ եւ համանուն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը տողերիս հեղինակին տված հարցազրույցում ասաց, որ իշխանությունները նրանց ստիպում են խախտել խաղի կանոնները, ճիշտ է, ավելացրեց նաեւ, որ դեմոկրատները նման բան չեն անի։

Եվ ահա, հարց է ծագում. որտե՞ղ է այն սահմանը, որով քաղաքական կազմակերպությունը բնորոշում է իրավական հասարակության դաշտը եւ որից դուրս իրեն իրավունք է վերապահում գործել անօրինական ճանապարհով, դիմել հեղափոխական քայլերի, ընդհատակյա պայքարի, ահաբեկչությունների եւ բռնությունների։ Եթե նման իրավունք գոյություն ունի, ապա հետաքրքիր է իմանալ, թե քաղաքական գործիչները ինչ իմաստ են ներդնում «իրավական հասարակություն» հասկացության մեջ։ Մի բան պարզ է՝ այդ հասարակությունից մենք անչափ հեռու ենք, եւ այն կարելի է ստեղծել թե՛ պետության եւ թե քաղաքացիների փոխադարձ ջանքերի միջոցով։ Հասկանալի է նաեւ, որ առաջին հերթին պետությունն է պատասխանատու «խաղի կանոնների» պահպանման համար։ Բայց նաեւ՝ քաղաքացիները։ Դա փաստ է, ինչպես եւ փաստ է այն, որ չնայած բազմաթիվ անօրինականություններին, մեր պետությունն, այնուամենայնիվ, սխալ կլիներ անվանել ամբողջատիրական, Սահմանադրությունը՝ առավել եւս։

Հետեւաբար, «խաղի կանոնները» չհարգելը նշանակում է լոկ այն, որ խնդրո առարկա սահմանը չի տարածվում սեփական քթից այն կողմ։ Այստեղ տեղին է հիշել, իմ կարծիքով, ամենահանճարեղ ասացվածքներից մեկը. «Ձեր ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ քիթը»։ Իսկ մեր ազգային քթերը, ինչպես հայտնի է, ծավալով փոքր չեն։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031