ՀՀ Ազգային ժողովը մինչ սեպտեմբեր փակ կպահի իր դուռն ու հոգին մեր առաջ, եւ կարելի է այս ընդմիջման ընթացքում քաղցր անուրջների գիրկն ընկնել, ինչը եւ ես անում եմ հիմա:
…Հայաստանի Հանրապետության մեն միակ Գերագույն խորհրդի ձեւավորման շրջանից ժամանակակիցներիս է ավանդվել գրեթե թեւավոր խոսքի արժեք ձեռք բերած «պոլի փետ էլ լինի՝ ՀՀՇ-ի ցուցակներով կանցնի» արտահայտությունը: ՀՀՇ-ին թշնամաբար տրամադրվածները այն սովորաբար ի ցույց են դնում որպես ամբարտավանության նմուշ: Ցանկության խնդիր է. առանց ավելորդ ճիգերի այն կարելի է ներկայացնել նաեւ բավական շահեկան լույսի ներքո, ժողովուրդն այնքան էր հավատում ու վստահում ՀՀՇ-ին, որ պատրաստ էր վերջինիս առաջադրած ցանկացած թեկնածուի. թեկուզեւ նա «պոլի փետի» տպավորություն թողներ, ձայն տալ։ Այդ արտահայտության հեղինակին հարկ է արժանին մատուցել՝ նրա հույսերը, իրոք, արդարացան։ Հպարտությամբ պիտի արձանագրել, որ եղան պատգամավորներ, ովքեր «պոլի փետի» պես եկան խորհրդարան, 5 տարի «որը պատահի կամ որը կհրամայեք» նշանաբանով կոճակներ սեղմեցին, «պոլի փետի» պես էլ հեռացան, ինչպես բանաստեղծը կասեր՝ աննշմար, որպես քնքուշ մութի թեւ…
Սակայն խոսքը «պոլի փետի» մասին չէ, ոչ էլ ժամանակավրեպ «հավատ» կոչվածի: Խոսքը այս դեպքում ՀՀ Ազգային ժողովի ձեւավորման շրջանում ծնված ու թեւավոր խոսք դառնալու հայտ ներկայացրած «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունն է: Նորից, եւ կրկին իշխող կուսակցության հանդեպ քնքշանվաղ զգացմունքներ չտածողները, պարզ է, սա նույնպես ի ցույց կդնեն որպես ամբարտավանության նմուշ: Սակայն եթե շատ ցանկանանք եւ չզլանանք ջանք թափել, «մեր դեմ խաղ չկա»-ն նույնպես կարող ենք վարդագունացնել։
Փորձենք…
Կարդացեք նաև
Ում դա կհաջողվի՝ մինչեւ սեպտեմբեր գիշերները կարող է հանգիստ քնել, ում չի հաջողվի՝ թող քնաբեր խմի:
Ամեն։
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ