Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղկատակի պաշտոնը դեռեւս թափուր է

Օգոստոս 04,1995 15:00

Ինչպես հայտնի է, թագավորը ստեղծում է իր շքախումբը։ Դա վերաբերում է ժամանակակից ցանկացած խոշոր հաստատությունների, այդ թվում՝ քաղաքական։ Դրանք շատ քիչ են տարբերվում թագավորական պալատից, հատկապես կենտրոնամետ միտումների գերակայության տեսակետից։ Համընդհանուր են նաեւ պալատական խարդավանքները, որոնք անպակաս են այդ հաստատությունների՝ սկսած միջնադարի ամենամռայլ ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը։

Եթե ժամանակակից պետական համակարգը ինչ-որ բան կորցրել է թագավորական պալատի հետ համեմատած, ապա դա հին ժամանակներից գոյություն ունեցող թագավորական ծաղրածուի պաշտոնն է։ Նրան հաճախ նաեւ «հիմար» էին անվանում։ Նա մեծ իրավասություններ ունեցող մարդ էր։ Նախ՝ ծաղրածուն օժտված էր յուրահատուկ դիվանագիտական անձեռնմխելիությամբ, այնուհետեւ՝ իր խելքով չէր զիջում պաշտոնատար այլ անձանց եւ վերջապես, նրան արտոնված էր արտահայտել մի տեսակետ, որը մի կողմից տարբերվում էր պաշտոնականից, մյուս կողմից՝ չէր համընկնում ընդդիմադիր կամ ստվերային տեսակետի հետ։ Այսօր այդ անհրաժեշտ եւ անչափ օգտակար պաշտոնը բացարձակորեն թափուր է։ Եվ չկա ոչ մի երաշխիք, որ նրա անհրաժեշտությունը երբեւիցե կպահանջվի։

Ափսոս։ Հետեւելով ժողովրդավարական իշխանության կայացման ողջ գործընթացին, գալիս ես այն եզրակացության, որ նման մարդու բացակայությունը մեր պետական այրերի ամենամեծ բացթողումներից մեկն է։ Պետք է ասել, որ խեղկատակի դերին հավակնում էին բավականին մեծաքանակ գործիչներ, ասենք՝ նույն Խաչիկ Ստամբոլցյանը կամ Աշոտ Բլեյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այսօր, կարծես թե, վերջնականապես տեղ են գտել «ամենաարմատական ընդդիմության» ճամբարում։ (Հուսով եմ, որ նշված եւ չնշված գործիչները ինձ ճիշտ կհասկանան եւ «խեղկատակ» բառի համար չեն դիմի դատարան՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայցով):

Խնդիրն այն է, որ ի տարբերություն հին ժամանակների իմաստուն թագավորների, որոնք լուրջ չէին ընդունում ծաղրածուներին, բայց եւ վիրավորվում էին նրա սուր արտահայտություններից, մեր այսօրվա իշխանավորները (մանավանդ շքախմբի պալատականները) տանել չեն կարող ոչ մի քննադատություն եւ գերադասում են իրենց կողքին չունենալ այնպիսի մարդու, որը չի պատրաստվում երգել միաձայն երգչախմբում:

Պաշտոնական եւ օրինականացված «հիմարի» դեր կարող է ստանձնել մամուլը, մանավանդ այն պարբերականները, որոնք ունեն պաշտոնաթերթի կարգավիճակ: Դա առաջին հերթին կօգներ իշխանություններին խուսափել չափից դուրս մեծ ինքնագոհությունից։ Այն բնականորեն ստեղծվում է փակ համակարգում, որտեղ բոլորը փոխադարձաբար փառաբանում են իրար եւ միահամուռ հակադրվում են ակնհայտ չարակամներին (ինչպես նաեւ հատուկենտ լուրջ ընդդիմախոսներին): Պաշտոնաթերթերի որոշակի «սրացումը» կհաստատեր իշխանության Օլիմպոսը գրավածների դեմոկրատական իմիջը։ Վերջապես, դա կընդգծեր նրանց իմաստությունն ու հեռատեսությունը:֊ Հակառակ դեպքում «օֆիցիոզը», որը դեմոկրատական պետություններում, խոստովանենք, անհեթեթություն է, ձեռք է բերում հին

ու բարի ժամանակների չափած-ձեւած եւ գովաբանող լրատվական միջոցի կարգավիճակ։ Այն էլ ընդունենք, որ ցանկացած իշխանավորի ականջը, այնուամենայնիվ, շոյում են փաղաքշական բառերը։

Պարզ է, որ «հիմարի» դերում հանդես գալը շատ ավելի դժվար է, քան խելոք լինելը։ Դա չի նշանակում սակայն, որ խելոքները տվյալ դեպքում, ձեռք չեն բերում տրամագծորեն հակառակ հատկանիշներ։

Գ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031