Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան է ՀՀՇ-ն ծախսել ընտրարշավի ընթացքում

Օգոստոս 03,1995 17:22

Վերջին տարիներին «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությունը հաճախ է դատավարության մեջ մտնում տարբեր կազմակերպությունների եւ մասնավոր անձանց հետ։ Հերթական պրոցեսը այդ խմբագրության կոլեկտիվի հետ սկսվեց երեկ։ Սպանդարյանի շրջանային դատարանում քննարկվում էր ՀՀՇ վարչության հայցը «Գոլոս Արմենիի» թերթին։ Հայցադիմումի տեքստից կարելի է հասկանալ, որ խնդրո առարկան է Մարինա Գրիգորյանի «Ֆինիտա լյա լյա» հոդվածը («ԳԱ», 8 հուլիսի), որում նշված է, որ կես միլիոն դոլար ծախսվել է նախընտրական պայքարի ժամանակ։ Հայցող կողմի ներկայացուցիչ Զորիկ Հովհաննիսյանը պահանջում էր պատասխանողներից ապացուցել, որ կուսակցության կողմից ծախսվել է հենց այդ գումարը։ Գոլոսականները պնդում էին, որ ՀՀՇ-ն պետք է ներկայացնի պաշտոնական տվյալներ, որոնք հերքում են հոդվածում զետեղված փաստերը։

Բանավեճի առարկա դարձավ նաեւ հոդվածի մի այլ պարբերություն, որում տարբեր տիպի կարծր մեղադրանքներ են հնչում «պետական մեքենայի» հասցեին։ Խմբագրությունը եւ նրա փաստաբան Մարինա Գաբալյանը փորձում էին ապացուցել, որ ՀՀՇ–ն եւ «պետական մեքենան» նույն երեւույթները չեն։ (Ի դեպ, անհրաժեշտության դեպքում ծայրահեղ ընդդիմադիր մամուլը պնդում է ճիշտ հակառակը՝ նույնացնելով այդ երեւույթները): Համաձայնելով արդարացման այդ եղանակի հետ, ՀՀՇ-ի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, գտնում է, որ խնդրո առարկա մեջբերումը հարված է հասցնում կուսակցության արժանապատվությանը։

Նշենք, որ դատավարության ընթացքում պատասխանող կողմը երկու անգամ բացարկ հայտարարեց դատավոր Ռուբեն Բալաբանյանին, կասկածելով նրա օբյեկտիվությանը։ Երկու անգամ պրն Բալաբանյանը հեռանում էր խորհրդակցելու նպատակով, որից հետո երկու անգամն էլ հանդիսավոր տոնով հայտարարում էր, որ նրա թեկնածության բացարկը բավարարված չէ։ Այդ տիպի հարցերի քննարկումը տեւեց երկար ժամանակ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին։ Որոշվել է պահանջել ՀՀՇ-ի պաշտոնական փաստաթղթերը, որոնք բացահայտում են ընտրարշավի համար ծախսված գումարները։ Նույն նպատակով դատարանը դիմել է Հեռուստառադիոպետվարչությանը եւ «Պարբերական» հրատարակչությանը։

Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031