Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխզիջումների ժամանակը

Օգոստոս 03,1995 11:30

Միգուցե, իրոք, ֆինանսական առողջացման քաղաքականությունը (մոնետարիզմը) այլընտրանք չունի, սակայն քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է։ Նախկին կոմունիստական երկրներում անցման առաջին փուլին բնորոշ էր հին (կոմունիստական) եւ նոր (հեղափոխական) ուժերի կոնֆլիկտը։ Երկրորդ փուլին բնորոշ է բարեփոխումներ իրականացնող կառավարության եւ տնտեսական շրջանակների միջեւ կոնֆլիկտը։ Հեղափոխական կարգախոսների ժամանակն անցնում է եւ գալիս է կոնկրետ շահերի ժամանակը։ Վերջին խորհրդարանական ընտրություններով Հայաստանը, կարծես թե, թեւակոխեց այս փուլը։ Ռուսական մեկնաբաններն էլ կանխատեսում են, որ Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոմունիստական-ազգայնական ուժերը դժվար թե հաղթեն։ Այդ դեպքում Ռուսաստանում էլ կոնկրետ շահերի եւ բարեփոխումների ծրագրի միջեւ եղած կոնֆլիկտը կդառնա արդիական: Նոր կոնֆլիկտը դրսեւորվեց Ազգային ժողովի առաջին իսկ նիստերում՝ սոցիալ-տնտեսական ծրագրի քննարկման ընթացքում։ Չնայած խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ծրագիրը, այնուամենայնիվ պարզվեց, որ արդյունաբերողները որոշել են ներխուժել քաղաքականություն եւ պաշտպանել իրենց շահերը։

Առայժմ համեմատաբար ուժեղ խորհրդարանական լոբբին արդյունաբերողներինն  է։ Սակայն բարեփոխումների ծրագիրը հակասում է բոլոր շրջանակների շահերին։ Լիբերալ արտաքին առեւտուրը հարվածում է արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Հայաստանն այսօր ներմուծում է ապրանքներ, որոնց ավանդական արտահանողն էր՝ ծիրան, տոմատի մածուկ, սպիրտ եւ այլն։ Գյուղատնտեսության հետ միասին տուժում է նաեւ սննդի արդյունաբերությունը։ Արդյունաբերության մյուս ճյուղերը հիմնականում աշխատում են արտաքին շուկայի համար։ Այս ճյուղերը նախկին տնտեսական կոոպերացիայի զոհն են։ Եթե անգամ կան ձեռնարկություններ, որոնք վերջնական արտադրանք են թողարկում, ապա հումքային բազան տեղական չէ: Կոմունիկացիաների ծանր վիճակը նրանց գործն ավելի է բարդացնում։ Հումքի նոր աղբյուրների որոնման եւ տեխնոլոգիաների նորացման, սպառման նոր շուկաների որոնման համար այս ձեռնարկությունները լուրջ ներդրումների կարիք են զգում։ Նույն պրոբլեմի աոջեւ կանգնած է գյուղատնտեսությունը։ Անասնապահության մասին շուտով, ըստ երեւույթին, լիովին կմոռանանք։ Մրցունակ անասնապահությունը մեծ ներդրումներ է պահանջում։ Այսօր արդեն Հայաստանի թռչնաբույծները չեն դիմանում պարսիկների մրցությանը։ Անգամ բանկային համակարգը խոր ճգնաժամի մեջ է։ Դրամի քարացած փոխարժեքը ֆինանսական սպեկուլյացիաները դարձնում է ոչ եկամտաբեր։ Երբ բանկերը մեկը մյուսի հետեւից սկսեցին «պայթել» բնակչությունը կորցրեց հավատը բանկերի նկատմամբ։ Մեկ օրում կամ մեկ տարում վստահությունը չես վերականգնի։ Բանկերը երկար ժամանակով կորցրին ֆինանսական կարեւորագույն աղբյուրներից մեկը՝ բնակչության խնայողությունները։ Այնպես որ ֆինանսական առողջացման քաղաքականությունը հակասում է նաեւ բանկային շրջանակների շահերին։

Բարեփոխումների ծրագիրը հակասում է տնտեսական «խաղի մեջ» ներգրավված բոլոր շրջանակների շահերին, իսկ «խաղից դուրս» զանգվածի մասին խոսելն ավելորդ է։ Սոցիալական պոպուլյար թեման կրկին լինելու է ծայրահեղ ընդդիմության հիմնական զբաղմունքը։

Ո՞րն է կառավարության հաղթաթուղթը՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը։ Հայաստանի տնտեսությունն առանց այդ վարկերի այլեւս կաթվածահար կլինի։ Հրանտ Բագրատյանի թիմը մարմնավորում է բարեփոխումների ծրագիրը եւ վարկերը տրվում են հենց այդ թիմին։ Այն պնդումը, թե Հայաստանի տնտեսությունը կարող է գոյատեւել եւ զարգանալ առանց այդ վարկերի, նույնպես պոպուլիստական է։ Համատարած ֆինանսական քաղցը, թեկուզ մասնակիորեն, հագեցնելու միակ աղբյուրը Համաշխարհային բանկի վարկերն են։ Խիստ ֆինանսական քաղաքականությունն այն գինն է, որ մենք վճարում ենք այդ վարկերի դիմաց։ Ոմանք պնդում են, թե այդ վարկերի ներհոսքը ունի նաեւ թաքնված քաղաքական դրդապատճառներ։ Համենայնդեպս առ այսօր միջազգային հանրությանը հետաքրքրող ոլորտներում ազգային շահերին հակասող քայլեր չեն արվել։ Այսինքն ոչ մի անընդունելի քայլ չի պարտադրվել։ Ծրագրի ամենաբացասական հետեւանքը արտադրական ոլորտի քայքայումն է։ Սա միջազգային հանրությանը բնականաբար չի հետաքրքրում։ Սա մեր հոգսն է։ Բարեփոխումների ծրագիր եւ արտադրության փոխզիջումը հրատապ պրոբլեմ է։ Արտադրական շահերն այսօր թափանցելով խորհրդարան, դառնում են քաղաքական գործոն։ Ստվերային պայքարը դառնում է լեգալ, քաղաքակիրթ։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններն արդեն պետք է հաշվի նստեն այս ուժերի հետ։ Ծայրահեղական, ազգայնական, կոմունիստական պիտակներն այլեւս անտեղի են։ Այս դեպքում նրանք գործ ունեն հասարակական որոշակի, շատ կարեւոր, շրջանակների կոնկրետ շահերի հետ, որոնք լիովին ընդունում են թե՛ շուկայական հարաբերությունները, թե՛ ժողովրդավարությունը։ Նրանք իրոք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն այն դեպքում, երբ սկսեն ֆինանսավորել արտադրությունը։ Կամ գոնե խիստ ֆինանսական քաղաքականության ոլորտում համաձայնվեն որոշակի զիջումների։ Նման փոխզիջումներով կսկսվի շահերի ներդաշնակման գործընթացը։ Թունելի վերջում լույս կնշմարվի։ Եվ ոչ միայն տնտեսության ոլորտում, այլեւ՝ քաղաքականության։ Փոխզիջումների քաղաքական մշակույթը մեկ օրում չի ստեղծվում, բայց քաղաքական գործիչների հենց այս սերունդը պետք է այն սկզբնավորի։ Որքան շուտ, այնքան լավ։ Ուշացումն ավելի կխորացնի անդառնալի բացասական հետեւանքները։

ՎԱՀՐԱՄ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031