Երեկ, ժամը 11:00, կառավարության շենքի առջեւ հայտնվեցին կանայք եւ երեխաներ՝ արդարության կոչող ճերմակ ցուցապաստառներով եւ ազատամարտիկի նկարներով։ Պարզվեց, որ նրանք ուրբաթ գիշերը ձերբակալված «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի ազգակիցներն են եւ հարեւանները, շուտով նրանց միացան նաեւ մի քանի երիտասարդներ։ Մենք զրուցեցինք ձերբակալվածի կնոջ, քրոջ եւ մի քանի հարեւանների հետ։ Բողոքողները պահանջում էին թույլ տալ Մանվել Եղիազարյանի կնոջը հանդիպել Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։ Նրանց համոզմամբ, 28-29-ի լույս գիշերը կատարվածը թյուրիմացության, մոլորության հետեւանք է. կանայք չափազանց հուզված էին, սակայն դեպքերի ներկայացման ընթացքում նկատվում էին որոշ անհամապատասխանություններ։ Ընդհանուրն այն էր, որ շրջապատում ձերբակալումը եղել է չափազանց անակնկալ եւ, հարեւանների ու հարազատների կարծիքով, ուղեկցվել է չարդարացված ուժային ճնշմամբ։
Մեր համառ հարցապնդումներին, թե՞ արդյոք նա ցույց է տվել զինված դիմադրություն, մի մասը պատասխանեցին՝ ո՛չ, մյուսները՝ այո՛։ Իհարկե, նշվեց այն փաստը, որ Մանվել Եղիազարյանի մոտ զենք եղել է, բայց կրելու իրավունքը հաստատող փաստաթղթերով։ (Որքան մեզ հայտնի է, Մ.Եղիազարյանը կրակում էր գնդացիրից եւ խիստ կասկածելի է, որ որեւէ փաստաթուղթ թույլատրում է տանը «տաբելային գնդացիր» պահել): Բազմաթիվ անգամ շեշտվեց, որ ձերբակալվածը երբեւէ ոչ մի կուսակցության անդամ չի եղել։ Ընդգծենք նաեւ, որ ձերբակալվածը էջմիածնեցի Մանվելը չէ. այս շփոթն անընդհատ ծագում էր։
Ի վերջո, ձերբակալվածի կնոջը՝ Մարիամ Եղիազարյանին ընդունեց վարչապետի օգնականը՝ Խաչիկյան ազգանունով։ Վերջինս հայտնել էր, որ գործը քննության ընթացքի մեջ է, եւ տվյալ պահին նա չի կարող անհրաժեշտ տեղեկությունները հայտնել։ Օգոստոսի 2-ին, ժամը 16:00-ին Մարիամ Եղիազարյանին խոստացան որոշ պարզաբանումներ կատարել, միաժամանակ հորդորեցին հեռացնել կառավարության շենքի առջեւից բողոքողների ամբոխը եւ, բնականաբար, հաջորդ անգամ ներկայանալ առանց վանկարկող հուզված բազմության։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ