Մեկ տարի եւ 152 համար: Կենսագրության մի համեստ հատված, որ անհամեստորեն մտորումների է մղում։
Ինչպե՞ս կշարունակվեր ստեղծագործական կյանքս, եթե ռադիոյի ճահճացող միջավայրից արձակուրդային փախուստ տալուս 12-րդ օրը Վլադիմիր Զադայանը տուն չզանգահարեր ու իրեն բնորոշ անզիջում ոճով աշխատանք չառաջարկեր։ Ամենահամոզիչ կռվանը ապագա խմբագրի անձի վկայակոչումն է՝ բանաստեղծ-արձակագիր-հրապարակախոս- ուղնուծուծով հայ՝ Իգնատ Մամյան։ Ծանոթանում ենք «Հայ զինվորի» խմբագրատանը, որին նա պատրաստվում է հրաժեշտ տալ՝ նոր թերթի հիմնադրմամբ ալեկոծված ու խանդավառված։ Հիացմունքը, ոգեւորությունն ու շփոթմունքը իրենց զարհուրելի խառնուրդով շիկացնում են 17 տարի մամուլի հետ 2-րդ հանդիպման սպասող լրագրողական «ես»ս։ Մամյանի մտահղացումները անկասելիորեն հմայում են՝ նոր որակի մամուլ, անհատականության բացահայտում, մասնակցություն հայակերտման սրբազան գործին, նոր մտքեր, նոր ոճ։ Ամեն ինչ նոր ու ինքնատիպ։ Առաջին արգելապատնեշները հուսալքության բացիլներով են հայտնվում, բայց զարմանալիորեն վարակ չեն առաջացնում։ Խմբագրակազմը բոլորովին անծանոթ է։
Շատերը չգիտեն թերթն ինչ է, չեն պատկերացնում այդ քաղցր ու դառը թույնի ստրկացնող ուժը։ Գիտի Իգնատ Մամյանը, մեկ էլ՝ նրա հավատարիմ գաղափարակիցը՝ Հենրի Առուշանյանը։ Բայց նրանք ոչինչ չեն սովորեցնում։ Միայն պահանջում են։ Անվերջ պահանջում։ Գրագիտություն, ինքնատիպություն, կարգապահություն։ Յուրաքանչյուր թարմ արտահայտչամիջոց ընդունվում է հրճվանքի աղաղակներով։ Աստված հեռու տանի, եթե որեւէ սխալ կամ վրիպակ էջ սպրդի, սկսվում է խմբագրական ահաբեկչության անշիջելի նոպան։
Մամյանը ոչ միայն չի սովորեցնում, այլեւ չի պարտադրում։ Մի բացառություն կա՝ պետք է գրես մարդկային ցավի մասին, սակարկություն չի ընդունում, ու թղթակցական բանակով նետվում ենք կյանք՝ ցավ ու սպեղանի փնտրելու։ Ահա երախայրիքը՝ նախահամարի տեսքով։ Ուրախ ենք, բայց ավելի շատ՝ մտախոհ։ Այն չէ։ Բոլորս դա զգում ենք։ Մամյանի՝ տղամարդու համար անչափ գեղեցիկ աչքերում, դիվային կրակներ են մոլեգնում։
Կարդացեք նաև
Իրեն վստահել են, ինքը վստահել է՝ թերթը պետք է կայանա, լինի տարբերվելո՛վ։ Բայց 33-րդ համարն արդեն չի ստորագրում։ «Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ»։ Նա մեկնում է Դիլիջան՝ կյանքի լույսն ու ստվերը միատեղ վայելելու, հուսանք՝ նաեւ այդ ամենը հոգեւին բյուրեղացնելու։
Գալիս է Մամյանի հակապատկերը՝ Արամ Աբրահամյանը։ Էկրանինը չէ, բոլորովին այլ մարդ է։ Կարող է կանչել հերթական աշխատակցին ու ամաչկոտ ժպիտով ասել՝ պետք է միմյանց հրաժեշտ տանք։ 15 մարդու արդեն հրաժեշտ է տվել, մնալով նրանց բարեկամը։ Ոչ ոխ, ոչ քեն։ Թերթում նոր անուններ են երեւում, բնականաբար՝ նոր խորագրեր ու թեմաներ։ Հիմա էլ ճշմարտությունն ենք փնտրում, որքան էլ այն ցավ պատճառող լինի։ Մերթ սպիտակ ագռավ ենք, մերթ բակունցյան միրհավ, մերթ արծիվ, մերթ աղավնի։ Բայց ձայնը միայն մերն է, դա սկսեցին բոլորն ընդունել։
Անհամեստորեն նշում ենք 40-րդ համարի ծնունդը։ Ահա մենք՝ Գեորգի Յարալյանի ամենատես աչքերով։ Քիչ ենք։ Հետո իմանում ենք, որ խմբագրի անհանգստությունն էլ դա է։ 100-րդ համարի լույսընծայումն արդեն իրականացնում ենք լրագրողական պատկառելի կազմով։ Դա նույնիսկ պարտադիր էր, չէ որ օրաթերթ ենք։
Իգնատ Մամյանը դիլիջանյան իր գողգոթա-դրախտից մեզ կանչում է։ Մոռացված վայելքների մի ողջ օր ըմբոշխնելուց հետո վերադառնում ենք՝ նախորդ ու ներկա խմբագիրների տարամետ ծրագրերը զուգորդելու չհայտարարված վճռով։ («Եսը» չվթարելու երկաթագիրը քո անձնական գանձն է):
Հիմա արդեն մեկ տարեկան ենք։ Այս ընթացքում մեր մասին հնչած խոսքերից ամենահաճախադեպը հովանավորների հավանական անուններն են եղել։ Հոգնել ենք անուններ ու կուսակցություններ հերքելուց։ Ո՞ր մեկին բացատրենք, որ մեր ծնունդը պայմանավորված է եղել Հայաստանում ազատ մամուլ ձեւավորելու գերնպատակով։ Մեր երկխոսությունը մշտական ու անաչառ ընթերցողի հետ է։ Թող նա մեզ հասկանա այնպես, ինչպես կանք։ Մղեղը քամու հետ կգա ու կգնա, մենք ցորենհատիկի տերն ենք։
Մեկ տարում ոչ հայհոյողի պակաս ենք զգացել, ոչ խնկարկողի։ Խոստովանանքի այս պահին թող նրանք իմանան, որ իրենց հավասարապես ենք սիրում, հավասարապես էլ գոհացնում։ Եթե սա չէ ազատ մամուլը, ուրեմն մենք սխալ ենք աշխատել, բայց մենք հակառակ կարծիքին ենք, ու դա է մեր լինելիությունն ապահովող կենսատու երակը։
Եթե, իհարկե, նախախնամությունն ու այս մարտաոճը մեր դաշնակիցները մնան։ Ճանապարհին ենք՝ ի՞նչ ասես չի պատահի։ Գերխնդիրն այն է, որ այս մերաբաց ճանապարհին հանդիպած ծաղիկներին թույլ չտանք, որ իրենց բույրով մեզ գլխահան անեն։ Եվ փշերին թույլ չտանք, որ գրչի սովոր մեր ձեռքերը արյունլվիկ անեն։
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ