Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը խաղաղության ճանապարհին

Օգոստոս 01,1995 18:20

Մեքենան ԼՂՀ մայրաքաղաք հասավ ուշ երեկոյան։ Շրջակա գերիշխող բարձունքներից երեւում էր լույսերի մեջ կորած Ստեփանակերտը։ Փաստ, որի կողքով անտարբեր չէին կարող անցնել Երեւանից ժամանած մարդիկ։ Այս բարձունքներից մի քանի տարի առաջ անընդմեջ գնդակոծվում էր քաղաքը, ավեր ու մահ սփռելով այստեղ։ Հիմա կռիվ չկա ու պայմանները, բնականաբար փոխվել են։

Ռազմական գործողությունների դադարեցմամբ, հիմա մարդիկ շատ ավելի զբաղված են իրենց առօրյա կյանքով, կենցաղային խնդիրներով։ Շատերը հասցրել են վերանորոգել իրենց տները ու օտարի համար շատ դժվար է համոզվել, որ այս քաղաքը ամիսներ շարունակ գնդակոծվում էր ադրբեջանական դիրքերից։ Թեեւ որոշ ավերված շինություններ մինչեւ այժմ էլ պահպանվում են։ Կյանքը Ղարաբաղում շարունակվում էր նույնիսկ ամենակատաղի կռիվների ժամանակ, իսկ հիմա հրադադարի հաստատումով ստացել է որակական նոր բնույթ։

Խնդիրներն ու պրոբլեմները շատ նման են Հայաստանին։ Նույն բարձր գները, ցածր աշխատավարձերը, հասարակության խիստ շերտավորումը։ Ստեփանակերտում շրջելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե ամբողջ քաղաքը զբաղված է առեւտրով։ Երեւանյան փողոցներ հիշեցնող սեղանիկների, կրպակների, սուպեր մարկետների կողքին առեւտուրը շարունակվում է նաեւ մայթերին, բակերում, մի խոսքով, ամեն տեղ։ Վաճառում են՝ ով ինչ կարող է. սեփական հողատարածքներում աճեցրած բանջարեղեն, ծխախոտ, խմիչքներ, պարսկական ապրանքներ, վաճառքի համար պիտանի ցանկացած իր։ Գները երեւանյան գներից էապես չեն տարբերվում, որոշ ապրանքներ գուցե մի քիչ թանկ են, որովհետեւ մեծամասամբ ներկրվում են Հայաստանից, ու բնականաբար ավելանում է փոխադրման արժեքը։ Միակ տարբերությունը երեւանյան փողոցներից այն էր, որ այստեղ չկան մուրացկաններ, ոչ ոք փողոցում ոչ մեկից չէր մուրում։ Բացատրել սա անձնական հպարտությամբ, թե տնտեսության զարգացումով, չեմ կարող ասել։ Պարզապես մարդիկ, ու հարաբերությունները նրանց միջեւ այստեղ մի քիչ ուրիշ են։ Եթե հարեւանը տեսնի, որ իր կողքինը վատ դրության մեջ է, առանց մտածելու կկիսի իր հացը։ Սա ղարաբաղյան հոգեբանություն է։

ԼՂՀ տանող ճանապարհին հանդիպեցինք մեկ տասնյակից ավելի պարսկական բեռնատար մեքենաների. արտահանում էին մետաղ, շինանյութ։ Ո՞ւմ թույլտվությամբ, ես այդպես էլ չկարողացա պարզել։

Հուլիսի վերջերին Ղարաբաղի բնակչության ուշադրությունը բեւեռվել էր ԼՂՀ պետական համալսարանի ընդունելության քննություններին։ Այդ իրադարձությունը, թվում է, հետաքրքրում էր բոլորին՝ անկախ տարիքից։ Նույնիսկ զառամյալ ծերունիները, որոնք ոչ մի կապ չունեին քննությունների հետ, հետաքրքրվում էին դրանցով։ Կրթված սերունդը Ղարաբաղի բարգավաճման գրավականն է։ Ընդունելության քննություններին ավելի մեծ կարեւորություն էր տալիս այն փաստը, որ ընդունող հանձնաժողովը ժամանել էր Երեւանից։

Լինել Ստեփանակերտում ու չայցելել արցախյան ազատամարտում զոհված մարտիկների եղբայրական գերեզմանատուն, հնարավոր չէ։ Տարեցտարի այն մեծանում է ու այժմ զբաղեցնում է մի հսկայական բլուր։ Հաղթանակները հեշտությամբ չեն տրվում, այս մասին Ղարաբաղում գիտեն ավելի լավ, քանի որեւէ այլ տեղ։ Եղբայրական գերեզմանատան խնամքը իշխանությունները վերցրել են իրենց վրա։ Խնամքով պատրաստված փոքր, գրեթե նույնանման շիրմաքարերը հաստատում են, որ ազատագրական պայքարում բոլորը հավասար են։ Այս մասին խոսում էին նաեւ Երեւանում։ Ասում էին, չի կարելի թույլ տալ, որ շիրմաքարերի չափերը կախված լինեն զոհվածի հարազատների ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում այս հարցը չծագեց։ Բոլորն էլ մերոնք են, կռիվ է, զոհվել են…

Լույսը Ստեփանակերտում տրվում է 24 ժամ։ Տեղացիները լավ ծանոթ են Հայաստանի դժվարություններին, նույն պրոբլեմները, նույն հույսերը։ Վստահ են, որ շուտով լավ կլինի՝ կբացվի ատոմակայանը, կգա իրանական գազը։ Հետո կատակով ավելացնում են. «Մենք ձեր լույսն ենք վերցնում, բայց շուտով դուք էլ ձեր լույսից կօգտվեք»։ Իսկ իրականում մեր ու ձերի խնդիր չկար։ Թեեւ կան որոշ հակասություններ տեղացիների, Ադրբեջանից վերաբնակեցվածների ու Հայաստանի հայերի միջեւ, որոնք սակայն կենցաղային դժվարություններից այն կողմ չեն անցնում։ Ով ապրում է այստեղ, մասնակից է նոր պետության կառուցմանը։

Ստեղծված տպավորությունն այնպիսին է, որ ԼՂՀ-ն արդեն կայացած պետություն է։ Կա հասարակություն՝ իրավունքների ու պարտականությունների հստակ գիտակցումով, կա իշխանություն, որը աշխատում է։

Պատերազմը

Պատերազմի ու խաղաղության մասին պատկերացումները Երեւանում ու այստեղ տարբեր են։ Եթե Երեւանում պատերազմը ռազմաճակատից ստացվող տեղեկատվությունն է, եռամսյա զորահավաքները,  փողոցային շուրջկալները, գազատարի դիվերսիոն պայթեցումները, ապա Ղարաբաղում պատերազմը իրական կյանքն է, նույնիսկ երկարատեւ հրադադարի պայմաններում։ Այստեղ պատերազմը բարձր կարգապահությամբ ու մարտունակությամբ բանակն է, որի նպատակը սեփական պետության պաշտպանությունն է։ Բանակը արցախյան կյանքի հիմնաքարն է։ Խաղաղ կյանքով ապրող Ղարաբաղը ամեն վայրկյան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է վերափոխվելու պատերազմող պետության։ Հարկադրված պատերազմը տարիների ընթացքում ձեւավորեց արցախյան նոր մտածելակերպ։ Այստեղ հրադադարը ընկալվում է որպես սեփական տունը նորոգելու, հողը մշակելու ժամանակամիջոց, այն երբեք խաղաղություն չէ։ Խաղաղությունը միայն փոխզիջումներով ընդունված մեծ համաձայնագիրն է, որով կվավերացվի ԼՂՀ կարգավիճակը, ու դրանից հետո Ղարաբաղյան բանակը կստիպի թշնամուն խաղաղ ապրելու։ Կյանքը խաղաղության ճանապարհին շարունակվում է…

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031