Պալատական խարդավանքներ Կրեմլում
Չգիտես ինչու, հայաստանյան մամուլը, չեչենական իրադարձությունների մեկնաբանությունները հիմնականում պարփակեց քաղաքագիտական կանոնիկ կաղապարների մեջ՝ ամեն ինչ լուսաբանելով անջատողականության կամ անկախության համար մղվող պայքարի նկատմամբ ռուսաստանյան հասկանալի հակազդեցության համատեքստում։ Իհարկե, անիմաստ է ժխտել նշյալ գործոնի առկայությունը, սակայն, մյուս կողմից էլ անիմաստ է ամեն ինչ պայմանավորել դրանով, քանի որ մեր խորին համոզմամբ, Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը չեչեն ժողովրդի ըմբոստ պոռթկումը իրական որեւէ վտանգով չէր սպառնում։
Դրանում համոզվելու համար պարզապես անհրաժեշտ է վերհիշել ընթացիկ տարվա ձմռան եւ գարնան սահմանագլխին մոսկովյան ամբիոններից կատարված փոխադարձ մերկացումները, որոնք Չեչնիայի մասով լույս սփռեցին Կրեմլյան խարդավանքների վրա։
Այն օրերին, երբ դեռեւս պաշտոնավարում էր ԱՊՀ միացյալ ուժերի հրամանատար Եվգենի Շապոշնիկովը, իսկ ՌԴ նախագահ Բորիս Ելցինն էլ ինքնավարություններին այնքան սուվերենություն էր խոստանում, որքան վերջիններս կկարողանան վերցնել, Կրեմլում վճռվում էր Չեչնիայում թողնվելիք սպառազինությունների քանակության հարցը։ Տեսակետները, իհարկե, տարբեր են եղել, բայցեւայնպես վերջնական վճիռ է ընդունվել այնտեղ թողնել տեղում գտնվող զենքի 50 տոկոսը։ Կարծել կրեմլյան շրջանակները այն ժամանակ չէին հասկանում չեչենների ինչի՞ն է պետք զենքը, կամ էլ հույսեր էին փայփայում, որ այն կօգտագործվի բացառապես ոչ լեգիտիմ մարմնի՝ Չեչենական ազգային համագումարի կողմից ապօրինաբար ինքնավարության նախագահ ընտրված Ջոհար Դուդաեւի դիրքերը ամրապնդելու նպատակով, պարզապես միամտություն է։
Կարդացեք նաև
Պետք է կարծել, որ Կրեմլում այդ ժամանակ էլ առաջնորդվել են այն մտայնությամբ, որն իր ծննդյան օրը հրապարակեց ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, ասելով, թե «Գրոզնին գրավելը երկու ժամվա գործ է»։ Այդ դեպքում ինչո՞ւ զենք չվաճառել Չեչնիային, եթե մանավանդ Գրոզնիում դրա պահանջարկը կա, չէ որ այն կարող է ֆինանսական հսկայական օգուտներ բերել։ Սակայն պարզվում է, որ գործարքը այդքանով չի ավարտվել։ ՌԴ նախկին փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյի յուրօրինակ բացահայտումը լույս է սփռում նաեւ դրա ստվերային կողմի վրա. Պավել Գրաչովի ջանքերով Չեչնիայում է մնացել ոչ թե տեղում գտնվող զենքի 50, այլ 80 տոկոսը, ինչի մասին նախագահ Ելցինին հայտնելուց հետո Ռուցկոյը զրկվել է հարցով զբաղվելու հնարավորությունից։ Պետք է ենթադրել, որ կոռուպցիայի մեղադրանքով որոշ ռուսաստանյան պաշտոնյաների հասցեին Ռուցկոյի հնչեցրած ամբաստանությունները հիմնված էին նաեւ «չեչենական գործարքի» տվյալների վրա։ Իսկ որ շրջանառվել են մեծ փողեր, որեւէ մեկի կասկածը չի կարող հարուցել։
Այդ դեպքում կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց լայնածավալ հարձակման անցնել հատկապես Չեչնիայի դեմ, դժվարին կացության մեջ դնելով նախկին գործընկերներին։ Արդյո՞ք անկախական տրամադրությունները այնքան սաստկացել էին Գրոզնիում, որ կարող էին սպառնալ ՌԴ տարածքային ամբողջականությանը։ Ոչ, միանգամայն ոչ։ Հարկ է նշել, որ Չեչնիայում, անկախության գաղափարակիրներ համարվող դուդաեւականների նկատմամբ, նրանց օրինազանցությունների պատճառով, առկա էր նաեւ զանգվածային դժգոհություն, ինչն էլ Կադիրմանովի, Լոբոզանովի եւ Ավտուրխանովի հակաջոհարական ջոկատներին հնարավորություն էր տալիս փոփոխական հաջողություններով մարտեր մղել վարչակազմի դեմ։ Անընդմեջ նրանց զինելով, Չեչնիայում վերահսկելի քաղաքացիական պատերազմը տարիներով շարունակել տալը, ինչի արդյունքում կքայքայվեր ինքնավարության տնտեսությունը եւ անկախական տրամադրություններն էլ աստիճանաբար կմարեին, Մոսկվայից, անշուշտ, մեծ միջոցներ չէին պահանջի։ Ուրեմն, հարկ է պարզել, ի՞նչ հաշվարկների հիման վրա էր, որ Կրեմլում միահամուռ վճռեցին ռազմաթերապիա կիրառել եւ վատնել հսկայական ֆինանսական միջոցներ։ Ինչի՞ հաշվին էին դրանք հատուցվելու։
Պատճառները փնտրել բուն Չեչնիայում, նշանակում է մտնել փակուղի։ Այստեղ վճռորոշ դեր ունեցավ մինչեւ օրս էլ որոշ քաղաքական շրջանակների կողմից անտեսվող մեկ այլ գործոն։ Չնայած Ռուսաստանի ձեռնարկած բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներին, իսկ այնուհետեւ էլ կիրառած պատժական միջոցներին, անցյալ սեպտեմբերին Բաքվում կնքվեց այսպես կոչված «դարի նավթային պայմանագիրը»։ Տնտեսական սուղ միջոցների պատճառով նավթի արդյունահանման խնդրում այնքան էլ հետևողականություն չցուցաբերած Ռուսաստանը «սեւ ոսկու» տարանցման հարցում, իհարկե, չէր կարող նույնական դիրքորոշում որդեգրել։ Դա ոչ միայն կնշանակեր հրաժարվել ֆինանսական հսկայական միջոցներից, այլեւ իրական տնտեսական հիմքեր կստեղծեր այսրկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտուց դուրս բերելու համար, ինչում խորապես շահագրգռված է Արեւմուտքը։
Այժմ վերադառնանք մեր նախնական հարցադրմանը՝ աշխարհաքաղաքական այս խնդրի լուծման համար արդարացվա՞ծ էին արդյոք մարդկային կորուստներով ու ֆինանսական «վատնումներով» ուղեկցվող իրադարձությունները, որոնց «առաջադրանքային» նպատակն էր որոշակի ժամկետներում Չեչնիան դարձնել լիովին վերահսկելի տարածք՝ հետագա ցնցումների հնարավորությունը բացառելու պայմանով։ Այդ նպատակով էր, որ Կրեմլում հետագայում վերանայեցին իրենց նախնական դիրքորոշումը եւ ոչ թե երկու ժամում գրավեցին Գրոզնին, այլ որդեգրեցին դանդաղ ընթացքով ինքնավարության խորքը առաջանալու, չեչեն աշխարհազորն ու բնակչությանը ռոաաստանյան բանակի դեմ «հրավիրելու» մարտավարություն, որի արդյունքում այնպիսի արյունալի խրախճանք կազմակերպվեց, որ ամենատաք գլուխներն էլ Չեչնիայում հասկացան՝ հարկավոր է դադարեցնել պատերազմը, այլապես կործանվում է չեչենական գենոֆոնդը։ Սա մի կողմից։ Սակայն մյուս կողմից էլ Կրեմլում թեժ մրցակցություն էր ընթանում եւ դեռեւս չի էլ մարել պայքարը նավթամուղը, հետեւաբար, նրանից ստացվելիք ֆինանսները տնօրինելու համար:
Ի սկզբանե պայքարի մեջ ներքաշվեցին նախագահական աշխատակազմը՝ պահակազորի հրամանատար Կորժակովի, կառավարությունը՝ վարչապետ Չեռնոմիրդինի եւ պաշտպանության նախարարությունը՝ Պավել Գրաչովի գլխավորությամբ։ Լինելով իրենց գործի քաջատեղյակ մասնագետներ, հասկանալով Չեչնիայում պատերազմական գործողությունների ռազմական առումով անիմաստ ձգձգման ենթատեքստը, գրեթե միաժամանակ հրաժարական տվեցին ՌԴ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները, դա կոծկելով սեփական ժողովրդի դեմ կրակելու աններելիության կարգախոսներով։ Բնական է, որ «հրաժարականների շքերթը» թուլացրեց պաշտպանության նախարարության դիրքերը, բայց ոչ այնքան, որ այն կորցնի վճռորոշ ձայնի իրավունքը Չեչնիայում։ Նշյալ երեք կառույցներն էլ պատրվակներ գտան, թեկուզեւ ոչ սահմանադրական մարմինների միջոցով Չեչնիայում իրենց անընդմեջ ներկայությունը ապահովելու համար։ Ի մասնավորի, վարչապետ Չեռնոմիրդինը Գրոզնի ուղարկեց ազգային վերածննդի ոչ լեգիտիմ կառավարություն, իր ընկերոջ, նախկինում ԽՍՀՄ նավթային նախարար Սալամբեկ Խաջիեւի գլխավորությամբ։ Մյուս գերատեսչություններն էլ իրենց հերթին, Չեչնիա ուղարկեցին սեփական մարդկանց։ Մրցակցությունն այնքան թեժ էր, որ երբ նրանցից մեկնումեկին հաջողվում էր չեչեն դաշտային հրամանատարների հետ կրակի դադարեցման փոխպայմանավորվածություն ձեռք բերել, մյուս կողմերը նախահարձակ լինելով, նույն դրոշի տակ մարտնչող ռուսաստանյան զորքերով խախտում էին հրադադարը։ Այսպես շարունակվեց համարյա մինչեւ Բուդյոնովսկի հայտնի դեպքերը, բնականաբար, զգալիորեն ջլատելով չեչենական ռազմական ներուժը։ Այս իրողությունը թեեւ բխում էր մրցակցող երեք կողմերի շահերից էլ, սակայն միաժամանակ սուր ձեւեր էր ընդունում նաեւ ներկրեմլյան պայքարը։ Նախագահ Ելցինի ապարատում մինչեւ իսկ գաղտնի փաստաթղթեր էին պատրաստվում առ այն, որ վարչապետ Չեռնոմիրդինի հաճախակի հանդիպումները չեչենական ավագանու հետ, նրա եւ զենքի ու թմրանյութերի բիզնեսով զբաղվող չեչենական մաֆիաների համագործակցությունը քողարկելու նպատակ են հետապնդում։ Պայքարն այս ձեւերի մեջ գուցե թե երկար շարունակվեր, եթե չկանխվեր Բուդյունովսկի դեպքերով, երբ դրսեւորվեց Ելցինի քաղաքական կատարյալ կարճատեսությունն ու մտածողության իմպոտենտությունը։
Անհեթեթություն է մտածել, որ ոմն տեռորիստ Շամիլ Բասաեւ, իր «գոլովորեզների» խմբակով, կարողացավ ծնկի բերել երկրորդ աշխարհամարտում հաղթանակած տերությանը։ Իսկ եթե պատերազմական գործողությունները սառեցվեցին, նշանակում է Չեչնիայում տվյալ պահին ստեղծված իրավիճակում հրադադար հաստատելը մոսկովյան ազդեցիկ շրջանակներից գոնե մեկին ձեռնտու էր, ընդ որում՝ կանխարգելիչ միջոց էր ընտրված այնպիսի գործողություն, որը մրցակցող կողմերից ոչ մեկը չէր կարող անտեսել։ Չնայած Բասաեւի մոսկովյան կապերի մասին դեռեւս բացահայտ չի ակնարկվում, սակայն նշվում է նաեւ, իսկ այդ իրողությունը ակնհայտ է, որ չեչենական իրադարձություններից ամենամեծ քաղաքական կապիտալը շահած դուրս եկավ վարչապետ Չեռնոմիրդինը: Նրա խաղաքարտերում հաղթաթղթերը ավելի շատացան հարբեցող նախագահ Ելցինի հիվանդանոց ընկնելուց հետո, երբ վերջինս իր նախագահության օրով իսկ վերջնականապես վերածվեց քաղաքական դիակի։
Սակայն հարկ է նշել, որ դեռեւս Չեռնոմիրդինը չի կարող ձեռքերը հաղթականորեն վեր պարզել։ Բանն այն է, որ նախագահի թիկնազորի պետ Կորժակովը համառորեն շարունակում է պայքարել։ Նրա ջանքերով ՌԴ Դաշնակցային հետախուզական ծառայության ղեկավար նշանակվեց իր մտերիմը՝ 1992 թվականից Կրեմլի պարետ Ա. Բարսուկովը, ինչը ներռուսաստանյան բոլոր գործարքները վերահսկելու անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում: Մյուս կողմից էլ չի վհատվում Չեռնոմիրդինի թիմը. օրերս Չեչնիայի ազգային վերածննդի կառավարության ղեկավար Ս. Խաջիեւը հայտարարեց, որ ռուսաստանյան բանակը այլեւս կայունացնող գործոնի դեր չի կատարում, ռուս զինվորների կողմից կատարվում են գողություններ, բռնաբարություններ, այլ հանցագործություններ, ուստի ավելի նպատակահարմար է նրանց դուրսբերումը։ Ու թեեւ ռուսաստանյան զորավորումները երբեք էլ Չեչնիայում կայունացման գործոնի դեր չեն կատարել, սակայն ՌԴ բարձրաստիճան պատվիրակության ու դուդաեւականների միջեւ հրադադարի, զինաթափման ու զորքերի դուրս բերման համաձայնագիր է ստորագրվել։ Այնպես, ինչպես կամեցել է Չեռնոմիրդինի ներկայացուցիչ Խաջիեւը: Թե որքանով .է սրան համաձայն Կորժակովը եւ կամ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել, ցույց կտա առաջիկա ժամանակը։ Հավանաբար, նորանոր անակնկալներ են սպասվում…
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ