Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին դաշնակը ԱԺ-ում

Օգոստոս 01,1995 16:56

Կրկնակի քվեարկությունները Երեւանում հանգիստ անցան

 Շաբաթ օրը կայացան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների կրկնական քվեարկությունները, որոնցից ընտրողների գերակշիռ մեծամասնությունը ակնհայտորեն մեծ ակնկալիքներ չուներ։ Հուլիսի 5-ի ընտրությունները արդեն լավագույնս արդարացրել էին մի ճամբարի հույսերը՝ միաժամանակ լավագույնս ձախողելով հակառակ կողմի նպատակները, համայնապատկերը գունային ամբողջական ձեւավորում էր ստացել, ուստի հնարավոր փոփոխությունները լոկ նրբերանգներին կարող էին վերաբերել՝ մի քիչ ավելի թանձր կամ ավելի բաց։ Այստեղից էլ՝ ընտրողների ակտիվության կտրուկ նվազումը. գալիս էին իրոք նպատակադիր, շահագրգիռ անձինք՝ աշխարհիկ, թե հոգեւոր մտասեւեռումներով՝ Ազգային ժողովում տեսնելու խիստ որոշակի ընտրյալի։

Թիվ 21 ընտրատարածք. քվեարկվում են Ռազմիկ Դանիելյանը՝ «Հանրապետություն» միավորում, եւ Սեյրան Ավագյանը՝ ԱԺՄ։ Երկուսն էլ հայտնի դեմքեր են, երկուսն էլ նախընտրական ելույթներում իրենց գալիք հաջողության ծանրակշիռ փաստարկներն էին բերում։ Սեյրան Ավագյանին հատկապես ազդեցիկ էր թվում «Մերգելյանի» բարոյահոգեբանական գործոնը, սակայն կյանքը մի անգամ եւս ապացուցեց, որ այսօրվա գործնական իրապաշտ կյանքում նման զգացական ըմբռնումները մեծ դեր չեն խաղում։ Կարեւորը ընթացիկ պահն է՝ իր կենցաղային, սոցիալական խնդիրներով։

Ռ.Դանիելյանը այս տեսանկյունից կյանքի հարուստ փորձ ունի, «համայնավարական» դարբնոցը մարդկանց հետ շփվելու եւ նրանց փաստացիորեն կողմնորոշելու մեծ հնարավորություններ էր ընձեռում, բացի այդ՝ այս ճամբարում էին հավատարիմ զինակիցները՝ «Հայկոոպի» քաղաքային, շրջանային բաժինների աշխատակիցները, որոնց մեջ ամուր է մասնագիտական համերաշխությունը՝ աջակցության աշխարհագրությունը ընդարձակ էր՝ Հրազդան, Արմավիր… Ռ.Դանիելյանը իր նախընտրական քարոզչությունը սկսել էր մուտքերից, շենքերից եւ թաղամասերից, այսինքն՝ անձնավորված եւ առարկայական խոսակցություն բնակիչների հետ։ Սեյրան Ավագյանը, ընդհակառակը, նախընտրում էր գաղափարական հանդիպումներ կազմակերպել ընտրատեղամասերում։ Թեեւ վերջում նա փորձեց անցնել «բակային» մարտավարության, բայց արդեն ուշ էր. կենսական տարածքը զբաղված էր։ «Մերգելյան» հրապարակում ձեռնարկված նախընտրական վերջին հանդիպումը ձախողվեց՝ տեղական հեղինակությունների բառային եւ ուժային ջանքերով։

Ընտրությունների բուն ընթացքը կանոնավոր էր եւ հանգիստ. ընտրատարածքում ու տեղամասերում ԱԺՄ-ն բավական ներկայացուցչական կազմ ուներ, այնպես որ բողոքները հարակից էին։ Հիմնականում դրանց պատճառը տեղամասերի շուրջ խմբված մարդիկ էին։ Մենք մոտեցանք նման խմբերից մի քանիսին. Աղայան դպրոցի առջեւ կանգնած էին դասական ճերմակ վերնաշապիկներով 40-ն անց տղամարդիկ։ Բարյացակամորեն ժպտացին եւ անթաքույց խոստովանեցին՝ Ռ.Դանիելյանի համակիրներն են եւ գործընկերները։ Ինքնավստահ պահվածքով վկայեցին իրենց ընտրյալի հաջողության իրական երաշխիքները, անգամ ցանկացան իրենց մասին մի քանի տող կարդալ թերթի հերթական համարում։ Ընտրատեղամասերում կիսաշշուկով պնդում էին՝ դրսում բացահայտ քարոզում են, ընտրողներին՝ հրահանգավորում. «Ներսում ստուգելու ոչինչ չկա. ողջ աշխատանքը դրսում է»։ Կային նաեւ փոքր-ինչ այլ կարգի խմբեր՝ ավելի երիտասարդ եւ ժամանակակից հագուստով. նրանք բարյացակամ չէին, խուսափում էին հարցումներից, սակայն ակնհայտ էր՝ «նպատակամետ» էին։ Ներքին աշխատանքի հաջողությունը ապացուցվեց 20:00-ից հետո՝ ձայների հաշվարկի ժամանակ. Ռազմիկ Դանիելյանը տպավորիչ առավելության հասավ իր հակառակորդի հանդեպ՝ շուրջ 2900 կողմ, իսկ Սեյրան Ավագյանը՝ 1250 (ճիշտ այնքան, որքան հուլիսի 5-ին): Նշենք, որ համամասնական ընտրակարգով նա արդեն պատգամավոր էր։

Թիվ 30 ընտրատարածք, քվեարկվում էին Սեյրան Բաղդասարյանը՝ ՀՅԴ, եւ Հովհաննես Ահարոնյանը. սկզբում վերջինս նա որեւէ կուսակցական ուժի աջակցությունը չէր վայելում, բայց երկրորդ փուլում արդեն իշխանության համակրանքը նկատելի էր։ Նախընտրական քարոզարշավը թեժ էր՝ բանավեճեր, համայնքային կապերի ուժի ցուցադրում, որը բացառում է օտարականի մուտքը «հայրենի տիրույթ», այսինքն՝ գաղափարական

հաղթանակի կամ պարտության մասին խոսելը ավելորդ է։ Ընտրությունների ընթացքը երբեմն-երբեմն ընդմիջվում էր խախտումներով, նախ՝ ընտրողների ցուցակները ճշտված չէին. ընդգրկված էին մահացած անձանց անուններ, շատերը չունեին համապատասխան փաստաթղթեր։

Ոմանք ընտրության էին գալիս Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի թաղային կոմիտեից տրված անդեմ տեղեկանքներով (թաղային կոմիտեի նախագահը թեկնածու Ահարոնյանի հայրն, էր), որտեղ նշված էր միայն տվյալ քաղաքացու անուն-ազգանունը եւ նշված հասցեում բնակվելու մոտավոր ժամկետը (ի դեպ, ուղղագրական յուրօրինակ սխալներով, տեղեկանքներից մեկի պատճենը ներկայացնում ենք): Վստահված անձերի, դիտորդների բողոքները հաշվի չէին առնվում։ Հանձնաժողովի անդամները կարծես ընտրությունների մասին օրենքից եւ բառապաշարից քաջատեղյակ չէին, նրանցից մեկը քվեարկության իրավունքի վկայականը կոչեց «լենտ»։ Ընտրողների տրամադրությունը հակասական էր. որոշ մարդիկ գալիս էին, շեշտում ընտրությունների ապարդյունությունը՝ «Մեզ ոչ մի օգուտ չեն տալու», եւ ի նշան բողոքի՝ առանց քվեարկելու դուրս գալիս։ Վերջում հաղթեց գործնական իրատեսությունը. Հովհաննես Ահարոնյանը ձայների բացարձակ առավելությամբ ընտրվեց ԱԺ պատգամավոր:

Թիվ 8 ընտրատարածքն ուներ մի յուրահատկություն, շնորհիվ որի համայնքա-աշխատանքային կապերը նահանջում էին՝ տեղ զիջելով գաղափարական պատվախնդրությանը։ Այստեղ քվեարկվում էին երկու ազդեցիկ ընդդիմադիր պատգամավորության թեկնածուներ՝ Ռուբեն Հակոբյան՝ ՀՅԴ, Շավարշ Քոչարյան՝ ԱԺՄ։ Ընտրությունների ընթացքը չափազանց հանգիստ էր՝ ըստ օրինաց, իհարկե, բնակչության հոսքը, հուլիսի 5-ի համեմատությամբ նվազել էր, այնուհանդերձ գաղափարական համոզումները ընտրողների զգալի մասին վերստին բերեցին ընտրատեղամասերը։ Արդյունքում՝ մոտ 500 ձայնի առավելությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվեց Ռուբեն Հակոբյանը՝ կարծես ի հակակշիռ հայտնի կարգախոսի. «Ոչ մի դաշնակցական Ազգային ժողովում»։

Ընդդիմության ճամբարում ճակատագրի աստվածուհին բարեհաճ եղավ նաեւ Հայկոմկուսի համար։ Թիվ 22 ընտրատարածքում Լեոնիդ Հակոբյանը առավելության հասավ Ավետիք Գրիգորյանի հանդեպ, այսինքն՝ Ազգային ժողովում կոմկուսը կունենա 7 պատգամավոր։

Թիվ 51 ընտրատարածքում Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, պարտություն կրեց հանրակացարանի պարետից։ Սա է իրականությունը։

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031