Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայեցեք ձեր նյարդերը. կարդացեք «Սպիդ-ինֆո»

Մայիս 03,1995 10:00
hayoc ashxarh

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է։ Չգիտեմ, ինչպես են այդ օրը նշում աշխարհի քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրներում, Հայաստանը, համենայնդեպս, այդ բարձր կոչումներին արժանանալու համար դեռեւս անցնելու ճանապարհ ունի։ Մամուլը հասարակության հայելին է ոչ միայն այն առումով, որ արտացոլում է հասարակական գործընթացները։ Մամուլի հանդեպ քաղաքական ուժերի՝ թե իշխանավորների եւ թե ընդդիմադիրների վերաբերմունքը ցույց է տալիս մեր հասունության աստիճանը, մեր պատրաստակամությունը՝ գնալ իսկապես քաղաքակիրթ երկիր ստեղծելու ճանապարհով։

Ետկոմունիստական շրջանում այդ ուղղությամբ քիչ բան չի արվել, ընդունվել է օրենքը, վերացվել է պետական գրաքննությունը, բոլորին տրվել է ազատ արտահայտվելու իրավունք։ Սակայն եկեք ազնվորեն խոստովանենք, որ իսկապես դեմոկրատական մամուլ Հայաստանում այսօրվա օրով չի հաջողվել ստեղծել։ Պետական եւ քաղաքական գործիչները (անկախ իրենց կուսակցական պատկանելությունից) լրագրողների նկատմամբ ակնհայտ քամահրանք են դրսեւորում։ Լավագույն դեպքում մենք ընկալվում ենք որպես «ոտքի տակ» ընկնող եւ կարեւոր գործերին խանգարող տարրեր, որոնք համարձակվում են խլել հանճարեղ մտածողների թանկագին ժամանակը՝ սեփական կասկածելի նպատակները իրականացնելու համար։

Բայց դա լավագույն տարբերակն է։ Պատահում է, որ լրագրողների կամ թերթերի գործունեությունը խիստ նյարդային հակազդեցություն է առաջացնում այս կամ այն ճամբարում, որի «կազմակերպչական հետեւությունները» իրենց սպասեցնել չեն տալիս։ Ամենաթարմ օրինակը «Գոլոս Արմենիի» թերթի եւ կառավարության «Պարբերական» հրատարակչության միջեւ ծագած խնդիրներն են։ Հավանաբար, ոչ մեկի մոտ կասկած չեն առաջացնում այդ կոնֆլիկտի քաղաքական դրդապատճառները։ Կարծում եմ սակայն, որ այս հարցում կառավարությունը զուտ հուզական մոտեցում է ցուցաբերել՝ մի կողմ թողնելով հաշվարկները, տրամաբանությունը եւ ամենակարեւորը՝ օրենքը։ Հակառակ դեպքում նման որոշում ընդունողները հաշվեկշռի կբերեին «Գոլոսը» չտպագրելու օգուտները եւ դրա հետեւանքով առաջացած աղմուկի վնասները։ Չափից դուրս հուզվելն ու նեղանալը նաեւ խանգարում է կառավարության պաշտոնյաներին այդ խնդրին օրինական լուծում տալ։

Մամուլի հարցում ետ չեն մնում նաեւ ընդդիմադիրները, որոնց գերակշռող մասը նախկինում նույն իշխանավորներն էին։ Նրանք բառերի եւ արտահայտությունների ընտրության հարցում մեծ բծախնդրություն չեն ցուցաբերում, երբ ուզում են անվանարկել իրենց չհավանած լրագրողներին։ Անչափ տարված լինելով հասարակական մթնոլորտը շիկացնելու եւ ռադիկալ դարձնելու ծրագրով (կարծում եմ՝ այսօր անիրագործելի) նրանք, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ հարձակումներ են գործում այն մեկնաբանների վրա, ովքեր չեն հիանում իրենց խորաթափանց քննադատություններով ու մեղադրանքներով, ինչպես նաեւ անբիծ բարոյական կերպարով։ Արդյո՞ք զարմանալի է, որ նման մթնոլորտում հայհոյական հարձակումները վեր են ածվում ֆիզիկական հաշվեհարդարների ու խմբագրությունների հրկիզումների։

Մի խոսքով, քաղաքական գործիչները չափազանց դյուրագրգիռ եւ հուզվող ժողովուրդ են, իսկ ընտրություններից առաջ ընդհանրապես գլուխը կորցնում են։ Ուստի խորհուրդ եմ տալիս նրանց այդ ժամանակահատվածում կարդալ միայն «Սպիդ-ինֆո»։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031