Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է գուժում հեռագիրը

Օգոստոս 13,1994 11:26

Հայ ժողովուրդը ձեւավորվել եւ հազարամյակներ շարունակ ապրում է մի լեռնաստանում, որի աշխարհագրական կերտվածքը հիշեցնում է բնական անջրպետներով զատված ինքնուրույն աշխարհների յուրօրինակ ամբողջություն։ Այդ պատճառով էլ հայը բացառիկ նշանակություն է տվել հաղորդակցման ուղիների շինարարությանը, ապառաժների միջով ճամփա է բացել, անհատակ վիհերի վրայով կամուրջ ձգել, իրար կապել արարչի բաժանած բնաշխարհները։ 1918-ին, երբ 6-դարյա ընդմիջումից հետո ազգային պետություն ստեղծվեց, նրա հեռատես գործիչները երկիրն ամրապնդելու համար նախ եւ առաջ ներքին ճանապարհներ կառուցեցին։ Նույն՝ 1918-ին բացվեց նաեւ Իծաքար-Գանձասար ճանապարհը։ Այդ ուղին երեք կողմից թշնամու սահմաններով գծվող Տավուշի (Շամշադին) շրջանը կապում էր Հայաստանի մյուս շրջաններին եւ մայրաքաղաքին։ Իծաքար-Գանձասար խճուղին ուղեւորին անտառապատ-ոլորապատ հունով երկրագնդի տանիքն էր հանում, ապա վայրէջքով դուրս բերում Իջեւան քաղաքի մատույցները։ Այն միակ ապահով ուղին էր, որով տավուշցին կարող էր ելումուտ անել, առանց իրեն թշնամու թիրախ զգալու՝ շատերին անծանոթ սարսուռի։ Կարող էր։

Բայց   տասնամյակների խորհրդային անհոգությունը ճանապարհը դարձրել է անանցանելի։ Միայն հատուկենտ խիզախները կամ էլ ճարահատներն են երթեւեկում՝ աչքի առաջ ունենալով ցեխակույտերում լռվել-մնալու հեռանկարը։

Խորհրդային տարիներին կառուցված ճանապարհներից մեկն անցնում էր Ադրբեջանի տարածքով, երկուսը՝ սահմանի երկայնքով։ Անցած վեց տարում որքա՜ն միջադեպեր, ահ ու սարսափ են դարանակալել այդ հատվածներում, որքա՜ն զոհեր են եղել…

Միության փլուզումը բացահայտեց, որ թուրքը իր էությունը չի փոխել, ավելին, այնքան հիմնավոր ենք մոռացել այդ մասին, որ բազմաթիվ թելերով մեզ կախման մեջ ենք դրել նրա կամքից։ Աշխարհի նման չորս կողմ ունեցող Տավուշը երեք կողմով՝ 180կմ երկարությամբ, սահմանակից է Ադրբեջանին եւ միակ կողմով՝ Իջեւանին ու Կարմիրին, որոնցից բաժանված է դժվարամատչելի լեռներով։

Աշխարհագրական այս պայմաններից տագնապած տավուշցիները սկսեցին ելք փնտրել. 1989թ. աշնանը կարողացան պետական ծրագիր մտցնել Իծաքար-Գանձաքար ճանապարհի վերակառուցումով։ Հինգ տարի է անցել։ Խոստումները թեթեւորեն եկել-անցել են, բայց այդ ընթացքում շրջափակված Հայաստանում Տավուշը քանի՞ անգամ կրկնակի շրջափակվեց, քանի՞ անգամ հայտնվեց զինավառ թուրքի շուրջկալում, քանի՞ անգամ մնաց առանց պարենի ու լույսի։ Թվերը երեւի շատ էին զգաստացնող, եւ կառավարությունը որոշեց 1994-ին 54 մլն հատկացնել՝ ձգձգվող շինարարությունն ավարտելու համար։ Գումարի 1/3-ը պետք է օգտագործեին Տավուշի, 2/3-ը՝ Իջեւանի ճանապարհաշինարարները։ Կառավարությունից ընդամենը 900.000 դրամ ստանալով, փակուղու բնակիչները 4 տոննա դիզվառելիք էլ պարտք անելով, զգալի աշխատանքներ կատարեցին։ Նրանց բաժին 13 կմ-ից 10-ը հարթեցված է։ Մնացած 3 կմ-ը շարունակելուց հետո հնարավոր կդառնա ամբողջը խճապատել։ Ենթադրվում էր այդ ամենը երեք ամսում ավարտել։ Եթե իջեւանցիներն էլ մի քիչ սրտացավ գտնվեին, այս ձմեռ Տավուշը անվտանգ ճանապարհ կունենար։ Բայց… Ստացվեց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարի ստորագրած հեռագիրը՝ ֆինանսների բացակայության պատճառով ի թիվս այլ օբյեկտների դադարեցնել Իծաքար-Գանձասար ճանապարհի շինարարությունը։ Հեռագիրը շրջանում ընդունվեց իբրեւ գույժ։ Մարեց վերջին հույսը։ Եթե ամռան այս չոր եղանակներին տեղամասում աշխատանքներ չկատարվեն, առնվազն մի կլոր տարի Տավուշը կզրկվի ապահովության տարրական երաշխիքներից։ Այս օրերին խուճապային տրամադրություններ չկան։ Շրջանը դիմանում է սահմանների

պարբերական հրետակոծություններին, իր զավակների կորստին, «գրադի» ահեղ դղրդյունին, նկուղների ցուրտ ու անլույս սարսափին, գների աներեւակայելի բարձրությանը, ապրանքների քչությանը, էլեկտրականության պակասին, օրեցօր դատարկվող տների լռությանը… Դիմանում է, իսկ շրջխորհրդի ղեկավարները թվեր են նշում, ընդգծում, որ ե՛ւ տեխնիկան, ե՛ւ վառելանյութը, ե՛ւ աշխատակազմը պատրաստ են առաջին իսկ ազդանշանի դեպքում գործի դրվելու։ Ավաղ, նախարարի հեռագիրը վերջակետ էր։ Այդ ամենին դեռ լավ չհավատացող տավուշցիները արդարություն են պահանջում՝ երեք կողմից թուրքով շրջապատված շրջանում միշտ միատարր բնակչություն է ապրել, այսօր էլ կուրծքը դեմ նույն թուրքին՝ Տավուշը պաշտպանում է Հայաստանն ու Երեւանը, մի՞թե արժանի չէ համապատասխան վերաբերմունքի: Ինչո՞ւ ֆինանսները սպառվեցին հենց այն պահին, երբ բաղձալի պահը շատ մոտ էր…

Ու նրանք դեռ հույս ունեն, որ կգա նաեւ հաջորդ՝ ավետաբեր հեռագիրը։ Բայց կգա՞…

 

Արմենուհի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031