Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնից Լյուդվիգ Խաչատրյանին ազատելու եւ Կտրիճ Սարդարյանին նշանակելու մասին։ Հայտնի էր, որ Կ.Սարդարյանն այդպես էլ չի ստանձնել իր պարտականությունները։
Կ. Սարդարյանը «Նոյյան տապանի» թղթակցին տեղեկացրել է, որ շուրջ 2 շաբաթ է, ինչ դիմում է ներկայացրել կառավարություն աշխատանքից ազատվելու համար, քանի որ համարում է, որ այդպիսի կարեւոր մարմնի աշխատանքը չի կարող զոհաբերվել անհատների կամայականություններին (Լ.Խաչատրյանը առ այսօր չի լքել իր «նախկին» առանձնասենյակը) եւ, որ իշխանությունների որոշումը բեկանելու համար կա ավելի քաղաքակիրթ միջոց, այն է՝ դիմել դատարան։
Կ. Սարդարյանը տեղեկացրել է նաեւ, որ նշանակումը ստանալիս դադարեցրել է «Նոր ուղի» կուսակցությանը իր անդամությունը, պատճառաբանելով նման պաշտոնում կուսակցական լինելու աննպատակահարմարությունը։
Մեր տվյալներով կառավարությունը դեռեւս ընթացք չի տվել Կ. Սարդարյանի դիմումին։
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ