Քանդակագործ Երվանդ Քոչարի տուն-թանգարան. երեք գողտրիկ սրահ, որ հյուրընկալորեն տրամադրվել է նկարիչ Սամվել Սեւադային։ Ուսում եմ անպայման իրեն տեսնել եւ նվիրել իմ «Ռիկի շան պատմությունը», որ ինքն է ձեւավորել, բայց որի լույս տեսնելուց հետո չեմ հանդիպել նկարչին։ Լավ էր, որ մի քիչ ուշացավ։ Ցուցահանդեսը ես դիտեցի նախքան նրան հանդիպելը։
Կտավից կտավ տեղափոխվում եմ գույների, լռության ու նրբագեղության աշխարհ։ Փորձում եմ անմիջական տպավորության տակ գրի առնել իմ մեջ հարուցած զգացումները։ Եվ ահա թե ինչ է ստացվում։
«Հպում». ձեռքը օդեղեն, հպումը նրբին, սերը թաքնված։ Մարդը եւ ներկա է եւ բացակա։ Զգացումը, սակայն, խորն է ու տեւական։ «Կարոտ». մեզ ծանոթ կռունկն է, սպիտակաթեւ։ Հայի կարոտակեզ ափն է, որ Երկիր է ճանապարհում իր ավետաբերին։ Քիչ հետո ես կտեսնեմ նկարչին եւ նա կասի. «Երբ գնացի Ամերիկա, մի տարի մեջքիս վրա պառկած, բաց աչքերով առաստաղին նայեցի»։ Հավատում եմ։ Դժվար է։ Կզարմանայի, եթե ասեր՝ հեշտությամբ հարմարվեցի։ Կռունկն էլ, անշուշտ, այդ ժամանակ արթնացավ նրա մտքում։ Եվ նկարիչը կռունկի թեւով իր կարոտներն առաքեց Հայաստան։
«Սպիտակ գիշեր»: Ամպե՞ր են, այո, բայց ոչ սովորական։ Ցոլարձակում են լույսի շողերը։ Գիշերը չի կարող ճնշել, իրենով անել ամեն ինչ, քանի որ լույսի սպիտակը ուժեղ է եւ արդեն նվաճել է գիշերային երկինքը։ Անշուշտ երաժշտություն կա այս կտավում։ Երեւի հենց դրա համար է Տիգրան Մանսուրյանն ասել. «Այս —(կտավը) ես ամենից շատ սիրեցի»։ Այդ պահին ես — (դեռ չգիտեի), որ Սամվել Սեւադան նաեւ բանաստեղծ է։ Բայց արդյո՞ք պետք էր իմանալ, երբ նրա կտավներից մի քանիսը՝ օրինակ «Ո՞վ ավելին», տխուր բանաստեղծություն է։ Կարթից կախված ձուկը առողջ ու գեղեցիկ կնոջ մարմնի հարեւանությամբ։ Կողք-կողքի՝ մահն ու կյանքը, այսինքն՝ բանաստեղծության անցողիկի մասին։
«Հատակում», «Կույսի համաստեղություն». սրանք եթերային բանաստեղծություններ են։ «Առավոտը հեռու չէ», «Վստահություն». փառաբանումն կապույտի, թափանցիկ, խորը, շերտ առ շերտ գալարվող հարթություններ (նկատելու նուրբ տեխնիկա), եւ սրանց կողքին նաեւ սքանչելի «Լուսաբացից առաջ» կտավը, որտեղ, ուր որ է կբացվի վարագույրը, արեւին ճամփա տալու համար։
Այս նկարները դիտելիս, հնարավոր չէ սովորական բառերով խոսել։ Օրինակ, «Կույսի համաստեղությունն» այսպես թելադրեց՝ գույների ցոլցլանք, խորհրդավոր դարձդարձումներ, որ շոյում են աչքը եւ հանգստացնում հոգին։ Ոսկեղջյուրը մոլորվել է Կույսի համաստեղության նրբանցքներում։ Այո, Երեւան քաղաքի կիզակետում գտնվող, բայց, վարագույրներից ներս խաղաղ այս սրահը, այսօր լցվել է մաքուր գույների ծփանքով։
Ահա եւ նկարիչը, Սամվել Սեւադան։ Ներկայանում եմ առանց խոսքի, ցույց տալով այցետոմսս՝ «Ռիկի շան պատմությունը» գրքույկը։
֊ Այս ի՜նչ անակնկալ է,- բացականչում է ուրախ։ Այս ինչքան ժամանակ է չենք հանդիպել։
Ինչպե՞ս գնացիր, Սամվել։ Ինչպես ապրեցիր հայրենիքից հեռու։
«Դժվար էր, բայց աշխատանքը փրկեց։ Մի տարվա տառապանքից հետո հաղթահարեցի ինքս ինձ եւ սկսեցի նկարել։ Շատ եմ նկարել, բազմաթիվ ցուցահանդեսներ եմ բացել տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում»։
Հոգով մանկավարժ է Սեւադան։ Դեռ այն ժամանակ, երբ Աբովյան քաղաքում էր ապրում, 25 տարեկան ընդամենը, նկարչական դպրոց էր հիմնել (120 աշակերտով): Հիմա էլ Լոս Անջելեսում է դպրոց բացել։ Նպատակը՝ օտար հողում հայ երեխաների մեջ արթնացնել ու պահպանել հայկական ոգին։ «Դրա կարիքը թե ես ունեի, թե երեխաները»։ Աշակերտներդ ովքե՞ր են, որտեղի՞ ծնունդ։ Պարզվում է, պարսկահայեր են, բեյրութահայեր, Ամերիկայում ծնվածներ, հայաստանցիներ… Շատերին խոսել է սովորեցնում, կան, որ հայտնագործում են իրենց արմատները: Ճիշտ մեր ուզած տեղն ենք ընկել, ասում են։
Նկարելուց բացի ինչո՞վ ես զբաղեցնում երեխաներին։ «Մանկուց լսած հեքիաթներս եմ պատմում։ Մի օր, երկու օր… Հարցնում են, բա վե՞րջը։ Վերջ չկա, հայերեն ենք խոսում, հայկական հեքիաթ ենք լսում, հա հորինում եմ»։ Դժվար չէ՞ հորինելը։ «Հորինելուն ինչ կա, նկարչության մեջ էլ եմ հորինում»։
Նկարիչ է, հոգով արվեստագետ, այնուամենայնիվ հարցնում եմ. բայց ինչո՞ւ գնացիր, չէ որ այստեղ էլ էիր սաներիդ գունավոր հեքիաթներ պատմում։
– Ես ուզում էի այնպիսի մի աշխարհում ապրել, որտեղից հնարավոր լիներ գնալ ուր ուզում էի։ Փարիզը ես ուզում էի ոչ թե գրքերով ու կինոներով ճանաչել, այլ՝ Փարիզում լինել։ Նկարչի իմ ներքին մղումն էր այդ։ Ես այստեղից գնալու այլ պատճառ չունեի։
Մեր զրույցին ներկա է նկարիչ Վիգեն Թադեւոսյանը. «Սամվելը ճիշտ է։ Նկարիչը պետք է շրջի։ Ինչի՞ համար պետք է նույն տեղում նստի-մնա։ Դրանից ի՞նչ օգուտ»։
Լավատես Սամվել Սեւադան։ Նախ, որ իր նկարների մեջ տեսա լավատեսությունը. դա ինձ հաղորդվեց գույների թափանցիկության միջոցով։ Հետո, իմ հարցին, հայ գաղութը շա՞տ մեծ է, պատասխանեց. «Այո, շատ, բայց դա ինձ չի տխրեցնում։ Նրանք մասնագիտանում են տարբեր ասպարեզներում, իմ կարծիքով, հետագայում, նրանց 25-30 տոկոսը կվերադառնա լավ մասնագետ դարձած, աշխատող, կարգապահ։ Դրանից մեր հայրենիքը կշահի։ Այնտեղի ոստիկաններն, օրինակ։ Նայում ես, քեֆդ գալիս է, հիանում ես։ Նրա կողքին քեզ ապահով ես զգում։ Վա՞տ կլինի, որ այդպիսի ընտիր ոստիկաններ կամ բիզնեսմեններ դարձած մեր հայ տղամարդիկ վերադառնան հայրենիք»։
Իսկ դու այդ 25-30 տոկոսի մեջ կա՞ս,- հարցնում եմ։- Ես միշտ էլ այստեղ եմ: Ես ինձ գնացած չեմ համարում: Ես պարզապես աշխատում եմ թե այստեղի, թե այնտեղի երեխաների համար։ Հիշում եմ, Աբովյանի գործարաններից սարքավորումները մաքրելու համար նախատեսված վրձիններից էինք ճարում, որ երեխաները նկարեն։ Լոս Անջելեսում իմ սաների նկարների վաճառքից ստացված փողով ներկ ու վրձին գնեցինք, ուղարկեցինք Գյումրիի նկարչական դպրոցին։ Այն, ինչ ես անում եմ Ամերիկայում, ինձ համար բիզնես չէ, այլ իմ պատվի գործն է:
Լսելով նկարչին, ես թերթում էի նրա արվեստի մասին պատմող ալբոմը, որտեղ հանդիպեցի այսպիսի տողերի.
Երբ մենակ լինես ու քունը մոտ չգա քո աչքերին,
Երբ կուզես մոռանալ, չհիշել ինձ, ազատվել քեզ տանջող կարոտից,
Կքնես մեղմ քնով եւ աչքերիդ անկյունում կծորա մի կաթիլ արցունք…
Այդ ես եմ…
Բանաստեղծ է, այո, Սամվել Սեւադան՝ թե նկարչության եւ թե իր երգերի մեջ։ Իսկ երբ իմացավ, որ այս հոդվածը տպագրվելու է «Առավոտ» թերթում, մաղթեց.
– «Առավոտ»-ը թող առավոտվա նման սիրուն լինի, մաքուր ու լուսավոր։
Մարգո ՂՈԻԿԱՍՅԱՆ