Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե դարձյալ փակուղի…

Օգոստոս 02,1994 20:12

Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք- Շահնազարյանը

Անցնող հունիս ամիսը ինչո՞վ էր առանձնահատուկ Արցախի համար։

– Վերջին երեք տարիների ընթացքում այն, թերեւս, միակ ամիսն էր, որ անցավ առանց պատերազմի, ռումբեր չէին պայթում, չէին զոհվում մեր երիտասարդները։ Այս հանգամանքը, բնականաբար, իր բարերար ազդեցությունը թողեց հանրապետության բնակչության կյանքի վրա՝ թե՛ տնտեսական, թե՛ հոգեւոր։ Մեր ժողովուրդը ի վերջո զգաց, որ պատերազմը հավերժական չէ, որ մի օր էլ կարող է ավարտվել։

Ձեզ չի՞ թվում, արդյոք, որ այս տեւական հրադադարը կարող է ավարտվել նոր հրետակոծությամբ

– Ես գտնում եմ, որ այս հրադադարը նույնպես ժամանակավոր է, ուզենք-չուզենք, պատերազմը կշարունակվի։ Ու մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր դիրքերը՝ ռազմական ու քաղաքական։

Հայտնի է, որ Ադրբեջանի Հանրապետությունը գտնվում է խոր ճգնաժամի մեջ։ Իրեն զգացնել է տալիս ընդդիմությունը, որը կտրականապես դեմ է ցանկացած զինադադարի։ Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւն ու ընդդիմությունը վաղուց լեզու են գտել միմյանց հետ, եւ վերջինս իր քայլերն անում է նախագահի թելադրանքով, որն էլ իր հերթին, կատարում է Թուրքիայի եւ մյուս շահագրգիռ պետությունների կամքը։ Իսկ երբ բանը հասնում է Ռուսաստանի միջնորդությանը, Ալիեւը փորձում է չմիանալ նրա խաղաղարար ծրագրին՝ իբրեւ խանգարիչ ուժ վկայակոչելով ընդդիմությունը։

Ըստ Ադրբեջանի քաղաքական ուժերի՝ երկիրը չի կարող ղեկավարել նա, ով, իրենց իսկ ասելով, ահագին տարածքներ է կորցրել, իսկ Ալիեւը այն անձնավորությունը չէ, որ հաշտվի իր աթոռից հրաժարվելու մտքի հետ։ Ահա թե ինչու Ադրբեջանը նորից ու նորից կփորձի իր վերահսկողությունը հաստատել ոչ միայն կորցրած տարածքների, այլեւ՝ ամբողջ Ղարաբաղի վրա։

Եվ, ամենակարեւորը, Ադրբեջանն այսօր Արցախի դեմ պատերազմում է՝ փորձելով իր բնակչության համար կյանքի տարածք ստեղծել։ Իսկ պատմությունից հայտնի է, որ նման պատերազմներն անհամեմատ դաժան ու ձեւական են լինում։ Ադրբեջանի բնական եւ քաղաքական շահերը (չհաշված կողմնակի ուժերը) բավական են, որ պատերազմը շարունակվի։

Ստացվում է, որ ԵԱՀԽի եւ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը դարձյալ փակուղի են մտել։

– ԵԱՀԽ-ի հաշվով այս փակուղին անսպասելի չէր, բայց այն Ռուսաստանի համար ժամանակավոր բնույթ է կրում։ Ամեն անգամ, նման դեպքերում, Ռուսաստանը հնարավորություն է գտնում արգելապատնեշը քանդելու։ Այս անգամ էլ այդպես կվարվի։ Եվ գուցե պատերազմը շարունակե՞լն է հերթական արգելապատնեշը փլելու անհրաժեշտ միջոցը։

Այսինքն, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպիսի՞ վախճան կունենա պատերազմական գործողությունների հետագա փուլը։

– Եթե մեզ հաջողվի պաշտպանել մեր դիրքերը, ինչպես նաեւ ոչնչացնել թշնամու կրակակետերն ու խոշոր կորուստներ պատճառել նրա բանակին, կարծում եմ, Ադրբեջանին այլ բան չի մնա անելու, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ասենք, մինչ այդ էլ նա նստել է այդ սեղանի շուրջ, բայց առայժմ պատրաստ չէ լուրջ փոխզիջումների։ Հիմա, կարելի է ասել, բանակցությունները որոշակիորեն նահանջ են ապրել Ադրբեջանի քաղաքականության մեջ։

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը։

– Ճիշտն ասած, այդ հարցը շատերն են տալիս, անգամ՝ պաշտոնատար անձինք, եւ այն միշտ էլ ինձ զարմացնում է։ Արցախի կարգավիճակն արդեն տվել է ինքը՝ նրա ժողովուրդը, 1991 թ. սեպտեմբերին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, ինքնիշխան պետություն: Եվ մենք մեր դիվանագիտությամբ, մեր բանակով պետք է հաստատենք այդ անկախությունն ու ինքնուրույնությունը։

ԼՂՀ-ն անկախ պետություն է, ըստ իս, այդպիսին էլ կմնա երկար տարիներ։

Իմ անձնական կարծիքն ու երաշխիքն է՝ Արցախը տեսնել մայր Հայաստանի գրկում, Հայաստանի Հանրապետության կազմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031