Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում՝ միայն նվիրյալները

Օգոստոս 02,1994 14:03

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը

– Դպրոցներում պարապմունքները վաղուց ավարտվել են, բայց առջեւում նոր ուսումնական տարին է, որն ավելի տանելի անցկացնելու համար հարկավոր է խորազնին քննարկել նախորդ դասերը։ Որո՞նք էին դրանք։

– Անմիջապես ասեմ, որ եկող, ինչպես նաեւ առաջիկա մի քանի տարում մենք չպետք է էական բարելավման հույս ունենանք։ Մեր հիմնական հոգսը ձմեռն է, եւ ստացած գլխավոր դասն էլ ձմեռային դասն էր։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ 1993-1994 ուստարին անցավ շատ ավելի կազմակերպված։ Երկրորդ դասը քաղեցինք դասագրքերը հրատարակելու փորձից։ Անցած տարի մենք այդ գործում թերացել էինք, եւ, բացասական հետեւանքները հաշվի առնելով, այս անգամ պատրաստի օրինակները մի քանի ամիս շուտ հանձնեցինք «Լույս» հրատարակչությանը։ Բայց արդեն իսկ հայտնի է, որ բացի տարրական դասարանների 3-4 անուն դասագրքերից, մյուսները ժամանակին լույս չեն տեսնի։ Պատճառը թղթի պակասն է։ Կառավարությունը թուղթ գնելու համար Ռուսաստանին 400 միլիոն ռուբլի է փոխանցել, հենց որ այն տեղ հասնի, դասագրքերը, թեկուզ ուշացումով, կհրատարակենք։ Մինչ այդ պետք է բավարարվենք հներով։

– Ըստ երեւույթին, ձեր անհանգստությունը գլխավորապես հումանիտար ձեռնարկների համար է, քանի որ տեխնիկական բնույթի ձեռնարկներն ընդամենը պետք է կատարելագործել, իսկ առաջինները՝ նոր ստեղծել։

– Դասագիրքը դասագիրք է, բայց, իսկապես հենց հայոց պատմության, լեզվի եւ գրականության դասագրքեր չունենք։

– Համազգային հոգս է, մանավանդ, հայ ժողովրդի պատմության արդիական, լիարժեք դասագրքի բացակայությունը։ Կամա թե ակամա ստիպված ենք ապավինեք ուսուցչի ինքնագործունեությանը, որը հաճախ խաբուսիկ արժեք է։ Նախարարությունը նրանց գոնե կողմնորոշո՞ւմ է, անհրաժեշտ ուղեցույցներ, աղբյուրներ տրամադրու՞մ է։

– Ուսուցչի հմտությունն, անշուշտ, շատ կարեւոր է, նախարարությունն իր բոլոր հնարավորություններով նրանց օգնում է, բայց դասագիրքն առաջին հերթին աշակերտին է պետք, առանձնապես հիմա, երբ հոսանքի անկանոն մատակարարումների հետեւանքով գիտելիքներին փոխարինող աղբյուր գրեթե չկա։ Եվ հետո, բոլոր ուսուցիչները չէ, որ անհրաժեշտ մակարդակ ունեն։ Հետեւաբար, դասագիրքը պարտադիր է։ Ցավոք, կրկնում եմ, այս ուսումնական տարին մենք կսկսենք առանց անհրաժեշտ դասագրքերի։ Արդեն այս օրերին պատրաստ կլինեն միայն 2-3-րդ դասարանների «Մայրենիները», 6-7-րդ դասարանների պատմության գրքերը եւ գերմաներենի «Այբբենարանը»։

– Շատ ծնողներ արդեն սկսել են դասագրքեր փնտրել։ Դուք նրանց ի՞նչ խորհուրդ կտայիք՝ գնե՞լ գրախանութներում եւ փողոցներում վաճառվող դասագրքերը։

– Ես ծնողներին խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ այդ դասագրքերը գնելուց, քանի որ կառավարությունն ընդունել է մեր առաջարկությունը՝ դասագրքերը աշակերտներին անվճար տրամադրելու մասին։ Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի, Ջավախքի եւ, այսպես կոչված, ներքին սփյուռքի աշակերտներին:

– Անցած ուսումնական տարին դուք ավելի կազմակերպված համարեցիք, քան նախորդը։ Հաջողությունը համարում եք դպրոցական արձակուրդի տեւողության կրճատո՞ւմը։ Երեքի փոխարեն այն մեկ ամիս տեւեց։ Բնականաբար, զգալի աշխատանք էր կատարվել, ձեռք էին բերվել հեղուկ եւ չոր վառելիք, վառարաններ, այսինքն, դասասենյակներն ինչ-որ չափով տաքացվում էին, բայցեւայնպես, հարցերի հարցը մնում է դասի արդյունավետությունը։ Դուք այն բավարա՞ր եք համարում։

– Բնականոնի մասին խոսք լինել չի կարող։ Պարապմունքներն անցնում էին կիսատ-պռատ տաքացվող դպրոցներում, կրճատված դասաժամերով, շատ կրթօջախներ, մեզ տեղյակ չպահելով, օրերով դասերն ընդհատում էին։ Բայց, օրինակ, Երեւանում եւ Գյումրիում նախորդ տարվա համեմատ փոփոխությունը զգալի էր։ Իհարկե, 20-25 րոպեանոց դասերը բոլորովին չեն կարող փոխարինել լիարժեք դասերին։ Չնայած 20 րոպեն 40 րոպեի կեսն է, բայց դա դեռ չի նշանակում, թե 20 րոպեանոց դասի արդյունավետությունը 40 րոպեանոցի արդյունավետության կեսն է: Գուցե նույնիսկ դրա մեկ տասներորդն է։ Թվաբանական կեսը այստեղ չի գործում։ Ուստի որոշել ենք նոր ուսումնական տարում դասաժամի տեւողությունը չկրճատել, եթե նույնիսկ ստիպված լինենք 35-40 օրվա արձակուրդ սահմանել։ Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համաժողովը խոստացել է համապատասխան չափով հեղուկ վառելիք ուղարկել մեզ։ Հույս ունենք, որ դպրոցական շենքերի ջեռուցման խնդիրը այս տարի մեծ հոգս չի պատճառի։

– Այնուամենայնիվ, վերադառնանք առաջին հարցին։ Ձմռանը բացի ձեր նշած գործոններից հոգեբանականն էլ էական դեր խաղաց, շատ ծնողներ հրաժարվում էին իրենց երեխաներին անգամ տաքացվող դպրոցներ ուղարկելուց, ինչո՞ւ աչք փակենք՝ նրանց մի մասը տաք հագուստ չուներ, եւ ծնողները գերադասում էին զավակներին իրենց կողքին պահել։ Այս ամենը կարելի է հասկանալ, դժբախտաբար, կար եւս մեկ հանգամանք, որը դժվար է ընկալել ՝ուսուցչի անտարբերությունը։ Անժխտելի է, որ դասալքության պատճառներից մեկն էլ մանկավարժների անհոգությունն էր։ Նախարարությունը, որեւէ գործուն լծակ ունի՞ մանկավարժական մթնոլորտը կարգավորելու համար։

– Դրանք շրջանային ժողկրթբաժիններն են։ Բայց ոստիկանական աշխատաոճը դպրոցում չի կարող հաջողությամբ կիրառվել։ Մենք ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչ գիտենք, եւ եթե կայացած պետություն լինեինք, դպրոցում նկատվող յուրաքանչյուր մանրուք անհրաժեշտ ուշադրության կարժանարար։ Բայց հենց ձեր հիշատակած հոգեբանական գործոնը նկատի ունենալով՝ փորձում ենք հարմարվել իրավիճակին։ Չէ՞ որ ուսուցիչը շատ ցածր աշխատավարձ է ստանում (եթե, իհարկե, ժամանակին ստանում է): Թեեւ ես կառավարության անդամ եմ, իմ պարտքն եմ համարում բարձրաձայն ասել, որ աշխատավարձերի ուշացումը պարզապես անթույլատրելի է։ Չնայած, պատասխանն էլ արդեն հայտնի է՝ այսօրվա մեր միջոցները չափազանց սահմանափակ են։

– Ուսուցիչները հաճախ արտոնություններ են պահանջում, ուրեմն դրանք բացառվո՞ւմ են։

– Այո, բացառվում են։ Եվ ի՞նչ կարիք կա որեւէ խավի արտոնություններ տալ։

– Բայց դպրոցը դատարկվում է, մանկավարժները հեռանում են, հրաժարվռւմ իրենց մասնագիտությունից։

– Համաձայն չեմ, դպրոցը չի դատարկվում, դուք այցելեք մեր կրթօջախները, կհամոզվեք, որ հոռետեսության հիմքեր չկան։ Հեռանում են նրանք, ովքեր պետք չեն դպրոցին։

– Բայց հարկավոր է ապրել։

– Հասկանում եմ այդ մարդկանց, սակայն իմ համոզմունքն այն է, որ դպրոցում պետք է մնան իրենց գործը սիրող մանկավարժները:

– Կրկի՞ն կոչումը։

– Առաջին հերթին: Թող դպրոցում աշխատեն իսկական նվիրյալները։

– Հենց նրանք՝ նվիրյալները, արժանի չե՞ն առանձնահատուկ աջակցության։

– Բոլորն են արժանի։ 2-3 տարուց հետո, երբ մեր պետությունը կամրանա, կկայանա, հասարակության բոլոր շերտերի սոցիալական պաշտպանվածությունը կդառնա պարտադիր եւ օրինաչափ։

– Դպրոցից հեռանում են նաեւ երեխաները։

– Դուք կարող եք մեր թերությունը համարել՝ մենք վիճակագրություն չունենք դպրոցը լքած երեխաների թվի մասին։ Ավագ դպրոցի աշակերտների մի մասը, իսկապես, հեռանում է։ Ես դա նույնիսկ բնական եմ համարում։ Շուտով ՀՀ ԳԽ-ը կընդունի կրթության հիմնադրույթների մասին օրենքը, որը պարտադիր ուսումը կսահմանի մինչեւ 8-րդ դասարանը, որից հետո աշակերտն ազատ է։ Սա է ճիշտը, թեկուզ ես համոզված եմ, որ այս պայմաններում, սոցիալական նկատառումներով պետք է ամեն ինչ անել՝ նրանց դպրոցում պահելու համար։

– Այժմ՝ դպրոցն ավարտողների մասին։ Դուք էլ, պարոն նախարար, խոստովանեցիք, որ դասընթացները լիարժեք չեն եղել։ Ծնողները դա ավելի ցավագին են ընկալում, դպրոցին պարսավելով, որ ժամանակին անհրաժեշտ գիտելիքներ չի տվել, իսկ քննությունների ժամանակ խստագույնս պահանջել է։ Չտվածը պահանջելը ճի՞շտ եք համարում:

– Տվածի եւ պահանջածի միջեւ այդպիսի տարբերություն չկար։ Բոլոր բաց թողած դասերը, գոնե թվաբանորեն, լրացվել են։

– Հետեւաբար, քննաթերթիկը պետք է մնար անփոփո՞խ:

– Իհարկե: Քննությունների պահանջները չէին կարող նվազեցվել։

– Պարոն Ղազարյան, այս տարի քանի՞ մեդալակիր-շրջանավարտ կար եւ նրանք ի՞նչ արտոնություններ ունեն։

– Մոտ 400: Ես արտոնությունների հարցում առարկություն ունեմ, մեդալը շրջանավարտի տասը տարվա ուսումնառության գնահատականն է, ուրիշ ոչինչ։ Եթե նա արժանի է մեդալին, ընդունելության քննություններից վախենալու առիթ չունի:

– Վերջում մի ճշտում՝ հավաստի՞ է, արդյոք, 1-4-րդ դասարանների երեխաներին դպրոցում անվճար սնունդ տալու լուրը։

– Մինչեւ մթերքը չստանանք, ոչինչ չեմ կարող ասել։ Խոստումները շատ են, դրանց իրագործման միջոցները՝ սուղ։ Խնդրում եմ նման լուրերով չոգեւորվել։

 

Նախարարի հետ զրուցեց Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈԻԶՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031