Որ հողի սեփականաշնորհումը Հայաստանում արդարացված է, փաստ է։ Բայց փաստ է նաեւ, որ սեփականաշնորհումից հետո հայ գյուղացու առաջ ծառացել են մի շարք խրթին, դժվար լուծելի հարցեր, որոնք պահանջում են միայն ու միայն կառավարական հատուկ որոշումների կիրարկում։ Այլապես ի՞նչ անի այն գյուղացին, որ հասկացել է, գիտի հողի նշանակությունը, ոգեւորությամբ մասնակցել է սեփականաշնորհմանը, իր բաժին հողակտորն է ստսցել, բայց…
Սերմ, սածիլ, պարարտանյութ, թունանյութեր, մշակող, փորող, ցանող մեխանիզմներ, ոռոգման ջուր, հողի, ջրի հարկ, ստացված բերքի տեղափոխում, իրացում, իրացված արդյունք-գումարի խնայողություն (որտե՞ղ, դրամարկղու՞մ, իսկ եթե ռուբլին դրամ է դառնում եւ ամբողջ տարվա չարչարանքդ մի շնչում փոշիանու՞մ է)…
Սերմի, սածիլի, պարարտանյութի, թունանյութերի ձեռքբերման մասին ասենք: Սերմի, սածիլի հարցը ավելի հեշտ է լուծվում այն մենատնտեսների մոտ, ովքեր տնային պայմաններում կամ ջերմոցներում կարողանում են դրանք աճեցնել եւ ստանալ։ Այդ մենատնտեսները մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր են։ Մնացած հազարավորները շատ թանկ գներով պիտի հայթայթեն։ Շա՛տ թա՜նկ։ Մինչդեռ կան պետական ջերմոցներ, որոնք սածիլներ են աճեցնում, եւ որոնք պարտավոր են գյուղացուն մատչելի գներով վաճառել այդ սածիլները (վերավաճառողների ձեռքը տալու փոխարեն):
Պարարտանյութի, թունանյութերի մասին։ Հայոց հողը, ինչքան էլ բերրի, հոգնած հող է։ Եվ այս հողի վրա որեւէ բույս աճեցնելու համար անհրաժեշտ է քնահարամ բժշկի բծախնդրությամբ օր ու գիշեր բույսի թարմությունը պահող ու բերքատվությունը բարձրացնող պարարտանյութ սրսկել… Եվ նույնքան էլ թունանյութեր՝ կրծող, ոչնչացնող միջատների դեմ։ Իսկ Հայաստանում պարարտանյութերն ու թունանյութերը շատ թանկ արժեն եւ, կարծում եմ, վերջերս հեռուստահարցազրույցի ժամանակ շատ տեղին էր նախարարներից մեկի խայթող խոսքը կառավարական որոշման այն կետի մասին, ըստ որի՝ մեկ անձին թույլատրվում է Հայաստան ներմուծել ընդամենը 7կգ (յոթ կգ) պարարտանյութ։ Որոշման այս հեղինակը մեր այս հողի վրա չի՞ կանգնած, ի՞նչ է։ Սակայն կան եւս պետական բազաներ, որտեղ կուտակվում են այդ պարարտանյութերն ու թունանյութերը, բայց, չգիտենք, ինչու (մեզ միամիտ ձեւացնենք) դրանք նույնպես վերավաճառողի ձեռքով են հասնում հայ գյուղացուն։
Կարդացեք նաև
Վարող-ցանող մեխանիզմների մասին։
Հողի սեփականաշնորհումից հետո սրանց մի մասը փոշիացվեց։ Մնացածը նրանց ձեռքում է՝ տրակտորիստների։ Նրանց, որովհետեւ սեփականաշնորհումից հետո վարող-ցանող մեխանիզմի տեր դառնալով, կարծես թե իրենց կարևորությունը զգացին գյուղացիների աչքում։ Նաեւ՝ գյուղացիների կախվածությունն իրենցից։ Եվ սկսվեցին աղաչանք- պաղատանքները, հիշոց-սպառնալիքները։ Համագյուղացին զարմացել էր մի երկու տարի առաջ փոշու մեջ կորած պետական տրակտորը այժմ
սեփական բակում կանգնեցրած հարեւան-տրակտորիստի ամբարտավանությունից՝ «նախ փողը տուր, վառելիքը տուր, հետո կմտածեմ…»։
Սեփականաշնորհման գործընթացի ժամանակ գրված հոդվածներից մեկում, երբ խոսք էր գնացել ոռոգման ջրի մասին, զգուշացվել էր՝ «…այնպես չլինի, որ ջրի համար «ծարավի» հերոսների նման եղբայրը- եղբոր գլխին բահը շողշողացնի…»: Հիմա իսկը եւ իսկը դա է։ Ու սեփականաշնորհված հողակտորների ոռոգման առուների ջրբաժաններում միմյանց գլխներին բարձրացված, արեւի տակ փայլփլուն բահերի շեղբերն են, որ համագյուղացիներին հիշեցնում են, թե այսօր ով է ջրի տերը։ Եվ գերիշխող զոռբաների այս դարում մի բան էլ է նկատելի… Ցանկացած պահին գյուղխորհրդի նախագահն ուրիշի ջուրը կտրում ու իր հեկտարանոց, հորիզոնից-հորիզոն ձգվող հողատարածքներին է ուղղում… Ինքը՝ չէ։ Իր ձեռքով չէ՝ պատվաբեր չէ, բայց իր հողատարածքների կենտրոնում թեւերը կանթած-սրատես կանգնած է։ Գյուղում միշտ էլ կան ստրկահոգի թուլամորթներ, որ մի քանի կոպեկով վարձվում եւ իրենց արդեն չորացած հանդն ու հողը թողած, աղա-նախագահի հողատարածքներն են ջրում առավոտյան ժամը 4-ից մինչեւ երեկոյան 21-ը։ (Կուլակ-բատրակ արանքը որտեղի՞ց է առաջանում): Ու բան ասո՞ղն ով է։ Եվ ո՞վ կարող է միջամտել։ Ու նախագահի դեմ անջուր գյուղացիները նստում, անցյալն են բարձրաձայն մտաբերում. «Ուտում էին, ճիշտ է, բայց այսպես բացեիբաց ու ինքնասիրությունդ արհամարհող չէր…»։
Սարմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ