Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբականներ

Օգոստոս 02,1994 12:35

Ընդդիմության մեջ սիրում եմ մտահոգ լայնախոհությունը։ Դրա պատճառով կամ դրա շնորհիվ այսօրվա մեր ընդդիմադիրները ինձ կռվազան տղերք են երեւում, որոնց ուշքը գնում է աղմուկ-աղաղակի համար։ Այնինչ՝ նրանք անձնուրաց լինելու չափ անձնամոռաց պիտի լինեին։ Հազար ափսոս. այդպիսին չեն։

Նրանց ընդդիմությունը կռվի կերպ ու տեսք է առել՝ ուղղված որոշակի անձի դեմ եւ որոշակի անձի համար մղվող։ Բայց խեղճերը պիտի ցույց տան, որ բոլորովին էլ այդպես չէ եւ ստիպված են սխալ խոսք ասել։

Ես հասկանում եմ, թե ինչու են նրանք այդքան սիրում հանրահավաքները։ Անսխալական համարվող ժողովուրդը հանրահավաքում հեշտորեն, բացաչք խաբվում է։ Ընդհանրապես հանրահավաքում մարդ իսլամանում է, կորցնում իր անուն-ազգանունը, ինչպես գետն է անանուն դառնում ծովում։

Ժողովրդին հանրահավաքում չեմ հավատում, վախենում եմ այդ անդեմ վրիժառուից. մարգարե քարկոծող է եւ փրկիչ խաչող։ Իսկ թե ինչ անմարդկային բան է սխալ բառ ասելը, համոզված եմ, որ մեր ընդդիմադիրները չգիտեն։

Մարդուն՝ անասունից տարբեր, իբրեւ ասուն, կազմակերպել ու կայացրել է բա՛ռը, խո՛սքը: Սխալ բառը մարդուն հետ է տանում դեպի վաղնջական ժամանակները, դեպի չգոյություն, ապամարդկայնացնում է։ Այս բանը հարկ է իմանալ եւ հիշել ասվող յուրաքանչյուր բառի հետ։

Համարյա ասացի, որ այսօրվա ընդդիմադիրները ոչ միայն կռվազան, այլեւ սխալ բառ ասող տղերք են։ Նրանց կռիվը ինձ համար չէ եւ իմ կռիվը չէ։ Իսկ ես անձնական կռիվների ականատես լինելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ ժամանակ։ Ես այսօր, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, որ երեկ դատապարտված էր ընդհանրապես հայրենասեր լինելու՝ ձեռքերը շղթայված, քաղաքացի դառնալու ընթացքի մեջ եմ, Խնդրում եմ, տղերք, ինձ չխանգարեք։ Խնդրում եմ նաեւ, որ չստիպեք ղեկավարները զբաղվեն միայն ինքնապաշտպանությամբ։ Թողեք նրանք իրենց գործն անեն։ Այսօր ընդդիմությունը շատ է խակ, շատ է կիսագրագետ, շատ է ոչ պիտո, շատ է կուսակցականորեն անձնական, հետեւաբար՝ պստլիկ, հետեւաբար՝ հակոբական, այսինքն՝ ուզում է անդրանիկությունը, նույն է, թե՝ ավագությունը գողանալ։

Միեւնույն է՝ կույր Իսահակը ասելու է. «Ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։

Սասունիկ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031