Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք…»

Օգոստոս 02,1994 11:21

ԱԺՄ-ն՝ հանրահավաքների հանրագումարի փորձ

1988 թվի ընդդիմությունը այսօր երկփեղկված է։ Մի մասը ներկայացնում է իշխանական թեւը, մյուսը դարձյալ մնում է՝ ընդդիմադիր ուժ։ Իշխանություններն անընդհատ հիշեցնելով, որ չունենք կառուցողական ընդդիմություն, հաճախ են շեշտել, թե Այսրկովկասում ամենակայուն պետությունը Հայաստանն է։ Ֆրանս դը Հարթինգը «Ազգ»-ին տված հարցազրույցում նշում է. «Պարզապես, միայն անկախություն հռչակելով հնարավոր չէ անկախության հասնել, որովհետեւ այդ ընթացքում տնտեսական, ընդհանրապես պետական կառույցների ստեղծման բազմաթիվ խնդիրներ կան»: Կարելի է ավելացնել նաեւ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի խնդիրը։ Մի կողմից հայհոյանքներով, մյուս կողմից միայն ուժի դիրքերից խոսելով, ներքաղաքական մթնոլորտը գնալով շիկանում է։ Անցումային շրջանը հասել է գագաթնակետին, կրքերի բորբոքման կուլմինացիան պայթելու նախաշեմին է։ Առկա է ներքաղաքական ճգնաժամը: Հնարավո՞ր է անթույլատրելին՝ քաղաքացիական պատերազմը։

Վերջին շրջանում կատարվում է քաղաքական ուժերի, կուսակցությունների ներքին զտում։ Թվում էր, ամենահաստատը եւ ամուր հիմքերի վրա կանգնածը, կառավարող կուսակցությունն է՝ ՀՀՇ-ն։ Սակայն ամենաաղմկոտ «սենսացիան» տեղի ունեցավ հենց այստեղ։ Մինչ այդ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը հայտարարել էր. «ՀՀՇ-ն չի պատրաստվում ինչ-որ մեկին զոհել՝ հանուն որեւէ բանի»: Զոհաբերություններն առկա են բոլոր դեպքերում։ Մոտենում է նոր ընտրությունների ժամանակը։ Նախընտրական խժդժությունը սկսված է։ Յուրաքանչյուրը պայքարում է իր մեթոդներով ու ձեւերով։ Ամենաակտիվ պայքարն այսօր վարում են ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը։ Վերջինս, չնայած օգտագործում է ԱԺՄ-ի տրամադրած ամբիոնը, ոչ մի կուսակցության անդամ չէ եւ ունի միայնակ գործիչի կարգավիճակ։ Հերթական՝ 4-րդ հանրահավաքին Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց, որ հաջորդ անգամ ելույթ կունենա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց նաեւ, որ նախորդ երեք հանրահավաքներում ԱԺՄ-ն կատարել է ծրագրի առաջին մասը՝ բարձրացել է ժողովրդի քաղաքական ակտիվությունը եւ այժմ թեւակոխում է երկրորդ՝ շարժումը ղեկավարող մարմնի ստեղծման փուլը։ Այս հանրահավաքը կարեւորվեց նաեւ նրանով, որ հայտարարվեցին ԱԺՄ ծրագրերն ու նպատակները։ Եվ այսպես, ովքե՞ր են շարժման ղեկավարները եւ ի՞նչ են ուզում։

Կազմակերպիչները

Գլխավոր դեմքն, անշուշտ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարախոս եւ անդամ, ՀՀՇ վարչության նախկին անդամ, նախկին վարչապետ եւ նախկին պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ԳԽ պատգամավոր Վազգեն Մանուկյանն է։

Դավիթ Վարդանյանը նույնպես նախկին կոմիտեական է, ԳԽ մշտական հանձնաժողովի նախագահ։

Արշակ Սադոյան. ԳԽ հանձնաժողովի նախագահ

Տիգրան Սարգսյան. ԳԽ մշտական հանձնաժողովի նախագահ

Շավարշ Քոչարյան. ԳԽ պատգամավոր

Սեյրան Ավագյան. ԳԽ պատգամավոր

Աշոտ Մանուչարյան. «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ նախկին անդամ, ՆԳ նախարարի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԱԺՄ անդամ չէ։

Ես նշեցի միայն նրանց, ովքեր, բացի շարժման կազմակերպիչ լինելուց, ունեն նաեւ գործելու իշխանական լծակներ։ Այլ հարց է, թե որքանով են գործուն այդ լծակները կամ որքանով են օգտագործվում դրանք։

Նպատակները

Վերջին հանրահավաքում Սեյրան Ավագյանը շեշտեց, թե շարժման հիմնախնդիրը պետականության կայացումն է։ Նա նշեց նաեւ, որ իշխանությունները մշակել են ծրագիր եւ ժողովրդին հանգստացնելու համար առաջ են քաշել հետեւյալ թեզերը.

ա) շարժումը իշխանության հասնելու համար է

բ) սոցիալական է, քաղաքական չէ, եւ դիմում են անօրինական միջոցների՝ հենվելով օրինապահպան ուժերի կամ հանցագործ տարրերի վրա։

Նրա հաջորդ թվարկումներում թեեւ ընդգծվեց շարժման քաղաքական լինելը, բայց եւ չհերքվեց ա) եւ բ) կետերի առկայությունը։ Շարժումը քաղաքական, ազգային-ժողովրդավարական է եւ նպատակ ունի պաշտպանելու ժողովրդի սոցիալական շահերը, ժողովուրդը առաջ է քաշում Հայաստանում իշխանությունների փոփոխման, կուսակցությունների միավորման խնդիրը, պահանջում է ծրագիր.

ա) ազգային համաձայնության կառավարության ձեւավորում

բ) ԳԽ վաղաժամկետ ընտրություններ

գ) Սահմանադրության ընդունում։

Նա ավելացրեց նաեւ, որ իշխանություններն իրենց առաջարկում են «առեւտուր»՝ Սահմանադրության նախագահական տարբերակի դիմաց՝ օրենք ընտրությունների մասին։

ԱԺՄ անդամ Միքայել Մելքումյանն ավելացրեց, որ հարկավոր է ձեռներեցության համար ստեղծել գոնե նվազագույն պայմաններ, ինչի համար անհրաժեշտ է բարելավել հարկային համակարգը, ինչից շնչահեղձ է լինում գործարարությունը, վերացնել մաքսային սահմանափակումները (վերապահումներով), սեփականաշնորհել գյուղատնտեսական հումք մշակող ձեռնարկությունները, ետ կանչել Հայաստանից հեռացած ձեռներեցներին։

Դավիթ Վարդանյանը հայտարարեց, որ առաջնային խնդիրը «նախագահի եւ իր «թայֆայի» հեռացումն է եւ ազգի ապագա ուղու ճիշտ ընտրությունը, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի զամբյուղի նվազագույն պարունակությանը համապատասխան եւ այն կառավարությունը, որը չի կարողանում դա ապահովել, պետք է հրաժարական տա։ Իսկ նախորդ օրը կազմակերպած մամուլի ասուլիսում նա հայտարարել էր. «Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք, այդ գործի մասնագետ ենք»:

Արշակ Սադոյանն իր «խորին զզվանքն» արտահայտելով ներկա իշխանությունների նկատմամբ, խոսեց նախագահի լիազորությունների, Սահմանադրության նախագահական տարբերակի անընդունելիության, իշխանական կառուցվածքի մասին եւ ավելացրեց. «Եթե մարդը գրավում է բարձր պաշտոն, պետք է նրան քրքրել, հաշվել ոսկորները, իմանալ, թե ե՞րբ է եղել անվտանգության ուժերի գործակալ»:

Արդյունքը եւ հնարավոր հետեւանքները

Շավարշ Քոչարյանը բացառել է հանրահավաքների հետեւանքով քաղաքացիական պատերազմի բռնկումը, իսկ Դավիթ Վարդանյանը նույն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ եթե իշխանությունները գնան առճակատման, ապա իրենք պատրաստ են դրան։ Սեյրան Ավագյանը հայտարարեց, թե շարժումը կայացել է։

Մնում է ենթադրել, որ երկրորդ փուլի ավարտից հետո անցում կկատարվի երրորդ՝ իշխանության անցնելու փուլին։ Սակայն ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն մարդիկ, երկրորդ անգամ անցնելով իշխանության գլուխ, հանրապետությունը դուրս կբերեն տնտեսական ճգնաժամից։

Կուսակցությունների դիրքորոշումը

Առայժմ մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեզոքություն՝ են պահպանում։ Դիրքորոշման ամենաանորոշ օրինակը տվեց ՀՅԴ-ն, հայտարարելով, որ ներկայացվող մեղադրանքներում իրենց չափաբաժինն ունեն նաեւ ԱԺՄ անդամները։ Եթե նրանք բարձրաձայն խոստովանեն դա եւ բացեն իրենց խաղաքարտերը, ապա չի բացառվում միությունը։

1994

Արթուր ՂԱՐԱԳՈԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031