Ահա եւ առաջին համարն «Առավոտ» օրաթերթի, որի ծննդի մասին արդեն տեղյակ եք լրատվական միջոցներից:
– Ո՞ւմ թերթն է,- կհարցնի քաղաքական խաղերից հազար անգամ խաբված ընթերցողը:
Պարզ ու բարձրաձայն, մտախոհ ընթերցողի աչքերի մեջ նայելով, հայտարարում ենք.
– «Առավոտը» այն մարդկանց թերթն է, ովքեր ուղիներ են փնտրում Հանրապետությունը տնտեսական ծանր վիճակից հանելու համար: «Առավոտը» այն «սրահն» է, որտեղ կարող են կարծիքներ փոխանակել արտերկրի հետ տնտեսական կապեր ապահովող արդյունաբերողը, մեծ շուկայի արտադրանք թողարկող ձեռնարկության տնօրենը, ընդերքն ուսումնասիրող գիտնականը, ասելիք ունեցող բժիշկը: Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց մեջ զգում են ժողովրդի ցավը եւ կարող են ինչ-որ բանով օգնել նրան: Ովքեր խելոք են խաչուղիներում թախծող խորհրդատու ծերունիների չափ, ու նաեւ ընդունակ ու պատրաստ անձամբ իրագործելու սեփական խորհուրդները: Թե չէ պարզապես բարի խորհուրդներով ոչնչի չենք հասնի:
Կարդացեք նաև
«Առավոտը» չի պատկանում ոչ մի կուսակցության եւ չի կատարում ոչ մեկի քաղաքական պատվերը: Թերթի ծնունդը տերեւի ծնունդ չէ, հարկ է եղել խորհրդակցել պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձանց հետ, խնդրել բարոյական աջակցություն, բայց՝ չպարտավորվելով փոխարենը դառնալ որեւէ մեկի «ծիրանի փողը»: Հրապարակներում իշխանությունն ու ընդդիմությունը, հակամետ քաղաքական ուժերը թող որքան ուզեն թույն շաղ տան միմյանց վրա. ոչ մի ցայտ չի ընկնի «Առավոտի» էջերին:
Նա քաղաքական կյանքին կանդրադառնա պարզապես նույն ժամանակի մեջ ապրողին պատշաճ արձագանքով եւ նրա ընթացքին կխառնվի միայն դեպքերում, երբ հարկ կլինի որեւէ ճառասացի (անկախ պատկանելությունից) հիշեցնել իր երբեմնի խոստումները կամ մեջբերել ճշմարտություններ, որոնք ինչ-ինչ առումներով, համենայնդեպս՝ ոչ ազգասիրական նպատակներով, շրջանցվում, մոռացվում են նրա կողմից: Իսկ ընդհանրապես մտածող ամեն ոք թերթի էջերում կարող է ազատ արտահայտել իր քաղաքական գաղափարը:,
«Առավոտի» այս առաջին անվճար համարը նպատակ ունի օրաթերթային հերթականության անցնելուց առաջ լսել եւ ընդունել ընթերցող ժողովրդի կարծիքն ու խորհուրդները՝ իր գործունեության ընթացքում դրանցով առաջնորդվելու համար: Դա «Առավոտ»-ին շատ կօգնի ճիշտ եւ ժամանակին կայանալու:
Ուրեմն սպասում ենք ձեր այցելություններին կամ հեռախոսազանգերին: Հուսով ենք՝ դրանք շուտ կլինեն, եւ առաջիկա օրերին թերթը կկարողանա անցնել ամենօրյա հրատարակության:
Հարգանքով՝ «Առավոտ»-ի խմբագրական խորհուրդ
Ժամանակավոր հեռախոս՝ 58-23-12