Հայաստանի ֆուտբոլի 17 տարեկանների հավաքականը 2010թ. իր առաջին հավաքն է անցկացնում: Այս տասնօրյակի ընթացքում թիմը հասցրել է մասնակցել մեկ ստուգողական հանդիպման՝ «Փյունիկ-2»-ի հետ, որի ժամանակ փորձարկվեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն հանդիպումից հետո մենք զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ:
- Ինչպե՞ս է ընթանում հավաքը, ի՞նչն է նպատակը:
- Առաջին հերթին ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունն ու տեխնիկատակտիկական որակները բարելավելը: Հավաքը նորմալ է ընթանում: Անցած հինգ օրերի ընթացքում, փառք Աստծո, ոչ մի վնասվածք չկա, տղաները ջանասիրաբար, մեծ ցանկությամբ աշխատում են: Հավաքին մասնակցում է 22 ֆուտբոլիստ՝ տարբեր ակումբներից:
- Հաջորդ հավաքներին նախատեսո՞ւմ եք նոր ֆուտբոլիստների փորձարկում:
- Մենք արտերկրում հանդես եկող մի շարք հայ ֆուտբոլիստների ենք հետեւում, ուսումնասիրում նրանց հնարավորությունները: Սա շարունակական գործընթաց է: Իսկ, ընդհանրապես, հավաքականի հավակնորդ ֆուտբոլիստների թիվը, բնականաբար, այս 22-ով չի սահմանափակվում եւ առաջիկա հավաքներին կփորձարկենք նոր տղաների:
- Արդեն հավաքի ուղիղ կեսն անցել է: Ինչ-որ միջանկյալ արդյունքներ կարելի՞ է ամփոփել:
- Շատ շուտ է այսօր ինչ-որ արդյունքներից խոսել: Սա մի երկարատեւ գործընթացի կանգառ է՝ նախատեսված ծրագրի առաջին հավաքը:
- 2010-ին ի՞նչ ծրագրեր ունի Մ-17 հավաքականը:
- Այս տարի մասնակցելու ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որը տեղի է ունենալու Իսլանդիայում: Մեր խմբում, տանտերերից բացի, ընդգրկված են նաեւ Չեխիայի ու Թուրքիայի թիմերը: Այդ խաղերի հետ նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախատեսում ենք անցկացնել թե հավաքներ եւ թե ընկերական հանդիպումներ: Դեռ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, սակայն աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են: Ցանկալի կլիներ 4 խաղ անցկացնել՝ մինչ մրցաշարի մեկնելը:
- Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորությունները խմբում:
- Յուրաքանչյուր թիմի հետ կարելի է խաղալ: Ես հավատում եմ մեր ֆուտբոլիստներին: Իսկ շանսերը 50/50 են:
- Մրցակիցներին արդեն ուսումնասիրե՞լ եք:
- Թիմերին դեռ ծանոթ չենք, խաղերը դեռ չենք ուսումնասիրել: Սակայն աշխատանք այդ ուղղությամբ տարվում է: Բացի այդ, Չեխիայի եւ Թուրքիայի կարգի երկրներում հավաքականների զարգացումը մի օրինաչափությամբ է ընթանում, քանի որ մի դպրոց է, մի ծրագիր, ընդհանուր կոնցեպտը նույնն է: Իսկ կոնկրետ խաղեր դեռ կհասցնենք ուսումնասիրել:
- Տեւական ժամանակ է, ինչ աշխատում եք 17 տարեկան ֆուտբոլիստների հետ: Այս տարիքային խմբի առանձնահատկությունը ո՞րն է:
- Նպատակն ազգային հավաքականի համար հնարավորինս շատ ֆուտբոլիստներ պատրաստելն է: Այս տարիքը բեկումային, անցումային է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Ու չի կարելի նույն չափանիշներով մոտենալ, ինչպես, օրինակ, մեկ տարի առաջ:
- Ֆուտբոլային մասնագետներն ու մարզական հոգեբանները նշում են, որ հենց 17-18 տարեկանում են ամենից շատ ֆուտբոլիստներ «կորչում»: Ինչո՞վ եք պայմանավորում:
- Այստեղ մի քանի որոշիչ գործոն կա. անհատ ֆուտբոլիստը, պայմանները, որոնցում ընթանում է նրա զարգացումը, ինչպես նաեւ մարզչի կատարած աշխատանքը, մոտեցումը: Ցավոք, մեր իրականությունում լիարժեք աշխատելու համար պայմանները դեռ չեն ներում: Բայց մոտ ապագայում պատրաստ կլինի հավաքականների տեխնիկական կենտրոնը, որտեղ մենք այսօր արդեն մարզվում ենք: Այդ կենտրոնը ոչնչով չի զիջի արտասահմանյան ակադեմիաներին: Ու մենք կունենանք ֆուտբոլիստներ, որոնք կուրախացնեն բոլորիս: |