Կարծում է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը:

- Պարոն Մարոզյան, օրեր առաջ մայրաքաղաքում «Միասին» կազմակերպությունն իրականացրեց ակցիա: Պատերին փակցվեցին «կոռուպցիայի մեջ թաթախված» դասախոսների նկարներով բարձրորակ պաստառները, ոտի տակ գցեցին նրանց ցուցակները: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:

- Երեւույթը գնահատելու համար պետք է հասկանանք խնդրի էությունը, նաեւ՝ թե ինչ է կատարվում բուհական համակարգում:

- Ի՞նչ է կատարվում:

- Որպեսզի հասկանայինք, թե ինչ է կատարվում բուհերում, մեր կազմակերպությունն անցյալ տարի ուսումնասիրություններ կատարեց դասախոսների, ուսանողների, ծնողների շրջանում՝ կոռուպցիայի առկայության մասին: Մինչ ուսումնասիրությունները՝ ուսանողներից ստացել էինք դիմումներ:

- Ի՞նչ էին ցանկանում դիմումատուները:

- Ուզում էին խորհրդատվական բնույթի, իրավական, բարոյական աջակցություն ստանալ: Օրինակ, դասախոսը լսարանում իրեն պահում է ագրեսիվ, անում է սպառնալից արտահայտություններ: Մասնավորապես՝ «ես հաճույք կստանամ քեզ բուհից հեռացնելով»: Դիմումներում հաճախակի էին շեշտվում դասախոս-ուսանող հարաբերությունների մասին, դրանք, մեղմ ասած, հակասական են, չկա դասախոսի կողմից գիտակցում իր ով լինելու մասին, բացակայում է դասախոսի կողմից ուսանողին գիտելիք տրամադրելու ջանքը: Այդ վերաբերմունքի արդյունքում ընկնում է ուսումնառության որակը, ուսանողները դառնում են անտարբեր դասի եւ դասախոսի նկատմամբ, դառնում են անպատասխանատու: Հեղինակազրկվում է դասախոսը, ուսանողը դառնում է թերահավատ այն ուսումնական հաստատության նկատմամբ, որտեղ սովորում է:

Ուսումնասիրություններ ենք արել Սլավոնական, Ֆրանսիական համալսարաններում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում եւ պետական բուհերում:

- Դիմումատուները կոնկրետ փաստեր տրամադրեցի՞ն:

- Բոլոր ուսանողները, ովքեր դիմել են՝ վախի տակ են: Նրանց հետ զրույցներից պարզ է դառնում, որ ուսանողները, վախենալով բուհից դուրս մնալ, կոնկրետ փաստեր չեն նշում:

- Որտե՞ղ է երաշխիքը, որ, կոնկրետ փաստեր չտրամադրելով, նրանք պատվեր չեն կատարի:

- Այս խնդրից ելնելով է, որ դիմել ենք բուհերին՝ հակակոռուպցիոն երիտասարդական լսարան ձեւավորելու, երկխոսության նպատակով: Հայտեր են ներկայացրել ագրարային ակադեմիան, բժշկական, Բրյուսովի անվան, ճարտարագիտական համալսարանները, Երեւանի հակաճգնաժամային կառավարման ակադեմիան: Մենք իրավաչափ քայլերով դեմ կկանգնենք ցանկացած զրպարտանքների: «Կաշառակեր» պիտակներով ցանկացած ակցիա մենք համարում ենք հակաիրավական եւ անօգուտ: Կատարվածը մեկի անունը վարկաբեկելու կամ անուն վաստակելու ակցիա էր՝ անթույլատրելի ձեւաչափով: Խախտվեց անմեղության կանխավարկածը: Մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռ: Այս ճանապարհով կբացառվի շանտաժը, հակաիրավական ցանկացած ակցիա:

- Բուհերի մասին Ձեր ուսումնասիրությունները ե՞րբ բաց կլինեն, կհրապարակվեն:

- Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Նշեմ, որ բուհերի 50% տոկոսը ռիսկային գոտում է գտնվում: Համալսարանն ունի 14000 ուսանող, որից 8000-ը վատ է սովորում: Դա լուրջ մտորելու տեղիք է տալիս: Հետեւությունը թողնում եմ ձեզ:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ «տուժողները» կամ «բացահայտողները» չեն դիմում իրավապահներին:

- Դասախոսներն այսօր բարդույթավորված են, իրենց մեջ կրում են մեղքի ու դատապարտության զգացումը: Բացահայտողներն էլ «նեղ շահեր արտահայտողներ» են, որոնք հանրությանը կերակրեցին հակաիրավական բնույթ կրող երեւույթներով: Եթե կան փաստեր՝ թող դիմեն իրավապահներին: Կա երկկողմանի պատասխանատվություն: Եթե «Միասինը» սպասում է «տուժածներին» ու չեն դիմում իրավապահ մարմիններին, սա նույնպես հանցագործություն է՝ փաստերը պարտակելը: