Եթե հազարավոր մարդիկ մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին, նշանակում է՝ նրանք գոհ չեն իրենց տեսածից եւ ապրածից:

Մարտի 1-ին Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք էր հրավիրել, ու բնական էր, որ այն նվիրված էր լինելու 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ծավալված դրամատիկ եւ ողբերգական իրադարձություններին, որոնք 10 մարդու մահվան պատճառ դարձան: Ի դեպ, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների եւ բուն հանցագործներին բացահայտելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը շարունակում է սպասել հանրության աջակցությանը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նախօրեին ասել էր «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Ընդդիմությունը, սակայն, վստահ է, որ ՀՔԾ-ն մարդասպաններին բացահայտելու համար հասարակության օգնության կարիքը չունի, որովհետեւ առանց դրա էլ ամեն ինչ ակնհայտ է, եւ պետք է միայն քաղաքական կամք եւ խիզախություն ունենալ եւ մեղադրյալի աթոռին նստեցնել մինչ օրս էլ ոստիկանության համակարգում աշխատող մարդասպաններին ու նրանց կրակելու հրաման տված սպաներին: «Երկու տարի տարբեր մակարդակներով փորձ է արվել տալ «Մարտի 1»-ի իրադարձությունների գնահատականը: Թվում է՝ ամեն ինչ ասվել է՝ բոլոր մանրամասնություններով, փաստերով, դեպքերով եւ դեմքերով: Ֆիլմեր են նկարահանվել, դատավարություններ են եղել, բայց այսօր որեւէ մեկի մոտ չկա այն զգացողությունը, որ «Մարտի 1»-ը բացահայտվել է, ու մեղավորները պատժված են: Հայաստանում բոլորն ամեն ինչ լավ գիտեն, լավ տեսնում են, եւ եթե հազարավոր մարդիկ գալիս են ընդդիմության հանրահավաքներին՝ նշանակում է, որ նրանք գոհ չեն իրենց տեսածից եւ ապրածից, եւ այդպիսի մարդիկ այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում: Իսկ ի՞նչ է եղել երկու տարի առաջ, մարտի 1-ին: Այդ օրը ժողովուրդը շարունակում էր պաշտպանել ընտրության իր իրավունքը, իսկ իշխանությունը զենքով պաշտպանեց իշխելու իր ցանկությունը: Այդքանը: Սա է իրականությունը, ու միամտություն է սպասել, որ այս իշխանությունը պիտի բացահայտի «Մարտի 1»-ը: Իշխանությունը չի կարող ինքն իրեն ու իր պաշտպաններին չպաշտպանել՝ ինչ ճնշումներ էլ որ լինեն իր վրա՝ ներսից, թե դրսից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Եվ, հետեւաբար, նրա համոզմամբ, «Մարտի 1»-ի բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում. «Այլապես ՀՀ գլխավոր դատախազը բոլորիս աչքերի մեջ նայելով՝ կշարունակի պնդել, որ հնարավորն ու անհնարինն արվել է: Իհարկե, արվել է. արվել է՝ չբացահայտելու համար»:

Կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքում մի առանձնահատուկ տեղ էր գրավում նաեւ ՀՀ կառավարության տնտեսական՝ հարկային, գնային քաղաքականությունը: Ա. Սարգսյանից հարցրինք, թե ինքն ի՞նչ է մտածում այդ քաղաքականության մասին: «Հանրապետության» նախագահը նախ՝ հայտարարեց, որ ինքը միանշանակորեն չի վստահում ՀՀ էկոնոմիկայի նախարարի արած հայտարարություններին, թե՝ Հայաստանը հաղթահարել է ֆինանսական ճգնաժամը, կամ՝ որ մինչեւ տարեվերջ նույնիսկ երկու տոկոս տնտեսական աճ է գրանցվելու: «Շատ շնորհակալ ենք, որ 22 տոկոս աճ չի կանխատեսել: Բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե հաղթահարված ճգնաժամի դեպքում ինչո՞ւ են բարձրանում առաջին անհրաժեշտության եւ այլ ապրանքների գները, ինչո՞ւ է աճում գործազրկությունը»,- հռետորական հարցադրում արեց Ա. Սարգսյանը: Նրա դիտարկմամբ, իշխանությունը կամ «դուխ» չունի իր օլիգարխներին թույլ չտալու, որ նրանք գների աճի ֆոնի վրա իրենց համար գերշահույթներ ապահովեն, կամ պատրաստվում է նոր ընտրությունների ու սկսել է ընտրակաշառքների համար գումարներ հավաքել: «Իշխանությունները, որոնք առավոտից իրիկուն հայտարարում են, թե իրենց վարած քաղաքականությունն «ազգաշահ» է, որեւէ կերպ չեն ուզում բացատրել, թե մի կողմից՝ ապրանքների ու ծառայությունների գները բարձրացնելով, մյուս կողմից՝ աշխատավարձերի եւ թոշակների չափը նույն մակարդակում թողնելով՝ ժողովուրդն էդ ո՞նց պիտի ապրի. կոռուպցիայի դեմ, իբր, պայքարելու մասին դատարկ կարգախոսներո՞վ, թե՞ «Առաջ Հայաստան» գոռալով»,- տարակուսեց Ա. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա կուսակցության նախագահը՝ խոսելով մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց, թե այդ «ֆուտբոլային դիվանագիտությունը» Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու միակ հնարավորությունն էր, ու այդ առումով անգամ անիմաստ է քննարկել հիշյալ գաղափարի ճիշտ կամ սխալ լինելու, ժամանակավրեպության կամ զիջումների ձեւի ու ընտրության հարցերը: «Հայ-թուրքական չկայացած հարաբերությունների առայժմ միակ արդյունքը Ս. Սարգսյանի երկու տարվա նախագահությունն է: Իսկ շարան-շարան հանդիպումները, մեկնաբանությունները, փոխադարձ մեղադրանքները, հույսերն ու հիասթափությունները խաղ են՝ այդ նախաձեռնության չկայացվածությունը փոխհատուցելու միջոց: Փաստ է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը փորձում է ազատագրվել իր երկրի պատմության անցյալից, իսկ Սերժ Սարգսյանը՝ ներկայից: Բայց պատմության ընթացքում դեռ ոչ մեկին նման փախուստ իրականացնել չի հաջողվել»,- հավաստիացրեց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ընդդիմադիր գործիչն ասաց, թե՝ անցած երկու տարվա ընթացքում այդ հարցում տեղաշարժեր, իհարկե, եղել են, եւ դրանցից մեկն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի, հիմա ով ասես, օրինակ՝ Թուրքիան, պատրաստ է միջամտել հարցի լուծմանը: «Ղարաբաղյան բանակցությունների ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ հասել ենք մի կետի, երբ եռանախագահող երկրներն ու Ադրբեջանը «այո» են ասել մի տարբերակի, ու միայն Հայաստանն է, որ դրա առնչությամբ տեսակետ չունի: Կամ՝ ունի, բայց գիտի գլխին գալիքը, որովհետեւ «այո» ասելու դեպքում չի դիմանա հայաստանցիների եւ արցախցիների ճնշումներին, «ոչ» ասելու դեպքում՝ դրսի»,- նկատեց Ա. Սարգսյանը, ով, իր ասելով, հանուն Ղարաբաղի խնդրի արժանապատիվ լուծման պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի ու անհատի հետ: «Ես պատրաստ եմ, բայց հարց է՝ իշխանությունը ունի՞ հնարավոր նոր մարտահրավերներին դիմակայելու ռեսուրսը, թե՞ էլի հույսը սեփական ժողովրդի վրա դնելու փոխարեն ապավինելու է միջազգային հանրությանը: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը ստիպված է հետեւություններ անել թե՛ ներսում, թե՛ դրսում: Ընդդիմությունն իր հետեւությունները վաղուց արդեն արել է: Մենք՝ որպես ակտիվ եւ կազմակերպված ուժ, միշտ հետեւելու ենք իշխանությունների գործողություններին՝ ստիպելով նրանց ամեն քայլից առաջ երկար ու լավ մտածել: Եթե իշխանությունը այդ հարցում սխալվի, չկասկածեք, որ ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, դառնալու է քաղաքական եւ հասարակական ընդվզումների առաջնորդը: Սա միանշանակ է»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: