Կառավարության արած զիջումները նրանք համարում են «ոչ տաք, ոչ էլ պաղ»
Օրերս Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գյումրեցի ու լոռեցի մոտ 300 անհատ տաքսու վարորդներ դուրս էին եկել արտոնված հանրահավաքի՝ կառավարությունից պահանջելով չեղյալ համարել իրենց հարկային դաշտ մտցնելու մասին օրենքը եւ վարորդի գործունեության համար «խելամիտ» պայմաններ առաջադրել: Չանցած մի քանի օր՝ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «անհնազանդ» վարորդներին իր մոտ «զրույցի» է հրավիրել՝ նրանց համար մեկ անգամ եւս «բացատրական» աշխատանքներ տանելով:
Պաշտոնյայի հետ հանդիպած վարորդները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Նրանց մասնավորապես զարմացրել էր այն, որ նախագահականից պահանջել էին ներկայանալ առանց իրենց խոսնակի՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի: «Մենք կուզենայինք հանրությանը ներկայացնել, որ Լեւոն Բարսեղյանը մեր խնդրանքն է կատարում, առանց շահի: Վերահսկողության ծառայության պետը սկզբում շատ զայրացավ, թե էլ ի՞նչ ենք ուզում տաքսու վարորդներս, չէ՞ որ մեզ համար յոթ կետանոց զիջումներ են արել, սակայն մենք բացատրեցինք, որ մեր պահանջը անփոփոխ է, այդ զիջումները ոչ տաք են, ոչ էլ պաղ, բացարձակ անօգուտ են: Մենք երկու կետանոց զիջում ենք ուզում, այն է՝ վերացնել մեքենաների համար սահմանված 10 տարվա տարիքը, նվազեցնել կենսաթոշակայինին ամսական 10-12 000 դրամի վճարումը, դա Գյումրու պայմաններում հնարավոր չէ, թող մուծենք այնքան, որքան կարող ենք: Սակայն պաշտոնյան իրենն էր պնդում, մեր հարցերին չէր պատասխանում, հեչ չհասկացանք՝ մեզ ինչո՞ւ էին կանչել նախագահական: Միգուցե զիջումներ պահանջում էին հենց մեզանից, բայց մենք լռող չենք՝ անդունդի եզրին ենք, մենք պայքարելու ենք»,- ասում էր տաքսու վարորդ Միխայել Պետրոսյանը: Նրա ներկայացնելով՝ նախագահականում խոսք է գնացել անգամ ոսկու շուկայի մասին, որտեղ նրանց հասկացրել են, որ բողոքավոր միայն տաքսու վարորդները չեն, այլ ոսկու շուկայի աշխատակիցները: «Ուզում էին ասած լինել՝ ո՞ր մեկիդ բողոքն ընդունենք, մենք էլ ասացինք՝ ոսկու շուկան մեր գործը չէ, բայց, պարոն Հովսեփյան, այստեղ եւս սխալ եք թույլ տալիս. ի՞նչ է նշանակում մասնավոր մարդու ունեցվածքը գրանցել: Ենթադրենք, 10 մատանի են գրել, եկան նայեցին՝ մոտդ 2 հատ է, ստիպված ես 8 հատի փողը տալ: Դա անհնարին բան է, միգուցե էդ 8-ը ես տալիս եմ ախպորս, քրոջս»,- բորբոքվել էր բանախոսը: Վերջինս պարոն Հովսեփյանին նախազգուշացրել է՝ եթե նա շարունակի այսպես աշխատել, ապա տաքսու վարորդները ստիպված կլինեն նրա պաշտոնազրկման հարցը բարձրացնել: Բանախոսներից մյուսն էլ՝ Վահագնը, ասաց, թե ինքը վերահսկողականի պետին առաջարկել է լիցենզիայի համար նախատեսված 25000 դրամը ոչ թե միանգամից մուծել, այլ տարվա կտրվածքով: «Մարդ է, ենթադրենք, խոպան է գնում, թող իր աշխատած ամիսների լիցենզավորման համար վճարի: Թող վերանայեն նաեւ 10-12 հազար դրամ ամսավճարը, մենք ոչ թե Երեւանում ենք ապրում, այլ Գյումրիում՝ աղքատանոցում, թող մի նորմալ գին առաջարկեն, ոչ թե քիչը թողած՝ շատին վազեն, թող ամսական 3000-4000 դրամ մուծում կատարենք, լիցենզիայի համար նախատեսված 25000 դրամն էլ թույլ տան վճարել տարեկան կտրվածքով, արդյունքում կստացվի 6000 դրամ, դա մենք սիրով կվճարենք: Եվ հետո մենք արտասահմանում չենք ապրում, որ պարտադրում են տասը տարվա վաղեմության մեքենան փոխել. էնտեղ պետությունը հին մեքենաները ուտիլացնում է՝ վարորդին էլ կոմպենսացիա են տալիս՝ հնարավորություն տալով կանխավճար տալ ու երկարատեւ ժամկետով բանկերից վարկ վերցնել»,- ասաց բանախոսը: Վահագնին զարմացրել էր նաեւ ոսկու շուկայի պատմությունը, նա այդպես էլ չէր հասկանում, թե ինչո՞ւ ոսկու շուկայի աշխատակցի ապրանքը գույքագրելուց բացի, պետք է ֆիքսեն նաեւ զարդը գնողի անուն-ազգանունը: «Համակարգիչով հակերներին ճանապա՞րհ եք ցույց տալիս, թե ինչպես մտնեն տներն ու մարդկանց թալանեն: Էս բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ բյուջեն դատարկ է, պետք է լցնեն, բայց չեն մտածում, որ վաղը-մյուս օրը Հայաստանում մարդ չի մնա»,- զայրացավ Վահագնը: Վարորդները նաեւ նախազգուշացրին, որ իրենց չընդառաջելու դեպքում հարցը քաղաքականացնելու են՝ համալրելով ընդդիմադիր կուսակցությունների շարքերն ու այնտեղից օգնություն խնդրելով: Ի դեպ, վերջերս վարորդների խնդրանքով սկսել է զբաղվել նաեւ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը. նա այս հարցով գրություն է ուղարկել վարչապետին: Հիշեցնենք, որ վարորդները, հույսները բոլոր պաշտոնյաներից կտրելով, օգնություն էին խնդրել սրբազանից: |