«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Մուրադյանը հրաժարակա՞ն կտա» լուրում նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հնարավոր  է առաջիկայում  հրաժեշտ տա իր պաշտոնին, պատճառն էլ փոխնախարարի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ եղած առանցքային տարաձայնություններն են, որոնք  հասել են առճակատման: Գրել էինք, որ պարոն Մուրադյանի հետ 2 օր շարունակ հնարավոր չի եղել կապվել, քանի որ նրա բջջային հեռախոսը կա՛մ անջատված էր, կա՛մ տերը չէր ցանկանում պատասխանել զանգերին, իսկ գործավարուհու փոխանցմամբ՝ նա անընդհատ տեղում չէր: Հրապարակումից անմիջապես հետո մեզ զանգեց պարոն Մուրադյանը եւ հայտնեց, որ ինքը դեկտեմբերի վերջին տասնօրյակում ոչ թե հրաժարական  է ներկայացրել, այլ խնդրանք նախարարին եւ երկրի ղեկավարությանը, որ իրեն ազատեն աշխատանքից: Փոխնախարարի խոսքով, պատճառն այն է, որ ինքը ցանկանում է կյանքի 60-րդ տարին ոտք դնել որպես գրող եւ ավելի շատ ժամանակ ունենալ ստեղծագործելու համար:
Ավելի ուշ ՀՀ կառավարության հասարակայության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց այն մասին,  որ վարչապետի որոշմամբ երեկ Դ. Մուրադյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի: