ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

ԳԱՐԵՋՈՒՐ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Մինչ Սերգեյն ու Աշոտը ճշտում էին գրազի պայմանները, Հայկն ասաց.

- Ձեր էդ գրազը, փաստորեն, սուտ գրազ ա:

- Ինչի՞ ա սուտ,- զարմացավ Սերգեյը:

- Հիմի խեղճ Աշոտը ո՞նց պիտի ապացուցի, որ չի գրել,- ասաց Հայկը:

- Ե՞ս խի պիտի ապացուցեմ,- ասաց Աշոտը.- Սերգե՛յը պիտի ապացուցի, որ գրել եմ:

- Ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- դո՛ւ պիտի ապացուցես:

- Լափ էլ կապացուցեմ,- ասաց Սերգեյը.- դրանից էլ հեշտ բա՞ն:

- Ախր ո՞նց ես ապացուցելու, ա՛յ Սերգո,- զարմացավ Աշոտը:

- Կապացուցեմ՝ կտենաս,- ասաց Սերգեյը:

- Հիմի ես ապացուցելո՞ւ,- հարցրեց Հայկը:

- Կարամ հենց հիմի էլ ապացուցեմ,- ասաց Սերգեյը:

- Ապացուցի՛,- ասաց Հայկը:

- Էդ թերթի անունն ի՞նչ էր, Աշո՛տ,- հարցրեց Սերգեյը:

- Ի՞նչ թերթ,- հարցրեց Աշոտը:

- Էդ որ Արմենին աշխատանքի ես ուզում տեղավորես,- ասաց Սերգեյը:

- «Ապագա բժիշկ»,- ասաց Աշոտը:

- Էդ թերթը Բժշկական ինստիտուտի թերթը չի՞,- հարցրեց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը:

- Դու էդ թերթում ի՞նչ ես աշխատում,- հարցրեց Սերգեյը:

- Առաջ լրագրող էի, բայց արդեն մի քանի օր ա՝ էդ թերթի պատասխանատու քարտուղարն եմ,- ասաց Աշոտը:

- Խի էդ թերթն էլ պատասխանատու քարտուղար ունի՞,- զարմացավ Ռուբոն:

- Պատասխանատու քարտուղարն ի՞նչ ա,- հարցրեց Հայկը:

- Տեղակալի պես բան ա,- ասաց Ռուբոն.- փաստորեն, ինքն ա տպարանի հարցերով զբաղվում:

- Հա,- ասաց Աշոտը.- տպարանի հետ կապված սաղ գործերն իմ վրա են:

- Փաստորեն, քեզ առաջ են քաշել,- ասաց Սերգեյը:

- Կարելի ա ըտենց ասել,- ասաց Աշոտը:

- Ինչքա՞ն վախտ ա էդ խմբագրությունում ես,- հարցրեց Սերգեյը:

- Էրեկ ուղիղ մի տարին լրացավ,- ասաց Աշոտը:

- Էդ առիթով էի՞ք Թեմուրանոցում հավաքվել,- քմծիծաղ տվեց Ռուբոն:

- Առանց առիթի էինք հավաքվել,- ասաց Աշոտը:

- Փաստորեն, տեղակալից հետո էդ խմբագրությունում երրորդ մարդն ես,- ասաց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը,- բայց, Սերգեյ ջան, համ պատքարտուղարի գործերն են իմ վրա, համ էլ՝ տեղակալի, որովհետեւ տեղակալը տարիքով կնիկ ա. ինքը, փաստորեն, պատվավոր տեղակալ ա, ու իրա գործերն էլ եմ, փաստորեն, ես անելու:

- Տեղակալն էն լենինականցի կնիկը չի՞,- հարցրեց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը.- մոռացել էի, որ մեր խմբագրությունում էղել ես:

- Էդ լենինականցին շատ աղա կնիկ ա,- ասաց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը,- բայց իրա գործը համարյա լրիվ ես եմ անում:

- Խմբագիրն էլի ձեր էն ախալքալաքցին ա՞,- հարցրեց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը:

- Ախալքալաքցիներով լավ էլ իրար պահում եք,- ասաց Ռուբոն.- էս տեմպերով որ շարունակեք՝ մի քանի տարուց Էրեւանը լրիվ կգրավեք:

- Էդ ախալքալաքցին էլ ա լավ մարդ,- ասաց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը,- բայց ինքը զրո կուրսում ահագին ժամեր ունի, ու, փաստորեն, իրա գործի մեծ մասն էլ ա իմ վրա ընկնում:

- Ուզում ես ասես՝ մենակով ե՞ս էդ թերթը տպում,- ասաց Ռուբոն:

- Ես ըտենց բան չասեցի,- ասաց Աշոտը:

- Աշոտն էդ խմբագրությունում շատ մեծ հարգանք ունի,- ասաց Սերգեյը.- աչքո՛վս եմ տեսել:

- Ձեր գրազից շատ եք շեղվում,- ասաց Հայկը.- ձեր էդ գրազի թեմայից շատ եք հեռանում:

- Ընդհակառակը՝ մոտենում ենք,- ասաց Սերգեյը:

- Ո՞նց եք մոտենում,- զարմացավ Հայկը:

- Հիմի կտենաս՝ ոնց ենք մոտենում,- ասաց Սերգեյը:- Ա՛շ, փաստորեն, որ հիմի պատքարտուղար ես դառել, էլ հոդված չես գրելո՞ւ:

- Չէ, էլ ի՞նչ հոդված,- ասաց Աշոտը.- հազիվ տպարանի ու կազմակերպչական գործերը հասցնեմ:

- Բայց առաջ գրում էիր, չէ՞,- հարցրեց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը.- առաջ հ ոդվածների մեծ մասը ես էի գրում:

- Բա հիմա էդ հոդվածներն ո՞վ պիտի գրի,- հարցրեց Սերգեյը:

- Մելսը,- ասաց Աշոտը:

- Մելսը մենակ ա՞ գրելու,- հարցրեց Սերգեյը:

- Որ Արմոն ընդունվի՝ Արմոն էլ պիտի գրի,- ասաց Աշոտը.- ճիշտ ա, իրա հաստիքը սրբագրիչի հաստիք ա, բայց հիմնականում հոդված պիտի գրի: Հիմնականում ինքն ու Մելսն են հոդվածները գրելու:

- Էդ Մե՞լսն ով ա,- հարցրեց Ռուբոն:

- Մեր կուրսի Մելսն ա,- ասաց Աշոտը:

- Ասում եմ, չէ՞,- գոռաց Ռուբոն.- էս ախալքալաքցիներով որոշել են սաղ Էրեւանը գրավեն:

- Շատ ես չափազանցնում, Ռուբո՛,- ասաց Սերգեյը.- իրանց էդ ուսանողական թերթը սաղ Էրեւանը չի:

- Հեռվից են սկսում,- ասաց Ռուբոն.- մանրից սաղ Էրեւանը գրավելու են:

- Չափազանցնում ես,- ասաց Սերգեյը:

- Հետո որ գրավեն պրծնեն՝ քեզ կհիշացնեմ,- ասաց Ռուբոն:

- Աստված տա, որ Էրեւանը գրավողն Աշոտն ըլնի,- ասաց Սերգեյը.- ինքը մեր լավ ախպերն ա:

- Ախր Մելսից ի՞նչ ժուռնալիստ,- դժգոհեց Ռուբոն:

- Մելսիկն էլ ա մեր ախպերը,- ասաց Սերգեյը:

- Գրազից շատ շեղվեցինք,- բողոքեց Հայկը.- արդեն մոռացանք՝ ինչի մասին էր ձեր էդ գրազը:

- Հեչ էլ չենք մոռացել, Հայկո ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- էդ գրազն Աշոտն արդեն կրված ա:

- Ի՞նչ առումով,- զարմացավ Աշոտը:

- Թմկաբերդի առումով,- ասաց Սերգեյը:

- Բայց ո՞նց ա կրված,- զարմացավ Հայկը:

- Մեր գրազի վախտ ինքը չասե՞ց, որ չի գրում ու վաբշե չի էլ գրել,- Հայկին հարցրեց Սերգեյը:

- Ասեց,- ասաց Հայկը:

- Մի քիչ առաջ ինքը չասե՞ց, որ մինչեւ պատքարտուղար դառնալն իրանց էդ թերթի հոդվածների մեծ մասն ինքն ա գրել,- հարցրեց Սերգեյը:

- Ասեց,- ասաց Հայկը:

- Շատ եմ գրել,- ասաց Աշոտը.- ձեր էն գերազանցիկ հարեւանի մասին էլ եմ գրել. չես հիշո՞ւմ:

- Շատ լավ եմ հիշում, Աշո՛տ ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- ես լավությունը մոռացողներից չեմ: Մեր էդ գերազանցիկ էրեխի մասին շատ չտեսնված էիր գրել. էդ գրածդ շատ եմ հավանել:

- Լուրջ ե՞ս ասում, թե՞ ձեռ ես առնում,- հարցրեց Աշոտը:

- Իսկականից շատ ուժեղ էիր գրել,- ասաց Սերգեյը:

- Որ մտքիս դնում եմ՝ լավ եմ գրում,- ասաց Աշոտը:

- Բան չեմ հասկանում,- ասաց Հայկը.- ձեր գրազից խի՞ չեք խոսում:

- Բա ինչի՞ց ենք խոսում,- զարմացավ Սերգեյը:- Հենց նոր Աշոտը վիզ չառա՞վ, որ գրել ա:

- Հա,- ասաց Հայկը.- փաստորեն վիզ առավ:

- Մեր գրազն էլ հենց իրա գրել-չգրելու հաշվով էր,- ասաց Սերգեյը:- Գրազի վախտ ինքն ասում էր, որ ո՛չ գրել ա, ո՛չ էլ գրում ա, չէ՞:

- Հա,- ասաց Հայկը.- խոսակցությունն ըտենց ա էղել:

- Ես պատմվածքի իմաստով եմ ասել,- անակնկալի գալով՝ ասաց Աշոտը.- ասել եմ, որ պատմվածք չեմ գրում:

- Ըստեղ պատմվածքի անուն տվող չի էղել,- հանգիստ ասաց Սերգեյը:

- Ես էլ չեմ հիշում, որ ինքը պատմվածքի անուն տված ըլնի,- ասաց Հայկը:

- Մեր գրազն արձակի հաշվով էր,- ասաց Աշոտը.- ես ասում էի, որ արձակ վաբշե ո՛չ գրել եմ, ո՛չ էլ գրում եմ:

- Արձակի անուն վաբշե չի էղել,- ասաց Հայկը.- արձակը ո՞րն ա:

- Արձակն էն ա, որ ոտանավոր չի,- ասաց Սերգեյը:- Աշոտի ասելով ընենց ա ստացվում, որ իրա գրած էդ հոդվածները ոչ թե արձակ են, այլ՝ չափածո:

- Չափածո՞ն որն ա,- հարցրեց Հայկը:

- Չափածոն բանաստեղծությունն ա,- ասաց Սերգեյը:

- Էն որ Արմենը գրում ա՞,- հարցրեց Հայկը:

- Հա,- ասաց Սերգեյը.- էն որ Արմենն ու սաղ հայերը գրում են:

- Պարզ ա,- ասաց Հայկը:

- Ոչ մի բան էլ պարզ չի,- ասաց Աշոտը:- Հոդվածն արձակ չի. արձակը գեղարվեստական ժանր ա:

- Մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին լավ էլ գեղարվեստական էիր գրել,- ասաց Սերգեյը:

- Համենայն դեպս, էդ ոչ թե արձակ էր, այլ՝ հոդված,- ասաց Աշոտը:

- Չեղավ, Աշոտ, արդեն յուղ ես վառում,- ասաց Ռուբոն:

- Ի՞նչ,- չհասկացավ Աշոտը:

- Ասում եմ՝ յուղ ես վառում,- կրկնեց Ռուբոն:

- Յուղ վառե՞լը որն ա,- հարցրեց Աշոտը:

- Որ մի օր ավտո ունենաս՝ կիմանաս,- ասաց Ռուբոն:

- Էլի չհասկացա,- ասաց Աշոտը:

- Որ ախալքալաքցիք քեզ մի քիչ էլ առաջ քաշեն՝ կհասկանաս,- ասաց Ռուբոն:

- Պարզ խոսա՝ բան հասկանանք,- ասաց Աշոտը:

- Պարզ խոսալու ի՞նչ կա,- ասաց Ռուբոն.- էս մարդն ասում էր՝ գրել ես, դու ասում էիր՝ չեմ գրել. այսինքն՝ գրազը կրված ես:

- Բան չեմ հասկանում,- ասաց Աշոտը:

- Ախր ի՞նչը չես հասկանում,- ասաց Սերգեյը.- դու չասի՞ր, որ չես գրել ու չես գրում:

- Էլի եմ ասում,- ասաց Աշոտը:

- Հետո էլ ասիր, որ մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին գրել ես,- ասաց Սերգեյը:

- Էդ է՛լ եմ ասել,- ասաց Աշոտը.- հետո՞ ինչ:

- Հետո էն, որ գրազը կրված ես,- ասաց Ռուբոն:

- Բայց մենք պատմվածքի հաշվով ենք գրազ էկել,- ասաց Աշոտը:

- Ի՞նչ պատմվածք, ա՛յ Աշոտ, ես պատմվածքի անուն ե՞մ տվել,- ասաց Սերգեյը:- Համ էլ՝ ճիշտը որ ուզում ես իմանաս, մեր էդ Չուգունչիկի մասին գրածդ հազար հատ պատմվածք արժեր:

- Ի՞նչ Չուգունչիկ,- զարմացավ Աշոտը:

- Մեր հարեւանի էդ գերազանցիկ էրեխի անունն ա,- ասաց Սերգեյը:

- Էդ գերազանցիկի անունը Գվիդոն չէ՞ր,- հարցրեց Աշոտը:

- Գվիդոնն իրա իսկական անունն ա, բայց հարեւանության մեջ իրան Չուգունչիկ ենք ասում,- ասաց Սերգեյը:

- Որ իրա իսկական անունը Գվիդոն ա՝ գոնե Գվո ասեք,- ասաց Հայկը.- խի՞ եք Չուգունչիկ ասում:

- Գլուխը շատ փոքր ա՝ դրա համար,- ասաց Սերգեյը:

- Չեմ հասկանում,- ասաց Աշոտը:

- Մի քիչ էլ որ չհասկանաս՝ քեզ էլ ենք Չուգունչիկ ասելու,- ասաց Ռուբոն:

- Արդեն չափն անցնում ես, Ռուբո՛,- ասաց Աշոտը:

- Հաշիվն ինքն ա փակելու, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը.- թող մի էրկու բառ էլ ավել ասի:

- Լավ էլ անուն ա՝ Չուգունչիկ,- փռթկացրեց Ռուբոն:

- Աշոտը մեր լավ ախպերն ա,- ասաց Սերգեյը:

- Որ մեր ախպերն ա՝ խի՞ ա էդքան դժվար հասկանում,- ասաց Ռուբոն.-գրազը կրվել ա՝ թող տղամարդու պես ասի՝ կրվել եմ:

- Որ չեմ կրվել՝ ո՞նց ասեմ կրվել եմ,- նեղսրտեց Աշոտը:

- Կրվելը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Ռուբոն.- մարդը ապացուցեց, որ գրում ես: Վերջ:

- Ոչ մի բան էլ չի ապացուցել,- ասաց Աշոտը:

- Բա դու ապացուցել էի՞ր, որ «լուսնկան» առանց «ը»-ի ա գրվում,- ասաց Ռուբոն:

- Կարամ ուզածդ բառարանը բերեմ՝ ցույց տամ,- ասաց Աշոտը:

- Բայց ես քեզանից բառարան չեմ ուզել, չէ՞,- ասաց Ռուբոն:- Հըլը շատ մեծ հարց ա՝ էդ «լուսնկան» ոնց ա գրվում, բայց որ մտքներովդ խինկալի անցավ, ասի՝ սրտներդ չկոտրեմ:

- Կարող ա՝ էս մարդը Թեմուրանոցի փող չունի,- ասաց Սերգեյը:

- Հեչ պարտադիր չի, որ էսօր տանի,- ասաց Ռուբոն:

- Կարող ա վաբշե փող չունի,- ասաց Սերգեյը:

- Ո՞նց փող չունի,- ասաց Ռուբոն.- մեջներիցս մենակ ինքն ա աշխատում:

- Փողի հարցը չի, Սերգո ջան,- ասաց Աշոտը.- հենց հիմի էլ կարանք ըստեղից ուղիղ Թեմուրանոց գնանք:

- Էսօր չարժի,- ասաց Հայկը.- հո չե՞նք պայթելու:

- Երբ որ ասեք՝ ես պատրաստ եմ,- ասաց Աշոտը:

- Որ մի օր շատ սոված ըլնենք՝ կասենք,- ասաց Սերգեյը:

- Տեսեք՝ ես միշտ պատրաստ եմ,- ասաց Աշոտը:

- Միշտ պատրա՛ստ,- ասաց Հայկը:

- Էդ Թեմուրանոցից շան հոտ ա գալի,- ասաց Ռուբոն.- զուգարանի հոտն ուղիղ քթիդ ա փչում:

- Էդ հոտին արդեն սովորել ենք,- ասաց Հայկը:

- Աշոտ,- ասաց Սերգեյը,- ուզո՞ւմ ես մի հատ էլ ուրիշ գրազ գանք՝ էլի Թեմուրանոցի վրա:

- Ի՞նչ ուրիշ գրազ,- զարմացավ Աշոտը:

- Թող հըլը էս մեկի տակից դուս գա՝ հետո,- ասաց Հայկը:

- Ես իրան ուզում եմ շանս տամ, որ քվիտ անի,- ասաց Սերգեյը:

- Քվիտ անել չկա,- ասաց Հայկը.- որ էս մի գրազը դու կրվես, էրկուսդ էլ առանձին-առանձին Թեմուրանոց եք տանում:

- Թեկուզ ըտենց,- ասաց Սերգեյը:

- Բայց ի՞նչ գրազի մասին ա խոսքը, ա՛յ Սերգո,- ասաց Աշոտը.- գրա՛զդ ասա:

- Գրազ եմ գալի, որ հենց էրկու հատ ծափ տամ՝ թողես ըստեղից գնաս,- ասաց Սերգեյը:

- Ո՞նց գնամ,- զարմացավ Աշոտը:

- Հենց ըտենց,- ասաց Սերգեյը.- կուլտուրական վեր կենաս ու գնաս:

- Ո՞ւր գնամ,- ավելի զարմացավ Աշոտը:

- Էդ կարեւոր չի,- ասաց Սերգեյը.- ասենք՝ ձեր տուն:

- Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը:

- Վարիանտ չկա,- ասաց Ռուբոն:

- Որ վարիանտ չկա, թող գրազ գա,- ասաց Սերգեյը:

- Կարող ա՞ էրկու հատ ծափ տաս, ու իրեքով թեւերիցս բռնեք՝ դուրս տանեք,- հարցրեց Աշոտը:

- Մեկնումեկս մատով որ քեզ կպավ՝ գրազը կրված եմ,- ասաց Սերգեյը:

- Այսինքն, դու էրկու հատ ծափ ես տալի՝ ես տեղիցս վեր եմ կենում ու գնում եմ,- ճշտեց Աշոտը:

- Դո՛ւ ասացիր,- ասաց Սերգեյը:

- Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը:

- Քու հետ էլ եմ գրազ գալի, Հայկո՛,- ասաց Սերգեյը:

- Չէ,- ասաց Հայկը.- Աշոտի հետ սկսել ես՝ Աշոտի հետ էլ վերջացրու:

- Համաձայն եմ, Սերգո՛,- ասաց Աշոտը.- ուրեմն՝ էրկու հատ ծափ ես տալի, ես վեր եմ կենում ու գնում եմ:

- Հա,- ասաց Սերգեյը.- խելոք վեր ես կենում ու գնում ես:

- Հասկացա,- ասաց Հայկը.- մի հատ հիմի ծափ կտաս, մի հատ էլ, ասենք, մի ժամ հետո, երբ որ Աշոտը վեր կենալու ըլնի:

- Որ էդքան հասկացող ես՝ դո՛ւ հետս գրազ արի, Հայկո,- ասաց Սերգեյը.- լափ էլ իրար հետեւից եմ ծափ տալու՝ առանց պաուզայի:

- Բա խի՞ ես իմեննը էրկու անգամ ծափ տալի,- ասաց Հայկը.- էդ ինչ-որ բան նշանակում ա:

- Որ ըտենց ա, մի անգամ եմ ծափ տալի,- ասաց Սերգեյը:

- Համաձայն եմ,- ասաց Աշոտը.- դե ծափ տուր:

- Ուշադրությո՛ւն, ծափ եմ տալի, երեք՝ չորս,- ասաց Սերգեյն ու ծափ տվեց:

- Ո՞ւր ա՝ չգնացի,- մի քիչ սպասելով՝ ասաց Աշոտը.- տղերքը վկա են, որ նստած եմ մնացել:

- Հո մինչեւ լույս նստած չե՞ս մնալու,- ծիծաղեց Սերգեյը.- հես ա ուր-որ ա՝ էս խինկալիանոցը փակելու են:

- Ո՞վ ա փակելու,- զարմացավ Աշոտը:

- Պահակը,- ասաց Սերգեյը:

- Ժամը քանիսի՞ն են փակում,- շիվարեց Աշոտը:

- Ի՞նչ կապ ունի՝ քանիսին են փակում,- ծիծաղեց Սերգեյը.- վերջ-առաջ փակելու են, չէ՞:

- Բայց, Սերգո ջան, դու որ ծափ տվիր, քո ծափ տալուց հետո չգնացի, չէ՞,- կմկմաց Աշոտը:

- Շուտ թե ուշ գնալու ես,- ասաց Ռուբոն.- հո գիշերն ըստեղ չե՞ս մնալու:

- Ոնց որ էլի կրվեցիր, Աշոտ ջան,- ասաց Հայկը:

- Էն էլ ո՜նց կրվեց,- ասաց Ռուբոն:

- Ոչ թե կրվեցի, այլ՝ խաբվեցի,- խեղճացավ Աշոտը:

- Նույն հաշիվն ա,- ասաց Ռուբոն:

- Էս ֆոկուսը դու գլխի կընկնեի՞ր, Ռուբո՛,- հարցրեց Աշոտը:

- Էս ֆոկուսը ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն:

- Ազնիվ գրազ չէր. փաստորեն, բառախաղի պես բան էր,- ասաց Աշոտը:

- Բա ազնիվ ա՞, որ «լուսնկան» առանց «ը»-ի են գրում,- ասաց Ռուբոն:

- Անազնիվ բան չկա, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը:

- Անազնիվն էն կըլնի, որ Թեմուրանոց չտանես,- ասաց Ռուբոն:

- Ես խոսքիս տեր եմ,- ասաց Աշոտը.- հենց վաղն էլ կարամ տանեմ:

- Շատ դարդ մի արա, Աշո՛տ ջան, ասաց Սերգեյը.- էս էն գրազն ա, որ մի անգամ կրվում ես, բայց հետո հազար անգամ դու ես ուրիշներին կրում:

- Հալալ ա քեզ, Սերգո ջան,- ասաց Աշոտը:

- Ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն:

- Քեզ է՛լ ա հալալ,- ասաց Աշոտը:

- Լա՜վ ֆռռացրիր, Սերժի՛կ,- ասաց Հայկը:

- Էդ ֆոկուսը դու էլ գիտեի՞ր, Հա՛յկ,- հարցրեց Աշոտը:

- Չէ,- ասաց Հայկը:- Շատ ուժեղ ֆոկուս էր. վաղը մեր ճարտարապետների վրա կփորձեմ:

- Անցած ըլնի, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը:- Հիմի ե՞րբ ենք Արմենի գործով զբաղվում:

- Ի՞նչ գործ,- հարցրեց Աշոտը:

- Էդ սրբագրիչի գործը,- ասաց Սերգեյը:

- Հենց վաղվանից էլ կարանք զբաղվենք,- ասաց Աշոտը:- Վաղը կարա՞ս գաս, Արմո՛ ջան:

- Ո՞ւր պիտի գամ,- հարցրի ես:

- Բժշկականի գլխավոր կորպուս,- ասաց Աշոտը:- Խմբագրությունը երկրորդ հարկում ա. ում էլ հարցնես՝ ցույց կտա:

- Չնայած իննսուն մանեթը փող չի, բայց սկզբի համար՝ ոչինչ,- ասաց Սերգեյը:

- Էդ հաստիքի անունն ա սրբագրիչ,- ասաց Աշոտը.- ինքը հիմնականում պիտի հոդված գրի:

- Ի՞նչ հոդված,- հարցրի ես:

- Մի՛ վախեցի,- ասաց Սերգեյը.- հեչ որ չըլնի՝ մեր Չուգունչիկի մասին կգրես:

- Էդ ինստիտուտում չուգունչիկները շատ են,- ասաց Աշոտը.- մեկնումեկի մասին կգրես:

- Կյանքումս հոդված չեմ գրել,- խեղճացա ես:

- Ես էլ չէի գրել,- ասաց Աշոտը.- դժվարն առաջինն ա:

- Կյանքում գրած չկամ,- ասացի ես:

- Բանաստեղծություն որ գրում ես, հոդված կգրես ու կգրես,- ասաց Աշոտը.- բանաստեղծության համեմատ հոդվածը խաղուպար ա:

- Մենակ գերազանցիկների մասին ե՞մ գրելու,- հարցրի ես:

- Չէ,- ծիծաղեց Աշոտը.- գրելու հազար ու մի թեմա կա, Արմո ջան:

- Մեր Չուգունչիկը քեզ փեշքեշ,- ասաց Սերգեյը:

- Մեր թերթի հին համարները որ թերթես, մոտավորապես պատկերացում կկազմես, թե ոնց պիտի գրես,- ասաց Աշոտը:

- Խմբագիրն Արմենի հաշվով կարող ա՞ չեմուչում անի,- հարցրեց Սերգեյը:

- Դժվար թե չեմուչում անի,- ասաց Աշոտը.- ի՛նքն ա ինձ ասել, որ հարմար մարդ գտնեմ:

- Արմենից հարմար մարդ դժվար էլ գտնես,- ասաց Սերգեյը:

- Հա,- ասաց Աշոտը:- Վաբշե խմբագիրը նոր ընդունվողներին փորձաշրջան ա տալի, բայց որ ես իրան ասեմ, կարող ա միանգամից Արմոյի հրամանը տա:

- Մեկն ըլնի՝ քո էդ խմբագրին փորձաշրջան տա,- ասաց Ռուբոն:

- Ի՞նչ փորձաշրջան, ա՛յ Աշոտ,- ասաց Սերգեյը.- Արմենը հո էրեխա չի՞:

- Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, Սերգո՛ ջան,- ասաց Աշոտը:- Խմբագիրը «Գարունի» էդ բանաստեղծությունները որ կարդա, երեւի միանգամից Արմոյի հրամանը տա: «Գարունի» էդ համարը հետդ կբերե՞ս, Արմո՛:

- Բերելը կբերեմ, Աշո՛տ ջան,- ասացի ես,- բայց կարող ա ինքն էդ բանաստեղծություններս կարդա ու վաբշե հրամանս չտա:

- Ինչի՞,- զարմացավ Աշոտը:

- Կարող ա կարդա ու չհավանի,- ասացի ես:

- Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը:

- Շատ խիտրի ես, Արմեն,- ասաց Սերգեյը.- ընենց ես գրում, որ սաղ հավանում են:

- Չհավանողներ էլ կան,- ասացի ես:- Մարդ էլ կա, որ վաբշե չի հասկանում: Շատ հնարավոր ա, որ Աշոտենց խմբագիրն էլ չհասկանա կամ չհավանի:

- Ես որ էդ բանաստեղծությունները հասկացել եմ, խմբագիրը հաստատ կհասկանա,- ասաց Հայկը:

- Համ կհասկանա, համ էլ կհավանի,- ասաց Աշոտը.- ինքը Գրականության ինստիտուտում դիսերտանտ էլ ա ձեւակերպված:

- Ինքն ո՞վ ա, որ հավանի կամ չհավանի,- գոռաց Ռուբոն:

- Խմբագիրն ի՛նքն ա,- ասաց Սերգեյը.- պեչատն իրա ձեռն ա՝ կուզի հրամանը կտա, չի ուզի՝ չի տա:

- Ձեզ շատ եք ցածրացնում,- ասաց Ռուբոն:- Ձեզ շատ եք ցածրացնում ու էժանացնում: Իրանք պիտի շատ ուրախ ըլնեն, որ Արմենն իրանց մոտ աշխատի:

- Ես շատ ուրախ եմ,- ասաց Աշոտը.- մնում ա՝ խմբագիրն ուրախ ըլնի:

- Ես ինչքան հասկացա՝ իրա ուրախ ըլնելն էլ ա քեզանից կախված,- ասաց Սերգեյը:

- Ես որ Արմենի էդ գրածները հասկացել եմ, ձեր խմբագիրը կհասկանա ու կհասկանա,- ասաց Հայկը.- էլ ի՞նչ խմբագիր, որ չհասկանա:

- Կարող ա հասկանա, բայց չհավանի,- ասացի ես:

- Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը:- Կարծում եմ՝ Արմոյի հարցն արդեն լուծված ա:

- Որ ըտենց ա՝ էս մի բակալով Արմոյին շնորհավորենք ու վեր կենանք,- ասաց Ռուբոն:

- Պիվով չեն շնորհավորում,- ասաց Աշոտը:

- Էդ ի՞նչ մի թերթ ա, որ պիվով չշնորհավորենք,- ասաց Ռուբոն:- Ուզո՞ւմ եք՝ արաղ բերել տամ:

- Չէ,- ասաց Սերգեյը.- պիվով սկսել ենք, պիվով էլ վերջացնենք:

- Սերժիկը ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- որ խառնում ես՝ գլուխդ շատ փիս ցավում ա: