a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասներեքերորդ

ՈՒՇ ԼԻՆԻ՝ ՆՈՒՇ ԼԻՆԻ

- Նվերի մասին որ գրում էի, լրիվ մոռացել էի, որ ախպերդ ա,- ասացի Հրուշին երկու հազար յոթ թվականի մայիսի երեքին՝ Սառաջովի ատամնաբուժարանի մոտ:

- Պարզ ա,- արցունքները սրբելով՝ ասաց Հրուշը.- որ հիշեիր, իրա մասին ըտենց ազատ չէիր գրի. կվախենայիր:

- Ումի՞ց կվախենայի:

- Ինձանից: Որ գրում ես, չես մտածո՞ւմ, որ մարդիկ կարող ա կարդան:

- Գրելուց ու տպելուց հետո եմ մտածում:

- Նախքան գրելը պիտի մտածես:

- Որ մտածեմ՝ չի գրվի:

- Այսինքն, գրելը մտածելու հետ ոչ մի կապ չունի՞,- ծիծաղեց Հրուշը:

- Որ մտածես, թե՝ ով կարող ա նեղանա, ոչ մի բան էլ չես գրի:

- Այսինքն, մարդկանց վրա թքա՞ծ:

- Մտքովս չէր անցնում, որ կնեղանաք:

- Ո՞վ ասեց, որ նեղացել ենք:

- Դու ես ասում:

- Ես չասեցի՝ նեղացել եմ,- ժպտաց Հրուշը.- ասեցի՝ վրես ազդել ա:

- Մի բան ասեմ՝ կհավատա՞ս,- հարցրի ես:

- Նայած թե՝ ինչ կասես,- ժպտաց Հրուշը:

- Որ Նվերի մասին գրում էի, էդ ամբողջ ժամանակ ոչ մի անգամ չեմ հիշել, որ ինքը ախպերդ ա:

- Զգացել եմ:

- Ինչի՞ց ես զգացել:

- Չգիտեմ:

- Մի բան էլ ասե՞մ:

- Ասա:

- Որ քո ու աղջկադ մասին էի գրում, էլի ոչ մի անգամ չեմ հիշել, որ Նվերն ախպերդ ա:

- Էդ էլ եմ զգացել,- ժպտաց Հրուշը:

- Է՞դ ոնց ես զգացել:

- Որ հիշեիր, էդ մասին գոնե մի անգամ կնշեիր:

- Շատ ուժեղ ընթերցող ես,- ասացի ես:

- Ինձ մի աչքով ե՞ս նայում,- ժպտաց Հրուշը, հետո մի քիչ մտածեց, ասաց.- գիտե՞ս՝ ինչի չես հիշել:

- Ինչի՞:

- Որովհետեւ ինձ առանձին ես ճանաչել, ախպորս՝ առանձին:

- Չհասկացա:

- Որ ախպորս հետ իմ միջոցով ծանոթացած ըլնեիր՝ կհիշեիր,- բացատրեց Հրուշը:- Կամ՝ ընդհակառակը. որ իմ հետ ախպորս միջոցով ծանոթացած ըլնեիր՝ էլի՛ կհիշեիր:

- Դու պիտի գրականագետ դառած ըլնեիր,- ծիծաղեցի ես:

- Կամաց-կամաց դառնում եմ,- ժպտաց Հրուշը:

- Պատրաստի գրականագետ ես:

- Ոչ թե գրականագետ եմ, այլ՝ մարդագետ,- ժպտաց Հրուշը.- մարդկանց լավ եմ հասկանում:

- Հա,- համաձայնվեցի ես:

- Ախպորս մասին որ էդքան ազատ գրել էիր, սկզբում շատ նեղվեցի, բայց հետո անցավ:

- Ի՞նչն անցավ:

- Նեղվածությունս:

- Ո՞նց անցավ:

- Հետո զգացի, որ գրածդ իրա վրա դրական ա ազդել:

- Ի՞նչ իմաստով դրական:

- Էդ գրածդ կարդալուց հետո իրա նախկին շրջապատի հետ ոնց որ թե կապերը խզել ա: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ:

- Գիտեմ:

- Որտեղի՞ց գիտես:

- Լսել եմ, որ լոտոյի տոմս ա ծախում:

- Լոտոյի տոմսն ի՞նչ կապ ունի:

- Այսինքն, աշխատում ա:

- Կապ չունի,- ասաց Հրուշը.- վերջին սռոկից առաջ էլ էր լոտոյի տոմս ծախում ու հենց էդ լոտոյի պատճառով էլ քաշվեց:

- Ո՞նց:

- Շատ հասարակ. իրա էդ ընկեր կոչեցյալներն էդ լոտոյի տոմսերն իրանից պաչկեքով վերցնում էին, նիսիա ջնջում էին ու հետո փողը չէին տալիս:

- Հա,- ասացի ես.- ինքը փափուկերես ա, համ էլ՝ ընկերության համար խելքն իրանը չի:

- Ես էլ էի առաջ ըտենց մտածում:

- Բա հիմա ո՞նց ես մտածում:

- Հիմա մտածում եմ, որ ընկերությունը միակողմանի չպիտի ըլնի. ինքը սաղ կյանքում ընկերության խաթեր ա տուժել, բայց իրա էդ ընկեր կոչեցյալներն ախպորս մենակ վնաս են տվել:

- Հա,- համաձայնվեցի ես:

- Արդեն ինքն էլ ա էդ բանը հասկացել, դրա համար էլ փորձում ա դրանց հետ կապերը խզի: Առաջին քայլն արդեն արել ա:

- Ի՞նչ ա արել:

- Էլի նիսիայով լոտոյի տոմս են ուզել, բայց չի տվել:

- Չեն նեղացե՞լ:

- Էն էլ ո՜նց են նեղացել,- ասաց Հրուշը.- համ նեղացել են, համ էլ ծեծել են:

- Ո՞ւմ են ծեծել:

- Նվերին:

- Նվերին ծեծե՞լ կըլնի:

- Սկզբում իրանք էրկուսով են էղել, Նվերը՝ մենակ, բայց տեսնողներն ասում են, որ Նվերն էլ տակ չի մնացել. դրանց քիթումռութին մի քանի հատ հասցրել ա:

- Հետո՞:

- Հետո ախպորս տղեն ու հարսս վրա են հասել ու ժողովրդի աչքի առաջ դրանց շան ծեծ են տվել:

- Հետո՞:

- Հետո որ էդ կռվի խաբարն ինձ հասավ, գնացի էդ տականքներից մեկի տուն ու ոնց որ պետքն ա՝ վախացրի:

- Ո՞նց վախացրիր:

- Ալեքսի վիզիտկեն ցույց տվի ու բացատրեցի, որ ինքը միջազգային իրավաբան ա:

- Վախեցա՞վ:

- Մինչեւ էդ էլ էր վախեցած,- ասաց Հրուշը.- սաղ էրեսը կապտած էր. ախպերս, ախպորս տղեն ու հարսս ընենց շան ծեծ էին տվել, որ վրեն սաղլամ տեղ չէր մնացել:

- Բա ասում ես՝ Նվերին են ծեծել:

- Ինքը հոգեբանորեն ա ծեծված,- հոգոց հանեց Հրուշը.- ուզում ա էդ տականքներից պոկվի, բայց չի ստացվում:

- Առաջին քայլն արդեն արել ա:

- Հա,- ասաց Հրուշը:- Զգացի, որ էդ տականքն Ալեքսի վիզիտկից սփրթնեց. առանց էդ էլ վրեն գույն չկար, բայց որ վիզիտկեն տեսավ, գույնը լրիվ գցեց: Երեւի ընկերոջը խաբար կանի, ու երեւի արդեն ախպորս հանգիստ թողեն:

- Փաստորեն, էդ լոտոյի գործն էլ ա ահագին վտանգավոր գործ:

- Հա,- ասաց Հրուշը:- Բայց մի տեղ պիտի աշխատի՞. ընտանիք ա չէ՞ պահում: Հիմի անվտանգ գործ որտե՞ղ կա:

- Հազար տարի Նվերին չեմ տեսել,- ասացի ես:

- Ուզո՞ւմ ես տենաս:

- Ե՞րբ:

- Թեկուզ հենց հիմի: Էրկու քայլի վրա են: Իրանց մոտից եմ գալի:

- Որտե՞ղ են:

- Հենց բազարի դիմաց: Գնա՞նք:

- Եսիմ,- շփոթվեցի ես:

- Ինքը քեզ որ տենա, շատ կուրախանա:

- Թող մնա մի ուրիշ անգամ:

- Չես ուզո՞ւմ հերոսիդ տենաս,- ծիծաղեց Հրուշը:

- Չէ,- կմկմացի ես.- պատրաստ չեմ:

- Ո՞նց պատրաստ չես,- զարմացավ Հրուշը:

- Հոգեբանորեն,- ասացի ես:

- Հազար տարվա ընկերներ եք,- ասաց Հրուշը:

- Մտքովս չէր անցնում, որ կարող ա իրա մասին գրածս կարդացած ըլնի:

- Խի՞ մտքովդ չէր անցնում,- զարմացավ Հրուշը.- կարող ա՞ ախպերս տառաճանաչ չի:

- Մտքովս չէր անցնում, որ էդ թերթն իրա ձեռը կընկնի:

- Բա չէիր մտածո՞ւմ, որ ես իրան ցույց կտամ:

- Լրիվ մտքիցս թռել էր, որ քուր ու ախպեր եք,- ծիծաղեցի ես:

- Լավ չի,- ասաց Հրուշը:

- Ի՞նչը լավ չի,- հարցրի ես:

- Որ իրան չես ուզում տենաս:

- Մի ուրիշ անգամ:

- Ես քո համար չեմ ասում,- ասաց Հրուշը:

- Բա ո՞ւմ համար ես ասում:

- Իրա՛ համար եմ ասում,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ինքը քո պես մարդկանց հետ ինչքան շատ շփվի, էնքան շուտ իրա էդ կեղտոտ շրջապատից կկտրվի:

- Դժվար ա,- ասացի ես:

- Ի՞նչն ա դժվար:

- Շրջապատից կտրվելը:

- Ի՞նչ գիտես:

- Իմ փորձից եմ ասում:

- Դու էլ ե՞ս փիս շրջապատ ընկել:

- Փիսը ո՞րն ա:

- Վտանգավոր:

- Ամեն մեկի համար իրա շրջապատն ա վտանգավոր:

- Հասկացա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Հրուշը:

- Ի՞նչը հասկացար:

- Դու էլ քո էդ ղումարբազությունից ես երեւի ուզում կտրվես:

- Ի՞նչ ղումարբազություն:

- Էդ ֆուտբոլի ու սպորտի ստավկեքը որ դնում ես:

- Ի՞նչ գիտես, որ ստավկեք եմ դնում:

- Գրածներիցդ,- ծիծաղեց Հրուշը.- մեռար էդ ստավկեքի մասին գրելով:

- Հա,- ասացի ես:

- Էդ բուքմեյքերական տեղերից ե՞ս ուզում կտրվես:

- Չէ,- ասացի ես.- էդ բուքմեյքերական տեղերը գնում եմ, որ հիմնական շրջապատիցս կտրվեմ:

- Հիմնական շրջապատդ գրողնե՞րն են:

- Գրողներ էլ կան:

- Գրողներն էդքան վատն ե՞ն:

- Երեւի ես եմ վատը:

- Դո՞ւ խի ես վատ:

- Չեմ կարում հետները յոլա գնամ:

- Ինձ էլ թվում էր՝ յոլա գնացող ես:

- Ինձ է՛լ էր ըտենց թվում:

- Յոլա գնացող չե՞ս:

- Յոլա գնացող եմ, բայց չեմ կարում յոլա գնամ:

- Վանոյի հետ էլ ես, չէ՞, ընկերություն արել,- ժպտաց Հրուշը:

- Ի՞նչ գիտես:

- Գրածներիցդ,- դարձյալ ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց.- ախպորս հաշվով մի կեսբերան չես խնդրել:

- Ո՞ւմ չեմ խնդրել:

- Վանոյին:

- Ի՞նչ խնդրեի:

- Որ քեզ բանտ գցեին, Վանոյին չէիր խնդրի՞, որ քեզ էդ քամբախից հաներ:

- Վանոյի վախտ որ ինձ բանտ գցեին, ինքն առանց խնդրելու էլ ինձ կհաներ:

- Բախտդ բերել ա,- ասաց Հրուշը.- բա իմ խեղճ ախպո՞րն ով պիտի տիրություն անի:

- Ախպերդ խեղճ չի,- ասացի ես.- էդ բառն իրան հեչ չի սազում:

- Խեղճ չէր, բայց կյանքն իրան շատ խեղճացրեց,- ասաց Հրուշը:- Հիմի որ իրան տենաս, վայ թե չճանաչես:

- Շատ ա՞ փոխվել:

- Արտաքինից շատ չի փոխվել, բայց ներսից շատ ա կոտրված,- ասաց Հրուշն ու հարցրեց.- հիմի չես ուզո՞ւմ իրան տենաս:

- Մի ուրիշ անգամ:

- Հիմի ժամանակ չունե՞ս:

- Ժամանակ ունեմ, բայց հոգեբանորեն պատրաստ չեմ,- ասացի ես.- մտքովս չէր անցնում, որ ինքն իմ էդ գրածը կարդացած կըլնի:

- Գոնե մի խորհուրդ տուր,- թախանձագին ինձ նայեց Հրուշը:

- Ի՞նչ խորհուրդ:

- Ախպորս հաշվով,- ասաց Հրուշը.- իրան ամեն գնով էդ տականքներից պիտի պրծացնենք:

- Ամեն ինչ իրանից ա կախված:

- Ինքը մի քանի անգամ փորձել ա, բայց չի ստացվել:

- Էլի պիտի փորձի:

- Հեշտ ես ասում:

- Ուրիշ վարիանտ չկա:

- Կա՛,- ասաց Հրուշը.- ես մի վարիանտ մտածել եմ:

- Ի՞նչ վարիանտ:

- Ախպորս մենակ Ֆրանսիա գնալը կփրկի:

- Ի՞նչ Ֆրանսիա:

- Ալեքսի հետ արդեն խոսացել եմ. ավելի ճիշտ՝ աղջիկս ա խոսացել:

- Ի՞նչ ա խոսացել:

- Սկզբում Նվերին կկանչեն, մի գործի կտեղավորեն, հետո էլ տղեն ու հարսս կգնան:

- Շա՜տ լավ ես մտածել,- ոգեւորված բացականչեցի ես.- իսկական խելքի ծով ես:

- Մեկը չկա՝ իմ մասին մտածի,- ծիծաղեց Հրուշը:

- Աստված կամաց-կամաց քեզ քո սրտի չափով տալիս ա,- ասացի ես:

- Հավատացյա՞լ ես,- ժպտալով հարցրեց Հրուշը:

- Ինչի՞ց ենթադրեցիր:

- Գրածներիցդ,- ծիծաղեց Հրուշը:

- Գրածներիցս ըտենց բան ա՞ զգացվում:

- Ես զգացել եմ,- ասաց Հրուշը.- Աստծո անունը շատ ես հիշում. մանավանդ է՛ն վախտ ես հիշում, երբ որ նեղն ես ընկնում:

- Այսինքն, իսկական հավատացյալ չեմ:

- Իսկականը ո՞րն ա:

- Իսկականը նրանք են, որ միշտ են Աստծուն հիշում:

- Իսկականն ու անիսկականը չգիտեմ, բայց զգացվում ա, որ Աստծուց շատ ես վախենում:

- Ինքը մեզ ամենանեղ վիճակներից փրկում ա:

- Պիտի մի բան մտածենք, որ մեր Նվերին էլ փրկի:

- Արդեն մտածել ես:

- Վատ ե՞մ մտածել:

- Չտեսնված ես մտածել. փաստորեն, միակ վարիանտը գտել ես:

- Էդ վարիանտն իրոք միակն ա,- ասաց Հրուշը.- ինչքան մտածում եմ՝ ուրիշ վարիանտ չկա:

- Իրանց կուղարկես, հետո էլ դու կգնաս,- ասացի ես:

- Իրանց որ ուղարկեմ՝ նոր իմ մասին կմտածեմ:

- Հո Երեւանում մենակ չե՞ս մնա:

- Պարզ ա,- ասաց Հրուշը.- հո պուպու չե՞մ:

- Ամենաբարդը Նվերի գնալու հարցն ա:

- Ինչո՞վ ա բարդ:

- Վիզայի ու թույլտվության իմաստով,- ասացի ես.- մանավանդ որ՝ ինքը նստած ա էղել:

- Ալեքսն էդ սաղ հարցերը կլուծի,- ասաց Հրուշը.- ինքը համ անունով իրավաբան ա, համ էլ՝ դեսպանատանը լիքը ծանոթներ ունի:

- Ուրեմն, վաբշե բարդություն չկա:

- Կա,- ասաց Հրուշը:

- Ո՞րն ա,- հարցրի ես:

- Նվերին չեմ կարում համոզեմ,- ասաց Հրուշը:

- Չի ուզո՞ւմ գնա:

- Իրան էլ մեղադրելու չի,- ասաց Հրուշը.- ինքը ոչ մի անգամ արտասահման չի էղել, համ էլ՝ լեզու չգիտի:

- Դու լեզու գիտե՞ս:

- Արդեն էշը ցեխից հանում եմ,- ժպտաց Հրուշը:

- Պիտի Նվերին համոզես:

- Դու էլ պիտի համոզես,- ասաց Հրուշը.- դրա համար եմ ասում՝ իրան մի հատ հանդիպես:

- Մի ուրիշ անգամ:

- Դու գիտես,- ասաց Հրուշը:- Մինչեւ իրան տենաս՝ ես երեւի արդեն համոզած կըլնեմ:

- Չեմ էլ կասկածում:

- Առաջ շատ ուժեղ էր դիմադրում, բայց էդ կռվից հետո արդեն շատ չի հակաճառում:

- Կարեւորը աշխատանքի հարցն ա,- ասացի ես.- որ էնտեղ իրա համար հարմար աշխատանք ճարեք, գլուխը կախ կաշխատի:

- Հեչ որ չըլնի, Ալեքսն իրա օֆիսում բանվոր կձեւակերպի:

- Հա,- ասացի ես:

- Հարսիս էլ հավաքարար կձեւակերպի:

- Մնում ա՝ Նվերին համոզես:

- Էդ կռվից հետո գնալու թե մայով հետը չեմ խոսացել, բայց զգում եմ, որ հոգու խորքում արդեն համաձայն ա:

- Ինչի՞ց ես զգում:

- Զգում եմ, որ ինքը հոգեբանորեն արդեն իրան նախապատրաստում ա:

- Բան ասել ա՞:

- Չէ,- ասաց Հրուշը:- Ես էլ դիտմամբ էդ թեմայով խոսակցություն չեմ բացում. ուզում եմ՝ ի՛նքը խոսակցությունը բացի:

- Էդ գործը չարժի ձգձգել,- ասացի ես:

- Դրա համար եմ ասում՝ մի հատ իրան տես:

- Էրեսս չի բռնում:

- Ինքը քեզնից հեչ էլ նեղացած չի,- ասաց Հրուշը.- ընդհակառակը, իրա էդ հատվածը որ կարդաց պրծավ, ասեց՝ «ծերից ծեր ճիշտ ա գրել»:

- Կարող ա ծերից ծեր ճիշտ գրած ըլնեմ, բայց նեղացած ըլնի:

- Որ նեղացած ըլներ՝ ինձ կասեր,- ասաց Հրուշն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- չասեր էլ՝ ես կզգայի, որ նեղացել ա:

- Աստված տա՝ նեղացած չըլնի:

- Խի՞ պիտի նեղանար,- զարմացավ Հրուշը.- իրա մասին հիմնականում լավ ես գրել:

- Գրել եմ, որ ինքն էդ գործով ա զբաղվել:

- Ինքը էդ գործով մի քանի անգամ նստել ա,- ասաց Հրուշը:- Նորություն չես ասել: Առանց քո գրելու էլ՝ մեր սաղ հարեւանությունն ու բարեկամությունն էդ մասին գիտեն:

- Տպագիր խոսքը մի քիչ ուրիշ ա:

- Ճիշտ ես ասում,- ծիծաղեց Հրուշը.- իմ մասին էդ բաները որ բանավոր ասեիր, կարող ա չնեղանայի:

- Ո՞ր բաները:

- Լավ էլ հասկանում ես,- ժպտաց Հրուշը:

- Ես ամեն ինչ անում եմ, որ մարդկանց չնեղացնեմ, բայց էլի նեղանում են:

- Որ նեղացնում ես, ո՞նց չնեղանան,- ժպտաց Հրուշն ու ասաց.- էդ թեման արդեն փակել ենք:

- Հա,- ասացի ես:

- Կարեւորն էն ա, որ Նվերը քեզանից չի նեղացել,- ասաց Հրուշը:- Իրա մասին շատ ճիշտ էիր գրել:

- Ի՞նչն էի ճիշտ գրել:

- Գրել էիր, որ ինքը իրա շրջապատի էդ տականքներից շատ ա տարբերվում:

- Էդքանն էլ չգրեի՞:

- Կարեւորն էն ա, որ ճիշտ ես գրել,- ասաց Հրուշը:

- Ինքը շատ կարգին մարդ ա:

- Որ կարգին չըլներ, իրա համար էսքան դարդ չէի անի. ես առաջի՛նը իրանից էրես կթեքեի:

- Պիտի իրան օգնես,- ասացի ես:

- Քո ասելով չպիտի իրան օգնեմ:

- Կարեւորն էն ա, որ օգնելու հնարավորություն ունես:

- Էդ հնարավորությունն անպայման պիտի օգտագործենք,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- մանավանդ որ՝ Ալեքսն էլ ա սրտանց ուզում օգնի:

- Ինչքան չըլնի՝ զոքանչն ես,- ժպտացի ես:

- Զոքանչը չեմ,- ինձ խեթ նայեց Հրուշը.- իրանց թիկունքն եմ: Քեզ թվում ա՝ առանց ինձ կարայի՞ն էդ էրկու էրեխեքից գլուխ հանեին:

- Պարզ ա, որ չէին կարա:

- Ես իրանց նեղ վիճակին հասել եմ,- ասաց Հրուշը:

- Էն էլ ո՜նց ես հասել:

- Հիմի էլ իրանք պիտի ինձ հասնեն,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ախպորս իմաստով եմ ասում:

- Հասկանում եմ,- ասացի ես:

- Իրանք էլ են հասկանում,- ասաց Հրուշը:- Աղջիկս լավ գիտի, որ իրա քեռին իրան ավելի շատ ա տիրություն արել, քան՝ իրա հարազատ հերը:

Հանկարծ Հրուշի հեկեկոցը բռնեց: Պայուսակից թաշկինակը հանեց ու փորձում էր արցունքների հանկարծակի հեղեղի դեմն առնել:

- Մի հուզվի,- անակնկալի գալով ասացի ես:

- Հեշտ ես ասում,- արցունքները սրբելով՝ մղկտաց Հրուշը.- ո՞նց չհուզվեմ: Խեղճ ախպերս տարիներ շարունակ համ իրա ընտանիքն ա պահել, համ՝ իմը: Հորնումորս է՛լ ա ինքը տիրություն արել: Դրա համար էլ հույս ունեմ, որ Աստված իրան կների:

- Հաստատ կների:

- Ընենց վստահ ես ասում, ոնց որ՝ հենց հիմի Աստծո մոտից ես գալի,- արցունքների միջից ծիծաղեց Հրուշը:

- Նվերը մեծ բախտի ա արժանի:

- Էդ մեկը հաստատ ճիշտ ես ասում,- արցունքները սրբեց Հրուշը:

- Ֆրանսիան իրա համար փրկություն ա,- ասացի ես:

- Ֆրանսիան սաղի համար էլ փրկություն ա,- արցունքները սրբելով՝ ասաց Հրուշը.- աղջկաս համար փրկություն չէ՞ր:

- Աղջկադ համար էդ թազա փեսեդ էր փրկություն:

- Թազա չի. արդեն ահագին հնացել ա,- ծիծաղեց Հրուշն ու մի քիչ մտածելուց հետո ասաց.- աղջիկս էլ փեսի՛ս համար էր փրկություն. ինչ աղջկաս հետ պսակվել ա, իրա հաջողություններն սկսվել են: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ. սատանի ականջը խուլ:

- Դու էլ իրանց համար ես փրկություն:

- Գիտես սուտ ե՞ս ասում,- ժպտաց Հրուշը:- Իմ կյանքի իմաստը, փաստորեն, իրանք ու թոռներս են, մեկ էլ՝ ախպերս ու ախպորս ընտանիքը: Իրանք որ լավ ըլնեն, ես ինձ բախտավոր մարդ կհամարեմ:

- Ամենաբարդը Նվերի վիճակն ա:

- Հա,- ասաց Հրուշը.- մինչեւ ախպորս հարցերը չկարգավորեմ, խիղճս հանգիստ չի ըլնի:

- Նվերին վիզա պիտի տա՞ն:

- Հա,- ասաց Հրուշը.- առանց վիզայի ո՞նց կըլնի: Ես մայիսին որ գնամ, էդ սաղ հարցերը մեկ առ մեկ Ալեքսի հետ կճշտեմ: Սկզբում երեւի ժամանակավոր կկանչեն, հետո որ Նվերն էնտեղ հարմարվի, արդեն մշտականի մասին կմտածենք:

- Մշտական հնարավոր ա՞:

- Ալեքսը համ իրավաբան ա, համ էլ մարդու իրավունքների գծով ա աշխատում: Ինքը կարա ընենց ձեւակերպում տա, իբր՝ ախպորս վատ շրջապատից փրկում ենք:

- Իրականում ըտենց էլ կա:

- Ոնց ուզեն՝ կարան ձեւակերպեն,- ասաց Հրուշը.- ամեն տեղ Ալեքսի ընկերներն են:

- Էդքան մեծ շրջապատ ունի՞:

- Ինքը շատ ազնիվ ու մաքուր մարդ ա, դրա համար էլ ամեն տեղ իրան հարգում են. իրա ասածն ամեն տեղ անցնում ա:

- Մնում ա՝ Նվերը մի քիչ ֆրանսերեն սովորի,- ասացի ես:

- Կսովորի,- ասաց Հրուշը.- մեծ բան չի: Ես որ էշը ցեխից հանում եմ, ինքն էլ կսովորի:

- Թող հիմիկվանից սկսի:

- Կարեւորն իրա տրամադրվածությունն ա,- ասաց Հրուշը.- պիտի իրան հոգեբանորեն նախապատրաստի:

- Որ մի քիչ ֆրանսերեն սովորի, իրան ավելի վստահ կզգա:

- Կսովորի,- ասաց Հրուշը.- ինքը շատ ընդունակ ա: Մինչեւ չորրորդ դասարան գերազանցիկ ա էղել: Որ վատ շրջապատ չընկներ, կարող ա մինչեւ վերջ էլ գերազանց շարունակեր:

- Հա,- համաձայնվեցի ես:

- Որ տիրություն անող ունենար, ինքն էլ ինստիտուտ կընդունվեր ու կարգին մարդ կդառնար,- ժպտաց Հրուշը:

- Ինքը հիմի էլ ա կարգին մարդ:

- Բան չունեմ ասելու,- ասաց Հրուշը.- ուզում եմ ասեմ՝ որ իրան տիրություն անող ըլներ, իրա կյանքը լրիվ ուրիշ ձեւով կդասավորվեր:

- Հիմի դու տիրություն կանես:

- Հիմի արդեն ուշ ա,- հառաչեց Հրուշը:

- Ուշ լինի՝ նուշ լինի,- ասացի ես: