ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք երկրորդ
Գլուխ քսանութերորդ
ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆ
- Դե լավ,- համաձայնվեց Էֆենդին.- էս կլիենտներիս կոֆե տամ՝ գամ:
- Սպասում ենք, Էֆենդի՛,- ասաց Լիզան:
- Ես էլ քե՛զ ահագին սպասեցի,- ասացի Լիզային, երբ Էֆենդին արդեն իր դախլի հետեւում էր:
- Սկզբում ե՛ս էի քեզ սպասում,- ասաց Լիզան.- սպասելուց հոգնեցի՝ մտա թատրոն:
- Ի՞նչ թատրոն:
- Էս կողքի շենքը կոմեդիայի թատրոնն է. չգիտե՞ս:
- Գիտեմ,- ասացի ես.- բայց էս ժամին ի՞նչ թատրոն:
- Էստեղ որ մենակ նստած էի՝ բոլորն ինձ էին նայում. երեւի մտածում էին՝ էս աղջիկն ինչո՞ւ է մենակ: Մեկը նույնիսկ մոտեցավ՝ խոսացրեց:
- Ո՞վ,- սրճարանում նստածներին նայելով՝ գոռացի ես:
- Իզո՛ւր ես գոռում,- ասաց Լիզան.- էդ տղան արդեն գնացել է:
- Ո՞ւր ա գնացել:
- Չգիտեմ: Եթե իմանայի քեզ էդքան հետաքրքրում է՝ կհարցնեի:
- Ասում ես՝ ուզում էր քեզ խոսացնե՞ր:
- Ոչ թե ուզում էր խոսացներ, այլ՝ խոսացրեց:
- Ո՞նց խոսացրեց:
- Շատ հասարակ: Քեզ նման երկար-բարակ չձգձգեց. միանգամից ասաց, որ ուզում է հետս ծանոթանալ:
- Բա դո՞ւ ինչ ասեցիր:
- Մինչեւ մտածում էի՝ ինչ ասեմ, Էֆենդին էդ տղային կանչեց դախլի մոտ, ականջին ինչ-որ բան ասաց:
- Ի՞նչ ասեց:
- Չգիտեմ. երեւի էդ տղային բացատրեց, որ մենակ չեմ:
- Հետո՞:
- Հետո էդ տղան գնաց, ես էլ գնացի թատրոն:
- Ի՞նչ թատրոն:
- Էս կոմեդիայի թատրոնը:
- Թատրոնում ի՞նչ էիր կորցրել:
- Ոչ մի բան էլ չէի կորցրել, բայց էստեղ մնալս արդեն անհարմար էր, որովհետեւ բոլորն ինձ էին նայում:
- Խի՞ էին նայում:
- Երեւի մտածում էին՝ էս աղջիկն էս սրճարանում ի՞նչ է կորցրել: Տեսա, որ մի տեսակ են նայում, վեր կացա ու գնացի թատրոն: Հա՛, Էֆենդուն էլ զգուշացրի, որ քեզ զգուշացնի, որ գալու եմ:
- Բա թատրոնում ի՞նչ էիր անում:
- Բամբասում էի:
- Ի՞նչ:
- Ասում եմ՝ բամբասում էի:
- Ումի՞ց էիր բամբասում: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ հետ էիր բամբասում:
- Էս թատրոնի հսկիչը մեր գյուղից է. մեծ քրոջս հետ նույն դասարանում են սովորել: Անունն էլ Վարդուշ է: Մի ժամ իր հարսից էինք բամբասում:
- Լուրջ ե՞ս ասում:
- Ո՛չ միայն լուրջ, այլեւ՝ անկեղծ: Ուզո՞ւմ ես՝ ավելի՛ անկեղծ ասեմ:
- Ասա՛:
- Քո գնալուց հետո զուգարանի պահանջ զգացի. մտածեցի՝ Վարդուշը թատրոնում կլինի, կմտնեմ թատրոնի զուգարան:
- Էս կաֆեում զուգարան չկա՞:
- Մենակ էդ էր պակաս, որ էսքան տղամարդկանց աչքի առաջ մի հատ էլ զուգարան մտնեի: Համ էլ՝ սրանց զուգարանը եսիմ ինչ փնթի զուգարան է:
- Թատրոնինը լավն ա՞:
- Չտեսնված: Թատրոնի զուգարանից որ դուրս եկա, Վարդուշի հետ խոսքով ընկանք, ու որ հարսից շատ էր բողոքում, մտածեցի՝ անհարմար է կարճ կապեմ:
- Բա մտքովդ չանցա՞վ, որ քեզ սպասում եմ:
- Ճիշտն ասած, մի մոմենտ որ Վարդուշն իրենց մյուս հսկիչի հետ զրուցում էր, էդ պահին ինձ մի հատ գցեցի սրճարան, բայց որ տեսա դեռ չես հայտնվել, էլի վերադարձա Վարդուշի մոտ: Իր էդ լաչառ հարսը, փաստորեն, խեղճ կնոջ կյանքը լրիվ դժոխք է դարձրել:
- Ինքն է՞ր ասում:
- Հա: Խեղճ կինը մղկտում էր. սիրտը կտոր-կտոր էր լինում:
- Որ հարսին լսես՝ երեւի ճիշտ հակառակն ասի:
- Շատ հնարավոր է,- ասաց Լիզան, հետո նայեց դախլի կողմն ու գոռաց.- Էֆենդի՜, քե՛զ ենք սպասում:
- Էս նմուտիս, էս սհաթիս,- մեզ նայելով ու մեզ ժպտալով՝ ասաց Էֆենդին:
Քիչ անց Էֆենդին մոտեցավ, նստեց մեզ մոտ, հետո ձայն տվեց իր հավաքարարուհի Ալվարդին, ականջին ինչ-որ բան ասաց, ու քիչ անց Ալվարդն ափսեներ, պատառաքաղներ ու բաժակներ բերեց ու նաեւ՝ երեք շիշ թարխունի լիմոնադ:
- Ոգելի՛ց էլ բերել կտայի, բայց մեր մոտ արգելված ա,- արդարացավ Էֆենդին:
- Լիմոնադը մեզ լրիվ հերիք է,- ասաց Լիզան.- Արմենակը որ խմում է՝ կռիվ է անում:
- Հաստա՞տ,- զարմացավ Էֆենդին:
Ես արդեն քյաբաբի փաթեթն էի բաց անում եւ ոչինչ չասացի, որովհետեւ ներքուստ ինձ շատ լավ էի զգում, որ Լիզան, հետս ընդամենը մի քանի ժամվա ծանոթ լինելով, արդեն կատակներ է անում:
Քյաբաբներն արդեն լավ ներծծվել էին լավաշների մեջ, եւ ամեն մեկիս մեկական շատ մեծ քյաբաբ էր հասնում, ու չնայած երեքս էլ լավ քաղցած էինք, շատ շուտ կշտացանք:
- Ասում եմ, չէ՞. իրանք շատ հաջող քյաբաբ են սարքում,- Ալվարդի բերած անձեռոցիկով ձեռքերն ու բերանը սրբելով՝ ասաց Էֆենդին:
- Մերսի, Արմե՛ն ջան, քեզ արդարացրիր,- ասաց Լիզան:
- Մերսի, Արմենակ ջան,- տեղից վեր կենալով՝ ասաց Էֆենդին.- ես անցնեմ գործիս՝ քանի կլիենտներս ղալմաղալ չեն դրել:
- Վաղուց էսպիսի ախորժակով չէի կերել,- ասաց Լիզան:
- Ես է՛լ,- ասացի ես:
- Էդ դիետա կոչվածը լրիվ էշություն է,- ասաց Լիզան:
- Ժամը քանի՞սն ա,- Լիզայի թեւի ժամացույցին նայելով՝ հարցրի ես:
- Ժամացույց չունե՞ս:
- Ունեմ. ուղղակի մոռացել եմ կապեմ:
- Թե՞ հատուկ չես կապում, որ աղջիկներից ժամ հարցնես:
- Էդ է՛լ կա: Ժամը քանի՞սն ա:
- Արդեն հինգն անց է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:- Արդեն երեք ժամվա ծանոթներ ենք:
- Ժամ ե՞ս պահել:
- Չէ: Սպորտխանութից որ դուրս եկանք՝ երկուսից տասնհինգ էր պակաս: Մտածում էի՝ քրոջս տուն գնա՞մ, թե՝ չէ:
- Լավ արիր, որ քրոջդ տուն չգնացիր:
- Հա: Շիրազի գրքի մասին որ խոսակցություն չբացեիր՝ հիմա քրոջս տանն էի:
- Քույրդ դժվար թե քեզ ըսենց քյաբաբ տար:
- Հաստա՛տ չէր տա. ի՛նքն է ինձ խորհուրդ տվել, որ դիետա պահեմ:
- Առանձնապես լավ խորհուրդ չի տվել:
- Ես է՛լ եմ էդ կարծիքին: Ժա՞մն ինչու ես հարցնում:
- Ժամադրված եմ:
- Եթե ուշանում ես՝ կարող ես գնալ,- ասաց Լիզան:- Տես՝ իմ պատճառով չուշանաս:
- Ժամը յոթին եմ ժամադրված:
- Մինչեւ յոթն ահագին ժամանակ կա,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:
- Մի հատ էլ սուրճ չխմե՞նք,- հարցրի ես:
- Հա,- ասաց Լիզան:- Կուշտ փորով մի հատ մարդավարի սուրճ խմենք:
- Էրկու հատ կոֆե, Էֆենդի՛,- գոռացի ես:
- Դրել եմ, բատոնո՛ Արմենակ,- ասաց Էֆենդին.- առանց քո ասելու էլ դրել էի:
- Լավ մարդ ա էս Էֆենդին,- ասացի Լիզային:
- Հա,- ասաց Լիզան.- ընդամենը երրորդ անգամ եմ իրեն տեսնում, բայց կարծես հարազատ մարդ լինի:
- Էդ կոֆեների հաշի՞վը խի ես փակել,- հանկարծ հիշեցի ես:
- Ի՞նչ կոֆեների հաշիվ,- զարմացավ Լիզան:
- Մեր խմած էն կոֆեների հաշիվը:
- Ո՞վ ասաց, որ փակել եմ:
- Էֆենդի՛ն: Ասեց, որ հաշիվը փակել ու գնացել ես:
- Կատակ է արել,- ծիծաղեց Լիզան.- հոգուդ հետ է խաղացել:
- Շատ հանաքչի մարդ ա:
- Շատ էի՞ր հուզվել:
- Ինչի՞ համար:
- Որ Էֆենդին ասաց՝ Լիզան գնացել է, շատ հուզվեցի՞ր:
- Խի՞ պիտի հուզվեի:
- Ո՞նց թե՝ խի պիտի հուզվեիր: Չմտածեցի՞ր, որ ինձ այլեւս չես տեսնելու:
- Որ շատ պետք ըլներ՝ մի քանի րոպեում քեզ կգտնեի:
- Որտե՞ղ:
- Համալսարանում:
- Ուրեմն, քսանհինգ օր պիտի սպասեիր՝ մինչեւ դասերը սկսվեին:
- Կսպասեի:
- Սպասելն էդքան հաճելի բան է՞:
- Նայած թե՝ ում ես սպասում: Քեզ սպասելը շատ հաճելի ա:
- Բա խի՞ էիր հուզվել:
- Ո՞վ ասեց, որ հուզվել էի:
- Էֆենդին ասաց՝ քիչ էր մնում շտապօգնություն կանչեինք:
- Էֆենդին հանաք էր անում:
- Բա չէիր մտածո՞ւմ, որ կարող է հեչ էլ բանասիրականում չեմ սովորում: Հնարավոր չի՞, որ քեզ խաբած լինեի:
- Խի՞ պիտի խաբեիր:
- Հենց էնպես. հավեսի համար:
- Լսի՛,- ասացի ես.- շատ ե՞ս ուզում, որ հուզված ըլնեմ:
- Շա՜տ,- ժպտաց Լիզան:
- Կայֆ ա՞ տալի:
- Էն էլ ո՜նց:
- Որ քեզ էդքան պետք ա՝ կարաս հաշվես, որ հուզվել եմ:
- Հաշվե՞մ, թե՞ իսկապես ես հուզվել:
- Հաշվի, որ իսկապես եմ հուզվել:
- Պատասխաններից լավ էլ ճողոպրել գիտես:
- Ճողոպրե՜լ. լավ էլ բարդ բառեր գիտես:
- Բանասիրականում մեր բանուգործն էդ է:
- Հիմի բանասիրական ե՞ս սովորում, թե՞ խաբում ես:
- Խի՞ պիտի խաբեմ:
- Հավեսի համար. կարող ա՝ կայֆ ա տալի:
- Ի՞նչը:
- Խաբելը: Կարող ա խաբելուց հաճույք ես ստանում:
- Խաբելուց հաճույք ե՞ն ստանում:
- Եսի՞մ: Ամեն տեսակ մարդ էլ կա:
- Այդուհանդերձ, բանասիրականում եմ սովորում:
- Համարյա գրաբար ես խոսում:
- Գրաբարից է՛լ եմ «հինգ» ստացել:
- Այդուհանդերձ, զարմանալի ա:
- Ի՞նչն ա զարմանալի:
- Զարմանալի ա, որ մեկ գրաբարով ես խոսում, մեկ՝ գողականով:
- Ամեն մեկի հետ իրա լեզվով եմ խոսում:
- Այսինքն, լեզուների գծով ուժեղ ես:
- Թույլ չեմ: Դրան էլ գումարած, որ մեր բանասիրականում հա՛մ գրաբար ենք անցնում, հա՛մ ժամանակակից հայերեն, հա՛մ բարբառագիտություն, համ էլ նույնիսկ՝ ժարգոն:
- Էդքան շատ բան ե՞ք անցնում:
- Իհա՛րկե: Դուք չեք անցե՞լ:
- Երեւի անցել ենք. լավ չեմ հիշում:
- Էդքան հեշտ ե՞ս մոռանում:
- Նայած՝ ինչ ու նայած՝ ում:
- Ասում ես՝ ժամը յոթին ում հետ ես ժամադրվա՞ծ:
- Շատ ա՞ հուզում:
- Ամենեւին չեմ հուզվում,- կարմրեց Լիզան:
- Չեմ ասում՝ հուզվում ես. ասում եմ՝ քեզ շատ ա՞ հուզում, թե ում հետ եմ ժամադրված:
- Շատ ե՞ս ուզում, որ ինձ շատ հուզի:
- Շա~տ:
- Կայֆ ա՞ տալի:
- Էն էլ ո՜նց:
- Եթե քեզ այդքան պետք է, կարող ես համարել, որ ինձ շատ է հուզում, թե ում հետ ես ժամադրված:
- Շա՜տ հաճելի ա:
- Պարզ է, որ հաճելի կլինի, բայց հարցիս չպատասխանեցիր:
- Ի՞նչ հարց:
- Ժամը յոթին ո՞ւմ հետ ես ժամադրված:
- Դու ճանաչում ես:
- Ո՞ւմ եմ ճանաչում,- ապշահար ինձ նայեց Լիզան:
- Մեր ընդհանուր ծանոթներից ա:
- Մեր միակ ընդհանուր ծանոթը մեր կուրսի Կառան է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Լիզան,- բայց չեմ կարծում, որ իր հետ ժամադրված լինես:
- Ինչի՞ չես կարծում:
- Էդքան ճարպիկ չես: Ինքը, ճիշտ է, տղերքի գծով շատ ուժեղ հակվածություն ունի, բայց չեմ կարծում, որ էդ մի քանի վայրկյանների ընթացքում հաջողացնեիք ժամադրվել:
- Ինչի՞ չպիտի հաջողացնեինք:
- Ես ձեզ որ գոնե մի վայրկյան մենակ թողնեի, շատ հնարավոր է՝ ինքը հաջողացներ: Բայց ես ձեզ ոչ մի վայրկյան առանձին չեմ թողել:
- Այսինքն, ինքը մի վայրկյանում տղերքին ժամադրում ա՞:
- Ինքը կես վայրկյանում է՛լ քեզ կժամադրեր, միայն թե՝ ինձ վատություն արած լիներ:
- Ասում ես՝ հակվածությո՞ւն ունի:
- Երեւում է՝ դու է՛լ պակաս հակվածություն չունես:
- Ի՞նչ իմաստով:
- Կմախքների՛ իմաստով:
- Վատ ա:
- Ի՞նչն ա վատ:
- Շատ վատ ա:
- Ի՞նչն ա շատ վատ:
- Շատ վատ ա, որ իրան քեզ կոնկուրենտ ես համարում:
- Ո՞ւմ եմ կոնկուրենտ համարում:
- Կառային:
- Լավ էլ հաճույքով անունը տալիս ես:
- Իրա մրցակցությունից որ էդքան վախենում ես, ուրեմն՝ հե՛չ ինքնավստահություն չունես:
- Իրա մրցակցությունի՛ց չեմ վախենում, խելո՛ք. իրա աներեսությունից ու իրա անամոթությունից եմ վախենում:
- Էդ նրանից ա, որ հե՛չ ինքնավստահություն չունես:
- Ոչ թե ինքնավստահություն չունեմ, այլ՝ իր հանդեպ վստահություն չունեմ:
- Իմ հանդեպ է՛լ վստահություն չունե՞ս:
- Քեզ նոր-նոր եմ ճանաչում, ավելի ճիշտ՝ քեզ ընդհա՛նրապես չեմ ճանաչում: Ընդամենը երեք ժամ է՝ ինչ իրար տեսել ենք: Նույնիսկ չգիտեմ էլ, թե ժամը յոթին ում հետ ես ժամադրված:
- Շատ ա՞ հետաքրքրում:
- Դո՛ւ արհեստականորեն մեջս հետաքրքրություն առաջացրիր:
- Ո՞նց արհեստականորեն:
- Որ ասացիր՝ մեր ընդհանուր ծանոթներից մեկի հետ ես ժամադրված, մեջս հետաքրքրություն առաջացավ:
- Մի հարցում սխալվում ես:
- Ո՞ր հարցում:
- Ոչ թե մեր ընդհանուր ծանոթներից մեկի՛ հետ եմ ժամադրված, այլ՝ մի քանիսի:
- Ո՞նց թե՝ մի քանիսի: Այսինքն, մենք էդ կմախքից բացի՝ ուրիշ ընդհանուր ծանոթներ էլ ունե՞նք:
- Իհա՛րկե ունենք:
- Վստա՞հ ես:
- Հարուր տոկոսով:
- Այսինքն, դու ինձ ճանաչո՞ւմ էիր,- կարմրեց Լիզան:
- Բա ի՞նչ էիր կարծում. կարծում էիր՝ փողոցներում աղջիկ խոսացնո՞ղ եմ:
- Պարզ է:
- Ի՞նչն ա պարզ:
- Հաստատ մեր բանասիրական ես եկել-գնացել ու ինձ էնտե՛ղ ես տեսել:
- Ձեր բանասիրական վերջին անգամ յոթանասունմեկ թվին եմ էկել: Դու էն վախտերը երեւի դպրոցական էիր:
- Ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ: Յոթանասունմեկին վեցերորդ դասարանում էի սովորում:
- Էդ թվերին գալիս էինք համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու:
- Լեւոն Ներսիսյանին ուղղակի պաշտում եմ:
- Քեզ դաս ա՞ տվել:
- Էս տարի է՛լ է դասավանդելու: Իրեն շատ եմ սիրում:
- Հատուկ ես ասում, որ ես էլ քե՞զ խանդեմ:
- Մեր կուրսի բոլոր աղջիկներն էլ գժի պես սիրահարված են իրեն:
- Որ ասում էի՝ ընդհանուր ծանոթներ ունենք, չէիր հավատում:
- Ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները:
- Մեկը՝ Լեւոն Ներսիսյանը:
- Բայց Լեւոն Ներսիսյանն ի՞նչ կապ ունի ժամը յոթի քո ժամադրության հետ:
- Ինքն է՛լ ա ռեստորան հրավիրված:
- Ի՞նչ ռեստորան:
- «Արարատ»:
- Էն գրախանութի մոտի՞:
- Հա: Լեւոն Ներսիսյանն է՛լ ա գալու:
- Ինչ-որ առիթ կա՞:
- Հա. մեր ընդհանուր ծանոթներից մեկի թոռը Պոլիտեխնիկ ա ընդունվել: Մաղարիչի հարց ա:
- Մենակ չասես, թե էդ Պոլիտեխնիկ ընդունվողին է՛լ եմ ճանաչում:
- Ընդունվողին՝ չէ, բայց պապին հաստատ ճանաչում ես:
- Ո՞ւմ պապին եմ ճանաչում:
- Էդ ընդունվողի: Թոռն ընդունվել ա, պապն էլ մաղարիչ ա անում: Ավելի ճիշտ՝ թոռն ընդունվել ա, բայց մաղարիչը ո՛չ թե պապն ա անում, այլ՝ պապի ընկերը:
- Հիմա հասկացա. թոռն ընդունվել է, իսկ պապի ընկերը ձեզ հրավիրել է ռեստորան:
- Ավելի ճիշտ՝ թոռը ո՛չ թե ընդունվել ա, այլ՝ նոր պիտի ընդունվի:
- Չեմ հասկանում: Դեռ չընդունված՝ մաղարիչ ե՞ն անում:
- Էրեկվա դրությամբ ընդունված չէր, բայց էսօր արդեն ընդունված կըլնի:
- Ի՞նչ գիտես:
- Հարուր տոկոսով խոսացած գործ ա:
- Ո՞վ է խոսել:
- Պապի ընկերը. էդ նույն ընկերը, որը որ մաղարիչը պիտի անի:
- Հուսով եմ, որ էդ մաղարիչն անողին չեմ ճանաչում:
- Մաղարիչ անողին ավելի լավ ես ճանաչում, քան՝ պապին:
- Ի՞նչ պապ: Արդեն ամեն ինչ խառնեցի: Մի րոպե՛,- լրջացավ Լիզան, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- Ինչքան մտածում եմ՝ ծանոթներիցս ոչ մեկն էս տարի Պոլիտեխնիկ ընդունվող չունի, էն էլ՝ թոռ: Իմ ծանոթներն էդքան մեծահասակ չեն, որ թոռ ունենան:
- Հաստատ չես կարա ասես:
- Դու որ հաստատ ես ասում, դե ասա՝ ովքե՞ր են մեր էդ ընդհանուր ծանոթները: Լեւոն Ներսիսյանը հասկացանք. մյուս երկո՞ւսն ովքեր են:
- Մյուս էրկուսին է՛լ ես ճանաչում:
- Իրենք էլ ի՞նձ են ճանաչում:
- Չեմ ասի,- ասացի ես.- ուզում եմ սյուրպրիզ ըլնի: Հիմի ժամը քանի՞սն ա:
- Արդեն վեցն է դառնում,- ասաց Լիզան:
- Մի ժամից կիմանաս,- ասացի ես.- հենց ռեստորան մտնենք՝ կհամոզվես, որ էն մյուս էրկուսին է՛լ ես լավ ճանաչում:
- Չհասկացա,- զարմացավ Լիզան.- ես էլ ե՞մ հետդ ռեստորան գալու:
- Իսկ ինչո՞ւ ոչ: Մանավանդ որ՝ Լեւոն Ներսիսյանին հաստատ ճանաչում ես:
- Նույնիսկ կարող եմ ասել, որ ինքն ինձ շատ լավ է վերաբերվում: Վախենամ՝ ռեստորանում խանդի տեսարան սարքես:
- Հույս ունեմ՝ առիթ չես տա:
- Կատակ եմ անում,- ասաց Լիզան:
- Հասկացա,- ասացի ես:
- Ուրախ եմ, որ հասկանում ես, բայց ե՛ս չեմ հասկանում:
- Ի՞նչը չես հասկանում:
- Իրենք քե՛զ են հրավիրել. ես որ հետդ գամ, երեւի ինձ անկոչ հյուրի պես վերաբերվեն:
- Բա նոր ասում էիր՝ Լեւոն Ներսիսյանը քեզ լավ ա վերաբերվում:
- Մյուս երկուսին նկատի ունեմ:
- Դու քեզ շատ ես թերագնահատում:
- Ի՞նչ իմաստով:
- Ամենաուղղակի՛ իմաստով:
- Այսինքն:
- Դու, փաստորեն, զարդարելու ես մեր սեղանը:
- Ո՞նց եմ զարդարելու,- կարմրեց Լիզան:
- Քո գեղեցկությամբ,- ասացի ես:
- Պարզվում է՝ կոմպլիմենտ անել է՛լ գիտես:
- Նոր ա՞ պարզվում:
- Արդեն ուղիղ չորս ժամ է,- ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:
- Չորս ժամ ա, բայց ոնց որ չորս տարի անցած ըլնի:
- Քիչ առաջ հազար էիր ասում: Շուտ ես խոսքդ փոխում:
- Հազարն ու չորսն էս դեպքում համարյա նույնն են:
- Հեչ պարզ չի, թե էս ինչ դեպք է: Երեւի մաթեմատիկայից թույլ ես եղել, դրա համար էլ բանասիրական ես գնացել:
- Ճիշտ գլխի ընկար:
- Զատո՝ անատոմիայի՛ց ես ուժեղ եղել:
- Կոֆեդ խմել ե՞ս:
- Ես սուրճը դանդաղ եմ խմում:
- Ես է՛լ եմ դանդաղ խմում:
- Դա նրանից է, որ շտապելու տեղ չունենք:
- Ընդհա՛նրապես եմ դանդաղ խմում:
- Ուրեմն՝ ընդհա՛նրապես շտապելու տեղ չունես:
- Ճիշտ ես ասում:
- Ես մի՛շտ եմ ճիշտ ասում: Ուզո՞ւմ ես՝ բաժակդ նայեմ:
- Բաժակ նայում ե՞ս:
- Պատահում է:
- Որ նայում ես՝ ճիշտ բաներ ե՞ս ասում:
- Սուտ բաներ եմ ասում, բայց վերջում պարզվում է՝ ճիշտ եմ ասել:
- Դե նայի՛,- սուրճս շտապ խմելով ու բաժակս իրեն մեկնելով՝ ասացի ես:
- Շո՛ւռ տուր. բաժակդ շրջիր ափսեիդ մեջ՝ թող մի քիչ չորանա:
- Հա,- ասացի ես ու բաժակս շրջեցի:
- Հակառակ կողմո՛վ շրջիր,- ասաց Լիզան՝ ձեռքս բռնելով ու բաժակս հակառակ կողմով շրջելով:
- Բաժակս կնայես ու կգնանք,- ասացի ես՝ ձեռքն ամուր սեղմելով:
- Շատ նստեցինք,- ասաց Լիզան՝ փորձելով ձեռքը փախցնել:
- Ոնց որ հազար տարի անցած ըլնի:
- Չորս,- ասաց Լիզան:
- Երեւի դու է՛լ ես մաթեմատիկայից թույլ էղել,- ասացի ես:
- Ճիշտ գլխի ընկար:
- Ահագին ընդհանուր գծեր ունենք:
- Ձեռքս թո՛ղ,- գոռաց Լիզան՝ ձեռքն իրեն քաշելով:
- Ինչո՞ւ այդքան կոպիտ:
- Չես ուզո՞ւմ բաժակդ նայեմ:
- Ուզում եմ,- ասացի ես՝ բաժակիս մեջ նայելով:- Ոնց որ արդեն չորացել ա:
- Պահո՜,- բաժակիս մեջ նայելով՝ զարմացավ Լիզան.- ա՜յ քեզ բաժա՜կ: Հազար ու մի բաժակ եմ նայել, բայց էս տեսակ բաժակ կյանքումս առաջին անգամ եմ տեսնում: |