ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ քսանվեցերորդ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

- Նմանն զնմանս գտանե,- ասաց Լիզան:

- Էս գրաբարի անցա՞ր: Կարող ա՞ բանասիրական ես սովորում,- հարցրի ես։

- Պարզվում է՝ նաեւ գուշակ ես,- զարմացավ Լիզան:- Էֆենդին ճիշտ է ասում, որ սովորական մարդ չես: Ո՞նց գլխի ընկար, որ բանասիրականում եմ սովորում:

- Գրաբարի՛ցդ,- ասացի ես.- առանց ակցենտի գրաբար ես խոսում: Համ էլ՝ Շիրազի գիրքը որ տնտղում էիր, մտածեցի՝ հաստատ բանասիրականի ուսանող կըլնես:

- Ուսանողուհի՛,- ինձ ճշտեց Լիզան:

- Ուսանողուհի, սպորտսմենուհի եւ, վերջապես, գեղեցկուհի:

- Էնտեղ կոմերիտուհի էր,- ժպտաց Լիզան.- էնտեղ ուսանողուհի չկար:

- Որտե՞ղ ուսանողուհի չկար:

- «Կովկասի գերուհուց» չե՞ս ցիտատ բերում:

- Ոչ մի տեղից էլ ցիտատ չեմ բերում. իմ մտածածն եմ ասում:

- Իսկապե՛ս օրիժինալ ես մտածում:

- Հատո՛ւկ չեմ մտածում. ինքնիրան ա ստացվում:

- Փաստորեն, ամեն ինչից բացի, գուշակ է՛լ ես:

- Գիտե՛մ, գիտե՛մ. գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես. չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:

- Հիմա էլ Սեւակի՛ն ցիտեցիր: Հաստատ դու է՛լ ես բանասիրականում սովորում:

- Էդքան փոքր ե՞մ էրեւում:

- Կամ էլ՝ ավարտել ես, բայց հաստատ՝ բանասիրականը:

- Պարզվում ա՝ դո՛ւ էլ պակաս գուշակ չես:

- Ես հիմնականում երազներով եմ գուշակում:

- Էրազներով ո՞նց ես գուշակում:

- Շատ պարզ. օրինակ, այսօր երազումս տեսել էի, որ Կինոյի տան մոտ մի կյաժ տղա խոսացնելու է ինձ:

- Փաստորեն, էրազդ կատարվեց:

- Ո՞նց կատարվեց,- զարմացավ Լիզան:- Դու ինձ չես խոսացրել: Նոր չէիր ասո՞ւմ, որ ե՛ս եմ քեզ ժպտացել:

- Էլի՛ եմ ասում,- ասացի ես.- ժպտացե՛լ ես, էն էլ՝ ո՛չ թե մեկ, այլ՝ էրկո՛ւ անգամ:

- Ստացվում է, որ ո՛չ թե դու ես ինձ խոսացրել, այլ ես՝ քե՛զ:

- Բայց Շիրազի գիրքը որ տնտղում էիր, ե՛ս խոսակցությունը բացեցի:

- Էդ Շիրազի գիրքն էլ որ չլիներ, երեւի հիմա Ծիծեռնակաբերդի այգով հետեւիցս լուռումունջ գալիս էիր:

- Գնո՛ւմ էի:

- Նույն բանն է:

- Շիրազի գիրքը որ չըլներ էլ, մեկ ա՝ ձեր կուրսի Կառային գրախանութի մոտ հանդիպելու էինք ու էլի ծանոթանալու էինք:

- Շատ խորացանք,- լրջացավ Լիզան.- արդեն շատ ենք խորանում ու մանրանում:

- Հա,- ասացի ես.- մի քիչ էլ որ խորանանք՝ լրիվ կհիմարանանք:

- Եթե ճիշտն ուզում ես իմանաս՝ մեր էս ծանոթության պատմությունը ծայրեծայր հիմարություն էր:

- Նայած՝ ո՛ր կողմից ես նայում:

- Որ կողմից էլ նայես՝ հիմարություն է:

- Հիմարությունն էն կըլներ, որ ինձ ու Կառային ծանոթացրած չըլնեիր:

- Կառայի անունն ինչ-որ շատ տվիր,- լրջացավ Լիզան.- կարող է՞ հավանել ես իրեն:

- Էդ ձեր Կառային ուշադիր չեմ էլ նայել:

- Դպրոցում լավ ե՞ս սովորել,- անսպասելի հարցրեց Լիզան:

- Ոչ լավ, ոչ էլ՝ վատ:

- Անատոմիայից ի՞նչ էիր ստանում:

- Չեմ հիշում: Խի՞ ես հարցնում:

- Աչքիս՝ կմախքների հանդեպ հակում ունես:

- Ի՞նչ իմաստով:

- Կառայի՛ իմաստով:

- Էս արդեն խանդում ե՞ս:

- Հավը երազում կորեկ է տեսնում:

- Ես հավ չեմ:

- Ես էլ կորեկ չեմ, բայց Կառայի անունը չափից շատ տվիր:

- Փաստորեն՝ խանդում ես:

- Լսի՛ր, Արմե՛ն, կարող ա՞ ինձ բոզի տեղ ես դրել,- անսպասելի ասաց Լիզան:

- Արդեն վիրավորում ես,- անակնկալի գալով՝ ասացի ես:

- Ո՞ւմ եմ վիրավորում:

- Ի՛նձ:

- Այսինքն՝ վիրավորվեցի՞ր:

- Համարյա:

- Պատերազմո՛ւմ են վիրավորվում,- ասաց Լիզան.- մեր մեջ առայժմ պատերազմ չի սկսվել:

- Ուզում ես սկսես:

- Չեմ հասկանում,- լրջացավ Լիզան.- ես ի՛նձ եմ բոզ ասում՝ քեզ ե՞մ վիրավորում:

- Էրկուսիս էլ վիրավորում ես:

- Դու նորմալ մարդ չես:

- Էլի՛ ես վիրավորում:

- Ուզում ես ասես՝ նորմալ ե՞ս,- ժպտաց Լիզան:

- Ուզում եմ ասեմ՝ հա՛:

Հանկարծ Լիզան սկսեց բարձրաձայն ծիծաղել ու հռհռալ, եւ իր հռհռոցն ու ծիծաղն էնքան ուժեղ էին ու էնքան երկար շարունակվեցին, որ կողքի սեղաններից սկսեցին մեզ նայել:

- Կամա՛ց,- ասացի ես.- մարդիկ մեզ են նայում:

- Ա՛յ, հիմա արդեն սկսում ես նորմալանալ,- ծիծաղը դժվարությամբ զսպելով ու դադարեցնելով՝ ասաց Լիզան:

- Մարդիկ մեզ են նայում,- կրկնեցի ես:

- Հասկացա,- ասաց Լիզան:- Ուրեմն, ասում ես՝ նորմալ ե՞ս:

- Միանգամայն,- ասացի ես:

- Դե հիմա ուշադիր ինձ լսիր,- միանգամայն լրջանալով՝ ասաց Լիզան:

- Ասա՛,- ասացի ես.- ուշադիր լսում եմ:

- Շատ ճիշտ ես անում, որ ուշադիր ես լսում. էս ասածս հատկապե՛ս պիտի ուշադիր լսես:

- Ասա՛. շա՛տ ուշադիր եմ լսում:

- Արմեն ջան,- ժպտաց Լիզան,- եթե դու նորմալ մարդ լինեիր, իմ մասին պիտի մտածեիր, որ էս աղջիկը կամ փչացած է, կամ էլ՝ առնվազն խելագար, այսինքն՝ գիժ:

- Խի՞ պիտի ըտենց մտածեի,- զարմացա ես:

- Բա խի՞ պիտի նորմալ աղջիկը շրջվեր ու իրեն հետապնդող տղային ժպտար: Որ Կոշիկի տան մոտ շրջվեցի ու քեզ ժպտացի՝ իմ մասին ի՞նչ մտածեցիր. մենակ թե՝ ճիշտն ասա:

- Մտածեցի՝ ռուս ես:

- Էդ երրորդ տարբերակը չէի մտածել,- ծիծաղեց Լիզան:- Էդքան նման ե՞մ ռուսի:

- Քիթդ շատ փոքր ա:

- Ի տարբերություն մարմնիս մյուս մասերի՞,- ավելի ուժեղ ծիծաղեց Լիզան:

- Համարյա կուռնոս ես,- ասացի ես:- Կարող ա՞ մեջդ ռուսի արուն կա:

- Ինձ էլի են ռուսի ու պալյաչկայի նմանեցրել,- ասաց Լիզան:

- Որովհետեւ մազերդ շեկ են,- ասացի ես:

- Քո մազերն է՛լ առանձնապես սեւ չեն,- ասաց Լիզան:

- Հա,- ասացի ես:

- Համ էլ՝ մազերս ներկած են, խելո՛ք,- ծիծաղեց Լիզան:

- Այսինքն՝ ռուս չե՞ս:

- Զտարյուն հայ եմ: Փաստորեն, էլի էն առաջին երկու տարբերակներն են մնում:

- Ի՞նչ էրկու տարբերակ:

- Բոզն ու գիժը,- ծիծաղեց Լիզան:

- Էդ բառը գոնե կամաց ասա. մարդիկ մեզ են նայում:

- Դե լավ, փչացած կասեմ. էդ բառը չեմ ասի:

- Ինչ բառ ուզում ես ասա, մենակ թե՝ կամաց ասա. մարդիկ լսում են:

- Շատ ես մարդկանց վրա ուշադրություն դարձնում. ավելի լավ է՝ ի՛նձ լսես:

- Լսում եմ: Պարտադիր չի՛ գոռաս:

- Չեմ գոռում. հանգիստ խոսում ենք:

- Դե ասա՛,- ասացի ես:

- Ուրեմն, երկու տարբերակներից ո՞րն ես ավելի խելքին մոտ համարում. փչացա՞ծը, թե՞ գիժը:

- Իսկական փորձանք ես,- ասացի ես:- Ըսենց որ շարունակես՝ երկրորդ վարիանտն ավելի՛ խելքին մոտիկ կհամարեմ:

- Այսինքն՝ գժի՞ վարիանտը:

- Հա,- ասացի ես:

- Գժի վարիանտն էլ է փաստորեն բացառվում, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ եմ փսիխո հանել:

- Ի՞նչ փսիխո:

- Վարորդականի համար: Չգիտե՞ս, որ վարորդական իրավունքի համար փսիխոն պարտադիր է:

- Գիտեմ,- ասացի ես:

- Պիտի նաեւ իմանաս, որ գժերին փսիխո չեն տալիս:

- Փողով ամեն ինչ էլ հնարավոր ա. հիմի ո՞վ ա ձրի շոֆերական պռավա ստանում:

- Ճիշտ ես ասում. ես է՛լ եմ վարորդական էդ իրավունքիս համար կաշառք տվել, բայց կաշառքը վարորդական իրավունքի՛ համար են վերցնում, ոչ թե փսիխոյի: Ո՞ր հոգեբույժն է գլխից ձեռ քաշել, որ փողով փսիխո տա:

- Դրանով ի՞նչ ես ուզում ասես:

- Ուզում եմ ասել՝ գժի տարբերակն է՛լ է արանքից դուրս գալիս, եւ մնում է առաջին տարբերակը, այսինքն՝ բոզի՛ տարբերակը:

- Մի՛ գոռա:

- Չեմ գոռում. երեւի ականջներդ են ձեն տալիս, կամ էլ, երեւի, վախեցած ես:

- Ինչի՞ց եմ վախեցած:

- Էդ առաջին տարբերակից:

- Առաջին տարբերակից խի՞ պիտի վախենամ. որ ուզում ես իմանաս՝ առաջին տարբերակն ինձ շատ էլ ձեռնտու տարբերակ ա:

- Մտքովդ արքայությո՞ւն անցավ,- ժպտաց Լիզան:

- Ի՞նչ արքայություն:

- Առաջին տարբերակի իմաստով:

- Էդ տարբերակներից էնքան խոսացինք՝ էս կոֆեից բան չհասկացանք,- ասացի ես՝ նկատելով, որ երկուսիս բաժակներն էլ դատարկ են:

- Ամեն ինչ ուզում ես հասկանաս:

- Դո՛ւ ես ուզում ամեն ինչ բացատրես, բայց ամեն ինչ ավելի ես խառնում:

- Ի՞նչն եմ ավելի խառնում:

- Էդ տարբերակները:

- Մի բանից պիտի խոսենք՝ խոսում ենք,- նեղացավ Լիզան.- հո խուլուհամրի պես սուսուփուս չե՞նք նստի:

- Ասում ես՝ մի հատ էլ կոֆե չխմե՞նք. էս մեկից բան չհասկացանք,- խոսքը փոխեցի ես:

- Դու ուզո՞ւմ ես,- հարցրեց Լիզան:

- Հա,- ասացի ես:

- Եթե ուզում ես, Էֆենդուն ասա՝ թող մի հատ էլ սարքի:

- Դու չես ուզո՞ւմ:

- Ինչի՞ չպիտի ուզեմ. հո սրտային չե՞մ:

- Էրկու հատ էլ սուրճ, Էֆենդի՛,- գոռացի ես:

- Մի՛ գոռա. էդ մարդը խուլ չի,- ասաց Լիզան:

- Էս նմուտին, էս սհաթին, բատոնո՛ Արմենակ,- ինձ ժպտալով՝ ասաց Էֆենդին:

- Էս մարդն ավելի շուտ թիֆլիսեցի ա, քան՝ պոլսեցի,- ասացի ես:

- Հաստատ չես կարա ասես,- ասաց Լիզան:

- Մեջը կինտոյական բան կա,- ասացի ես:

- Բոլորիս մեջ էլ կինտոյական բան կա,- ասաց Լիզան:- Ինքը որ ուզում է պոլսեցի լինի, դու ինչո՞ւ ես դեմ:

- Դեմ չեմ. թող պոլսեցի ըլնի,- ասացի ես:

- Ինքը ուզում է մարդկանց ուրախացնի,- ասաց Լիզան.- վատ բան է՞ ուզում:

- Ինքը շատ լավ բան ա ուզում, բայց վատն էն ա, որ մարդիկ չեն ուզում ուրախանան:

- Ո՞վ չի ուզում ուրախանա:

- Մեկը՝ դու:

- Ինչի՞ց եզրակացրիր, որ չեմ ուզում ուրախանամ:

- Մի ժամ ա՝ ինչ-որ տարբերակներից ես խոսում:

- Հատուկ եմ էդ տարբերակներից խոսում, որ մի քիչ ուրախանանք,- ասաց Լիզան.- դու որ չես խոսում, ե՛ս եմ ստիպված խոսում:

- Չես խոսում. հարցաքննում ես:

- Դո՛ւ հարցաքննիր,- ասաց Լիզան.- դո՛ւ ինձ հարցաքննիր:

- Ես քննիչ չեմ, որ մարդկանց հարցաքննեմ:

- Ծիծաղեցե՛ք, երեխաներ, ծիծաղը լա՛վ է մարդուն,- մեր լրջացած դեմքերը տեսնելով՝ ասաց Էֆենդին, հետո սկուտեղն ու սուրճերը մեր սեղանին դնելով՝ ավելացրեց.- բարի վայելո՛ւմ:

- Շնորհակալություն,- ասաց Լիզան:

- Մերսի՛, Էֆենդի՛,- ասացի ես:

- Նորե՛ն համեցեք,- ասաց Էֆենդին ու գնաց՝ սկուտեղը հետը տանելով:

- Որ քննիչ չես, մի հետաքրքիր բան ասա՝ լսենք,- ասաց Լիզան:

- Ավելի լավ ա՝ էրազդ մինչեւ վերջ պատմես. ասում ես՝ կյաժ տղա ե՞ս տեսել:

- Էդ երազս հնարեցի, որ մեզ մի քիչ լավ զգանք, բայց ինչ-որ չի ստացվում,- ասաց Լիզան:

- Կստացվի,- ասացի ես՝ Լիզայի ձեռքը բռնելով:

- Առաջին տարբերակի վրա կանգ առա՞ր,- ժպտաց Լիզան՝ ձեռքը կտրուկ հետ քաշելով:

- Առաջինից բացի ուրիշ տարբերակ չմնաց,- ասացի ես:

- Կա՛,- ասաց Լիզան.- չորրորդ տարբերակ է՛լ կա:

- Ի՞նչ չորրորդ տարբերակ,- զարմացա ես:

- Ավելի ճիշտ՝ դա նախնակա՛ն տարբերակն է:

- Ի՞նչ նախնական տարբերակ:

- Ինձ փոքրուց երես են տվել,- ասաց Լիզան:

- Ո՞վ ա էրես տվել,- հարցրի ես:

- Ծնողնե՛րս. հիմնականում՝ հայրս:

- Ո՞նց ա էրես տվել:

- Ես մեր տան ամենափոքրն եմ:

- Հետո՞ ինչ:

- Ծնողներիս յոթերորդ աղջիկն եմ,- ասաց Լիզան:- Հայրս մտքին դրել էր անպայման տղա ունենալ, բայց որ ես ծնվել եմ, հույսը կտրել ու ասել է՝ էս մեկն իմ տղեն ա:

- Հաստատ մանթռաշից ա ըտենց ասել,- ասացի ես:

- Չգիտեմ ինչից է ասել, բայց ինձ տղայի պես ազատ են մեծացրել. թողել են՝ ազա՛տ մեծանամ:

- Ի՞նչ իմաստով ազատ:

- Տղաների հետ պահմտոցի ու ֆուտբոլ էի խաղում, տղաների պես մազերս կարճ էի կտրում:

- Հիմա է՛լ են մազերդ կարճ:

- Հա,- ասաց Լիզան.- էն ժամանակներից է էդ սովորությունը մնացել:

- Քեզ ըտենց շատ ա սազում:

- Հազիվ մի հատ կոմպլիմենտ արիր, տնա՛շեն,- ծիծաղեց Լիզան:

- Հետո՞. ասում ես՝ փոքրուց էրես ե՞ն տվել:

- Հա. ինչ ուզել եմ՝ առել են:

- Ավտո էլ ե՞ն առել:

- Չէ. ավտո չեմ ուզել:

- Բա էդ փսիխոն խի՞ ես հանել:

- Պապաս ավտո ունի: Որ արձակուրդներին գյուղ գնամ՝ մեկ-մեկ կքշեմ,- ասաց Լիզան:

- Ի՞նչ գյուղ,- հարցրի ես:

- Մեր գյուղը,- ասաց Լիզան:

- Ձերը ո՞ր գյուղն ա:

- Դժվար թե լսած լինես. Ղափանի գյուղերից է:

- Բա արձակուրդներին գյուղ չես գնացե՞լ:

- Գնացել էի, բայց մի ամիս էլ չդիմացա,- ասաց Լիզան.- էս Երեւանին արդեն շատ եմ վարժվել:

- Երեւանում քեզ ավելի՞ լավ ես զգում:

- Չէի ասի,- ասաց Լիզան.- որ գալիս եմ քաղաք՝ գյո՛ւղն եմ կարոտում, բայց որ գնում եմ գյուղ՝ քաղա՛քն եմ կարոտում:

- Փաստորեն, տեղդ չես գտնում:

- Կարելի է էդպես ասել,- ասաց Լիզան.- էս անտեր քաղաքին որ վարժվում ես՝ էլ չես կարողանում գյուղում մնալ: Դասերիս դեռ մի ամիս կա, բայց հիմարի պես վեր կացանք ու եկանք:

- Ո՞ւմ հետ էկաք:

- Քրոջս հետ: Ես երրորդ կուրս եմ, քույրս՝ հինգերորդ:

- Քո՞ւյրդ որտեղ ա սովորում:

- Մեր բանասիրականում,- ասաց Լիզան:

- Էդ ո՞նց ա, որ էրկուսդ էլ բանասիրական եք ընդունվել:

- Դու քո տղա տեղով բանասիրականն ես ավարտել՝ ես չեմ զարմանում, դու ե՞ս մեր բանասիրական սովորելու վրա զարմանում,- ասաց Լիզան:

- Չեմ զարմանում,- ասացի ես.- ուղղակի հարցնում եմ:

- Դու էլ ե՞ս մեր համալսարանն ավարտել,- հարցրեց Լիզան:

- Ես մանկավարժականն եմ ավարտել,- ասացի ես:

- Զգացվում էր,- ասաց Լիզան:

- Ինչի՞ց էր զգացվում:

- Մակարդակից:

- Մակարդակս շատ ա՞ ցածր:

- Հեչ հանաքի չես դիմանում,- ասաց Լիզան:

- Մենակ համալսարանի ու մանկավարժականի վեճն ա մեզ պակաս,- ասացի ես:

- Ես է՛լ վեճ չեմ սիրում,- ասաց Լիզան.- ուղղակի՝ էսօր առավոտից սիրտս մի տեսակ նեղված է:

- Ինչի՞ց ա նեղված:

- Էսօր առավոտ որ արթնացա՝ հասկացա, որ հիմարություն էր էսքան շուտ գյուղից գալս: Մինչեւ սեպտեմբերի մեկն ինչո՞վ պիտի զբաղվեմ՝ չգիտեմ: Որ գյուղում էի՝ ուշքս ու միտքս էստեղ էր, բայց հիմա որ էստեղ եմ, փոշմանում եմ, որ մի քսան օր էլ գյուղում չմնացի:

- Որ գյուղում մնայիր՝ էսօր իրար չէինք հանդիպի,- ասացի ես:

- Որ հանդիպեցինք՝ ի՞նչս ավելացավ:

- Ի՞նչդ էիր ուզում ավելանար:

- Խոսք է՝ ասում եմ,- ասաց Լիզան.- իրո՛ք որ. ի՞նչս պիտի ավելանար:

- Ես, օրինակ, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք:

- Սկզբում ե՛ս էլ շատ ուրախացա:

- Սկզբում՝ ե՞րբ:

- Որ իմացա անունդ Արմեն է՝ շատ ուրախացա:

- Անո՞ւնս ինչ կապ ունի:

- Էդ անունը շատ եմ սիրում,- ասաց Լիզան:- Ճանապարհին որ հետեւիցս գալիս էիր, ինձ-ինձ մտածում էի՝ եթե անունն Արմեն լինի, անպայման հետը կծանոթանամ:

- Երազանքդ, փաստորեն, կատարվել ա,- ասացի ես:

- Իսկ ազգանո՞ւնդ ինչպես է,- հարցրեց Լիզան:

- Շատ լավ ա,- ասացի ես.- Շեկոյան: Գույնիցս չի զգացվո՞ւմ:

- Զգացվում էր,- ասաց Լիզան.- զգում էի, որ շատ արտասովոր ազգանուն կունենաս:

- Ինչի՞ց էիր զգում,- զարմացա ես:

- Չգիտեմ,- ասաց Լիզան:- Շատ ուժեղ զգացողություն ունեմ:

- Շատ արտասովոր աղջիկ ես:

- Այսի՛նքն:

- Այսինքն՝ ուրիշներին հեչ նման չես:

- Ասում ես՝ ուրա՞խ ես, որ ծանոթացանք:

- Դու ուրախ չե՞ս:

- Առանձնապես տխուր էլ չեմ:

- Բայց մինչեւ ինձ հանդիպելը տխուր էիր, չէ՞,- ժպտացի ես.- փոշմանել էիր, որ գյուղից շուտ ես էկել:

- Մարդը միշտ եղածի՛ց է փոշմանում,- ասաց Լիզան.- որ գյուղում մնայի՝ պիտի փոշմանեի, որ գյուղում եմ մնացել:

- Գյուղում ո՞վ ունես:

- Ծնողներս են, մեկ էլ՝ տատս ու պապս:

- Բա ձեր յոթ աղջկե՞րքը:

- Յոթից հինգն ամուսնացած են. հինգից չորսը շրջանում են, մեկը՝ Երեւանում: Ես ու ինձնից մեծն էլ ուսանող ենք:

- Ուսանողուհի՛,- ասացի ես:

- Ուսանողուհի,- ասաց Լիզան:

- Բա էստեղ որտե՞ղ եք ապրում:

- Այգեստանում վարձով ենք ապրում,- ասաց Լիզան:- Չերյոմուշկայի քույրս համոզում է, որ իրենց տանն ապրենք, բայց մենք չենք ուզում իր ընտանիքի վրա բեռ դառնանք:

- Էրկուսդ էլ, ասում ես, բանասեր ե՞ք:

- Հի՛նգս ենք բանասեր,- ժպտաց Լիզան:- Յոթիցս երկո՛ւսն են Պոլիտեխնիկն ավարտել:

- Մի տնից հինգ բանասեր. շատ չի՞:

- Ոչ թե հինգ, այլ՝ յոթ,- ծիծաղեց Լիզան.- ծնողներս է՛լ են բանասեր:

- Պարզ ա,- ասացի ես:

- Ի՞նչն է պարզ,- հարցրեց Լիզան:

- Ժառանգական ա,- ասացի ես:

- Չեմ կարծում, թե ժառանգական բան կա,- ասաց Լիզան.- ուղղակի էդպես է ստացվել: Բա դո՞ւ ոնց ես բանասիրական ընկել:

- Բանասիրականն իմ միակ վարիանտն էր:

- Ի՞նչ իմաստով:

- Ամե՛ն իմաստով: Մորս բոլոր ծանոթները մանկավարժականի բանասիրականում էին: Ինքն է՛լ ա էդ ֆակուլտետն ավարտել:

- Ափսոս,- ասաց Լիզան.- ասում են՝ շատ անմակարդակ տեղ է:

- Ի՞նչն ա անմակարդակ տեղ:

- Ձեր էդ մանկավարժականը:

- Ո՞վ ա ասում:

- Մարդիկ:

- Էդ ասողներին մի՛ հավատա:

- Բա ո՞ւմ հավատամ:

- Ի՛նձ: Էդքան անմակարդակ ե՞մ:

- Քեզ համարյա չեմ ճանաչում: Ասում ես՝ ծանոթով ե՞ս ընդունվել:

- Հա: Որ էդ տարի չընդունվեի՝ բանակ էի գնալու:

- Էդքան սարսափելի է՞:

- Ի՞նչը:

- Բանակը:

- Մորս համար էր սարսափելի:

- Հետո՞: Բանակից պրծա՞ր:

- Պրծնելը պրծա, բայց հետո գնացի: Գնացի բանակ, որ գյուղի՛ց պրծնեմ:

- Ի՞նչ գյուղ:

- Հոկտեմբերյանի գյուղերից մեկում դասատու էի աշխատում. մտածեցի՝ ավելի լավ ա բանակ գնամ, քան՝ յոթ տարի գյուղում դասատու աշխատեմ:

- Ճիշտ ես մտածել,- ասաց Լիզան:- Հետո՞. գյուղո՞ւմ էր վատ, թե՞ բանակում:

- Ո՛չ գյուղում էր վատ, ոչ էլ՝ բանակում:

- Հա,- ասաց Լիզան.- մարդ որ իրեն լավ է զգում՝ ամեն տեղ էլ լավ է զգում, բայց որ վատ է զգում՝ ամեն տեղ է վատ զգում: