ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ քսաներորդ

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Երբ Շողիկ մայրիկը շնչակտուր հայտնվեց եւ օղին հանդիսավոր դրեց մեր սեղանին, Ֆրունզիկն ասաց.

- Էս ո՞ւր էիր կորել, ա՛յ Շողիկ:

- Էդ խանութն արդեն փակել էին,- ասաց Շողիկը.- էս արաղն աշխարհի ծերից եմ բերել:

- Գինն է թանկացնում,- առանց Շողիկին նայելու՝ ասաց Ներսիսյանը:

- Ոտով համարյա մինչեւ Ձկան խանութ եմ հասել,- Ներսիսյանին խեթ-խեթ նայելով՝ ասաց Շողիկը:- Մենակ էն պրասպեկտի բազարի մոտի գաստրանոմում էս արաղից կար:

- Էլի սկսեց փչոցները,- ասաց Ներսիսյանը:

- Ով որ սուտ ա ասում՝ գյուլլախորով ըլնի,- Ներսիսյանին ոտից գլուխ չափեց Շողիկը:- Համ էլ՝ ես ըստեղ ձեր համար աֆիցանտ չեմ. ես ընդամենն էս քամբախի հավաքարարն եմ:

- Հավաքարար ես՝ հավաքարարությո՛ւնդ արա,- ասաց Ներսիսյանը:- Քեզ ոչ ոք չի խնդրել, որ Ձկան խանութ հասնես:

- Տենում ես, չէ՞, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկը.- լավություն անողի գլուխը ծակ ա: Ես իրանց համար մի մատ էրեխի պես դեսուդեն վազվզեմ, իրանք մի բան էլ վրես մուննաթ գան:

- Դո՛ւ ես մուննաթ գալի, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը:- Կարող ա՞ քեզ փող ենք պարտք:

- Ինչ որ տվել ես՝ հերիք ա, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկը:

- Էդ փողին հըլը չորս հատ էլ կոֆե պիտի բերի,- ասաց Շերենցը:

- Բարեւ քեզ,- ասաց Շողիկը:- Կոֆեի փողը ջոկ պիտի տաք:

- Կոֆեի փողն արդեն տվել ա,- ասաց Շերենցը:

- Էլի՛ պիտի տա,- ասաց Շողիկը.- պրասպեկտի գաստրանոմում էդ արաղը թանկ էր:

- Ինքը թանկո՛վ ա տվել,- ասաց Շերենցը:

- Ո՞վ ա թանկով տվել,- հարցրեց Շողիկը:

- Ֆրո՛ւնզը,- ասաց Շերենցը:

- Որ Ֆրունզն ա տվել, քու փո՞րն ինչի ա ցավում, ա՛յ Շերենց,- ասաց Շողիկը:

- Հեռացի՛ր,- առանց Շողիկին նայելու՝ գոռաց Ներսիսյանը:

- Էդ ո՞ւմ վրա էս գոռում,- զարմացավ Շողիկը:

- Վերջացրո՛ւ,- գոռաց Ներսիսյանը:

- Էդ ո՞ւմ ես ասում վերջացրու,- կմկմաց Շողիկը:

- Ժե՛նշինա,- աղաղակեց Ներսիսյանը:

- Քֆուր չտաս, հա՜, Լեւո՛ն տղա,- ասաց Շողիկը:- Որ քֆուրով ըլնի՝ քեզնից հազար անգամ ուժեղ կքրֆեմ:

- Գիտեմ,- ասաց Ներսիսյանը.- էդ մի բանը հաստատ բոլորիցս լավ կանես:

- Էս ի՞նչ մարդիկ են,- փնթփնթաց Շողիկը.- ես իրանց համար լակոտի պես մինչեւ պրասպեկտի ծերը վազեմ՝ իրանք մի բան էլ վրես գոռգոռան:

- Ոչ ոք քեզ չի խնդրել, որ մինչեւ պրոսպեկտի ծայրը վազես,- ասաց Ներսիսյանը:

- Սրանից հետո որ վազեմ՝ շատ կուրախանաք,- ասաց Շողիկը:- Ես ըստեղ ձեր համար աֆիցանտ չեմ: Հիմի որ մի բաժակ կոֆեի համար իրեք ժամ դախլի մոտը հերթ կայնեք՝ նոր ղադրս կիմանաք:

- Շատ խոսացիր, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը՝ գրպանից մի ռուբլիանոց հանելով ու Շողիկի գրպանը խոթելով:- Չորս հատ կոֆե բեր, մեկը՝ առանց շաքար:

-Քու խաթրը որ չըլներ, ես դրանց համար կոֆե բերողը չէի,- Ֆրունզիկին ասաց Շողիկը:

- Ժե՛նշինա,- գոռաց Ներսիսյանը:

- Էլի քրֆեցի՞ր, Լեւո՛ն տղա,- ասաց Շողիկը:- Չիմանաս դասախոս ես՝ կվախենամ:

- Դասախոս որ չլինեի, հետդ ուրի՛շ ձեւով կխոսեի,- ասաց Ներսիսյանը:

- Ի՞նչ ձեւով պիտի խոսայիր: Հեն ա՝ լավ էլ խոսում ես,- ասաց Շողիկը:

- Շատ երկարացրիր, Շողի՛կ,- ասաց Ֆրունզիկը:- Գնա կոֆեները բեր:

- Սրան շատ ես երես տալիս, Ֆրո՛ւնզ,- ասաց Ներսիսյանը, երբ Շողիկն արդեն հեռացել էր:

- Հի՛-հի՛-հի՛,- ծղրտաց Շերենցը:

- Ինչո՞ւ ես ծիծաղում, Շերե՛նց,- զարմացավ Ներսիսյանը:

- Իրան հիմի ոչ թե Մհեր ասեցիր, այլ՝ Ֆրունզ,- ժպտաց Շերենցը:- Երեւի Շողիկի վրա որ ջղայնացար, մոռացար, որ իրան պիտի Մհեր ասես: Պիտի շատ կենտրոնացած ըլնես, որ իրա էս թազա անունը հիշես:

- Կենտրոնանալու խնդիր չկա,- ասաց Ներսիսյանը:

- Լեւոն ջան, ես է՛լ եմ էն կարծիքին, որ Ֆրունզն էս Շողիկին շատ ա էրես տալի,- ասաց Շերենցը:

- Շիրա ես տալի, հա՞,- Շերենցին ասաց Ֆրունզիկը:

- Շիրա չեմ տալի,- ասաց Շերենցը.- շիրա որ ունենամ, հացի վրա կքսեմ՝ կուտեմ:

- Իմ ասածներն ես կրկնում,- ասաց Ֆրունզիկը:

- Մեծերի ասածները միշտ էլ կրկնում են,- ասաց Շերենցը:- Հետո էլ ասում ես՝ էսօր մեծություններ չկան. բա դու ի՞նչ ես, ա՛յ Ֆրունզ:

- Դու իսկական մեծություն չես տեսել,- ասաց Ֆրունզիկը.- դու որ Երեւան էկար, մեծություններն արդեն մեռել էին:

- Մեր վախտերն էդ մեծությունները Լեննականի թատրոնում ավելի շատ էին խաղում,- ասաց Շերենցը:- Փափազի հետ «Օթելլոյի» մեջ խաղացել եմ: Մոռացել ե՞ս:

- «Օթելլոյում» ի՞նչ ես խաղացել,- հարցրեց Ներսիսյանը:

- Յագո,- ծիծաղեց Ֆրունզիկը:

- Ձեռ մի՛ առ,- ասաց Շերենցը:- Դերի անունը չեմ հիշում, բայց խաղացել եմ: Պիտի որ դո՛ւ էլ հիշես, ա՛յ Ֆրունզ:

- Էդ դերի անունը չես էլ կարա հիշես, որովհետեւ էդ դերն անուն չուներ,- ասաց Ֆրունզիկը:

- Ի՞նչ դեր էր,- հարցրեց Ներսիսյանը:

- Ծառաներից մեկի դերն էր,- ասաց Ֆրունզիկը:- Ընդամենն էրկու մուտք ուներ. Շերենցն էդ էրկու անգամն ա Փափազին մոտիկից տեսել:

- Հինգ մուտք ունեի,- ասաց Շերենցը:

- Հինգ մուտք ուներ ու ընդամենը մի նախադասություն՝ «ի՞նչ կցանկանայիք, տե՜ր իմ»,- Շերենցին նմանակելով՝ ասաց Ֆրունզիկը:

- Սխալ ես հիշում,- ասաց Շերենցը.- «ի՞նչ կկամենայիք, տե՜ր իմ»:

- Շա՜տ լուրջ դեր էր,- ծիծաղեց Ֆրունզիկը:

- Էն վախտերը ես ջահել տղա էի,- ասաց Շերենցը.- էդ դերն ինձ որ բաժին էր հասել՝ էլի մեծ բան էր:

- Ախր դու ե՞րբ ես ջահել էղել, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- ինչքան քեզ հիշում եմ՝ է՛ս ես:

- Նեղացնում ես, Ֆրո՛ւնզ տղա,- ասաց Շերենցը:

- Բայց այդ ի՞նչ ծառայի դեր էր,- հարցրեց Ներսիսյանը:

- Ըտենց դեր Շեքսպիրի մոտ չկա,- ասաց Ֆրունզիկը.- ռեժիսորն էդ դերը բստրել էր, որ Շերենցն էլ դեր ունենար:

- Ռեժիսորն ո՞վ էր,- հարցրեց Ներսիսյանը:

- Ռեժիսորը Բեյլերյանն էր, բայց Փափազն իրա գլխու էր ամեն ինչ անում,- ասաց Շերենցը:- Տեքստը որ մոռանում էր, իրանից բաներ էր հնարում ու արտասանում էր: Ժողովուրդը գլխի էլ չէր ընկնում, որ ուրիշ տեքստ ա ասում, որովհետեւ ինքը շատ ուժեղ առոգանությամբ էր արտասանում, ու Լեննականի ժողովուրդն էլ իրա էդ ախպարական լեզվից բան չէր հասկանում:

- Արեւմտահայերե՛ն,- ասաց Ներսիսյանը.- ախպարական լեզու գոյություն չունի:

- Հա,- ասաց Շերենցը.- իրա էդ արեւմտահայերենից ոչ մեկը ոչ մի բան չէր հասկանում:

- Օթելլոյի կապակցությամբ Փափազյանը քեզ ի՞նչ է ասել, Մհե՛ր,- հարցրեց Ներսիսյանը:

- Ի՞նչ ա ասել,- զարմացավ Ֆրունզիկը:

- Ասում են, իբր, ցանկացել ես Օթելլո խաղալ, եւ Փափազյանն այդ իմանալով՝ քեզ ասել է. «Ամեն սեւ բան Օթելլո՛ չէ, մա՛նչս»:

- Էդ պապադ ա ինձ ասել, բայց Փափազյանի վրա են նաղդել,- ասաց Ֆրունզիկը:

- Բայց իսկապե՞ս ցանկացել ես Օթելլո խաղալ,- հարցրեց Ներսիսյանը:

- Չէ, ի՞նչ Օթելլո, ա՛յ Լեւոն,- ասաց Ֆրունզիկը.- ուղղակի մի անգամ թատրոնի բուֆետում Փափազի տնազն անելով՝ Օթելլոյի մենախոսությունն էի արտասանում, ու որ պապադ լսեց՝ ինձ էդ բանն ասեց: Երեւի դուրը չեկավ, որ Փափազի տնազն եմ անում:

- Էս էլ ձեր կոֆեները,- մեր սեղանին մոտենալով՝ ասաց Շողիկ մայրիկը:

- Չորս հատ կոֆեն չորս ժամ տեւեց, ա՛յ անխիղճ,- ասաց Ֆրունզիկը:

- Էս կոֆեներն է՛լ ա Ձկան խանութի մոտերքից բերել,- ասաց Շերենցը:

- Սուրճերը Բրազիլիայի՛ց բերեց,- ժպտաց Ներսիսյանը:

- Շատ որ խոսաք՝ ոնց բերել եմ, ըտենց էլ հետ կտանեմ,- ասաց Շողիկը:

- Սրանցից դառը ո՞րն ա,- Շողիկին հարցրեց Ֆրունզիկը:

- Էս սիրուն բաժակովը,- բաժակը Ֆրունզիկի դիմաց դնելով՝ ասաց Շողիկը:

- Կողմնապաշտպանություն ես անում, Շողի՛կ աղջիկ,- ասաց Շերենցը.- իրան սիրուն բաժակով ես տալի, մեզ՝ սովորական:

- Դրանցով էլ որ տվել եմ՝ գոհ էղեք,- Ներսիսյանին խեթ-խեթ նայելով՝ փնթփնթաց Շողիկն ու գնաց:

- Այս պառավն արդեն չափն անցնում է,- ասաց Ներսիսյանը:

- Ինքը ոչ մի մեղք չունի, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- մեղավորը Ֆրունզի նմաններն են, որ իրան էրես են տալի:

- Իմ նյարդերն արդեն չեն դիմանում այս կնոջը,- ասաց Ներսիսյանը:

- Տեսակի հարց ա,- ասաց Շերենցը:- Ֆրունզն ամեն մարդու հետ էլ կարում ա լեզու գտնի:

- Բացի դերասաններից,- ասաց Ֆրունզիկը.- իմ ներվերն էլ դերասաններին չեն դիմանում:

- Ասում ես՝ Փափազի տնազը որ արիր՝ Հրաչյա Ներսիսյանի դուրը չեկա՞վ,- հարցրեց Շերենցը:

- Չէ,- ասաց Ֆրունզիկը.- հազար տարվա ընկերներ էին, ո՞նց դուրը կգար:

- Մեծատառո՛վ ընկերներ էին,- ասաց Ներսիսյանը:

- Հիմի էդ մակարդակի մեծություններ չկան,- ասաց Ֆրունզիկը:

- Կա՛ն,- ասաց Ներսիսյանը.- պարզապես չե՛նք նկատում ու չե՛նք գնահատում: Պիտի մեռնեն, որ նոր գնահատենք:

- Գնա մեռի՝ արի սիրեմ,- ասաց Շերենցը:

- Հրանտը մեծություն չի՞,- հարցրեց Ներսիսյանը:

- Հրանտն ո՞վ ա,- հարցրեց Շերենցը:- Աթանեցի՞ն:

- Ահնիձորցին,- ասաց Ֆրունզիկը:

- Երբ նրանք մեզանից հեռանում են, միայն այդ ժամանակ ենք զգում նրանց ահավոր բացակայությունը,- ասաց Ներսիսյանը:

- Ճիշտ ես ասում,- ասաց Շերենցը:- Շիրազը որ ամեն օր կողքներս չնստեր, իրա մեծությունը շատ լավ էլ կզգայինք:

- Ըսենց է՛լ ենք զգում,- ասաց Ֆրունզիկը:

- Էնքան էլ չենք զգում,- ասաց Շերենցը:- Որ ամեն օր հետներս սեղան ա նստում, մտածում ենք՝ իրան հավասար մարդիկ ենք:

- Ես ըտենց չեմ մտածում,- ասաց Ֆրունզիկը:

- Շիրազը շա՜տ սուր լեզու ունի,- ասաց Շերենցը:- Իրանց էդ գրողներին ընենց ա շշպռում, որ Աստված հեռու պահի: Էն ամենավերեւներին էլ ա մի գլուխ շշպռում:

- Իրանց գրողներին շատ մազալու ածական անուններ ա կպցրել,- ասաց Ֆրունզիկը:

- Շիրազն իսկապե՛ս շատ տաղանդավոր մարդ է,- ասաց Ներսիսյանը:

- Տնաշենը ոնց էլ հնարում ա էդ գրողների ածական անունները,- ասաց Շերենցը:

- Շատ ափսոս, որ Շիրազն էդպիսի դատարկ բաների վրա է իր տաղանդը մսխում,- ասաց Ներսիսյանը:

- Դրանք դատարկ բաներ ե՞ն,- զարմացավ Շերենցը:

- Իհարկե՛,- ասաց Ներսիսյանը:- Դա՛ չէ Շիրազի առաքելությունը: Իր էդ բանավոր կալամբուրների վրա ինքը, փաստորեն, իր տաղանդն ու իր ժամանակն է մսխում:

- Մի բան ասեմ՝ չես նեղանա՞, Լեւոն ջան,- հարցրեց Շերենցը:

- Ասա,- ասաց Ներսիսյանը:- Ես քեզանից ե՞րբ եմ նեղացել, որ հիմա նեղանամ:

- Լեւոն ջան, դու էլ չե՞ս քո տաղանդն ու ժամանակը բանավոր մսխում,- հարցրեց Շերենցը:

- Իհա՛րկե մսխում եմ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Ներսիսյանը:- Շատ ճիշտ ես ասում:

- Ի՞նչն ա ճիշտ ասում,- ասաց Ֆրունզիկը:- Ա՛յ Շերենց, Լեւոնի հիմնական գործը բանավորն ա. վերջիվերջո, ինքը դասախոս ա: Իրա լեկցիաներով աշխարհն ա հիանում:

- Դասախոսություններն ինձ համար ինչ-որ իմաստով արդարացում են, ճիշտ է, բայց մեծ հաշվով բոլորս էլ մեզ մսխում ենք, մեր հնարավորությունների չնչին մասն անգամ չենք նյութականացնում,- ասաց Ներսիսյանը:

- Պայմաններից ա, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը.- Փափազն ու Հրաչյա Ներսիսյանը որ Ֆրանսիայում խաղային, երեւի Ժան Գաբենից ավելի հայտնի ըլնեին:

- Շատ հնարավոր է,- ասաց Ներսիսյանը:

- Բա որ Ժան Գաբե՞նը Հայաստանում ապրեր,- ասաց Շերենցը.- պատկերացնո՞ւմ ես, Ֆրո՛ւնզ:

- Էդ մեկը դժվար ա պատկերացնել,- ասաց Ֆրունզիկը:

- Դժվար ա, բայց պատկերացրո՛ւ. ինքը Հայաստան ապրեր ու «Հայֆիլմում» էլ խաղար,- ասաց Շերենցը:

- «Զանգեզուրի» մեջ խաղար,- ասաց Ֆրունզիկը:- Իրան ծափ տային ու ասեին՝ տա՛շի, Արմե՛ն:

- Չէ,- ասաց Շերենցը.- ծափ տային ու ասեին՝ տա՛շի, Գաբե՛ն:

- Մարդկային ողբերգությունը զավեշտի եք վերածում,- ասաց Ներսիսյանը:

- Կյանքը տեղով մեկ զավեշտ ա, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը:

- Լեւոն ջան, ուզում ենք ասենք՝ հերդ ու Փափազն էդ արտասահմանցիներից պակաս չեն էղել:

- Մի բան էլ ավել էին,- ասաց Ֆրունզիկը:

- Իրենք մեր պաշտպանության կարիքը չունեն,- ասաց Ներսիսյանը:

- Մեկը մեկից ուժեղ էր խաղում,- ասաց Շերենցը:

- Իրենք չէին խաղում,- ասաց Ներսիսյանը.- իրենք ապրում էին:

- Համ ապրում էին, համ էլ խաղում էին,- ասաց Շերենցը:

- Մե՛նք ենք խաղում,- ասաց Ներսիսյանը:

- Մի բան ասեմ՝ էլի չես նեղանա՞, Լեւոն ջան,- հարցրեց Շերենցը:

- Քեզանից դժվար թե նեղանամ,- ասաց Ներսիսյանը:

- Լեւոն ջան, էսքան վախտ իրար ճանաչում ենք, բայց էս առաջին դեպքն ա, որ պապայիդ գովում ես,- ասաց Շերենցը:

- Հայրս իմ գովեստի կարիքը չունի,- ասաց Ներսիսյանը.- եւ ոչ էլ որեւէ մեկի գովեստի կարիքն ունի:

- Ուզում եմ ասեմ՝ ուրիշ վախտ իրա մասին վաբշե չէիր խոսում,- ասաց Շերենցը:

- Երեւի առիթ չի եղել,- ասաց Ներսիսյանը:

- Առիթ միշտ էլ էղել ա,- ասաց Շերենցը,- բայց ուրիշ վախտ որ իրա մասին խոսակցություն ա բացվել, դու էդ թեման տեղնուտեղը փակել ես:

- Ես է՛լ եմ էդ բանն զգացել,- ասաց Ֆրունզիկը:

- Ես չեմ զգացել,- ասաց Ներսիսյանը:

- Ուրիշ վախտ իրա մասին որ խոսք էր բացվում, դու բառ չէիր ասում,- ասաց Շերենցը:

- Էդպես որ վերցնենք, Շերե՛նց, դու քո հոր մասին ընդհա՛նրապես որեւէ բան չես ասում,- ասաց Ներսիսյանը:

- Լավ համեմատություն գտար,- ծիծաղեց Շերենցը:- Իմ հերը բանվոր մարդ էր. իմ հերն աշխարհի ամենահասարակ մարդն էր:

- Ամենահասարակ մարդն իմ հայրն էր,- ասաց Ներսիսյանը.- հենց դրանով էր ինքը մյուսներից մեծ:

- Լավ հասարակ մարդ գտար,- ասաց Շերենցը:- Ինքը քեզանից բեթար տեսքով էր. որ Լեննական էր էկել, սաղ քաղաքն իրան մատով էր ցույց տալի:

- Իրան Երեւանում է՛լ էին մատով ցույց տալի,- ասաց Ֆրունզիկը:

- Մատով էին ցույց տալիս, որովհետեւ, ի դեմս Հրաչյա Ներսիսյանի, մարդիկ իրենց իդեա՛լն էին տեսնում:

- Առաջին անգամ ա Լեւոնն իրա հորն ըսենց սրտանց գովում,- ասաց Շերենցը:

- Ես չեմ գովում,- ասաց Ներսիսյանը.- ճշմարտությո՛ւնն եմ ասում:

- Առաջին անգամ ես ճշմարտությունն ասում,- ասաց Շերենցը:

- Լեւոնը միշտ էլ ճշմարտությունն ա ասել,- ասաց Ֆրունզիկը:

- Առաջին անգամ եմ տենում, որ իրա հոր մասին ըսենց բաց խոսա,- ասաց Շերենցը:

- Հորս մասին խոսելու իրավունք չունե՞մ,- զարմացավ Ներսիսյանը:

- Ընդհակառակը,- ասաց Շերենցը.- որ իրա մասին խոսում ես՝ էդ շատ նորմալ ա: Աննորմալն էն ա, որ ուրիշ վախտ իրա մասին վաբշե ծպտուն չես հանում:

- Աննորմալն ա՛յն կլինի, որ յուրաքանչյուրս առավոտից իրիկուն մեր հայրերի մասին խոսենք,- ասաց Ներսիսյանը:

- Իզուր ես համեմատում, Լեւոն ջան,- ասաց Շերենցը:- Քո հերը մենակ քոնը չի. էս սաղ ազգինն ա:

- Եթե ազգինն է, թող ազգն էլ իր մասին խոսի,- ասաց Ներսիսյանը:- Ինչի՞ նման կլինի, եթե ես առավոտից իրիկուն իր մասին խոսեմ:

- Էսօր խոսացիր,- ժպտաց Շերենցը:

- Ղալա՛թ արեցի,- անսպասելի գոռաց Ներսիսյանը:

- Լավ արեց՝ խոսաց,- ասաց Ֆրունզիկը:- Էդ ի՞նչ էրեսով տալու բան ա, որ էրեսով ես տալի: Իրավունք չունի՞ իրա հոր մասին հետներս էրկու բառ խոսա:

- Պարզվում է՝ չունեմ,- ասաց Ներսիսյանը:

- Ինձ դիտմամբ ե՞ք սխալ հասկանում,- նեղսրտեց Շերենցը:- Ես, ընդհակառակը, շատ ուրախ եմ, որ Լեւոնն իրա հոր մասին հետներս խոսաց: Աշխարհի էրեսին ամենասիրուն բանն էն ա, որ տղեն իրա հոր մասին սիրով ա խոսում,- ասաց Շերենցը:

- Իսկապես շատ խոսեցինք,- ժամացույցին նայելով՝ ասաց Ներսիսյանը.- արդեն տասն անց է:

- Էդ ե՞րբ տասն էղավ,- զարմացավ Շերենցը.- որ տնից դուրս էկա՝ էրկուսն էլ չկար:

- Լեւոնը որ խոսում ա, չես զգում՝ ոնց ա ժամանակն անցնում,- ասաց Ֆրունզիկը:

- Մանավանդ, որ իրա հորից ա խոսում,- ասաց Շերենցը:

- Երեւի սխալվեցի, որ չափից ավելի անկեղծացա,- ասաց Ներսիսյանը:

- Աստված տա՝ միշտ ըսենց հարցերո՛ւմ սխալվես,- ասաց Շերենցը:

- Հարազատ մարդկանց շրջապատում երբեմն չափից ավելի ես անկեղծանում,- ասաց Ներսիսյանը:

- Ես շատ ուրախ եմ, որ ինձ հարազատ մարդ ես համարում,- ասաց Շերենցը:- Հաստատ Ֆրունզն ու Արմենն էլ են ուրախ:

- Արմենը, փաստորեն, հորս ամենահին ընկերներից է,- ժպտաց Ներսիսյանը:

- Արմենը մեր փոքր ախպերն ա,- ասաց Շերենցը:

- Երեւի արդեն վեր կենանք,- ասաց Ներսիսյանը:

- Ո՞ւր ես վռազում,- ասաց Ֆրունզիկը:- Ես ավտոյով եմ. սաղիդ հերթով տուն կհասցնեմ:

- Հազիվ օրերից մի օր իրար հետ անկեղծ խոսում ենք,- ասաց Շերենցը:

- Մինչեւ այսօր կե՞ղծ ենք խոսել,- հարցրեց Ներսիսյանը:

- Կեղծ չենք խոսացել, Լեւոն ջան, բայց դու միշտ քեզ քո բարձրության վրա էիր պահում. հեչ ցած չէիր իջնում,- ասաց Շերենցը:

- Այսօր շա՞տ ցածրացա,- հարցրեց Ներսիսյանը:

- Անձամբ իմ համար էսօր ավելի՛ բարձրացար,- ասաց Շերենցը:- Տղեն որ իրա հորով հպարտանում ա՝ դրանից սիրուն բան չկա:

- Իրա հորով սա՛ղս ենք հպարտանում,- ասաց Ֆրունզիկը:

- Որ հարազատ տղեն ա իրա հորով հպարտանում՝ էդ լրիվ ուրիշ ա,- ասաց Շերենցը:- Աստված տա՝ մեր էրեխեքն էլ մեզանով մի պտղունց հպարտանան:

- Կհպարտանան,- ասաց Ներսիսյանը:- Հատկապես քոնո՛նք կհպարտանան, որովհետեւ դու կյանքում էնպիսի բան չես արել, որ ժառանգներդ ամաչեն:

- Լավ բան էլ առանձնապես չեմ արել, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- իմ ինչո՞վ հպարտանան:

- Քո արվեստո՛վ,- ասաց Ներսիսյանը:

- Ձեռ ե՞ս առնում, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը:- Ի՞նչ արվեստ:

- Քո մարմնավորած կերպարներն առանձնապես մեծ չեն, բայց չափազանց իրական ու բնական են,- ասաց Ներսիսյանը:

- Հրանտի ֆիլմի մեջ լավ էլ մեծ դեր էր,- ասաց Ֆրունզիկը:

- Ոչխարների՞,- հարցրեց Շերենցը:

- Հա,- ասաց Ֆրունզիկը:- Էդ ֆիլմում դու սաղիցս էլ լավ էիր խաղում:

- Փայլուն դերակատարում էր,- ասաց Ներսիսյանը:- Իսկապես. այդ ֆիլմում Շերենցը լավագույնն էր:

- Հաստատ ձեռ եք առնում,- ասաց Շերենցը.- հանաք եք անում:

- Ես արվեստի հարցերում երբեք չեմ կատակում,- ասաց Ներսիսյանը:

- Գիտեմ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- հենց դրա համար էլ զարմանում եմ: Ախր էսքան վախտ չեմ լսել, որ դու մեկնումեկին գովաս:

- Մհերին միշտ էլ գովել եմ,- ասաց Ներսիսյանը.- թող ի՛նքն ասի։

- Ճիշտ ա ասում,- ասաց Ֆրունզիկը:

- Ֆրունզին սաղ աշխարհն ա գովում,- ասաց Շերենցը:- Ի՞մ ինչն ես հավանել:

- Բնականությո՛ւնը,- ասաց Ներսիսյանը:- Մի՛ մոռացիր, որ ես արդեն կինոյում մեկ-երկու փորձ արել եւ ձախողվել եմ: Այսինքն, ես արդեն ներսից գիտեմ՝ ինչ ասել է կինո:

- Դերերիցդ մեկը տեսել եմ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- շատ էլ ուժեղ էիր խաղում:

- Ես է՛լ եմ հավանել,- ասաց Ֆրունզիկը:

- Հիմա արդեն դուք իսկապես ինձ ձեռ եք առնում,- ասաց Ներսիսյանը:- Ինչ վերաբերում է Շերենցին, ինքը փոքր դերերի վարպետ է:

- Ամաչացնո՛ւմ ես, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:

- Շատ մի՛ ամաչի, վարպե՛տ,- ծիծաղեց Ֆրունզիկը:- Լեւոնը ճիշտ ա ասում:

- Ի՞նչն ա ճիշտ ասում,- հարցրեց Շերենցը:

- Վաղը քո էրեխեքն ու թոռներն էլ քեզանո՛վ են հպարտանալու,- ասաց Ֆրունզիկը:

- Եթե, իհարկե, այսօր արդեն չեն հպարտանում,- ասաց Ներսիսյանը:

- Ախր իմ ինչո՞վ պիտի հպարտանան,- նեղսրտեց Շերենցը.- մի հատ հասարակ քննության հարց էլ չեմ կարում լուծեմ:

- Էդ քննության հարցը լուծված հաշվի,- ասաց Ֆրունզիկը:

- Հաստա՞տ,- ժպտաց Շերենցը:

- Եթե ռեկտորը խոստացել է, ուրեմն՝ այդ հարցը կարելի է լուծված համարել,- ասաց Ներսիսյանը: