ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնչորսերորդ
ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ
- Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս:
- Տասնութ,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:
- Հիմա ամեն ինչ կվերջանա,- ասացի ես:
- Ի՞նչը նկատի ունես:
- Ռեստորանը շուտով կփակեն: Վերջապես քո ու քրոջդ հանդիպումը կկայանա:
- Պատկերացնում եմ: Դա ո՛չ թե հանդիպում է լինելու, այլ՝ ճակատամարտ:
- Որ էս մի ժամվա մեջ տուն հասնես, դժվար թե խոշոր ճակատամարտ տեղի ունենա:
- Քե՛զ է թվում. ինքը ժամը իննից է սկսում աշխարհն իրար խառնել:
- Իննի՞ց: Երեւի մի քիչ չափազանցնում ես:
- Մի քիչ չափազանցնում եմ. ձմռանն իննից է սկսում, ամռանը՝ տասից:
- Հիմա ամառ ա:
- Հիմա ամառ է, բայց վաղուց արդեն ժամը տասը չի. արդեն տասներկուսն է,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան:
- Տասնհինգ ա պակաս,- իր ժամացույցին նայելով՝ ասացի ես:
- Շատ ես մանրանում:
- Հույս եմ տալի: Քեզ դո՛ւխ եմ տալի:
- Էլի խոսակցականիդ անցար:
- Դու էլ գրականիդ ես անցել:
- Այսինքն, երկուսս էլ մեր բնական վիճակում ենք: Ասում ես՝ ինձ դուխ ե՞ս տալիս:
- Հա,- ասացի ես:
- Լավ կանես՝ քե՛զ դուխ տաս,- ասաց Լիզան.- ինչքան հասկանում եմ՝ քո ժամանակն է՛լ է արդեն լրացել:
- Ինձ լրիվ մի ժամ ունեմ,- իր ձեռքը բռնելով ու նորից իր ժամացույցին նայելով՝ ասացի ես:
- Բա ինչո՞ւ ես րոպեն մեկ ժամացույցիս նայում:
- Քո համար եմ անհանգստանում, ավելի ճիշտ՝ քրո՛ջդ համար:
- Թե՞ կայֆ է տալիս:
- Ի՞նչը:
- Րոպեն մեկ ժամացույցիս նայելը: Հատուկ նպատակով ես ժամացույցիս նայում, չէ՞:
- Ի՞նչ հատուկ նպատակ:
- Ուզում եմ ասել՝ ինքնանպատակ չես նայում:
- Ժամացույցին ինքնանպատակ չեն նայում. հատուկ նպատակով են նայում, որ իմանան՝ ժամը քանի՞սն ա:
- Քոնը, կարծում եմ, առանձնահատուկ դեպք է:
- Ի՞նչ իմաստով ա առանձնահատուկ:
- Էն իմաստով, որ ամեն անգամ ժամացույցիս նայելիս՝ ձեռքդ քսում ես ձեռքիս: Հաճելի՞ է:
- Ի՞նչը:
- Որ ձեռքդ քսվում է ձեռքիս, ավելի ճիշտ՝ որ ձեռքդ քսում ես ձեռքիս:
- Չի բացառվում:
- Ի՞նչը չի բացառվում:
- Հաճույքի մոմենտը:
- Էդ էր պակաս՝ բացառվեր:
- Համենայն դեպս, տհաճ չի:
- Էդ էր պակաս՝ տհաճ լիներ: Բայց գիտակցաբա՞ր ես անում, թե՞ բնազդաբար:
- Ի՞նչը:
- Էդ՝ ձեռքդ քսելը:
- Անասուն չեմ, որ բնազդաբար անեմ:
- Իզուր ես վիրավորվում. շատ հնարավոր է, որ բնազդաբար, անկախ քեզանից անեիր:
- Ես ամեն ինչ գիտակցաբար եմ անում:
- Շա՜տ հետաքրքիր է:
- Ի՞նչը:
- Էս քանի ժամ է՝ մեջքս ամուր գրկած պարում ես, բայց ձեռքդ ձեռքիս քսելուց երեւի ավելի՛ մեծ հաճույք ես ստանում:
- Շատ հնարավոր ա: Մարդ արարածը միշտ նորության ա ձգտում:
- Այսինքն, դա քեզ համար նորությո՞ւն է:
- Իմ համար դու ոտից գլուխ նորություն ես:
- Ասում ես՝ մարդ արարածը միշտ նորությա՞ն է ձգտում:
- Էրեւում ա՝ դու հե՛չ նորության կողմնակից չես:
- Որ ձեռքս ձեռքիդ չեմ քսում՝ դրա՞ համար:
- Թեկուզ:
- Ես ո՛չ թե նորության կողմնակից չեմ, այլ, ի տարբերություն քեզ, նորությունը մի քիչ ավելի՛ երկար եմ վայելում:
- Այսի՛նքն:
- Էս որ գրկված պարում ենք, ինձ համար միանգամայն նորություն է:
- Ուզում ես ասես՝ առաջին անգա՞մ ես տանգո պարում:
- Ձեւական շատ եմ պարել, բայց էսպես իսկական առաջին անգամ եմ պարում:
- Ձեւականը ո՞րն ա:
- Ձեւականն այն է, որ բոլորը պարում են՝ դու է՛լ ես պարում: Իրար ձեւական գրկում եք ու առանց որեւէ զգացմունքի պարում եք:
- Բա իսկակա՞նը որն ա:
- Հիմա որ իրար հետ պարում ենք՝ իսկականն է՛ս է. երբ դիմացինիդ զգում ես:
- Դիմացինիդ ի՞նչն ես զգում:
- Մարմինն ու հոգին:
- Հասկացա:
- Ընդամենը կե՛սն ասացի:
- Բա մյո՞ւս կեսը որն ա:
- Մյուս կեսն էլ այն է, որ հետդ պարողն էլ քո՛ մարմինն ու հոգին է զգում:
- Դու, փաստորեն, իսկակա՛ն պարուհի ես:
- Իսկական պարուհի եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ իսկական պարում:
- Բայց մենք ավելի շատ խոսում ենք, քան՝ պարում: Համարյա չենք հիշում, որ պարում ենք:
- Հենց դա՛ է իսկական պարը: Հենց հիշեցիր՝ որ պարում ես, կնշանակի՝ չես պարում. ընդամենը ձեւացնում ես, թե պարում ես:
- Ես քո մարմինն ու հոգին զգում եմ:
- Էսքան որ չանկեղծանայի՝ դժվար թե զգայիր:
- Նախքան անկեղծանա՛լդ էի զգում:
- Նախքան անկեղծանալս չէիր կարող զգալ:
- Ինչի՞:
- Որովհետեւ մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանից սկսած՝ անկեղծ եմ եղել: Կոշիկի տնից սկսած՝ անկեղծ եմ եղել:
- Կինոյի՛ տնից:
- Հա:
- Ինձ թվում ա՝ դու չես էլ կարա անկեղծ չըլնես:
- Դրա համար էլ քույրս ինձ համար շատ է անհանգստանում ու վախենում:
- Ինչի՞ց ա վախենում:
- Վախենում է, որ իմ էս մշտական անկեղծությունը սխալ կընկալվի:
- Ինչի՞ պիտի սխալ ընկալվի:
- Շատ պարզ. մարդկանց հետ որ անկեղծանում ես, սկսում են քեզ ուրիշ աչքով նայել:
- Ի՞նչ աչքով:
- Մտածում են՝ դուրս ընկածի կամ փչացածի մեկն ես: Հաստատ դու է՛լ սկզբում էդպես մտածած կլինես:
- Սկզբում՝ ե՞րբ:
- Որ կինոյի տան մոտ քեզ ժպտացի:
- Կոշիկի՛ տան մոտ:
- Հա: Կոշիկի տան մոտ որ քեզ ժպտացի, երեւի մտածեցիր՝ փչացածի մեկն է:
- Էդպես չեմ մտածել:
- Բա ի՞նչ ես մտածել:
- Մտածեցի՝ ռուս ես:
- Նույն բանն է:
- Ո՞նց ա նույն բանը:
- Էնքանով է նույնը, որ, փաստորեն, դու ինձ ուրիշի տեղն ես դրել. մտքովդ անգամ չի անցել, որ նորմալ հայ աղջիկը կարող է փողոցում ժպտալ կամ խոսել:
- Ես մեղավոր չեմ, որ նորմալ հայ աղջկերքը փողոցում չեն ժպտում ու չեն խոսում:
- Ես էլ մեղավոր չեմ,- ժպտաց Լիզան:
- Դու էլ մեղավոր չես,- համաձայնվեցի ես:
- Ասում ես՝ ռուսի նման ե՞մ:
- Հեչ չեն ասե՞լ:
- Ասող եղել է:
- Ավելի ճիշտ՝ ո՛չ թե ռուսի նման ես, այլ՝ հե՛չ հայի նման չես: Անկեղծությունդ մի՛ կողմից, մյուս կողմից էլ՝ ռուսի արտաքինդ. պարզ ա, որ քույրդ քեզ համար կանհանգստանա:
- Ինձ ավելի հաճախ լեհուհո՛ւ են նմանեցնում:
- Հա. լեհուհու է՛լ ես նման:
- Լեհուհի տեսած կա՞ս:
- Ժիվոյ՝ չէ, բայց կինոներում տեսել եմ:
- Կինոներում ի՞նչ լեհուհի ես տեսել: Անունը հիշո՞ւմ ես:
- Կինոյի՞:
- Չէ՝ լեհուհո՛ւ:
- Բեատա Տիշկեւիչ:
- Բեատա Տիշկեւիչին նմա՞ն եմ:
- Շա՜տ:
- Դա արդեն առաջին անգամ եմ լսում:
- Հեչ չեն ասե՞լ, որ Բեատա Տիշկեւիչին նման ես:
- Ինչո՞վ եմ Բեատա Տիշկեւիչին նման:
- Չգիտեմ՝ ինչով ես նման, բայց շա՜տ նման ես:
- Հասկացա:
- Ի՞նչը հասկացար:
- Երկուսս էլ մի թեթեւ կուզ ունենք:
- Ես ու դո՞ւ:
- Չէ՛,- ծիծաղեց Լիզան.- ես ու Բեատա Տիշկեւիչը:
- Չեմ նկատել,- ասացի ես:
- Ի՞մը չես նկատել, թե՞ Տիշկեւիչինը:
- Ո՞ւր ա կուզ,- Լիզայի մեջքն ամուր գրկելով՝ հարցրի ես:
- Կուզը մի քիչ վերեւ է լինում, խելո՛ք,- ծիծաղեց Լիզան:
- Ինչ-որ չեմ զգում. կուզ չկա,- ձեռքերս մի քիչ վերեւ բարձրացնելով՝ ասացի ես:
- Մի քիչ է՛լ վերեւ,- ժպտաց Լիզան:
- Չկա,- ասացի ես.- կուզ չեմ զգում:
- Որ ավելի ամուր գրկես՝ կզգաս:
- Չեմ զգում,- Լիզային ավելի ամուր գրկելով՝ ասացի ես:
- Հե՛չ չես զգո՞ւմ,- ժպտաց Լիզան:
- Ուրի՛շ բան եմ զգում:
- Ի՞նչ ես զգում:
- Բառերով չեմ կարա ասեմ:
- Ի՞նչը բառերով չես կարող ասել:
- Էս զգացածս:
- Չափն անցանք:
- Ի՞նչ իմաստով:
- Ամե՛ն իմաստով: Հատկապես՝ ե՛ս չափն անցա:
- Ե՞րբ չափդ անցա ր:
- Հենց հիմա: Հիմա որ իմ մասին ամենավատ բաները մտածես՝ շատ էլ ճիշտ կանես:
- Քո մասին ի՞նչ վատ բան պիտի մտածեմ:
- Ինչ էլ մտածես՝ տեղ ունես:
- Ոչ մի վատ բան էլ չեմ մտածում:
- Երեւի արդեն ինձ վստահում ես, դրա համար էլ վատ բան չես մտածում: Երեւի արդեն ինձ մի քիչ հավատում ես:
- Մի քիչ չէ՝ շա՜տ եմ հավատում:
- Ինձ արդեն մի քիչ որ ճանաչում ես՝ դրա՛ համար ես հավատում:
- Քեզ արդեն լրիվ ճանաչում եմ:
- Մարդուն հնարավոր չի լրիվ ճանաչել, մանավանդ՝ ինձ:
- Ճանաչողի՛ց ա կախված:
- Ճանաչվողից ավելի՛ շատ է կախված: Ես հեչ ինքս ինձ կարգին չեմ ճանաչում, ուր մնաց՝ ուրիշները ճանաչեն:
- Ես ուրիշ ե՞մ:
- Ես որ ինձ կարգին չեմ ճանաչում, դու ո՞նց կճանաչես,- շարունակեց Լիզան.- էն էլ՝ մի օրում, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա մեջ:
- Էս ամբողջը մի օր ե՞ս հաշվում:
- Մի օր է՛լ չէ. ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք:
- Ինձ թվում ա՝ հազար տարվա ծանոթներ ենք:
- Ինձ է՛լ է էդպես թվում, բայց փաստը մնում է փաստ, որ ընդամենը մի օր է՝ ինչ իրար ճանաչում ենք, ավելի ճիշտ՝ մի քանի ժամ:
- Մի քանի ժամում հնարավոր չի՞ մարդուն ճանաչել:
- Նայած մարդու. ես հեչ ի՛նքս ինձ կարգին չեմ ճանաչում:
- Մարդ ուրիշներին ավելի՛ լավ ա ճանաչում, քան՝ ինքը իրան: Կարող ա սաղ կյանքում մարդ ինքը իրան չճանաչի:
- Ժարգոնով ես խոսում, բայց հետաքրքիր մտքեր ես արտահայտում:
- Ժարգոն չի:
- Բա ի՞նչ է:
- Իմ մայրենի լեզուն ա:
- Մայրդ էդ լեզվով է՞ խոսում:
- Չասեցի՝ մայրական, ասեցի՝ մայրենի:
- Դրանք տարբեր բաներ ե՞ն:
- Երեւի:
- Երեւի՞, թե՝ հաստատ:
- Հաստատ ոչ մի բան չկա:
- Կա՛:
- Ի՞նչն ա:
- Այն է, որ ես էլ քե՛զ եմ արդեն սկսում ճանաչել:
- Ես հեչ ի՛նքս ինձ չեմ ճանաչում, ուր մնաց՝ ուրիշները ճանաչեն:
- Ես ուրիշ ե՞մ:
- Ընդամենը մի օրվա ծանոթներ ենք:
- Էս ամբողջը մի օր ե՞ս հաշվում:
- Բա քանի՞ օր հաշվեմ:
- Ընդհա՛նրապես մի հաշվիր: Եթե հաշվես՝ հաստատ կսխալվես, մանավանդ որ՝ թվաբանությունից թույլ ես:
- Ի՞նչ գիտես:
- Որ թվաբանություն իմանայիր՝ բանասիրական չէիր գնա:
- Բա դո՞ւ խի ես բանասիրական գնացել:
- Իմն ուրիշ է:
- Ինչո՞վ ա ուրիշ:
- Ես աղջիկ եմ:
- Հաստա՞տ:
- Արդեն վուլգարանում ես:
- Կներես:
- Եթե մտքովդ ուրիշ բաներ են անցնում, կարող ես սառույցին գրել:
- Էս ամառվա շոգին ի՞նչ սառույց:
- Եթե ուրիշ բաներ պատկերացնում ես, սառույց է՛լ կարող ես պատկերացնել:
- Արդեն դու է՛լ ես վուլգարանում:
- Դո՛ւ սկսեցիր: Պարզվում է՝ բոլորի նման ես:
- Ի՞նչ իմաստով:
- Դու է՛լ ես, փաստորեն, անկեղծությունս չարաշահում:
- Էնքան են անկեղծությունդ չարաշահել, որ արդեն ինձ է՛լ ես կասկածում:
- Քեզ որ կասկածեի, հետդ ռեստորան չէի գա:
- Թամրազյանի՛ հետ ես ռեստորան էկել. ի՛նքն ա հրավիրել:
- Բայց սկզբում քե՛զ հետ պիտի գայի: Արդեն մոռացե՞լ ես, որ ընկերներիդ հետ ժամադրված էիր:
- Ի՞նչ ընկեր:
- Լեւոն Ներսիսյանի ու մյուսների:
- Ես Լեւոն Ներսիսյանին ի՞նչ ընկեր. ինքը մեծ մարդ ա:
- Տարիքն ի՞նչ կապ ունի:
- Տարիքի իմաստով չեմ ասում. ինքը մեծություն ա:
- Մտածեցի՝ եթե էդ մեծությունների հետ ռեստորան ես գնում, ուրեմն՝ որոշակի մակարդակ ունես:
- Հիմա հակառակն ե՞ս մտածում:
- Հակառակը չեմ մտածում, բայց մտածում եմ, որ չարժե մարդկանց հետ չափից ավելի անկեղծանալ: Մարդիկ կարող են անկեղծությունդ չարաշահել:
- Ո՞ր մարդիկ:
- Մեկը՝ դու:
- Նայի՝ դո՛ւ անկեղծությունդ չչարաշահես:
- Ի՞նչ իմաստով:
- Հենց ուղղակի՛ իմաստով: Մի քիչ շատ չե՞ս քո անկեղծությունից խոսում:
- Սովոր չեք, որ մարդիկ անկեղծանում են:
- Սովոր չեմ, որ մարդիկ էսքան երկար-բարակ իրանց անկեղծությունից խոսան: Որ անկեղծությունից խոսում ես, ուրեմն՝ արդեն անկեղծ չես: Անկեղծությունն էն ա, որ մարդիկ հեչ իրանք է՛լ չեն զգում:
- Ի՞նչը չեն զգում:
- Անկեղծ մարդու մտքով չի էլ անցնում, որ ինքն անկեղծ ա: Ո՛չ էլ ազնիվ մարդն ա մտածում, որ ինքն ազնիվ ա: Ո՛չ էլ վախենում են, որ ինչ-որ մեկը կարող ա իրանց անկեղծությունն ու ազնվությունը չարաշահի:
- Հետաքրքիր է:
- Ի՞նչն ա հետաքրքիր:
- Հետաքրքիր է, որ քեզանից չեմ նեղանում: Փաստորեն, դու ինձ վիրավորում ես, բայց քեզանից չեմ նեղանում:
- Ե՞րբ եմ քեզ վիրավորել:
- Հենց հիմա: Փաստորեն, հասկացնում ես, որ ես դերասան եմ. դերասանություն եմ անում:
- Սխալ ես հասկացել:
- Ո՞նց պիտի հասկանայի:
- Ուզում եմ ասեմ՝ կամ ընդհա՛նրապես չպիտի մարդկանց հետ անկեղծանաս, կամ էլ, որ անկեղծանում ես, չպիտի՛ վախենաս անկեղծանալուց:
- Եթե ինձ սխալ են հասկանում՝ ո՞նց չվախենամ:
- Հասկացվելու մասին ընդհա՛նրապես չպիտի մտածես:
- Դու չես ուզո՞ւմ, որ քեզ ճիշտ հասկանան:
- Իմ ի՞նչը ճիշտ հասկանան:
- Անկեղծությո՛ւնդ:
- Ես հազարից մեկ եմ անկեղծանում:
- Վերջին անգամ ե՞րբ ես անկեղծացել:
- Հենց հիմա:
- Հիմա անկե՞ղծ ես:
- Միանգամյան:
- Միանգամյանն ի՞նչ է:
- Միանգամյանը հայ ա: Ուզում եմ ասեմ՝ մի բուռ հայ ենք, իրար հետ որ անկեղծ չըլնենք՝ ո՞նց կըլնի:
- Կատակի ես վերածում:
- Իմիջիայլոց, կատակը հե՛չ վնաս չի:
- Ինչի՞ն վնաս չի:
- Անկեղծությանը:
- Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան: Վա՞տ բան եմ ուզում,- հարցրեց Լիզան:
- Ո՞վ չի ուզում, որ իրան ճիշտ հասկանան: Ես է՛լ եմ ուզում:
- Իսկ եթե չեն հասկանո՞ւմ:
- Էդ արդեն դժբախտություն ա:
- Ես էլ հենց էդ դժբախտությունից եմ վախենում:
- Չհասկանալը չհասկացողի՛ համար ա դժբախտություն, ո՛չ թե՝ չհասկացվողի:
- Իսկ չհասկացվո՞ղը:
- Չհասկացվողը պիտի մտքինը պարզ ասի, որ հասկանան:
- Եթե պարզ ես ասում, բայց չեն հասկանո՞ւմ:
- Եթե էդքանից հետո էլ չեն հասկանում, էդ արդեն իրա՛նց դժբախտությունն ա:
-Շա՜տ ինքնավստահ ես:
- Ինքնավստահ չեմ. ուղղակի՝ ցույց եմ տալի, թե ինքնավստահ եմ:
- Այսինքն՝ դերասանություն ե՞ս անում:
- Համարյա:
- Բա ասում էիր՝ անկեղծ ես:
- Անցավ: Իմ անկեղծությունը մոմենտներով ա. հո չե՞ս կարա օրվա քսանչորս ժամն անկեղծ ըլնես:
- Կամ մի՛շտ են անկեղծ լինում, կամ՝ ընդհա՛նրապես չեն լինում:
- Ես հազարից մեկ եմ անկեղծանում:
- Մնացած ժամանակ քեզ կեղծո՞ւմ ես:
- Անկեղծի հակառակը կեղծը չի:
- Բա ի՞նչն է:
- Սովորական վիճակն ա: Անկեղծանալուց առաջ մտածում եմ՝ արժի՞ էս մարդու առաջ անկեղծանամ:
- Հիմա ինձ հետ անկե՞ղծ ես:
- Հա: Չես հավատո՞ւմ:
- Հավատում եմ: Այսինքն, ինձ հետ անկեղծանալուց առաջ էլ ե՞ս նախօրոք մտածել՝ արժի՞ անկեղծանամ, թե՝ չէ:
- Նախօրոք ոչ մի բան չեմ մտածել:
- Բա ասում ես՝ նախօրոք ես մտածում:
- Սովորաբար նախօրոք եմ մտածում, բայց քոնը սովորական դեպք չի:
- Ի՞նչ առումով սովորական դեպք չի:
- Նախ՝ դու սովորական մարդ չես:
- Հետո՞:
- Հետո էլ՝ դու որ իմ հետ անկեղծ ես, ես ո՞նց կարամ քո հետ անկեղծ չըլնեմ: Եթե դիմացինդ անկեղծ ա, դու ստիպված ես անկեղծանում. զենքերդ միանգամից ցած ես դնում, միանգամից հանձնվում ես:
- Ո՞ւմ ես հանձնվում:
- Դիմացինիդ: Ավելի ճիշտ՝ դիմացինիդ անկեղծությանը:
- Բարդ բաներ ես ասում:
- Բարդ չի: Եթե դիմացինդ անկեղծ ա, քո անկեղծ չըլնելը ստորության պես բան ա:
- Իսկական հոգեբան ես: Մազմանյանի դասերն իզուր չեն անցել:
- Մազմանյանի դասերին համարյա չեմ նստել:
- Հեչ չի զգացվում: Ասում ես՝ ինձ հետ անկե՞ղծ ես:
- Արդեն մի քանի անգամ էդ հարցիդ պատասխանեցի:
- Ո՞ր պահից սկսած հետս անկեղծացար:
- Կինոյի տնից սկսած:
- Որ հետեւիցս գալիս էի՞ր:
- Հա:
- Բայց էդ ժամանակ հետս չէիր էլ խոսում:
- Անկեղծությունը խոսալու հետ ոչ մի կապ չունի. կարող ա շատ խոսաս, բայց հեչ էլ անկեղծ չըլնես, ու ընդհակառակը՝ կարող ա ոչ մի բան չասես, բայց...
- Անկեղծ լռես:
- Ճիշտ գլխի ընկար:
- Անկեղծորե՞ն էիր լռում:
- Անկեղծորեն հետեւիցդ գալիս էի:
- Անկեղծորեն գա՞լը որն է,- ծիծաղեց Լիզան:
- Անկեղծորեն գալն է՛ն ա, որ ոտներդ իրանք իրանց գնում ու քեզ տանում են:
- Ինձ համար շատ մեծ պատիվ է,- ասաց Լիզան:
- Ի՞նչը,- հարցրի ես:
- Ինձ համար մեծ պատիվ է, որ սովորաբար հազարից մեկ ես անկեղծանում, բայց ինձ հետ անկեղծացար:
- Քեզանից վարակվեցի. դու որ հետս անկեղծ ես, ես ո՞նց անկեղծ չըլնեմ: Չնայած... երեւի զգացմունքի հարց է՛լ կա:
- Ի՞նչ զգացմունք:
- Զգացմունքդ որ խեղդում ա, շատ դեպքերում անկախ քեզանից ես անկեղծանում:
- Ի՞նչ զգացմունք,- նորից հարցրեց Լիզան:
- Մեկի հանդեպ որ անտարբեր չես, հետը շատ հեշտ ես անկեղծանում:
- Ի՞նչ մեկ:
- Կնոջ մասին ա խոսքը, ավելի ճիշտ՝ աղջկա:
- Վերջին անգամ ե՞րբ է պատահել:
- Ի՞նչն ա երբ պատահել:
- Որ անտարբեր չես էղել:
- Էսօր:
- Ժամը երկուսից առա՞ջ, թե՝ հետո:
- Արդեն ավելորդ հարցեր ես տալիս:
- Ի՞նչ իմաստով ավելորդ:
- Է՛ն իմաստով ավելորդ, որ հարցիդ պատասխանն ինձանից լավ գիտես: Լավ կըլնի՞, որ ես էլ քե՛զ էդ տեսակ հարցեր տամ:
- Շատ լավ կլինի: Տո՛ւր:
- Սովոր չեմ: Ո՞նց կարամ մարդուն ընե՛նց հարց տամ, որի պատասխանն արդեն գիտեմ:
- Պատասխանը ո՞րն է:
- Պարզ ա, որ դու էլ ի՛մ հանդեպ անտարբեր չես:
- Քեզ ո՞վ ասաց:
- Մազմանյանը:
- Ի՞նչ Մազմանյան:
- Հոգեբանությա՛ն:
- Բա ասում էիր՝ Մազմանյանի դասերից փախել ես:
- Սկզբի շրջանում նստում էի:
- Եթե մինչեւ վերջ նստեիր, պատկերացնում եմ՝ հիմա ինչե՜ր կասեիր:
- Ինչե՞ր կասեի:
- Կասեիր, որ ես քո հանդեպ անտարբեր չեմ, դրա՛ համար եմ անկեղծանում ու այսքան շատ խոսում:
- Խի հակառակն էլ ա՞ պատահում:
- Հակառակը ո՞րն է:
- Որ քիչ խոսաս:
- Արդեն վիրավորում ես:
- Վիրավորվեցի՞ր:
- Բնականաբար:
- Պատերազմո՛ւմ են վիրավորվում:
- Դա էլ է՞ Մազմանյանն ասել:
- Չէ. էդ մեկը Լեւոն Ներսիսյանն ա ասել:
- Հիշեցի. դա ի՛ր խոսքն է: Լավ չի:
- Ի՞նչը լավ չի:
- Ուրիշների ասածները կրկնելը: |