15/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Մտքի արատ
 
  Հունվարին նշվում էր ռուս մեծ գրող Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակը: Բնականաբար, Հայաստանում այդ իրադարձությունն առանձնապես չկարեւորվեց. մենք հազիվ մեր մեծերի մասին ենք հիշում, էլ ուր մնաց՝ օտարազգիների: Չգիտես ինչու՝ մեզանում այդ գրողի անունը ասոցացվում է մեր անկախության այն ժամանակաշրջանի հետ, երբ որոշ՝ ոչ այնքան խելամիտ մարդկանց «ազգային ինքնագիտակցությունը» անսպասելիորեն դրսեւորվեց Չեխովի արձանի նկատմամբ չպատճառաբանված ագրեսիայի տեսքով: Այնինչ մենք բազմաթիվ այլ առիթներ ունենք խոսքի այդ մեծ վարպետին հիշելու, եւ անձամբ ինձ համար նա հեղինակություն է նախեւառաջ իր հետեւյալ արտահայտության պատճառով. «գրելու արվեստը ջնջելու արվեստի մեջ է»: Այսինքն՝ դուք լավ եք գրում այնքանով, որքանով շատ եք կարողանում ջնջել, կրճատել ավելորդ բառերն ու զեղումները եւ սեղմ շարադրել ձեզ անհանգստացնող գաղափարները: Եթե Չեխովի այդ բանաձեւը փորձենք կիրառել արդի հայ իրականության նկատմամբ, ապա վստահաբար կարելի է ասել, որ մեր լրագրողները, առավել եւս՝ հրապարակախոսները, մեկնաբանները, մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները մեծ մասամբ գրել եւ, ավելացնեմ նաեւ՝ խոսել չգիտեն: Դա, իհարկե, առաջին հերթին, ինքնասիրահարվածության նշան է. նրանք այնքան վստահ են իրենց ամեն մի բառի արժեքի մեջ, որ կարծում են՝ իրենց բստրած ցանկացած գրավոր կամ բանավոր «լավաշ» արժանի է հրապարակման: Երբ նրանք գրում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների մասին, ապա անպայման պետք է սկսեն 11-րդ դարից, իսկ ղարաբաղյան հիմնահարցը քննարկելուց պարտադիր պիտի «գան հեռվից»՝ առնվազն Կավբյուրոյի որոշումից: Ինքնասիրահարվածության անբաժանելի մաս է նաեւ, բնականաբար, դիմացինի նկատմամբ հարգանքի պակասը: Նրանք, ովքեր ինձ բերում կամ ուղարկում են հոդված՝ 2 կոմպյուտերային էջից ավելի մեծ, չեն հարգում ոչ միայն ինձ, այլեւ ընթերցողներին՝ ենթադրելով, որ վերջիններս պարտավոր են խորանալ իրենց զեղումների մեջ: Եվ վերջապես. երկար գրելը կամ խոսելը նաեւ ծուլության նշան է. մարդիկ զլանում են աշխատել իրենց տեքստերի վրա:
Դուք կհարցնեք հավանաբար՝ մի՞թե այդ խնդիրն այդքան հրատապ է: Այս օրհասական պահին, երբ կտրուկ սրվել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, եւ երբ ժողովուրդը վայելում է ճգնաժամից պատվով դուրս գալու կառավարության ջանքերը, ի՞նչ իմաստ ունի քննարկել գրելու եւ խոսելու մշակույթի խնդիրները: Նման մոտեցման հետ ես համաձայն չեմ: Վերոհիշյալ մշակույթի բացակայությունը, ի վերջո, մտքի արատի հետեւանք է: Չէ՞ որ ակնհայտ է, որ մարդը չի կարողանում հստակ խոսել կամ գրել հենց այն պատճառով, որ ունակ չէ հստակ մտածել, որ նրա գրիչը կամ լեզուն ընկնում է մտքից առաջ: Իսկ երբ մարդիկ չեն մտածում, նրանք չեն կարողանում մտքեր փոխանակել, քննարկել ու բանավիճել: Իսկ դա, իր հերթին, բերում է ամենավատ հետեւանքի՝ նրանք, մեծ հաշվով, չգիտեն, թե ինչ են ուզում:
Ուստի՝ ընդօրինակելով մեր դասականին, կարելի է բացականչել. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը մտքերդ հակիրճ ձեւակերպելու մեջ է»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Քաղաքականություն
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՎԱՃԱՌԵ՞Լ ԵՆ
 


Երեկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում կռիվ է բռնկվել ոստիկանների, այդ մանկապարտեզի ղեկավարների եւ հարեւանությամբ բնակվող քաղաքացիների մասնակցությամբ: Տարածքի բնակիչների ասելով, մանկապարտեզի շենքը բոլորից թաքուն վաճառվել է 5 անհայտ քաղաքացու: Ըստ տեղացիների, գործարքը կատարվել է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ: «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաներն այնտեղ են գնում: Հիմա էլ ոստիկանների հետ եկել են, որ բոլորին դուրս հանեն ու տարածքը հատկացնեն անօրինական սեփականատերերին: Կտրել են ցանկապատները, հետո էլ ծառերն են կտրելու, լողավազանն ու տաղավարը քանդեն: Անգամ մեկ «սեփականատիրոջ» տարածքն արդեն հասցրել է վերավաճառվել»,- «Առավոտին» պատմեցին միջադեպի մասնակիցները:
Մանրամասները՝ հաջորդ համարում:

 

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԳՈՐԾԻՔԻՑ ՉԵՆՔ ՕԳՏՎԵԼ
 

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանին «տշում են գնդակի պես»

Չնայած Սարգսյան-Սարկոզի հանդիպումից առաջ տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման վերջում նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով, այնուհանդերձ, որեւէ հայտարարություն չհնչեց: Դարձյալ պաշտոնական տեղեկատվությունից իմացանք, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երկու եզրահանգում ներկայացրեց. «Կամ Հայաստանի համար շատ վատ բաներ են խոսվել, որ քննարկելիք չեն, կամ էլ՝ ընդհանրապես որեւէ արդյունք չեն եղել, հետեւաբար հայտարարություններ չեն հնչել»: Ընդհանուր առմամբ, խնդիրներին անդրադառնալով աշխարհաքաղաքական տեսանկյունից, մեր զրուցակիցն արձանագրում է. «Հայաստանն այսօր առկա աշխարհաքաղաքական լուրջ եւ մեծ խնդիրների մեջ դարձել է գնդակ, որին տշում են աջից ձախ, Ֆրանսիայից Ռուսաստան, այնտեղից՝ Թուրքիա եւ այլն: Եվ երբ մեծ խաղացողները պայմանավորվածություններ են ձեռք բերում՝ հաջող կամ անհաջող, կայացած կամ ընթացքում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը կորցրել է խաղացողի իր կարգավիճակը, Ղարաբաղի մասին էլ չեմ ասում: Մեզ պարզապես օգտագործում են, այնպես, ինչպես կօգտագործեն անարժանապատիվ պարտնյորին, թույլ եւ դեպքերի վրա ազդեցություն չունեցող խաղացողին»: Ըստ մեր զրուցակցի, ուժային կենտրոնները շատ լավ «բռնել են պահը» եւ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած այս իշխանության խոցելիությունը խաղարկում են՝ իրենց շահը տարածաշրջանում իրականացնելու համար: «Դրա արդյունքում է, որ Հայաստանը կորցրեց բոլոր գործընկերներին, բոլոր աջակցող կազմակերպություններին, եւ այսօր դարձել ենք քամուն հանձնված փետուր»,- կարծում է ՀՀՇ վարչության անդամը՝ պնդելով, որ իշխանափոխությունը «որոշակիորեն ետ կբերի մեր երկրի կորուստներն ու ձախողումները, կվերականգնի իմիջը»: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում էլ հնչած հրատապ իշխանափոխության պահանջը նա ինքնանպատակ չի համարում՝ «Հայաստանի՝ այսօրվա վիճակից դուրս գալու միակ ձեւն է դա»:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ չնայած մեր երկրում վերջին երկու տարիներին էլ սոցիալ-տնտեսական վիճակը կայուն չէր, բայց մինչեւ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը՝ իշխանափոխության հարց առաջ քաշելիս Կոնգրեսը երբեք առանձնակի շեշտադրումներ չէր անում սոցիալական խնդիրներին, մինչդեռ մարտի 1-ի հանրահավաքի իշխանափոխության պահանջի առանցքում հենց սոցիալական հարցեր էին՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Երկու տարի Հայ ազգային կոնգրեսը սոցիալական խնդիրն առաջ չի մղել շատ պարզ պատճառով՝ արտաքին մարտահրավերները՝ Ղարաբաղի ինքնորոշման, հայ-թուրքական սահմանի արժանապատիվ բացման, տարածաշրջանային խաղաղության եւ կայունության խնդիրը շատ լուրջ էին, պատմական, եւ ձախողումներն էլ կարող էին լինել անվերադարձ: Այդ խնդիրների հաջողության դեպքում սոցիալական հարցերն ինքնըստինքյան կարող էին լուծվել: Ընդհանրապես, սոցիալական խնդիրների վրա հենվելն իր մեջ մի տեսակ պոպուլիզմ է պարունակում, բայց երբեմն շատ ավելի հզոր գործիք է: Մենք այդ պոպուլիզմի գործիքից չենք օգտվել, որպեսզի իշխանությունը կարողանա թուլացնել արտաքին մարտահրավերների ուժգնությունը, անգամ ժողովրդի կամքին երբեմն հակառակ գնալով՝ երկու-երեք անգամ թայմ-աուտ հայտարարեցինք մի քանի ամիս, որպեսզի իշխանությունը պատմական ձախողումներից հետ քաշվելու հնարավորություն ունենա: Չկարողացան եւ չուզեցին: Հիմա ուզեն էլ՝ արդեն չեն կարող, որովհետեւ, ըստ իս, այնքան են խորացել, որ իրենց ունակությունները, մարդկային ռեսուրսը, իմիջը եւ պարտնյորային հարաբերություններն արդեն թույլ չեն տա նրանց որեւէ լուրջ գործընթաց իրականացնել»: Այս ամենից հետո իշխանությունները շարունակում են ականջալուր չլինել ՀԱԿ-ին, ավելին, առավել խորը դրսեւորումներ են ստանում սոցիալական խնդիրները՝ վարսավիրներ, տաքսիների վարորդներ, մսագործներ, ոսկերիչներ, անիմաստ, չհիմնավորված եւ չտրամաբանված թանկացումներ եւ այլն, խնդիրներ, որոնք ըստ մեր զրուցակցի՝ «պայթելու են» ապրիլ-մայիսից սկսած եւ բերելու են լուրջ սոցիալական լարումների՝ որոնց «ուզես, թե ոչ, պետք է տեր կանգնես, քանի որ երբ սոցիալական լարումները ծավալվում են, հիմնավորվում եւ մասսայական են դառնում՝ վերածվում են քաղաքականի»: Իսկ այսօր այլ դաշտ, քան Հայ ազգային կոնգրեսը, որտեղ քաղաքական պաշտպանություն կարող են գտնել այդ մարդիկ, Արամ Մանուկյանը չի տեսնում: «Եթե մենք  ոչինչ էլ չանենք՝ իշխանությունն իր տգետ եւ անկարող, անպատասխանատու քաղաքականությամբ մոտեցնում է իշխանափոխությունը»,- եզրակացնում է մեր զրուցակիցը:

 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ ԵՆ
 

Հայոց ցեղասպանության ճանաչման ամեն մի դեպքին նրանց արձագանքն այս է՝ չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու երկկողմ արձանագրությունների վավերացման հեռանկարը, որն առանց այն էլ մշուշոտ էր, առավել եւս մեծ հարցականի տակ դրվեց, երբ անցած հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին, իսկ Շվեդիայի խորհրդարանն էլ ուղիղ մեկ շաբաթ անց համանման մի փաստաթուղթ ընդունեց: Երկու դեպքում էլ Թուրքիայից հնչող արձագանքը նաեւ այն էր, թե դրանք կարող են խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու արձանագրությունների վավերացմանը: Հիմա արդեն Թուրքիայում գրեթե բոլոր մակարդակներում են պնդում, թե՝ սկսված այդ գործընթացներն այլեւս անհնար է տրամաբանական ավարտի հասցնել: Թուրքիան վրդովված է, Թուրքիան համարում է, որ դա անարդար վերաբերմունք է թուրք ժողովրդի նկատմամբ:
Այսօրինակ զարգացումների պարագայում առավել ծանր կամ նրբին է Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների վիճակը: Նրանք չեն կարող չոգեւորվել, երբ հերթական անգամ որեւէ երկիր ճանաչում է Ցեղասպանության փաստը, բայց նաեւ չեն կարող շռայլություն թույլ տալ՝ արտահայտելու իրենց բավարարվածությունը:
Իսկ թե ինչպե՞ս կարող են ազդել այս իրադարձությունները Թուրքիայում ապրող հայերի վրա, եւ ինչպե՞ս են այդ երկրի քաղաքացի մեր հայրենակիցներն ընդունել Ցեղասպանության ճանաչման այդ երկու փաստը, փորձեցինք պարզել՝ զրուցելով Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ: Վերջինս ասաց, որ միջազգային ասպարեզում տեղի ունեցող նման իրադարձությունների ժամանակ Թուրքիայում ապրող հայերի առաջին արձագանքը իրենց մարդկային բնազդն է. «Նրանք առաջին հերթին այդ իրադարձությանը մոտենում են ավելի խորքից, մտածում են չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել: Այդպիսի միտում կա, եւ դա ակամա ցուցաբերված մոտեցում է: Բայց այդ մարդկային գործոնից զատ, հայ համայնքը, իհարկե, մոտիկից հետեւում է իրադարձություններին, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին, այն ազդեցություններին ու գործոններին, որոնք իրենց հերթին կարող են պայմանավորել այդ հարաբերությունների ընթացքը: Նաեւ մամուլն է դրա առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերում: Ես ինքս, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ հրավիրվել ենք հեռուստաընկերություններ, ես ուղիղ եթերում ելույթ եմ ունեցել: Այս է արձագանքը»:
Թուրքիայում ապրող հայերը միշտ էլ երկյուղով եւ մտահոգությամբ են վերաբերվել որեւէ երկրի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչմանը, առավել եւս, երբ այդ գործում ակտիվ դերակատարություն են ունեցել ոչ միայն արտերկրում գործող հայկական լոբբին եւ հայկական կազմակերպությունները, այլեւ առավել եւս պաշտոնական Երեւանը: Մտավախությունը, իհարկե, պայմանավորված է անցյալի դառը հիշողություններով եւ իրենց նկատմամբ թուրքական իշխանությունների, նաեւ ազգայնական ուժերի կողմից տարատեսակ հարձակումների թիրախ դառնալու երկյուղով:
Արդյոք այս անգամ Ցեղասպանության ճանաչման իրար հաջորդած իրադարձությունները կարո՞ղ են ազդել թուրքական իշխանությունների կողմից այդ երկրում ապրող հայերի վրա: Ա. Գոչունյանն ասաց. «Հիմնական ազդեցություն դժվար թե ունենա, որովհետեւ այստեղ ապրողները Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ այդ իրադարձությունները զարգանում են արտերկրներում: Բայց վերջին հաշվով դրանք Թուրքիայում էլ են բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորում եւ այլն: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով չեն կարող անդրադառնալ թուրքական իշխանության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա: Բայց ծայրահեղ ազդեցություններ չկան, առավել եւս, որ թուրքական ԶԼՄ-ներն են նախանձախնդրություն դրսեւորում՝ երկրի հայերին այդ ազդեցություններից զերծ պահելու համար, եւ փորձում են Թուրքիայում ու արտերկրում ապրող հայերի միջեւ զանազանություն մտցնել՝ մի փոքր ավելի ուշադրություն եւ նրբանկատություն դրսեւորելով Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ»:
Պարոն Գոչունյանը դժվարացավ ասել, թե վերջին զարգացումներն ինչպե՞ս կարող են ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, արձանագրությունների վավերացման վրա: «Նախ՝ չգիտեմ, թե արձանագրությունների վավերացման գործընթացը ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված, որովհետեւ մի դեպքում դա պայմանավորվում է ղարաբաղյան հարցով, մեկ այլ դեպքում՝ հայ-թուրքական հարաբերությունների երանգներով: Ըստ երեւույթին, թուրքական կողմի մոտ այնքան էլ մեծ ցանկություն չկա այդ արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, բայց թե քաղաքական մթնոլորտը, իրադարձությունների զարգացումը ինչպես կազդեն այդ գործընթացների վրա՝ դժվար է ասել, եւ հարյուր տոկոսով կանխատեսել չի կարելի»,- ասաց «Ժամանակ» թերթի խմբագիրը: Այսինքն՝ հնարավոր է, որ դա որեւէ կերպ նաեւ չազդի՞ այդ պրոցեսների վրա: «Այդպես էլ չեմ կարծում: Թուրք մեկնաբանները արձանագրությունները Թուրքիայի ձեռքում շատ ամուր խաղաքարտ են համարում՝ արտասահմանում նման ճանաչումների շարքը կանխելու համար: Բայց հիմա խնդիրն այն է, թե այդ խաղաքարտը որքա՞ն ժամանակ արդյունավետությամբ կօգտագործվի: Դա ավելի ընդհանրական մեկնաբանությունների նյութ է»,- եզրափակեց Արա Գոչունյանը:

 

Պետդեպը քննադատել է ՀՀ իշխանություններին
 

Հրապարակվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը:

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որի՝ Հայաստանին վերաբերող գլխում շեշտված է, թե էական խախտումներով անցկացված 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, փաստաթղթում անդրադարձ կա Սամվել Նիկոյանի ղեկավարած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: «Հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը»,- ասված է զեկույցում:
«Տարվա ընթացքում ճգնաժամը չի կարգավորվել, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման նոր դեպքեր: Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում»,- փաստել են պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի հեղինակներն ու հավելել, որ «2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ»:
«Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը: Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել: Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից»,- արձանագրված է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի՝ Հայաստանին առնչվող բաժնում:
Փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին. «ԶԼՄ-ներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան: Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է: Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»:
Զեկույցում ասվում է, որ հայաստանյան իշխանությունները սահմանափակել են ժողովների եւ հավաքների ազատությունը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները բազմիցս մերժվել են, իշխանությունները միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները:
«Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար»,-  ընդգծված է զեկույցում:
Փաստաթուղթն ամբողջությամբ ներկայացնելով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ այժմ մեկ մտահոգիչ միտում կա ամբողջ աշխարհում. «Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն կատարող հասարակական կազմակերպությունների վրա նորանոր եւ ավերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվը հետզհետե աճում է»:

 

ԳՈՒՑԵ ԱՆՁՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն Է ԱՎԵԼԱՑԵԼ
 
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրում անդրադարձավ հիմնականում տնտեսական խնդիրների եւ, պատասխանելով հարցին՝ որպես խոշոր գործարար՝ համամի՞տ է, որ տնտեսական ճգնաժամը փայլուն կերպով հաղթահարված է մեր երկրում (հիշեցնենք, որ նման կարծիք էր հայտնել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը), բավականին թափանցիկ քննադատեց նման կարծիք ունեցողներին: Ի պատասխան Նվեր Մնացականյանի հարցի, ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ նման կարծիք կարող է հայտնել միայն այն անձը, ով բացարձակապես չի տիրապետում իրավիճակին եւ տնտեսությունից ոչինչ չի հասկանում, եւ ենթադրություն արեց, թե գուցե այդ մարդկանց անձնական-ընտանեկան բյուջեն է մեծացել, եւ այդ պատճառով իրենց թվում է, թե ճգնաժամը հաղթահարված է: Հարկ ենք համարում նշել, որ պարոն Ծառուկյանի մտքերը բառացի չեն ներկայացված: Երեկ «Առավոտը» ԲՀԿ նախագահին մեկ հարց ուղղեց արտաքին քաղաքականության վերաբերյալ, եւ ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Կայուն, անվտանգ եւ զարգացող տարածաշրջան ունենալու համար մենք կողմ ենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը: Սակայն մեր սկզբունքային դիրքորոշումը մեկն է՝ այդ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց որեւէ նախապայմանի: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը չպետք է պայմանավորված լինեն մեր ազգային գերակա շահերով: Ցեղասպանության խնդիրը չի կարող առեւտրի առարկա լինել, ԼՂ հարցը չի կարող նախապայման հանդիսանալ հայ-թուրքական հարաբերություններում: Սա՛ է մեր հստակ դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջին դեմքերի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանց մենք պետք է հակադարձենք մեր տնտեսությունը հզորացնելով, պետք է հակադարձենք ուժեղ եւ հզոր պետություն կառուցելով, եւ այդ ժամանակ մեր դիրքերը բանակցային գործընթացում շատ ավելի ամուր եւ հզոր կլինեն»:
 

ՀԿԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի
 
«Ես չեմ պատկերացնում, թե ՆԱՏՕ-ի սեմինարում ինչ խորհուրդներ պիտի տան Հայաստանին: Այդ ռազմական բլոկը միայն կարող է խորհուրդ տալ, թե ինչպես խաղաղ բնակչություն ոչնչացնել, եւ օրինակներն էլ, հավանաբար, կբերի Աֆղանստանի, Իրաքի, Կոսովոյի իր գործունեությունից»,- Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Ռոուզ-ռոութ» եռօրյա սեմինարի առիթով երեկ «Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «ՆԱՏՕ-ն իր կազմավորման օրից մինչ այսօր ժողովուրդների համար դրական ոչինչ չի արել. ավելին, միայն խեղդել է բոլոր ազատագրական շարժումները: Իսկ այսօր էլ սողալով մտնում է Հայաստան, որպեսզի առաջ տանի Թուրքիայի ցանկությունները ԼՂՀ հարցում: Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին, ՆԱՏՕ-ի հետ առնչվող  եւ Վաշինգտոնի կադրերի բաժնում հաշվառման կանգնած այլ անհատներին, որ հեռու պահեն հայ ժողովրդին այդ սադրիչ կազմակերպությունից»: Լավ գիտակցելով այդ կառույցի ռազմական եւ քաղաքական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ՝ նա նաեւ կոչ է անում ազգովին «ոչ» ասել այդ կազմակերպությանը:
 

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
 
Մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որին հետեւեցին թուրք պաշտոնյաների դատապարտող հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, օրինակ, հայտարարեց, թե «բանաձեւին կողմ քվեարկողները վախենում են պատմությունից»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտի» հետ զրույցում իր հերթին հակադարձեց այս մտքին. «Իմ խորին համոզմամբ՝ Էրդողանի մեջ խոսում է իրենց պատմության հետ կապված բարդույթը: Այդ բարդույթից ձերբազատվելու համար ոչ միայն Էրդողանը, այլ նաեւ թուրք մյուս գործիչները պետք է իրենց մեջ հաղթահարեն վախը, չվախենան սեփական պատմությունից եւ հաշտվեն Օսմանյան կայսրության եւ թուրք ժողովրդի պատմության հետ»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, թե ԱՄՆ Կոնգրեսում, թե Շվեդիայի պառլամենտում Ցեղասպանությանը դեմ քվեարկողները չէին ասում, թե Ցեղասպանություն չի եղել, այլ ասում էին, որ այժմ նպատակահարմար չէ ընդունել դրա լինելիությունը. «Թուրքերը պետք է հասկանան, որ հնարավոր չէ գետի հունին հակառակ շարժվել: Եվ նաեւ դրա համար է, որ մենք ցանկանում ենք բնականոն հարաբերություններ հաստատել թուրքերի հետ՝ օգնելու թուրք ժողովրդին, որպեսզի իրենց պատմությանը նայեն ուղիղ աչքերով. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ձերբազատվեն բարդույթից: Քանի դեռ նրանք չեն կարողացել հաղթահարել իրենց միջից վախը, քանի որ նրանց երկրում գործում է 301 հոդվածը, նրանք չեն կարող ձերբազատվել այդ բարդույթից: Սակայն, վստահ եմ, մի օր կգա այդ ժամանակը»:

 

ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
 
Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/09 ընտրատեղամասում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց՝ Պետրոս եւ Կարեն Մակեյաններին, նաեւ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրգործի քննությունը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձանց չհայտնաբերելու հիմքով: Երեկ Պետրոս Մակեյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե մարտի 11-ին իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին, որտեղ նրան միանգամից երկու նորություն են ասել. մեկ՝ որ նա քրգործով անցնում է որպես տուժող, նաեւ՝ որ քրգործը կարճվել է: Մակեյանին նաեւ «մխիթարել» են, թե՝ քրգործի նախաքննությունը կարող է վերսկսվել, եթե նրան ծեծի ենթարկողներին «հաջողվի» ի հայտ բերել:
 

ՕԲԱՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ
 
Ուրբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցության հրավերը՝ հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:
 

ՄԻԱՅՆ ՉԱՍԵՔ՝ ՃԱՆԱՉԻՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
 

Ստատուս քվոյի ցանկացած այլ փոփոխություն ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել, երեկ վստահեցրեց Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը:

«Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոութ» համաժողովի մասնակիցները երեկ վաղ առավոտյան լսեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական կողմի համանախագահ Բեռնար Ֆասիեի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին: Պարոն Ֆասիեն իր խոսքում բազմիցս հնչեցնում էր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ ոչ մի երկրի կողմից, այդ թվում նաեւ՝ Հայաստանի: «Ես ասում եմ, այսպես կոչված, Ղարաբաղի Հանրապետության, որովհետեւ ոչ մի երկիր չի ճանաչել այս հանրապետությունը՝ Հայաստանը նույնպես: Եվ սա դժվար խնդիր է, պետք է գտնել այնպիսի մի միջոց, որպեսզի այս մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, կարողանան ներկայացված լինել բանակցության մեջ, որպեսզի կարողանանք իրենց ձայնը հնչեցնել: Սա լուրջ պրոբլեմ է, պետք է լուծում գտնել, որը թույլ կտա նրանց եւս արտահայտվելու»: Բեռնար Ֆասիեն շարունակ շեշտում էր մեկ այլ միտք եւս՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Երեւանի եւ Բաքվի միջեւ, բայց այս լուծմանը պետք է մասնակից դառնան նաեւ Ղարաբաղում ապրող հայերը եւ ադրբեջանցիները: Ի դեպ, այս միտքը մի քանի անգամ շեշտեց նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: Հայաստանյան պատվիրակներից որեւէ մեկը «Ղարաբաղի ադրբեջանցիներ» արտահայտության մասով չհակադարձեց զեկուցողներին: «Հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն միասին նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- հայտարարեց Թաբիբ Հուսեյնովը: Վերջինս Ստեփանակերտի հետ զուգահեռ՝ շեշտում էր ադրբեջանական «Խանքենդի» անվանումը: Սրան եւս հակադարձում չեղավ:
Հայ պատվիրակներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ուզեց իմանալ, թե ինչու հաշվի չեն առնվում Ղարաբաղի անկախացման իրավական հիմքերը, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը փորձեց ճշտել՝ բանակցությունները ընթանում են ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների ներքո, իսկ սա հակասում է Հելսինկյան եզրափակիչ հայտնի ակտին: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը բարձրացրեց բանակցություններին Հայաստանի մասնակցության հարցը: Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ կարեւոր է համարում հետեւյալը. «Ակնհայտ է, որ վերջ ի վերջո, ինչպես ասեմ, որ ճիշտ ասեմ՝ մարդիկ, ովքեր ապրում էին Ղարաբաղում մինչեւ պատերազմը եւ ադրբեջանական ծագում ունեին, նրանք, եթե ցանկանում են, պետք է կարողանան վերադառնալ այդ հողերում ապրելու համար, վերջում, իհարկե»: Ղարաբաղյան հարցի ծագման մասին եւս պարոն դեսպանը յուրահատուկ պատկերացումներ ունի: Նրա ներկայացմամբ, խնդիրը նախ՝ «ներքին խնդիր է Ադրբեջանի համար, քանի որ ծագել է այդ տարածքում բնակվող փոքրամասնության հետ, ինչը այնուհետեւ վերածվել է երկու պետության հակամարտության»: Եվ այս պատճառով էլ դեսպանը վստահ է, որ այն որեւէ ընդհանրություն չի կարող ունենալ Կոսովոյի հարցի հետ. «Այս իրավիճակները համեմատելի չեն: Օրինակ՝ Կոսովոյի հակամարտությունը մեկ երկրի մեջ է, մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը, միաժամանակ, ե՛ւ ներքին՝ երկրի ներսում է տեղի ունենում փոքրամասնության մեջ, որը ապրում է Ադրբեջանի հատվածում, ե՛ւ արտաքին՝ երկու երկրներ է ներառում՝ Ադրբեջան եւ Հայաստան հակամարտություն է»: Ֆրանսիացի համանախագահը վստահ է, որ իրավիճակի փոփոխությունը չի կարող լինել պատերազմի միջոցով, եւ դա, ըստ դեսպանի, գիտակցում են նաեւ Ադրբեջանում. «Ենթադրենք, որ Ադրբեջանը հաղթում է, ենթադրենք, ինչը հնարավոր չէ, քանի որ ես գիտեմ հայ մարտիկների, մասնավորապես՝ ղարաբաղցիների մարտունակությունը: Բայց ենթադրենք, Ադրբեջանը ռեւանշիստական մի պատերազմ է անում: Հենց որ պատերազմը սկսվի՝ Ադրբեջանի հարստությունը արդեն կվնասվի, եւ հնարավոր չէ նրանց գազի եւ նավթի ամբողջ հարստությունը պահպանել: Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ նրանք կարող են նախապատրաստվել պատերազմի նավթի եւ գազի փողով, բայց հենց պատերազմը սկսեն՝ միջազգային ներդրողներն այլեւս ներդրումներ չեն անի, քանի որ չեն ուզի, որ իրենց սարքավորումները լինեն պատերազմական այդ գոտում, եւ սրանք ընդամենը ձեւականություններ են: Նրանք դուրս կգան այս իրավիճակից շատ տխուր ձեւով, բանն այն է, որ միշտ այս երկու հարեւանները իրար հետ են ապրելու, երբեք մարդ իր բնակության հասցեն չի փոխելու, այդ երկու ժողովուրդները բնակվել են միեւնույն հասցեում, փաստորեն մարդիկ դատապարտված են իրար հասկանալու, իրար կողքի ապրելու, ուրիշ լուծում չկա»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը:
Ի դեպ, Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Թաբիբ Հուսեյնովը իր հյուրանոցային սենյակից (ինքն այդպես ասաց) բերել էր մի քարտեզ, որում Հայաստանը եւ Ղարաբաղը ներկայացված են որպես մեկ ամբողջություն, եւ այդ քարտեզը ցույց տալով՝ պարոն Հուսեյնովն ասաց. «Այս քարտեզում, եթե դիտարկենք, որ բոլոր սենյակներում կա, Հայաստանը եւ Ղարաբաղը ցույց են տրվում որպես մեկ պետություն, եւ ժամանակի ընթացքում նմանատիպ մոտեցումները կարծրացրել են վերաբերմունքը հասարակության մեջ: Ադրբեջանը, մյուս կողմից, ավելի եւ ավելի անհամբեր է դառնում»: Պարոն Հուսեյնովը նաեւ հայտարարեց. «Հայաստանը եւ Ադրբեջանը այս հիմնական սկզբունքները հիմնականում ընդունել են: Ի տարբերություն դրան՝ ներքին հայկական եւ ադրբեջանական հասարակությունների զարգացումները դեռ շարունակում են խոչընդոտ մնալ: Ես չեմ ուզում մեղադրել սովորական մարդկանց: Կարծում եմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում էլիտան եւ ղեկավար շրջանակները օգտագործել են հանրային մտահոգությունները բանակցություններում իրենց դիրքերը ուժեղացնելու համար: Եվս մի խնդիր, որը թույլ չի տալիս առաջ քաշել խնդրի լուծումը՝ հաղթողի եւ պարտվողի սինդրոմն է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում: Շատ մարդիկ Հայաստանում կարծում են, որ որպես հաղթող կողմ՝ ավելի շատ կորցնելու բան ունեն Մադրիդյան սկզբունքների առաջարկների ներքո: Կարծում եմ, որ ստատուս քվոն օգտագործվում է Հայաստանի կողմից լուծում գտնելու համար: Ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, որը չի պահանջում ճանաչելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ընդունելի է Ադրբեջանի համար»:

 

Երեւանը միայն ասում է
 

Այդպես է թուրք պատգամավորը գնահատել ՀՀ իշխանությունների «սպառնալիքը»՝ հետ կանչել իր ստորագրությունը:

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես նախօրեին Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ու ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը»,- ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ-Ռոութ» համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: Վերջինիս կարծիքով՝ նման որոշումները կհանգեցնեն հայ-թուրքական գործընթացի վերջնական ձախողմանը: Թուրք պատգամավորը նաեւ զգուշացրել է, որ եթե գործընթացը ձախողվի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններն ավելի կվատանան, քան նախքան բանակցությունները, իսկ իրավիճակը տարածաշրջանում ավելի կսրվի. «Մենք ոչ մի դեպքում որպես կարգավորման պայման չենք դնում Ցեղասպանության հարցը, ուղղակի այդ հարցը եւ դրա միջազգային ճանաչումը բարդացնում են արձանագրությունների վավերացման հնարավորությունը: Նախկինում Երեւանում խոսում էին արձանագրությունները մինչեւ հունվար, այժմ՝ մինչեւ ապրիլ ստորագրելու անհրաժեշտության մասին: Ասում էին, որ եթե Թուրքիան մինչեւ հունվար չվավերացնի արձանագրությունները, Երեւանը ետ կկանչի իր ստորագրությունը, բայց դա տեղի չունեցավ: Իսկ Թուրքիան մինչեւ ապրիլ էլ չի ընդունի այդ արձանագրությունները: Տեսնենք, թե ինչ կանի Երեւանն այս անգամ: Հայ-թուրքական սահմանը 17 տարի փակ է, կարելի է մի տարի էլ սպասել»,- ըստ panorama.am-ի՝ հայտարարել է թուրք պատգամավորը:
Իսկ ադրբեջանցի փորձագետ Իլգար Մամեդովը հայտարարել է. «Ցանկացած բանակցություն առեւտուր է, ամեն մի կողմը պետք է մի բան տա»: Այս փորձագետի համոզմամբ, մինչեւ Հայաստանի ՍԴ որոշումը պարզ էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Թուրքիայի հանդեպ հողային պահանջներից եւ, մասամբ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք մտադիր չէ քննարկել Ցեղասպանության փաստը, քանի որ դա քննարկման ենթակա չէ: Ի դեպ, համաժողովի նախորդ օրը եւս նման կոշտ միջադեպ գրանցվեց, երբ թուրք մեկ այլ պատվիրակը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը միանշանակ պայմանավորված է ԼՂ հարցի կարգավորման գործընթացով, իսկ Հայաստանի ՍԴ որոշումը էապես բարդացրեց եւ խիստ անորոշ դարձրեց Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման հարցը: Տեղում այս պատվիրակին հակադարձեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Ցավում եմ, որ հայկական կողմի նախաձեռնությունը խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան ունենալու համար, որի առաջին քայլը պիտի լինի երկու ժողովուրդների միջեւ վստահության ստեղծումը, համառորեն խոչընդոտվում է Թուրքիայի կողմից: Սին են ձեր հույսերը՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը կապել միմյանց: Ցավում եմ, որ Թուրքիայում որեւէ մեկին թվում է, թե Հայաստանը որեւէ մեկի հետ կարող է քննարկել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը»:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը իր հերթին հայտարարեց. «Այն, որ անցած 20 տարիների ընթացքում Ղարաբաղում կայացել է անկախ պետություն, որ այդ պետության մեջ մեծացել է մի սերունդ, ով չի էլ պատկերացնում, որ հնարավոր է իր երկիրը տեսնել Ադրբեջանի կազմում, որը տեսնում է, որ իր երկիրը իրավամբ շատ ավելի ժողովրդավար է, քան նույն Ադրբեջանը: Այս հարցերը միջազգային հանրությանը կարծես չի հետաքրքրում: Լենմարկերը հայտարարեց, որ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո աշխարհը մի մեծ նվաճում ունեցավ՝ վերացան մեծ ու փոքր պետությունների միջեւ տարբերությունները: Տեսնես՝ քանի՞ պատերազմ է հարկավոր եվրոպացիներին եւ ինչքա՞ն փութ արյուն, որպեսզի իրենք կարողանան մի տարբերություն եւս վերացնել՝ նավթ ունեցող պետությունների եւ նավթ չունեցող պետությունների տարբերությունները»:

 

ԻԶՈՒՐ Է ԲՈՂՈՔՈՒՄ
 

Արձագանքում է քաղաքապետարանը

«Առավոտ» օրաթերթի մարտի 12-ի համարում տպագրված «Նախագահի մեքենայի առաջը կտրել է» հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք, որ հոդվածում տեղ գտած փաստերը, որոնցով քաղաքացին փորձում է հիմնավորել իր բողոքը, չեն համապատասխանում իրականությանը: Վալենտինա Զաքարյանը մինչեւ 2004թ. նոյեմբեր ամիսը ընտանիքի 3 անձով՝ ինքը, տղան, աղջիկը, բնակվել են Ֆուչիկի փողոցի թիվ 10 քանդման ենթակա վթարային շենքի թ.41 երեք սենյականոց  բնակարանում: Նշված շենքն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված՝ քանդման ենթակա վթարային բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի ցանկում:
Նշենք, որ դրամական փոխհատուցումներ տրամադրելու  ծրագիրը սկսվել է իրականացվել 2001 թվականից, իսկ շենքը քանդվել է  2004 թվականի  տարեվերջին: Փախստական ընտանիքի 3 անձին, վթարային շենքում զբաղեցրած երեք սենյականոց բնակարանի փոխարեն, Երեւանի Աջափնյակ թաղային  համայնքի կողմից  մեկ սենյականոց բնակարանի համար պայմանագիր կնքելու եւ  դրամական փոխհատուցման գումարը առաջարկելու համար հիմք է ընդունվել ՀՀ  կառավարության 25.10.2000թ. թ.682 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի բ) ենթակետի պահանջը, համաձայն որի՝ փախստականներին բնակարաններ հատկացվում են ՀՀ կառավարության  09.08.
1997թ. թ.330 որոշմամբ հաստատված կարգի նորմերով սահմանված չափով:
ՀՀ կառավարության 09.08.1997թ. «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման եւ բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին»  թ.330 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի համաձայն, մինչեւ 3  անդամից բաղկացած ընտանիքներին հատկացվում է մեկ սենյականոց, 4-5 անդամից բաղկացած ընտանիքներին՝ երկու սենյականոց, իսկ 5-ից ավելի անդամներից բաղկացած ընտանիքներին՝  երեք սենյականոց բնակարան:
Ֆուչիկի փողոցի թ.10 շենքի քանդման եւ բնակիչների վերաբնակեցման ծրագիրն  ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ կառավարության 12.10.2006թ. թիվ 1559-Ն որոշումը, որը սահմանում է  փախստականներին բնակարանների հատկացումը կատարել ՀՀ կառավարության 20.05.04թ. թ.747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված նորմերով, համաձայն որի՝ 1-2 անձից բաղկացած ընտանիքներին հատկացվում է մեկ սենյականոց, 3-4 անձից բաղկացած ընտանիքներին՝ երկու սենյականոց բնակարան:
Վալենտինա Զաքարյանի  ընտանիքը  ծրագրի իրականացման ժամանակ հրաժարվել է կնքել պայմանագիր՝ մեկ սենյականոց բնակարանի շուկայական միջինացված գներով ստանալ դրամական փոխհատուցման գումարը: Փախստականի  ընտանիքում հաշվառված երկու անձին Երեւանի քաղաքապետի 10.01.2009թ. թ.25-Ա  որոշմամբ, Դավիթաշենի 4-րդ  թաղամասի թ.53 շենքի 2-րդ հարկի թ.7 մեկ սենյականոց բնակարան հատկացնելու հիմք են ծառայել վերը նշված՝ ՀՀ կառավարության որոշման պահանջները եւ ՀՀ  տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության 26.11.2008թ. թ.1/7-1664 գրությամբ ներկայացված տեղեկությունները, համաձայն որի՝ Վալենտինա Զաքարյանի տղան՝ Անատոլի Զաքարյանը, 14.02.2005թ.-ին հանվել է հաշվառումից՝ Ուզբեկստանի քաղաքացիություն ստանալու  կապակցությամբ:
Քաղաքացի Վալենտինա Զաքարյանը քաղաքապետարանի ընդունած որոշման իրավականության հարցը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել դատարանում:

 

Ինչո՞ւ է պետությունը կողքի քաշվել
 

Արձագանքում է բանասերը

Լեզվի զարգացման արդի փուլում անժխտելի է մամուլի եւ հեռուստատեսության դերը ժողովրդի խոսքի մշակույթի զարգացման գործում: Սակայն, դժբախտաբար, սրանց բնորոշ է դարձել մեր մայրենիին ոչ հարիր անգույն ու գորշ մի լեզու: Ո՞վ է թույլ տալիս ոմն Գեւո վարի «փողոցային» բառերով ու գռեհկաբանություններով հեղեղված իր հումորային ծրագիրը: «32 ատամ ակումբ» ծրագրի երիտասարդները ծռմռված բերաններով հնչեցնում են ինչ-որ խեղկատակություններ եւ ժարգոնային բառեր ու արտահայտություններ, որոնք չունեն իրենց մեկնաբանությունը: Ցավալին այն է, որ հանրությունն այս ամենն ընդունում է սիրով՝ չմտածելով մեր ապագան կերտող վաղվա սերնդի մասին:
Եկե՛ք մի պահ հետադարձ հայացք գցենք՝ հիշելու, թե մի քանի տարի առաջ ինչպիսին էին մեր գովազդների լեզուն եւ բովանդակությունը: Ընդամենը զավեշտ էր, խեղկատակություն: Չենք թաքցնում, որ այժմ բավական բան է փոխվել այս ասպարեզում: Ուրեմն կարելի է շատ բան փոխել, երբ անտարբերություն չկա: Այսօր էլ, երբ ավելի հաճախ է հանրությունը խոսում եթերի լեզվական խաթարումների մասին, ինչ-որ բան փոխվում է հաղորդումներում, ավելի լուրջ եւ շրջահայաց են դարձել առանձին լրագրող-խոսնակներ՝ փորձելով ձերբազատվել լեզվական ակնառու սխալներից: Այսինքն՝ հասարակական անհանգստությունն իզուր չի անցնում, իր հետքն է թողնում, սկիզբ դնում շատ ցանկալի փոփոխությունների:
Փորձենք մի փոքր խոսել նաեւ օտարաբանությունների մասին: Ինչո՞ւ գործածել «ֆունկցիա», «պրոբլեմ», «պրոսպեկտ» բառերը, երբ ունենք դրանց հայերեն հաջողված համարժեքները: Իզուր չէ, որ Մայա Ավագյանը իր «Խոհեր մայրենի լեզվի մասին» գրքում գրում է. «Երբ գիտակցենք, որ օտար բառերով պճնված խոսքը դատարկ տակառի զրնգոցի է նման եւ վերջ տանք մեր հույլ անտարբերությանը լեզվի նկատմամբ, այն ժամանակ մայրենի բառերը կտրվեն մեզ հարազատի վստահությամբ, որովհետեւ նրանց մենք «զգում ենք, ապրում» եւ ոչ թե սովորում եւ մտապահում»:
Որքա՜ն հաճելի է ունկնդիր լինել մաքրամաքուր հայերենի, որը, ցավոք, վաղո՜ւց մոռացվել է:
Վերը բերված օրինակները, որոնք ներկայացնում են լեզվական խաթարումները, այսօր կյանքի տարբեր բնագավառներում են դրսեւորվում եւ առնչվում են ամեն մեկիս՝ երեխայից մինչեւ մեծահասակները: Անկեղծ ասած, ինչ-որ տեղ ամեն ինչ, կարծես թե, ինքնահոսի է թողնված: Բայց մեր լեզուն, որպես մեր ազգային անվտանգության ու ազգային ինքնության անբաժանելի մաս, կարիք ունի հոգատարության՝ բոլորիս կողմից եւ առաջին հերթին՝ պետության: Բայց այսօր պետությունն իր այդ շատ կարեւոր գործառույթին, ամենատարբեր պատճառներով, տեր չի կանգնում: Լեզվի անաղարտ պահպանությունը մի քանի հիմնական գումարելի ունի՝ լեզվական քաղաքականության մշակում, դրա իրագործում, վերահսկողական մեխանիզմների կիրառում: Իսկ դա նշանակում է, որ հենց պետությունն է կարգավորում լեզվաշինությունը: Չէ՞ որ լեզուն կենդանի օրգանիզմ է, որն անընդհատ փոփոխվում է: Իսկ այդ փոփոխությունները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բացասականը ամեն օր ենք տեսնում: Իսկ դրականին եւ կառուցողականին միշտ ենք սպասում: Անկասկած, այս ամենը կարգավորելու եւ ամբողջացնելու համար մի պետական մարմին է անհրաժեշտ, որը կզբաղվի այդ խնդիրների կանոնակարգմամբ եւ լուծումներով: Այսօր այդ առաքելությունը իներցիայի ուժով վերագրվում է Լեզվի պետական տեսչությանը, որի գործառույթները սահմանափակվել եւ հանգել են միայն հսկողականին, այն էլ՝ անկատար իրավական դաշտում: Թերեւս Լեզվի պետական տեսչությանը պետք է վերադարձնել առնվազն այն գործառույթները, որոնք ամրագրված են «Լեզվի մասին» ՀՀ օրենքում, երբ առաջնայինը ծրագրային հասցեական մոտեցումներն են լեզվական խնդիրներին, իսկ սպասված արդյունքը լեզվաքաղաքականության մշակումն է, լեզվաշինության իրականացումը եւ այս ամենի արդյունքում՝ մաքուր եւ անաղարտ հայոց լեզուն:

 

Սերմանել ոգի եւ արժանապատվություն
 

Արձագանքում է տատիկը

Սիրով եմ արձագանքում «Առավոտ» օրաթերթում «Հայկական մազոխի՞զմ, թե՞ սադիզմ» հոդվածին: Կրթական այս քննարկումներին էլ վերաբերվում եմ «Ջուրը մինչեւ չպղտորի, չի զուլալի» ասույթով: Զուր չէ ասված՝ «Ազգի փրկությունը մեր հայ մայրերի ձեռքում է»:
Թոռնիկս սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Անչափ հպարտանում եմ նրա բարեկիրթ ու դաստիարակված որակով: Ինչ ուզում եք ասեք, դասական ու ավանդույթներով հարուստ դպրոցն ուրիշ է, շնորհակալություն նաեւ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին՝ կրթօջախի ավանդույթներն այդպես բարձր մակարդակի պահելու համար, անվանումն ու արձանը մերօրյա վանդալներից փրկել-վերականգնելու համար:
Ահա թոռնիկս, երեկ երեկոյան, հերթական անգամ մտնելով իմ հարկաբաժին, դիմեց ինձ՝ տատի՛կ, կներես, հո չխանգարեցի՞, կարո՞ղ ենք մի քիչ զրուցել (այստեղ էլ շնորհակալություն հարսիս՝ նման հարգալից վերաբերմունքով մեծերի նկատմամբ դաստիարակելու համար), հալումաշ լինելով՝ համակ ուշադրություն դարձա: Զրույցի թեման հայ գրականությունից հերթական դասն էր՝ Միսաք Մեծարենց: Ասեմ, որ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության իմ տեսակն ունեմ, որն ուսանել եմ Մեծն Սահյանից՝ «Մեջքով հենվել հնությանը, դեմքով ընդունել նորությունը»: Մեծագույն հարգանք ունենալով հանդերձ վաղամեռիկ բանաստեղծի հիշատակին՝ այստեղ, թոռնիկիս պարագայում սահմռկեցի ու չգիտեի՝ ինչպես բացատրել նրան «հաշիշով օծուն ու բալասանով, լուսեղեն ճամփան ես կանցնեմ գինով»-ն ու... որ հեղինակի հոգու լույսը քիչ քիչ կմաշի, քանի որ շրթունքն է ծարավ միակ համբույրին, էլ չեմ ասում «հեշտանքին»: Ասեմ, մեր նախապապի արխալուղը որքան էլ որ գուրգուրեմ, այն հանդուրժում եմ միայն ազգագրական թանգարանում, արվեստում էլ եմ այլեւս նրանից խուսափում, ուր մնաց՝ մատաղ սերնդիդ հոգում:
Շփոթմունքիցս չգիտեի ինչ պատասխանել կրկնակի շփոթված թոռնիկիս: Նման դեպքերում հաճախ եմ նրան առաջարկում փոխարինող տարբերակն ընտրել, օրինակ, տվյալ հերթական բանաստեղծի մեկ ուրիշ, ավելի բարձրարժեք ու տարիքային առումով համապատասխան մի ստեղծագործություն: Դա էլ կախված է ուսուցչուհու մոտեցումից, թե ինչպես կընդունի մեր ինքնագործունեությունը: Իսկ երեկվա Մեծարենցի «Սիրերգը», որն առնվազն բանասիրականի առաջին կուրսեցու թեմա էր, ուղղակի զայրույթիս բաժակը լցրեց: Որքան էլ որդիս հումորով ու ժպիտով արձագանքեց, թե՝ արդեն տարիքն է, թող արդեն սովորի... ինձ այլեւս մնում էր առաջարկել Վարուժանի «Հարճը» գտնենք՝ վարձենք... անցումային տարիքի դեռահասի հետ գործ ունենք:
Իսկ «Առավոտի» սույն հոդվածն ինձ ստիպեց արձագանքել, որ գոնե այսպես զայրույթներս պարպենք այս վայ-դասագրքերը կազմողների վրա. «Գրանտ էիք շահել, առնեիք ու երկրից թռնեիք, ինչպես ժամանակին ոմանք, թե չէ՝ ինչպես կարելի է մի ողջ սերունդ խեղանդամել, ավելին՝ մեր դասական գրականության նկատմամբ էլ նման վերաբերմունք սերմանել»:

 

Արմավիրում մշակութային կյանքը ծաղկում է
 

Արձագանքում է թատերական խմբակը

Կարդալով «Առավոտ» օրաթերթի 2010 թ.
փետրվարի 27-ի համարը՝ հանդիպեցի մի նյութի: «Հոգեւոր սնունդով ընտանիք չես պահի» հոդվածում հեղինակը ներկայացնում է Արմավիր քաղաքի «տխուր» իրականությունը: «Արմավիր քաղաքում ոչ թատրոն կա, ոչ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երեւում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերգներ գրեթե չեն լինում»,- հոդվածի հեղինակ Աննա Կոստանյանն է արմավիրյան այս «ողբալի» իրականությունը ներկայացրել:
Մենք՝ ներքոստորագրողներս, լինելով Արմավիրի մշակույթի տան թատերական խմբի անդամ, ցանկանում ենք ծանոթացնել մեզանում տեղի ունեցող մշակութային իրադարձություններին: 2007 թվականի մարտ ամսից Արմավիրի մշակույթի տանը գործում է թատերական խմբակ՝ ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ստորեւ կփորձենք համառոտ ներկայացնել մինչ օրս կատարված աշխատանքները: 2007 թվականին հանդիսատեսի դատին է հանձնվել խմբի դերասան Վաղինակ Սարգսյանի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» պիեսը՝ ըստ Պարույր Սեւակի ստեղծագործությունների: Նույն թվականի դեկտեմբերին կայացավ Ա. Վամպիլովի «Պատմություն մետրանպաժի հետ» պիեսի առաջնախաղը: 2008 թվականի մայիսին թատերախումբը այս երկու ներկայացումներով մասնակցեց «Մենք ենք մեր մարզերը» հանրապետության համայնքային թատրոնների առաջին փառատոնին: 2009 թվականին թատերախումբը ամանորի ներկայացումով շուրջ 14 անգամ բեմ բարձրացավ մանուկ հանդիսատեսի համար: Ներկա պահին թատերախումբն աշխատում է Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» պիեսի վրա:
Հարկ է նշել նաեւ, որ ջազ նվագախումբը ստեղծվել է ոչ թե 2009 թվականին, ինչպես ներկայացվում է հոդվածում, այլ 1998 թվականին: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ եւ սիրով հրավիրում ենք Աննա Կոստանյանին՝ ծանոթանալու Արմավիրի մշակութային կյանքին:

Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ռեժիսոր
ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՂՈՅԱՆ,
ՌՈԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
ՎԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ, դերասաններ

 

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

ՈՒՐԻՇԻ ՆԱՄԱԿՆԵՐ
Եվ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու սաղ գիշեր խռմփացնում էիր, բայց ես ոչ մի վայրկյան չեմ քնել», եւ Նինան ինձ համբուրելով ու ժպտալով ասաց՝ «շարունակում ես վիրավորել», եւ ես Նինային գրկելով ու կողքս պառկեցնելով ասացի՝ «մի քանի րոպեով աշխատանքային կենսագրությունդ փչացնենք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «սխալ ես փչացնում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «փոխանակ շալվարս հանես, բլուզս ես հանել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեզ մոտ ինքնասպասարկում է», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էլի ես վիրավորում» եւ ժպտալով ավելացրեց՝ «բայց դրան էլ եմ համաձայն» եւ շալվարը հանելով ասաց՝ «մենակ թե՝ մի նեղացի», եւ ես արդեն մորեմերկ Նինային գրկելով ասացի՝ «առանձնապես նեղացկոտ չեմ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «արդեն քիթդ կախել էիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էդ անքնությունից ա», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «այսինքն, չէիր նեղացե՞լ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «չէ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «փաստորեն, ինձ խաբեցիր» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «խաբեցիր՝ շալվարս հանել տվիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շալվարդ կամավոր ես հանել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «որովհետեւ մեզ մոտ ինքնասպասարկում է», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կամաց հռհռա. Սոկոլովը կլսի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «անաստվածն էնքան էլ շուտ ա զարթնում», եւ ես Նինային հարցրի՝ «ի՞նչ գիտես՝ շուտ ա զարթնում», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «ձայները չե՞ս լսում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ ձայներ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էդ անխիղճը ժամը յոթից մարզանքն սկսում ա. սենյակում համարյա կես ժամ վազվզում ա», եւ ես լսողությունս լարեցի, բայց ոչ մի ձայն չլսեցի, եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «չես լսո՞ւմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ոչ մի ձայն չկա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «խուլ ե՞ս», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ոչ մի ձայն չկա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «հասկացա», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ հասկացար», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էնքան ես ինձնով տարված, որ Սոկոլովի սմբակների ձայները չես լսում», եւ ես Նինային համբուրելով հայերեն ասացի՝ «տարոսը քեզ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ ասացիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հեչ», եւ Նինան հարցրեց՝ «ո՞նց թե հեչ. կարող ա՞ էլի վիրավորեցիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «անկախ ինձանից՝ հետդ հայերեն խոսեցի», եւ Նինան հարցրեց՝ «կարող ա՞ հայերեն հայհոյեցիր», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ոչ մի հայհոյանք չեմ տվել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «դե էդ նույնը ռուսերեն ասա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էդ ասածս հնարավոր չի ռուսերեն թարգմանել», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ինչքան հնարավոր ա՝ էդքան թարգմանի», եւ ես Նինային ամուր գրկելով ու համբուրելով ասացի՝ «մինչեւ թարգմանեմ՝ աշխատանքից կուշանաս», եւ Նինան ինձ ամուր գրկելով ճչաց՝ «կորչի՛ աշխատանքը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մի գոռա. Սոկոլովը կլսի», եւ Նինան ինձ ավելի ամուր գրկելով ճչաց՝ «Սոկոլովի մե՛րը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «արդեն դու էլ ես վիրավորում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ վիրավորում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «Սոկոլովին», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «ասում ես՝ մեր հաշվով կասկածներ ունի՞», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ոչ թե կասկածներ ունի, այլ հարուր տոկոսով համոզված ա», եւ Նինան ինձ ամուր գրկելով ասաց՝ «իրա մե՛րը», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «էսօր շատ կոպիտ ես», եւ Նինան քնքշորեն ինձ համբուրելով հարցրեց՝ «ո՞ւմ հանդեպ եմ կոպիտ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Սոկոլովի» եւ համբուրելով ավելացրի՝ «էրեկ էս տեսակ կոպիտ բառեր չէիր ասում», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «կամաց-կամաց բացվում եմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ծաղկի պես բացվել ես», եւ Նինան ինձ համբուրելով հարցրեց՝ «ինձ ո՞նց ես ավելի հավանում. էրեկվա վիճակո՞վ, թե՞ ըսենց բացված», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ըսենց լրիվ նորություն ա», եւ Նինան վերմակի տակ սուզվելով ասաց՝ «տղամարդիկ նորություն սիրում են» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «մանավանդ կովկասցիները», եւ ես վերմակի տակ Նինային գտնելով ասացի՝ «էրեւում ա՝ կովկասցիների հետ շատ ես շփվել», եւ Նինան վերմակը մեր վրայից շպրտելով ասաց՝ «որ մի բան ասեմ՝ երեւի չես հավատա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «կհավատամ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «դու իմ կյանքում առաջին կովկասցին ես», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հուսով եմ՝ վերջինը կըլնեմ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «շա՜տ էգոիստն ես», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «տարուց ավել ա՝ տղամարդու էրես չէի տեսել», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «բայց հնարավորություն ունեցել ես, չէ՞», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «հնարավորություն միշտ էլ կա» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «մի քիչ էլ ցանկություն ա հարկավոր», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «ցանկությունդ լավ էլ տեղն ա», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «որ սկսում ես՝ ախորժակդ սկսում ա բացվել», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «շատ ուրախ եմ, որ հիմի ա ախորժակդ բացվում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «հեռու հեռվից մեկին սիրում էի ու որոշել էի, որ չպիտի էդ մեկին դավաճանեմ», եւ ես Նինային հարցրի՝ «ի՞նչ մեկ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «էդ մեկն էնքան հեռու ա գտնվում, որ արդեն անունն էլ եմ դժվարանում հիշել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հիմա նույնիսկ քո անունը չեմ հիշում», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «որ հիշողությունդ մի քիչ լարես՝ կարող ա անունս հիշես», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «հեչ չեմ ուզում լարվեմ» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «որ լարվում եմ՝ չի ստացվում», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «ի՞նչը չի ստացվում», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «անուններ հիշելը», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «անունները հեչ կարեւոր չեն», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «մարդիկ ավելի կարեւոր են, քան՝ անունները» եւ ինձ համբուրելով ավելացրեց՝ «մարդիկ իրարից ավելի տարբեր են, քան՝ անունները» եւ մի քիչ մտածեց ու ինձ սիրելով ավելացրեց՝ «բայց, մեծ հաշվով, բոլոր տղամարդիկ էլ նույնն են», եւ ես Նինային սիրելով ու ժպտալով ասացի՝ «մի լարվի, որ ստացվի», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «դիտմամբ եմ լարվում, որ էս հաճույքը երկարաձգեմ» եւ ինձ շատ ամուր գրկելով ճչաց՝ «աշխատանքային կենսագրությունս փչացրի՜ր», եւ ես ամբողջ ուժով Նինային գրկելով գոռացի՝ «միասի՜ն փչացրինք», եւ հենց էդ պահին դուռը ծեծեցին, եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բացե՞մ», եւ ես ցնցվելով ասացի՝ «հանկարծ չբացես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ հիմա արդեն կարելի ա բացել», եւ ես ասացի՝ «լրիվ տկլոր ենք», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «ինձնից չես ամաչում՝ էդ անասունից ե՞ս ամաչում», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ անասուն», եւ Նինան ասաց՝ «սովորաբար էս ժամին Սոկոլովն ա դուռս ծեծում», եւ ես շշնջալով հարցրի՝ «կարող ա՞ վրեդ աչք ունի», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ծրարի ժամն ա», եւ ես շշնջալով ասացի՝ «մի գոռա. կլսի», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «արդեն գնացել ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «չես լսո՞ւմ. արդեն սենյակում ա տռճիկ տալիս», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շատ ուժեղ լսողություն ունես. դու պիտի երաժիշտ դառնայիր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «դեռ կհասցնեմ. դեռ շատ ջահել եմ» եւ ինձ համբուրելով հարցրեց՝ «ինձ քանի՞ տարեկան կտաս», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «քսանմեկ կամ ամենաշատը քսաներկու», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ապրես», եւ ես հարցրի՝ «ճիշտ գուշակեցի՞», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շատ ճիշտ կոմպլիմենտ արիր», եւ ես Նինային ասացի՝ «որ չիմանայի ինստիտուտն ավարտել ես, տասնութ տարեկանից ավել չէի տա», եւ Նինան տեղից վեր կենալով ու սրճեփը վերցնելով հարցրեց՝ «սուրճ խմելու ենք, չէ՞», եւ ես ասացի՝ «չի խանգարի», եւ Նինան սուրճը սրճեփի մեջ լցնելով ասաց՝ «փետրվարին քսանհինգս կլրանա», եւ ես ասացի՝ «տասնութ տարեկանի մարմին ունես», եւ Նինան շաքարավազը սրճեփի մեջ լցնելով հարցրեց՝ «տասնութ տարեկանի մարմին տեսել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լիքը» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ամեն ամառ ծովափ եմ գնում», եւ Նինան ջուրը սրճեփի մեջ լցնելով հարցրեց՝ «էդ տասնութ տարեկանների մարմինները ծովափի՞ն ես տեսել, թե՝ անկողնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ծովափին», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդ հասարակ հարցիս վրա մի ժամ մտածեցիր՝ նոր պատասխանեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որովհետեւ աղջիկների ու կանանց տարիքը հարցնելու սովորություն չունեմ», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բա իմ տարիքն ինչի՞ հարցրիր», եւ ես արդարանալով ասացի՝ «տարիքի հաշվով դու խոսակցություն բացեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ բացել եմ՝ շարունակեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դո՞ւ ինչքան ես», եւ ես ժպտալով ասացի՝ «մարտին կդառնամ երեսուն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տասնութ տարեկանների համար ահագին բիձա ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ քսանհինգ տարեկանների կարծիքն ավելի ա հետաքրքրում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առայժմ քսանչորս եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ առայժմ քսանինն եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ընդամենը քսանինն ես, բայց քեզ շա՜տ ծանր ես պահում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ ծանր պահում», եւ Նինան սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց՝ «պառկել սպասում ես, որ տեղաշորիդ մեջ սուրճդ մատուցեն», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «որ իմ սենյակում ըլնեինք, ես կմատուցեի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «քո նեղլիկ մահճակալին երկուսով դժվար թե տեղավորվեինք», եւ ես ժպտալով ասացի՝ «մարդու մտքին տեղ ըլնի», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ինձ լրիվ բոզի տեղ ես դրել», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց ենթադրեցիր», եւ Նինան աթոռը մահճակալին մոտեցնելով եւ սուրճերն աթոռին դնելով ասաց՝ «կարող ա՞ ուրիշների պես սրանրա սենյակներում քարշ գամ», եւ ես ժպտալով ասացի՝ «էսքան նեղություն որ քաշեցիր, սիգարետս ու վառիչս էլ բեր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «որ շատ խնդրես՝ կբերեմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «շա՜տ եմ խնդրում», եւ Նինան սիգարետի տուփը, վառիչն ու մոխրամանն աթոռին դնելով ու կողքս տեղավորվելով ասաց՝ «կարելի՞ է ձեր սիգարետից օգտվել, ձերդ երեսնամյա մեծություն», եւ ես Նինայի սիգարետը վառելով ասացի՝ «չգիտեի, որ ծխում ես», եւ Նինան ծուխը ներքաշելով ասաց՝ «միանգամից ահագին բան իմացար» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Նինան ինձ գրկելով ասաց՝ «օրուկես առաջ լրիվ օտար մարդիկ էինք, իսկ հիմա էնպիսի զգացողություն ունեմ՝ ասես հազար տարի իրար ճանաչել ենք», ու էդ պահին նորից դուռը թակեցին, եւ Նինան ասաց՝ «էլի էդ անասունն ա. արդեն զզվացնում ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ ինքն ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «էս ժամին մենակ ինքն ա դուռս ծեծում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի ծրարն ա բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հաստատ մի վեպի չափ գրած կըլնի», եւ ես հարցրի՝ «ո՞նց վեպի չափ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «արանքում որ կիրակի ա ընկնում, ինքը կրկնակի ա գրում», եւ ես հարցրի՝ «իրա էդ սաղ գրածները կարդում ե՞ս», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ուրիշների նամակները կարդալու սովորություն չունեմ», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ գիտես, որ կրկնակի ա գրում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ծրարի հաստությունից եմ զգում», եւ էդ պահին նորից դուռը թակեցին, եւ Նինան վրդովված ասաց՝ «չբացե՞նք՝ դրա մռութը ջարդենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ըսենց տկլո՞ր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ինձնից չես ամաչում՝ էդ անասունից ե՞ս ամաչում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «քո համար եմ ամաչում. չեմ ուզում, որ քեզ ըսենց տկլոր տենա» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «էդ իրա համար մի քիչ շատ կըլնի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ ուշադրությունը լարելով ավելացրեց՝ «արդեն վերջնական գնաց», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց իմացար», եւ Նինան հանգստացած ասաց՝ «ոտնաձայները դեպի լիֆտն են գնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Սոկոլովի գծով լրիվ մասնագիտացել ես», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «ինքն ամեն առավոտ էս ժամին ա սիկտիրը քաշում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ժամացույցս էդ անասունի գնալով եմ ուղղում», եւ ես ժամացույցին նայելով հարցրի՝ «ամեն օր էսքան շուտ ա՞ դասի գնում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էսօր հինգ րոպե ուշ գնաց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դուռը չբացեցի, դրա համար էլ ոտը մի քիչ կախ գցեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չհաջողացրեց էդ հանապազօրյա ծրարն ինձ տալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էնպես որ՝ ճիշտ ես ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդ անասունի գծով լրիվ մասնագիտացել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց ահագին հետ ես մնացել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց եմ հետ մնացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կյանքից» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «կյանքից, ժամանակից ու Սոկոլովից», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ բացատրեմ՝ կհասկանաս», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ կհասկանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «կհասկանաս, որ Սոկոլովն էսօր քեզ ոչ մի ծրար էլ չէր տալու», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «բա խի՞ էր դուռը ծեծում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ուզում էր ճշտեր», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչը ճշտեր», եւ ես ասացի՝ «ուզում էր ճշտեր՝ մենք իրար հե՞տ ենք, թե՝ չէ», եւ Նինան ասաց՝ «բա ասում ես՝ արդեն գլխի ա ընկել», եւ ես ասացի՝ «երեւի ուզում ա վերջնականապես ճշտի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ կճշտեր, համ էլ ծրարը կտար», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի ծրար էլ չէր տալու», եւ Նինան բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ մի բան ասեմ, էլ չես ասի, որ կյանքից ու ժամանակից հետ եմ մնացել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա», եւ Նինան ասաց՝ «ճիշտն ասած, իմ մտքով էլ էր անցել, որ էդ անասունն էս օրերին ինձ ծրար չի տա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ չպիտի տար», եւ Նինան ասաց՝ «որովհետեւ Սանյան էստեղ չի» եւ ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «էդ զրպարտագրերի հիմնական թեման Ռոդիոնովն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «բա ասում ես՝ ուրիշների նամակները չես կարդում», եւ Նինան ասաց՝ «սկզբնական շրջանում կարդում էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբնական շրջանում ռեկտորն էլ էր կարդում. Պիմենովը կարդում ու փոխանցում էր ինձ», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ կյանքից ու ժամանակից էնքան էլ հետ չես մնացել», եւ Նինան ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էնպես որ, հենց Սանյան վերադառնա, էդ անասունն էլի կսկսի գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան էլ չի գրի», եւ Նինան ասաց՝ «ասում եմ՝ Սանյայի վերադառնալուց հետո», եւ ես ժպտալով ասացի՝ «Սանյայի վերադառնալուց հետո էլ չի գրի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «երեսուն տարեկան ես, բայց շա՜տ ռոմանտիկ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «երեսունս մարտին ա լրանալու», եւ Նինան ժպտալով ասաց՝ «քսանինն ես, բայց հրաշքների ես հավատում», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը քսանհինգ տարեկան ես, բայց արդեն հրաշքների չես հավատում», եւ Նինան ասաց՝ «առայժմ քսանչորս եմ», եւ ես ժպտալով ասացի «ընդամենը քսանչորս տարեկան ես, բայց մարդկանց հանդեպ հավատդ լրիվ կորցրել ես», եւ Նինան զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «էդ անասունին մարդ ե՞ս համարում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տարիքով մարդ ես, բայց ձեր կուրսի ավագին հեչ չես ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր եմ սկսել ճանաչել», եւ Նինան քամահրանքով հարցրեց՝ «երբվանի՞ց ես սկսել էդ անասունին ճանաչել», եւ ես ասացի՝ «երեկվանից», եւ Նինան սրճեփի տակ մնացած սուրճը մեր բաժակների մեջ լցնելով ասաց՝ «էդ տականքից պիտի շատ զգուշանաս» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրիկունն ի՞նչ էր հետդ ժամերով խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էր, որ Սանյայի պատմվածքը շատ ա հավանել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհավատալու բան ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատա», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «անկեղծ է՞ր ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «միանգամայն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի քեզ ա ուզեցել փորձի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «երեսուն տարեկան մարդ եմ. կեղծն ու անկեղծն իրարից տարբերում եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ անհամությունը հազիվ էլ Սոկոլովը հավաներ», եւ ես հարցրի՝ «կարդացե՞լ ես», եւ Նինան հարցրեց՝ «էդ «Լիտգազետայի» տպա՞ծը», եւ ես ասացի՝ «հա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնտեղ կարդալու բան չկար. ծերից ծեր ջուր էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանալի ա, որ էդքան կոլորիտով մարդը կարա էդքան անհամ բան գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը քսանչորս տարեկան ես, բայց շատ լուրջ ու շատ խիստ ես քննադատում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «քսանչորս տարեկան եմ, բայց էս ինստիտուտը ձեզանից շուտ եմ ավարտել» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով հարցրեց՝ «թե՞ մտածում ես՝ քարտուղարուհի եմ ծնվել», եւ ես ժպտալով ասացի՝ «քարտուղարուհի չեն ծնվում՝ դառնում են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ մոտ ինչ-որ չի ստացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի, այնուամենայնիվ, ծնվում են», եւ ես ժպտալով ասացի՝ «դու քարտուղարուհի չես ծնվել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դրա համար էլ հասկացել եմ, որ Սանյայի էդ պատմվածքը հեչ բան ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դրա համար էլ Սոկոլովը հավանել ա», եւ ես ասացի՝ «Կլիմն ու Դիման չեն հավանել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնտեղ հավանելու կամ չհավանելու բան չկար», եւ ես ասացի՝ «Անդրյուշան էլ էր հավանել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անդրյուշան Սանյայի ստրուկն ա. ինքը Սանյայի համար արաղ առնելը մեծ պատիվ ա համարում», եւ ես ասացի՝ «Անդրյուշան շատ մաքուր մարդ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե մաքուր մարդ ա, այլ՝ մաքուր ստրուկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Անդրյուշի համար Սանյան կուռքի պես բան ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Սոկոլովի համար Սանյան կուռք չի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «նույնիսկ էդ անասունի մատնագրերն են Սանյայի էդ պատմվածքից հետաքրքիր», եւ ես հարցրի՝ «էդ մատնագրերից քանի՞ հատ ես կարդացել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չորս կամ հինգ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «բոլորն էլ Սանյայի էդ պատմվածքից հետաքրքիր էին», եւ ես ասացի՝ «որ Սանյան գա՝ իրան ասելու եմ», եւ Նինան վախեցած հարցրեց՝ «ի՞նչ ես ասելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ասելու եմ, որ Սոկոլովն իրա էդ պատմվածքը շատ ա հավանել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ասես՝ միանգամից կախպերանան», եւ ես հարցրի՝ «լուրջ ե՞ս ասում», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես», եւ Նինան հարցրեց՝ «մի հատ էլ սուրճ չդնե՞մ», եւ ես ասացի՝ «էս մեկից բան չհասկացանք» եւ ժպտալով ավելացրի՝ «մենակ թե՝ չնեղանաս», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց պիտի նեղանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «օրենքով՝ ե՛ս պիտի տեղաշորի մեջ քեզ սուրճ մատուցեի», եւ Նինան տեղից վեր կենալով հարցրեց՝ «ո՞ր օրենքով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ջենտլմենության օրենքով», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կովկասցիք ու ջենտլմենությունն իրարից շատ տարբեր բաներ են», եւ ես ժպտալով ասացի՝ «բա նոր ասում էիր՝ առաջին անգամ ես կովկասցու հետ էսքան մոտիկից շփվում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էս մի անգամը լրիվ հերիք էր, որ պատկերացում կազմեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ պատկերացում կազմեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «վերջնականապես համոզվեցի, որ դուք մեզ բոզի տեղ եք դնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ ենք բոզի տեղ դնում», եւ Նինան պատասխանեց ու ասաց՝ «ռուս աղջկերքին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առաջ որ ասում էին՝ չէի հավատում», եւ ես հարցրի՝ «հիմի հավատո՞ւմ ես», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «իհարկե հավատում եմ», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Նինան սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց՝ «իմ վրա եմ ծիծաղում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մտածում եմ՝ խի՞ ենք էսքան ապուշ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ եք ապուշ», եւ Նինան մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «իզուր տեղը քո առաջ սիրտս բացեցի ու կյանքս պատմեցի», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ ես կյանքդ պատմել», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «էրեկ ամբողջ օրն Օստանկինոյի խոտերի վրա ի՞նչ էի անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքս ծերից ծեր պատմեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «համարյա բան չես պատմել», եւ Նինան մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «էդքանն էլ էր շատ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց մեր հարաբերությունները Օստանկինոյից առաջ արդեն սկսվել էին», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Օստանկինոյից ահագին առաջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն ինչ նախ մարդու հոգու մեջ ա տեղի ունենում, հետո նոր՝ տեղաշորի մեջ»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

 

ՄԵԴԱԼԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ
 
Ռիեկայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները:
Հայաստանցի շախմատասերներին շարունակում է ուրախացնել կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Վեցերորդ տուրում հայ շախմատիստուհին սեւ խաղաքարերով անչափ կարեւոր հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինայի նկատմամբ եւ 5,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակի համեմատաբար բարձր տեղերում ընթացող մեր աղջիկներից Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը բավարարվեցին ոչ-ոքիներով եւ 3,5-ական միավորով, համապատասխանաբար, 53-րդ եւ 62-րդ տեղերում են: Նրանք ամենայն հավանականությամբ արդեն մրցանակային տեղերի համար չեն պայքարի: Ինչ վերաբերում է Լիլիթ Գալոյանին, նա երեկ սպիտակներով խաղալու էր միանձնյա առաջատար, իր անվան դիմաց 5,5 միավոր գրանցած գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյի (Լեհաստան) հետ:
Տղաների մրցապայքարում դիրքերն սկսել է բարելավել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն իր թիմակիցներից միակն էր, որ վեցերորդ տուրում հաղթական միավոր վաստակեց՝ պարտության մատնելով շվեյցարացի Յաննիկ Պելետյեին: Այժմ Հակոբյանը 4,5 միավորով բարձրացել է 26-րդ հորիզոնական եւ մնացած տուրերում հաջողությունը զարգացնելու դեպքում մրցանակային տեղի հավակնելու հնարավորություն ունի, քանի որ առաջատարներ, ուկրաինացի Զախար Եֆիմենկոյին եւ վրացի Բաադուր Ջոբավային զիջում է ընդամենը մեկ միավոր: Երեկ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով խաղում էր ռուսաստանցի գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ:
 

Սեքսն օգնում է սպորտում հաղթելուն
 
Պրոֆեսիոնալ մարզիչները սպորտում սեքսին տարբեր տեսանկյունից են նայում:
Մոտ երկու-երեք տասնամյակ առաջ թիմերի մեծ մասի համար մրցման նախորդ գիշերը  սեքսով զբաղվել կտրականապես արգելված էր: Իբրեւ թե, ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան պետք չէ հենց այնպես վատնել: Օրինակ, Մուհամեդ Ալին մարտին նախորդող երկու շաբաթներին դադարեցնում էր կանանց հետ բոլոր տեսակի շփումները:
Այժմ մարզիչները բաժանվել են երկու բանակի՝ պահպանողականների, որոնք շարունակում են նախկին համոզմունքներին մնալ եւ առաջադեմների, որոնք ունկնդիր են գիտնականների կարծիքին: Իսկ գիտնականները պարզորոշ ասում են. «Սեքսի առումով անցկացրած լավ գիշերը չի ազդում ուժի, դիմացկունության եւ ֆիզիկական պատրաստվածության վրա»: Միակ բանը հոգեբանական գործոնն է: Մարզիկների մեծամասնությանը ամբողջովին ներդրվելու համար ագրեսիա է հարկավոր: Լավ սեքսը թուլացնում է ագրեսիվությունը եւ դրանով կարող է մարզիկին անգնահատելի օգուտ բերել: Սա Կանադայի սպորտային բժշկության ակադեմիայի նախագահ Իանա Շրիերի կարծիքն է: Իսկ իսրայելցի բժիշկ Օլշանսկին հավելում է. «Օլիմպիադա-96»-ում մենք  համոզվեցինք, որ կանայք ավելի բարձր արդյունքներ էին ցույց տալիս, եթե մեկնարկից ոչ շատ առաջ օրգազմ էին ապրել: Խոսքը հատկապես  վազորդուհիների եւ ցատկորդուհիների մասին է: Որքան մեծ է օրգազմը, այնքան մեծ է մեդալ նվաճելու հավանականությունը»:
Ի դեպ, ուսումնասիրելով նախորդի փորձը, Սիդնեյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները խաղերի մասնակիցների համար նախապես 130 հազար պահպանիչ էին գնել եւ հավաքածուի տեսքով դրանք նվիրում էին բոլոր մարզիկներին՝ յուրաքանչյուրին երեք հատ: Բայց, ինչպես հետո է պարզվել, դա էլ քիչ է եղել եւ շատերը էլի են գնել՝ ծախսելով ազնվորեն ստացած գործուղման գումարներից:
 

Վեց մասնակից
 
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ գտնվում են Չեխիայում, որտեղ վաղվանից մեկնարկում է միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշար: Մեր հանրապետությունից ռինգ կմտնեն հետեւյալ բռնցքամարտիկները:
57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան,
60 կգ՝ Արա Պուլուզյան,
64 կգ՝ Հրաչյա Ջավախյան,
69 կգ՝ Արմեն Եփրեմյան,
75 կգ. Անդրանիկ Հակոբյան,
91 կգ՝ Ցոլակ Անանիկյան: 
 
 

Արոնյանի երրորդ փորձը
 
Այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկում է «կույր» եւ արագ շախմատի «Amber Blindfold and Rapid Tournament» 19-րդ ավանդական գերմրցաշարը, որի կազմակերպիչը հոլանդացի մեկենաս Օստրեմն է:
Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներին երկու դեպքերում էլ տրվում է 25 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար ավելացվելով 10 վայրկյան՝ արագ շախմատում եւ 20 վայրկյան՝ «կույր» շախմատում:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 216 հազար եվրո է:
«Amber» մրցաշարի վերջին երկու տարիների հաղթողը Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն է: Այնպես որ, սա նրա՝ առաջինը դառնալու երրորդ փորձն է: Վիճակագրությունն ասում է, որ այս մրցաշարի առաջին հաղթողը Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն է (1992 թ.), իսկ հաղթանակների քանակով ռեկորդը՝ վեց, պատկանում է Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան):
 

Մարտի 13
 
ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրները կգոհացնեն ընտանիքի անդամներին:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս հանգստանալու: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց թույլ չտաք, որ նրանց տրամադրությունն ազդի ձեզ վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Նախօրոք պլանավորած հանդիպումը կհետաձգվի: Աշխատեք չնյարդայնանալ:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ձեր անհեթեթ արարքների պատճառով կկորցնեք այն, ինչ դժվարությամբ եք ձեռք բերել: Հարկավոր է սթափվել:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:
 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
 

Շիրակցի բժիշկների կանխատեսմամբ, թանկացումներն այսպես կարող են ազդել բուժհաստատությունների գործունեության վրա:

Օրերս Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պետական որոշ հիմնարկներում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ու դպրոցներում, տնօրենները հարկադրված որոշել են մոտ 20%-ով կրճատել աշխատավարձերը: Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ այս ոլորտներին հատկացվող գումարները մնացել են նույնը, նույնիսկ նվազեցվել են, սակայն փոխարենն ավելացել են պահպանման ծախսերը, եւ որպեսզի կարողանան դիմակայել թանկացումներին ու աշխատակիցներին չկրճատեն, ստիպված են կրճատել աշխատավարձերը:
Նկատենք, որ այս ոլորտից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում: Շիրակի մարզում կաշառքի հարցում ռեկորդակիրը, կարելի է ասել, առողջապահական ոլորտն է: Եվ եթե նկատի ունենանք վառելիքի ու դեղորայքի գրեթե ամենօրյա ու անկանխատեսելի թանկացումները, որոնք ուղղակիորեն ազդում են բուժհիմնարկների բյուջեի վրա, բուժաշխատողների աշխատավարձն էլ ոչ մի դրամով չի բարձրացվում, ապա ակնհայտ է, որ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի արդյունք չի տա: Ի՞նչ վիճակում է Գյումրիի խոշոր հիվանդանոցներից մեկի՝ «Սամարիթերի» այս տարվա բյուջեն, հետաքրքրվեցինք գործադիր տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանից: Նա նախեւառաջ տեղեկացրեց, որ 2010թ.-ի առաջին ֆինանսավորումը ուշացել է, ինչի պատճառով աշխատավարձը ձգձգվել է, բայց այժմ հարցը լուծված է, հունի մեջ են ընկել: «Այս տարվա բյուջեն շատ քիչ տարբերություն ունի նախորդ տարվա փաստացի կատարված բյուջեից: Շատ քիչ նվազել է մեր հիվանդանոցում ընթացող հեմոդիալեզի ծրագրով, որը պետությունն անպայման կփոխհատուցի, միշտ պարտաճանաչ կարգով փոխհատուցվել է»,- ասաց տնօրենը:
Իսկ ինչպե՞ս է դիմադրելու բուժհաստատությունը ապրիլյան «սյուրպրիզներին»: Ըստ տնօրենի, 2010-ի նախահաշիվը կազմելիս նաեւ նկատի են ունեցել ապրիլի 1-ից սկսվող թանկացումները: «Իհարկե, այդ առումով մեր բյուջեն շատ լարված է, բայց պետք է հաշվի առնել, որ հիվանդանոցների առումով դրանք կարող են վերաբերել դեղորայքների օգտագործմանը, կոմունալ ծախսերը հիվանդանոցներում համեմատաբար համեստ են, մեծ թվեր չեն կազմում: Բայց դեղորայքի թանկացումները շատ հիվանդանոցներում վատ հետեւանքներ կարող են թողնել: Նույնիսկ վերջին ամիսներին աստիճանաբար, բայց կայուն թանկացումներ կային: 2-րդ եռամսյակում կպարզվի, դեղորայքի հատվածը մենք կկարողանա՞նք իրականացնել, թե՞, այնուամենայնիվ, դեֆիցիտ կունենանք»,- ասում է «Սամարիթերի» տնօրենը: Նա մեզ փորձեց վստահեցնել, որ ավելացված ծախսերը չեն ազդել իր բուժաշխատողների աշխատավարձի վրա, կոնկրետ իր հիվանդանոցում աշխատավարձի կրճատում չի եղել: Թեեւ, ըստ տնօրենի, «Սամարիթերում» առկա է այլ բնականոն պրոցես. կառավարության անցած տարվա հոկտեմբերի որոշման համաձայն, կրճատվել է մահճակալների թիվը, իսկ սա կարող է բերել հաստիքների մասնակի կրճատման: «Մենք մարզպետարանի համաձայնությամբ կոնկրետ աշխատողների կրճատումներ չենք իրականացրել, այլ պակասեցնում ենք այն հաստիքները, երբ աշխատողը այս կամ այն պատճառով ինքնակամ հեռանում է աշխատանքից: Աշխատավարձերն էլ մնացել են նույնը՝ անցած տարվա չափով: Մենք 2009 թ. առաջին եռամսյակին կազմել էինք աշխատավարձի բարձրացման մեկ սանդղակ, եւ երկու ամիս նախորդ տարվա մեջ բարձր սանդղակով տվեցինք, բայց, ցավոք, երբ բյուջեն նվազեցվեց, մենք թողեցինք նույնը, այս տարի էլ նույն աշխատավարձն է, նույն գիշերային ժամերը, նույն արտոնությունները: Պարզ է, որ համատարած թանկացումների ֆոնի վրա մեր տված աշխատավարձը, անշուշտ, արժեքը կորցնում է: Իսկ բարձրացման մասին առայժմ դժվար է ասել»,- անկեղծացավ տնօրենը:
Մեր այն հարցին էլ, թե այս վիճակը չի՞ խորացնելու կոռուպցիոն ռիսկը հիվանդանոցում, տնօրենն ասաց. «Ես չէի ասի կոռուպցիոն ռիսկեր, դա առողջապահությանը չի վերաբերում, բայց, անշուշտ, վատ ապրելակերպը ընդհանրապես ավելացնում է ոչ միայն տեղական կամ լոկալ կոռուպցիան, այլեւ ավելանում են գողությունները եւ ավազակային հարձակումները, դա համակարգված վիճակ է, որը լուրջ մոտեցումների կարիք ունի: Մարդիկ վատ են ապրում, հետեւաբար եւ ձգտում են գումար հայթայթել իրենց բարոյական նորմերից ելնելով: Ես ամենեւին չեմ արդարացնում բուժաշխատողներին, ընդհակառակը, խիստ քննադատության եմ ենթարկում այդ պրոցեսը, բայց այսպիսի աշխատավարձերը թույլ չեն տալիս միայն դրանով ապրել: Իզուր չէ, որ բուժաշխատողներից շատերը զբաղված են նաեւ ոչ մասնագիտական գործունեությամբ եւ, ցավոք, կարող են նույնիսկ հեռանալ մեր ոլորտից»: Վերջինս նաեւ դժգոհեց, որ, ի տարբերություն մայրաքաղաքի թաղապետարանների, Շիրակի համայնքապետերն իրենց բյուջեներից կոպեկ չեն հատկացնում սոցիալապես անապահով խավի բուժօգնության համար: «Պարտադիր չէ՝ դա մեծ գումար լինի, բայց ցանկացած այդպիսի օղակ պետք է իր բյուջեի մեջ առանձնացնի բուժօգնության համար անհրաժեշտ գումար: Լավ կլիներ, որ մեր մարզում հետեւեին երեւանյան օրինակին, այսինքն՝ մեզ ու ազգաբնակչությանը օգնեին այդ վիճակից դուրս գալու»,- ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:
Շիրակի մարզի հիվանդանոցներում նաեւ կա մտավախություն. այսպիսի սոցիալական պայմանների պատճառով շուտով իրենք կմնան շտապօգնության բերած ծանր հիվանդների հույսին: Այսինքն՝ մարդն իր կամքով այլեւս հիվանդանոց չի գնա:

 

«Նաիրիտում»՝ պայթյունավտանգ իրավիճակ
 
Նախօրեին էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքի պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասամբ հոսանքազրկել է «Նաիրիտ» քիմիական գործարանը: Ըստ ՀԷՑ-ի՝ պարտքը կազմում է 829 միլիոն դրամ:
Երեկ ժամը 17-ի դրությամբ ձեռնարկության հոսանքի մատակարարումը դեռեւս վերականգնված չէր: «Առավոտի» հարցին, թե այդ օրերի ընթացքում գործարանն ինչքա՞ն վնասներ է կրել, «Նաիրիտից» որեւէ մեկնաբանություն չտվեցին, միայն ասացին, որ հաշվարկ է կատարվում եւ որ հոսանքազրկումն իրականացվել է կոպիտ խախտումներով:
Այս առնչությամբ «Հայէլցանցերից» պարզաբանեցին, որ իրենք ոչ մի օրենք էլ չեն խախտել եւ որ «Նաիրիտ»-բաժանորդը օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ 3 օր առաջ գրավոր տեղեկացվել է այդ մասին: Հաշվի առնելով, որ «Նաիրիտը» քիմիական գործարան է, ոչ մասնագետ լինելով հանդերձ էլ կարելի է հասկանալ, որ նման ձեռնարկությունների գործունեության միանգամից դադարեցումը կարող է պայթյունավտանգ լինել ու դժբախտ հետեւանքներ ունենալ: Բացի այդ, տարբեր առիթներով ձեռնարկության պատասխանատուները բազմիցս նշել են, որ քիմիական արտադրամասերի աշխատանքը դադարեցնելը մի ամբողջ գործընթաց է, որի համար հարկավոր է 15-20 օր: Սակայն այս հանգամանքը ՀԷՑ-ը հաշվի չի առել: Երեկ, երբ մեր այս մտահոգությունը փոխանցեցինք էլեկտրամատակարարին, ընկերության պատասխանատուները հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների համաձայն, վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողներն էլ, ըստ պայմանագրի, զգուշացվում են 3 օր առաջ:
Նկատենք, որ երեկ «Նաիրիտում», մեր տեղեկություններով, վիճակն այնքան լարված ու վտանգավոր է եղել, որ հրշեջ ջոկատները պատրաստ սպասել են:
Ավելի ուշ տեղեկացանք, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:

 

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԵԼ
 
Երեւանից Էջմիածին գնալու ճանապարհին՝ ճանապարհային ոստիկանության նախկին անցակետի մոտ տեղադրված այս ցուցատախտակ-քարտեզի վրա Հայաստանի քաղաքներից մի քանիսի անունները խորհրդային տարիներից են մնացել: Ներկայիս Արմավիր քաղաքի անունը ցուցատախտակի վրա նշված է Հոկտեմբերյան, իսկ Գյումրիինը՝ Լենինական: Եթե հայաստանցի վարորդներին սխալ տեղեկատվությունն առանձնապես չի մոլորեցնում, ապա օտարերկրյա հյուրերին այն շփոթության մեջ է գցում:
Նշենք, որ այդ տեղանուններն արդեն 10 տարուց ավել է՝ փոխված են, սակայն Արմավիրի մարզպետարանն այդ հանգամանքն այնքան էլ չի կարեւորել:

 

ՄԵԶՆԻՑ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ ԿԸՆԴՕՐԻՆԱԿԵՆ
 
Երեկ կառավարությունում տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ այսուհետեւ Հայաստանի եւ Լեհաստանի տնտեսական հարաբերությունները պետք է ավելի խորանան: Համաձայնագիրը ստորագրելու նպատակով մեր երկիր էր այցելել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Նրա խոսքերով՝ ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանի հետ զրույցի ժամանակ բացահայտվել են համատեղ շահավետ  մի քանի տնտեսական համագործակցության դաշտեր. «Ոչ միայն հանձնաժողով կստեղծվի, այլ նաեւ կսկսենք համագործակցել եւ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ քիմիական եւ արդյունաբերական բնագավառներում: Միգուցե նաեւ էլեկտրաէներգիայի բնագավառում Հայաստանից կընդօրինակենք ատոմային էներգետիկային վերաբերող մանրուքներ»:
 

ՀԱՄ ԷԼ ԲՅՈՒՋԵՆ ԿԼՑՎԻ
 
Մեկ տարի առաջ Երեւանի մետրոպոլիտենում սկսեցին կիրառել բազմակի օգտագործման լիցքավորվող քարտեր: Փորձը ցույց տվեց, որ նախաձեռնությունը հաջողություն ունեցավ: Այսօր հասունացել է նման աշխատաոճի կիրառումը քաղաքային մյուս փոխադրամիջոցների՝ երթուղային տաքսիների եւ ավտոբուսների պարագայում եւս: Դեռ խորհրդային տարիներին քաղաքային փոխադրամիջոցներում գործում էին, այսպես ասած, «մշտականները»: Այսօր այդ վերգետնյա փոխադրամիջոցներից առավել դինամիկ գործում են երթուղային տաքսիները եւ ավտոբուսները, որոնց ծառայություններից ամեն օր օգտվում են պատկառելի քանակությամբ ուղեւորներ: Ընդ որում, նույն անձը օգտվում է միեւնույն համարի երթուղային տաքսուց կամ ավտոբուսից բազմակի անգամ, եթե չասենք մշտապես: Համոզված կարելի է ասել. «մշտականների» կիրառումը էական եւ մեծ ֆինանսական հոսքեր կապահովի թե՛ քաղաքային բյուջե, թե՛ համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին: Այնպես որ, կոչ ենք անում պատկան մարմիններին գործուն քայլեր անել այդ ուղղությամբ:

 

ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ
 
Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդները կարող են օգտվել ավելի էժան ինտերնետ փաթեթներից: Սա վերաբերում է մասնավորապես հետվճարային բաժանորդների, ինչպես նաեւ «Մեր մեջ», «Բիզնես ֆլեքսի» փաթեթների ու «Բիզնես գործընկերներ» փաթեթի «Գործընկեր Ա», «Գործընկեր Բ», «Գործընկեր Գ», «Գործընկեր Դ», «Գործընկեր Ե», «Գործընկեր Զ» եւ «Հատուկ գործընկեր», «Կլասիկ», «Կլասիկ սոլո» ու «Կլասիկ ֆլեքսի» փաթեթների բաժանորդներին: Այս բաժանորդները ամսվա ընթացքում օգտագործած առաջին 5 մեգաբայթի համար կվճարեն 250 դրամ, իսկ հաջորդ մեգաբայթերից ամեն մեկի համար՝ 40 դրամ: Բացի այդ, այսուհետեւ, ակտիվացնելով «Գիշերային ինտերնետ» ծառայությունը, հետվճարային բաժանորդները գիշերային ժամերին կարող են օգտվել ինտերնետից ընդամենը 10 դրամ/մեգաբայթ սակագնով: Գործող «inet 10» (10 մեգաբայթ), «inet 40» (40 մեգաբայթ), «inet 100» (100 մեգաբայթ) եւ «inet 500» (500 մեգաբայթ) ինտերնետային փաթեթների գները համապատասխանաբար դարձել են 435, 1020, 2015 եւ 5911 դրամ: Իսկ «inet 5», «inet 15», «inet 40», «inet 100» փաթեթներից օգտվող բաժանորդներն ավտոմատ կմիանան համապատասխանաբար «inet 10», «inet 40», «inet 100» եւ «inet 500» փաթեթներին:
 

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ
 
23-ամյա Էդգար Մակարյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի դատավճռով օրեր առաջ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մարտի 3-ից՝ Մակարյանի կալանքի տակ գտնվելու պահից:
Է. Մակարյանը իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժինը:
Պարզվել էր, որ 14-ամյա տուժող Ն. Ն.-ն անցյալ տարվա հոկտեմբերին Odnoklassniki.ru-ի միջոցով ծանոթացել է Վ. Դ.-ի հետ եւ այդ տղայի հետ երկու անգամ հանդիպել Օղակաձեւ այգում: Վերջինս Ն. Ն.-ի մասին տեղեկացրել է ոչ մի տեղ չաշխատող Էդգար Մակարյանին, նրա ընկերներին՝ Հովհաննես Միքայելյանին ու Արգիշտ Հակոբյանին: Նոյեմբերի 5-ին Ն. Ն.-ի եւ 16-ամյա Ա. Ո.-ի հետ տղաները հանդիպել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ, այնտեղից գնացել «Սթար» բարը, որը գտնվում է Նալբանդյան 29 հասցեում: Էդգարը Ն.-ի հետ առանձին է նստել, իսկ հետո իր 14-ամյա ընկերուհու համար պատվիրել բարի թիվ 2 առանձնասենյակը: Ի դեպ, մեկ ժամի դիմաց նա վճարել է 4000 դրամ:
Ն. Ն.-ի նկատմամբ նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել: Մինչ այդ՝ աղջիկը նրան հայտնել էր իր կույս լինելու մասին: Հետագայում, բռնվելուց հետո, Էդգարը հայտարարել է, թե տեղյակ չէր, որ Ն. Ն.-ն 14 տարեկան է: Մակարյանը փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել եւ SMS հաղորդագրություն գրելով՝ հեռացել է տնից:
Էդգարին չեն զիջել նաեւ նրա 2 ընկերները: Նրանք էլ իրար հաջորդելով սեռական ոտնձգություններ են կատարել Ա. Ո.-ի նկատմամբ: Կենտրոնի ոստիկանները «Թափառաշրջիկ եւ մուրացկան» միջոցառման շրջանակներում Կենտրոնի վարչական տարածքում բռնել են երիտասարդներին: Դատարանը հաշվի առնելով այն, որ Է. Մակարյանը զղջացել է, հանցանքը կատարում է առաջին անգամ, գտավ, որ պատիժը կամ պատասխանատվությունը ծանրացնող այլ հանգամանքներ չկան: Դատական նիստի օրը Է. Մակարյանը կալանավորվեց: Մինչ այդ նա տվել էր ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին:
 

«Դրածո տերերը» հայտնաբերվեցին
 
Երեկ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս հայտնաբերել է չորս օրինազանցների, որոնք կալանավորված են: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը եւ Ռուբեն Վարդանյանը, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց վերջինիս առաջարկվել է 5 հազար դոլար: Ա. Մարտիրոսյանը ձեռք է բերել պետական գրանցում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ, այնուհետեւ Լյովա Մկրտչյանին տրամադրել անապրանք կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի տվյալների, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ հաշիվ-ապրանքագրերը Լյովա Մկրտչյանը տրամադրել է «Դարշին» ՍՊԸ-ին: Լյովա Մկրտչյանի եւ Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարված գործարքի հետեւանքով պետությանը պատճառվել է 65 միլիոնից ավելի վնաս: Պարզվել է նաեւ, որ Լյովա Մկրտչյանը, հանդիսանալով «ԴՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն, մաքսանենգությամբ եւ կեղծ հաշիվ-ապրանքագրերով ՌԴ-ից ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 40 մլն դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի քիմիկատներ՝ հայտարարագրելով ընդամենը 10 մլն դրամի ապրանք: Այս գործարքի հետեւանքով էլ պետբյուջե չի վճարվել 5 մլն դրամից ավելի գումար: Մեկ այլ դրվագով էլ Ռուբեն Վարդանյանն իր հարեւան Կարեն Ավագյանին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Կարեն Ավագյանը նույնպես ստացել է պետական գրանցում, անհատ ձեռներեցի վկայական, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ եւ անապրանք հաշիվ-ապրանքագրեր տրամադրել Լ. Մկրտչյանին: Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան, Լյովա Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Դատական նիստի օրը՝ մարտի 1-ին, դատարանի դահլիճի բակից Ռ. Վարդանյանը դիմել էր փախուստի, սակայն շուտով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Հետախուզման մեջ գտնվող Լ. Մկրտչյանը մարտի 9-ին ՊԵԿ ՕՀՎ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է եւ կալանավորվել:
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՐՑՈՒՄԸ ՍՏԱՑԵԼ Է
 
Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային նամակով հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարանին, տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեով՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 20 միլիոն դրամը ի՞նչ նպատակով է ծախսվել, եւ այդպես էլ պատասխան չի ստացել:
Նիստի հենց սկզբում Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանը հաստատեց, որ հարցումը ստացվել է, հետո ասաց, որ այժմ մարզպետարանը էլեկտրոնային այլ հասցեներ ունի եւ չժխտեց, որ մարզպետարանի կայքում դեռ հին հասցեներ են, որոնցով «Առավոտը» ուղարկել է նամակը: Այլ խոսքով, մարզպետարանի ներկայացուցիչը ընդունում է, որ մենք ճիշտ ենք, իրենք հարցումը ստացել են: «Առավոտ» օրաթերթի շահերի պաշտպան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Կարեն Մեջլումյանը պնդեց, որ «Առավոտի» հարցումը ստացվել է, ուղղակի առանց որեւէ պատճառաբանության չի պատասխանվել:
Իսկ Ալիկ Սահակյանը պնդում էր, թե էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել, առանց մանրամասնելու, թե այդ դեպքում ինչ է էլեկտրոնային նամակով ուղարկված հարցումը:
Այս հարցով դատական առաջին նիստը այս տարվա ապրիլի 9-ին է նշանակված:

 

Ինձ հասնում է ազատում
 
Ես՝ Մկրտիչ Մնացականի Մարգարյանս, ծնվել եմ 1973թ., նախկինում 6 անգամ դատապարտվել եմ: Ներկայումս դատապարտվել եմ ազատազրկման 8 տարի ժամկետով: Կալանքի տակ եմ 2005թ. հունվարի 21-ից: Այս նամակը թվով երրորդն է, որը գրում եմ «Առավոտին»: Ինչո՞ւ չեք պատասխանում, մի՞թե կարելի է այդպես վարվել հիվանդ դատապարտյալի հետ: Ուզում եմ տեղեկացնել, որ տառապում եմ տուբերկուլյոզ (թոքախտ) հիվանդությամբ, իսկ պատիժս կրելու ժամանակահատվածում տարել եմ աղեստամոքսային ծանր վիրահատություն:
2009թ. հունվարից ինձ չեն ազատում, երբ օրենքով հասնում է կեսով ազատում: Դիմել եմ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ստացել անբավարար պատասխան: Հետո դիմեցի ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ արժանացա մերժման: Դիմել եմ ՔԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանին. կրկին մերժվել եմ: Պատճառն այն է, որ չունեմ գումար, որպեսզի կաշառեմ, կարողանամ հանգիստ խղճով ազատվել: Ի դեպ, կաշառքով ազատվելու համար տեղեկացրել եմ ԱԺ նախագահին: Իսկ ճշմարտությունն այն է, որ մեկ դատապարտյալից 9 ամսվա համար 1500 դոլար են վերցնում, 2 տարի 10 ամսվա համար՝ $4000...
Ես «Սեւան» ՔԿՀ-ում էի 2009թ. օգոստոսի 2-ից, ինքնամեկուսացված, իմ ոտքով մտա պատժախուց, պահանջեցի ազատությունս: Հաջորդ օրը հայտարարել եմ հացադուլ եւ 25 օր մնացել հացադուլի մեջ: Որեւէ մեկը հաշվի չի առել իմ պահանջը: 2009թ. օգոստոսի 2-ից մինչեւ նոյեմբերի 16-ը գտնվել եմ «Սեւան» ՔԿՀ-ում: Նոյեմբերի 16-ին ինձ մոտ պատժախուց է եկել ռեժիմի գծով պետ, արդարադատության մայոր Նազարյանը, որը հայտնել է, որ Աշոտ Գիզիրյանի հրամանով ինձ տեղափոխում են «Հրազդան» ՔԿՀ՝ մնացած պատիժն այնտեղ շարունակելու: Տեղափոխվել եմ: Դեկտեմբերի 2-ին՝ իմ ազատման դիմումի հետ կապված հրավիրվել է վարչական նիստ, որտեղ մերժվել եմ, քանի որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Ա. Սարգսյանը բացատրեց, որ դեռ 3 ամիս չկա ինչ տեղափոխվել եմ «Հրազդան» եւ չեն կարող ինձ բնութագիր տալ:
Ունեմ 72 տարեկան մայր: Շատ եմ խնդրում, որպեսզի օգնեք՝ ազատվել: Նշեմ, որ տուժողների կողմից չունեմ եւ ի սկզբանե չեմ ունեցել բողոք, պարտք ու պահանջ, քաղաքացիական հայց, իսկ պատիժս կրելու ժամանակահատվածում, 2008թ. ապրիլի 15-ին կատարել եմ կարգապահական մեկ խախտում, որն էլ ավարտվել է 3 օր պատժախցում անցկացնելով:

«Առավոտը» առաջին անգամ է ստանում այս դատապարտյալի նամակը:
 

Երբեք չեմ սայթաքի
 

Դատապարտյալները «Առավոտի» միջոցով դիմում են

Մեծարգո նախագահ, այս տարվա փետրվարի 11-ին «Առավոտում» «Դեռ չէի հասցրել ամուր կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում» հրապարակմամբ խնդրել էի Ձեզ ներում շնորհել:
Մինչ այսօր խնդրանքս անպատասխան է մնացել: Երեւի չեք հասցրել կարդալ նամակ-հրապարակումս կամ չեն զեկուցել Ձեզ, հետեւաբար, հուսահատությունից դրդված, նորից եմ դիմում՝ այս անգամ հույս փայփայելով, որ անհետեւանք չի մնա խնդրանքս, որ ներում կշնորհեք: Ներում շնորհելով, կանանց միամսյակի առթիվ կօգնեք մի այրի կնոջ եւ մի դեռատի օրիորդի՝ մեկին ազատություն պարգեւելով, մյուսին՝  մորը վերադարձնելով:
Ես քաջ գիտակցում եմ, որ ներումը տրվում է կյանքում մեկ անգամ, իսկ հանցագործը երբեք վերջին հնարավորությունը չի օգտագործի, մտածելով, թե, Աստված մի արասցե, նորից կհայտնվի նույն վիճակում: Դուրս գալով այս բերմուդյան եռանկյունուց, խոստանում եմ՝ երբեք չեմ սայթաքի:

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ
 

Պետական միջոցներով վերականգնված Հալիձորի բերդն ու Վահանավանքը այժմ այլ խնդրի առաջ են կանգնած

2009 թվականին պետբյուջեից հատկացված 36,5 միլիոն դրամով շարունակվել եւ, ըստ նախատեսվածի, ավարտին են հասցվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում գտնվող «Վահանավանք» վանքային համալիրի (10-րդ դար) եւ Հալիձորի բերդի (17-րդ դար) նորոգման, վերականգնման եւ տարածքների բարեկարգման աշխատանքները: 11-դարյա Վահանավանքում վերականգնողական  աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2005-ին, իսկ մեկ տարի անց ՀՀ մշակույթի նախարարությունը վերականգնողական աշխատանքներ սկսեց իրականացնել նաեւ Վահանավանքից ոչ շատ հեռու գտնվող, 17-րդ դարում կառուցված Հալիձորի բերդում: Հալիձորի բերդը ժամանակին Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցն էր եւ Ղափանի անկախ իշխանության կենտրոնը:
Հալիձորի բերդում նախատեսված էր եւ իրականացվել է մասնակի վերականգնում, կառուցվել են նաեւ աստիճաններ, որոնք բերդի մուտքը կապում են համալիրի ներսում՝ բերդից 20 մ հեռավորության վրա գտնվող  եկեղեցուն:
Իսկ Վահանավանքում դեռեւս որոշակի աշխատանքներ են նախատեսվում: Ըստ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի՝ հետագայում «Վահանավանք» համալիրում նախատեսվում է սեղանատունը վերականգնել: Բայց այդ աշխատանքների իրականացումն  ընթացիկ տարում նախատեսված չէ:
Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս համալիրները, որոնք զբոսաշրջիկների կամ Սյունիք ու Կապան այցելած հյուրերի ուշադրությունից չեն վրիպում, վերականգնումից հետո պահպանության լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Ինչպես Վահանավանքը, այնպես էլ Հալիձորն անտառի մեջ են եւ  ամառվա տապին անասունների համար փարախ  են դառնում: Մուտքի դռներ չկան, անասուններն իրենց համար ազատ ելումուտ են անում վերականգնված տարածքներում: Ամբողջ խնդիրն այն է, որ վերականգնման աշխատանքներ իրականացնելիս տարածքների պահպանության համար չեն մտածել: Հալիձորի բերդը 2 մուտք ունի եւ 2-ն էլ առանց դռների են: Բացի այդ՝ քանդված պարիսպներից էլ  են անասունները առանց խոչընդոտի մտնում բերդի տարածք: Անասնատերերն էլ չեն հետեւում իրենց անասուններին: Անասուններից պաշտպանող մուտքի դուռ չունի նաեւ Վահանավանքը: Երկու համալիրների նախագծերի հեղինակները պատճառաբանում են, որ նախագծերում մուտքի դռները նախատեսված չէին (Վահանավանքի վերականգնման նախագծի հեղինակը Աշոտ Հովսեփյանն է, իսկ Հալիձորի բերդինը՝ Անդրանիկ Սարգսյանը- Մ. Ս.): Բայց ինչպե՞ս կարելի է հուշարձանները վերականգնել եւ դրանց համար մուտքի դուռ չնախատեսել: Մի՞թե  կարելի է տարածքը վերականգնել առանց պահպանության համար խիստ անհրաժեշտ դռների: Մենք Հալիձոր այցելելիս մի անգամ 12 կով ենք հանել այնտեղից: Պահակն էլ միանգամից չի կարող մի քանի հուշարձան պահպանել միայնակ, քանի որ  մեկ պահակի հանձնարարված է միանգամից  5 համայնքի հուշարձաններում հսկողություն իրականացնել»,- ասում է Աստղիկ Հակոբյանը:
Բացի պահպանության խնդրից, այստեղ եւս մի կարեւորագույն խնդիր կա՝ դեպի հուշարձաններ տանող ճանապարհները: Դրանք անմխիթար վիճակում են եւ հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն ունեն: Երթեւեկության համար հատկապես խիստ վտանգավոր է եւ դժվարանցանելի Հալիձորի բերդ տանող ճանապարհահատվածը: Հալիձորի բերդ հիմնականում այցելում են ոտքով, սակայն ամառվա շրջանում ամայի անտառում գտնվող բերդ հասնելը անվտանգ չէ:

 

«Անառողջ» իրավիճակ
 

Շահումյան համայնքի ամբուլատորիան նույնիսկ ժամանակավոր կացարանից է զրկվել

Լոռու մարզի Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) խնդիրն առաջացել է դեռեւս 2009 թ. ամռանը: Հորդառատ անձրեւները գյուղում մի շարք ավերածությունների պատճառ էին դարձել: Տեղատարափների հետեւանքով Տանձուտ գետը դուրս էր եկել ափերից եւ մեծ վնաս հասցրել ափամերձ բնակելի տներին, անասնագոմերին, հողամասերին: Գետի վարարման հետեւանքով փլուզվել էր գյուղի սելավատարը, հորդացած, հունից դուրս եկած գետը, սելավաջրերին խառնված, հարվածել էր ամբուլատորիային, քշել շենքի հիմքը՝ թողնելով իրար վրա հենված պատերը:
«Աշխատանքային ժամ էր, հիվանդներ էլ կային բուժարանում, սպասարկում էինք: Մեկ էլ չը՛խկը, թը՛խկը, ոնց որ քարեր թափվեն: Դրսից ձայն էին տալիս, գոռում՝ դո՛ւրս եկեք: Լավ էր՝ ժամանակին դուրս եկանք: Պատշգամբն ամբողջությամբ եւ շենքի մի մասը քանդվեցին»,-պատմում է բուժքույր Սիլվա Զալինյանը:
Աղետից հետո մոտ մեկ շաբաթ գյուղի բնակիչների բուժսպասարկումը դրսում էր կատարվում: Շահումյան համայնքում բնական աղետի հետեւանքները վերացնելու նպատակով ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ: Համայնքի համար առաջնային համարվեցին եւ իրականացվեցին գետի մաքրման եւ ափերի ամրացման ու հեղեղատարի վերակառուցման աշխատանքներ: Ծրագրերը կյանքի կոչվեցին գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ)՝ «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի եւ Շահումյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Գերմանական ծրագրի Լոռու մարզային համակարգող Սերգեյ Պողոսյանի հավաստմամբ՝ GTZ-ի առաքելությունը աղետների կանխարգելումն է, եւ իրականացված երկու ծրագրերն էլ այդ նպատակին են ծառայում: Իսկ համայնքի ամբուլատորիայի վերանորոգումն այլոց խնդիրն է:
Շահումյանի ԱԱՊԿ-ն երբեք էլ հիմնական տարածք չի ունեցել: Սկզբում նրանց տրամադրել են մի երկսենյականոց բնակարան՝ բնակելի շենքի առաջին հարկում: 88-ի երկրաշարժից հետո ամբուլատորիային են հատկացվել երկու տնակ: Երկար տարիներ այստեղ աշխատելուց հետո բուժհաստատությունը տեղափոխվել է «Ամքոր» ամերիկյան կազմակերպության վերանորոգած՝ գյուղի մանկապարտեզի շենքը: Բայց երբ մանկապարտեզը սկսեց գործել, բժիշկները դարձյալ հայտնվեցին «բաց երկնքի տակ» ու գյուղապետարանում մի սենյակ հատկացրին նրանց: Ամբողջ գյուղին՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, այդ նույն նեղվածք-սենյակում էին սպասարկում: Բավական երկար նրանք աշխատեցին այս պայմաններում: Ավելի ուշ ամբուլատորիան վերակազմավորվեց՝ միանալով Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկային՝ ու շարունակեց աշխատել գյուղապետարանի հատկացրած սենյակում: ԱԱՊԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Շիրվանյանի նախաձեռնությամբ, գյուղապետարանը ամբուլատորիային անվարձահատույց հատկացրեց այլեւս չգործող մանկապարտեզի շենքը: Ու երբ թվում էր, թե ամեն բան հունի մեջ է մտնում, այս անգամ էլ բնությունը «միջամտեց»:
«Արդեն 1,5 տարի է, նորմալ պայմաններ էին ստեղծվել, բայց նորից թափառական դարձանք: Շենքը վթարային դարձավ, մեր աշխատանքներն էլ խաթարվեցին,- ասում է բուժքույր Աիդա Շահնազարյանը,- ճիշտ է, այս պահին դրսում չենք, մեր նախկին տնօրեն Սոնյա Առուշանյանը սիրով ապաստան տվեց մեզ, աշխատասենյակներ տրամադրեց թիվ 4 պոլիկլինիկայում, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրան: Այստեղ լավ պայմաններ կան, լաբորատորիաներ, հետազոտման կաբինետներ: Բայց բնակիչները գերադասում են նախկին ամբուլատորիան»:
«Հնարավորություն չունենք համայնքային միջոցներով վերանորոգել: Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, սոցիալական հիմնադրամներին, սպասում ենք: Շենքն անվարձահատույց տվել ենք, էլ ինչ անենք: Անտարբերությունը նախարարության կողմից է: Նա ձեռքերը լրիվ լվացել է»,- ասում է Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:
Շահումյանի բնակիչները, որոնք թիվ 4 պոլիկլինիկա հասնելու համար ստիպված են 6-7 կանգառ ճանապարհ կտրել, դժգոհում են: «Մինչեւ գալիս ենք սովխոզից... գումարի հետ կապված ա լրիվ»,- նկատեց Սիրուշ Ոսկանյանը: «Լավ էր, որ գյուղում էր, ուզած ժամանակ գալիս էինք: Ուզում եմ, որ ամբուլատորիան նորից էստեղ տեղափոխվի: Էստեղ մոտիկ ա, գնում եմ, նայում են, ուղարկում են որտեղ որ պետք ա»,- սա էլ Յուրիկ Դալլաքյանն է: «Գեղացի մարդիկ ենք, թոշակառու. թոշակս քիչ ա: Ի վիճակի չեմ ամեն անգամ 200 դրամ դնեմ, գնամ՝ հետ գամ: Մոտիկ լավ էր: Ամեն ինչից զուրկ ենք: Մի ապտեկա չկա, մի ասպիրինի հմար գնում ենք քաղաք»,- իր հերթին ավելացնում է Ամալյա Գեւորգյանը: Ժենիկ Ղալեչյանն էլ ասում է. «Քանի ամիս ա, գնացել չեմ բժշկի. հեռու ա: Ինչ տեղափոխվել ա, չեմ եկել, հարմար չի: Գյուղացիք մի թղթի հմար հասնում են ընդեղ»:
Գյուղում բուժհաստատության բացակայությունը խնդիրներ է հարուցում ոչ միայն բնակիչների համար. փոխադրամիջոց չունենալու պատճառով շտապ դեպք կամ կանչ գրանցելիս բժիշկը ոտքով է հասնում գյուղ:

 

Գայլերի հարձակում
 
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ Արմեն Ներսիսյանի ընտանիքն արդեն տասնմեկ տարի ապրում է գյուղի թաղամասերից զատված՝ Շաղ-վարդի ձորապռնկին կառուցված սեփական տանը: Չնայած անդնդախոր երկու՝ Շաղ-վարդ եւ Քասախ կիրճերի մոտիկությանը, անցած տարիներին այս կողմերում, բացի հատուկենտ հանդիպող աղվեսներից, այլ գիշատիչ կենդանիների հետքեր չեն երեւացել:
Ինչպես ամեն գարնան առաջին օրերից մինչեւ ուշ աշուն, այս տարի նույնպես մարտ ամսվա առաջին օրվանից տանտիրոջ՝ շուրջ վեց տասնյակ գառն ու ոչխարը գիշերում էին անասնագոմին կից բացօթյա ցանցապատ կացարանում: Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի ունեցավ անսպասելին. լուսադեմին Արմենը նշմարեց ոչխարների հոշոտված մարմիններ՝ պարտեզով մեկ թափված արյուն: Գայլերը իրենց սեւ գործն էին արել եւ, հավանաբար, տանտիրոջ՝ բակ դուրս գալուն պես, քաշվել մոտակա ձորը:
Վաղ առավոտյան օգնության եկած մարդիկ տան շրջակա պարտեզներից հավաքեցին կիսահոշոտված, դմակները պոկված եւ խեղդամահ արված 28 ոչխար եւ գառ:
Տնապահ երկու շունն էլ գիշերը գազանների ահից պապանձվել, մինչեւ կեսօր թաքնվել էին գոմի մութ խորշերում ու դեռեւս դողդողում էին:
Որսորդների՝ ավազակ գազանների որոնումները առայժմ արդյունք չեն տվել:

 

ՍՊԱՆՎԱԾԻ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է
 

Որդեկորույս Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդուն սպանողներից ոմանք ազատության մեջ են եւ սպառնում են վկաներին

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Վարդումյանը սպանվել է ՀՀ վերջին նախագահական ընտրությունների օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին: Սպանվածի մայրը՝ Սեդա Վարդումյանն ասում է, որ որդուն Աչաջուրի  գյուղամեջում սպանել են նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր որդիները եւ եղբոր փեսաները: Կնոջ խոսքերով՝ հրազենից կրակել են Դավիթի վրա, նաեւ՝ հարվածել քարով, փայտով, երկաթյա ձողով: Սեդա Վարդումյանի վկայությամբ, ընտրության օրը Աչաջրում հերթապահել է 5 ոստիկան, դեպքի վայրում շատ մարդիկ են եղել, նախկին գյուղապետի եղբայրը՝ Կամո Ղալթախչյանը, ականատես է եղել, հետ է մղել այն աչաջուրցիներին, ովքեր ցանկացել են միջամտել, հետո ձեռքով ազդանշան տվել իր տղային՝ 24-25 տարեկան Ահարոն Ղալթախչյանին, թե բավական է խփելը: Տիկին Վարդումյանը վրդովված է՝ ինչո՞ւ է մեղադրյալի աթոռին միայն մի անձ՝ Ահարոն Ղալթախչյանը: Սպանվածի մայրը համոզված է, որ եղել է խմբակային, կանխամտածված սպանություն, որ նախօրյակին Ղալթախչյանները իրենց տան բակում փորձարկել են հրազենը՝ կրակելով կատվի վրա, եւ այդ կրակոցների ձայնը լսվել է նաեւ իրենց տանը:  Սպանության պատճառի վերաբերյալ իմ հարցին ի պատասխան, Սեդա Վարդումյանն ասաց, որ իր որդին ազնիվ ու պարկեշտ է եղել, եւ Ղալթախչյանները նախանձել են նրան:
Տիկին Սեդան պնդում է, որ այդ օրը որդուն սպանողները  ոտնձգություն են կատարել նաեւ աչաջուրցի մեկ այլ երիտասարդի՝ Դավիթ Եգանյանի նկատմամբ, եւ վերջինս կարող է դա հավաստել: Սեդա Վարդումյանը նաեւ դժգոհում է, թե ինչու սույն  գործով դատավարությունը ոչ թե Իջեւանում, այլ Բերդ քաղաքում է անցկացվում: 2010 թվականի հունվարին սկսված դատը արդեն երկու անգամ հետաձգվել է: Մոր խոսքով՝ դատի հերթական նիստի չկայանալու մասին իրենք տեղյակ չեն լինում, երեք  ավտոմեքենա վարձելով՝ մեկնում են Բերդ ու հետ դառնում: Իսկ ամբաստանյալի հարազատները նախօրոք տեղյակ են լինում եւ Բերդ չեն հասնում: Ինչո՞ւ նիստի չկայանալու մասին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) իրենց տեղյակ չի պահում՝ տարակուսում է տիկին Սեդան: Այս հարցերի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին: Դատախազն ասաց, որ ցավակցում է որդեկորույս մորը, անձամբ 3 անգամ ընդունել է Սեդա Վարդումյանին, իսկ  2009 թվականի մայիսի 15-ին Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում տիկին Սեդային ընդունել է  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Տիկին Մանթաշյանի խոսքերով՝ այս հանցագործությանն այլ անձանց մասնակցության վերաբերյալ տիկին Սեդայի պնդումների կապակցությամբ Տավուշի մարզի քննչական բաժնում ստուգում է կատարվել, Սեդա Վարդումյանի դիմումում նշված բոլոր հանգամանքները ստուգվել են, նրա նշած անձինք հարցաքննվել են, նշված անձանց հետ տիկին Սեդան  առերեսվել է,  սակայն Դավիթ Վարդումյանի սպանությանն այլ անձանց մասնակցությունը չի ապացուցվել: Աննա Մանթաշյանը  սույն գործով դատավարության մեղադրողն է եւ ասաց, որ դատավարությունը 2 անգամ հետաձգվել է ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառով: Դատն էլ Բերդ քաղաքում է կայանում այն պատճառով, որ տեղի դատարանի դահլիճը, ի տարբերություն Իջեւանի դատարանի, նորոգված եւ բավական ընդարձակ է, այս գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա եւ շատերն են ցանկանում  ներկա գտնվել:
Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն  ասաց, որ իրենց կենտրոնը  տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանելու համար տիկին Սեդային փաստաբան է տրամադրել: Սեդա Վարդումյանը պնդում է, որ  որդու սպանությանը մասնակից անձինք, մնալով ազատության մեջ, սպառնում կամ փորձում են կաշառել վկաներին: Նա նաեւ տարօրինակ է համարում այն փաստը, որ այս սպանության բացահայտման վերաբերյալ  ոստիկանական «1-02» հաղորդաշարը ոչինչ չի հաղորդել:

 

Բազմազավակ ընտանիքի կորուստները
 

Սոցիալական վատ պայմանների արդյունքում 7 օրական նորածինը մահացել է,
ընտանիքը շարունակում է ապրել նույն պայմաններում:

Ստեփանյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի վերջնամասում՝ մի փոքրիկ, փայտաշեն տնակում: Տնակը, որպես ապավեն եւ ապաստան, խիստ անհուսալի է՝ պատերի միջով ազատ ելումուտ են անում քամին ու ձյունը: Տանիքն էլ մի լավ օրի չի ու անձրեւային եղանակներին անզոր է իր տերերին պաշտպանել թրջվելուց:
Ընտանիքը 15 տարի առաջ նորմալ բնակարանային պայմաններ ուներ Աշտարակում: Տան տղամարդու հիվանդությունը, սակայն, պատճառ դարձավ, որ Ստեփանյանները վաճառեն իրենց բնակարանը: Բնակարանի վաճառքից ստացած գումարը չփրկեց հիվանդին, իսկ նրա մահից հետո անտուն մնացած ընտանիքը ստիպված եղավ մնացած գումարով էժան կացարան գնել: Արմավիրի մարզի Խորոնք գյուղում փայտաշեն տնակ ձեռք բերեցին ու հիմնավորվեցին այստեղ:
Ստեփանյաններն այդ գյուղում միակ ընչազուրկ ընտանիքը չեն. գյուղապետ Սարգիս Նահապետյանի ասելով՝ նման կարգավիճակում շատերն են: Այս ընտանիքը, սակայն, առանձնահատուկ է իր բնակիչներով: Այստեղ՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններում հինգ երեխա է ապրում. մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 1,5: Ոչ նորմալ սնվում են, ոչ՝ հագնվում: Չնայած մեծերը հագուստի հարցը «լուծել» են՝ մեկին մյուսի շորերով են մեծացնում, բայց անլուծելի է հանապազօրյա հացի խնդիրը: Ընդամենը 45 000 դրամ նպաստով գոյատեւող բազմազավակ ընտանիքի անունը խանութպանի ապառիկ վաճառքի՝ «նիսյայի» ցուցակից երբեք չի ջնջվում: Ընտանիքի մեծ մայր-տատիկը՝ Լուսվարդ Ստեփանյանը, այնքան հուզված էր, որ խոսել չկարողացավ: Իսկ որդին՝ Արայիկ Ստեփանյանը, անելանելիությունից անկանոն շարժումներ էր անում: «Ես աշխատող տղա եմ, ավտոմեխանիկ եմ, նաեւ տրակտոր եմ քշում: Բայց աշխատանք չկա, որ մի երկու կոպեկ առնեմ՝ երեխաներիս պահեմ: Քաղաքում աշխատել չեմ կարող, որովհետեւ ամեն օր գնալ-գալու փող չունեմ, իսկ գյուղում պատվերներ ունենում են նրանք, ովքեր տեխնիկա ունեն»:
Արայիկի մի աչքը տարիներ առաջ վնասվել է դժբախտ պատահարից, եւ երիտասարդ հայրը մասամբ զրկվել է տեսողությունից: Հաշմանդամության թոշակ, սակայն, չի ստանում: Ասաց, որ փաստաթղթային քաշքշուկների մեջ են գցում, իսկ իր հնարավորությունները միշտ չէ, որ թույլ են տալիս քաղաք գնալ:
Ստեփանյաններին այցելել էինք՝ ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրելու էր նաեւ ընտանիքի վեցերորդ երեխան. օրեր առաջ Գայանե եւ Արայիկ ամուսնական զույգը կյանք պարգեւեց նաեւ վեցերորդ երեխային: Բազմազավակ մայրը՝ 29-ամյա Գայանե Ղոնախչյանը, ստիպված էր հարյուրերորդ անգամ ասել, որ աղանդավոր չէ. «Ինչո՞ւ եք շատ երեխա ունենալը անպայման կապում աղանդավոր լինելու հետ: Չի կարելի՞ երեխա ունենալ ուղղակի նոր կյանք տալու համար: Բացի այդ՝ իմ ու ամուսնուս հարաբերությունները շատ ջերմ են, երեխաներս էլ՝ շատ խելոք, դրա համար էլ 6-րդը ունեցանք: Գիտեմ, որ պահելու-մեծացնելու հարցում շատ դժվարություններ ենք ունենալու, բայց դրանից չենք վախենում: Ոնց որ հինգին ենք մեծացրել, այնպես էլ վեցերորդին կպահենք-կմեծացնենք»: Որքան էլ Գայանեն խուսափում էր պատմել իրենց դժվար կյանքի մասին, այդուհանդերձ, դրանք վկայող խոսուն փաստերը չես թաքցնի: Նորածնի թե անկողնային սպիտակեղենը, թե խանձարուրի փաթաթաշորերը այնքան խունացած ու հին էին, որ միանգամից ուրվագծվում էր դրանց սերնդեսերունդ  անցած ճանապարհը: Անկողնային պարագաներով Ստեփանյաններին օգնեց Էջմիածնի ծննդատունը, իսկ տնօրեն Աշոտ Սամսոնյանն ու բուժանձնակազմը պատրաստակամություն հայտնեցին հոգալ երիտասարդ կնոջ առողջական խնդիրների մասին, եթե այդպիսիք ծագեն: Երբ երեխայի ծննդի առիթով մեր ջերմ ցանկություններն ու բարեմաղթանքները հղեցինք բազմազավակ ընտանիքի ավագին՝ Գայանեի սկեսուր տիկին Լուսվարդին, վերջինս փոքր-ինչ նեղված խոստովանեց, որ դժվարությունների բեռն ավելանալու է:
«Բայց ուրախ եմ փոքրիկի ծնունդով, թող առողջ ու բախտավոր երեխա լինի՝ Աստծո աչքը վրան, մնացած նյութականը կամաց-կամաց կլինի: Հույսներս չենք կտրում»,- ասաց տիկին Լուսվարդը: Թշվառության թունելի վերջում ընտանիքը լույս էր տեսնում. երեխայի ծննդօգնության 430 000 դրամով կով էին գնելու, որով մասամբ լուծելու էին սննդի հարցը: Բայց...…Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ փայտաշեն ու ցուրտ տնակում յոթ օր ապրելուց հետո նորածինը մահացել է: Երեխայի կորստով փշրվում եւ վերանում է կով ունենալու Ստեփանյանների հույսը:
Ասում են՝ պետությունը խրախուսում է երիտասարդ զույգերին, որոնք համարձակվում են շատ երեխա ունենալ: Նույնիսկ մի շարք  ծրագրեր է մշակել՝ սատարելու համար բազմազավակ ընտանիքներին: Ստեփանյանները մեկն են Հայաստանում ապրող այն ընտանիքներից, որոնց համար պետական աջակցությունը շոշափելի չէ, եթե չասենք՝ ընդհանրապես չկա:

 

Ֆիլմ՝ Չարենցի մասին
 
Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 113-ամյակը: Այս առթիվ երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա լրագրողների եւ դասախոսների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ: Շուրջ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ գրողը պատմեց Չարենցի՝ միայն 1919-1920 թթ. ժամանակաշրջանի մասին: Նա Չարենցին նվիրված ֆիլմի համար սցենար է գրել: «Առավոտի» հետ զրույցում Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ ֆիլմն ունի 2 պրոդյուսեր՝ «Շարմ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը եւ մոսկվացի Արմեն Գրիգորյանը, ովքեր էլ պատվիրել են սցենարը: Ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ, եւ նրան կընտրեն պրոդյուսերները: Վ. Մարտիրոսյանը նշեց միայն, որ սցենարի պատվիրատուները երկընտրանքի առջեւ են՝ Չարեցի մասին ֆիլմը նկարահանել լիամետրա՞ժ, թե՞ բազմասերիանոց տարբերակով: Վ. Մարտիրոսյանն ասաց, որ սցենարը գրելիս օգտվել է խորհրդային տարիներից հետո հրապարակված նյութերից, նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից, սակայն ստիպված է եղել հաղթահարել մի շարք տեխնիկական խոչընդոտներ, կատարել ինքնուրույն գրականագիտական, հետազոտական աշխատանք. «Մի կողմից Չարեցին վերաբերող 5-6 հուշերի գիրք կա, մյուս կողմից՝ անհեթեթ վիճակ է այն իմաստով, որ դրանցից ոչ մեկը ծանոթագրված չէ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է, որ հուշերի գրքերն ունենան գիտական ծանոթագրություններ, որպեսզի իմանաս, թե ով է հուշագիրը, ինչ առնչություն է ունեցել գրողի հետ եւ այլն»:
Հարցին՝ արդյո՞ք ծանոթ է Գեւորգ Էմինի որդու՝ Արտաշես Էմինի մոտ եղած նյութերին, եւ սցենարում տեղ գտե՞լ են սեռական կողմնորոշմանը վերաբերող նյութեր, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրանց ծանոթ է, բայց նպատակ չի ունեցել Չարենցին ներկայացնել անտիպներով ու անհայտ ինչ-որ բացահայտումներով. «Չարենցն այնքան գլուխգործոցներ ունի, որ դրանք հնչեցնելու համար հսկայական ծավալ ու աշխատանք է պետք, որպեսզի հանդիսատեսը գոնե բանաստեղծական մի երկու քառատող տեսնի»: Ուսանողներից մեկի հռետորական հարցին՝ ինչո՞ւ Չարենցի նմաններն այսօր չկան, գրողն այսպես պատասխանեց. «Ես էլ ձեզ կարող եմ հարցնել»:

 

Ղազախստանում զոհեր կան
 
Հինգշաբթի գիշերը Ղազախստանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղը դարձել է բազմաթիվ ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, փրկարարները երկրի գյուղերից միայն մեկում հայտնաբերել են 20 զոհի, մեկ այլ գյուղում շարունակվում են ջրի հոսանքի տակ հայտնված երկու մարդու որոնումները: Ալմա-Աթայում քանդվել է մի քանի ամբարտակ, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, մեծապես դժվարացել, տեղ-տեղ նույնիսկ խաթարվել է ավտոճանապարհային երթեւեկությունը:
Միաժամանակ Աքսուսկի շրջանում, Կիզիլ-Աղաշ ջրամբարում, նաեւ անձրեւաջրերի կուտակման արդյունքում, ջուրն ամբարտակներից դուրս է եկել եւ ջրասույզ է արել համանուն գյուղը, որն ուներ երեք հազար բնակիչ: Ջրհեղեղը նաեւ մաքրել-տարել է Կիզիլ-Աղաշի կամուրջը: Ղազախստանի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությունից շեշտում են, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաեւ Ալմա-Աթա- Ուստ-Կամենոգորսկ ավտոճանապարհին, որտեղ ջրհեղեղը ավերում է ճամփեզրերն ու երթեւեկելի հատվածը:
Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարգադրել է հատուկ հանձնաժողով ձեւավորել եւ օգնել Ալմա-Աթայի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին:
 

Իտալիա. բարեհաճ վերաբերմունք՝ սեքսուալ ծառայությունների դիմաց
 
Իտալացի պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել 2009 թվականին Աքվիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի նախապատրաստման համար, հնարավորություն էին ստացել որպես շինարարական շահավետ պայմանագրեր կնքելու փոխհատուցում՝ օգտվել մարմնավաճառների ծառայությունից: Կոռուպցիոն այս սխեմային մասնակցել է 350 կին: «The Times»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են փաստի առիթով հետաքննություն անցկացրած քննիչները: Վերջիններս նախապես համարել էին, որ այս գործում ներգրավված է ընդամենը 3-4 մարմնավաճառ, բայց ավելի ուշ «բարեհաճ վերաբերմունք՝ սեքսուալ ծառայությունների դիմաց» գործի ի հայտ եկած մասշտաբները նոր հարված են հասցրել Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն կառավարությանը: Հետաքննիչները հայտարարել են, թե գործի շրջանակներում հեռախոսային խոսակցություններ են գաղտնալսվել, որոնց արդյունքում նոր եւ այլ վկայություններ են ստացվել, որոնք ապացուցել են, որ կոռուպցիայի գործի հետ առնչվող կանայք, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ, վենեսուելացիներ, բրազիլացիներ, կուբացիներ եւ իտալացիներ, իրենց մատուցած ծառայությունների համար ստացել են մոտավորապես 700-ական եվրո՝ ամբողջ Իտալիայի տարածքով մեկ մասնավոր երեկույթների ժամանակ, նաեւ բնակարաններում կազմակերպված հանդիպումներին մասնակցելու համար: Որոշ դեպքերում մարմնավաճառների հոնորարը կազմել է մինչեւ 5 հազար եվրո:
Հիշեցնենք, որ «G8»-ի նախապատրաստական աշխատանքները եվրոպական երկրների հարկատուների համար արժեցել էր մի քանի հարյուր միլիոն եվրո:
 

«Ալ-Քաիդայի» ներկայացուցիչն աշխատել է ԱՄՆ-ի ատոմակայաններում
 
«Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցած 26-ամյա ամերիկացի Շարիֆ Մոբլին, որն աշխատանքի էր տեղավորվել ԱՄՆ-ի ատոմակայաններում, կարող էր այդ կայաններում ահաբեկչական ակտեր կազմակերպել: «Newsru»-ի մատուցմամբ, նման մտահոգություն ունեն Մոբլիին Եմենում ձերբակալած ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք իրենց վարած հետաքննության ընթացքում պարզել էին, որ վերջինս աշխատել է Նյու Ջերսիի երեք ատոմակայաններում՝ մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ոլորտներում:
Մոբլին ձերբակալվել էր մարտին՝ Եմենի իշխանությունների կողմից «Ալ-Քաիդայի» անդամներին հայտնաբերելու նպատակով իրականացրած շուրջկալի արդյունքում: Իհարկե, Եմենի ոստիկանության պաշտոնյաներն առայժմ կապ չեն տեսնում Մոբլիի՝ ատոմակայաններում աշխատելու եւ Եմենում նրա ծավալած գործունեության միջեւ, բայց այդ վարկածի օգտին է խոսել Վաշինգտոնում այդ երկրի դեսպանության ներկայացուցիչ Մոհամեդ Ալբաշան:
 

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՀԵՏ
 
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյին, Ուկրաինայի կենտրոնական բանկին, նաեւ վարչապետ Նիկոլայ Ազարովին հանձնարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ Ուկրաինայի համագործակցությունը շարունակելու ծրագիր մշակել: BBC-ի մատուցմամբ, Յանուկովիչը հայտարարել է, թե «այդ հարցերով պետք է անհապաղ զբաղվել, որպեսզի մենք զգանք՝ երբ, որքան եւ ինչ պայմաններում կարող ենք այդ կառույցներից օգնություն ստանալ»:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին ԱՄՀ-ն հետաձգել էր Ուկրաինային 4 մլրդ դոլարի տրանշի հատկացումը՝ 2010թ. բյուջեն ընդունված չլինելու, նաեւ Ուկրաինայի կառավարության կողմից բյուջետային ծախսերի կրճատումներ անելու վերաբերյալ այդ կառույցի պայմանները չկատարելու պատճառաբանությամբ:
 

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
 
Երեկ Բրյուսելում քննարկվել է ՆԱՏՕ-ի հետ 2010թ. համագործակցության Վրաստանի ազգային ծրագիրը: Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակում, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում այդ նպատակով գումարվել է Դաշինքի խորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է news.am-ը, նախատեսվում էր, որ վրացական կողմը ներկայացնելու էին եվրաատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Գեորգի Բարամիձեն եւ ռեինտեգրացիայի պետնախարար Թեմուր Յակոբիշվիլին: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերին:
Սպասվում էր, որ Յակոբիշվիլին նիստի ընթացքում Դաշինքի անդամներին ծանոթացնելու է Վրաստանից անջատված եւ հակամարտող տարածաշրջանների վերաբերյալ իր երկրի պետական ռազմավարությանը: Նոր ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ անցկացնել ժողովրդավարության զարգացման, պաշտպանության, տնտեսության եւ անվտանգության ուղղություններով, նաեւ այլ ոլորտներում:
 

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 45 ՄԱՐԴ
 
Առնվազն 45 մարդ է զոհվել եւ ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել Պակիստանի Լախոր քաղաքում երկու մահապարտ-գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական ակտի արդյունքում: «Reuters»-ի մատուցմամբ, ռումբը, որը գործի է դրվել ահաբեկիչների կողմից, տեղադրված է եղել ռազմական օբյեկտներից մեկի մոտ՝ զինվորական ավտոմեքենա պայթեցնելու նպատակով: Երկրորդ պայթուցիկը պայթեցվել է, երբ առաջին պայթյունի վայր է ժամանել բանակային մի ավտոմեքենա: Տարեսկզբից ի վեր Պակիստանում տեղի ունեցած այս ամենաարյունալի ահաբեկչական ակտի զոհ է դարձել 9 զինծառայող:
 

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԷԼԻ ԶՈՀԵՐ ԿԱՆ
 
Բաղդադի արեւմուտքում զինվորականները, որոնք ենթադրաբար ամերիկացիներ են եղել, գնդակոծել են երկու իրաքցի տեղափոխող մի ավտոմեքենա: Արդյունքում զոհվել է «Ջիջլիա» հեռուստաալիքի լրագրող Ասիլ ալ-Օբեյդին եւ նրա ամուսինը: Այդ մասին «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ին ասել է Բաղդադի ոստիկանության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է գնդակոծվել քաղաքացիական ավտոմեքենան: ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը սկսել է հետաքննել միջադեպը, բայց նաեւ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մեքենան հենց ամերիկացի զինվորականների կողմից գնդակոծելու մասին տեղեկատվությունը, թեեւ իրաքցի զինվորականները դրանում չեն կասկածում: Դեպքը տեղի է ունեցել Բաղդադի Տոբչի շրջանում, որտեղ ամերիկացի եւ իրաքցի զինվորականները համատեղ գործողություն են իրականացրել:
 

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 4 ԲՐԱԶԻԼԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ
 
Բրազիլացի չորս զինծառայող է զոհվել Մատու-Գրոսսու-դու-Սուլ նահանգի եւ Բոլիվիայի սահմանի մոտ տեղի ունեցած ուղղաթիռի՝ վթարի ենթարկվելու արդյունքում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել են Բրազիլիայի պաշտպանության նախարարությունից: «HB350 Esquilo» ընդհանուր նշանակության բանակային ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Ըստ որոշ տեղեկությունների, ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել է գետնին, թեեւ երկրի ռազմաօդային ուժերի մասնագետները հատուկ ստեղծված հետաքննության մարմնի հետ միասին դեռ պետք է պարզեն վթարի իրական պատճառները:
 

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿՈՂ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
 

Բայց ցանկացած կանխազգացում հետեւանք է ինչ-որ պատճառի

Ըստ հոգեբանների՝ կանխազգացումը ինֆորմացիա է՝ տրված ենթագիտակցության կողմից: Իսկ քարացած ինտուիցիա ունեցող մարդկանց մոտ այդ ինֆորմացիան մեծամասամբ համընկնում է ճշմարտության, իրականության հետ: Կանանց մոտ, ի դեպ, ինտուիցիան ավելի զարգացած է, այդ է պատճառը, որ հաճախ կանայք ինտուիցիային հենվելով, ավելի ճիշտ որոշումներ են կայացնում, քան տրամաբանության միջոցով:
Հայ առաքելական եկեղեցին մերժում է կանխազգացումները եւ սխալ համարում դրանց հավատալն ու վերջիններով առաջնորդվելը:
Սուրբ երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը գտնում է՝ կանխազգացումը եղած իրականությունների հիմքի վրա ձեւավորվող մի երեւույթ է, որը պատահականություն համարել ուղղակի չի կարելի. «Եթե կյանքի որեւէ իրավիճակի մեջ ինչ-ինչ դրսեւորում է լինում, եւ ես այդ իրավիճակի մեջ ունեմ կանխազգացում, դա հենց այնպես չի տրվում, այլ՝ որոշակի ինֆորմացիա ունենալու եւ երեւույթները տեսնել կարողանալու հատկության արդյունքում: Երբեմն կանխազգացում ասվածը մեր ենթագիտակցությունից է գալիս գիտակցություն: Որովհետեւ մեր ենթագիտակցության մեջ բավականին մեծ ինֆորմացիա կա: Եվ այն աշխարհը, որին  մենք պատկանում ենք եւ որը մենք ճանաչում ենք, իրականում դրսեւորված եւ արտացոլված է մեր ենթագիտակցության մեջ: Շատ դեպքերում այդ կանխազգացումները մեզ տրվում են մեր ենթագիտակցությունից, իսկ ավելի պարզ՝ այնտեղ կուտակված որոշակի ինֆորմացիայից: Հարցն այնքան էլ դրանց հավատալ-չհավատալու մեջ չէ, որքան որ իրականությունից չկտրվելու կարողությունը չկորցնելը: Կանխազգացումներին ոչ ոք չի կարող ասել՝ հավատացեք կամ մի հավատացեք: Եկեղեցին ասում է՝ հավատալով եւ դրանով առաջնորդվելով՝ կարողացեք չկտրվել իրականությունից: Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դրսեւորումներն ու կոնկրետ վերաբերմունքը կանխազգացումների նկատմամբ»:
Տեր Եսային նշում է, որ պետք չէ հավատալ ենթագիտակցությունից եկող կանխազգացումներին եւ գերի դառնալ դրանց. «Եթե մեր կանխազգացումն ասում է՝ այսպես պետք է լինի, ուրեմն դա հնարավոր չի փոխել. այս մտածելակերպն արդեն քրիստոնեական չէ: Սուրբ գիրքն ու քրիստոնեական վարդապետությունը մեզ սովորեցնում են, որ մեր կյանքը, մեր ապագան, նույնիսկ երկնքի արքայության պատկերը մեր հոգու մեջ է, մեր ձեռքերում, եւ մենք պետք է կառավարենք այն ու միայն մենք ենք պատասխանատու մեր արարքների համար եւ ոչ թե կանխազգացումները...»:
Հարցին, ճի՞շտ է, արդյոք, որ Աստված մարդկանց կանխազգացումներով փորձում է հուշումներ անել, տեր Եսային, պատասխանեց. «Աստված մեզ միշտ հուշում է, թե այս իրավիճակում ինչ պետք է անել, իսկ թե ինչպես է հուշում, դա արդեն խիստ անհատական է: Կանխազգացումները պետք չէ կապել Աստծո հետ: Իրականում դա ամենահեշտ ձեւն է պատասխանատվությունից խուսափելու, երբ ամեն ինչ բարդում ենք կանխազգացումների վրա, ասելով, որ Աստված հուշեց: Սա ընդամենը արդարացում է»:
Հոգեբան Սուսաննա Հակոբյանի մեկնաբանմամբ էլ՝ կանխազգացումներ կան, դրանք ազդակ են, հուշում՝ մոտալուտ իրադարձությունների, որոնք հիմնականում պատահում են հուզական մարդկանց հետ:
«Ցանկացած կանխազգացում արդարացված է այն իմաստով, որ իր մեջ կրում է պատճառահետեւանքային կապ: Բոլորը չէ, որ ունեն կանխատեսելու ունակություն: Այն հիմնականում բնորոշ է շուտ հուզվող անձանց, որոնք հաճախ իրենք էլ չեն կարողանում հասկանալ ու նաեւ բացատրել, թե որտեղից եւ ինչպես են կարողացել կանխազգալ հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող հարազատների հաջողության կամ անհաջողության մասին»:
Ս. Հակոբյանը նկատում է, որ յուրաքանչյուր պարագայում կանխազգացում ունենալու դեպքում կարեւորը կողմնորոշվելն է. «Փաստն այն է, որ մարդը հիմնականում կանխազգում է իր հետ կատարվելիք իրադարձությունները: Անգամ կանխազգացում ունենալու պարագայում մարդ պետք է խելացիություն դրսեւորի. այն մարդուն կօգնի ճիշտ նախապատրաստվել՝ օգտագործելով այդ վաստակն ի շահ իր հաջողության՝ լինի ուրախություն, թե տխրություն: Անձը հստակ գիտակցում է իր քայլերը՝ ցանկալի ավարտ, արդյունք ստանալու համար»:
Հոգեբանը խորհուրդ է տալիս կանխազգացումներին նշանակություն տալ, բայց գերի չդառնալ դրանց: Նա կարծում է՝ «պետք է հիշել, որ մարդ մտածում է, իսկ Աստված տնօրինում, եւ, որ ամենակարեւորն է, ցանկացած կանխազգացում հետեւանք է ինչ-որ պատճառի»:

 

 

Կբացահայտվի՞, արդյոք, երկարակեցության գաղտնիքը
Դանիացի եւ ամերիկացի գիտնականները մտադիր են պարզել երկարակեցությանը նպաստող ժառանգական, միջավայրային եւ վարքագծային գործոնները: Ինչպես նշում է մասնագետներից մեկը, ժառանգականությունը մեծ դեր ունի, սակայն միշտ չէ, որ այս կամ այն երեւույթը պայմանավորված է միայն գեներով: Շատ բան կարելի է ձեռք բերել զուտ համապատասխան վարքագիծ մշակելով: Եվ այժմ գիտնականները փորձում են բացահայտել այն արտաժառանգական պայմանները, որոնք թույլ են տալիս ապրել մեկ դար: ԱՄՆ-ում ապրում են 85-ն անց շատ մարդիկ, որոնք վերապրել են մարդկության բոլոր ծանրագույն իրադարձությունները եւ շարունակում են ապրել փոփոխվող աշխարհին համընթաց: Ըստ նորագույն կանխատեսումների՝ 2050թ.-ին ավելի քան 800 000 ամերիկացի կթեւակոխի իր կյանքի երկրորդ հարյուրամյակը: Այդ մարդիկ չեն լինի տկար, հիվանդ եւ տնակյաց, ինչպես հաճախ պատկերացնում են մարդիկ: Նման մարդկանց մեծ մասն ունի մտավոր զգոնություն եւ ֆիզիկական առույգություն: Նրանք ներկայացնում են ծերանալու մի նոր եղանակ, որը գիտնականները ակնկալում են դարձնել հանրամատչելի: Դրա արդյունքում կնվազի զանազան հիվանդություններով (քաղցկեղ, շաքարախտ, թուլամտություն եւ այլն) եւ ֆիզիկական ու մտավոր տկարությամբ տառապող մարդկանց թիվը: Մեկ դար ապրողները, թվում է, ինչ-որ թաքնված ուժի շնորհիվ պաշտպանված են առողջական ծանր խնդիրներից: Ըստ երկու ուսումնասիրության արդյունքների՝ երկարակեցությանը նպաստում են առողջ սննդակարգը, ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը, մտավոր վարժությունները, չծխելը, էքստրավերտությունը, կյանքին թեթեւ նայելը եւ նիհարությունը:

Կոչ են անում ձեւափոխել հոթդոգը եւ քաղցրավենիքները
ԱՄՆ մանկաբույժների առաջատար խումբը կոչ է անում արտադրողներին փոխել հոթդոգի եւ քաղցրավենիքների ձեւը: Դա կօգնի խուսափել մանուկների շնչահեղձության բազմաթիվ դեպքերից: Ինչպես նշում է Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի վնասվածքների, բռնության եւ թունավորման կանխարգելման կոմիտեի նախկին նախագահ դոկտոր Գարի Սմիթը, սննդի չափը, ձեւը եւ բաղադրությունը կարող է երեխաների մոտ շնչահեղձության պատճառ դառնալ, հետեւաբար, սնունդ արտադրողները պետք է փոխեն նման սննդի ձեւը՝ շնչահեղձության վտանգը կանխելու համար: «Օվալաձեւ եւ կլոր սնունդը լի է նման վտանգով, իսկ առաջին տեղում է հոթդոգը»,- նշել է նա:
Նշենք, որ 1-5 տարեկան երեխաների մահացության թիվ 1 պատճառը շնչահեղձությունն է: Իսկ հոթդոգին բաժին է ընկնում 10 տարեկանից ցածր երեխաների շնչահեղձության դեպքերի 17%-ը:

Ծերացման գաղտնիքը բացահայտվում է
Մոլեկուլային կենսաբանները նկատել են, որ մարդու բջիջները ծերանում են տարբեր արագություններով՝ տարբերակելով «ժամանակային» եւ «կենսաբանական» ծերացումները: Իսկ մի շարք հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են բջջային ծերացման ժառանգական հանգույցը: Այս հայտնագործությունը կօգնի ծերացման հետ առնչվող մի շարք հիվանդությունների, ինչպես նաեւ քաղցկեղի համար նոր բուժամիջոցներ գտնել: Գիտնականներին հայտնի է, որ բոլոր քրոմոսոմներն ունեն թելոմեր կոչվող պաշտպանիչ կաղապարներ, որոնք գտնվում են քրոմոսոմային շղթայի 2 ծայրերում: Թելոմերը կարճանում է բջիջների կիսվելուց: Կարճացած թելոմերներն առաջացնում են ծերացման հետ կապված այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են սրտի հիվանդությունները եւ քաղցկեղը: Ինչ վերաբերում է թելոմերների կարճացման եւ արտաքին փոփոխությունների կապին, գիտնականները դեռ ապացույցներ չեն գտել: Սակայն պարզ է, որ թելոմերները կօգնեն «մոտենալ» կենսաբանական ժամացույցին:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները կարողացել են բացահայտել մի գենային հաջորդականություն, որով պայմանավորված է թելոմերի երկարությունը՝ տարբեր մարդկանց մոտ: Հաջորդականությունը փնջավորվում էր TERC կոչվող մի գենի մոտ, որը մեծ դերակատարում ունի թելոմերազ կոչվող էնզիմի արտադրության մեջ: Թելոմերազը «վերանորոգում» է կարճացած թելոմերները: TERC-ը, հավանաբար, թելոմերի երկարության վրա ազդող մի քանի գեներից մեկն է: Գիտնականները պատրաստվում են հաջորդ հետազոտությունների ընթացքում հայտնաբերել մյուս գեները եւ բացահայտել ծերացման հանելուկը «թաքցնող» գենային ողջ խումբը: Գիտնականները հավատում են, որ իրենց աշխատանքը կօգնի շատ հիվանդությունների բուժման համար գտնել նոր միջոցներ:

Գոյություն ունի «կոտրված սրտի համախտանիշ»
Գիտության մեջ «տակոթսուբո կարդիոմիոպատիա» անվանումով հայտնի կոտրված սրտի համախտանիշը հազվադեպ հանդիպող սրտային վիճակ է, որը կարող է նման լինել սրտի կաթվածին: «Հարազատ մարդու կորուստ ունեցած շատ մարդկանց մոտ հանդիպում է այս վիճակը,- նշում է բժիշկ Ուիթշտեյնը,- ահա թե ինչու այն անվանում են կոտրված սրտի համախտանիշ»:
Ինչպես նշում է Ամերիկայի սրտի միավորման խոսնակ դոկտոր Շտեյնը, այս համախտանիշի դեպքում սրտի ստորին մասը ժամանակավորապես այտուցվում է եւ նմանվում թակարդի: Կոտրված սրտի համախտանիշը հաճախ հանդիպում է կանանց մոտ (հատկապես մենոպաուզա վերապրած սպիտակամորթ կանանց մոտ), ինչպես նաեւ դեպրեսիայի եւ անհանգստության ենթարկված մարդկանց մոտ: Չնայած այս համախտանիշը հանդիպում է հազվադեպ, դրանով տառապող մարդկանց թիվը գնալով աճում է:

 

ԱՅ ՔԵԶ ՊՏՈՒՂ
 
Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, ճաշկերույթի վերջում հրամցնում են անուշեղեն, մասնավորապես՝ մրգեղեն: Եվ այստեղ մարդկանց մեծ մասը բավականին միատեսակ է իր ընտրության մեջ: Այնուամենայնիվ, հոգեբան Էլեյն Կանը պնդում է, որ այն մրգերը, որոնք գերադասում եք, ուղղակիորեն բնութագրում են ձեր անձը:
Ահա եւ ամերիկուհու բնորոշումները...
1. Եթե դուք սիրում եք խնձոր, ապա ձեզ առանձնահատուկ է աշխատասիրությունը, ջանասիրությունը, գործնականությունը, ճշմարտասիրությունը, սովորույթների մեջ՝ պահպանողականությունը:
2. Նրանք, ովքեր «հարգում» են նարինջը՝ բարի են, հաճելի, հարմարվող եւ զիջողական, մարդամոտ, հեշտ են «լեզու» գտնում մարդկանց հետ:
3. Ձմերուկ գերադասողները ժլատ են, «մզմզան», հանգիստ չտվող, կախման մեջ են իրենց սոցիալական «դերից», չեն ափսոսում ժամանակը, որպեսզի յուրաքանչյուր գործ սկսեն եւ կատարեն մինչեւ վերջ՝ որակով:
4. «Խաղողասերները» սուտասան են, ներփակված, ճարպիկ, ձեռներեց, հնարամիտ եւ հնարավոր է՝ խելոք:
5. Տանձ գերադասողները հանգիստ են, «փափուկ», բարեսիրտ, խորաթափանց, հիանալի պատմողներ:
6. Բալ եւ կեռաս գերադասողները կրքոտ են, խիզախ, անուշադիր, ենթակա են դավաճանության, հնարագետ են:
7. «Ելակասերները» նրբաճաշակ են, պերճաշուք, խորամանկ, ճարպկորեն համակերպվող, խոսքի մեջ՝ կայծականետ:
Ցավոք, ամերիկուհի հոգեբանը չի ուսումնասիրել նրանց, որոնք գերադասում են, օրինակ, ծիրանը, սալորը, դեղձը, թուզը կամ նուռը: Միգուցե ԱՄՆ-ում այս մրգերը չե՞ն սիրում:

 

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԵՆՔ
 
Ժամանակակից բոլոր մակնիշի հեռուստացույցները մանրամասնորեն ուսումնասիրվում են ռադիոկենսաբանների, կենսաֆիզիկոսների, բժիշկ-հիգիենիստների կողմից: Նրանց հետազոտությունները ցույց տվեցին, որ հեռուստացույցների էկրանի ճառագայթումը չի անցնում երկրի բնական ճառագայթումից: Սակայն դա չի նշանակում, որ հեռուստացույցի մոտ պետք է նստել ժամերով եւ «օրերով»: Ըստ մասնագետ բժիշկների խորհրդի, ժամանակը, որը կարելի է հատկացնել հեռուստացույց դիտելուն, 2,5-3,5 ժամ է: Դպրոցականների համար այն 1,5-2 ժամ է, նախադպրոցականների համար՝ 30-40 րոպե: Ժամերով դիտելը, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ առաջ  է բերում նյարդային համակարգի գերգրգռվածություն, գլխացավ, տեսողության եւ քնի խանգարումներ, աշխատունակության անկում, գիտելիքները դժվար են ընկալվում:
Շատ կարեւոր է նաեւ հեռուստացույցի ճիշտ տեղադրումը: Էկրանի բարձրությունը հատակից պետք է լինի 80-90 սմ, իսկ հեռավորությունը՝ 2-5 մետր: Խորհուրդ չի տրվում դիտել ամբողջովին մութ սենյակում: Կարելի է միացնել սեղանի լամպը կամ էլ այլ լույսի աղբյուր՝ 40-60 վտ: Ավտոմեքենայի ղեկին նստեք հեռուստահաղորդում դիտելուց կես ժամ հետո:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news