 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ամեն օր, օրը առնվազն երկու անգամ, ես փողոց եմ անցնում Մանկավարժական համալսարանի խաչմերուկում: Այդ պահին փողոցն անցնող 10-20 հոգուց ես միակն եմ, որ սպասում եմ կանաչ լույսին: Բայց դա դեռ քիչ է. երբ վառվում է իմ սպասած լույսը, ուղիղ «զեբրի» վրա կանգնում են 1-2 երթուղային տաքսիներ եւ սկսում են ուղեւոր իջեցնել-նստեցնել: Բայց դա էլ դեռ վերջը չէ. երբ ես փորձում եմ, երթուղային տաքսիները մի կերպ շրջանցելով, անցնել փողոցը, ձախ կողմից «վրա են տալիս» մեքենաները, որոնց իմ կանաչ լույսը բացարձակապես չի հետաքրքրում, եւ որքան թանկ են այդ մեքենաները, այնքան լկտի: Ո՞րն է ելքը: Դուք, երեւի, կասեք՝ ոստիկան կանգնեցնելը եւ տուգանելը: Բայց դա իրականում ելք չէ: Աշնան սկզբին կազմակերպվել էր այդպիսի «կամպանիա». մի քանի օր ճանապարհային ոստիկանները գոռգոռացին իրենց բարձրախոսներով, մի քանի քաղաքացու գուցեեւ տուգանեցին: Միեւնույն է՝ ամեն մի խաչմերուկում ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ, եթե նույնիսկ վերանանք այն հանգամանքից, որ ոստիկանները մեր հասարակության ամենաօրինախախտ զանգվածն են: Մինչեւ որ այս իրավիճակի բոլոր մասնակիցները անհատապես չհասկանան, որ ամենաձեռնտու ճանապարհը օրենքը հարգելն է, որեւէ բան չի փոխվի:
Հիմա փորձեք այս օրինաչափությունը տարածել ցանկացած երեւույթի վրա եւ կտեսնեք, որ, պրոֆեսոր Պրեոբրաժենսկու խոսքերով, ավերածությունը նախեւառաջ մեր գլխներում է: Եթե ես բաժանում կամ ստանում եմ «սեւ աշխատավարձ», ապա ինչպե՞ս եմ ես պահանջում, որ մեծահարուստները մուծեն իրենց հարկերը: Եթե ես ուզում եմ ջարդել ինձ վիրավորած լրագրողի քիթ-մռութը, ապա ինչո՞ւ եմ ես զարմանում, երբ իշխանությունն իր բոլոր լծակներն օգտագործում է՝ անցանկալի լրատվամիջոցը ճնշելու համար: Եթե գործատուն ուշացնում է աշխատավարձը, ապա ինչո՞ւ է նա դժգոհում, որ իր աշխատողները բարեխիղճ չեն: Եթե մարդը իր տանը կամ աշխատավայրում ժողովրդավար չէ, ապա ինչպե՞ս է նա պահանջում, որ ռեժիմը ժողովրդավարական լինի: Եթե «նախկինները» իշխանություն են ձեռք բերել՝ ընտրությունները կեղծելով, ապա ինչո՞ւ են նրանք ընդվզում, երբ «ներկաները» նույնն են անում: Հասարակության բարեփոխումը պետք է սկսել անհատի հոգեբանության բարեփոխումից:
In-divid-ը, ան-հատը չկիսվող, չհատվող ատոմ է, որը կազմում է արեւմտյան տիպի շուկայական հարաբերությունների հիմքը: Մարդու ուղեղը եւ մարմինը նրա մասնավոր սեփականությունն է, որը նա կարող է վաճառել՝ այլ սեփականություն, այդ թվում նաեւ՝ այլ մարդկանց աշխատուժը ձեռք բերելու համար: Նման հարաբերությունները զուրկ են, իհարկե, կոլխոզային ռոմանտիկայից եւ պահանջում են հստակ կարծր կարգավորում, որը հիմնված է անհատների միջեւ պայմանագրերը, այսինքն՝ օրենքները սրբորեն եւ, ամենակարեւորը, գիտակցաբար հարգելու վրա: Թե չէ՝ մեզ մոտ հարաբերությունները, կարծես թե, շուկայական են, իսկ մտածողությունը՝ առայժմ կոլխոզային:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2010-02-06 |
| ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք |
| |

1970-ականներին շրջանառության մեջ էր այսպիսի մի անեկդոտ. ԿԳԲ-ն ահազանգ է ստանում, որ ԽՄԿԿ 24-րդ համագումարի ժամանակ դահլիճում ներկա է ամերիկյան մի լրտես: Եվ ահա մի հրեա Բրեժնեւի զեկույցի ժամանակ այդ լրտեսին հայտնաբերում է: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է դա հաջողացրել, հրեան պատասխանում է. «Ես պարզապես լրջորեն ուսումնասիրել եմ Լենինի աշխատությունները: Իսկ Իլյիչն ասում էր՝ «թշնամին երբեք չի ննջում»: Երեկ ՀՀ ոստիկանությունում կայացավ 2010 թ. ոստիկանության առաջին կոլեգիայի նիստը: Երբ ոստիկանապետը ելույթ էր ունենում ամբիոնից, դահլիճում նստած որոշ բարձրաստիճան սպաներ հարմար դիրք ընդունած ննջել էին։ Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է այդօրինակ մի շարք կադրեր։ |
| |
| Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| «ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԲ ԵՆ ԴՐՍԻՑ ԱՍԵԼՈՒ» |
| |
Անելո՞ւ էին առանց դրսի հորդորի
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի զեկույցը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր մեջ մի շարք առաջարկություններ է պարունակում, որոնց իրականացման համար մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը՝ մարտի 17-ը, ժամկետ է նշված: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական թեւի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ առանց մոնիտորինգի հանձնաժողովի պահանջների էլ իրենք փորձելու են մշտադիտարկման ենթարկել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած առաջարկները: Հիշեցնենք, որ համազեկուցողներն առաջարկել էին հետեւել ընտրական համակարգի բարեփոխմանը, ոստիկանության եւ արդարադատության համակարգերին առնչվող օրենքներում եւս փոփոխություններ իրականացնել: Խորհրդարանի որոշմամբ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է վերապահված հետեւել ժամանակավոր հանձնաժողովի կողմից առաջ քաշված հարցերի կատարման ընթացքին: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին «Առավոտը» օրեր առաջ հարցրել էր՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ: Ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասել էր. «Այնպես չի, որ մենք սպասում ենք, թե երբ են դրսից պահանջելու: Մենք արդեն ունեցել ենք աշխատանքային խմբի մի քանի հանդիպումներ, առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 11-ին, նախորդ օրը մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը՝ մենք արդեն քննարկեցինք, թե ինչ հարցեր ենք ուղղելու կառավարությանը, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով կատարման ֆունկցիաները գործադիրի վրա են, սակայն քաղաքական առումով ԱԺ-ն եւս չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից: Մոտ 30 հարց ենք ուղղել կառավարությանը, ակտիվ աշխատելու ենք, ժամանակացույցը կազմվելու է: Կարծում եմ, պետք է խոսք գնա շոշափելի արդյունքների մասին: Մոնիտորինգի հանձնաժողովի հարցադրումը շատ բնական է: Կարծում եմ, իրենց հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք իրականացնելու մեր մշտադիտարկումը: Ավելի շատ նրանց ուշադրության ներքո է լինելու, թե ինչքանով պետության մոնիտորինգի ներքին մեխանիզմները կարող են արդյունավետորեն փոխարինել արտաքին մոնիտորինգը»:
Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս շեշտեց, որ մինչեւ մոնիտորինգի խմբի եզրակացությունը, իրենք մի քանի նիստ անցկացրել են: «Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Գաղտնիք չէ, որ մեր խորհրդարանի որոշմամբ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկների իրականացմանը հետեւելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Արդեն իսկ երկու նիստ է գումարվել: Առաջին նիստին մասնակցել ենք նաեւ ես եւ Սամվել Նիկոյանն ու ներկայացրել ենք որոշ առաջարկներ, թե կոնկրետ ինչ ուղղություններով պետք է հանձնաժողովն աշխատի: Ի դեպ, ցանկացած պատգամավոր կարող է մասնակցել մշտադիտարկում իրականացնող պետաիրավական հանձնաժողովի նիստին: «Բարգավաճ Հայաստանը» ուշադրության կենտրոնում է պահելու այն խնդիրները, որոնք մենք առաջարկել ենք ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում, եւ ինչին իրենց զեկույցում անդրադարձել են նաեւ համազեկուցողները»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը: Ուզեցինք պարզել՝ հանձնաժողովը կտեղավորվի՞ նշված ժամկետների մեջ եւ մինչեւ մարտի 17-ը կկարողանա՞ կոնկրետ արդյունք ներկայացնել: «Չեմ կարող ասել՝ մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, մինչեւ մարտ ամիսը այդ խնդիրներն իրենց վերջնական լուծումը ստացած կլինեն, թե՝ ոչ, բայց կոալիցիան պետք է անի հնարավորը` մինչ այդ ժամկետը լուրջ, ծավալուն աշխատանք կատարելու եւ ներկայացնելու մոնիտորինգի հանձնաժողովին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Վերջինս լուրջ չի համարում այն սպասելիքները, թե մինչեւ մարտի կեսերը հնարավոր կլինի, ասենք, արդարադատության համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնել, բայց կարծում է. «Այս ժամանակահատվածում առնվազն պետք է գոնե ունենալ ճանապարհային քարտեզ, թե՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվելու, ի՞նչ փոփոխություններ են կատարելու: Բնականաբար, պետք է ակտիվորեն աշխատի նաեւ ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խումբը, եւ փորձենք փակել օրենսգրքում հնարավոր բոլոր սողանցքները»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| «ԱԿՆՀԱՅՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ» |
| |
ՀՌԱՀ-ի առաջարկած չափորոշիչը, թե անչափահասների մտավոր զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող կարող է համարվել «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»՝ համարժեք է 2008-ի մարտի 1-ի արտակարգ դրության մասին հրամանագրին:
ՀՌԱՀ-ը փետրվարի 4-ին քննարկման ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների նախագիծը: Ըստ այդմ՝ չափանիշներ են սահմանվում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների համար: Սա անհրաժեշտ ու սպասված նախագիծ է, սակայն, այնուամենայնիվ, մտահոգություններ է հարուցում: Ասենք՝ կարո՞ղ է արդյոք միայն ժամը 24-ից հետո ցուցադրվեն բոլոր ֆանտաստիկ ֆիլմերը, քանի որ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներից է նաեւ գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների եւ գերբնական երեւույթների ցուցադրումը: Կամ՝ կարո՞ղ է արդյոք նույն կերպ սահմանափակվել, ասենք, «Կնքահայրը» ֆիլմի ցուցադրումը, քանի որ անչափահասների դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներից մեկն է «հանցագործների հերոսացումը եւ ռոմանտիզացիան»:
Մեկնաբանությունների համար նախ դիմեցինք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանին: Զրույցի սկզբում նա անիմաստ համարեց լուրջ վերլուծությունը՝ նշելով. «Հեռուստաընկերությունները, չնչին բացառությամբ, չեն էլ ցանկանում դիմակայել դրանց, պայքարել իրենց իրավունքների համար, այլ խելոք-խելոք ենթարկվում են ՀՌԱՀ-ի (իմա՝ իշխանությունների) բոլոր պահանջներին՝ «Ա1+»-ի փորձն աչքի առաջ ունենալով: ՀՌԱՀ-ն ինչ էլ ասի՝ ենթարկվելու են»:
Եվ այսուհանդերձ՝ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչների նախագծի վերաբերյալ Մեսրոպ Հարությունյանը նկատեց, թե ձեւակերպումների շուրջ կարելի է վիճել, օրինակ՝ սարսա՞փ ֆիլմ է, եթե այլմոլորակային են ցուցադրում. «Չէ՞ որ կան նաեւ կինոնկարներ, որտեղ այլմոլորակայինները բարի են կամ գեղեցիկ (մի ֆիլմում այլմոլորակայինի դեր էր կատարում գեղեցկուհի Կիմ Բեսինջերը.- Ա. Ի.): Հիմա ի՞նչ՝ այդ ֆիլմերն անպայման ժամը 24-ից հետո՞ պիտի ցույց տան»:
Բայց նաեւ նշեց. «Ճիշտն ասած՝ ինձ ժամանցային եւ այլ բնույթի հաղորդումներն այդքան չեն հետաքրքրում՝ ի՜նչ ուզում են, ե՜րբ ուզում են՝ թող ցույց տան: Էականը չափորոշիչների 3-րդ՝ «անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների» մասին կետն է: Օրենքում ամրագրված «հնարավոր բացասական ազդեցություն» ձեւակերպումն արդեն իր մեջ վտանգ էր պարունակում՝ ո՞վ կարող է որոշել, թե ինչը բացասական ազդեցություն կունենա: Եվ խնդրեմ՝ որպես չափորոշիչ նշել են «հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումն ու վարկաբեկումը»: Սա այլ բան չի՛ նշանակում, քան գրաքննություն: Մեկի համար պատմական մի կերպար ազգի հերոս է, ուրիշի համար այնքան էլ հերոս չէ: Մի օրինակը հայտնի բանավեճն է Վարդանանց պատերազմի մասին: Եվ եթե այսօր որեւէ մեկը փորձի Վասակ Մամիկոնյանին արդարացնել՝ սա արդեն պիտի համարվի «հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացում ու վարկաբեկում» կամ «պատմական իրողությունների եւ ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացում»: Ուրեմն, եթե մի պատմաբան գրել է, թե այսինչ ճակատամարտում մարդիկ այսպես են վարվել, մեկ այլ պատմաբան պարզի, որ այդքան էլ այդպես չի եղել՝ պիտի ասեն, թե պատմական իրողությունները խեղաթյուրո՞ւմ ես: Այդ նույն պատրվակով չէ՞ր, որ Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» ֆիլմն այդպես էլ ցույց չտվեցին՝ պնդելով, թե պատմական իրողություններ է խեղաթյուրում:
Եվ ամենավտանգավորը «ներկա իրա կանության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը» ձեւակերպումն է: Երկու ականատեսներ նույն բանը կարող են տարբեր կերպ ներկայացնել (Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքը ձեզ օրինակ): Այսինքն՝ եթե մարտի 1-ը ներկայացնում ես այնպես՝ ինչպես տեսել ես այնտեղ կանգնած, եւ ոչ այնպես՝ ինչպես ներկայացնում է պաշտոնական քարոզչությունը, դու արդեն խեղաթյուրվա՞ծ ես ներկայացնում, պիտի արգելե՞լ դրա ցուցադրումը կամ ցուցադրել 24-ից հետո՞, որ մեր երեխաները չտեսնեն, չիմանան այս ճշմարտությունը: Չափորոշիչների այս ձեւակերպումն ամբողջովի՛ն համարժեք է մարտի 1-ի այն տխրահռչակ հրամանագրին, որով մտցվեց գրաքննություն»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետը քննադատեց նաեւ «թմրամոլներին եւ հարբեցողներին նմանակելը» ձեւակերպումը. «Ողջ աշխարհում նման հումոր է արվում: Այսինքն՝ ի՞նչ է, արդեն անեկդո՞տ էլ չի կարելի պատմել: (Անձնապես ինձ համար նախագծի այս կետը դուրեկան է՝ այն առումով, որ այլեւս ուշ գիշերով կցուցադրեն հարբեցողների նմանակող Գեւոյի մանրապատումները.- Ա. Ի.): Նույնը վերաբերում է նաեւ «ֆիզիկական ու հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը եւ ծաղրումը» կետին: Նմանակումը մի՛ բան է, ծաղրելը՝ ուրի՛շ բան: Ստացվում է, որ ամերիկյան «Անձրեւի մարդը» հրաշալի ֆիլմը, Դասթին Հոֆմանի դերակատարմամբ, չպիտի՞ ցուցադրվի այլեւս»:
Նախադեպերը հաշվի առնելով՝ Մեսրոպ Հարությունյանը մտավախություն հայտնեց. «Այդ չափորոշիչները, ինչպես ցանկացած սահմանափակում մեզանում, կիրառվելու է ընտրովի՝ միայն նրանց նկատմամբ, ում հարկ կլինի պատժել»: Նույն մտավախությունը հայտնեց նաեւ Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը մեր հարցին, թե արդյոք առաջարկված նախագիծը լուծո՞ւմ է այն խնդիրները, որոնք կան մեր եթերում՝ ասաց. «Ընդհանուր առմամբ, մոտեցումները կարծես թե համապատասխանում են ընդունված պրակտիկային: Բայց եթե հիշենք առկա փորձը, որ կա հեռուստաեթերի կառավարման ու կարգավորման առումով, ապա դժվարանում եմ ենթադրել, թե դա արդյունավետ ազդեցություն կթողնի ամբողջ ընթացքի վրա՝ հաշվի առնելով, որ մենք ունենք օրենքների բազմաթիվ խախտումներ՝ սկսած ընտրությունների լուսաբանումից, կուսակցություններին ու թեկնածուներին հավասար հնարավորություններ տրամադրելուց, վերջացրած գովազդի սահմանափակումների՝ օրենքով նախատեսված դրույթներով: Եվ դժվար թե այս ավելի նեղ ու բարդ ոլորտում մենք կարող ենք ակնկալել, որ որեւէ ձեւակերպում կարող է գործնական նշանակություն ունենալ ու հավասար կերպով կիրառվել բոլորի նկատմամբ: Այսինքն՝ եթե դրանք նույնիսկ կիրառվեն, ես մե՜ծ մտավախություն ունեմ, թե ոչ հետեւողական արձագանք եւ ընտրովի սահմանվող պատիժներ կլինեն հեռուստաընկերությունների նկատմամբ»:
Բորիս Նավասարդյանը նաեւ հարցադրում ներկայացրեց. «Երբ հստակ ու շատ ավելի պարզ կարգավորում նախատեսող դրույթները չեն կարողանում կիրառել, ապա այս չափորոշիչներն ինչպե՞ս են կիրառելու: Եվ ընդհանրապես, թե ինչպես կկիրառվեն փաստաթղթի մոտեցումները եւ ինչ ուղղումներ են այնտեղ հարկավոր՝ մենք կկարողանանք հասկանալ, երբ մի քանի միջադեպեր կլինեն՝ նոր կկարողանանք ասել, թե այս փաստաթղթի ո՛ր դրույթը ինչպե՛ս է գործում: Մինչ այսօր նման դրույթների կիրառման փորձ ոչ ոք չունի՝ ո՛չ մեր դատարանները, ո՛չ հեռուստաոլորտը կառավարող մարմինը: Եվ մինչ այսօր Հայաստանում առանձնապես ցանկություն էլ չի եղել քաղաքակիրթ ձեւով ու հետեւողականորեն կիրառելու սահմանափակող որեւէ դրույթ: Այսինքն, ես այստեղ չեմ սպասում դրական զարգացումներ»: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Տոտալ հարձակո՞ւմ «Ժառանգության» վրա |
| |
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, ասացին, որ սկսվել է «տոտալ հարձակում» «Ժառանգության» վրա: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանության կողմից կա քաղաքական որոշում՝ շրջափակել «Ժառանգությանը» բոլոր միջոցառումներից, այդ թվում՝ նաեւ միջազգային պատվիրակություններում: Իհարկե, ֆինանսական միջոցները չեն կարող պատճառ լինել, որովհետեւ այս պայմաններում բազմաթիվ անդամներով պատվիրակություններ են մեկնում տարբեր երկրներ՝ չգիտես ինչ քաղաքական նպատակների համար, այնպիսի ծրագրեր են իրականացվում, որ չես հասկանում, թե այդ ծրագրերի արդյունավետությունը ո՞րն է լինելու»: Մենք արդեն գրել ենք այն մասին, որ ԵԱՀԿ պատվիրակության փոխարինող կազմի անդամ Լարիսա Ալավերդյանին թույլ չեն տվել մասնակցել փետրվարին կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նիստին: Երեկ տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ այս տեղեկությունը «Առավոտին» հայտնելու համար «ԱԺ աշխատակազմի ղեկավարը փոքր-ինչ վիրավորվել է»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ինքը շատ բան ուներ անելու ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում, մասնավորապես, պատրաստվում էր արժանի հակահարված տալ ադրբեջանցիներին եւ թուրքերին. «Այս լռությունը, որը տիրում է իշխանական թեւում, պետական մարմիններում, անթույլատրելի է, որովհետեւ տարիներ շարունակ, իսկ այս օրերին՝ առավել ուժգին խեղաթյուրվում են ՄԱԿ-ի հայտնի որոշումները, եւ ապատեղեկատվություն ու նոր տեղեկատվական հարձակում է տեղի ունենում Հայաստանի վրա: Մենք վտանգված ենք տեսնում թե հայ-թուրքական խնդիրը եւ թե արցախյան հիմնահարցը»: Տիկին Ալավերդյանն արդեն գիտի, որ ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակությունը պատրաստվում է հակահայկական հայտարարություններ անել, ակցիաներ անցկացնել, եւ ցավում է, որ հենց այս ժամանակ ինքը զրկվել է ԵԱՀԿ-ում լինելու եւ հակառակ հայտարարություններն անելու հնարավորությունից: «Առավոտը» հարցրեց՝ ինչո՞ւ է տիկին Ալավերդյանը վստահ, որ այն, ինչ ինքը ուզում էր անել ԵԱՀԿ ԽՎ-ում, ի զորու չեն անել իշխանական պատվիրակները, ասենք՝ Արամ Սաֆարյանը, ով պատվիրակության ղեկավարն է: Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես հորդորում եմ, որ դա արվի, մենք չենք մրցակցում, եւ ես պիտի հորդորեմ պարոն Սաֆարյանին, որ անպայման լինի նախահարձակ հայտարարություն կամ հնարավոր որեւէ քայլ, կամ թեկուզ քարտուղարությամբ տարածվի որեւէ փաստաթուղթ»: Ստյոպա Սաֆարյանը եւս որոշեց պատասխանել մեր հարցին եւ ասաց. «Կոալիցիայի ներկայացուցիչները ուղղակի հարկադրված պնդում են այն թեզերը, որոնք հնչեցվել են արտաքին քաղաքականության պատասխանատուների կողմից, եւ որոնք արդյունավետ չեն իբրեւ դիրքորոշում՝ գոնե այդ ֆորումներում ներկայացնելու համար»: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանին էլ հարցրի՝ ինչո՞ւ ինքը խորհրդարանական վեհաժողովում չի անում բաներ, որ կաներ «Ժառանգության» ներկայացուցիչը: Խ. Հարությունյանն ասաց. «Սա առաջին նստաշրջանը չէ, որին մենք մասնակցում ենք: Արդեն մոտ երկու տարի մենք մասնակցում ենք ԵԱՀԿ ԽՎ տարբեր նիստերի, եւ չի եղել որեւէ նստաշրջան, որ մեր պատվիրակությունը մեր ազգային-պետական շահերի մասին չխոսի: Այնտեղ յուրաքանչյուր պատվիրակություն փորձում է առաջ տանել իր շահերը, եւ այս պայքարում մենք հաղթում ենք, որովհետեւ ադրբեջանական առաջարկությունները, որպես կանոն, չեն անցնում, իսկ մեր առաջարկությունների հիման վրա բանաձեւերում կատարվել են լուրջ փոփոխություններ»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱԿԸ |
| |
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը մարտի 4-ին քննարկվելու է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը մտադիր է քվեարկության դնել 252-րդ բանաձեւը: Թեեւ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ոգեւորված է այս նորությամբ, բայց հայերիս տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի: Առաջին անգամը չէ, երբ Թուրքիայի հետ ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու ճանապարհին եւ հատկապես ապրիլի 24-ի նախօրեին ամերիկացի կոնգրեսականները հիշում են Հայոց ցեղասպանության փաստը: Այնուհանդերձ, «Առավոտը» փորձեց ծանոթանալ հայաստանյան գործիչների կարծիքին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս նոր փուլում. երբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն օգտագործելով՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է ձգել արձանագրությունների վավերացումը, ի՞նչ է նշանակում ամերիկյան այս նախաձեռնությունը եւ ինչի՞ կհանգեցնի այն:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, օրինակ, ոգեւորված չէ: Ավելին, գտնում է, որ նոր աշխարհակարգի ձեւավորման համատեքստում ընթացող հայ-թուրքական հարաբերությունների բնականոն կարգավորումը ճիշտ կլիներ ամերիկա-իրանական հարաբերությունների ռադիկալ բարելավումից հետո, այլապես. «Այս իրավիճակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կարող է Հայաստանի համար նոր եւ շատ լուրջ դժվարություններ, անգամ տարածաշրջանում ռազմաքաղաքական բնույթի վտանգներ առաջացնել»: Ըստ մեր զրուցակցի, այս մասին այժմ ու այս կերպ հայտարարելով՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձ է արվում: «Եթե իսկապես այդ բանաձեւն ընդունվի, դա կարող է թուրք- ամերիկյան հարաբերությունների լուրջ խզման հանգեցնել, ինչն էլ, բնականաբար, կարագացնի ռուս-թուրքական մերձեցման գործընթացը՝ Հայաստանի համար դրանից բխող խիստ բացասական հետեւանքներով հանդերձ: Այս տեսանկյունից՝ ես հակված չեմ հիմա մեծ ոգեւորությամբ խոսել այս բանաձեւի քննարկման եւ ընդունման հնարավորությունների մասին: Եթե ԱՄՆ-ը բարձրացներ Ցեղասպանության հարցը եւ դրանից բխող իրավական քայլերի ծրագիր ներկայացներ, ասենք, Ցեղասպանությունը վերապրած հայերի ու նրանց ժառանգների իրավունքների պաշտպանությունը, Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցների ձեռնարկումը եւ այլն՝ դա նոր որակ կհաղորդեր գործընթացին, բայց այս պարագայում, թե որն է ԱՄՆ-ի նպատակը՝ այլ խոսակցության թեմա է»: Արման Մելիքյանը համաձայնեց դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության փաստն ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է օգտագործել իբրեւ մահակ. «Ընդ որում, դա մահակ է՝ միտված ոչ նրան, որ Թուրքիան էլ իր կողմից ճանաչի Ցեղասպանությունը կամ հայ-թուրքական հարաբերություններում իրական եւ իրավահավասար համագործակցության գնա... ավելի շուտ փորձում են Թուրքիային դնել այնպիսի իրավիճակում, երբ նա ստիպված պետք է լինի համակերպվել թուրք-ամերիկյան հարաբերությունների լուրջ խզման հետ: Վերջին շրջանում նկատելի է վատթարացում նաեւ թուրք-իսրայելական հարաբերություններում: Այսինքն՝ ԱՄՆ-ի կողմից այժմ Թուրքիայի համար նոր դերակատարություն է նախանշվում, եւ այդ համատեքստում Հայկական հարցը կարող է իր մասնաբաժինն ունենալ»:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ հիշեցնում է, որ ԱՄՆ-ի այս «ամենաարդյունավետ գործիքը Թուրքիայի նկատմամբ» կիրառվել է 1989-1990-ին եւ 1999-2000թթ.-ին: Ներկայիս իրավիճակի համատեքստում դիտարկելով այս իրադարձությունը՝ մեր զրուցակիցը այն «լիովին համահունչ» է համարում Թուրքիայի կողմից որոշակի հետընթացի ազդակներին: Թեեւ Թուրքիայի քրեական օրենսգրքին վերաբերվող 106 բանաձեւն ընդգրկվել էր Կոնգրեսի կողմից քննարկվելիք հարցերի մեջ, ըստ Հայկ Դեմոյանի, տրամաբանությունը թերեւս այն է, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների կողմից նաեւ Երեւանում «խելամիտ ժամկետների» առումով արված հայտարարությունները, այդ բանաձեւի՝ Կոնգրեսում քննարկելու եւ ընդունելու ժամկետը հստակ միջոց է՝ թուրքական կողմին ցույց տալու համար, թե ի՞նչ են Վաշինգտոնում հասկանում՝ «խելամիտ ժամկետ» ասելով: Պարոն Դեմոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ այսօր Թուրքիայում էլ խոսում են այն մասին, որ լավ կլիներ, որպեսզի այդ բանաձեւն ընդունվեր. «Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այն բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցման ուղի կարող է բացել, բայց այս բանաձեւը անընդհատ քննարկման դնելու գործընթացը, թեկուզ ոչ 100 տոկոսանոց ճանաչելու հեռանկարով, խոսակցությունները, աժիոտաժը, թուրքական պատվիրակությունների այցը Վաշինգտոն, դաշնակիցների փնտրտուքը էականորեն նսեմացնում են Թուրքիայի պետական եւ ազգային ինքնասիրությունը: Բարոյահոգեբանական դաշտում այն հետեւանք թողնում է, ինչը Անկարային անհանգստացնում է»: Իհարկե, մեր զրուցակիցը չի կարծում, որ ԱՄՆ-ը կգնա այնպիսի սուր քայլերի, որ կորցնի իր 50-ամյա դաշնակցին, բայց նկատում է, որ այսօր Թուրքիայում իսլամացման գործընթացը հետընթաց չունի եւ անպայմանորեն բերելու է ռազմաքաղաքական վերնախավի կառուցվածքային եւ խորքային փոփոխության, որ հակաամերիկյան տրամադրությունները թուրքական հասարակությունում աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մարգինալիզացվում է բանակի դերակատարությունը, հընթացս տեղի են ունենում քեմալիզմի արժեհամակարգի վերանայման անհրաժեշտության խոսակցություններ, որոնք ուղղակիորեն շոշափում են Թուրքիայի համար կենսական եւ ազգային անվտանգության հետ կապված հիմնախնդիրներ: Այս իմաստով նա չի բացառում, որ շատ մոտ ապագայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կգնան ամերիկա-իրանական սցենարով, եւ կարծում է, որ Հայկական հարցը՝ իր բոլոր դրվագներով, շատ սերտ է առնչվում «Թուրքիայի համար կենսական, ես չեմ չափազանցում՝ նաեւ հետագա գոյության խնդրին»:
Մեր երկու զրուցակիցներն էլ համամիտ են, որ շատ շուտով Թուրքիան կընդունի «դաստիարակված երեխայի» կեցվածք եւ կվավերացնի արձանագրությունները՝ առանց իր բանավոր նախապայմանները պնդելու: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Թշվառների ամլությունը |
| |
Խառը զգացումներ տրոյական ձիու լցոնման առթիվ
Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տպավորություն է թողնում, թե հեռուստաընկերություններին հալածելու եւ նրանց դեմ այլ հալածիչների հարձակումներին զորակցելու իր լծակները սահմանափակ են կամ անբավարար: Իրականում, բացառությամբ մեկ դեպքի, իր գոյության ութ տարիների ընթացքում այս մարմինն ինչպես կամեցել՝ այնպես էլ բովանդակեցրել է հեռարձակողներին: Բաղրամյան 26-ից եկած հրահանգներով՝ իր մոտ, իսկ հասարակական, քաղաքական սրացումների նախօրեներին կամ ընթացքում հենց Բաղրամյան 26-ում անցկացված՝ հեռարձակողների տերերի կամ կառավարիչների ուղեղների լվացման եւ արդուկման արդյունքները տպավորիչ են անգամ առանց այս նախագծի: ՀՌԱՀ-ը, ունենալով հեռարձակման եւ գովազդային գործող օրենսդրությունը խախտող հեռուստաընկերություններին 8 տարում 8000 անգամ օրենքի ուժով կարգի հրավիրելու հնարավորություն ու պարտավորություն, հատուկենտ դեպքերում է օգտագործել իր լծակները, այսպիսով, զանգվածային անգործությամբ խտրական վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերությունների նկատմամբ՝ մեկին տուգանելով, մյուսներին հասկացնելով իր ըղձանքը, 2002-ի ապրիլի երկուսի երկու օրինակները անխոս ցուցանելով, հատուկ ունակություններով կարեցել է միավորել հեռարձակողներին մի այլանդակ գաղափարի շուրջ, թե՝ իշխանությունները միշտ ճիշտ են, իսկ այս երկրի կայունության պահպանման գործում հեռարձակողները սահմաններից բերվող բանակի, վարժեցված հաստագլուխների եւ Չերյոմուխա միլիցոնց հետ նույն խրամատներում են՝ կողք կողքի: Այդպիսով ՀՌԱՀ-ը, կարգավորիչ մարմին չդառած, վերածվել է բովանդակության վերահսկող մարմնի, սկսեց այնպես՝ ինչպես հանձնարարված էր, եւ այդպես էլ քշում է մինչ օրս:
Անցած 14 տարիների ընթացքում հասարակական գործիչները, փորձագետները, իրավաբաններն ու մասնագիտական հասարակական կազմակերպությունները անթիվ անգամ քննադատել են մշակվող, ապա գործող հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը, բազմաթիվ առաջարկներ արել ոլորտը հանրության շահերի համատեքստում կարգավորելու, խոսքի եւ արտահայտման իսկական ազատություն ունենալու նախանձախնդրությամբ: Բազմաթիվ անգամներ քննադատվել են առկա օրենսդրության հետադիմական նպատակները ու, հատկապես, ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածի թակարդները, դարաններն ու ծուղակները: Հազարավոր ելույթներում, վերլուծականներում եւ հայտարարություններում քննադատվել են այն դիտավորությունները, որոնք օրենքի ուժ դառնալով պիտի ասպատակեին հայրենական այդպես էլ չկայացող հեռուստառադիոարդյունաբերությունը, եւ ասպատակեցին. ոտքի չելած, վզակոթին տալով բերանքսի արեցին ու չորեքթաթ թողեցին, թռան-կանգնեցին թիկունքներին, սողալ ստիպեցին առաջատար եւ կոյատար հեռուստաընկերություններին ու, որպես մխիթարություն, անհուն ցինիզմով նրանց անվանարկեցին «պատասխանատու»: Այլ եւ քաղաքական հետեւողական նահանջի արդյունքում, ստացվել է այնպես, որ եթե հայաստանյան հեռուստաընկերությունները պատասխանատու են, ուրեմն Ամալյանի հանձնաժողովն էլ հենց Ահեղ դատաստանն է, որ կա: Իրենց ահեղ դատաստանը: Պտուղներից մեկն էլ արդեն 8 տարի ձգվող գառնուկների համրությունն է (մեկ բացառության պատմությունը հայտնի է, չկրկնեմ), ու թե առաջներում հեռուստաընկերությունների տերերը մի քանի բառ կարողանում էին հրապարակավ դժգոհել օրենքներից եւ ավելի վաղ՝ նախագծերից, հիմա արդեն վաղուց լռում են սերիալաբար, որովհետեւ «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները». այս հայտարարությունը լավ հիշում ենք դեռ, մեջբերված է «Ա1+» ու «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների հեռարձակման իրավունքը հանցագործությամբ խլելու դեմ ելած հանրային բողոքին ի պատասխան մի հանգուցյալի թրի տակ հավաքված հազիվ 17 ԶԼՄ տերերի ղազագրից:
Ելնելով վերը շարադրվածից եւ մեր պատերազմների դառը փորձից, դիմում եմ, այսպես կոչված, «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծի» բովանդակությունը հանգամանորեն վերլուծել կամեցող, քննադատելու բուռն ցանկություն ունեցող լրագրողներին, մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, փորձագետներին, իրավաբաններին, հասարակական եւ/կամ քաղաքական գործիչներին.- Խնդրում եւ հորդորում եմ, ձեռնպահ մնալ այդ անելուց, քանի դեռ իրենք՝ հեռարձակողները, ծպտուն չեն հանել, քանի դեռ նրանք, ում առաջին հերթին են լրամշակելու՝ այս նախագիծը կարգ դարձնելով, չեն խոսել, քննադատել կամ դժգոհել նախագծի պարունակած այն անթիվ հիմարություններից եւ անհեթեթություններից, որոնց «հանցակազմերի» մեկնաբանությունները հայոց արդի դատարանում ինչ ասես կարող է լինել, բառացիորեն՝ կմեկնաբանեն ինչ կամենան: Հարկավոր է դիմանալ մի քիչ եւ լռել, գրել եւ չհրապարակել նախագծի որեւէ բովանդակային քննադատական խոսք, քանի դեռ հենց «կարգավորման առարկաները» դիրքորոշում չեն հայտնել, թե չէ նրանց մի մասը նեղն ընկած ժամանակ ծլվլում է, թե՝ «մի խառնվեք, մենք մեր հարցերն ինքներս կլուծենք», կարծելով, թե սա միայն իրենց հարցն է, իսկ մյուս մասը վաղուց է հանձնվել եւ հաճույք է ստանում արդեն քանի-քանի տարի, իբր համաձայն է, կամ՝ այդպես է ձեւանում: Եկեք այս անգամ թողնենք, որ իրենք առաջինը խոսք ասեն, թե մեջներն ասող կգտնվի, մենք ասել ենք եւ ասող ենք, մեր ասելիքին կասկածողներ չկան, բայց մենք կասկածող ենք, մեզ այդ հովիվների վարքը կասկածել սովորեցրել է: Վերջապես, նորից չստացվի, որ հեռարձակողներն ու նրանց վերահսկող-կարգավորողները քույր ու համերաշխ են, իսկ էն մնացածս կռիվ ենք գցում սրանց արանքում: Ծայրահեղ դեպքում կարելի է նաեւ տպագիր մամուլի եւ ինտերնետի էջերում հեռարձակողների տերերին ու խմբագիրներին խոսք ասելու հնարավորություն տալ, եթե վախենում են իրենց եթերում խոսել...
Իսկ հանրության շահերի վնասվելու մասին մտահոգվելու կարիք թեպետ կա, բայց ոչ այնքան. մարդիկ վաղուց մշակել են իրենց շուրջն ու հեռվում տեղի ունեցածի մասին ճշմարիտ տեղեկություններ ստանալու հնարքները եւ գիտեն, որ տուփից հեռատեսիլի խորհրդանիշ է մնացել հնարավորության եւ այդով՝ կեղծավորության ուժաչափ: Տեղն է հեռուստաընկերություններին, քիչ է անգամ, Նյուտոնի երրորդ օրենքի իրենց հասկացածի չափ տեղն է իրենց այս տրոյական ձին Ամալյանի գրասենյակից: |
| |
| ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| «ՓԱՐՈՍԻ» ՑՈՒՑԱԿՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է |
| |
Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցները անապահովության ցուցակներում ընդգրկելու համար «մաղարիչ» են պահանջում, իսկ դրա դեմ բողոքողներին՝ նպաստից զրկում:
Արարատի մարզի Մասիսի տարածքի բնակիչներից շատերն են «կուլիսների հետեւում» դժգոհում, թե ընտանեկան նպաստ տալու համար տարածքի սոցիալական ծառայության աշխատակիցներն իրենց «քթից բռնած» ման են տալիս: Նրանք սոցիալապես անապահովներին համաձայնում են ընդգրկել նպաստառուների ցուցակում՝ միայն մի պայմանով, որ 3 կամ 2 ամսվա գումարը նպաստառուն տա իրենց: Շատերն էլ ցուցակից դուրս չմնալու համար համաձայնում են, քանի որ, հակառակ դեպքում, սոցիալականի աշխատակիցները միշտ էլ մի պատրվակ կգտնեն բնակչին ապահով «դարձնելու» համար, փոխարենն ընդգրկելով ավելի «շնորհակալ» մարդկանց:
Օրերս «Առավոտին» է դիմել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Սուսաննա Ջհանգիրյանը, որի հաշմանդամ տղային սոցիալական ծառայությունը հրաժարվում է «նպաստավորել», քանի որ Սուսաննան նախորդ տարիներին ոչ մի անգամ սոցիալականի աշխատակիցների հետ չի «համագործակցել»:
«1993 թվին ծնվեց տղաս՝ Արաբո Աշոտի Ջհանգիրյանը: Երբ երեխան սկսեց քայլել, բացահայտվեց, որ նա ողնաշարի եւ ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Արաբոն մանկուց հաշմանդամ է: 1995 թվականին ավտովթարից մահացավ Արաբոյի հայրը: 1997 թվին երեխայիս վիրահատեցին, որպեսզի մկանները բուժեն, բայց նորից մնաց նույն վիճակում, մի կերպ է իրեն տեղաշարժում, դուրս գնալն անգամ դժվարություն է նրա համար: Սակայն նա օժտված է մտավոր մեծ կարողություններով, լավ է սովորում, ունի ճկուն միտք: Արաբոյի հոր մահից հետո ես ամուսնացել եմ եւ բնակվում եմ Այնթապ գյուղի 13 փողոցի 12 նրբանցքի թիվ 25 տանը: Այստեղ բնակելի տարածք չկա, հողե փոքր սենյակ է, հաշմանդամ տղայիս համար չկա ոչ մի պայման, եւ նա ապրում է մորս տանը: Ամուսինս չի ստանձնել որեւէ պարտավորություն՝ նրան ֆինանսապես օգնելու համար: Եվ Արաբոյի հոգսերը միայն իմ խնդիրն է: Նա ստանում է հաշմանդամության թոշակ, որը շատ քիչ է նվազագույն կենսապայմաններ ապահովելու համար: Իսկ քանի որ ես չեմ աշխատում, դիմել եմ Մասիսի սոցիալական ծառայությանը՝ նպաստ ստանալու համար: Ամեն անգամ աշխատակիցները, կոնկրետ՝ Գայանե անունով աշխատակցուհին, ասում է, թե 3 ամսվա փողը մեզ կտաս՝ կընդգրկենք ցուցակի մեջ, եթե ոչ՝ չենք տա: Ես էլ հրաժարվում եմ տալ, ասում եմ, որ եթե մեզ հասնում է, ինչո՞ւ պիտի ձեզ տամ: Անցած տարիներին Աբովյան քաղաքում ստացել եմ, այստեղ մեկ տարի տվեցին, 6 ամիս կտրեցին, նորից տվեցին: Հիմա չեն տալիս: Անցած տարի ասացին, եթե այս ամիս էլ մեզ չտաս, էլ քեզ չենք տալու, էլ մեզ մոտ չգաս: Որքան էլ նրանց բացատրում եմ իմ դրությունը եւ ասում, որ չեմ կարող, եթե ի վիճակի լինեմ՝ իրենց չեմ էլ դիմի, ես դրանով հազիվ իմ երեխայի հագուստն ու տարրական սնունդն եմ ապահովում, ինձ չեն հասկանում: Երկու անգամ գնացել եմ, Գայանեն տարբեր պատճառաբանություններ բերեց եւ ասաց, թե իբր արդեն ապահով ենք: Ասում է՝ երեխան թոշակ է ստանում, ամուսնուս է ներգրավել հաշվառման մեջ, ասում է՝ հողատարածք ունենք: Մի խոսքով, ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու համար եւ ասում է` որտեղ ուզում ես գնա բողոքի: Ամեն գնալիս, կարծես թե, մուրացկանություն անելիս լինենք, այնպես են նվաստացնում»,- ասում է Սուսաննա Ջհանգիրյանը:
Նպաստառուներից շատերն իրենց բողոքն արտահայտում են՝ չցանկանալով հրապարակել իրենց անունը, վախենալով, թե «Գայանեն մեր նպաստը կկտրի»: Այնթապի բնակչուհիներից մեկն էլ ասաց, որ նման իրավիճակում էր հայտնվել նաեւ ինքը եւ չէր տվել Գայանեի պահանջած 3 ամսվա գումարը: Բայց վերջինս գնացել է իրենց տուն եւ այնպիսի աղմուկ բարձրացրել եւ սպառնացել, թե հաջորդ ամսվանից կկտրի նպաստը եւ ստացած գումարն էլ հետգանձում կանի, որ ընտանիքը վախեցած՝ հաջորդ օրը բանկից տոկոսով վարկ է վերցրել եւ Գայանեին տվել 3 ամսվա նպաստի չափով գումար:
Նույն գյուղի բնակչուհի Դիաննա Հովհաննիսյանը «Առավոտին» պատմում է, որ 2 տարի նպաստ է ստացել, բայց Գայանեն միշտ պահանջել է, որ 2 ամսվա նպաստը Դիաննան իրեն տա: «Ես էլ չէի կարողանում, 3 երեխա էի պահում, դեռ չորրորդս չէր ծնվել: Դպրոցի հագուստ, գիրք ու տետր էի գնում, ամուսնուս 60 հազար դրամ աշխատավարձը սննդի էլ չէր բավարարում, բավականին պարտքեր ունեի, վագոն-տնակում էի ապրում, տունը տաքացնելու խնդիր ունեինք: Հենց նպաստ ստանալու օրը զանգում էր փոստ, ինձ անպատվում, ես էլ իրեն էի անպատվում: Հետո կարողացա ընդամենը 5000 դրամ տալ, բայց Գայանեն դա գումար չէր համարում, ասում էր՝ էլի պիտի տաս, թե չէ կգամ ըտեղ՝ հարցերդ կլուծեմ: Գնացի պետի մոտ եւ իմ դժգոհությունը հայտնեցի: Պետը կանչեց Գայանեին եւ հարցրեց՝ նման բան եղե՞լ է: Գայանեն ասաց, որ՝ ոչ: Ասացի՝ ինչո՞ւ ես սուտ խոսում, նոր կաբինետում ինձ ճղում էիր, թե ինչու չեմ քո փողը տալիս: Պետը Գայանեին անպատվեց եւ ասաց՝ Գայան, էլ տենց բաներ չտեսնեմ, գնա, հարցերը լուծիր, ճանապարհիր: Բայց, փաստորեն, հարցեր լուծելն այն եղավ, որ հաջորդ ամսվանից իմ նպաստը կտրեցին. գնացի ստանալու, ասացին՝ ամուսինդ աշխատում է, քեզ չի հասնում: Ես 10 ամիս նպաստ չստացա: Ամուսինս էլ այդ ընթացքում չէր աշխատում: Եվ 4 անչափահաս երեխաներիս հետ հազիվ գոյատեւեցինք: Նորից գնացել եմ ցուցակագրվել, 2 ամսվանը իրեն եմ տալու, ուղղակի չգիտեմ՝ առաջին, թե երկրորդ ամսվանից եմ տալու: Թեեւ այդ գումարն ինձ շատ անհրաժեշտ է, բայց տալու եմ, թե չէ՝ նորից նպաստս կկտրեն»,- ասում է Դիաննան:
Սոցիալականի աշխատակիցներին հաջողվել է բնակիչներից շատերին՝ ավելի միամիտներին հավաստիացնել, թե այդ գումարը պետական գումար է եւ օրենքն է պահանջում, որ դա իրենց տան: Այդպիսի հավաստիացում անցած տարի արել է անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցը, որի մոտ բողոքելու էր գնացել մի բնակիչ: Այս առիթով փորձեցինք լսել նաեւ սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակից Գայանե Կարապետյանին: Հարցս լսելուց հետո նա մի փոքր մտածեց եւ հակիրճ պատասխանեց, որ սուտ է. «Բան ունեն ասելու, թող գան ինձ մոտ, ինչո՞ւ են ձեզ ասել»: Գ. Կարապետյանը հերքեց նաեւ, թե ինքը որեւէ մեկից գումար է ուզել կամ գումար վերցրել: Ծառայության պետ Վարդան Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում բացառեց, որ իր աշխատակիցներն ընդունակ են նման բաների:
Հ. Գ. Նյութի տպագրումը տեխնիկական պատճառներով մի քանի օր հետաձգվեց. այդ ընթացքում Մասիսի տարածքային գործակալության պատասխանատուները «հայտնաբերել» են իրենց գործելակերպից դժգոհող նպաստառուներին եւ նրանց զրկել նպաստից: Ավելին, նրանցից մեկին՝ 4 անչափահաս երեխաների մայր Դիաննա Հովհաննիսյանին զրկելուց բացի, 110 հազար դրամ հետգանձում են պահանջել՝ պատճառաբանելով, որ այդ ընտանիքը ամիսներ շարունակ իրենցից թաքցրել է, որ ամուսինը որոշ ժամանակ աշխատել է: Մինչդեռ, նշենք, որ սոցիալական ծառայությունը պարտավոր է բոլոր փաստերը ստուգել եւ նոր միայն նպաստ նշանակել: |
| |
| ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| «Թանկացրեք, որ քիչ ծխեն» |
| |
«Տարածքային համաչափ զարգացման եւ արդիականացման» ծրագրի շրջանակներում այս տարի շահագործման կհանձնվեն Արարատի, Արմավիրի, Իջեւանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները, կիրականացվեն Ապարանի, Գավառի բժշկական կենտրոնների վերակառուցման եւ վերազինման աշխատանքները, եւ Գյումրիում կստեղծվի նոր ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ բարեփոխումների արդյունքում կնվազեն նաեւ հիվանդների՝ մարզերից Երեւան անհարկի ուղեգրումները: Փոխնախարարի տեղեկացմամբ, այս տարի նախատեսել են արդիականացնել եւ վերազինել «Շտապօգնության» ծառայությունը. «Էականորեն փոխելու ենք ծառայության որակը եւ մի քանի տարի անց կունենանք բոլորովին այլ շտապօգնության համակարգ»: Առողջապահության նախարարությունն այս տարի լուրջ աշխատելու է նաեւ դեղերի մատչելիության ուղղությամբ. «Մենք պետք է գնանք օրենսդրական փոփոխության, գնալու ենք գների կարգավորման ուղիով, փորձելու ենք զսպել գնաճը եւ օրենսդրորեն սահմանել գների կարգավորման մեխանիզմները»: Փոխնախարարի տեղեկացմամբ, Հայաստանը ծխախոտամոլության ցուցանիշներով տարածաշրջանում առաջատար դիրքերում է, ու թեեւ վերջին տարիներին բավականին մեծ թվով միջոցառումներ են կազմակերպում ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ, բայց ցուցանիշների նվազում այդպես էլ չեն արձանագրում: Պարոն Հակոբյանի խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քարոզչական աշխատանքը չի տալիս այն արդյունքը, որը կարող է տալ ծխախոտի գների էական թանկացումը. «Մենք այստեղ մտածելու տեղ ունենք, Հայաստանում ծխախոտը բավականին մատչելի է, մինչդեռ արտասահմանում ծխախոտի բարձր արժեքը ստիպում է անհատին որոշում կայացնել՝ գնի՞ այն, թե՝ ոչ»: Փոխնախարարը ծխախոտի հետ է կապում նաեւ մեր երկրում ամենատարածված հիվանդությունների՝ շնչուղիների եւ սրտանոթային հիվանդությունների աճի միտումը. «Սա լուրջ խնդիր է, իսկ ծխախոտամոլության այս մակարդակի պայմաններում մենք ինչպե՞ս կարող ենք կանխարգելել այդ հիվանդությունները: Ծխախոտը անմիջապես ազդում է այդ հիվանդությունների զարգացման վրա, եւ առաջին տեղում է հենց թոքի քաղցկեղը»: Պարոն Հակոբյանի տեղեկացմամբ, մահացության բարձր ցուցանիշներով առաջին տեղերում են չարորակ գոյացությունները եւ սրտանոթային հիվանդությունները:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Պայքարեցին կլիմայի փոփոխության դեմ |
| |
«Կլիմայի փոփոխությունը մարդկության ամենամեծ գլոբալ մարտահրավերներից է, այն ոչ միայն բնապահպանական, այլեւ զարգացման հիմնախնդիր է, որը կարող է ազդել մարդկության գործունեության վրա՝ բոլոր առումներով: Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում, սակայն առավել խոցելի են զարգացող երկրները՝ ներառյալ Հայաստանը՝ որպես լեռնային եւ խոցելի էկոհամակարգերով երկիր, կլիմայի փոփոխության հետեւանքները դիմագրավելու իրենց սահմանափակ ֆինանսական, տեխնոլոգիական եւ կադրային ռեսուրսների պատճառով»,- երեկ կլիմայի փոփոխության 2-րդ ազգային հաղորդագրության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի առողջապահական զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ Հայաստանը, կարեւորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը, այն ներառել է կառավարության կողմից հաստատված «Կայուն զարգացման ծրագրում» եւ «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների 2-րդ ազգային ծրագրում»: Պարոն Հարությունյանը, մեջբերելով գիտական շրջանում ընդունված տեսակետները, ասաց՝ եթե նույնիսկ գլոբալ արտանետումները բերվեն զրոյական մակարդակի, կլիմայի փոփոխությունը կշարունակի տեղի ունենալ, քանի որ ածխածնի երկօքսիդը եւ մյուս ջերմոցային գազերը արտանետվելուց հետո տասնամյակներ շարունակում են մնալ մթնոլորտում. «Կան կանխատեսումներ, որ ամեն տարի ջերմաստիճանը բարձրանալու է 2 աստիճանով: Մենք կոնկրետ քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ՝ մեր օրենսդրական դաշտը համապատասխանեցրել ենք ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային, մասնավորապես՝ մթնոլորտի մասին օրենքը, մի շարք գերատեսչական ակտեր եւ անտառային գիրքը, հաջորդը՝ մենք ունենք գործողությունների ազգային ծրագիր, որտեղ նախատեսված է, թե համապատասխան գերատեսչություններում ինչ աշխատանքներ պետք է տարվեն, ինչ արդյունքներ պետք է ստանանք»:
|
| |
| Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ |
| |
Արդեն քսան տարի է, ինչ Հայաստանն անկախ է: Սակայն զարմանալի չէ՞, միթե, որ գրեթե երկու տասնամյակ անկախությունից հետո կրթված եւ աշխատունակ իր ժողովրդով երկիրը դեռեւս գտնվում է տնտեսական տագնապի մեջ:
Ճիշտ է, որ Հայաստանը շրջափակված երկիր է, սակայն անկախ այդ իրողությունից, պետությունը տնտեսապես հաջողակ է, եթե ղեկավարությունն է իմաստուն: Նրանք պետք է տոգորված լինեն հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, որը կպաշտպանի Հայաստանը մեկաշխարհական պղծումից (Մեկ Աշխարհի Իշխանության ստեղծումն ու բոլոր ազգերի ոչնչացումը):
Ազգային տեւական բարօրություն ստեղծելու շատ կարեւոր մի ազդակ է ապահով եւ պարկեշտ դրամական համակարգ ունենալը՝ հիմնված 100 տոկոսով ոսկու պաշարի վրա: Եթե ժողովուրդը ոսկի ունի կամ ապահովություն, որ հարկ եղած դեպքում կարող է ազատորեն իր պետական թղթադրամը փոխել ոսկու, ապա այդ ժողովուրդը ունի այն, ինչ որ կոչում են վետոյի ուժ, այսինքն՝ իր քաղաքական առաջնորդների կասկածելի դրամական գործառնությունների վրա արգելք դնելու, վետոյի հնարավորություն եւ իրավունք: Ճակատագրական սխալ էր Հայաստանի ոսկու հանքերի շահագործումն օտարներին հանձնելը: Քաղաքական գործիչները պետք է պահպանեն ամբողջ ժողովրդի բարօրությունը: Նրանք պետք է ներշնչեն գյուղացուն, որպեսզի վերջինս զգա, որ ինքն էլ կառուցվող պետության մի մասն է: Եթե քաղաքական գործիչները պաշտպանեն երկրի քաղաքացիների ազատության իրավունքը, իրենք եւս կշահեն՝ այդ նույն ազատության օդը շնչելով:
Ոչ մի անհատ իրավունք չի կարող ունենալ ինքնակամ որոշելու ազգի ճակատագիրը: Այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսական բնագավառում, միայն անհատական ագահության հարց չէ: Դա շատ ավելի ծանրակշիռ երեւույթ է: Հայաստանն իր տնտեսությունը կարգի բերելու համար այնպիսի աղբյուրներից է ֆինանսական փոխառություններ ընդունում, որոնք միայն երեւութապես են շատ հրապուրիչ եւ դյուրամատչելի, մինչդեռ իրականության մեջ խիստ վտանգավոր են, քանի որ նպատակաուղղված են շահագործելու եւ կեղեքելու երկրի արդյունաբերությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին պետությունը պետք է վճարի խոշոր տոկոսագումարներ, որոնք պետության տնտեսությունը քայքայելու գործիքներ են: Երկրի վրա դրված խիստ ծանր պայմաններն այնպիսին են, որ երկրի առաջընթացը կասեցնում են, օրինակ՝ կառավարությանը պարտադրելով, որ քաղաքացիներից նոր ու ավելի ծանր տուրքեր պահանջի: Միայն ազատ ժողովուրդներն են ստեղծում իրական հարստություն, որն էլ իր հերթին հարուստ ու բարեկեցիկ պետություն է ստեղծում:
Այս ամբողջի բուն նպատակը վերջին հաշվով հայկական ոգու եւ հայ ազգի ծրագրված քայքայումն է, երկրի բնակչության պակասեցումը եւ Հայաստանը «միջազգային մի հողամաս» դարձնելն է:
Եթե կառավարությունը մերժի ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հատկացումները, ապա այդ ուժերը կարող են երկիրը կանգնեցնել այդ նույն ֆինանսական աղբյուրներից դրամական օժանդակություն ստացող դրացի որեւէ երկրի կողմից պատերազմ սանձազերծելու վտանգի առաջ:
Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հմտորեն ծրագրում եւ վարպետորեն գործադրում են այս կամ այն երկրի տնտեսական եւ հասարակական կառուցվածքի փլուզումը՝ այդ երկիրը հասցնելով ստրկական վիճակի:
Հարցն այժմ հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանն իր ճակատագրի տնօրինումը պիտի զիջի համաշխարհային ոչ ընտրյալ մի դիվանակալության, որի նպատակն է հետեւողականորեն շարունակել մեր երկրին պարտադրել այն քաղաքականությունը, որն արդեն երկրում առաջացրել է համատարած տնտեսական քաոս:
Կամ արդյո՞ք Հայաստանը պիտի կարողանա իրեն վերապահված իրավունքով ընտրել մի այնպիսի կառավարություն, որն իշխանություն ունենա միջազգային ֆինանսական կապիտալիզմի անողոք շահագործումից պաշտպանելու իր ժողովուրդը եւ իր երկրի բնական հարստությունները:
2004 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ ԿԲ-ն այլեւս ոսկի չի կուտակելու, քանի որ ոսկին պահելը չափազանց փոքր եկամտաբերություն ունի: Այնուհետեւ նա վաճառեց 1.4 տոննա ոսկի՝ մեկ ունցիան 400 ԱՄՆ դոլարով (ընդ. 18 մլն դոլար): Ներկայիս դրությամբ՝ սույն թվականի հունվարի 6-ին, ոսկու գինը 1120 ԱՄՆ դոլար է՝ մեկ ունցիայի համար: Այսօր դա կկազմեր 50 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի ոսկու հանքավայրերը: Դրանք պատկանում են ժողովրդին: Դա կարող էր ապահովել ժողովրդի դրամի արժեքը:
Ինչպե՞ս կարող ենք ասել, թե պատվում ենք մեր քրիստոնյա նախնիներին եւ շարունակել գումարներ ստանալ անարդար դրամական համակարգերից, երբ Քրիստոս տաճարից վռնդեց կեղծավոր առեւտրականներին, իսկ չորս օր անց խաչի արժանացավ: Քրիստոս «փոխզիջումներով» չէր զբաղված: Ամեն մի ժողովուրդ պետք է գտնի դեպի համաշխարհային պարտքերի ստրկության շղթաներից ազատ, կայուն եւ ամուր հասարակություն տանող իր սեփական ուղին:
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՎԱԳՅԱՆ, Բոքա Ռեյթըն, Ֆլորիդա, ԱՄՆ , Հունվար 6, 2010 ardavast@att.net
Հ. Գ. Ես 92 տարեկան եմ: Իմ հայր Միքայելը Միացյալ Նահանգներ է գաղթել Խարբերդից՝ 1892 թվականին, մայրս՝ Ազնիվը, Խարբերդից եկել է 1905 թվականին: Ծնվել եմ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում: Ես երգում էի մեր Սբ. Սարգիս հայկական եկեղեցում եւ աղոթում ազատ ու անկախ Հայաստանի համար ողջ կյանքումս: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ Է ՄՆՈՒՄ |
| |
Կրկին ակադեմիական մաֆիայի եւ իրենց հայրենիքում չընդունվող մարգարեների մասին Սամվել Գեւորգյանի ղեկավարած գիտական խումբը: Կոճերի հիման վրա աշխատող սեյսմիկ դետեկտոր
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի ներքնահարկ, «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոն». սա այն հասցեն է, որտեղ 5-10 հոգանոց գիտական խումբը, կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գերհաղորդիչ դետեկտորների լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ մշակում եւ աշխարհին է ներկայացնում այնպիսի գիտական տեխնոլոգիաներ, որոնք առաջին հերթին կարող են կիրառվել ՀՀ-ում՝ ռազմական անվտանգության տեսանկյունից, իսկ «արտահանվելու» պարագայում բազում գումարներ բերել մեր երկրին: Սակայն գիտական խմբի կատարած հայտնագործություններին, ի տարբերություն աշխարհի հեղինակավոր գիտական կազմակերպությունների, հայրենիքում ուշադրություն չի դարձվում: Զրուցեցինք Ս. Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե իրականում ո՞րն է խնդիրը, սակայն նախ խնդրեցինք ներկայացնել լաբորատորիայի հաջողությունները: Նա պատմեց. «Մեր հայտնագործած տեխնոլոգիան միաշերտ հարթ կոճերի հիման վրա գործող շատ թույլ հզորության ինքնագեներատորն է, որ կարող է կիրառվել բազում բնագավառներում՝ բժշկությունից մինչեւ աստրոֆիզիկա, սեյսմոլոգիա: Այժմ մեր կենտրոնում ունենք սեյսմիկ մի սարք, որի միջոցով կարող ենք տեսնել, թե հատակի շարժումից պատն ինչպես է շարժվում եւ այլն: Հասկանալով, որ հնարավորություն չունենք ֆինանսավորվելու հայրենիքում՝ մեր գիտական արդյունքները առեւտրայնացնելու նպատակով, 2008-ին օգտվեցինք Լոնդոնի համալսարանի Բիզնես ֆակուլտետի կողմից վերջին 4 տարիներին կազմակերպվող «Global Security Challenge» միջազգային մրցույթից, քանի որ նրանք գտել են գիտական տեխնոլոգիաները՝ ներդրողներին մոտեցնելու արդյունավետ ճանապարհներ: 2008-ի օգոստոսին 800 մասնակիցներից մտանք «Ասիայի» տարածաշրջանային փուլի 5 լավագույնների շարքը: Մրցույթին մասնակցելու համար պետք էր ստեղծել «Ճշգրիտ տվիչներ/սարքավորումներ» մշակող եւ արտադրող ՍՊԸ-ն, որի տնօրեն ընտրեցինք ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում հատուկ կացության իրավունք ունեցող Լեւոն Թորոսին, ով բազմամյա փորձ ունի ԱՄՆ ռազմական արդյունաբերության ապրանքների մարկետինգի բնագավառում: Իսկ Սինգապուրում՝ «Ասիական» կիսաեզրափակիչում, ճանաչվեցինք հաղթող: 2008-ի նոյեմբերին համարվեցինք աշխարհի 6 լավագույն գիտական տեխնոլոգիա ունեցողներից մեկը՝ «համաշխարհային անվտանգության» բնագավառում մրցույթին մասնակցած ավելի քան 1500 ընկերություններից: 2009-ին եւս մասնակցեցինք այդ մրցույթին, չնայած դրա համար արդեն պետք էր վաճառքում ապրանք ունենալ, ինչի հնարավորությունը չունեինք, սակայն մեզ մեր տեխնոլոգիայի եզակիության շնորհիվ ընդառաջեցին եւ այս անգամ դարձանք մրցույթի «Եվրոպայի» մասնակիցների 3 լավագույններից»: Հետաքրքիր է, որ այսքան միջազգային պարգեւներ ստացած գիտական խումբը, որի հաջողություններին ժամանակին անդրադարձել է նաեւ «Noyan Tapan» շաբաթաթերթը, ըստ արժանվույն չի գնահատվել Հայաստանում, մասնավորապես ուշադրության չի արժանացել «Հանրապետության նախագահի մրցանակ» մրցույթում: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է դրա պատճառը: Նա, փորձելով չկենտրոնանալ այդ մրցանակի ու այն ստացած մրցանակակիրների վրա՝ միայն ասաց. «3 անգամ դիմել ենք մրցույթին, բայց անընդհատ մերժվել ենք ակադեմիական մաֆիայի կողմից: 2008-ին էլ, հերթական անգամ մասնակցելով մրցույթին, «Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների» բնագավառի արդյունքներն ամփոփվելուց հետո մեր խումբը խոր հիասթափություն ապրեց: ՀՀ նախագահին դիմեցինք նամակով, թե որոշում կայացնող հանձնաժողովի աշխատանքներն անարդարացի են: Երկար ձգձգումներից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից եկավ պատասխան մի նամակ, այն էլ ոչ իմ անունով, «մեր գյուղը՝ պապիս» հասցեով՝ «ԵՊՀ»։ Նամակը ԵՊՀ-ի տարբեր աշխատասենյակներում դեգերելուց հետո միայն հասավ մեզ՝ այն էլ, փառք Աստծո, որ հասավ, կարող էր եւ չհասնել նման հասցեատիրոջ նշումով։ Նշված էր, որ հանձնաժողովներն անկախ են, եւ իրենք ոչինչ անել չեն կարող: Հենց այս պատճառով էլ 2009-ին չմասնակցեցինք»: Պարոն Գեւորգյանը մեզ վստահեցրեց, որ ինքը նեղացած չէ ՀՀ իշխանություններից կամ գիտական շրջանակներից, այլապես Ճապոնիան, որտեղ ինքը պրոֆեսոր էր, չէր թողնի եւ գար ՀՀ ու աշխատեր՝ որպես ասիստենտ, ստանար «միջին» պրոֆեսորից 3 անգամ պակաս աշխատավարձ, ինչ է թե՝ գիտական հետազոտություններ կատարելու պատճառով ժամանակ չի գտնվում, որ մի բրյոշուր հրատարակի, որ ԲՈՀ-ն էլ իրեն դոցենտի կոչում տա՝ չնայած ունի պրոֆեսորի կոչման համար անհրաժեշտ, իր գիտական ղեկավարությամբ պաշտպանած գիտության թեկնածուներ, այդ կոչմանը հայցող ասպիրանտներ: Թերեւս միայն ՀՀ-ում է, որ գիտական շրջանակներում հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում կոչումներին ու աստիճաններին, քան գիտական արդյունքին:
Խնդրեցինք մատչելի ներկայացնել, թե ո՞րն է հիմնարար գերհաղորդականության մեջ նոր էֆեկտներ հայտնաբերած գիտական խմբի կատարած հայտնագործության օգտակարությունը: Զրուցակիցս պատասխանեց. «Ստեղծել ենք աշխարհում նմանը չունեցող գերզգայուն «հետազոտական տեխնոլոգիա», ինչը, հիմնարար հետազոտության տարբեր բնագավառներում կիրառվելուց բացի, կարող է օգտագործվել նաեւ զգայուն գիտական սարքաշինության մեջ: Այս «տեխնոլոգիան» ռազմական բնագավառում պաշտպանական նպատակներով կիրառվելու դեպքում՝ կարող է մեծ փողեր բերել: Ինչպես նշեցի, մեր խումբը 2009-ին կրկին մասնակցելով Լոնդոնի Բիզնես դպրոցի կազմակերպած մրցույթին, «համաշխարհային անվտանգության» բնագավառում ներկայացրեց թիրախը թաքուն զգացող մի համակարգ, որն «ընդունակ է նկատել» վերգետնյա ու ստորգետնյա թիրախները (մարդ, մեքենա, տանկ, հրետանի եւ այլն)՝ տեսանելիության բացակայության պայմաններում: Այն բավականին էժան ստեղծվող համակարգ է եւ շահագործման իմաստով մարդկային էական մասնակցություն չի պահանջում՝ հակառակ ներկայումս գործող շատ համակարգերի: Շնորհիվ Զինվորական ակադեմիայի ղեկավարության աջակցության, հայ զինվորականների շրջանում այն արդեն հետաքրքրություն է առաջացրել, եւ նույնիսկ որոշ չափով փորձարկվել է դաշտային պայմաններում: Արդյունքները փակ խորհրդում քննարկումից ու հավանության արժանանալուց հետո, հետագա փորձարկումներ իրականացնելու նախնական եւ երկարաժամկետ ծրագրեր են ներկայացվել ՊՆ՝ ֆինանսավորման: Արդեն անցել է 2-3 ամիս, իսկ ֆինանսներ հատկացնելու մասին լուրեր դեռ չկան, հետագա առաջխաղացումն էլ դեռեւս անորոշ է: Այնինչ սա պետական, նաեւ տնտեսական անվտանգության հարց է»: Նկատենք, որ համակարգով անհամեմատ ավելի հետաքրքրված են արտասահմանցիները: Օրինակ՝ Ս. Գեւորգյանի փոխանցմամբ՝ իրենց հետ արդեն պայմանագիր են կնքել սինգապուրցիները, 2 անգամ էլ եկել են Հայաստան եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչեւ մայիս հայ գիտնականները փորձարկումներն իրականացնեն նաեւ Սինգապուրում: ԵՊՀ-ում գործող կենտրոնն արդեն համատեղ քայլեր իրականացնելու պայմանագիր ունի նաեւ ամերիկյան «United detector technologies» ընկերության հետ, քննարկման փուլում են այլ երկրների հետ համագործակցության պայմանագրերը: Խումբը, որին ամեն առիթով խոչընդոտել ու շարունակում է, մեղմ ասած, չընդառաջել ՀՀ ԳԱԱ-ն, ըստ Ս. Գեւորգյանի՝ սկսեց զարգանալ ԵՊՀ-ի ղեկավարության աջակցության պայմաններում. «Ակադեմիան այսօր նեխող համակարգ է: Երբ 1990-ականների սկզբներին ստեղծվեց թեմատիկ ֆինանսավորման համակարգը (առ այսօր ՀՀ-ում գիտնականներին ֆինանսավորող դեռեւս միակ անաչառ կազմակերպության՝ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր տնօրեն Հարություն Կարապետյանի ղեկավարությամբ), այն թույլ էր տալիս ցանկացած երիտասարդ գիտնականի դիմել եւ ստանալ իր գաղափարի եւ դրա իրականացման համար գումարներ, ինչը նպաստելու էր «ներքեւից» առաջարկվող ու ֆինանսներ բերող գիտական տեխնոլոգիաների աճին: Իսկ ԽՍՀՄ ավանդույթներով առաջնորդվող ԳԱԱ-ն դա վերացրեց: Հիմա մինչեւ ակադեմիական վերեւներից փողն իջնում է ներքեւ, գիտնականին չի հասնում, քանի որ խորհրդային տարիների համեմատ գիտությանը հատկացվող գումարները 50-100 անգամ նվազել են: Իսկ ԵՊՀ ղեկավարությունը գիտակցում է, որ ֆինանսական լրացուցիչ աղբյուրը միայն գիտական տեխնոլոգիաների զարգացումն է, ուստի աջակցում է մեր կենտրոնի ու նշված սկզբունքներով առաջնորդվող այլ խմբերի աշխատանքներին: Գիտության պետական կոմիտեն եւս անհրաժեշտության դեպքում օգնում է, իսկ ակադեմիան մերժում է գիտական արդյունքների առեւտրայնացման հետ կապված մեր բոլոր նախաձեռնությունները՝ պատճառաբանելով, թե մեր արածը գիտության հետ կապ չունի»: Ս. Գեւորգյանի փոխանցմամբ՝ իրենք 2009-ի հոկտեմբեր-նոյեմբերին իրենց ընկերության տնօրեն Լեւոն Թորոսի անձնական հանդիպման միջոցով դիմել են ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով թիրախը սահմաններում թաքուն «նկատող» սարքն ու դրա հիման վրա հետագայում ստեղծվելիք համակարգերի հնարավորությունները: Ս. Գեւորգյանը նաեւ նշեց. «ՀՀ նախագահին ու վարչապետին են դիմել նաեւ Նորվեգիայի երկրաբանական ծառայությունից՝ կանխատեսելով, որ ՀՀ-ին առաջիկայում սպասվում են հզոր երկրաշարժեր, այնինչ, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանն իր վերջին ելույթներում շարունակում է պնդել, թե 1988-ի պես աղետ Հայաստանում մեր օրերում այլեւս տեղի չի ունենա, քանի որ իրենք կարող են կանխագուշակել կամայական երկրաշարժ՝ ամիսներ առաջ: Նրա այս պնդումը ծիծաղելի է: Նորվեգացիները, որոնք հզոր երկրաշարժերի առաջացման ու տեղատվության եւ մակընթացության միջեւ ուղղակի կապ են տեսնում, առաջարկում են այդ երեւույթները պայմանավորող լուսնի դանդաղ շարժումը գրանցող մեր սարքի հնարավորությունները միավորել իրենց սարքերով ու մեթոդներով ձեռք բերված գիտելիքների հետ, եւ օրերի ճշտությամբ կանխատեսել երկրաշարժը: Այնինչ, սեյսմիկ ծառայությունը բազում պատճառաբանություններով մերժում էր՝ ասելով, թե տվեք այդ սարքը 6-12 ամիս փորձարկենք, որ նոր կարծիք հայտնենք: Ես էլ ասում եմ, որ ներկայումս մեր սարքերն արդեն մի քանի այլ ծրագրերում զբաղված են: Առաջարկում եմ, որ իրենց այդ նպատակին ծառայող լրացուցիչ սարքի ստեղծման, տեղադրության, փորձարկման ընթացքում դրա սպասարկման համար անհրաժեշտ (6մլն դրամ) գումարը կառավարությունը վճարի, հետո եթե արդյունքները լավ լինեն, կխնդրենք, որ վճարեն գումարի մյուս հատվածը այդպիսի սարքերի ստեղծման ու ՍՊԱԾ-ի կարիքներին դրանք ծառայեցնելու համար»: Այս ամենից հետո վարչապետի հրամանով ստեղծվել է ՀՀ կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների եւ քաղաքաշինության նախարարություններից կազմված մի հանձնաժողով, որը բավական արդյունավետ զբաղվում է այս հարցերով: Գուցե սրանից հետո՞ ինչ-որ բան փոխվի...
Գիտության պետական կոմիտեին էլ այս խումբն իր ստեղծած ՍՊԸ-ի անունից ներկայացրել է մի բիզնես-ծրագիր՝ ռուսական «Նանոտեխնոլոգիական կոնցեռնից» ինովացիոն ներդրում ստանալու ակնկալիքներով, այս դեպքում էլ սպասում են, թե ինչպիսի եւ ինչ արագությամբ զարգացումներ կստանան ՀՀ-ում ռուսական ինովացիոն կենտրոն հիմնելու գործընթացները: Մի խոսքով՝ արտասահմանում մեծ գումարների առաջարկներ ստացող գիտական խումբն այսօր սպասողական վիճակում է՝ 3 պետական ծրագրերից կախված: Մեր հարցին՝ հնարավո՞ր է մի օր հոգնեն ու հեռանան Հայաստանից, պարոն Գեւորգյանը խիստ նեղսրտելով պատասխանեց, որ եթե 3 ծրագրերից գոնե որեւէ մեկը մինչեւ մայիս ընթացք չստանա, ինքը պարզապես ստիպված կլինի դիմել այդ քայլին, քանի որ չի կարող տեսնել, թե ինչպես է ողջ ստեղծածն իր աչքի առաջ վերանում:
«Առավոտը» այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից: Նա փոքր-ինչ վրդովվելով նշեց. «Այդպիսի վունդերկինդներ շատ են հայտնաբերվել, ձեր թերթին մեկն էլ է անընդհատ դիմում՝ Ալեքսանդր Գեւորգյանը, նա էլ ասում է, որ ինքը Մենդելեեւի, Կոպեռնիկոսի մակարդակի հայտնագործություն է արել: Ի՞նչ են ուզում մեզնից: Եթե ակադեմիական մաֆիան չի թողնում, աշխարհում գոյություն ունեն ուրիշ ակադեմիաներ, մասնագետներ, թող իրենց հայտնագործություններն ուղարկեն նրանց, նրանք էլ մեզ ասեն՝ ՀՀ-ի գիտնականներն ի՞նչ անգրագետ են, որ չեն գնահատում, եւ հարցը լուծվի»: Փաստեցինք, որ Ս. Գեւորգյանի ղեկավարած խումբը այդպիսի պարգեւների արդեն արժանացել է: Ռ. Մարտիրոսյանը նշեց. «Եթե ստացել են, էլ ի՞նչ են ուզում մեզնից... ֆինանսական բարելավման համար պիտի հայտնագործության կարեւորության մասին միայն հայտնագործողը չասի, այլ դիմեն կառավարություն եւ եթե այնտեղ էլ դա հաստատվի, կառավարությունը ֆինանսավորի: Բայց գիտեմ, որ այս հարցում մասնագետների կարծիքները տարաբնույթ են»: Մեր այն դիտարկմանը, թե տվյալ գիտական խմբի պարագայում գործում է ՍՊԱԾ-ի կանխակալ վերաբերմունքը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միայն մեր սեյսմիկ ծառայությո՞ւնն է: Թող դիմեն ճապոնական, ամերիկյան ծառայությանը, նրանք էլ հո մեր նման հիմար չեն, կգնահատեն: Ուղղակի այդպիսի մարդիկ միշտ մահանա են ման գալիս, թե ակադեմիան չի ասում, որ իրենց միլիոններ չտան: Ինչ վերաբերում է Սամվել Գեւորգյանին, նա վատ գիտնական չէ, նորմալ մարդ է, բայց այդ աշխատանքի մասին թեթեւ եմ լսել եւ գիտեմ, որ տարաձայնություններ կան»: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ԱՄՆ-ԻՑ ՉԵՆՔ ԵԿԵԼ՝ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ |
| |
Հայտարարում է պարող եւ երգիչ Միհրանը, որը միայն հաղթանակ է ակնկալում Էմմիի հետ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու դեպքում:
2009թ. դեկտեմբերի 15-ից սկիզբ առած եվրատեսիլյան մարաթոնի առաջին փուլն ավարտված է. մրցույթին ներկայացված 30 երգից ընտրված է 10-ը, որոնք էլ պետք է փետրվարի 14-ին ներկայացվեն հայ ունկնդրին՝ ընտրություն կատարելու համար: Ի դեպ, փետրվարի 11-ին, ժամը 23-ին՝ «Հ1»-ի ուղիղ եթերում քվեարկությամբ կորոշվի մասնակիցների հաջորդականությունը: Ընտրված երգերից երկուսը ճանաչում ունեցող երգիչների՝ Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ են, մեկը՝ վերջերս «Երկու աստղով» ճանաչելի դարձած իրանահայ Սոնյայի, իսկ մեկն էլ՝ մոսկվաբնակ հայ գործարարների աջակցությունը վայելող Եվա Ռիվասի: Ֆավորիտներն, իհարկե, երեքն են՝ առանց Սոնյայի...
«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ից Երեւան է ժամանել Միհրան Կիրակոսյանը, որն էլ հավակնում է «Եվրատեսիլ 2010»-ին հանդես գալ Էմմիի հետ դուետով: Միհրանը որպես պարող հանդես է գալիս գերաստղեր Մադոննայի, Ռիկի Մարտինի, Բրիթնի Սփիրսի եւ այլոց շոուներում: Դուետի հետ կապված մանրամասներ իմանալու ակնկալիքով հանդիպեցինք Էմմիին եւ Միհրանին: Նրանք նախ տեղեկացրին, որ երգը նվիրվում է Մայքլ Ջեքսոնի հիշատակին: Միհրանը հավելեց, որ երաժշտության հեղինակն է ամերիկաբնակ հայազգի ճանաչված պրոդյուսեր, բազմաթիվ հիթերի հեղինակ Վաչե Տեր-Եղիշյանը, խոսքերի մասով էլ ինքը համահեղինակ է Վաչեի հետ: «Երգը վերնագրված է «Հե՜յ», ինչը բարեւ է նշանակում կամ կանչ: Շուրջ 3 րոպե տեւողությամբ այս ստեղծագործության ընթացքում կոչ ենք անում, որ մարդիկ պրոբլեմները գցեն մի կողմ, մեզ հետ ձայնակցելով՝ հեյ, նաեւ պարեն: Շոուին մասնակցում են նաեւ գործընկերներս. Ջեյսոնը՝ Իտալիայից, Վալերին՝ Մեքսիկայից, Սոֆյան՝ Հունաստանից եւ զտարյուն յանկի Քյուն: Նրանք շոուի մեջ ներգրավվել են իրենց կամքով՝ ինձ ու Էմմիին օգնելու նպատակով եւ, որ ամենակարեւորն է, պատրաստ են դուրս գալ մեր եռագույնի ներքո»,- հայտնեց Միհրանը:
Հարցին՝ օգտագործելով գերաստղերի հետ համագործակցելու հանգամանքը, արդյո՞ք այս երգը ներկայացրել են նրանց, Միհրանը պատասխանեց, որ անցյալ տարվա վերջին, երբ Էմմիի հետ ԱՄՆ-ում եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, չորս երգ ներկայացվել է Մադոննային եւ Ռիկի Մարտինին, վերջիններս իրենց հավանությունը տվել են «Հե՜յ»-ին:
Իսկ Միհրանը ինչո՞ւ որոշեց երգել հենց Էմմիի ընկերակցությամբ: «Այս նույն հարցը ինքս ինձ էլ եմ ուղղել, քանի որ գոնե վերջին 2-3 տարին անընդհատ լսում ենք, որ «Եվրատեսիլ» է գնալու Էմմին, սակայն նա նույնիսկ հայտ չի ներկայացնում... Եվ քանի որ 2009-ին թողարկվեց իմ առաջին CD-ն, որոշեցի կապվել երգչուհու հետ եւ առաջարկել համագործակցել»,-ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ այս տարի Էմմին որոշեց հայտ ներկայացնել, երգչուհին պատասխանեց. «Ինքս ինձ համար որոշել եմ, որ 2010-ը ի՛մ տարին է»: Քանի որ «իմ տարին է» արտահայտությունը լայն հասկացություն է եւ շրջանառվում են լուրեր, թե երգչուհին վերջապես ընտրել է կյանքի իր ընկերոջը, հետաքրքրվեցինք, թե ո՞վ է նրա ընտրյալը: «Նա կապ չունի շոու-բիզնեսի հետ, մասնագիտությամբ աուդիտոր է»,- կարճ պատասխանեց Էմմին: Անդրադառնալով իրենց շոուին՝ ասաց նաեւ, որ իմիջի վրա աշխատում է ռուսաստանցի ճանաչված ոճաբան Սերժը եւ իրենց զգեստները հայելային արտացոլում են ունենալու: Էմմին կատակեց, թե ինքն ու Միհրանը երկու գլխով կփորձեն անել ամեն ինչ՝ շպարից սկսած մինչեւ երգի բեմականացում: Միհրանը, ընդհատելով երգչուհուն, հավելեց, թե ափսոսում է, որ փետրվարի 14-ին ներկայացվող իրենց շոուն ինչ-ինչ պատճառներով միայն 25%-ով է երեւալու. «Վստահ եմ մեր թիմի ուժերին եւ հայտարարում եմ՝ կանենք անհնարինը 2011-ին «Եվրատեսիլը» Հայաստան բերելու համար... Ի վերջո, Ամերիկայից չենք եկել երկրորդ հորիզոնական զբաղեցնելու համար»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Երիտասարդները դեմ են արձանագրություններին |
| |
Քանի որ դրանցում տեսնում են նախապայմաններ
Երեկ հայ-թուրքական հարաբերությունների եւ ստորագրված արձանագրությունների շուրջ երիտասարդների հետ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» քննարկում էր կազմակերպել: Այդ հ/կ-ի անդամները գտնում են, որ լրատվամիջոցները սահմանափակ կերպով են ներկայացնում, իրենց բնորոշմամբ՝ ազգային շահերը ոտնահարող, նախապայմաններ պարունակող փաստաթղթի եւ քաղաքական գործընթացի դեմ հնչող փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ չի երեւում, թե ինչպիսին է Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության վերաբերմունքը արձանագրությունների վերաբերյալ: Զրուցելով երիտասարդների հետ, որոնք հիմնականում ներկայացնում էին ՀՅԴ, ՍԴՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, պարզեցինք, որ նրանք դեմ են արձանագրություններին, քանի որ դրանցում նախապայմաններ են տեսնում:
«Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանն ասաց. «Մենք կողմ ենք դիվանագիտական հարաբերություններին, սահմանների բացմանը, բայց այս արձանագրությունների գինն ավելին է, քան պատրաստ ենք վճարել»:
«Հայ-թուրքական հարաբերություններ. հնարավոր զարգացումներ եւ հետեւանքներ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը եւ «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միության համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննեսյանը: «Մենք չենք, որ փակել ենք սահմանը, թող սահմանը փակողն ինքը մտածի այն բացելու մասին»,- այս կարծիքին են ՍԴՀԿ երիտասարդները: Նրանք ընկալելի չեն համարում Հայաստանի ղեկավարության կողմից առաջ քաշված ֆուտբոլային նախաձեռնողական քաղաքականությունը: Հնչակյան կուսակցության անդամները վստահ էին՝ Թուրքիան ոչ մի դեպքում ազնիվ հարաբերություններ չի սկսելու Հայաստանի հետ, եւ այս անգամ էլ մեր հարեւանն առաջնորդվում է ամեն գնով մեր երկիրն ընկճելու դարավոր քաղաքականությամբ: Հետագա հնարավոր զարգացումներում հնչակ երիտասարդները նշեցին 2 սցենար, որոնցից մեկն արձանագրությունների վերջնական վավերացումն ու սահմանների բացումն է: Այս դեպքում ՍԴՀԿ երիտասարդները մտավախություն ունեն, որ բաց սահման ունենալը թանկ է նստելու Հայաստանի վրա՝ բարոյական, տնտեսական եւ քաղաքական առումներով: «Միայն Արցախի խնդրում Հայաստանի կողմից զիջումներով է հնարավոր լինելու բացել սահմանը, ինչին ամեն գնով ձգտում է հասնել թուրքական դիվանագիտական մեքենան»,- կարծում է Գ. Մելիքյանը: Բարոյական առումով, ըստ հավաքվածների, «սեպ» է խրվելու Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, քանի որ հայերի մի ստվար զանգվածի համար առանց ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի եւ պահանջատիրության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սկսումն անհնար է:
«Ժառանգության» ներկայացուցիչ Դ. Իոաննեսյանը, ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների տարածաշրջանային զարգացումները, կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն այլ երկրների, Ադրբեջանին պետք չեն գերտերությունների վարկերը կամ դրամական օգնությունները, քանի որ այդ երկիրն ունի նավթ, որն անգամ ճգնաժամի պայմաններում կարող է ապահովել տնտեսական աճ: «Ադրբեջանի նախագահներ՝ հայր եւ որդի Ալիեւները, ունենալով լեգիտիմության դեֆիցիտ, ավելի քան 10 տարի դա լրացնում են ազգայնամոլական, ռազմահայրենասիրական, իսլամիստական քարոզչությամբ ու հայացքներով: Դա հանգեցրել է նրան, որ ադրբեջանցիք համոզված են, թե պատերազմի դեպքում իրենք հաշված օրերում կվերցնեն Արցախն ու Զանգեզուրը: Դրա համար էլ նրանք Ալիեւից պահանջում են պատերազմ սկսել Հայաստանի հետ»,- նշեց Դ. Իոաննիսյանը: Երիտասարդները կարծում են նաեւ, որ Հայաստանում կա իշխանության, ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիր եւ միայն ներքին հարցերը լուծելուց հետո կարելի էր համապատասխան քայլեր անել արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում:
Ներկաները ընդգծեցին, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կվավերացնի արձանագրությունները՝ ապրիլի 24-ից հետո, որպեսզի խուսափի ապրիլի 24-ի «PR»-ից: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| «Եվրատեսիլն» ու ծիրանի կորիզը |
| |
«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանն արդեն ժամանել են Հայաստան եւ պատրաստվում են «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի նախընտրական փուլում Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Խոսքերի հեղինակն է Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը՝ Արա Թորոսյանի (Մուրզո): Եվա Ռիվասի «Apricot stone» երգի բառերը անգլերենից թարգմանել է Քրիստ Մանարյանը:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Մրցույթը թեժ է լինելու |
| |
Փետրվարի 9-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում կամփոփվեն «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Երեկ Թեքեյան կենտրոնում ցուցադրվեցին գեղանկար եւ քանդակ անվանակարգերի մասնակիցների աշխատանքները. 23 գեղանկար եւ 8 քանդակ: Ժյուրիի նախագահ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն ասաց, որ նախորդ տարիների պես այս անգամ էլ մասնակիցներն աչքի են ընկնում բավականին հետաքրքիր ու թարմ աշխատանքներով. «Այնքան որակյալ աշխատանքներ են, որ ժյուրիի գործը բարդանում է: Ես ուրախությամբ պետք է նկատեմ, որ մասնակիցները փորձում են չհեռանալ ազգային ավանդույթներից»:
Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարվել էր 9 անվանակարգ՝ մշակույթի 9 ոլորտներից. երաժշտություն, թատրոն, գրականություն, հեռուստառադիոլրագրություն, գեղանկար, քանդակ, երգիծանք եւ այլն: Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը նորից հիշեցրեց, որ մրցույթի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի տաղանդավոր արվեստագետներ են, գնահատվելու են միմիայն 2008 թվականին ստեղծված ստեղծագործությունների համար: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկ հաղթող ու կստանա $1000-ին համարժեք դրամ եւ հուշագիր:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ |
| |
Երեկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց Պավլոս Բորոյանի անվան տիկնիկային թանգարանը՝ շուրջ 150 նմուշներով, չնայած թանգարանային ֆոնդը գերազանցում է 3000-ը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատմեց, որ թանգարանը հիմնադրվել է 1975 թ.՝ թատրոնի հիմնադիր կազմի դերասան Պավլոս Բորոյանի ջանքերով եւ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության որոշմամբ: Այն ներառում է թատրոնի պատմությունը լուսաբանող ուշագրավ նյութեր: Տիկնիկների թանգարանը այս տարիներին համալրվել է Բուլղարիայից, Նորվեգիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Չինաստանից եւ այլ երկրներից բերված տիկնիկներով: Ցուցադրված էին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի, ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ այլոց նվիրած տիկնիկները:
1982-ին Երեւանում անցկացված Անդրկովկասյան երկրների տիկնիկային թատրոնների փառատոնից հետո, որի շրջանակներում գործել է նաեւ ձեւավորող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես՝ փառատոնի ավարտին ցուցահանդեսին մասնակցած հեղինակային աշխատանքները՝ տիկնիկներ եւ էսքիզներ, նույնպես հանձնվել են թատրոնին: Թանգարանի կայացմանը աջակցել է «Հայաստան» հիմնադրամը՝ «Մշակութային ժառանգության պահպանման» ծրագրի շրջանակներում հնարավորություն ընձեռելով վերականգնել 150 տիկնիկ եւ պատրաստել ներկայիս ցուցադրության ձեւավորման էսքիզներն ու գիտացուցադրական պլանը, օգնել են մշակույթի նախարարությունը եւ Կենտրոնի թաղապետը: «Միայն այն, թե ինչպիսի ուրախությամբ են երեխաները լուսանկարվում տիկնիկների հետ, արդեն ինչ-որ բան ասում է: Մայրաքաղաքը պիտի ապրի մայրաքաղաքային կյանքով, ինչի գրավականը միայն խանութներն ու ռեստորանները չեն, այլ նաեւ թատրոնները, թանգարանները, համերգասրահները: Նման թանգարաններ աշխարհում հազիվ 7-8-ը լինեն, այն էլ այնպիսի երկրներում, որոնք տիկնիկային արվեստի հարուստ պատմություն ունեն: Դրանց թվում են Վիետնամը, Ճապոնիան, Անգլիան, Հնդկաստանը»,- նշեց Ռ. Բաբայանը:
Երեկ ցուցադրվեց նաեւ Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»՝ մատների հրաշալի ներկայացումը: Տիկնիկային թատրոնի այս ներկայացումը ապրիլին կցուցադրվի «Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնի շրջանակներում:
|
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնյոթերորդ
ԱՐԱՂԻ ՀԵՏԵՎԻՑ
Եվ ես մթության մեջ շորերս գտնելով հագնվեցի, դուրս եկա, դուռը դրսից բանալիով փակեցի ու լիֆտին չսպասելով՝ ոտքով իջա չորրորդ հարկ, եւ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքն ապշահար ինձ նայեցին, ու էնքան զարմացած էին ինձ նայում, որ ակամա հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», եւ ապշահար Կլիմն ինձ հարցրեց՝ «էս առանց արաղի ե՞ս» եւ ժպտալով ավելացրեց՝ «մենք էլ արխային էս երկրորդ շիշը տշեցինք», եւ Դիման թախծոտ ասաց՝ «մեծ դժբախտություն չի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «մոռացել էի», եւ Կլիմն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչն էիր մոռացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արաղը», եւ Կլիմը հանգստացած շունչ քաշելով ասաց՝ «արաղի համար չէի՞ր գնացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «բա էսքան վախտ ի՞նչ էիր անում», եւ ես խաբելով ասացի՝ «Սոկոլովի հետ էի խոսում», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «էսքան վախտ էդ անասունի հետ էի՞ր խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ բերեմ», եւ Կլիմը ծիծաղելով հարցրեց՝ «Սոկոլովի՞ն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «չէ՝ արաղը» եւ Անդրյուշայի սենյակից դուրս թռչելով՝ սուրացի մեր յոթերորդ հարկ, եւ իմ սենյակից յոթ հարյուր հիսուն գրամանոց «Պշենիչնու» շիշը վերցնելով՝ սենյակիս դուռն էի փակում, երբ դեմս դուրս եկավ Սոկոլովը, ու էս բաներն էսքան լավ ու էսքան մանրամասն եմ հիշում, որովհետեւ էդ օրն իմ կյանքի ամենաբովանդակալից օրերից էր՝ ոչ միայն Նինայի առումով, այլեւ Սանյայի մեծ բացակայության ու Սոկոլովի հետ իմ էդ առաջին առերեսումների առումներով, եւ երբ սենյակիցս դուրս եկա, Սոկոլովն օղու շշին նայելով հարցրեց՝ «արաղը քչություն արե՞ց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ ինքն ասաց՝ «զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «խի՞ ա զարմանալի», եւ Սոկոլովը քմծիծաղով ասաց՝ «Ռոդիոնովի բացակայության պայմաններում պիտի որ արաղն ավելանար, ոչ թե պակասեր», եւ ես հարցրի՝ «Ռոդիոնո՞վն ինչ կապ ունի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «հիմնական խմողն ինքն էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ մենք տղամարդ չենք», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տղամարդը տղամարդ եք, բայց, ի տարբերություն Սանյա Ռոդիոնովի, ձեր չափը ճանաչում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզի ոճով ավելացրեց՝ «յա տակ դումայու», եւ ես ժպտալով ասացի՝ «դե լավ ա, որ մեր մասին էդքան բարձր կարծիքի ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «խմիչքի առումով եմ բարձր կարծիքի» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «ես մարդկանց անձնականի մեջ խորանալու սովորություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «եթե տվյալ անձնավորությունը շրջապատի ու հասարակության կյանքին վտանգ չի սպառնում, ես էդ անձնավորության հետ որեւէ խնդիր չեմ ունենում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ ճիշտ մարդ ես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «յա տակ դումայու», եւ Սոկոլովը գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ իմ մասին էդպես ես մտածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրախ եմ, որ կես խոսքից իրար հասկանում ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «նույնիսկ առանց խոսքի ենք իրար հասկանում», եւ Սոկոլովը շշիս նայելով հարցրեց՝ «շատ մեծ չի՞», եւ ես ասացի՝ «մենակ չեմ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «գիտեմ, որ մենակ չես», եւ ես ասացի՝ «տղերքն ինձ են սպասում», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «էդ շիշը տղերքին ե՞ս տանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես էլ ուրիշ բան մտածեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր ես ուրիշ բաներ մտածում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես ինձ չվերաբերող երեւույթների մեջ խորանալու սովորություն չունեմ», եւ ես ժպտալով կրկնեցի՝ «որովհետեւ ճիշտ մարդ ես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «դու էլ պակասը չես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, բոլորի կողմից սիրված ես», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ կողմից եմ սիրված», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «տարբեր խավերի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեծահոգի ես, դրա համար էլ քեզ սիրում են», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ մեծահոգի», եւ Սոկոլովը շշիս նայելով ասաց՝ «մենակ մեծահոգի մարդը կարա էս մեծ շիշն ուրիշներին տա», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ էս մեծ շիշը մենակ խմեի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում եմ, որ մեծահոգի ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետներս մի բաժակ բան չե՞ս խմի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «էդ շիշը ձեզ հազիվ էլ հերիքի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «անկոչ հյուրը թաթարից էլ ա վատ», եւ ես ասացի՝ «ես հրավիրում եմ», եւ Սոկոլովն ասաց՝ «շատ շնորհակալ եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեզ բարի ժամանց եմ ցանկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «քո թույլտվությամբ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես չորրորդ հարկի համար պատասխանատու չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «ես մենակ մեր էս յոթերորդ հարկի կարգուկանոնի համար եմ պատասխանատու», եւ ես ժպտալով հարցրի՝ «մեր հարկի կարգուկանոնից դժգո՞հ ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյայի բացակայության շնորհիվ ոնց որ մեր հարկի կյանքը կարգավորվել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «հենց Սանյան վերադառնա՝ ամեն ինչ էլի տակնուվրա կանի», եւ ես ասացի՝ «իրար շատ եք ատում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իրան էնքան չեմ ատում, ինչքան ինքը՝ ինձ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր ատելությունը միանգամայն փոխադարձ ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ դուք իրար հետ բարիշեք՝ մեր էս հարկում իսկական խաղաղություն կտիրի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհնարին բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս «Լիտգազետայի» պատմվածքից հետո Սանյան քիթն ավելի կցցի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ պիտի ավելի ցցի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու անսպասելի ասաց՝ «որովհետեւ շատ հաջող պատմվածք էր», եւ ես զարմացած հարցրի՝ «իրա էդ պատմվածքը հավանե՞լ ես», եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ «ցավոք սրտի՝ շատ եմ հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուրախ եմ, որ հավանել ես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչի ես ուրախ. կարող ա՞ քո պատմվածքն եմ հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք որ իրար հետ բարիշեք, մենակ էդ դեպքում էս հարկում կարգուկանոն կհաստատվի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «բայց ո՞նց պիտի բարիշենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեզ բարիշացնելն իմ վրա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ պատմվածքը հավանել եմ, էդ չի նշանակում, թե ուզում եմ հետը բարիշեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր բարիշելը ձեր անձնական հարցը չի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց մեր անձնական հարցը չի», եւ ես ժպտալով ասացի՝ «եթե իրոք մեր հարկի կարգուկանոնի մասին ես մտածում, ստիպված պիտի Սանյայի հետ բարիշես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ ես ասացի՝ «որ դուք իրար հետ բարիշեք, էս հարկում իսկական խաղաղություն կտիրի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարծում ես՝ խմելը կպակասացնի՞», եւ ես ասացի՝ «խմելը ոչ մի կապ չունի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ոչ մի կապ չունի», եւ ես ասացի՝ «որ իրար հետ բարիշեք, իրա խմելուց էդքան չես նեղվի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա խմելը բոլորին ա նեղություն պատճառում», եւ ես ասացի՝ «բոլորին կարող ա պատճառի, բայց քեզ չի պատճառի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան դժվար թե հետս բարիշի», եւ ես ասացի՝ «կարեւորը քո ցանկանալն ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ցանկանալը շատ քիչ ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ցանկանո՞ւմ ես», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմվածքից հետո, կարելի ա ասել, մեջս որոշ ցանկություն կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ինքը դժվար թե ուզենա», եւ ես ասացի՝ «ինձ թվում ա՝ կուզենա», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախր Սանյան ինձ վերին աստիճանի ա ատում», եւ ես ժպտալով ասացի՝ «էլ չի ատի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյային լավ չես ճանաչում», եւ ես ասացի՝ «կարող ա Սանյային լավ չեմ ճանաչում, բայց գրողներին շատ լավ եմ ճանաչում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան մյուս գրողներից շատ ա տարբերվում», եւ ես ժպտալով ասացի՝ «չի կարա շատ տարբերվի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հենց որ իմանա՝ էդ պատմվածքը հավանել ես, միանգամից իրա աչքի լույսը կդառնաս», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարծո՞ւմ ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «համոզված եմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տա Աստված», եւ ես ժպտալով հարցրի՝ «Աստծուն հավատո՞ւմ ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակ առ ժամանակ հավատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարծում ես՝ թշնամիներ ունենալը հաճելի՞ բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ Սանյայի պես թշնամիներ», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ հաճելի բան չի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էդ պատմվածքից հետո հաստատ ավելի մեծամտացած կըլնի», եւ ես հարցրի՝ «էդ պատմվածքն էդքան հավանել ե՞ս», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «դու չես հավանե՞լ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հավանել եմ», եւ Սոկոլովն ասաց՝ «որ էդքան երկար մտածեցիր, ուրեմն՝ էնքան էլ չես հավանել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ չես հասկացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էդ պատմվածքը հնարավոր չի չհավանել» եւ մի քիչ էլ մտածեց ու հառաչելով ավելացրեց՝ «ցավոք սրտի», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ ցավոք սրտի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «իբր քիչ մեծամիտ էր, հիմա պատկերացնում եմ՝ ինչքան ա մեծամտանալու», եւ ես ասացի՝ «որ իմանա էդ պատմվածքը հավանել ես, շատ կուրախանա», եւ Սոկոլովն ասաց՝ «էդ պատմվածքը չորս անգամ կարդացել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չորս անգամ», եւ Սոկոլովն ասաց՝ «էդ պատմվածքը մի անգամ կարդալով դժվար թե հասկանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն կարդալուց նորանոր շերտեր ես հայտնաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դո՞ւ քանի անգամ ես կարդացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի անգամ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մեկուկես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «առաջին անգամ կիսատպռատ կարդացի, երկրորդ անգամ՝ լրիվ», եւ Սոկոլովն ասաց՝ «մի անգամ կարդալով դժվար թե հասկանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ դու», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդքան բութ ե՞մ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան չըլնի՝ ռուսերենը մայրենի լեզուդ չի», եւ ես ժպտալով հարցրի՝ «թե՞ ճաշակիս ես կասկածում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես որ չորս անգամ կարդալուց հետո եմ հասկացել, դու առնվազն հինգ անգամ պիտի կարդաս, որ էդ պատմվածքի մասին լիարժեք պատկերացում կազմես», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքն առաջին անգամ ամիսուկես առաջ եմ կարդացել», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ես ամիսուկես առաջ կարդացել», եւ ես ասացի՝ «ինքն էդ պատմվածքը որ նոր էր գրել, տվեց՝ կարդացի», եւ Սոկոլովը հարցրեց՝ «տպվելուց հետո չես կարդացե՞լ», եւ ես ասացի՝ «տպվելուց հետո ավելի ուշադիր կարդացի» եւ ժպտալով ավելացրի՝ «բայց ընդամենը մի անգամ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ուրեմն, ինքը քեզ շատ ա վստահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ չէր տա ձեռագիրը կարդաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեռագիր չէր՝ մեքենագիր էր», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խորհուրդ կտամ՝ էդ պատմվածքը մի անգամ էլ կարդաս», եւ ես ասացի՝ «էդ թերթը չունեմ», եւ Սոկոլովն ասաց՝ «ես ունեմ՝ կտամ» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «շատ զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ, որ էդ ալկաշն էդքան ուժեղ պատմվածք ա գրել», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա ուժեղ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի անգամ էլ կարդաս՝ կխոսենք», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ ուրախ եմ», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ ես ասացի՝ «մեծահոգությանդ համար», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեծահոգություն», եւ ես ասացի՝ «պիտի շատ մեծահոգի ըլնես, որ թշնամուդ գրածը հավանես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես թշնամի չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե մեծահոգի եմ, այլ՝ օբյեկտիվ», եւ ես ասացի՝ «մեծահոգությունը հենց օբյեկտիվությունն ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի անգամ էլ կարդաս՝ ավելի լուրջ կխոսենք», եւ ես ասացի՝ «գնամ. տղերքը սպասում են», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «մի մոռացիր, որ ուրիշ սպասողներ էլ ունես», եւ ես հարցրի՝ «ուրիշ ո՞վ ա սպասում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես որ մի բան հաստատ ճշտած չեմ լինում՝ էդ մասին չեմ խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տա Աստված՝ կասկածներս արդարանան», եւ ես ժպտալով հարցրի՝ «կասկածներդ որ արդարանան՝ ի՞նչ կանես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սրտանց կուրախանամ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար կուրախանաս», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ժողովուրդների բարեկամության», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ կասկածներդ արդարանան՝ կարող ա՞ գրես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «նամակ», եւ Սոկոլովն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ գրեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ռեկտորատ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ կասկածներս արդարանան՝ պատմվածք կգրեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ մասին», եւ Սոկոլովը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ժողովուրդների բարեկամության», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի լավ ա պատմվածք գրես, քան՝ նամակ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ Սանյան որ էս տեմպերով շարունակի, Նոբելյան էլ կստանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած… ռուսներին Նոբելյան չեն տալիս», եւ ես հարցրի՝ ո՞վ չի տալիս», եւ Սոկոլովը քամահրանքով ասաց՝ «իբր թե չգիտես», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ջհուդ մասոնները», եւ ես ասացի՝ «բայց ռուսները մի քանի հատ Նոբելյան ունեն», եւ Սոկոլովն ասաց՝ «դրանք ոչ թե ռուս գրողներ են, այլ, մեղմ ասած, ռուսալեզու գրողներ», եւ ես հարցրի՝ «Շոլոխովը ռուս չի՞», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շոլոխովը բացառություն ա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ասում ես՝ հաջորդ բացառությունը Սանյան ա՞ ըլնելու», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ ձեռներս ծալած նստեմ, ու Սանյան էլ խմելուն զուգահեռ էս տեսակ ուժեղ պատմվածքներ գրի, հաստատ հաջորդ բացառությունն ինքը կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի լավ ա պատմվածք գրես, քան՝ անոնիմկա», եւ Սանյան ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ մտածեց ու հանկարծակի լրջանալով ավելացրեց՝ «ես երբեք անոնիմկաներ չեմ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «ես միշտ էլ էդ նամակներիս տակ անունս ու ազգանունս դրել եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարաս էդ նամակներդ Նոբելյան մրցանակի ներկայացնես», եւ Սոկոլովը տխուր ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նամակներդ մեծ հաճույքով կկարդայի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «էդ հնարավորությունն արդեն ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց քեզ էդ հնարավորությունից կզրկեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց կզրկես», եւ Սոկոլովը շշնջալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ասացի՝ «ասա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու շշնջալով ասաց՝ «սրանից հետո մենակ գեղարվեստական եմ գրելու», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Սոկոլովը շշնջալով ասաց՝ «այսինքն, էդ նամակներին վերջ եմ տալու ու սրանից հետո մենակ պատմվածք եմ գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «վեպ ու վիպակ էլ կարաս գրես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, գեղարվեստական», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովն ասաց՝ «խի՞ ես ծիծաղում. ես լրիվ լուրջ եմ ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լրիվ լուրջ եմ ծիծաղում», եւ Սոկոլովը շշնջալով հարցրեց՝ «մի բան էլ որ ասեմ, էլի մեր մեջ կմնա՞», եւ ես ասացի՝ «ասա», եւ Սոկոլովը ձայնն ավելի ցածրացնելով ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքը որ կարդացի, մեջս գրելու ցանկություն առաջացավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «գեղարվեստական», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ տարվա անդամ ես», եւ ինքը հարցրեց՝ «կուսակցությա՞ն», եւ ես ասացի՝ «չէ՝ Գրողների միության», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փետրվարին ութ տարին կլրանա», եւ ես ժպտալով ասացի՝ «Գրողների միության անդամը պարտավոր ա գրել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «մինչեւ անդամ դառնալս ավելի շատ էի գրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «գրողը պիտի ամեն օր գրի» եւ ժպտալով ավելացրի՝ «ոչ թե նամակ, այլ՝ գեղարվեստական», եւ Սոկոլովը կողքերը նայելով կամացուկ ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքը որ կարդացի, միանգամից մեջս գրելու ցանկություն առաջացավ» եւ մի քիչ մտածեց ու կամացուկ ավելացրեց՝ «էս ասածս մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ ոքի չեմ ասի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ում ուզում ես ասա, մենակ թե իրան՝ Սանյային չասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քիչ մեծամիտ ա, էս էլ որ իմացավ՝ վաբշե հետը չեմ կարա խոսամ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ ա՝ իրար հետ չեք խոսում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօր չենք խոսում՝ վաղը կարող ա խոսանք», եւ ես ասացի՝ «ձեզ բարիշացնելն իմ վրա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհնարին բան ես ասում», եւ ես ասացի՝ «ձեզ բարիշացնելն ընդամենը տեխնիկայի հարց ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կարեւորն էն ա, որ իրա էդ պատմվածքը հավանել ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյային վատ ես ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «համ Սանյային եմ ճանաչում, համ էլ՝ մյուս գրողներին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան մյուս գրողներին հեչ նման չի», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզ ա թվում», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ինչո՞վ ա նման», եւ ես ասացի՝ «առաջին հերթին՝ փառասիրությամբ», եւ Սանյան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը փառասեր ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ գրողներն էլ փառասեր են», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դու էլ ե՞ս փառասեր», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ես էլ ե՞մ փառասեր», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «փառասիրությունս ե՞րբ ես տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «շուտով կտեսնեմ», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «շուտով՝ ե՞րբ», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց որ նորից սկսես գրել», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «գեղարվեստակա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «գեղարվեստական», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ինքնավստահ ես խոսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան վստա՞հ ես, որ ուզում եմ էդ ալկաշի հետ բարիշեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ չուզեիր, իրա էդ պատմվածքը չէիր հավանի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «պատմվածքը հավանելն ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ մտքիդ բարիշել չըլներ, կասեիր, որ իրա էդ պատմվածքը շատ թույլ գործ ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «շա՜տ ուժեղ հոգեբան ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուժեղ հոգեբան ես, բայց մի քիչ սխալվում ես», եւ ես հարցրի՝ «ո՞ր հարցում եմ սխալվում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հերթականության հարցում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հերթականություն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ես իրա էդ պատմվածքը հավանել եմ, դրա համար էլ ուզում եմ հետը բարիշեմ», եւ ես ասացի՝ «իմ ասածն ես կրկնում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու լրիվ հակառակն ես ասում», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ հակառակն ասում», եւ Սոկոլովն ասաց՝ «ասում ես, իբր, էդ ալկաշի հետ ուզում եմ բարիշեմ, դրա համար եմ «Լիտգազետայի» էդ պատմվածքը հավանել», եւ ես հարցրի՝ «տարբերությունը ո՞րն ա», եւ Սոկոլովն ասաց՝ «տարբերությունը շատ մեծ ա», եւ ես ասացի՝ «էդ հավի ու ձվի պատմությունն էղավ», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ի՞նչ հավ», եւ ես ասացի՝ «որ ասում են՝ սկզբում հա՞վն ա էղել, թե՝ ձուն», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սկզբում էդ անշնորհքի պատմվածքն եմ հավանել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պարզվում ա՝ էդ անշնորհքը լավ էլ շնորհքով ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ցավոք սրտի՝ էդպես ա»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԱՐԴՅՈՔ, ԿՊԱՏԺԵ՞Ն |
| |
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, օրերս, պատասխանելով «Extra Time.az»-ին, ասել է, թե իր ղեկավարած կազմակերպությունը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հրաժարվելու համար Ադրբեջանի նկատմամբ, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի:
«Ադրբեջանի ֆեդերացիան հաստատել է, որ չի կարող մասնակցել Երեւանի մրցաշարին՝ 96 եւ 120 կգ քաշային կարգերում ըմբիշների բացակայության պատճառով»,- տեղեկացնում է «Արմինֆոն» եւ շարունակում, թե ՖԻԼԱ-ի ղեկավարը հիասթափված է այդ որոշման եւ նման մանկական արդարացման առնչությամբ, սակայն շատ լավ հասկանում է այդ որոշման քաղաքական շարժառիթները:
Պատասխանելով հարցին, թե ՖԻԼԱ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի՞, եթե հրաժարվի մասնակցել մրցաշարին, պարոն Մարտինետին ասել է. «Մեր կանոնադրությանը եւ կանոններին համապատասխան, ընտրափուլն անցած երկրների մասնակցությունն աշխարհի գավաթի խաղարկությանը՝ պարտադիր է: Այդ պահանջի չկատարումը հանգեցնում է պատժամիջոցների, անգամ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու արգելքի: Ադրբեջանը, որ կազմակերպում է 2010 թ. Եվրոպայի առաջնությունը, երաշխավորում է բոլոր երկրների մուտքը»: Ըստ Մարտինետիի, համապատասխան իրավական հանձնաժողովը եւ գործադիր բյուրոն հարցը պետք է ուսումնասիրեն եւ առաջարկեն լուծումներ, որոնք կուղարկվեն իրեն:
Իրոք, ՖԻԼԱ-ի կանոնակարգը խախտելու դեպքում պատժամիջոցներ նախատեսված են, սակայն հիմնականում՝ տուգանքի տեսքով: Սակայն պատժի այս տարբերակը կկիրառվի՞ Ադրբեջանի նկատմամբ: Եվ եթե այո, ապա դա ինչ-որ ձեւով «կազդի՞» հարեւան երկրի վրա: Բանն այն է, որ ադրբեջանական «ԱԹԱ Հոլդինգ» անունով մի ընկերություն արդեն քանի՜ տարի նույն ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է եւ, որքան տեղյակ ենք, ամեն տարի հսկայական գումար է փոխանցում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվեհամարին: Ի դեպ, նույն ՖԻԼԱ-ի պաշտոնական հանդեսում էլ տպագրված է, որ ադրբեջանական այդ հանդեսը իրենց գլխավոր հովանավորն է: Հետեւաբար, կասկածելի է, որ ՖԻԼԱ-ն կհամարձակվի փակել իր ֆինանսական գլխավոր աղբյուրի ծորակը: Կամ էլ, մի ինչ-որ սիմվոլիկ տուգանքով «պատժելու» իմիտացիա կանի: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Ամենասեքսուալ մարզաձեւը՝ օվկիանոսի ափին |
| |
 


Հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Մանավանդ, երբ խոսքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզաձեւերի մասին է: Տղամարդիկ, կասկածից դուրս է, որ մեծագույն հաճույքով են հետեւում լողափնյա վոլեյբոլին: Տողերիս հեղինակն առաջին անգամ նման բերկրանք վայելել է 2004 թվականին Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերում: Եվ հավատացեք, որ այդ գեղեցկությունը թողնել ու տրիբունայից հեռանալ՝ անհնարին էր:
Սակայն անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նախապատվությունը տալիս են կանանց սերֆինգին: Եվ պատկերացրեք, գուցե, չեն էլ սխալվում:
|
| |
| Ա. Հ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Մերոնք՝ ներսից եւ դրսից |
| |
Փետրվարի 9-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթանալու է շախմատի «Moscow Open» փառատոնը: «Armches.am»-ը տեղեկացնում է, որ այդ ներկայացուցչական մրցաշարին մեր հանրապետությունից մասնակցելու է 22 հոգի: Գլխավոր՝ «A1» մրցաշարում հանդես են գալու Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, «A2» ում՝ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Հայրապետյանը: Մոսկվայի մրցաշարի օրերին մենք կարող ենք հետեւել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստների մրցելույթներին: Նրանք են. Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա), Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը (երկուսն էլ՝ Ռուսաստան): |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Լիլիթ Գալոյանն առաջատարների մեջ է |
| |
Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open» բաց մրցաշարում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա վեցերորդ տուրից հետո եւս յոթ շախմատիստուհիների հետ վաստակել էր 5,0 միավոր եւ առաջատարների ութնյակում էր:
Երեկ յոթերորդ տուրում Գալոյանը սեւերով խաղում էր ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյի հետ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Փետրվարի 6 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեզ համար բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր սիրելին աննախադեպ առաջարկ կանի ձեզ, սակայն մի շտապեք որոշում կայացնել եւ ձեր ուրախությունը արտահայտել, մի քիչ սեթեւեթեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր ձեռնարկելով ու դրանցից շահույթներ ստանալով:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր մի կողմ դրեք ամեն ինչ եւ օրը նվիրեք ընտանիքին: Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ֆինանսական հարցերում մեծ հաջողություններ կունենաք: Խոշոր գնումներ կատարելիս դուք շահողի դերում կլինեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հնարավոր է հաճելի sms կամ փոքրիկ նվեր ստանաք: Չի բացառվում, որ անակնկալ հանդիպում ունենաք:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ստեղծված լաբիրինթոսից դուրս գալու համար անհրաժեշտ է ուժեղ լինել ու մոռանալ անցյալի անհաջողությունները:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ԿԵՂՏՈՏ, ՍՈՎԱԾ ՈՒ ԾԱՐԱՎ ՄԱՆ ԵՆՔ ԳԱԼՈՒ |
| |
Գազի թանկացումը շարքային սպառողի համար ծանր հետեւանքներ է ունենալու
Հաց «Հրազդան»- 700 գրամը՝ 160 դրամ:
Տաքսի սերվիս- 1 կմ-ը՝ 150 դրամ. նստելավարձ չկա:
Ցեմենտ- 50կգ-ը՝ 3500 դրամ:
Գաջ- 1 պարկը՝ 2600 դրամ:
Սա Հայաստանում դեռեւս չարձանագրված, բայց առաջիկայում սպասվելիք գնաճի այն փոքրիկ պատկերն է, որը սպառնում է մեզ իրականություն դառնալ ապրիլի 2-ից, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի ընդունել «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած սակագնային առաջարկները:
Ինչպես հայտնի է, ընկերությունն ուզում է ապրիլի 1-ից բնակիչների համար գազը թանկացնել 40 դրամով եւ 1 խմ գազի դիմաց, 96 դրամի փոխարեն, գանձել 136 դրամ, իսկ խոշոր սպառողների համար թանկացնել 16 դրամով՝ 81-ից դարձնելով 97 դրամ: Այն, որ «ՀայՌուսգազարդի» առաջարկը միանշանակ գազի թանկացման ողջ ծանրությունը գցում է շարքային սպառողի վրա եւ արտադրական ձեռնարկություններ ունեցող բիզնեսմենների հոգսը անարդարացիորեն թեթեւացնում, դա հարցի մի կողմն է: Սակայն, անկախ բնակիչ-բիզնեսմեն համեմատություններից, եթե մի պահ ընդունենք, որ հանձնաժողովն արդեն կայացրել է իր որոշումը եւ ընդունել «ՀայՌուսգազարդի» հիմնավորումները, հանրապետությունում իսկապես խայտառակ պատկեր կստացվի: Եթե նախկինում Հարավ-արեւմտյան թաղամասից ես Արշակունյաց 2 հասցե՝ Մամուլի շենք աշխատանքի էի գալիս տաքսիով եւ դրա համար վճարում 1000-1200 դրամ, ապրիլից արդեն ստիպված կլինեմ վճարել առնվազն 1800-2000 դրամ: Գազի գնի բարձրացման հետեւանքով միանշանակ կթանկանան թե՛ տաքսիների, թե՛ միջմարզային ու քաղաքային երթուղայինների ուղեվարձերը: 2008-ի ապրիլի 1-ին, երբ կառավարությունը դադարեցրեց գազի սակագնի սուբսիդավորումը, մայիսի 1-ից արդեն ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում գազի գինը ավելի քան 50%-ով թանկացրին: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա սուբսիդավորումը դադարեցնելուց հետո՝ 2 հազար դրամ: Մեր հանրապետության ավտոտրանսպորտի գերակշիռ մասն աշխատում է գազով, հետեւապես գազի գնի թանկացումն իր ուղղակի ազդեցությունն է ունենում ուղեվարձի վրա:
Աշխատավարձով կամ թոշակով ապրող մարդիկ, որոնք մինչ օրս հազիվ էին ծայրը ծայրին հասցնում ու հոգում իրենց նվազագույն կենցաղային կարիքները, գազի՝ միանգամից այդքան թանկացման պայմաններում հայտնվելու են չքավորի կարգավիճակում: Եթե նախկին սակագնի պարագայում մարդիկ խնայողություններ էին անում ու հնարավորինս գազի ծախսը նվազեցնում, 1 խմ գազի համար 136 դրամ վճարելու դեպքում շատերը ստիպված պետք է լինեն իրենց ճաշը եփել «չոր սպիրտի» վրա կամ անցնել անտառահատման նախկին անօրինական մեթոդներին: Գազի թանկացման հետեւանքով կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը, հացամթերքը, գյուղմթերքը, բոլոր այն արտադրանքները, որոնք կապված են էլեկտրաէներգիայի, գազի, տրանսպորտային ծախսերի հետ: Նախկինում գյուղացին մի բեռնատար լոլիկ էր լցնում ու բերում մայրաքաղաք՝ ծախելու: Ճանապարհածախսը հաշված՝ գյուղացուն ձեռնտու էր 1 կգ լոլիկը վաճառել 50-80 դրամ, իսկ այս ամռանը կարելի է պատկերացնել, թե մարզերից մայրաքաղաք հասած լոլիկը, վարունգը, ծիրանն ու դեղձը ինչ գնով պետք է վաճառվեն: Եթե նույնիսկ մարդիկ իրենց ռացիոնից հանեն գյուղմթերքը եւ առհասարակ բոլոր այն ապրանքները, որոնք թանկանալու են գազի գնի հետեւանքով, գոնե հաց ստիպված են լինելու գնել: Բնականաբար, բոլոր այն գործարանները, որոնք գազի թանկացումից հետո էլ իրենց արտադրած հացի գինը կթողնեն անփոփոխ՝ հայտարարելով, թե մտածում են մեր ժողովրդի մասին, պարզ է, որ կսկսեն նորից թեթեւացնել իրենց հացի քաշը, ուստի բոլոր պարագաներում այդ թանկացման համար վճարելու է նորից սպառողը:
Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, դժվար է պատկերացնել, թե ամսվա վերջում գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, աղբի, վերելակի եւ այլ ծախսերի համար միջին աշխատավարձով ապրող ընտանիքի առջեւ ինչ թիվ է դրված լինելու: Միայն կոմունալ վճարումները 4 անձից բաղկացած ընտանիքի համար ներկայումս կազմում են միջինը 40 հազար դրամ: Սա նշանակում է, որ երկու ամիս հետո մարդիկ կա՛մ պետք է իրենց ողջ աշխատավարձը տան միայն կոմունալ պարտքերը մարելու համար, կա՛մ առանց լողանալու, առանց ճաշ եփելու, ջուր խմելու, տաքանալու, հոսանք ծախսելու մի կերպ կարողանան գոյատեւել եւ նստեն հաց ու պանրի վրա:
Հ. Գ. Երեկ հրավիրած ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, պաշտպանելով Գագիկ Ծառուկյանի, Միխայիլ Բաղդասարովի եւ գազով աշխատող ձեռնարկությունների այլ սեփականատերերի շահերը, փորձում էր ապացուցել, որ խեղճ արտադրողները գազի գինը 16 դրամ բարձրացնելու պարագայում չեն կարողանա դիմանալ, որ արտադրության ծավալներն էականորեն կկրճատեն, որովհետեւ էներգակիրների ազդեցությունն արտադրանքների ինքնարժեքի վրա 50-70% է եւ այլն: Մինչդեռ պարզ է, որ «ՀայՌուսգազարդի» սակագնային առաջարկներն ընդունվելու դեպքում ո՛չ պարոն Բաղդասարովը, ո՛չ էլ պարոն Ծառուկյանը խեղճ վիճակում հայտնվողը չեն: Միակ եւ լուրջ վնասներ կրողը լինելու է շարքային սպառողը:
Տնտեսության տարբեր ոլորտների վրա գազի սակագների բարձրացման հետեւանքների մասին մասնագետների տեսակետներին կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: |
| |
| ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Հիվանդները պառկած՝ հիվանդանոցը փակել են |
| |
Երեկ Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմն ու շրջակա մոտ 15 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի մարզպետարանի առջեւ:
Մարալիկցիները դուրս էին եկել կառավարության 2009 թ. սեպտեմբերի 9-ի N1052 որոշման դեմ բողոքելու, համաձայն որի՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը փակելու են Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը: Ըստ կառավարության որոշման՝ «Մարալիկի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու «Մարալիկի» պոլիկլինիկա ՓԲԸ-ն միաձուլվել են՝ ստեղծելով «Մարալիկի կենտրոն» ՓԲԸ: Այն բաղկացած է հիվանդանոցային մասից՝ 5 մանկաբարձական մահճակալ հզորությամբ, պոլիկլինիկական մասից, ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատից եւ շտապօգնության ծառայությունից:
Նկատենք, որ Շիրակի մարզպետարանն այս որոշումն իրագործելիս շատ էր շտապել, մոտ 5 ամիս, որն էլ հարուցել էր բուժանձնակազմի զայրույթը: Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան բուժաշխատողները սովորականի պես ներկայացել են աշխատանքի, սակայն նրանց տեղեկացրել են, որ իրենք կրճատված են, հիվանդանոցն էլ՝ փակված:
Ո՞րն է այս տարածաշրջանի միակ հիվանդանոցը փակելու իմաստը, մի՞թե մարդիկ այնքան հարուստ են, որ բուժվելու համար պիտի մեծ գումարներ ծախսեն ու Գյումրի կամ Երեւան հասնեն: Բացի այդ, Երեւան-Գյումրի մայրուղում գտնվող այս հիվանդանոցը ավտովթարներից ու այլ դժբախտ պատահարներից տուժած մարդկանց կյանքը փրկելու համար շատ հարմար տեղում է:
Ըստ հիվանդանոցի վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցի՝ հիվանդանոցի ստացիոնար ծառայությունները փակելիս կառավարությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ դրանք եկամտաբեր չեն, կառավարությունն էլ այդքան գումար չունի հիվանդանոց պահելու համար: Վիրաբույժի խոսքերով, կառավարությունը դեռեւս 2006-ին «գաղտնի» որոշում էր կայացրել՝ վերացնելով ինֆեկցիոն ու վիրաբուժական բաժանմունքները, եւ թողել միայն մեկ բաժանմունք՝ 5 մահճակալով, որն էլ, բնականաբար, բավարար չէր մեծ թվով հիվանդներ ընդունելու ու եկամուտ ապահովելու համար: Բացի այդ, կառավարությունն էլ իր հերթին հիվանդանոցին ֆինանսավորել է մահճակալների քանակով, այսինքն՝ չնչին գումար է փոխանցել, ինչն էլ, բնականաբար, պարտքերի մեջ է գցել բուժհաստատությանը: «Մենք նրանց տված ֆինանսներով աշխատել ենք, բայց պլանը չենք կատարել, որովհետեւ մահճակալների թիվը քիչ է, եթե 5-ի վրա բուժվում է 10 հիվանդ, դրա փողը փոխանցում են, բայց եթե 20 հիվանդ բուժվի, չեն փոխանցում, դրա համար էլ մենք պարտքի տակ ենք ընկնում: Որոշեցին հարցը լուծել հիվանդանոց փակելով: Երեկ անսպասելի կերպով առողջապահության բաժնի վարիչը տեղեկացրեց, որ հիվանդանոցը փակ է: Հիվանդները պառկած՝ իրենք հիվանդանոց են փակում, մեզ էլ առաջարկում են հիվանդներին շտապօգնության մեքենայով տեղափոխել Գյումրի, բայց ասեմ, որ նրանք չտեղափոխվող հիվանդներ են»,- ասաց վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցը: Նրանք անգամ չգիտեն, թե որտեղ է աշխատելու 15 հոգանոց բուժանձնակազմը:
Բաժանմունքի բուժքույրն էլ բողոքեց. «Ես գտնում եմ, որ մենք վնասով չենք աշխատում, հիվանդանոցը կարեւոր նշանակություն ունի, անընդհատ վթարներ են տեղի ունենում ավտոմայրուղում, ու պատկերացրեք՝ կան դեպքեր, որոնց չի թույլատրվում տեղափոխությունները»: Բնակիչները նույնպես հայտնեցին իրենց դժգոհությունը՝ մոլորվելով, թե Մարալիկի 13 000 բնակչությունն ու հարակից գյուղերը ո՞ւր են գնալու:
Զարմանալին այն է, որ հիվանդանոցը փակելուց առաջ կառավարական ոչ մի հանձնաժողով չի ներկայացել ու չի ուսումնասիրել բուժհաստատության հնարավորությունները, պիտանելիությունը, եկամուտներն ու ծախսերը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը օպտիմալացման ծրագիր է ներկայացրել, նրանք էլ՝ առանց երկար-բարակ մտածելու, որոշել են ազատվել հիվանդանոցից: |
| |
| ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԹԱՆԵՆ |
| |
«Հայաստանը գնալով դառնում է առավել ներկայացված միջազգային շուկայում, եւ հուսով ենք, որ մոտ ապագայում այն իսկապես կդառնա տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով այս տարի պետք է իրականացվեն մի շարք ծրագրեր. «Ձեւավորվում են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան-Իրան, նույնիսկ Ադրբեջանի մասնավոր հատվածների հետ կա համագործակցություն, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան կամ Թուրքիա: Այս փաթեթներն առաջարկվում են միջազգային շուկաներում, որոնք բավականին արդյունավետ են աշխատում»: Նա ասաց նաեւ, որ նախորդ տարվա նման Հայաստանն այս տարի էլ է մասնակցելու միջազգային շուկայի մի շարք ցուցահանդեսների՝ մեր երկրի զբոսաշրջության արդյունքը ներկայացնելու համար: Մ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն ներկայացված եղել է զբոսաշրջության զարգացման թեմայով, որի արդյունքում Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմը հեռարձակվում է չեխական ազգային հեռուստաընկերությամբ, ինչպես նաեւ իտալական «Ռայ» հեռուստաընկերությամբ: «Նախատեսում են կազմակերպել նաեւ ճանաչողական այցեր, փառատոներ՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ»,- ասաց նա:
Ըստ տեսչության պետի, այժմ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը 3%-ով աճել է: Նա նշեց նաեւ, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, միջազգային զբոսաշրջությունն անցած տարում կրճատվել է 4%-ով: Պարոն Ապրեսյանի տեղեկություններով, Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է հիմնականում ԱՊՀ երկրներից, իսկ այս տարի հատկապես շատ է ակտիվացել Իրանից եկող զբոսաշրջիկների քանակը, անցյալ տարի Հայաստան են եկել նաեւ զբոսաշրջիկներ Թուրքիայից:
|
| |
| Ա. Խ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է |
| |
Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ավելին՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կունենանք կտրուկ աճ: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում վստահեցրել է գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա այս խոսքերին Եզդիների ազգային միության ներկայացուցիչն այսպես է արձագանքել. «Ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան ինքն է կարդում»:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ գյուղնախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի հանրապետությունում կար շուրջ 560 հազար գլուխ ոչխար, որից 430 հազարը մայրական գլխաքանակն էր: Մինչդեռ ոչխարաբուծությամբ զբաղվողները մտահոգություն ունեն, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնա, քանի որ արտահանման ծավալներն օր օրի ավելանում են: 2009-ին Հայաստանից Իրան է արտահանվել 117 000 գլուխ ոչխար:
Եզդիների ազգային միության անդամ Օմար Մամոյանն էլ վստահեցրել է, որ եզդիները ոչխարները վաճառում են, քանի որ բավականին բարձր գին են առաջարկում: Օ. Մամոյանը նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գոնե մայրական ոչխարների արտահանման լիցենզիա չտրամադրելու համար: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| 10 ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է |
| |
Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության մարմինը բացահայտել է Ա. Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամներին, նրանց կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ:
Վերջնական արդյունքում 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանց թվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանը, քաղաքացի Արա Կարապետյանը, Արսեն Սողոմոնյանը, Բագրատ Սողոմոնյանը, «ՍՍՄ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը, նախկինում երկու անգամ դատված Նիկոլայ Խաչիկյանը, Սուրեն Մելքոնյանը եւ Աշոտ Խաչատրյանը: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործից անջատվել էր քաղաքացի Ռ. Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ռ. Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Պաշտոնյաները դեռ կարող են հանգիստ շունչ քաշել |
| |
ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրն այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ է: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու առումով: ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԻԱԿ-ին նման կարեւոր խնդրին անդրադառնալու համար:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործերի դեպքում դատարանները մերժել են ԻԱԿ-ի՝ պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը՝ պատճառաբանելով, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ: Սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշված չէ, թե ո՞ր մարմիններն ունեն նման արձանագրություն կազմելու իրավունք: Այսինքն, ստացվում է, որ մարդու՝ տեղեկություններ ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ արձանագրություն կազմող կառույց կամ պաշտոնատար անձ չկա:
|
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Մարդասիրական քայլն ուշանում է |
| |
2009թ. հունվարի 28-ին մահացել է Սարգիս Հացպանյանի հայրը: Հոր մահվան կապակցությամբ, 2009թ. հունվարի 29-ին, որպես Ս. Հացպանյանի փաստաբան, դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով նրան կարճաժամկետ մեկնում տրամադրելու խնդրանքով: ՀՀ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ դիմումը մակագրվել է իրենց:
Փետրվարի 4-ին ինձ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումին պատասխանել են, որ Սարգիս Հացպանյանը նման հարցով իրենց չի դիմել: Նշեմ, որ Ս. Հացպանյանը մի քանի անգամ արդեն իսկ անձամբ դիմել է «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետին՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար: Մինչեւ օրս հիշյալ հարցի կապակցությամբ պատասխան դեռեւս չենք ստացել:
Ի դեպ, օրերս քննվել էր Ս. Հացպանյանին պատժից վաղաժամկետ ազատելու հարցը, եւ հանձնաժողովը նրան մերժել է: Սա երկրորդ դեպքն է, ինչ Հացպանյանի վաղաժամկետ ազատվելու հարցը քննարկվում է, սակայն դրական պատասխան չի տրվում: Հացպանյանին անհիմն դատապարտելը, համաներում չկիրառելը, պատժից վաղաժամկետ չազատելը հաստատում են հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումի երկար քննարկումն էլ ավելի է խորացնում հանրության մեջ ձեւավորված կարծիքը:
Այն հոդվածը, որով դատապարտվել է Ս. Հացպանյանը, չի դասվում ծանր հանցագործությունների շարքին, նա արդեն կրել է սահմանված պատժի մոտ կեսը, նախկինում դատված չի եղել: Քանի որ Հացպանյանին հնարավորություն չեն ընձեռել ներկա լինել հոր հողարկավորությանը, ապա, կարծում եմ, պետք է հնարավորություն տալ գոնե հարազատների շրջանում սգալ նրա մահը:
|
| |
| ՌՈԲԵՐՏ ՌԵՎԱԶՅԱՆ, Սարգիս Հացպանյանի պաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
|
| |
«ԱՐՔԱՅԻՆ» ՏԱՐԵԼ ԵՆ
ՀՀ շախմատի ակադեմիան դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ահազանգելով, որ ակադեմիայի պարսպի վրայից տարել են 3 խաղաքար արձանիկները: Գողացել են արքային եւ նրա «թիկնազորի» արձանացած 2 «անդամներին»:
ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
Մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ կան որոշակի ձեռքբերումներ: Երեկ այդ մասին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեց ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: «Տարվում է ամենօրյա օպերատիվ աշխատանք, որը, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտա իր դրական արդյունքը»,- հավելեց նա:
ՈՍՏԻԿԱՆԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել էր, որ ոստիկանության՝ Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14.15-ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ: Արդյունքում՝ հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գ. Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ, օգտվելով այդ հանգամանքից, դիմել փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել: Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՊԵՏԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Աբովյան» ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդում է տվել, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009 թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու եւ ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23 800 ԱՄՆ դոլար կաշառք:
Փետրվարի 4-ին դատապարտյալից 23800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո, Կ. Համբարձումյանը փաստով բռնվել եւ բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. մայիս դատապարտյալը Կ. Համբարձումյանին տվել է եւս 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաեւ դատապարտյալի քույրը, որ իր քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի քեռուն, տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ. Համբարձումյանին՝ 1100 ԱՄՆ դոլար կաշառք: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| ՄԻ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |
| |
Երբ Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, շատերի նման Գալինա Կարապետյանն էլ իր ընտանիքով՝ ամուսնու, որդու եւ հարսի հետ թողեց Բաքվի՝ 70 տարվա իր բարեկեցիկ կյանքն ու եկավ Հայաստան՝ ապաստան գտնելով Վանաձոր քաղաքին մերձակա Շահումյան գյուղում։ Ջարդերի նախօրեին ադրբեջանցի պաշտոնյաների կասկածելի վարքագիծը պետք է որ մտածելու տեղիք տար, հայերը նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեին: Ադրբեջանի շատ պաշտոնյաներ, որ հայ մայր ունեին, իրենց ծնողներին Բաքվից ուղարկում էին Ռուսաստան։ Այս ամենը հայտնի եւ տեսանելի էր հայերին, բայց նրանք չէին սպասում, որ կառավարության գիտությամբ եւ թույլտվությամբ կարող է կոտորած իրագործվել։
Բաքվում լարված դրությունն օր օրի վատթարանում էր: «Վախենում էինք աշխատանքի գնալ։ Նստում էինք մետրո, թուրքերը զույգ աչքերով էին նայում, գործարանում չէինք կարողանում խոսել, էս կողմից, էն կողմից թափվում էին գլխներիս։ Քաշվեցինք, որ չթակեն»,- պատմում է տիկին Գալինան։ Ջարդերն սկսվելուց հետո հայերը վերջնականապես խուճապի մատնվեցին։ Վախ ու սարսափի մթնոլորտում նրանք ստիպված եղան լքել Բաքվի իրենց տունուտեղն ու տեղափոխվել Հայաստան։
Գաղթելիս Կարապետյանների ընտանիքն իր հետ կարողացավ վերցնել միայն փաստաթղթեր եւ հագուստ։ Քանի որ տիկին Գալինայի հարսի մայրը կիրովականցի էր, ուստի ընտանիքն ընտրեց հենց այս քաղաքի մերձակա գյուղը։ Նրանց հետեւելով՝ Շահումյանում հավաքվեցին նաեւ մյուս ազգականները։
Նոր միջավայրին հարմարվելու խնդիրն արագ լուծվեց։ Նոր բնակավայրը՝ Շահումյան գյուղը, հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով, ու 88-ից հետո գյուղում մեծ թիվ էին կազմում փախստականները։ Լեզվի խնդիր նույնպես չկար, քանի որ արմատներով գորիսեցի ու հայրենիքի հետ կապը պահպանած լինելով՝ նրանք չէին մոռացել հայերենը։ «Լեզուն մեր լեզուն ա, գրական չենք խոսում, մենք էլ Գորիսի լեզվով ենք խոսում, ինչ տարբերություն կա, մեր հայկական լեզուն ա, հասկանում ենք»։ Բնիկները նույնպես բարյացակամ էին գաղթականների հանդեպ։
Կարապետյանները Բաքվում տուն ունեին, աշխատանք. «Բաքու աշխատում էի կարի ֆաբրիկայում, հարսս աշխատում էր, տղաս նախարարի վարորդ էր, 17 տարի գործ ա արել, 17 տարի արձակուրդ չեն տվել, լավ աշխատող էր, մինիստրը հետը մոտիկություն էր անում։ Դե որ էդպես դառավ, եկանք»։ Իսկ հայրենիք վերադառնալով՝ դարձան աղքատ: «Լավ ապրել ենք, հարգանքով, պատվով, որ եկել ենք էստեղ՝ դառել ենք աղքատ։ Ոչ մի բան չունենք, ինչ էլ եղել ա, ծախել-կերել ենք։ Հարեւանի կնիկը գնացել ա, իրա կոտրածները բերել ա մեզ։ Բայց մենք էդպես չենք ապրել, ընտիր ապրել ենք»,- հիշում է տիկին Գալինան։ Երբ Կարապետյանները եկան Շահումյան, ադրբեջանցիներն արդեն հեռանում էին այնտեղից։ Այն տունը, ուր հիմա տիկին Գալինայի ընտանիքն է ապրում, պատկանում էր մի ադրբեջանցու։ Վերջինս առաջարկեց փոխանակել իրենց տները՝ խոստանալով Գալինայի ընտանիքի գույքն ու ողջ իրերը ուղարկել Հայաստան։ Բայց դրժեց խոստումը։
Հայաստանում Կարապետյանները սկզբում աշխատում էին. տիկին Գալինայի որդին տաքսու վարորդ էր, հարսը՝ հաշվապահ, տիկին Գալինան՝ ֆիրմային խանութի աշխատակից։ Բայց ոչ շատ անց երեքն էլ անաշխատանք մնացին։ Տղան մեկնեց Վոլգոգրադ՝ արտագնա աշխատանքի, բայց քանի որ գործերն անհաջող էին՝ վերադարձավ։ Եվ արդեն տասը տարի անգործ է։ Չորս հոգանոց ընտանիքն այժմ մի կերպ գոյատեւում է 75-ամյա տիկին Գալինայի կենսաթոշակով։
Աշխատանքի տեղավորման բոլոր ջանքերն ապարդյուն են. հարսը հայերեն գրել-կարդալ չգիտի, ուստի ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, տղան 50-ն անց է, իսկ բոլոր գործատուները 25-40 տարեկան աշխատողներ են պահանջում։ ՀՀ կառավարությունն անտարբեր է գաղթականների ու նրանց խնդիրների հանդեպ։«Ո՞ւմ ասենք, ո՞ւմ մոտիկանանք։ 22 տարի ա՝ թոշակավոր եմ, 10 կոպեկի օգնություն եմ գյուղսովետից ստացել։ Կարկուտը տարել ա բերքը, բայց օգնություն են տալիս նրան, ով մեծերի հետ մոտիկ ա։ Նպաստը ո՞ւմ են տալիս՝ ով գործ, ավտո, խանութ ունի, գյուղի 90%-ը էդպեսներն են ստանում»,- պատմում է տիկին Գալինան։
Բայց նույնիսկ այս պայմաններում նրանք պատրաստ են մինչեւ իսկ աչք փակել երկրում տիրող անօրինությունների վրա, միայն թե աշխատանքի խնդիրը լուծվի. սա է նրանց հիմնական մտահոգությունը։ Եթե գործ լինի՝ հայրենիքում լավ կապրեն. «Իկրա չենք ուտի, բադրիջան կուտենք, բադրիջան չենք ուտի, կարտոշկա կուտենք, մի գործ ճարենք, ուրիշ բան չենք ուզում»։
Տիկին Գալինան պատմում է, որ ադրբեջանցի հարեւանների հետ շփումն ավելի սերտ է եղել, քան հիմա՝ հայերի հետ։ Պատճառն ամենեւին էլ ազգային խնդիրը չէ, այլ նյութական պայմանների սղությունը. «Դե որ գործ չկա, չես կարող էնպես շփում ունենաս հարեւանի հետ, ընկերի հետ, ամեն ինչը փող ա, որ փող չկա՝ ինչպես հարեւանի տունը գնաս, ինչով անես հարեւանություն։ Որ հարեւանի հետ մի անգամ չնստես կոֆե խմես, մի անգամ մի խնջույքի գնաս, որ դուռը չբացես մտնես, ինքը մեր տուն, մենք իրա, դա ինչ հարեւանություն ա։ Մենք էդպես չենք եղել։ Բաքու ընտիր ենք եղել, հարսանիք, ծնունդ, կամպանի հավաքված, խոնչա կապած, թուրքը մեր տուն ա գնացել, մենք՝ իրա։ Ըստեղ էդ ինչ կյանք ա. 22 տարի ըստեղ եմ, մի անգամ մի հարսանիք եմ գնացել: Բաքու էլ մարդ չի եղել, որ մեր տանը հաց չուտի, թո՛ւրք էլ, հայե՛ր էլ։ Տղիս ասում էի՝ լինելո՞ւ ա էն օրը, որ նստենք հացի, մեր սեղանին թուրք չլինի, ընկերներ ու շրջապատը սաղ թուրքեր են եղել։ Հիմա կան մարդիկ, որ ասում են, թուրքի մատոռով եք, մեկն ասում ա՝ խի՞ եք ասում, որ Բաքու լյավ ա եղել...»:
Երկու ժողովուրդների միջեւ չի եղել ազգային խտրականություն, թշնամանք: Կողք կողքի են եղել թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին: «Չի եղել, որ մեկը մի դուշմանություն աներ, աշխատանքից գնում էինք, մաշինը կանգնեցնում էինք, կողքին սեղան կար, սամովարը դրած, կնանիք գալիս էին, նստում, 2 հայ էինք, 10 թուրք, ծիծաղելով չայ էինք խմում, հաց ուտում, ընկերական անցնում էր մեր ժամանակը։ Մինչեւ վերջին օրը, երբ մաշին էինք նստում, բաց չէին թողնում ձեռքներս, ասում էին՝ ի՞նչ ենք արել Աստծուն, որ սենց լավ հարեւանները գնում են մեզանից»,- հիշում է Գալինա Կարապետյանը ու հավելում, որ երբեմն ադրբեջանցիներն իրենց ազգակիցներից էլ շատ ավելի հարգանքով են վերաբերվել հայերին. «Իրանց հարսանիքը երկու տեսակ ա լինում. կանանց եւ տղամարդկանց հարսանիքները տարբեր օրեր ա լինում, տղամարդկանց հարսանիքում կին չի լինում։ Որ գնում էինք, իրանք տափին էին նստում։ Մեզ համար սեղան էին դնում, իմանում էին, որ հայը գնում ա գործատեղիցը, հայի նման գեղեցիկ ստոլ էին բացում, որ մեզ դուր գա։ Իրանց ազգից բարձր են հարգում իրանք մեզ։ Իրանք դաժե մեզանից ավելի հարգանքով են։ Մենք կարող ենք իրանց վրա դուռ էլ կողպել, համա իրանք չեն անի, կասեն՝ համեցե՛ք, եկ, կհարգեն, կպատվեն»։
Հայերի ու ադրբեջանցիների սովորույթներում շատ ընդհանրություններ են եղել, ըստ տիկին Գալինայի. «Մեզ նման աստվածապաշտ են, հյուրասեր, հարգանքով, ընկեր սիրող։ Մեզ նման սիրում են ոչխար մորթել, մատաղ անել, հարեւանության մեջ ուտել-խմել»։
«Էդ էլ որտեղի՞ց սկսվեց կռիվը. ոչ մենք ենք մեղավոր, ոչ իրանք»,- ասում է տիկին Գալինան՝ համոզված, որ ադրբեջանցիները երբեք էլ միտք չեն ունեցել արյուն հեղելու։ Բայց քիչ անց նա փոքր-ինչ անկեղծանում է՝ մեջբերելով հոր խոսքերը. «Մոտիկություն ենք արել, չենք մտածել, որ քանի տարուց հետո էսպես կլինի։ Բայց հերս ասում էր՝ թուրքը շուն ազգ ա, ինչքան էլ մոտիկ լինես, փետը ձեռքի՛դ պահիր։ Ինչի՞ մեր աղջկերանցը չեն տալիս թուրքերին։ Գիտեին, որ վերջն էդ ա լինելու, վերջը դուրս ա գալու, կռիվ ա լինելու»։
|
| |
| ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Պատրաստվում ենք պատերազմի՞ |
| |
Նոյեմբերյանի տարածաշրջանի հա մայնքապետարանների միջոցով 25-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են զինկոմիսարիատ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանն այս առթիվ ասաց, որ մինչեւ այս տարեվերջ զորակոչի ենթակա մինչեւ 50 տարեկան բոլոր շարքայինները, 55-60 տարեկան սպաները կկանչվեն զինկոմիսարիատ, որպեսզի կցագրվեն որոշակի զորամասերի, նաեւ ճշտվեն նրանց առողջական, ընտանեկան դրությունը, զինվորական հանդերձանքի չափերը: Զինկոմը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են, այդ հարցերով հարկ է դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ: Մինչդեռ մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ամեն համայնքից «պահեստայինների» խումբ 8-օրյա ռազմական վարժանքի է ուղարկվելու Արմավիր: Այստեղ նրանք սննդի եւ կեցության խնդիրներ չեն ունենա: Բացի այդ, յուրաքանչյուր շարքային օրական կստանա 3, սպաները՝ 5 հազարական դրամ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Նպաստը վերջապես տեղ հասավ |
| |
Սովորաբար Նոյեմբերյանի տարածաշրջանում ընտանեկան նպաստը վճարում են տվյալ ամսվա 20-25-ին: Այս տարվա հունվարի նպաստը վճարվեց փետրվարի 4-ին: Նպաստի ուշանալը տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ նպաստառուների ցուցակը Երեւանից բերվել է միայն փետրվարի 3-ին:
|
| |
| ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Սուրբ Նշանի շուրջ |
| |
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են կատարվում Վրաստանում: Դեռ մի կողմ, որ բոլոր թեկնածուները հերթով հանդիպում են հայերին եւ խոստումներ տալիս:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը արձագանքել է հայերի բողոքներին եւ անդրադարձել հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցում շներ պահելու խնդրին: Քաղաքի իշխանությունների տեղական մարմինների միջամտությամբ՝ շները հեռացվել են եկեղեցու տարածքից: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 9-ին հայերի, «Բազմազգ Վրաստանի» եւ քաղաքի վարչական մարմինների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Հայկական հանրությունը մի քանի հարց է բարձրացնելու. ապահովել վանքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը, մաքրել եւ բարեկարգել շրջակայքը, գույքագրել առկա խաչքարերն ու գերեզմանները, նորոգել վանքը եւ այլն: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Եվ աճ, եւ նվազում |
| |
Ընթացիկ տարվա հունվար ամսին Կապանում ծնվել է 45 երեխա: Կապանցիները նախընտրում են իրենց երեխաներին անվանակոչել եւ հայկական, եւ ժամանակակից անուններով: Տղաների համար ամենատարածված անունը Ալեքսն է, իսկ աղջիկների անունները ընտրվում են կամ սերիալներից, կամ էլ տատիկների անուններով: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ Կապանում ծնունդներն աճել են 4-ով: Եթե ծնունդների թիվն ավելացել է, ապա ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝ նվազել: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի բաժնի պետ Միլենա Վեզիրյանի` 2009 թվականի հունվարին գրանցվել էր 18 ամուսնություն եւ 2 ամուսնալուծություն, ընթացիկ տարվա հունվարին՝ 12 ամուսնություն եւ 1 ամուսնալուծություն: Նվազել են նաեւ մահվան դեպքերը, 45-ից հասնելով 41-ի:
Մեկ տարվա հաշվարկով էլ նկատվում է ամուսնալուծությունների նվազում: 2008 թվականին 50 զույգ է ամուսնալուծվել, իսկ նախորդ տարի՝ 45: 2009 թվականին ծնունդների աճ, 2008-ի համեմատությամբ, չի նկատվել. 2009-ին ծնվել է 522 երեխա, որքան որ 2008-ին էր ծնվել:
Տարվա կտրվածքով ամուսնություններն աճել են 35-ով, 182-ից հասնելով 217-ի: Աճել է մահացությունը Կապանի տարածաշրջանում: 2009 թվականին 449 մահ է գրանցվել, 20-ով ավելի նախորդ տարվանից:
|
| |
| ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-02-06 |
| Ում եւ ինչի համար է պետք սիրել |
| |
Այն, ինչ մեզնից է պահանջվում, սեր չէ
Այնուամենայնիվ, զարմանալի զգացմունք է սերը: Դարեր շարունակ աշխարհի մեծագույն մտածողները ուսումնասիրել են սիրո Ա-ն ու Բ-ն, նաեւ Գ-ն... բայց էլի հայտնագործությունների համար ազատ դաշտ կա...
Այ, ես, օրինակ, պարզել եմ, որ սերը կարող է չափվել նաեւ կիլոմետրերով: Խոսքը մասնավորապես հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Քանի կիլոմետր հայրենիքից հեռու ես լինում, այնքան շատ ես սկսում սիրել: Ընդ որում, մի քանի առավել օպտիմալ տարածություն կա: Մեկը՝ 11 000 կիլոմետրն է, Երեւան-Լոս, մյուսը՝ 3.5 հազար կիլոմետրը, Երեւան-Փարիզ:
Նույն մարդը, ում Երեւանում ապրելիս՝ նույնիսկ 6-րդ վարչությունը չէր կարող ստիպել Հայրենիքի հանդեպ սերը խոստովանել, հենց վերոնշյալ տարածությունն անցնում է, հանկարծ այնպիսի անհուն սիրով է լցվում հայրենիքի հանդեպ, որ ուղղակի ապրել չի կարողանում...
Ստիպված գալիս, Արարատին նայող մի-երկու էլիտար բնակարան է գնում, մի երկու մանր-մունր բիզնես դնում, «Հին Երեւանում» կամ «Դոլմամայում» մի կտոր հաց ուտում, կուշտ փորով «Պատրոնտաշ» ու «Իմ ախպերս» լսում ու հետ է գնում: Ու այդպես տարին մի քանի անգամ:
Կարող եք հարցնել, թե այդտեղ ի՞նչ վատ բան կա: Իրականում՝ չկա: Սիրում են, թող իրենց համար՝ սիրեն: Բայց դրանով չեն բավարարվում. ծխելը նոր թողած մարդու համառությամբ, հերոսի կերպար ընդունած սկսում են «իրենց ապրելակերպը քարոզել» բոլոր անգիտակիցներին:
«Ձեր պրոբլեմն էն ա, որ դուք իրար չեք սիրում, ախպեր, պիտի իրար սիրենք, բոլորին սիրենք, բոմժից մինչեւ պրեզիդենտ, ես քեզ պիտի սիրեմ, դու ինձ պիտի սիրես»:
Ախր, իմ նախկին հայրենակից, ինչի՞ համար պիտի ես քեզ սիրեմ: Մեր կյանքի խնդիրները, որ այդքան վարժ վերլուծում ես, ինքդ քեզ վերլուծե՞լ ես: Միակ լավ բանը, որ երբեւէ արել ես՝ այն է, որ թողել-գնացել ես. օդը մի քիչ մաքրվել է: Ախր քեզ ընդհանրապես «համար» սիրել չի կարելի, քեզ կարելի է միայն «չնայած» սիրել...
Եվ դու էլ ինձ չես սիրոմ, ու հայրենիքդ էլ չես սիրում: Երբ դու եւ քո տերերը «Պետություն» բառի փոխարեն սկսում են «Հայրենիք» բառն օգտագործել, անմիջապես հասկանում եմ, որ ինչ-որ հանցավոր բան եք մտածել: Կամ գազի գինն եք բարձրացնելու, կամ անհասկանալի փաստաթղթի պրեամբուլա եք ընդունելու: Ախր դուք Հայրենիքը միայն ըստ ձեր բիզնես-ծրագրի եք սիրում: Բիզնես-ծրագրի ժամանակացույցի ու կատեգորիաների համապատասխան:
Իսկ ես պետք է սիրեմ... եւ հայրենիքը, եւ ձեզ: Այսինքն՝ Հայրենիքը չեմ կարող չսիրել, պարզապես երբեէ չէի կարող ենթադրել, որ Հայրենիքի հանդեպ սերն էլ կարող է դժբախտ ու անպատասխան լինել...
Բայց ձե՞զ ինչու սիրեմ, իմ իրավունքների ոտնահարման համա՞ր, հանցագործության, վախի ու անպատժելիության մթնոլորտի համա՞ր... բարոյական նորմերի լիակատար տրորման համա՞ր...
Ընդ որում, դուք միայն անտրտունջ սերն եք ընդունում: Սիրում ես՝ ուրեմն պետք է չդժգոհես: Բողոքում ես, որ ընտրությունները կեղծվում են, հայրենիքդ չես սիրում, դժգոհում ես տնտեսության մոնոպոլիզացիայից՝ ազգդ չես սիրում, բանկում տիրող բարքերից ես բողոքում՝ երկիրդ չես սիրում, Մարտի 1-ից ես խոսում՝ պարզապես հայրենիքի դավաճան ես...
Այդպիսի սեր չի լինում: Եվ այն, ինչ դուք եք մեզանից պահանջում՝ սեր չի: Դա ուրիշ անուն ունի... Ձեզ սեր պետք չի, ձեզ ստրկական հպատակություն ու ճորտական հնազանդություն է պետք... Այն, ինչ դուք քարոզում եք սիրո անվան տակ... այլ լեզուներով պարզապես կոչվում է կոնֆորմիզմ:
Պետք չէ նաեւ Աստվածաշնչից օրինակ բերել, թե երբ մի այտիդ հարվածում են՝ մյուս այտդ էլ դեմ տուր: Պետք չէ այս իմաստնությունը այդքան ուղղակիորեն եւ աղավաղված հասկանալ: Քրիստոնեությունը հուշում է, որ պետք է մեղավորին եւս մեկ հնարավորություն տալ իր հանցանքները գիտակցելու եւ ուղղվելու համար: Իսկ մենք ավելի քան 15 տարի հիմնականում հենց դրանով ենք զբաղված... Հնարավորություն ենք տալիս...
Իսկ եթե ոմանք համառորեն չեն ուզում օգտվել ապաշխարելու հնարավորությունիս, քրիստոնեությունն այլ օրինակ էլ ունի՝ թզենու առակը... Անպտուղ ծառը պետք է ոչնչացնել...
Այո, պետք է սիրել Հայրենիքը, բայց Հայրենիքն էլ փոխարենը պետք է քեզ գոնե մի քիչ հարգի...
|
| |
| ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել