14/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առայժմ՝ թղթե շերեփ
 

  «Եթե դու հանկարծ «ցեղասպանություն» բառն արտասանես, ես քեզնից ռազմական հրթիռ, ինքնաթիռ եւ ուղղաթիռ չեմ առնի, ինչպես նաեւ չեմ աջակցի Իրանում եւ Աֆղանստանում քո օպերացիաներին»: Ահա այդպես պարզ եւ միանշանակ է, ըստ թուրքական մամուլի, նախազգուշացնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նախօրոք «գրաքննելով» վերջինիս՝ ապրիլի 24-ին արտասանվելիք ճառը: Ես, օրինակ, Օբամայի տեղը լինեի, նման բացահայտ շանտաժից կվիրավորվեի. «Այս ո՞ւմ ես դու սպառնում, սիրելի Ահմեդ,- կասեի,- հիմա հենց քեզ ինադու «ցեղասպանություն» կասեմ, իսկ ինքնաթիռ-ուղղաթիռներիս համար ուրիշ մուշտարի կճարեմ, տարածաշրջանում էլ առանց քո օժանդակության իմ պատերազմները կվարեմ»: Բայց դա, իհարկե, լուրջ քաղաքական մոտեցում չէ: Եթե իմ ուշքն ու միտքը զենք ծախելն է ու այլ պետություններ «հպատակեցնելը», ապա ես չպիտի նեղվեմ, երբ իմ բիզնես (կամ, որը նույնն է՝ «ռազմավարական») գործընկերը ինձնից պահանջում է իր մութ անցյալի առավել ամոթալի էջերը չհիշել: Մի կողմից՝ «նաղդ» փող է եւ «նաղդ» շահեր, մյուս կողմից՝ 95 տարի առաջ տեղի ունեցած ցավալի մի պատմություն, որի մասին հիշելը զուտ բարոյական նշանակություն ունի (կարծում եմ՝ ամերիկացիներին այդպես է թվում): Ավելին՝ եթե ես հանուն իմ «ռազմավարական շահերի» տարբեր երկրներում մարդ եմ սպանում, ապա ինչո՞ւ պետք է ես «ըմբռնումով» չմոտենամ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանությանը: Ի՞նչ տարբերություն՝ վերոհիշյալ շահերը քանի մարդու սպանություն են պահանջում՝ հազա՞ր, թե՞ միլիոն: Միացյալ Նահանգները Շվեդիա չէ: Վերջինս կարող է իրեն «շքեղություն» թույլ տալ՝ ղեկավարվել ինչ-ինչ արժեքներով եւ ճանաչել Ցեղասպանությունը (ինչը եւ արեց երեկ), որովհետեւ խնդիր չունի ոչ Թուրքիային ինքնաթիռ վաճառելու, ոչ էլ այս տարածաշրջանում ռազմական օպերացիաներ իրականացնելու:

Մեր հարեւանների՝ Վաշինգտոնին ներկայացրած կոշտ, շանտաժային պահանջները վկայում են մի քանի բանի մասին. 1/ նրանք որեւէ մտադրություն չունեն թեկուզ թեթեւակի քննադատական հայացք գցել իրենց անցյալի վրա, 2/ նրանք բավականաչափ ռեսուրսներ ունեն՝ դիմակայելու ԱՄՆ-ի ցանկացած ճնշմանը, եւ դեռ մի բան էլ իրենք են կարող ամերիկացիներին ճնշել, 3/ նրանք շատ լավ էլ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 95 տարի առաջ, եւ ավելորդ են համարում բովանդակային փաստարկներ բերելը, այլ պարզապես ձգտում են «ուժային եղանակներով» կանխել «ցեղասպանություն» բառը:

Մենք՝ հայերս, կարող ենք միայն կոչեր անել՝ պատմական արդարության, համամարդկային արժեքները հարգելու եւ այլն: Առաջին հայացքից թվում է, որ մեր ձեռքին եղածը դասական «թղթե շերեփ» է՝ ինքնաթիռ-հրթիռների հետ համեմատած: Սակայն ես վստահ եմ, որ մեր այդ «բարոյական» խաղաքարտերը կարող են ավելի զորեղ լինել: Դրա համար անհրաժեշտ է ապացուցել, որ մենք ի վիճակի ենք պետություն ստեղծել, որը առաջնորդվում է այդ նույն արդարությամբ եւ նույն արժեքներով: Այդ պահը, մեղմ ասած, հեռու է:

 

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Քաղաքականություն
«ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՄՈՄ ՎԱՌԵՆ»
 

«Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնության կազմում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» ղեկավար Սամվել Կարապետյանը, որը հայտնի է մեր մշակութային կոթողների պաշտպանությանն ուղղված ակտիվ գործունեությամբ: Կառավարության որոշման համաձայն՝ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում պատրաստվում են վերակառուցել 1930թթ.-ականներին հիմնովին քանդված Պողոս-Պետրոս եկեղեցին: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Կարապետյանն ասաց. «Մենք նոր եկեղեցիների կարիք չունենք: Եթե մեր եկեղեցին այդքան մտածում է իր ազգի մասին, ապա նախ թող իր ծխի, իր հոտի համար տուն կառուցի: Մարդիկ Հայաստանը լքում են, որովհետեւ չեն կարողանում ապրել, իսկ իրենք կառուցում են մի օբյեկտ, որտեղ պետք է մոմ վառեն Հայաստանից արտագաղթածնե՞րը, ովքե՞ր պետք է մոմ վառեն: Դեռ քո հոտին ամրացրու, հետո որպես շինարար անմահացիր: Միայն եկեղեցի կառուցելով չէ, որ կարելի է հիշատակ թողնել. հազար ու մի խնդիր ունի այսօր ազգը՝ աշխատատեղից սկսած, գյուղեր կան, որ դեռ դպրոց չունեն: Այս ի՞նչ մանյա է եկեղեցի կառուցելը: Դարեր շարունակ եկեղեցիներ կառուցել են մեղքերի թողության համար: Այդքան մեղք ունե՞ն: Թող ճիշտ ապրեն, համեստ ապրեն, ազնիվ ապրեն եւ վերջում էլ ստիպված չլինեն եկեղեցի կառուցել»:

 

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
 

Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ուշացած է համարում

Այսօր «Հելսինկյան ընկերակցություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակը, որի ղեկավարն իրավապաշտպան Միքայել Դանիելյանն է, հրապարակելու է 2009 թվականի իր տարեկան զեկույցը, որն առաջին անգամ ներկայացվելու է շնորհանդեսի միջոցով: Ինչպես Մ. Դանիելյանն ասաց, նաեւ առաջին անգամ է, որ իրենք որոշել են տարեկան զեկույցը հրապարակել ոչ միայն ընկերակցության կայքում, այլեւ տպագիր տարբերակով: 145 էջանոց զեկույցում մի առանձին գլուխ նվիրված է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին ու այդ գործերով տեղի ունեցած դատավարություններին, անդրադարձ կա նաեւ հայաստանյան դատական համակարգին, խոշտանգումներին, կրոնական փոքրամասնությունների խնդիրներին, թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններին, նաեւ հավաքների ազատության հիմնախնդրին ու իրավապաշտպանների, լրագրողների դեմ բռնություններին ու հետապնդումներին: Այն, որ այդ զեկույցը ՀՀ իշխանություններին, իրավապահ եւ դատական համակարգերին հաստատ դուր չի գալու, թերեւս, երաշխավորված է: «Հելսինկյան ընկերակցության» այս մի զեկույցը տպագրվելու է երկու լեզուներով՝ հայերեն եւ անգլերեն: Առաջին անգամ զեկույցի վրա աշխատել են Ընկերակցության երիտասարդ անդամները: «Այս անգամ որոշեցինք զեկույցը տպագիր տարբերակով հրապարակել եւ բաժանել ինչպես շնորհանդեսի մասնակիցներին, այնպես էլ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսին, պետության առաջին դեմքերը հանդիսացող պաշտոնյաներին, միջազգային բոլոր կազմակերպություններին, տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում գործող դեսպանություններին: Ի դեպ, նրանք բոլորը զեկույցի շնորհանդեսին հրավիրված են»,- ասաց Դանիելյանը: Իսկ մեր հարցին, թե՝ ինչո՞ւ է Ընկերակցությունն այս անգամ որոշել նման ներկայացուցչական տարբերակով զեկույց հրապարակել, իրավապաշտպանն այսպես պատճառաբանեց. «Երբ ծանոթանում ես մեր տեղական իրավապաշտպան այլ կազմակերպությունների կողմից տպագիր տարբերակով հրապարակված, իբր, զեկույցներին՝ զարմանում ես, թե որքան մակերեսային են դրանք: Այդ զեկույցներում, որոնք լավագույն դեպքում մի քանի տասնյակ էջ են պարունակում, ըստ էության, ոչինչ չկա աղաղակող իրավախախտումների մասին՝ այն դեպքում, երբ մեր երկրում մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները խիստ սահմանափակ են, որտեղ ժողովրդավարության մակարդակը շատ ցածր է: Մեր այս զեկույցի հրապարակմամբ մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում հիմնախնդիրները Հայաստանում շատ-շատ են ու մտահոգիչ են, եւ ամոթ է, երբ երկիրն իրավական առումով անմխիթար վիճակում է, իսկ մեր իրավապաշտպան կազմակերպությունները դրա մասին չեն գրում»:

Ի տարբերություն այս շաբաթ հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, Մ. Դանիելյանն ասաց, թե Ընկերակցությունն իր զեկույցում դեղատոմսեր չի առաջարկելու, իշխանություններին չի հորդորելու բարեփոխել այս կամ այն օրենքը կամ դատավորների համար «թրեյնինգներ» կազմակերպել, որովհետեւ մեր երկրի պարագայում դա անիմաստ է. միեւնույն է՝ օրենքները «բարեփոխում» են այն մարդիկ, ովքեր նաեւ այդ օրինախախտումների թիկունքում են կանգնած եւ օրենսդրությունը բարեփոխելու փոխարեն՝ դա էլ ավելի վատն են դարձնում: «Մենք միայն ներկայացնում ենք Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության առկա վիճակը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, ապա մենք, նաեւ «Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը» դեռ անցյալ տարի էինք ԵԱՀԿ-ին ուղղված մի հայտարարություն հրապարակել, որով կոչ էինք արել այդ կառույցին հրապարակել իր զեկույցը: Հիմա դա, իմ կարծիքով, ուշացած զեկույց է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, կարծում եմ, պարտավոր էր անցյալ տարի միջանկյալ զեկույց հրապարակել՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե քաղկալանավորների գործերով դատարաններում ինչ է կատարվում: Ստացվեց, որ զեկույցը հրապարակվեց ուղղակի զեկույց հրապարակելու համար: ԵԱՀԿ-ն հիմա գրում է, որ այդ դատավարությունները խախտումներով են ընթացել: Սպասում էին, որ խախտումները լինեն, խախտումով եւ մեծ մասամբ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտեն, որ հետո նո՞ր զեկույց հրապարակեն: Միջանկյալ զեկույց պետք է ավելի վաղ հրապարակվեր, որով, գոնե, փորձ կարվեր կանխել այդ ապօրինությունները»,- հայտարարեց իրավապաշտպանը:

 

ՁԵՐ «ԹՐԵՅՆԻՆԳՈ՞Վ» ՊԵՏՔ Է ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՓՈԽՎԵՆ
 

Մոտավորապես այս էր Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում եղած առաջարկություններից մեկի առնչությամբ:

Մարտի 8-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել էր 2008թ. հետընտրական, այդ թվում՝ մարտիմեկյան, իրադարձություններից հետո՝ 2008-ի ապրիլից մինչեւ 2009-ի հուլիսը, տեղի ունեցած թվով 109 ամբաստանյալների գործով ընդհանուր առմամբ 93 դատավարությունների ընթացքի դիտարկումների արդյունքը հանդիսացող մեծածավալ զեկույց: Այստեղ այսպիսի արձանագրումներ կային. նախաքննության ընթացքում մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը՝ մարտյան իրադարձություններից հետո կալանավորում էին անխտիր բոլոր կասկածյալներին, խախտվել է անմեղության կանխավարկածը, որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը եւ դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, երբեմն դատավորներն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը, դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը, խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով:

Այս աղաղակող արձանագրումներին զուգահեռ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայաստանյան արդարադատության համակարգում առկա, մեղմ ասած՝ թերությունները վերացնելու ուղղությամբ ՀՀ իշխանություններին ուղղված խորհրդատվություն-առաջարկություններ էին արել: Օրինակ՝ դատական համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան բարեփոխելու համար վերանայել դատաիրավական ոլորտի օրենսդրությունը, այդ թվում նաեւ «Քրեական դատավարության օրենսգիրքը», կար նաեւ այսպիսի առաջարկ՝ «դատավորների համար օգտակար կլինեն անաչառ եւ մասնագիտական վարքագծի հմտությունների ամրապնդմանն ուղղված հետագա դասընթացները»:

Հատկապես այդ վերջինը չէր վրիպել «Հայաստանի քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեի» անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի ուշադրությունից. «Ես բավարարված չեմ այդ զեկույցից, որովհետեւ այնտեղ, սկզբնամասում՝ նախաբան-ամփոփման մեջ, ուղղակի ծիծաղելի ձեւակերպումներ կան: Զեկույցի հեղինակները, պարզվում է, գտնում են, որ եթե որոշ «թրեյնինգներ» անցկացվեն դատավորների հետ, ապա դատական համակարգում եղած թերությունները կարելի է վերացնել: Ես հասկանում եմ, որ իրենք (նկատի ունի դիտորդներին- Ն. Մ.) իրենց ոճի մեջ են, բայց կարելի էր, այնուամենայնիվ, այնպես գրել, որ մարդիկ էլ հասկանային՝ այդ «թերությունները» ոչ թե համակարգի, այլ երկրի պրոբլեմն է, այդ պրոբլեմը երկրում իշխանությունը բռնազավթած իշխանության մեջ է: Սրանք փորձում են ակադեմիական ոճով լուծումներ առաջարկել դատական համակարգը բարեփոխելու համար: Դատական համակարգը չէ, որ պետք է բարելավել, այլ երկիրը ազատել բռնապետությունից, իսկ մնացածն արդեն ստորադաս բաներ են»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցի առնչությամբ զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով եւս հիշյալ կոմիտեի հիմնադիր անդամներից մեկն է: Իրավապաշտպանի դիտարկմամբ, դիտորդներն արձանագրել են այն իրավիճակը, որն իրականում կա մեր դատարաններում. «Այլ բան նրանք չէին էլ կարող արձանագրել, որովհետեւ որեւէ օրինական բան մեր դատարաններում չի էլ կատարվում, որ հնարավոր լիներ արձանագրել: Բայց նույնիսկ նրանք ինչ-ինչ, ամենայն հավանականությամբ՝ քաղաքական, նկատառումներից ելնելով իրենց զեկույցը հրապարակեցին ոչ այն ժամանակ, երբ զեկույցը պատրաստ էր եւ պետք է հրապարակվեր: Դա պետք է արվեր դեռ անցած տարի, աշնանը, բայց զեկույցը հրապարակեցին հիմա, ինչը այդքան մեծ արձագանք չունի: Այն արդյունքը, որ պետք է տար այդ զեկույցը, այսօր, գոնե Հայաստանի ներսում, չի տալիս: Այլ խնդիր է, որ դրսում՝ միջազգային կազմակերպություններում, զեկույցն, իհարկե, կաշխատի, կօգտագործվի համապատասխան կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա ինչ-ինչ հարցերում նաեւ որպես ճնշման միջոց»:

Իսկ ի՞նչ կփոխվեր, եթե զեկույցը հրապարակված լիներ մեկ կամ կես տարի առաջ: Իրավապաշտպանի ասելով, ամեն ինչ պետք է արվի ճիշտ ժամանակին. «Հատկապես միջազգային կազմակերպությունների արձագանքի դեպքում ոչինչ չպետք է հետաձգվի՝ այն պարզ պատճառով, որ դրա բացակայության պայմաններում դատարանների ապօրինի վճիռներով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մարդկանց ճակատագրեր կանխորոշվեցին: Ամեն ինչ ժամանակին պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ կանխել այդ ապօրինի եւ քաղաքական դատավճիռները: Իսկ արդեն այսօր այդ անազնիվ եւ անարդար դատարաններին, ըստ էության, հնարավորություն է տրվել իրենց սեւ գործն ավարտին հասցնել: Չեմ կարծում, իհարկե, թե մեկ զեկույցով հնարավոր էր կանխել կամ առավել եւս արգելել դա, բայց գոնե նրանք իրենց լուման կունենային այդ կամայականությունները զսպելու գործում»:

Ինչ վերաբերում է դատավորների համար ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ զեկույցում նշված առաջարկին, ապա՝ Վ. Հարությունյանի դիտարկմամբ, դա դեղատոմս չէ: «Ես կարծում եմ, որ այդ հարցում թրեյնինգը չի փրկի, ավելի կարեւոր է դատավորների դաստիարակությունը, աշխարհընկալումը: Եթե դատավորը առավոտյան արթնանում է ու գիտի, որ պետք է կատարի որեւէ մեկի՝ քաղաքական գործչի, պաշտոնյայի, համակարգի հրահանգը, եթե դատավորը կարծում է, որ ինքը օրենքից դուրս պետք է ծառայի իշխանությանը՝ նրա համար ինչքան թրեյնինգ ուզում ես կազմակերպի»,- ասաց իրավապաշտպանը: Այդուհանդերձ, նա կարծիք հայտնեց, թե՝ զեկույցն իր ազդեցությունն ինչ-որ տեղ կունենա նաեւ անազատության մեջ մնացած մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: «Ես վստահ եմ, որ բոլոր քաղբանտարկյալներն են դրսում հայտնվելու ե՛ւ այդ զեկույցի, ե՛ւ «դրսի», ե՛ւ «ներսի» ճնշումների արդյունքում: Ավելին, վստահ եմ, որ բոլոր նրանցից, ովքեր ազատ են արձակվելու, այս իշխանությունները դեռ ներողություն են խնդրելու»,- հայտարարեց Վարդան Հարությունյանը:

 

Լուծումը պիտի երաշխավորի հայերի անվտանգությունը
 

Վստահ է ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական «Ռոուզ Ռութ» սեմինարի առաջին օրը գրեթե ամբողջությամբ նվիրվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բոլոր ելույթ ունեցողները, որոշ հերթապահ մտքերից հետո, սահուն անցում էին կատարում Ղարաբաղի հարցին եւ այդ հարցի շուրջ խոսում էին բավականին հանգամանալից:

ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը եւս իր մոտ 15 րոպեանոց ելույթն ամբողջությամբ նվիրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասում դժվարությունների կամ մարտահրավերների առանցքն է: Տարիներ շարունակ, արդեն իմ պաշտոնի բերմամբ, որպես ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ՝ ես հետեւում եմ զարգացումներին եւ իրադարձություններին եւ պիտի մի քանի բան ասեմ հակամարտության մասին: Նախ եւ առաջ՝ լուծումը հնարավոր է: Երբեմն ասում են՝ սառեցված հակամարտություն, հակամարտությունը սառեցված չէ: Դա ապակողմնորոշող անվանում է, քանի որ հակամարտությունը դեռ կյանքի նշույլներ է ցույց տալիս: Շփման գծի եզրերին տարին 20-30 մարդ է սպանվում, նշանակում է՝ հակամարտությունը երկու երկրների համար առաջացնում է լուրջ լարվածություն եւ բեռ է: Տնտեսական ծախսեր, քաղաքական մեծ հետեւանքներ, իհարկե, լիցք եւ եռանդ է խլում պետությունից: Երիտասարդ մարդիկ պետք է համալսարանում սովորեին կամ աշխատեին եւ ոչ թե շփման եզրում՝ այս ու այն կողմում խրամատներում նստեն, որոնք ավելի վատն են, քան Առաջին համաշխարհային պատերազմի խրամատները: Կարեւոր է, որպեսզի երկու պետությունները գտնեն այս հակամարտության լուծումը: Նորից եմ ասում՝ կարծում եմ, որ հնարավոր է լուծման հանգել»: Պարոն Լենմարկերը հիշեցրեց, որ լուծումը դրսից չի գալու, ներսից պետք է գտնվի՝ երկու երկրների ներսում։ Ասաց, որ իրենք ընդամենը կարող են սատարել: Որպես սատարող՝ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին՝ վերջիններիս որակելով որպես «երեք հրացանակիրներ», եւ նրանց ավելացրեց եւ չորրորդին՝ դեսպան Կասպրչիկին: Գորան Լենմարկերի կարծիքով՝ հարցի կարգավորումը ոչ մի կերպ չի կարելի տեղափոխել միջազգային այլ հարթակներ:

ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ զեկուցողը շեշտեց, որ պիտի լինի այնպիսի լուծում, որը կերաշխավորի Հայաստանի եւ հայերի անվտանգությունը: Այս մտքից հետո պարոն Լենմարկերը հիշեցրեց մեզ մեր պատմությունը, ասելով, որ այն լի է ողբերգություններով. «Այդ պատճառով էլ հակամարտության լուծումը պիտի ապահովի հայ ժողովրդի անվտանգությունը, որպեսզի ասեն՝ այո, մենք համաձայն ենք այդ լուծմանը: Դա պետք է ադրբեջանական կողմը ընկալի. իմ խնդիրներից մեկը նաեւ դա է։ Հանդիպելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ՝ պարզապես պետք է այդ մասին իրենց հիշեցնեմ: Եվ դա պետք է լինի լուծման հիմնական տարրերից մեկը»: Գորան Լենմարկերը մեզ էլ հորդորեց հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը. «Ադրբեջանի դիրքը պարտվող լինելու զգացողությունն է, ագրեսիայի զոհը լինելու զգացողությունը, անարդարության զգացում ունեն իրենք: Իրենք պիտի զգան, որ լուծումը արդարացի է նաեւ իրենց համար: Դա պետք է այստեղ՝ Երեւանում, հասկանաք, հասկանաք, որ պետք է հաշվի առնեք նաեւ իրենց զգացումները»: Գորան Լենմարկերի կարծիքով՝ հակամարտությունը չի կարելի շահարկել ատելություն սերմանելու համար, ինչպես արվում է Ադրբեջանում. «Ինձ երբեմն մտահոգում է խնդիրը ոչ այնքան Հայաստանում, որքան Ադրբեջանում»: Վերջում պարոն Լենմարկերը կոչ արեց մեր երկրում գործող բոլոր քաղաքական ուժերին, պաշտոնյաներին, լրագրողներին օժանդակել երկրի ղեկավարությանը խաղաղության բանակցություններում. «Հայկական կողմի մոտ լուծման գնալու կամք կա, եւ ես ուրախ եմ դա ասել, դա ոչ միայն իմ տպավորությունն է, այլեւ գործընթացին հետեւող բազմաթիվ անձանց տպավորությունը»: Կարեւորեց, որ լուծումը լինի շուտով եւ ոչ թե հեռավոր կամ անգամ՝ մոտ ապագայում. «Լուծումը այսօր ապրողների համար է եւ դրանով է հրատապ, մի մոռացեք, որ մարդիկ են զոհվում եւ մոտակա ամիսներին զոհվելու են շփման գծում»:

 

ԲԱՑԱԿԱ ՎՐՁԻՆԸ
 

Գիշերը տարօրինակ երազ տեսա, եւ երազիս մեջ իբրեւ թե ես նկարիչ եմ եւ իմ կտավները տարել ու ցույց եմ տալիս Լեոնարդոյին: Ու նա ուշադիր հերթականությամբ նայելով իմ կտավները՝ խորհուրդ է տալիս, նայում ու ասում է ինձ.

- Լույսը երբեք չի վերջանում այնտեղ, երբ սկսվում է մութը կամ խավարը: Սեւն ու սպիտակը միշտ իրար հետ են, եւ չկա ոչ մի սահման, որ նրանց բաժանի իրարից, ինչպես որ բաժանման սահման չկա Աստծո եւ սատանայի միջեւ,- նա խոսում էր՝ գրեթե ուշադրություն չդարձնելով ինձ, բայց շարունակ նայելով իմ նկարներին եւ ձեռքով մորուքը շոյելով ասում էր.

- Քո սխալն այն է, որ մտածում ես, թե կտավը հարթ է, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ, եւ դրա համար էլ քո նկարած դեմքերը ծեփված են մակերեսին եւ ինձ հետ չեն խոսում: Որովհետեւ եթե նկարիչը ներկայացնում է մեկին՝ կտավը ընդամենը ֆոն է, միջոց, իսկ այդ մեկը՝ ում նկարել ես, պիտի կենդանի դուրս գա կտավից, եւ քո նկարը նայողը կտավը չպիտի տեսնի, պիտի տեսնի նրան, ում դու նկարել ես,- հետո նա վերցրեց վրձինը եւ ինչ-որ բան ուղղեց իմ նկարած կանացի դեմքին, այնուհետեւ հեռացավ՝ հեռվից նայեց, մոտեցավ. դարձյալ երկար նայեց եւ վրձինը դիրիժորի փայտիկի նման ճոճելով՝ շարունակեց,- այ, հիմա դու այս կնոջը այլեւս երբեք չես մոռանա, քանի որ դու այսու շարունակ անհանգիստ կլինես նրա բախտի եւ ոչ թե քո կտավի ճակատագրի համար... Հիշիր, որ կտավն ընդամենը միջոց է, որը քեզ հնարավորություն տվեց ճանաչելու այդ կնոջը... Ես լուռ լսում էի Վարպետին եւ երազիս մեջ ինձ բախտավոր էի համարում, որ հանդիպել եմ Նրան:

- Ձեր բախտը չբերեց, որ ապրում եք Ձկան եւ Ջրհոսի համաստեղության արանքում, թեեւ նրանք ընդամենը իրար շարունակող են,- առաջին անգամ նայելով ինձ՝ ասաց Վարպետը, եւ ես տեսա, որ նրա աչքերը կանաչ են,- դուք ամեն օր տագնապով սպասում եք փոփոխությունների եւ մոռանում եք այն, ինչը հաստատուն է...

Հեռախոսի ձայնից արթնացա: Եվ երբ տաք երազի ծվենները իմ մեջ՝ սուրճը ձեքիս, մոտեցա պատշգամբին՝ զարմանքով տեսա, որ գիշերով, մարդու աչքից թաքուն, դիմացի մայթեզրի ծիրանի ծառը ծաղկել էր...

 

Ո՞Ր ՆԺԱՐՆ Է ԱՎԵԼԻ ԾԱՆՐ
 

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ եթե կշեռքի նժարին դրվեն մի կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարի սպառնալիքները, որ եթե ԱՄՆ նախագահն օգտագործի «ցեղասպանություն» բնորոշումը, ապա կսառեցնեն մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին 1,2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրն ու հրթիռների վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաեւ կսահմանափակեն Իրանի եւ Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցությունը, իսկ մյուս կողմից՝ այն փաստարկները, որոնցով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց 252 բանաձեւի ընդունումը՝ այն անվանելով «համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն եւ կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»՝ ո՞րը կկշռի ավելի ծանր: Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան ասաց. «Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ առարկայական հարաբերություններ են: Շա՛տ բան կա դրված նժարին, եւ հետեւաբար՝ կորցնելու շատ ավելի մեծ բան կա, քան ամերիկա-հայկական հարաբերությունները: Այս կտրվածքով՝ անշուշտ, ԱՄՆ-ն շատ ավելի կարեւորում է այն, ինչ կկորցնի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ, քան թե Հայաստանի պարագայում: Սա անշուշտ չի նշանակում, թե ԱՄՆ-ն Թուրքիայի ակնկալիքները կբավարարի, միայն այդ պատճառով, քանի որ այդ նժարը շատ ավելի ծանր է: Նրանց համար հավասարապես կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչի մասին բարձրաձայնել են: Եվ ես կարծում եմ, թե Հայաստանն այնպիսի անելանելի իրավիճակում է, որ մեր երկրից ԱՄՆ-ն շատ մեծ դիմադրություն, «կապրիզներ ու ռեակցիաներ» չի սպասում: Հետեւաբար խնդիր չունեն հայկական կողմի ակնկալիքների մասին լուրջ մտածելու: Նրանք հայկական հարցերի մասին մտածում են այնքանով, որքանով դա իրենց պետք է Թուրքիայի վարքագծի վրա ազդելու համար, եւ հայկական խնդիրը հենց այդ համատեքստում էլ օգտագործում են: Չնայած մեր իշխանությունը եւ ԱՄՆ մեկնած պատվիրակությունը շա՜տ է ուզում հավատալ, թե Հայաստանի աշխատանքի շնորհքն էր, որ ընդունվեց այդ բանաձեւը»:

 

 

Ի՞ՆՉ Է EPP-Ն, ՈՒՐ ՁԳՏՈՒՄ Է ՈՂՋ ԿՈԱԼԻՑԻԱՆ
 

Նժդեհական հանրապետականներն իրենց տե՞ղն են համարում «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիքը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ի հանդիպման ժամանակ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ասել էր, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել էր, թե առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝ ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Կեսկատակ նկատենք, որ անդամակցության հայտը բավարարվելու դեպքում կոալիցիան ինքնաբերաբար դառնալու է Զարուհի Փոստանջյանի կուսակիցը, քանի որ այս պահին Հայաստանի միայն այս պատվիրակն է մաս կազմում ԵԽԽՎ-ում EPP-ի 205 հոգանոց խմբակցությանը: Ավելի՛ն՝ EPP խմբակցության փոխնախագահներն են մեր կոալիցիայի կողմից այդքա՜ն ջերմորեն սիրված ադրբեջանցի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբեյլին, թուրք պատվիրակ Էրոլ Ասլան Ջեբեջին եւ շվեդ պատվիրակ Գորան Լինդբլադը: Մինչդեռ կոալիցիայի ներկայացուցիչ մեր պատվիրակները ԵԽԽՎ-ում գերազանցապես նախընտրել են անդամակցել ALDE (Alliance of Liberals and Democrats for Europe) խմբակցությանը, եւ բացառությունը միայն Դավիթ Հարությունյանն է, որը EDG (European Democrat Group) խմբակցության անդամ է:

Համառոտ ներկայացնենք, թե այնուամենայնիվ ի՞նչ է այդ EPP-ն, ուր այդպես խմբով փորձում է մտնել կոալիցիան:

EPP-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցությունն է, հիմնադրվել է 1976-ին, կենտրոնակայանը Բրյուսելում է: Ըստ կուսակցության կայքէջի՝ EPP-ն ինքն իրեն բնորոշում է իբրեւ կենտրոնամետ-աջակողմյան կուսակցություն: EPP-ն բավական ազդեցիկ կուսակցություն է, որի անդամ են 39 երկրների 72 կուսակցություններ: Ներկայումս EPP անդամ են Եվրոպական երեք հիմնական հաստատությունների ղեկավարները. Եվրոպական հանձնաժողովի՝ հանձին Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպայի խորհրդի՝ հանձին Ֆրեդրիկ Ռեյնֆելդթի եւ Եվրոպական խորհրդարանի՝ հանձին Ջերզի Բուզեկի:

Եվրամիության 13 եւ այլ երկրների 6 ղեկավարներ նույնպես EPP անդամ են՝ Անգելա Մերկելը, Նիկոլա Սարկոզին, Սիլվիո Բերլուսկոնին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Միխեիլ Սահակաշվիլին եւ այլք: Ի դեպ, ե՛ւ Վիկտոր Յուշչենկոն, ե՛ւ Յուլյա Տիմոշենկոն նույնպես EPP անդամներ են: Իսկ Եվրախորհրդարանում EPP-ն ունի ամենամեծ խմբակցությունը՝ 265 անդամներով:

Բնականաբար՝ EPP-ն եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է եւ հանդես է գալիս հօգուտ ժողովրդավարական, թափանցիկ եւ արդյունավետ Եվրոպայի: 2009-ին հրապարակված մանիֆեստի համաձայն՝ այս կուսակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության ոլորտում ներդրումներ ու բարեփոխումներ անելու, հովանավորչությունը կանխելու կողմնակից է, նաեւ հանդես է գալիս «Եվրոպան դարձնենք կանաչ տեխնոլոգիաների շուկայում առաջատար» կարգախոսով:

EPP-ն ճանաչված է որպես տարածաշրջանային կազմակերպություն՝ երկու միջազգային կառույցների՝ Միջազգային քրիստոնյա դեմոկրատների եւ Միջազգային ժողովրդավարների միության համար: Եվ ԵԽԽՎ-ում EPP խմբակցության ղեկավարը՝ Լյուք Վան դեն Բրանդեն, այս կազմակերպությունը բնորոշել է իբրեւ «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիք»:

Վերջին տարիների ընթացքում EPP-ն ձգտում է մեծացնել իր համախոհների շրջանակը՝ ընդգրկելով գերազանցապես խոշոր պահպանողական կուսակցություններին: Ու թերեւս հենց այդ պատճառով, գոնե այս պահին, չհաջողվեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանի փորձը՝ ԵԽԽՎ-ում անդամակցել EPP խմբակցությանը. աշխատանքային խումբը տվեց բացասական եզրակացություն: Դե, ոչ մի կերպ հնարավոր չէ «Օրինաց երկրին» անվանել պահպանողական կուսակցություն: ՕԵԿ կայքէջում հրապարակված ծրագրում օգտագործված չէ որեւէ բնորոշում իրենց դավանած գաղափարախոսության վերաբերյալ, միայն նշված է՝ «Կուսակցության գաղափարախոսության եւ ուշադրության կենտրոնում մարդն է, նրա ազատությունն ու իրավունքները, ազգային էության եւ նկարագրի արժեւորումը»: Սակայն իր գործունեության ընթացքում ՕԵԿ-ն իրեն դրսեւորել է իբրեւ ձախ-կենտրոնամետ կուսակցություն:

Մինչդեռ համացանցային հանրագիտարաններում EPP-ի գաղափարախոսությունը բնորոշվում է ոչ միայն քրիստոնյա-դեմոկրատիան, այլ նաեւ ազատական պահպանողականությունը:

ՀՀԿ-ն այս չափորոշիչներից մեկին համապատասխանում է, քանի որ իր ծրագրի համաձայն՝ իրեն հռչակել է իբրեւ «ազգային պահպանողական կուսակցություն»: Սակայն վիճելի է, թե արդյոք կարելի՞ է քրիստոնյա-դեմոկրատական անվանել մի կուսակցություն, որն իր ծրագրում նշել է. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը»:

Բարդ է նաեւ ԲՀԿ պարագան, որն իր գաղափարախոսությունը բնորոշել է միայն այսպես. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է»: Թեեւ կա նաեւ նշում, որ ԲՀԿ-ն «ազգային եւ ավանդական արժեքների պահպանության կողմնակից է՝ արժեքային այդ համակարգում կարեւորելով ընտանիքը, եկեղեցին ու պետությունը»: Այս շարքում տեղ չի գտել ազատականության վերաբերյալ բնորոշումը: Եվ խորհրդարանում էլ ԲՀԿ-ն հանդես է գալիս համապատասխանաբար՝ ընդդիմանալով վարչապետի ազատական շատ նախաձեռնությունների:

Սակայն թերեւս զուր է փորձել քրքրել ծրագրերը եւ ըստ այդմ դատել՝ արդյոք մեր կոալիցիան EPP գաղափարական համախոհը լինելու պատճառո՞վ է ձգտում մաս կազմել այդ կուսակցությանը: Թերեւս նրանց ավելի գրավել է նման հզոր կուսակիցներ ունենալու հեռանկարը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

 

Շիրակ-դեսպան հեռակա երկխոսությունը
 

«Կառուցողական» լինելու պատկերացումները՝ ըստ վրացի եւ հայ գործիչների

«Կառուցողական լինել, այսինքն՝ առկա խնդիրների մասին բարձրաձայն չխոսել եւ որոշ մարդկանց նման ասել, որ հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է». երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեի՝ Մամուլի ազգային ակումբում արած հայտարարություններին այսպես արձագանքեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Իսկ դեսպանը՝ պատասխանելով Շիրակ Թորոսյանի՝ Վրաստան մուտք գործելն արգելելու մասին հարցին, հայտարարեց, որ կիսում է իր կառավարության կարծիքը, եւ որ խնդիրը լուծում կստանա, երբ Շիրակ Թորոսյանը հանդես գա «կառուցողական դիրքերից»։ Շիրակ Թորոսյանն ասում է, որ կառուցողականը վրացական կողմի համար այն է, երբ իրենք Վրաստանի եւ ջավախահայության հետ կարողանում են վարվել այնպես, ինչպես կամենում են՝ դիսկրիմինացիայի ենթարկել, հալածել, ճնշել: Մինչդեռ, իր պատկերացմամբ՝ կառուցողական լինելու համար առկա խնդիրների մասին պետք է խոսել եւ փորձեր անել համատեղ ջանքերով դրանց լուծումներ տալու: «Հայ-վրացական հարաբերությունների վատացնողը նրանք են, ովքեր ջայլամային քաղաքականություն են տանում եւ այս կեղծ բարեկամության ջատագովն ու փառաբանողն են: Իրական բարեկամության համար կնճռոտ հարցերի իրական լուծումներ են պետք, այլապես մի գեղեցիկ օր այդ ամենը պայթելու է: Անհապաղ պետք է կանխել ջավախահայության նկատմամբ հալածանքները եւ ձուլումը, ու Ջավախքը կդառնա հայ-վրացական հարաբերությունների կապող օղակ: Ապակառուցողականն իրենք են, որ կողմնակից են ոչ իրական բարեկամությանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Անդրադառնալով իր՝ Վրաստան մուտք գործելն արգելելուն էլ, նկատեց. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ինձ տեղեկություններ են հասել, թե իբր իմ գործունեությամբ ես վտանգ եմ սպառնում Վրաստանի ազգային անվտանգությանը։ Ես հույս ունեի, որ դրանք պաշտոնական ձեւակերպումներ չեն, բայց Հայաստանում Վրաստանի դեսպանը կարծես թե պաշտոնական դիրքորոշում է հայտնել եւ ասել, որ կիսում է իր կառավարության տեսակետը։ Հասկանո՞ւմ եք՝ իրենք ծաղրում են մեզ»:

Խոսելով ջավախահայության խնդիրներից, մասնավորապես, Ջավախք հայկական գրականության մուտքի արգելքին՝ դեսպանը նշել է, որ գրականության մուտքն արգելված չէ, խնդիրը վերաբերում է դասագրքերին։ Ըստ նրա, Վրաստանի տարածքում Վրաստանի բյուջեից ֆինանսավորվում է 144 հայկական դպրոց. «Ես համոզված եմ, որ եթե մարդը ցանկանում է լիարժեք մասնակցել պետական կառավարմանը, իր մայրենի լեզվի հետ միասին պետք է իմանա այն երկրի լեզուն, որտեղ ապրում է»։ Հայկական Ս.Գեւորգ եկեղեցու առիթով էլ, որը վրացական իշխանությունները խոստացել էին վերանորոգել, Գրիգոլ Տավատաձեն նշել է, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների հետ բանակցություններ են տարվել եկեղեցին վերանորոգելու վերաբերյալ. «Այդ եկեղեցին անպայման վերանորոգվելու է։ Այդ հարցը մենք քննարկել ենք նաեւ հունվարին, ստեղծվել է հայ-վրացական միջկառավարական ժողով, եւ արձանագրության մեջ գրված է, որ այն վերանորոգվելու է։ Այս փուլում, որքանով տեղյակ եմ, աշխատանք է տարվում ֆինանսական հաշվետվության վերաբերյալ»: Ի հեճուկս պաշտոնական Թբիլիսիի նման հումանիստական հայտարարությունների՝ Շիրակ Թորոսյանն իր թիմակիցների հետ միասին շարունակում է պնդել, որ Վրաստանը չի կատարում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ կապված նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՋԸ ԿՏՐԵԼ Է
 

Սակայն դա էլ չի օգնել, որպեսզի քաղաքացու հարցը լուծվի

ՀՀ իշխանությունների գործելակերպից տուժած քաղաքացիներն իրենց բողոքներին արդարացի լուծումներ չստանալով, ստիպված ծայրահեղ միջոցների են դիմում. հացադուլ կամ նստացույց են անում, ինքնահրկիզվում են եւ այլն: Երեւանի բնակիչ Վալենտինա Զաքարյանն էլ, սպառելով բոլոր իրավասու մարմիններին դիմելու իր փորձերը, ստիպված է եղել ժամերով սպասել հանրապետության նախագահին ու նրա ծառայողական մեքենայի առաջը կտրելով՝ փորձել է իր նամակն անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքը հանձնել: Տիկին Վալենտինայի պատմելով, ճիշտ է, նախագահը չի լսել կնոջը, բայց աշխատակազմին հրահանգել է զբաղվել նրա խնդրով: Այս հանգամանքը Վ. Զաքարյանին փոքր-ինչ հույս է ներշնչել, որ վերջապես իրեն կլսեն եւ արդարությունը կվերականգնվի, սակայն նախագահականի աջակցությունը եղել է այն, որ տիկնոջ դիմումը մակագրվել է Երեւանի քաղաքապետարանին, այսինքն՝ այն հիմնարկին, որից տիկին Վալենտինան արդեն մի քանի տարի բողոքում է:

Ըստ Վ. Զաքարյանի, քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչերին նոր բնակարաններ տրամադրելու գործընթացը մի շարք չարաշահումներով է իրականացնում: Կառավարության 682 որոշման համաձայն, վթարայինում բնակվողներին տրամադրվում է մեկ այլ բնակարան՝ նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան ՀՀ բնակարանային օրենսդրության նորմերն են: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին վթարայինում զբաղեցրել է 3 սենյակ, ապա, որպես փոխհատուցում, նրան պետք է նոր շենքում հատկացվի կրկին 3 սենյակ, անկախ բնակվող անձերի թվից: Սակայն քաղաքապետարանը, հաշվի չառնելով կառավարության որոշումը, բազմաթիվ քաղաքացիների, որոնք զբաղեցրել են 3 սենյակ, տրամադրել է ընդամենը 1 սենյակ, իսկ նրանք, որոնք ընդամենը 1 սենյակ են ունեցել, քաղաքապետարանը տրամադրել է 2 կամ 3 սենյակ: Քաղաքապետարանը Ֆուչիկի թիվ 10 վթարային շենքի բնակիչ Վ. Զաքարյանին բնակարան է տրամադրել՝ 3 սենյակի փոխարեն՝ 1 սենյակ:

Ըստ տիկնոջ, քանի որ քաղաքապետարանը կառավարության որոշումը հաշվի չի առնում՝ ինքը հրաժարվել է պայմանագիր կնքել. «Վթարայինից մեզ այնպես վռնդեցին, կարծես հանցագործներ լինեինք: Մինչեւ հիմա բնակվում ենք ծանոթ-բարեկամների տանը: Իմ 3 սենյակի փոխարեն՝ 1 սենյակ են տրամադրում, պատճառաբանելով՝ իբր որդիս մի քանի տարի Հայաստանում չի եղել, բայց փաստացի գրանցված է եղել Ֆուչիկի 10 հասցեում: Ախր կառավարության որոշման մեջ ոչ մի նման բան չկա գրված: Քաղաքապետարանը ինչ ուզում՝ անում է: Պատճառաբանում են, իբր սա ոչ թե տեղափոխում է, այլ նոր բաշխում»:

Վ. Զաքարյանի մի շարք դիմումներին ի պատասխան, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը պատասխանել է, որ տիկնոջը 3 սենյակի դիմաց տրամադրվում է 1 սենյակ: Ուշագրավն այն է, որ նախկին քաղաքապետը նման պատասխան է տվել, հիմք ընդունելով կառավարության 682 որոշումը, որտեղ նշված է, որ զբաղեցրած սենյակների քանակին համապատասխան սենյակներ պետք է տրվեն: Այս պատասխանից դժգոհ, տիկինը կրկին դիմել է քաղաքապետարան ու հենց մուտքի մոտ հանդիպելով Երվանդ Զախարյանին, փորձել է իր բողոքը ներկայացնել: Պարոն Զախարյանը խոստացել է դիմումին ծանոթանալ եւ զբաղվել, սակայն 1 ամիս հետո Ե. Զախարյանը պաշտոնից հեռանում է՝ վթարայինի բնակիչների բողոքները «սառույցին գրելով»:

«Առավոտը» (04.08.2009) «3 սենյակի դիմաց՝ 1 սենյակ» հրապարակմամբ անդրադարձել էր Շինարարների թիվ 14 շենքի խնդրին: «Առավոտի» (04.07.08) «Մաղարիչո՞վ են բաշխել» հրապարակման մեջ էլ նախկին քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը վստահեցրել էր, որ վթարային շենքի վերաբնակեցումը պետք է կատարվի ըստ 2000 թվականի թիվ 682 որոշման: Դեռեւս նախորդ տարի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր անդրադառնալ վթարային շենքերի փոխհատուցման խնդրին («Առավոտ», 04.08.2009): Սակայն վերջերս մեզ կրկին դիմել էին Շինարարների թիվ 14 եւ Ֆուչիկի թիվ 10 վթարային շենքերի բնակիչները: Նրանց խոսքերով՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց խոստումը չեն կատարել եւ մինչ օրս ոչ մի պատասխան չեն տվել բնակիչների դիմումներին: Բնակիչների վերջին հույսը ՀՀ վարչապետն է, ուստի նրան էլ են նամակ ուղարկել: Վթարայինի բնակիչների պատմելով՝ ժամանակին Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ընդունվեց 682 որոշումը, որն այնպես է կազմված, որ չինովնիկները ոչ մի խախտում չկարողանան կատարել, բայց, միեւնույն է, բացահայտ խախտումներ են անում ու ոչ էլ պատասխանատվության են ենթարկվում:

 

Գյուղապետերն ընդդեմ կառավարության
 

Անիի տարծաշրջանի 22 000 ազգաբնակչությանը զրկում են միակ հիվանդանոցից

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության N1052 որոշման համաձայն, մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը նախատեսված է փակել Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը, որը 70 տարի սպասարկում է 17 համայնքի ազգաբնակչությանը: Այն գտնվում է Գյումրի-Երեւան մայրուղու վրա ու հատկապես ծառայում է ավտոպատահարներից տուժածներին: Հիվանդանոցից ստացած տվյալների համաձայն, միայն անցած տարի իրենց հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 57 մարդու կյանք: Այս տարին էլ դեռ չսկսված՝ 8 այդպիսի դեպք է գրանցվել: Թե ո՞րն է հիվանդանոցը փակելու պատճառը, այս մասին բուժանձնակազմի ու պաշտոնյաների ներկայացրած պատճառաբանությունները խիստ տարբեր են:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պարզաբանում է. «Մենք այնտեղ օպտիմալացում ենք անցկացրել, երկար ժամանակ ուսումնասիրելով, քանի որ հիմնարկը չի կարողանում ինքն իրեն ֆինանսավորել, պարտքեր են գոյանում: Դրա համար ուսումնասիրությունից եւ մարզի ու հիվանդանոցի ղեկավարության հետ քննարկելուց հետո որոշվեց օպտիմալացնել: Եթե դուք ասում եք՝ ճանապարհի վրա գտնվող հիվանդանոց է եւ պատահարներ են լինում, ապա մենք իրենց նոր շտապօգնության մեքենա ենք տրամադրել, որպեսզի, եթե կարիք լինի, տեղափոխենք Գյումրիի կենտրոնական հիվանդանոց»: Սակայն նախարարի այս խոսքերի հետ համաձայն չէ բուժանձնակազմը, ըստ նրանց, սա հապշտապ որոշում է, որը կատարվել է առանց լուրջ ուսումնասիրության. ավելին, հիվանդանոցը փակելու գործում կա շահագրգռված պաշտոնյա: Հիվանդանոցի վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ այս հիվանդանոցի մահճակալների թիվը դիտավորյալ են կրճատել, որպեսզի իրենք չկարողանան ֆինանսական հարցերից գլուխ հանել՝ այսպիսով փակուղու մեջ դնելով ստացիոնար բաժանմունքի գործունեությունը: «1 մահճակալի համար հատկացվող գումարը 95 800 դրամ է, իրենք փող չտալու համար 3 հիվանդին խցկում են մի մահճակալի մեջ: Եթե մենք անգամ հազար տոկոսով աշխատենք, մինչեւ պետական հոգածություն չլինի, այս պահին չենք կարողանա գլուխ հանել: Մենք 4 միլիոն պարտք ունենք, բայց դա մի էական գումար չէ հսկա հիվանդանոց փակելու համար: Եթե ցանկություն լինի, անպայման այս բուժհաստատությունը ոտքի կհանեն: Բայց ես կարծում եմ, որ սա կազմակերպված գործ է: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը արդեն իսկ հայտնել է, որ ապրիլի 1-ից հիվանդանոցը կփակվի, ու այս հարցը այլեւս քննարկման ենթակա չէ: Մենք, իհարկե, նամակներ ենք հղել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանին»,- ասաց վիրաբույժը: 17 համայնքապետ բողոք-նամակ էր հղել վարչապետին, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը հայտնեց, որ իրենք վարչապետից խնդրել են վերանայել կառավարության որոշումը ու միջամտել՝ հարցին ճիշտ լուծում տալու: «Վերջապես խոսքը 22 հազար ազգաբնակչության մասին է, մեր ժողովուրդը տագնապի մեջ է, գրեթե ամեն օր ես արձագանքներ եմ լսում այս թեմայով: Բացի այդ, խոսքը այն բուժհաստատության մասին է, որ փրկում է ավտովթարներից տուժած մարդկանց, որոնց կյանքը մազից է կախված: Եվ եթե նկատի ունենանք, որ այս ճանապարհը դառնալու է համամիութենական, այստեղով անցնելու է Բաթում-Թեհրան ուղին, այն արագ երթեւեկելի ճանապարհ է լինելու, որից օգտվելու են տարբեր պետություններ, ապա ճանապարհի վրա գտնվող հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը փակելն անիմաստ Է դառնում»,- ասաց Ա. Գեւորգյանը: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ գործնական քայլեր են պատրաստվում անել համայնքապետերը, գուցե բյուջեից գումար հատկացնեն ու հիվանդանոցի 4 միլիոն պարտքը փակե՞ն: Քաղաքապետը փոխանցեց, որ իրենք սպասում են կառավարության արձագանքին, եթե այն դրական լինի, իրենք ամեն ինչով օժանադակելու են եւ այդպիսի ներդրում կատարելու մտադրություն իրոք ունեն:

Ըստ քաղաքապետի, հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքն այս պահին այնքան էլ վնասով չի աշխատում, ինչը նշանակում է՝ կառավարության որոշումը պետք է վերանայել. «Եթե վնասով են աշխատել, դրա համար հազար ու մի պատճառ կա, բայց միայն այն փաստը, որ հիվանդանոցը վերազինված չէ տեխնիկայով, սա կարող է լուրջ պատճառ լինել: Հիվանդանոցը երկար տարիներ մի նորմալ շտապօգնության մեքենա չուներ, հիմա նորը ստացել են ու կարող են ծանր հիվանդներին իրենք սպասարկել»: Գյումրիի հեղինակավոր բժիշկներն էլ կառավարությանն ընդամենը հիշեցնում են, որ երկրաշարժի ժամանակ Մարալիկի հիվանդանոցը ամենածանրաբեռնվածն էր. Գյումրիում հիվանդանոց չէր մնացել, իսկ հազարավոր մարդկանց կյանք հաջողվում էր փրկել միայն այս հիվանդանոցում:

 

ՀԱՂԹԵՑ «ՄՐԳԱՁՈՐԸ»
 

Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովը ամփոփել է այս տարվա փետրվարի 26-ին կայացած Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան՝ թափուր երթուղագծերի մրցույթի արդյունքները:

Առաջին 2 եւ Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան, ինչպես նաեւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիներն այսուհետեւ սպասարկելու է «Մրգաձոր» ընկերությունը, ապահովելով բարձր գնահատականներ: Մրցույթին մասնակցող «Ֆրանս պարկ» ընկերությանը չի ներկայացվել հիմնական տրանսպորտային միջոցը, չնայած նրան, որ կրկին բարձր գնահատականներ է ստացել մեքենաների համար: Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել նոր առաջարկներ ստանալ ընկերության կողմից: Իսկ Կապան-Երեւան-Կապան երթուղին տրամադրվել է «Լավ ընկեր» ընկերությանը:

«Չեմ կարող դատել, իսկապես արդա՞ր էր մրցույթը, թե՝ ոչ, սակայն կարծում եմ, որ Մեղրի-Ագարակ երթուղու համար մեր ներկայացրած գոնե մեկ ավտոբուսը պետք է հաղթեր, քանի որ այն նոր էր, մեր առաջարկած գինն էլ մատչելի էր՝ 5000 դրամ»,- մեր խնդրանքով մեկնաբանելով մրցույթի ամփոփումը, նման կարծիք հայտնեց «Ֆրանս պարկ» ընկերության գործադիր տնօրեն Աննա Անտոնյանը:

Մենք մրցութային հանձնաժողովում ընդգրկված Գագիկ Սարոյանից հետաքրքրվեցինք, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն կարծիքը, որ իրենք փորձել են «Մրգաձոր» ընկերության գնահատականները իջեցնել, որպեսզի երթուղագծերը տրամադրվեն «Լավ ընկերին», նա պատասխանց. «Որտեղի՞ց իմացան գնահատականները, որ հետո էլ մենք դրանք իջեցրինք: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»: Նշենք, որ այս մասին օրերս տեղեկատվություն էր տարածել լրատվամիջոցներից մեկը՝ նշելով նաեւ, որ «Լավ ընկերի» հովանավորը նախագահական ապարատից է:

Հիշեցնենք, որ մրցույթն անց էր կացվել Հյուսիսային ավտոկայանում եւ «Ֆրանս պարկ» ու «Մրգաձոր» ընկերությունները իրար մեղադրում էին մրցույթի պահանջները չբավարարելու մեջ: «Ֆրանս պարկի» գործադիր տնօրեն Աննա Անտոնյանը հավաստիացնում էր, որ «Մրգաձորը» մրցույթին ներկայացրել է ուրիշ ընկերության պատկանող մեքենաներ:

 

 

ԾԵՐԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
 

Մարտի 1-ից մեկնարկել է «Կարմիր խաչ» ընկերության նախաձեռնած «Նրանք սպասում են մեզ» կարգախոսով քարոզարշավը: Այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել հանրակացարաններում բնակվող միայնակ ծերերի սոցիալական, առողջական եւ հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավի ընթացքում կիրականացվի իրազեկում եւ դրամահավաք: Հավաքագրված միջոցներով կօգնեն առավել կարիքավոր սոցիալական խմբերին: Panorama.am-ը, հղում անելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներին, հայտնում է, որ Հայաստանում գրանցված 500 000 տարեցներից 50 000-ը միայնակ ծերեր են, որոնց զգալի մասը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ գոյությունը պաշտպանելով կառավարությունից ստացված կենսաթոշակով:

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՑՈՒՑԱԿ ԵՎ 31 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
 

Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել

Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են կիրառական արվեստ, կավագործություն՝ ըստ նախասիրության, յուրաքանչյուր աշակերտ սովորում է անհատական դասացուցակով: Դասասենյակներն էլ ոչ սովորական են, օրինակ՝ կան այնպիսիք, որտեղ պատի մի հատվածը սովորականից փափուկ է, որպեսզի ուսուցիչը քորոցներով բանաձեւեր փակցնի պատին, քանի որ կավիճ ասվածը բացակայում է ամերիկյան դպրոցում: Դասասենյակներ էլ կան, որ հատակի մի մասը փայտյա է՝ նստարաններ դնելու համար, իսկ հատակի մյուս կեսը փափուկ գորգով է պատված, որպեսզի երեխաները ծալապատիկ նստած դաս սովորեն: Տեխնիկական բազայի հագեցվածության մասին խոսելիս տիկին Հովհաննիսյանը մի լավ հոգոց հանեց՝ երեւի հիշելով, թե ՀՀ-ի դպրոցները քանի անգամ են ետ մնում ամերիկյաններից. «Ավագ դպրոցները գերհագեցած էին տեխնիկական բազայով, վերանորոգված, յուրաքանչյուր երեխա ուներ իր համակարգիչը...»:

Ըստ զրուցակցիս՝ ԱՄՆ-ում դասագրքերի նկաnտմամբ քննադատությունն այնքան խիստ չէ, որքան ՀՀ-ում. «Այնտեղ կան նաեւ այլընտրանքային դասագրքեր, նահանգներ կան, որ անցել էին էլեկտրոնային դասագրքերի: Վճարումն անում է դպրոցը, եւ երեխաներն անվճար օգտվում են էլեկտրոնային դասագրքերից: Դասագիրք կոչվածն այդքան չէր քննարկվում, որովհետեւ այն գիտելիքի միակ աղբյուրը չէր, ունեին հրաշալի գրադարաններ, որոնցից երեխաներն օգտվում էին»: Բուհամոլության բարդույթն էլ է ԱՄՆ-ում հաղթահարված: Ըստ Ն. Հովհաննիսյանի. «ԱՄՆ-ում անպայման բուհ ընդունվելու խնդիր չկա: Երեխան գիտակցում է, որ գուցե չկարողանա հաղթարահել բուհի ծրագիրը, ուստի կամովին գնում է արհեստագործական դպրոց, օրինակ՝ սովորում վարսավիրություն, ուսումնառության երկրորդ տարվանից էլ աշխատում է՝ համեմատաբար ցածր գներով, կուտակված գումարից էլ հատկացնում նաեւ դպրոցին»:

Ծնողական ժողով ասվածը ԱՄՆ-ի դպրոցների մեծամասնության համար խորթ երեւույթ է, քանի որ ծնողի հետ կապն այնտեղ համակարգչային հատուկ ծրագրով է իրականացվում: Ն. Հովհաննիսյանը մանրամասնեց. «Ծրագրի միջոցով ծնողն ամենօրյա կապի մեջ է դպրոցի հետ. հետեւում է երեխայի գնահատականներին, հաճախումներին: Դասամատյանն էլ զուտ հաշվառման տետր է: ԱՄՆ-ի դպրոցների, ծնողների եւ աշակերտների համար ամենակարեւոր անձը դպրոցի տեսուչն է՝ իրենց վերահսկող: Դպրոցները ստուգվում են թեստերի միջոցով, ինչի արդյունքում ձեւավորվում են դպրոցների վարկանիշային ցուցիչները»:

Պարզվում է՝ ԱՄՆ-ն էլ ունի կրթական հիմնախնդիրներ: Զրուցակիցս նշեց. «Նույնիսկ նախագահ Օբաման վերջերս խոսել էր այն մասին, թե լուրջ հիմնախնդիր է այն, որ հիմնական դպրոց ավարտած երեխաների 50%-ն ավագ դպրոց չի ավարտում»: Ֆինանսավորման հարցերում զրուցակիցներս չէին էլ փորձում համեմատվել ԱՄՆ-ի հետ, քանի որ տարբերությունները հսկայական են: Օրինակ, եթե ՀՀ-ում մեկ աշակերտի համար պետությունը տարեկան հատկացնում է շուրջ 150 000 դրամ (մոտ $400), ապա ԱՄՆ-ում՝ $8000, այսինքն՝ 20 անգամ ավելի: Կամ՝ Վերմոնտ նահանգի ավագ դպրոցը, որը համեմատաբար աղքատ է եւ հաճախում են հիմնականում փախստական ընտանիքների երեխաները, տարեկան ունի $31 միլիոնի բյուջե:

Ա. Թորոսյանն էլ նշեց, որ ամերիկյան դպրոցներում կան մասնագիտական կողմնորոշման «գծով» մասնագետներ, վերապատրաստման կառույցներ: Նաեւ հավելեց. «Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում արտոնությունները վերաբերում են բոլոր ավագ դպրոցներին: Իսկ ՀՀ-ում ուսումնական հաստատություններ կան, որոնք ունեն տարբեր բուհերի հետ կնքած պայմանագրեր, ինչի համաձայն՝ նրանց աշակերտների մի մասը կարող է անցնել այդ բուհ որոշակի արտոնությամբ, որը անհավասար պայմաններ է առաջացնում, եւ աշակերտները ձգտում են գնալ նման ուսումնական հաստատություններ սովորելու: Այդ հաստատությունները նաեւ խաբում են աշակերտներին՝ չզգուշացնելով, որ արտոնությունը չի վերաբերում բոլորին: Ներկայումս նաեւ խոսակցություններ կան, որ բուհերը նախաձեռնում են ստեղծել ավագ դպրոցներ, որոնք անմիջապես համագործակցելու են բուհի հետ: Դա նշանակում է՝ էապես թուլացնել առանց իրավունքների ավագ դպրոցներին»:

Ըստ Ա. Թորոսյանի՝ ամերիկյան դպրոցից պիտի վեցնենք, օրինակ, այն, որ ուսուցիչը օրենքի առաջ պատասխանատու է իր տված «արտադրանքի», ծնողը՝ սեփական երեխայի ուսման համար: Վերապատրաստումն էլ ՀՀ-ում կազմակերպվածների նման «գալոչկայի» համար չի արվում. վերապատրաստող մասնագետը ուսուցչի հետեւից գնում է դպրոց, ուսումնասիրում, թե որքանով է նա յուրացրել նյութերը, այնուհետեւ եզրակացություններ անում: Ամերիկյան կրթական ախտերից է ոչ միասնական համակարգը, քանի որ յուրաքանչյուր նահանգ ունի իր ուսպլանը, գնահատման համակարգը, ինչից ներկայումս ուզում են ազատվել:

Ամերիկյան ուղեւորության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ օն-լայն դասընթացներ իրականացնել ԱՄՆ տարբեր նահանգների դպրոցների հետ:

 

ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու հատուկ ներկայացուցիչը՝ ԵՊՀ-ում
 

Նրանք հուսով են, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծում կունենա

«Հայաստանը հարավկովկասյան երկրների մեջ ունի լավ հեռանկարներ, բայց ունի ձեզ քաջատեղյակ որոշ խնդիրներ: Դուք այն արտոնյալ սերունդն եք, որ մեծացել եք անկախ Հայաստանում: Սա ոչ միայն արտոնություն է, այլեւ պարտավորություն»,- երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Խոսելով ԼՂ հակամարտության մասին, Լենմարկերը նշեց, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին ֆուտբոլային խաղով սկսված գործընթացը պետք է մոտենա իր տրամաբանական ավարտին. «ԵԱՀԿ շրջանակներում քննարկվող այդ խնդիրը պետք է արագ լուծում ունենա... Հիշեք՝ անընդհատ մարդիկ են մահանում շփման գծում, ձեր տարիքի երիտասարդներ են սպանվում հակամարտության պատճառով, մեծ գումար, քաղաքական ներուժ է ծախսվում այդ խնդրի վրա: Մինչդեռ շփման գծում գտնվող շատ երիտասարդներ կարող էին լինել այստեղ եւ սովորել համալսարանում: Ե՛վ հայ, ե՛ւ թուրք խորհրդարանական գործընկերներին հորդորում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վավերացնեն արձանագրությունները»: Պարոն Լենմարկերը հույս հայտնեց, որ հարցը խաղաղ լուծում կստանա, ինչի համար անհրաժեշտ է, որ լինի համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը ընդունելի կլինի Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ու ժողովուրդների համար. «Ընդ որում, այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որ հարգի Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»:

Մի ուսանող Գ. Լենմարկերին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշին խնդրեց մեկնաբանել վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ պատերազմ սկսելու մասին: Ժ. Սուարեշը նշեց, որ այդ հարցին ավելի լավ կպատասխանի պարոն Լենմարկերը, ապա հավելեց. «Մենք միշտ շփումներ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների հետ: Երկու կողմերն էլ քաղաքավարի եւ զուսպ են եղել իրենց շփումներում, մենք ստեղծել ենք այդ մթնոլորտը Խորհրդարանական վեհաժողովում»: Գ. Լենմարկերն էլ հայտնեց. «Ժողովրդավար երկրներում պատերազմ չի լինում, պետք է լինի հարցի խաղաղ լուծում, ռազմական հայտարարությունները, հռետորաբանությունը երբեք օգտակար չեն: Գիտեմ, որ դուք մտահոգ եք: Սա ասում եմ Երեւանում եւ այդ մասին կխոսեմ նաեւ Բաքվում»:

Հայաստանի՝ իբրեւ եվրոպական երկիր լինելու մասին էլ պարոն Լենմարկերն ասաց, որ միայն աշխարհագրորեն չի որոշվում Եվրոպա լինելը, մանավանդ՝ հայերը շվեդներից 700 տարի առաջ են քրիստոնեություն ընդունել. «Դուք անկախ երկիր եք, մենք չենք որոշողը, թե դեպի ուր եք ուզում գնալ: Եթե ցանկանաք, ձեզ կողջունեն եվրոպական ընտանիքում: Բայց մյուս կողմից էլ՝ դա այդքան էլ հեշտ չէ, դեռ շատ պահանջներ պետք է կատարվեն: Փոփոխություններ պետք է լինեն ձեր հասարակության մեջ, կայանա իրական ժողովրդավարությունը, հարգվեն մարդու իրավունքները: Մենք էլ կաջակցենք ու կօժանդակենք, որ դուք բարեփոխեք ձեր հասարակությունը»:

 

 

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ուսանողների հետ անմիջական շփման ձեւաչափով հանդիպումները շարունակվում են: Ընկերության կառավարման մշակույթին այս անգամ էլ ծանոթացել են ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողները:

«Մեր առաքելությունը դրսեւորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի եւ շարունակական կատարելագործման շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար դա դեռ վերջնական նպատակ չէ: Առաջատար լինելը ենթադրում է բաժանորդի եւ հասարակության հանդեպ պատասխանատվության դրսեւորում: Բիզնեսում, ինչպես եւ սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը: Մենք զբաղեցրել եւ պահպանում ենք տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի դիրքը՝ որակի շարունակական կատարելագործման, ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման հարցում նորարարությունների կիրառման շնորհիվ»,- հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գլխավոր տնօրենն ապագա ոստիկաններին օրերս ներկայացրել է ընկերության գործունեության եւ հաճախորդների սպասարկման մշակույթի հիմնական սկզբունքները: Հանդիպման արդյունքում ուսանողներն արձանագրել են, որ կառավարման կարեւոր հմտություններից են ժամանակի ճիշտ եւ օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը:

 

ԿՈՐԵԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
 

ՀՊՖՆ-ն կմեկնի նաեւ Կորեա


Էդուարդ Թոփչյանը (աջից)՝ Սոնյա Շտայնդըլի եւ երիտասարդ երաժիշտների հետ:

«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կայանալիք համերգին հայաստանցի ունկնդրին առաջին անգամ կներկայանան կորեացի երիտասարդ արվեստագետներ, դաշնակահարուհի Հյո-Ջու Լին եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքը: «Առավոտին» հետաքրքրեց երաժիշտների հետ ժամանած պրոդյուսերական գործակալության ներկայացուցիչ Սոնյա Շտայնդըլի ներկայությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա օգոստոսին արեւմուտքում հայտնի անուն, պրոդյուսերական գործակալության տնօրեն Սոնդ- Դիոնգ Կվոնի հրավերով ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ղեկավարեց Կորեայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, որից հետո մեզանում սկսվեց շրջանառվել այն խոսակցությունը, թե 2010-ին էլ սպասվում են ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Հարավային Կորեայում:

Մեզ հետ զրույցում տիկին Ս. Շտայնդըլը թեեւ չթաքցրեց Հայաստան ժամանելու նպատակը, սակայն զգուշորեն ասաց, որ իրենց գործակալությանը հետաքրքրել է ՀՊՖՆ-ն այն բանից հետո, երբ ժամանակին շփվել են ազգությամբ հայ առաջին դիրիժորի՝ Էդ. Թոփչյանի հետ: Մեր նվագախմբի եւ իրենց առաջիկա ծրագրերի մասին էլ հայտնեց, որ իրենք տարվա ընթացքում համագործակցում են, նաեւ կազմակերպում համերգային հյուրախաղեր՝ շուրջ 200 սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

ՀՊՖՆ-ի՝ Հարավային Կորեա կայանալիք հյուրախաղերի մասին հաջողվեց տեղեկատվություն կորզել դիրիժոր Էդ. Թոփչյանից. «Բնականաբար, մեր նվագախմբի հանդեպ հետաքրքրությունն է Հայաստան բերել կորեացի գործակալին, որի գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է աշխարհը»: Հավելեց նաեւ, որ 2011թ. նոյեմբերին Ճապոնիայում կայանալիք ՀՊՖՆ-ի համերգներից հետո կորեացիները մտադիր են նվագախմբի համերգները շարունակել իրենց երկրում:

Կարճատեւ զրույց ունեցանք նաեւ դաշնակահարուհի Հյո-Ջու Լիի եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքի հետ: Հարցին՝ այդ ի՞նչ ծրագրով է Հարավային Կորեայում պրոպագանդվում դասական երաժշտությունը, որ այսօր նրանք «գրավել» են աշխարհի լավագույն բեմերը, դաշնակահարուհին դժվարացավ պատասխանել, արդարանալով, թե ինքը 15 տարեկանից ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում: Միայն նշեց, որ Եվրոպան հետաքրքրված է դասական արվեստով, մասնավորապես՝ երաժշտությամբ եւ տարբեր երկրների մշակույթը կառավարող ոլորտներում լավ իմաստով աժիոտաժ է բարձրակարգ արվեստի հանդեպ: Դիրիժոր Յունգ-Մին Փարքն էլ փաստեց, որ հարավկորեական ընտանիքների մեծամասնությունը երաժշտական կրթությունը համարում է պարտադիր: Հենց նման համատարած ուշադրության ու սիրո արդյունքում է, որ ի հայտ են գալիս շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդներ: Այդ դեպքում ինչո՞ւ են կորեացի երաժիշտներից շատերը նախընտրում ապրել եւ ստեղծագործել արեւմուտքում, մեր հարցին ի պատասխան՝ զրուցակիցներս հավաստիացրին, որ այսօր իրենց երկրում նախ մեծ է մրցակցությունը, հետո էլ կեսկատակ-կեսլուրջ հավելեցին, թե դժվար է պատկերացնել հազարավոր բարձրակարգ երաժիշտներ ապրեն ու ստեղծագործեն մի երկրում:

Զրույցից պարզվեց, որ երաժիշտները չեն ճանաչում ոչ մի հայ կոմպոզիտորի, իսկ դիրիժորն էլ զարմացավ՝ մեզնից տեղեկանալով, որ Արամ Խաչատրյանը հայ է:

 

Թուրքիան ու Ադրբեջանը չեն փոխվել
 

Համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունումը մեկ անգամ եւս փաստում է, որ Միացյալ Նահանգներում գիտական եւ պետական մակարդակով ոչ ոք չի կասկածում, թե իսկապես եղել է Հայոց ցեղասպանություն: Երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մասնավորապես ընդգծելով. «Իսկ որ խնդիրը չի մտնում Կոնգրեսի լիագումար նիստի քննարկման օրակարգ, մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այստեղ քաղաքական շահն ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունն ու պատմական ճշմարտությունը: Ինչ-որ իմաստով, բումերանգի նման, այս հանգամանքը հարվածում է նաեւ ԱՄՆ-ի հեղինակությանը՝ որպես միջազգային ասպարեզում ժողովրդավարության միջնաբերդ: Բանաձեւի՝ Կոնգրեսի լիագումար նիստ մուտք գործելու փոքր հավանականություն եմ տեսնում... Նույնիսկ, եթե մուտք գործի, քվեարկությունը կլինի բացասական»: Պատմաբանի համոզմամբ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձեւի ընդունումը նախապես մշակված սցենար էր, որով ԱՄՆ-ը պարզապես նպատակ ուներ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում վերջնագիր ներկայացնել Թուրքիային:

Պարոն Մեքոնյանի կարծիքով, բանաձեւի ընդունումը դրական էր քարոզչական առումով, իսկ ճանաչման առումով որեւէ առաջընթաց չունեցանք. «Մենք պետք է նահանջենք ճանաչումից, այն արդեն իրողություն է ու պարզապես գործիք ուրիշների ձեռքին՝ իրենց խնդիրները Թուրքիայի հետ կարգավորելու համար»: Նա ափսոսում է, որ, այդուհանդերձ, պետական մակարդակով շարունակվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը. «Ճանաչումն արդեն վաղուց պատմության գիրկն է անցել: Պետք է խոսել՝ քաղաքակիրթ լեզվով ասած, ցեղասպանության հետեւանքների վերացման, իսկ շատ ավելի հստակ՝ հատուցման մասին: Հատուցման մասին չխոսելը նշանակում է՝ ցեղասպանվածի բարդույթը հաղթահարելու հնարավորություն չունենք եւ ճիշտ ուղու վրա չենք»: Բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի պահվածքին անդրադառնալով՝ պատմաբանը նշեց. «Թուրքիան քանիերորդ անգամ ապացուցեց, որ դեռ շարունակում է գործել 500-ամյա Օսմանյան կայսրության ինքնության դիրքերից, այսինքն՝ թուրքը մշտապես իր ճշմարտությունը հաստատել է ուժի դիրքերից եւ բավական էր բանաձեւի հաստատումը, որ թուրք դիվանագետները՝ կոստյումներով եւ փողկապներով, փոխեին իրենց իրական պատկերը եւ խոսեին Օսմանյան կայսրության լեզվով՝ ապառնալիքներ հնչեցնեին, թե տեսեք՝ ինչ տեղի կունենա սրանից հետո: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հետ կանչելը պարզապես նախապայման էր ԱՄՆ-ի առջեւ»:

Ա. Մելքոնյանը անդրադարձավ նաեւ վերջերս Կրեմլի պաշտոնական կայքէջում՝ kreml.org, տեղադրված մի գրքի: Աշխատության ռուս հեղինակները փորձել են գնահատել՝ որքանո՞վ է պատմությունը գիտական կամ խեղաթյուրված. «Գրքում նշված է, թե, բացառությամբ Հայաստանի եւ Բելառուսի, մնացած բոլոր հետխորհրդային երկրների դասագրքերի պատմությունը խեղաթյուրված է: Հարկ է նկատել, որ գրքում ռուսները ծաղրել են ադրբեջանցի մասնագետներին՝ շումերներին, աքադացիներին ադրբեջանցի համարելու համար: Ամենախայտառակ բանը. պարզվում է, ըստ ադրբեջանցի պատմաբանների՝ աշխարհում առաջին ադրբեջանցին ձեւավորվել է Արեւմտյան Ադրբեջանում, որի դիմաց փակագծում գրված է՝ ներկայիս Հայաստան, եւ իբր 1918թ. մայիսի 29-ին ինչ-որ անձինք դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ նշելով, որ նորանկախ Հայաստանը չունի մայրաքաղաք, խնդրում ենք ադրբեջանական Երեւան քաղաքը տրամադրել մեզ որպես մայրաքաղաք»:

 

Հայ-ադրբեջանական ֆիլմ
 

«Իմ թշնամին՝ իմ ընկերը» ֆիլմը հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքն է, որը «Կինոերկխոսություններ» ծրագրի 2-րդ շարքի վավերագրական ֆիլմերի շրջանակում երեկ առաջին անգամ հանձնվեց հայ հանդիսատեսի դատին: Ֆիլմը պատերազմի հետեւանքների, ռազմագերիների ու նրանց փոխանակմամբ զբաղվող մարդկանց մասին է: Նրանց միջոցով փոխանակվել է ավելի քան 500 գերի: Ֆիլմի գլխավոր մեսիջը, ըստ Ծրագրի համակարգող Հարություն Մանսուրյանի, մարդկանց հասկացնելն է, որ խաղաղությունը հաստատվելու է ոչ թե ստորագրությամբ, որը դրվելու է թղթի տակ, այլ մարդկանց ուղեղներում, ու այլ կերպ հնարավոր չէ: Պարոն Մանսուրյանի խոսքով, ֆիլմը օրեր առաջ ցուցադրվել է Արցախում, այսօր՝ Թբիլիսիում, իսկ Ադրբեջանում ցուցադրությունը նախատեսվում է մոտ տասը օրից. «Արձագանքները տարբեր են, իհարկե, կան տեսակետներ, թե նման ակցիաներով ոչինչ չի փոխվի: Այս ֆիլմերում հեղինակները փորձել են մարդկային պատմություններում հասկացնել, թե ինչ մեծ դժբախտություն է պատերազմը»:

«Երկխոսություն տեսախցիկի միջոցով» համատեղ ծրագիրը իրականացնում են «Ինտերնյուս Հայաստանն» ու «Ինտերնյուս Ադրբեջանը», Ստեփանակերտի մամուլի ակումբը, «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպությունը, որը նպաստում է խոշոր հակամարտությունների կանխարգելմանը եւ պատերազմից տուժած հասարակություններում խաղաղության հաստատմանը: 2006-ից մինչ օրս ծրագրին մասնակցել է ավելի քան 30 երիտասարդ: Իմ ընկալմամբ, ֆիլմում կշեռքի նժարը ադրբեջանցիների կողմն էր. նրանց գերու ներկայացմամբ՝ հայերն իր հետ ավելի դաժան էին վարվել, քան հայ գերու հանդեպ ադրբեջանցիները: Մի նրբերանգ էլ կար, ֆիլմում անընդհատ նամազի ժեստն էր ցուցադրվում, ինչի պատճառով եվրոպացիները հաստատ կմտածեն, որ ադրբեջանցիներն ու հայերը նույն կրոնի, գիտակցության ու կենցաղի կրողն են:

 

 

Կապրենք՝ կտեսնենք
 

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն ասել է, թե Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվելու է. «Մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ մանրամասն քննարկել Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցը»։

Ըստ tert.am-ի՝ Գրիգոլ Տաբատաձեն հայտնել է, որ երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ «Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է։ Հայկական կողմի այն պնդումները, թե ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց դեսպանը։ Նա վստահեցրեց, որ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները չեն անտեսվում, որպես օրինակ նշելով այն, որ այս տարվա հունվարի 6-ին Վրաստանի Էջմիածին եկեղեցում պատարագ է մատուցվել։

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԸ ԵՏԵՎՈՒՄ ՄՆԱՑ
 

Ռիեկայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մասնակիցները խաղալու են 11 տուր:

Հինգերորդ տուրում տղամարդկանց պայքարին մասնակցող մեր հանրապետության ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին, համապատասխանաբար, Զազա Մարտինովիչին (Խորվաթիա) եւ Միհալ Կրասենկովին (Լեհաստան) եւ 4,0-ական միավորով (նույն ցուցանիշն ունեն եւս 21 շախմատիստներ) ընդհուպ մոտեցան առաջատարների տասնյակին: Սամվելը հանգրվանեց 13-րդ, իսկ Հրանտը՝ 17-րդ հորիզոնականում: Նրանք մրցաշարային աղյուսակը գլխավորող չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Առայժմ չի ստացվում մեր առաջատար գրոսմայստերների խաղը, որոնք զբաղեցնում են թե իրենց եւ թե մեզ համար անսովոր դիրքեր: 3,5 միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, համապատասխանաբար, ընթանում են 32-րդ եւ 49-րդ տեղերում, իսկ Գաբրիել Սարգսյանը 3,0 միավորով ընդամենը 101-րդն է:

Երեկ վեցերորդ տուրում Սամվելը հանդիպելու էր Ալեքսանդր Ռյազանցեւին, իսկ Հրանտը՝ Յան Նեպոմնյաշչիին: Այդ երկու մրցակիցներն էլ ներկայացնում են Ռուսաստանը:

Կանանց մրցապայքարում շարունակում է հաջող հանդես գալ Լիլիթ Գալոյանը: Ճիշտ է, նա միավորը բաժանեց լատիշ Վիկտորիա Սմիլիտեի հետ, որի պատճառով 4,0 միավորով նահանջեց 13-րդ հորիզոնական, սակայն նրա եւ երեք առաջատարների միջեւ տարբերությունն ընդամենը կես քայլ է: Դիրքերը մի փոքր զիջեց նաեւ Էլինա Դանիելյանը: Նա սեւերով ոչ-ոքի արեց Լեհաստանի ներկայացուցիչ Բեատա Կոձիոլկայի հետ եւ 3,0 միավորով 49-րդից իջավ 54-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը, շնորհիվ Իննա Իվախնովայի նկատմամբ տարած կարեւոր հաթանակի, 3,0 միավորով առաջացավ ամբողջ 21 աստիճան եւ այժմ 63-րդն է: Մեր այս փորձառու եռյակը երեկ վեցերորդ տուրում կազմել էր հետեւյալ զույգերը. Աննա Ուշենինա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան, Լիլիթ Մկրտչյան-Իրինա Չելյուսկինա (Սերբիա), Էլվիրա Բերենդ (Լյուքսեմբուրգ)- Էլինա Դանիելյան:

 

Ֆուտբոլային ֆան-մշակույթը՝ Հայաստանում
 

Օրերս Երեւանի ֆուտբոլային սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ տոնում էին Մադրիդի «Ռեալի» 108-ամյակը՝ արքայական ակումբի ֆանատներն էին: Նրանց բոլորին այսօր միավորում է ոչ միայն սերը արքայական ակումբի հանդեպ, այլեւ՝ «Ռեալի» հայալեզու կայքը, որ երիտասարդները սեփական ուժերով են ստեղծել ու պարբերաբար թարմացնում են: Իսկ արդեն կայքային, ֆորումային շփումն էլ բերել էր «Ռեալի» հայկական ֆան-ակումբի ստեղծման գաղափարին: Իհարկե, որպես հասարակական կազմակերպություն բլանկոսաֆանները դեռ չեն ձեւակերպվել, սակայն ծրագրում են հետագայում պաշտոնապես գրանցվել իբրեւ Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան-ակումբ:

Ընդհանրապես երկրպագուների շատ քիչ խմբեր են գրանցվում իբրեւ հ/կ-ներ: Անգամ այն խմբերը, որոնք ունեն ընդունված կանոնադրություն, հստակ անդամագրում ու սրանց ենթարկվող գործելաոճ: Այդ խմբերից մեկն էլ First Armenian front-ն է, որը, ի դեպ, «Ռեալի» երկրպագուների պես, ֆորումային ծնունդ ունի: FAF-ի հիմնադիրներից Էդգար Պետրոսյանը ասում է, որ պաշտոնական գրանցման մասին նոր չէ, որ մտածել են, սակայն դա նույնիսկ հակասում է FAF-ի շարժումային ոգուն:

Ֆան-շարժումների ոգուն օտար է նաեւ այս կամ այն կազմակերպության ուղղորդումը, անգամ՝ իրենց երկրպագած ակումբի կողմից: Դա իհարկե չի նշանակում, որ երկրպագուների շարժումները չեն համագործակցում իրենց թիմի հետ: Այդպես, օրինակ, ավելի քան 10 տարի «Արարատի» բոլոր հանդիպումներին հայաստանյան տարբեր մարզադաշտերում կարելի է հանդիպել երկրպագուների մի խմբի՝ շարֆերով, թմբուկներով ու երգերով: Հայկական ակումբային ֆուտբոլում, թերեւս, ամենակայացած այս խմբավորումը ոչ միայն ինքն է թեւ ու թիկունք իր սիրելի թիմին, այլեւ թիմը՝ իրենց: Կապան ու Գյումրի ուղեւորվելու հարցում մեկ անգամ չէ, որ ակումբի ղեկավարությունն աջակցել է իր երկրպագուներին:

Բայց մի բան է, երբ ակումբն աջակցում է, ու բացարձակ այլ, երբ հենց ինքն է ստեղծում ու կարգավորում մի շարժում, որ գոյություն չունի: Վերջերս Երեւանի «Բանանցը» հայտարարեց ֆան-ակումբի ստեղծման մասին՝ հրավիրելով իրենց երկրպագուներին անդամագրվել: Ինքնին գովելի փաստ է, բայց կարծես թե «Բանանցում» մոռանում են, որ ֆան-ակումբը գրասենյակ չէ, ու ֆաներն էլ գրասենյակային աշխատողներ չեն: Ֆուտբոլային ֆանատներին միավորում է տարերայնորեն ձեւավորված սուբկուլտուրան՝ մոդան, վարքը, սլենգը, հետաքրքրությունների ընդհանրությունը: Իսկ այդ ամենի համար նախ հենք է պետք ունենալ, ապա նոր՝ եղածը կառուցվածքայնացնել: Ոչ ոք չի վիճում, թե իրապես «Բանանցի», «Ուլիսի» կամ «Շիրակի» համար ցավողներ չկան: Բայց ակնհայտ է, որ նրանց բոլորին մի կազմակերպությունում անդամագրելու դեպքում էլ ցանկալի արդյունքին տվյալ ակումբի ղեկավարությունը չի հասնի:

Ֆուտբոլային երկրպագուների շարժումը, ֆանատիզմը՝ անկախ նրանից, թե որքանով է լավ կամ վատ, դրական կամ բացասական, ինքնաբուխ առաջացող երեւույթ է:

 

 

Տիտղոսները նշանակություն չունեն
 

Ապրիլի 2-11-ը Բելառուսում կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնությունները:

Մեծահասակների այդ մրցումներում Հայաստանը ներկայացնելու է ինը ծանրորդ (7 տղա եւ 2 աղջիկ):

Մինսկի մրցահարթակում իրենց բազկի ուժը ցույց կտան:

Տղաներ:

56 կգ՝ Սմբատ Մարգարյան,

77 կգ՝ Առաքել Միրզոյան,

Տիգրան Մարտիրոսյան,

85 կգ՝ Գեւորգ Պողոսյան,

Էդգար Գեւորգյան,

105 կգ՝ Արթուր Բաբայան,

+105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան:

Աղջիկներ:

69 կգ՝ Մելինե Դալուզյան,

75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Ինչպես տեսնում ենք, հավաքականների կազմերում բացակայում են մի շարք տիտղոսակիր ծանրորդներ, մասնավորապես՝ մեծ բարձունքների հասած Նազիկ Ավդալյանը, Գեւորգ Դավթյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ):

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն այդ առիթով երեկ «Առավոտին» ասաց. «Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ձեռքի վնասվածք ունի ու այդ պատճառով չի մեկնում Մինսկ: Իսկ ինչ վերաբերում է Գեւորգին եւ Տիգրանին, նրանք պատշաճ մարզավիճակում չեն ու Հայաստանի առաջնության արդյունքներով թիմ չեն ընդգրկվել»:

 

17 տարեկանները մեկնեցին Իրան
 

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Իրան, որտեղ (Թեհրանում, մարտի 12-ին եւ 14-ին) ընկերական երկու հանդիպում է ունենալու այդ երկրի իր հասակակիցների ընտրանու հետ: Հարեւան երկիր մեկնել է 20 ֆուտբոլիստ:

 

Ֆուտբոլային դիվանագիտություն՝ թուրքական ձեւով
 

Արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Azerisport»-ը, տեղեկացնում են, որ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականը կարող է հրաժարվել նախապես հունիսին Ամերիկայում պլանավորած հավաքներից:

Պատճառն ավելի քան պարզ է: Այն կապված է ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով:

 

ԲՈԼՈՐ ՈՒԹ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ «ԱՐՏՈՆԱԳՐՎԵՑԻՆ»
 

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի՝ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստի օրակարգում քննարկվել է, թե հայկական ո՞ր ակումբները կստանան «ազգային» արտոնագիր՝ արժանանալով ՀՀ բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքին:

Ակումբները 2009/10 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում ՀՖՖ արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերել են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի ոչ ֆինանսական չափանիշներին (մարզական, կադրային-վարչական, իրավական եւ ենթակառուցվածքային), որոնց հիման վրա փորձագետներն անցկացրել են անհրաժեշտ ստուգումներ: Ստուգումների արդյունքները ներկայացվել են նիստում: Հիմնվելով հաշվետվությունների եւ ստուգումների արդյունքների վրա՝ արտոնագրման կոմիտեն որոշեց արտոնագրեր շնորհել բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր ութ թիմերի մայր ակումբներին՝ «Փյունիկին», «Միկային», «Ուլիսին», «Բանանցին», «Գանձասարին», «Շիրակին», «Կիլիկիային», ինչպես նաեւ բարձրագույն խմբի նորեկ «Էրեբունի-Դիլիջան» ՖԱ-ին:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ այսքանով արտոնագրային գործընթացը չի ավարտվում: Մինչեւ ս.թ. ապրիլի 5-ը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացնեն նաեւ իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության հիման վրա կորոշվի ակումբների «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի ճակատագիրը:

 

Մարտի 12
 

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ամուսնության առաջարկություն կստանաք:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Անսպասելի լավ լուր կլսեք:

 

ԿԱՆԳԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ
 

Այս տարի կանգառատեղիները կավելանան

Եթե նախորդ տարիներին կանգառասրահները գողացվում էին ու որպես մետաղի ջարդոն հանձնվում, ապա վերջին տարիներին պարզապես ապամոնտաժվում են: Ազատության 25 հասցեում գտնվող կանգառասրահն էլ նախորդ տարի ապամոնտաժվեց, հիմա դրանից հիշատակ է մնացել միայն ծռմռված նստարանը: Ի դեպ, հենց Արաբկիրի թաղապետարանի կողմից ապամոնտաժված կանգառասրահի մասին թաղապետարանում ոչինչ չգիտեին, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի քաղաքապետարան:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գասպարյանն ասաց, որ վերոնշյալ հասցեում կանգառասրահի անհետացումը վթարի հետեւանք է. «Արաբկիրի թաղապետարանից մի բեռնատար մեքենա էր հարվածել դրան ու այն ամբողջովին շարքից դուրս էր եկել, եւ քանի որ մեղավորն իրենք էին՝ իրենք էլ ապամոնտաժեցին այն՝ վերականգնելու նպատակով»: Պարոն Գասպարյանը դժվարացավ ասել, թե երբ կվերանորոգվի ու նոր կանգառասրահ կտեղադրվի այդ հասցեում, միայն հավաստիացրեց, որ մայրաքաղաքում ապամոնտաժված կամ գողացված այլ կանգառասրահներ չկան. «Կան տեղափոխված կանգառասրահներ, քաղաքապետարանի կանգառասրահն ենք տեղափոխել ավելի վերեւ, նույն կերպ ենք վարվել նաեւ Ձկան խանութի առջեւի կանգառասրահի հետ, որովհետեւ երբեմն սխալ տեղերում են տեղադրված եւ ճանապարհային երթեւեկության հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացնում, օրինակ՝ քաղաքապետարանի շենքի առջեւ տեղադրվածը փակում էր աջ կողմը, այսինքն՝ այն վարորդները, ովքեր պետք է աջ թեքվեին, պետք է կամ կանոնները խախտեին՝ ուղիղ գոտուց մտնեին աջ եւ տուգանվեին, կամ էլ այնքան երկար պետք է սպասեին, մինչեւ տրանսպորտի միջոցներն ազատեին կանգառատեղիները»: Պարոն Գասպարյանն ասաց, որ անհարմար վայրերում տեղադրված արդեն երեք կանգառասրահ է տեղափոխվել, քաղաքի կենտրոնում գտնվող եւս երկուսն էլ կտեղափոխվի առաջիկայում:

Պարոն Գասպարյանը նաեւ ասաց, որ կանգառասրահների տեղադրումը սկսվել է դեռեւս 4 տարի առաջ. «Յուրաքանչյուր կանգառասրահ արժեցել է 1 մլն 250 հազար դրամ, այս գումարի մեջ է մտնում կանգառասրահ պատրաստելը, տեղադրելը, կահավորումը, գծանշումը, այսինքն՝ վերջնական տեսքով հանձնելու համար նախատեսված ամբողջ աշխատանքը»: Նրա խոսքով, այս տարի չի նախատեսվում Երեւանում նոր կանգառասրահների տեղադրում, բայց բավականին աշխատանք ունեն կանգառատեղիների կահավորման առումով. «Այս տարի քաղաքի մի շարք հատվածներում նախատեսել ենք կանգառներ սահմանել, որպես կանգառի նշման տեղ տեղադրվելու են ցուցատախտակներ՝ կանգառի սահմանման եւ ճանապարհային այլ նշաններով, կլինեն նաեւ համապատասխան գծանշաններ, կանգառատեղիների քանակի առումով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ կազմակերպչական աշխատանքները դեռ ուսումնասիրության փուլում են, բայց վստահորեն ասեմ, որ քաղաքում հիմա ինչքան կանգառատեղի կա, մոտ այդքան էլ այս տարի կավելանա»:

Մեր զրուցակցի խոսքով, վերջին անգամ Երեւանում կանգառասրահ տեղադրվել է 2008-ին, արժեքը ավելի բարձր է եղել. նա նաեւ չբացառեց, որ եթե հաջորդ տարի էլ նախատեսեն կանգառասրահների տեղադրում՝ ավելի թանկ կարժենա. «Գները փոփոխվում են»: Պարոն Գասպարյանն ասաց, թե ցանկալի է ու ամեն ինչ արվում է, որ կանգառատեղիները հնարավորինս մոտ գտնվեն հետիոտնային անցուղիներին. «Բայց կան տեղեր, որտեղ նման հնարավորություն չկա, որովհետեւ մեկը մյուսից անկախ է, մենք հաշվի ենք առնում նաեւ կանգառատեղիի առավել անվտանգ վայրերը»: Մեր զրուցակիցը նաեւ պարզաբանեց՝ անցուղիները լինում են կարգավորվող ու չկարգավորվող, առաջիններն ունեն լուսացուցային կարգավորում, երկրորդները չունեն. «Երկրորդ դեպքում մեքենաները պետք է կանգնեն, մինչեւ հետիոտնը անցնի ճանապարհը, կանգնել-չկանգնելու ժամանակ է խնդիր առաջանում, պետք է արձանագրեմ, որ վարորդների շրջանում աստիճանաբար ձեւավորվում է կանգնելու եւ ճանապարհը հետիոտնին զիջելու կուլտուրան»:

 

Ճգնաժամը, փաստորեն, չի ավարտվել
 

2009թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: Համաձայն «Գրանթ Թորնթոն» ընկերության ուսումնասիրությունների՝ 2003-ից ի վեր այժմ առաջին անգամ է, որ աշխատողներին կրճատող գործարարների թիվը գերազանցում է աշխատողների քանակն ավելացնողներին: 36 երկրների շուրջ 7 400 մասնավոր ընկերությունների հարցումը ցույց է տալիս, որ համաշխարհային հաշվեկշիռը -8% է՝ ի համեմատ 2009 թ. +21%-ի (29% նվազում):

Մինչդեռ աշխարհի գործարարների մեծամասնությունը առավել լավատես է 2010թ. համար, սակայն աշխատողները սխալ կլինեին՝ մտածելով, որ ամենադժվարին փուլն արդեն ավարտվել է: Ինչ վերաբերում է եկող տարվա աշխատավարձի վերաբերյալ մտադրություններին, ապա գործարարները ցույց տվեցին, որ 2010թ.-ին ավելի քիչ հավանական է, որ կբարձրացնեն աշխատավարձերը: Գործարարների 36%-ը, ի համեմատ 2009 թ. 24%-ի, պլանավորել է չիրականացնել աշխատավարձի բարձրացում կամ իջեցում: Եվ չնայած գործարարների 51%-ը նշել է, որ հնարավոր է աշխատավարձի բարձրացում ինֆլյացիայի պատճառով, այս ցուցանիշը կրկին ցածր է անցյալ տարվա 64%-ի համեմատությամբ:

Համաշխարհային զբաղվածության ինդեքսը ցույց է տալիս, որ աշխարհի որոշ զարգացած երկրներում աշխատողների քանակը մեծապես նվազել է: Այդ երկրներից են Իռլանդիան՝ -54% հաշվեկշռով, Իսպանիան, Դանիան՝ երկուսն էլ -38% եւ ԱՄՆ-ն՝ -33%, մինչդեռ 2009թ.-ին զարգացող շուկաներում գրանցվել է աշխատողների թվի ամենամեծ աճը՝ Վիետնամ՝ +54%, Հնդկաստան՝ +33%, Բոցվանա՝ +31% ու Ֆիլիպիններ՝ + 29%:

Ըստ հայ գործարարների պատասխանների՝ 2010թ.-ին աշխատողների քանակի աճի իրենց սպասումը նշանակալիորեն նվազել է այս տարի՝ +5%՝ համեմատած 2009թ.-ի +54%-ի: 2010թ.-ին աշխատողների աշխատավարձերի հետ կապված՝ Հայաստանի գործարարների 47%-ը աշխատավարձի բարձրացում չի սպասում եւ միայն 6%-ն է լավատես այս հարցում:

Զեկույցը նաեւ ցույց է տալիս, թե որքան հնարամիտ են դարձել մասնավոր ձեռնարկությունները՝ փորձելով խուսափել հիմնական աշխատակազմի պարտադիր կրճատումից 2009թ.-ին: Գործարարների 50%-ը նշել է, որ կրճատումից խուսափելու համար պետք է միջոցներ ձեռնարկեին, եւ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են: Հայաստանի գործարարների 67%-ը պատասխանել է, որ կարիք չեն ունեցել հատուկ միջոցներ ձեռնարկել՝ անցյալ տարվա կրճատումներից խուսափելու համար:

 

Նախընտրական ծրագրի կատարման ժամանակն է
 

նԵրեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ նա նախարարներին հանձնարարել է իրենց հսկողության տակ վերցնել միջնաժամկետ ծախսային ծրագրեր, որոնք պետք է համադրվեն հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: Նա ասել է, որ բոլոր նախարարները պետք է առաջիկա երկու շաբաթների ընթացքում իրեն ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի հնարավոր լինի «ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի»: Պահանջել է նաեւ, որ զեկուցագրերում արտացոլվեն այն խնդիրները, որոնք ծագել են 2009թ. մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց:

Նիստի ժամանակ ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, այդ թվում՝ գործադիրը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է ընկերության արտադրական կարիքների համար մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել 1500 տոննա ցիանական նատրիում, քանի որ այն Հայաստանում չի արտադրվում: Գործադիրը որոշել է «Ճանապարհաշինություն ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ լուծարումից հետո մնացած տրանսպորտային միջոցները, մեքենաները, սարքավորումները, արտադրական եւ տնտեսական գույքը, մեկ այլ որոշմամբ՝ «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ տրանսպորտային միջոցները օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր: Երկու այլ որոշումներով կառավարությունը լուծարել է «Դիվանագետ» ՊՓԲԸ-ն եւ «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ն:

Գործադիրը որոշել է համաձայնություն տալ «ՀՀ կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ՀՀ տարածքում ԵՎԶԲ գտնվելու պայմանների մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Բացի այդ՝ որոշել է հայերեն հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները եւ դրանց ուղեցույցները: Կառավարության որոշմամբ կստեղծվի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, ինչպես նաեւ «Վիլլաշին» ՍՊԸ հետ համատեղ կհիմնադրվի ՓԲԸ, որը կզբաղվի արտադրական եւ այլ կեղտաջրերի մաքրման տեղային կայանների ներմուծմամբ, արտադրմամբ, տեղադրմամբ եւ այլն:

Մեկ այլ որոշմամբ՝ ՄԻԵԴ-ի կողմից «Կարապետյանն ընդդեմ ՀՀ-ի», «Ստեփանյանն ընդդեմ ՀՀ-ի» եւ «Խաչատրյանն ընդդեմ ՀՀ-ի» գանգատներով կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով կառավարություննիր պահուստային ֆոնդից հատկացրել է 7500, 2200 եւ 1745 եվրոյին համարժեք դրամ։

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ
 

Երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Պետական գույքը մասնավորեցնելու եւ օտարելու մասին» հարցը: Խոսքը լուրջ գույքի մասին չէ, այլ ընդամենը «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Ամասիայի ԲԿՏ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած եւ համապատասխանաբար՝ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ռւ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված գույքի օտարման մասին է, ավելի ճիշտ՝ այդ որոշման նախագծին կցված ցանկի, որում թվարկված են այդ երկու հիմնարկների լուծարումից հետո մնացած արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների եւ այլ միջոցների անունները: Հայաստանի Հանրապետության, որի պետական լեզուն հայերենն է, կառավարության որոշման նախագծում ներառված 5 ցանկերի մեջ աճուրդով օտարման ենթակա ապրանքների ցուցակից տեղեկանում ենք, որ աճուրդի են դրվելու հետեւյալ ապրանքները՝ «խոլ Մալազիա», «կալկուլյատոր», «զատվոռկա», «կնոպկա», «կանատի տարա», «տաբլիչկա թիթեղից»:

 

 

ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ԴԵՄ
 

ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների կանոնակարգման դաշտում մի շարք փոփոխություններ է նախատեսել, որոնցից մեկը դոլարիզացիայի դեմ պայքարի միջոցառումների շարքում լինելու է արտարժույթով արտահայտված ակտիվների նկատմամբ ԿԲ մոտեցումների փոփոխությունը. բոլոր արտարժույթով արտահայտված ակտիվները, մեծամասամբ՝ վարկերը, պետք է ավելի բարձր ռիսկի կշիռ ունենան՝ մոտ 50%-ով: Այս մասին, ըստ aysor.am կայքի, երեկ ասել է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը.«Դա նշանակում է՝ եթե նախկինում արտարժութային վարկն ուներ ռիսկի կշիռ, որի հավանական կորուստները ծածկելու համար բանկը պետք է ունենար 12% գումար, ապա ռիսկի կշիռը կաճի 150%-ով, ինչը նշանակում է, որ բանկը պետք է պահի ոչ թե 12%, այլ 18% կապիտալ: Դա կզսպի բանկերի ցանկությունը ակտիվորեն վարկավորել արտարժույթով, եւ կսահմանափակվի բանկերի ցանկությունը՝ ներգրավել արտարժութային միջոցներ: Հավանական է, որ այդ դեպքում մենք կտեսնենք արտարժութային ավանդների տոկոսադրույքի հետզհետե նվազում, եւ պայքարը դոլարիզացիայի դեմ որոշ չափով կբարելավվի»: Վարդանյանը նաեւ ասել է. «Կարծում եմ՝ բանկերը կնախընտրեն նվազեցնել արտարժութային ավանդների տոկոսադրույքը, քան՝ բարձրացնել դրամայինը: Քիչ հավանական է, որ տնտեսությունը ֆինանսավորվի ավելի բարձր տոկոսներով, որովհետեւ բանկերը բավականին դժվարությամբ են գտնում լավ վարկառու»:

 

«ԺԵՆԳՅԱԼԱՀԱՑՈՎ» ՅՈԼԱ ԳՆԱՑԵՔ
 

Panorama.am-ի տեղեկություններով՝ մսի գնի կտրուկ աճը ոչ միայն ՀՀ-ում է խնդիր դարձել, այլեւ ԼՂՀ-ում: Ստեփանակերտի մսավաճառները ասում են, որ միս ձեռք բերելն արդեն դժվար է: Դա էլ վերջին մեկ ամսում նպաստել է մսի գնի 40-45%-ով աճին. այժմ տավարի մսի 1 կգ-ը Ստեփանակերտի խանութներում արժե 2000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, ոչխարի մսի 1 կգ-ն արժե 2500 դրամ՝ նախկին 2000 դրամի փոխարեն: Չի փոխվել խոզի մսի գինը՝ 1 կգ-ը վաճառվում է 2600 դրամով:

 

ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ
 

Անուղղակի՞, թե՞ ուղղակի դիտավորություն

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը:

«Ազատամտություն» թերթում պատգամավորին վիավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում: Սակայն քննիչ Աշոտ Մխիթարյանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացվել է որոշում՝ քրեական գործ չհարուցելու մասին: Քննիչի եւ դատախազի կողմից հաստատված այդ որոշումն էլ վիճարկում է պատգամավորը՝ հանձին իր ներկայացուցչի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանի:

Երեկ դատարանում ընթացող վերջին դատական նիստին հետեւեցին ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը ճիշտ չի գնահատել կատարվածը, լրատվամիջոցի ուղղակի դիտավորությունը չի տեսել, հրապարակումների մեջ վիրավորական արտահայտություններն ու պատգամավորի մերկ լուսանկարը զետեղելը գնահատել է իբրեւ մասնագիտական գործունեության նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում:

«Վարույթն իրականացնող մարմինը անհասկանալի հիմքերով եզրակացություն է արել: Մինչդեռ հրապարակման արտահայտություններն ու նկարը գնահատականի տարր չեն պարունակում եւ կապ չունեն պատգամավորի մասնագիտական գործունեության գնահատման հետ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նաեւ հայտնեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը սխալ քրեաիրավական գնահատականը շարունակի տալ, սխալ մեկնաբանեն կատարվածը, ապա իրենք էլ այս գործին առնչված պաշտոնատար անձանց մասնագիտական գործունեությունը կգնահատեն նույնկերպ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Սերգեյ Աբրահամյանը «մեղմ» զայրացավ, ասելով. «Դատարանում ճիշտ չէ, որ խոսում են շանտաժի լեզվով»:

Նա ասաց նաեւ, որ այս գործով նկատի չեն ունեցել Փոստանջյանի անձը, այլ՝ փաստական հանգամանքները:

Դատաքննությունն ավարտվեց, եւ դատավոր Գայանե Կարախանյանը մտավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարկվի մարտի 26-ին, ժամը 17-ին:

 

Տարվեցին տուգանային հրապարակ
 

Երեկ առավոտյան ժամը 8.30-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրենց ծառայությունն էին կատարում Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում, Մանկավարժական համալսարանի դիմաց: Այդտեղ, հենց մայթեզրին տեղադրված են ցուցանակներ, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը: Սակայն վարորդները, «չնկատելով» ցուցանակը, մշտապես կանգնում էին այդ հատվածում, իսկ ճանապարհային ոստիկանները չէին արձանագրում հաճախակի դարձած իրավախախտումները: Երեկ 9 վարորդի բախտը ակնհայտորեն չբերեց, քանի որ մի քանի ժամվա ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին, որ նրանք մեքենաները վարում էին առանց համապատասխան կարգի կամ առանց վարորդական իրավունքի վկայականի:

Նրանք տարվեցին տուգանային հրապարակ:

15 վարորդի նկատմամբ էլ կազմվեց վարչական արձանագրություն՝ 10000 դրամ տուգանքի չափով: Նրանք հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառից դուրս կանգառ էին կատարել:

 

Հավաստիացրեց՝ սրբապատկերի տակ
 

Երեկ «Դուպլեքս» ակումբում ասուլիս էր հրավիրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:

«Առավոտի» հնչեցրած՝ «Այսօր արդեն ճանապարհային ոստիկանները արձանագրում են Մանկավարժական համալսարանի դիմաց, մայթեզրին կատարված իրավախախտումները՝ վարորդների եւ հետիոտնի կողմից կատարված: Լինելո՞ւ եք հետեւողական, թե՞ դա ոստիկանության հերթական շոուն է լինելու» հարցին Մարգար Օհանյանը պատասխանեց. «Հանրապետության ոստիկանապետը ծանոթացել է «Առավոտի»՝ օրերս հրապարակված նյութին եւ նրա հանձնարարականով, իմ անմիջական ղեկավարությամբ դուք ականատես կլինեք, որ դա հերթական շոուն չէ: Ինչպես նշված հատվածում, այնպես էլ քաղաքի մի քանի հատվածներում հայտնաբերվելու եւ վարչական տույժի են ենթարկվելու թե վարորդները, թե հետիոտները»: Ինչ վերաբերում է այն վարորդներին, ովքեր տրանսպորտային միջոցը վարում էին առանց վարորդական իրավունքի վկայականի, ապա, ըստ Մ. Օհանյանի, նրանցից բացի՝ կտուգանվեն նաեւ «գծի տերերը»:

 

 

Համաներումս «վաճառեցին»
 

Մեծարգո նախագահ, ճարահատված անձամբ Ձեզ եմ դիմում, որպեսզի գոնե Դուք լիարժեք պատասխանեք՝ ե՞րբ պետք է վերջապես վերանան այս անարդարություններն ու բռնությունները, մինչեւ ե՞րբ պետք է ոտնահարվեն մեր իրավունքները: Մեծարգո նախագահ, հիշեք եւ մի մոռացեք, որ նման բռնություններով իրավական պետություն չի կառուցվի, նման քայլերով Հայաստանը առաջ չի գնա, այլ կկործանվի: Մեր պապերից ժառանգած այս մնացած փոքր հայրենիքում հայ բազմաչարչար եւ տառապած ազգը չի կարող կերտել իր ապագան, շատ ավելին կարող եմ մանրամասնել: Հուսով եմ, որ Դուք այդ բոլորը շատ լավ գիտակցում եք:

Խնդիրը հետեւյալն է. ինձ Երեւանի քրեական եւ վերաքննիչ դատարանները կեղծ եւ շինծու մեղադրանքով ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (բջջային հեռախոս իբր հափշտակելու) դատապարտել էին 2,5 տարի ազատազրկման: Ես օրենքի հաջորդականության սահմանված կանոնակարգը չխախտելով՝ բողոքարկել էի վճռաբեկ դատարան, որտեղից էլ անհեթեթ պատճառաբանությամբ իմ բողոքը մերժվել է: 2009 թ. հունիսի 19-ի հրամանագրով հայտարարված համաներումը, որը լիովին պետք է կիրառվեր իմ նկատմամբ, տարբեր բառախաղերի պատճառով չկիրառվեց: Կարող եմ վստահորեն ասել եւ ապացուցել, որ համաներումս վաճառեցին՝ առանց պատասխանատվության զգացումի: Ես համբերությամբ սպասեցի իմ պայմանական վաղաժամկետ ազատմանը: 2009 թ. հոկտեմբերին հիմնարկի ղեկավարությունը ինձ որպես օրինավոր դատապարտյալի ներկայացրեց պայմանական վաղաժամկետ ազատման, իսկ նոյեմբերին կայացած Անկախ հանձնաժողովի նիստից հետո մերժեց, զրկելով գոնե օգտվելու այդ իրավունքից, որի անարդարացի որոշման դեմ ես անժամկետ հացադուլ հայտարարեցի եւ դիմեցի անձամբ Ձեզ: 15 օր գտնվելով հացադուլի մեջ, ինձ ընդունեց անկախ հանձնաժողովի անդամ Երանոսյանը եւ ամենայն պատասխանատվությամբ խոստացավ, որ ես դադարեցնեմ հացադուլը, քանի որ 3 ամիս հետո օրենքի սահմանված կարգով ինձ կներկայացնեն եւ կազատեն:

Այս տարվա մարտի 1-ին հիմնարկում կայացած ադմինիստրացիայի նիստում ինձ մերժեցին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից եւ պատճառաբանեցին, որ ինչում ինձ մեղադրել էին՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել: Եթե ես չեմ կատարել հանցագործություն, անունը ի՞նչ դնեմ, որ ինձ մեղավոր ճանաչեմ կամ եթե այդպես էր, ինչո՞ւ 3 ամիս առաջ ներկայացրին ազատման: Այժմ ես ստիպված դիմել եմ ծայրահեղ միջոցի եւ անժամկետ հացադուլ եմ հայտարարել, որը կդադարեցնեմ այն ժամանակ, երբ անձամբ կստանամ արդար եւ լիարժեք պատասխան:

 

Ջուսին ծեծել են
 

Երգչուհի Ջուսը կապտուկներով է նշել Մարտի 8-ը: Ինչպես տեղեկացնում է kamoblog.am-ը, նա ծեծի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ակումբում, որտեղ աշխատում է Ջուսը: Նրա գործընկեր, «Blef» ծրագրի ռեժիսոր Արթուրը, «հումորի» արդյունքում ջարդել է երգչուհու քիթը: Kamoblog.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ չդիմանալով ցավին, նկարահանումների ընթացքում սկսել է գոռալ եւ հայհոյել հաղորդման ռեժիսորին, վերջինս էլ հումորի «սահմաններից» դուրս գալով մի «մուշտի» է հասցրել Ջուսի դեմքին:

 

 

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
 

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ Արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով:

Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

 

ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
 

Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը քննարկել եւ նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաեւ մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, որոշել է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

ՌԵԿԵՏ ՊԵՏԱԿԱ՞Ն ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
 

Ըստ գործարարի՝ Ղարաբաղի ԱԺ փոխնախագահը հալածում է իրեն, վերջինս հերքում է այդ հայտարարությունները եւ պնդում, որ կդիմի դատարան:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից եղբայրներ Ռոբերտ, Ռուդիկ, Ռոման Բաղդասարյաններից Ռոմանը, նրա մայրը՝ Ալվարդ Աթալյանը եւ մորեղբայրը՝ Կամո Աթալյանը, հույսները կտրած Լեռնային Ղարաբաղի արդարադատությունից, Հայաստանում են արդարություն որոնում:

Պատերազմից հետո Ռոմանը մորեղբոր հետ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու: 2007-ին նրանք ընդունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ռուդիկ Ուսնունցի առաջարկը եւ Ղարաբաղում ջերմոցային տնտեսություն հիմնելու գործը սկսում: Ուսնունցի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն, Բադդասարյանները ներդնում են 120 հազար դոլար, Ուսնունցը խոստանում է հավելել եւս 300 հազար, աշխատանքները իրականացվում են Ուսնունցի կնոջ անունով գրանցված «Տիգրանակերտ» ՍՊԸ անունից: Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի՝ պեղվող Տիգրանակերտի մատույցներում, ամայի տարածության վրա սկսվում է ջերմոցի կառուցումը: «Մենք անտեղյակ էինք գներին, բիզնես-պլանը կազմել էինք Երեւանում, բայց Ղարաբաղում պարզվեց, որ աշխատուժը թանկ է, տեխնիկան թանկ է, ամեն ինչն էլ թանկ է, եւ մեր 120 հազարը ծախսելուց հետո ջերմոցը ավարտին չէինք հասցրել, իսկ Ուսնունցը ոչ միայն չէր շտապում ներդնել իր խոստացած 300 հազարը, այլեւ հայտարարեց, որ մեզ օգնել չի կարող: 2008-ի հունիսին արդեն ֆինանսի կարիք էինք զգում ու մինչեւ օգոստոս Ուսնունցին խնդրում-առաջարկում՝ իր խոսքը կատարել: Հոկտեմբերին ասաց, որ վարկ է վերցրել՝ 31 միլիոն դրամ: Ասաց, որ գրավադրել է Ասկերանի շրջանի իր անասնապահական ֆերման, հետո իմացանք, որ մեր ջերմոցն է գրավ դրել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ալվարդ Աթալյանը: Վարկը վերցնելուց հետո էլ Ուսնունցը հայտարարել է, թե չի կարողանում ողջ գումարը հաշվից հանել ու ամեն անգամ պահանջվող գումարից քիչ գումար է տվել: Այս ձգձգումների արդյունքում ջերմոցի շինարարությունն էլ է երկարել, Բաղդասարյանները որոշել են հրաժարվել Ուսնունցի հետ համագործակցությունից: Երկու նամակ են գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ պատասխան չեն ստացել: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել են Բակո Սահակյանին եւ պարզել, որ նամակները տեղ չեն հասել: Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին հանձնարարել է զբաղվել հարցով, սա էլ՝ Ռուդիկ Ուսնունցին կարգի է հրավիրել ու խոստացել, որ էլ խնդիրներ չեն լինի: Բաղդասարյանները որոշել են նոր ՍՊԸ հիմնել՝ «Ալվարդ գրուպ»: Ընկերության գրանցումը, չգիտես ինչու, տեւում է երեք ամիս: Ռուդիկ Ուսնունցն էլ հանգիստ չի տալիս, հրահանգում է, որ անջատեն ջերմոցի էլեկտրաէներգիան: «Շինարարության ժամանակ անգամ մեխ չէր կորչում, բայց հանկարծ սկսեցին ջերմոցից կորչել մետաղյա եւ պլաստիկ խողովակներ, ապակիներ կոտրվել: Ասում էին՝ քամին է կոտրել, բայց հասկանալի չէ, թե ինչպես քամին կոտրեց եւ կողային պատի, եւ դիմացի պատի ապակիները, այն էլ՝ ընտրովի»,- պատմում է Ալվարդ Աթալյանը:

Ռուդիկ Ուսնունցի համառ ու չմարող հալածանքներից հետո «Ալվարդ գրուպի» սեփականատերերը կարծում են, որ Ուսնունցի թիկունքին կանգնած են հենց ԼՂՀ նախագահն ու վարչապետը: Որովհետեւ նրանց միջամտությունից հետո Ուսնունցը ոչ միայն չի դադարեցնում հալածանքները, այլեւ նորերն է նախաձեռնում: Գործարարները դիմում են ԼՂՀ կառավարությանը եւ 48-50 միլիոն դրամ ֆինանսական օգնություն խնդրում՝ 17 միլիոնը Ուսնունցին տալու, մնացածով՝ ոտքի կանգնելու, գործը սկսելու համար: Վարչապետի աշխատակազմից Արթուր Պետրոսյանը «Ալվարդ գրուպին» ասում է, որ կարող են տալ մոտ 25 միլիոն: «Մեզ ստիպում էին, որ բանկից վարկ վերցնենք: Ի վերջո, գործը հասավ դրան: Իսկ Ուսնունցը մի քանի հոգու հետ մեզ սպառնում էր, թե հարցը կլուծի՝ ոնց ուզի, պետք լինի՝ կրիմինալի օգնությամբ: Ասում էր, կուզեմ՝ 25 միլիոն ձեզանից կվերցնեմ: Բայց պիտի տայինք ընդամենը 17 միլիոն, որից էլ միայն 6-7 միլիոնն էր փաստաթղթով: Ի վերջո, բազմաթիվ սպառնալիքներից հետո՝ 2009-ի նոյեմբեր-դեկտեմբերին ստացանք 40 միլիոն դրամ վարկ, Ուսնունցի հաշվապահին տվեցինք 21 միլիոն դրամ, մնացած 19 միլիոնով փակեցինք պարտքերը, հիմա ջերմոցը չի աշխատում, ամսական 200 հազար դրամ պետք է մուծենք բանկին, չենք կարողանում, բանկն էլ որոշել է դիմել դատարան»,- պատմեց Ալվարդ Աթալյանը:

Բաղդասարյան-Աթալյանները, ճարահատ, որոշում են վաճառել ջերմոցը եւ հեռանալ: Պատրաստ են անգամ 83 միլիոն դրամ գնահատված ձեռնարկությունը վաճառել 52-53 միլիոնով, բայց արդեն չորս հաճախորդ են կորցրել: Երբ պոտենցիալ գնորդը տեղեկանում է, որ ջերմոցի հետ առնչություն ունի Ռուդիկ Ուսնունցը՝ հեռանում է: Ղարաբաղում խոսում են, որ Ռուդիկ Ուսնունցը նախքան այս պատմությունը՝ ուրիշ գործարարների հետ էլ է նման ձեւով վարվել, խոստացել, հետո կատարված փաստի առաջ կանգնեցրել եւ արանքում՝ օգուտ ստացել:

«Պատերազմին մասնակցելուց, արյուն թափելուց հետո, մեր երկիրը շենացնելու, աշխատատեղեր ստեղծելու մեր նախաձեռնություններում հանդիպել ենք որոշ իշխանավորների անբարեխիղճ վերաբերմունքին եւ «իզգոյ» ենք դարձել մեր երկրում»,- ամփոփեց Ալվարդ Աթալյանը:

Այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Ուսնունցից: Պարոն Ուսնունցն ասաց, որ Բաղդասարյան-Աթալյանների ասածները հերյուրանքներ են, եւ ինքը մտադիր է նրանց դեմ դատական հայց ներկայացնել: «Ես այդ մարդկանց չեմ ճանաչել, եկել էին, որ Ղարաբաղում վերաբնակվեին, ես էլ որպես ղարաբաղցի՝ ամեն ինչ արել եմ, որ Ղարաբաղում եւս մի ընտանիք ավելանա: Ես նրանց հետ թղթային ոչ մի պայմանավորվածություն չունեմ, բայց ամեն ինչ արել եմ, որ ջերմոցը կառուցվի, հող եմ տվել՝ շենք-շինություններով: Երբ իրենց գումարը չի բավականացրել, վարկ եմ վերցրել եւ 21 միլիոն դրամ իրենց տվել»,- հայտարարեց Ռուդիկ Ուսնունցը: Ըստ պարոն Ուսնունցի, երբ վեճ է ծագել, ԼՂՀ կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը ուսումնասիրություններից հետո որոշել է, որ Բաղդասարյան-Աթալյանները պետք է Ուսնունցին վերադարձնեն նրա տված գումարները, «բայց հողը, շենք-շինությունները մնացել են նրանց: Թող աշխատեին: Ես նրանց հետ նույնիսկ մեկ կգ բերք չեմ կիսել, այդ մարդիկ փորձանք են դարձել մեր գլխին»: Իսկ ջերմոցի վաճառքը ամեն կերպ խոչընդոտելու մասին էլ Ռուդիկ Ուսնունցը ասաց. «Ջերմոցը ինձ հետաքրքիր չի: Եվ հետո այսօր ո՞վ կարող է 40 միլիոն ազատ միջոց գտնել ու դնել գործի մեջ»:

 

Եկեղեցի դարձած իմ կինոթատրոն
 

Արմավիրում գտե՞լ են մեծահարուստին շահագրգռելու ձեւը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցելու ձգձգվող խնդրին: Սակավականաչ քաղաքի ավագանին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու համառությանը տեղի տվեց ու որոշեց եկեղեցու համար 4500 քմ տարածք առանձնացնել մարզպետարանի հարեւանությամբ գտնվող այգում: Հիմա էլ՝ որոշումն ու նախագիծը կան, հաստատվել են, բայց շինարարության համար գումար չկա: Ներդրողներ են փնտրվում: «Առավոտի» տեղեկություններով, շինարարության քարը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը: «Միայն քարով շենք կկառուցվի՞»,- ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Ադամյանը:

Ու քանի որ Արմավիրը եկեղեցի չունի, արմավիրցիներին հոգեւոր սովից փրկելու նպատակով աղոթատեղի է դարձել անշուք ու կիսավեր «Արարատ» կինոթատրոնի շենքը, որը գտնվում է առաջնորդարանի հարեւանությամբ: Բավականին փոքրիկ տարածքը, որտեղ նաեւ խորան է տեղադրվել, արդեն օծվել եւ պաշտոնապես անվանակոչվել է Սուրբ Սարգսի անունով: Այստեղ են հավատացյալներն իրենց աղոթքն անում, մոմ վառում: Նույնիսկ կնունքներ ու պսակի արարողություններ են լինում:

Եկեղեցու անվան ընտրությունը թեմի առաջնորդը թեեւ կապեց երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի հետ, բայց մեր աղբյուրները նկատում են, որ անունը հատուկ է ընտրվել՝ «թասիբի» գցելու համար քաղաքապետի եղբորը՝ մեծահարուստ Սարգսին, որպեսզի ներդրումներ անի եւ կինոթատրոնի շենքն ամբողջությամբ վերաձեւի՝ հոգեւոր շունչ ստացած կառույցը տեսքի բերի:

Սկզբունքորեն դեմ չլինելով որեւէ մեկի կողմից «ժամանակավոր» մատուռ-եկեղեցուն աջակցելու որեւէ նախաձեռնության, Սեպուհ սրբազանը, այնուամենայնիվ, հերքեց սրբավայրի անվան հետ կապված արմավիրցիների մեջ շրջանառվող խոսակցությունները: Իսկ ճարտարապետությամբ եկեղեցի չհիշեցնող, անգմբեթ ու հոգեւոր ներշնչանք չառաջացնող կառույցի մասին էլ ասաց՝ վերափոխումից հետո կունենանք բազիլիկ տիպի եկեղեցի: «Եկեղեցին եկեղեցի է դառնում օծումից հետո»,- հավելեց հոգեւորականը: Սուրբ Սարգիս մատուռ-եկեղեցին նա համարեց ժամանակավոր. «Այնքան էլ ծախսատար չէր, արագ վերափոխեցինք՝ լրացնելու համար քաղաքում առկա հոգեւոր բացը: Ծրագիր ունենք, նախահաշիվ էլ ենք պատրաստել, որպեսզի կինոթատրոնի շենքն ամբողջությամբ վերածենք մատուռ-եկեղեցու»:

Նախագծված, բայց դեռ չկառուցված եկեղեցու մասին խոսելիս սրբազանը աշխատում է կանխատեսումներ չանել: Պարզապես ասաց՝ աշխատելու ենք այնպես անել, որ դա իրականություն դառնա: «Շատ թանկարժեք կառույց է, արժե 1,7 միլիոն դոլար: Եթե որեւէ մեկը ներդրում անելու ցանկություն ունի, հայտարարում եմ՝ թող գա, հայտ ներկայացնի»:

Թանկարժեք եկեղեցու նախագծի մրցույթում հաղթողը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շրջապատից է: «Մրցույթին մասնակցել են 10-15 հոգի. փակ քվեարկություն է եղել, լավագույնը ճանաչվել է քաղաքապետի սանիկի ներկայացրած նախագիծը: Հիմա ի՞նչ անենք, որ նա է շահել, մերժե՞նք...»,- ասաց Սեպուհ սրբազանը:

Վերափոխված մատուռ-եկեղեցում մեր այցելության պահին միայն պահակն էր ու մոմավաճառը: Վերջինիս՝ Հրանուշ Մամիկոնյանի համար միեւնույն էր, թե Աստծո հետ հաղորդակցվելու վայրն ինչ տեսք եւ աուրա կունենա. «Ի՞նչ կարեւոր է, որ սա նախկինում կինոյի շենք է եղել: Որտեղ մաքրություն կա, կինոն ոչինչ անել չի կարող»,- իր կարծիքը կիսեց մոմավաճառ կինը, ում համար գլխավորը հոգու փրկությունն է:

Հ. Գ. Արմավիրը ոչ միայն եկեղեցի, այլ նաեւ կինոթատրոն չունի: Քաղաքի երկրորդ կինոթատրոնն էլ վաղուց դարձել է հացի փուռ: Սեփականատերը ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբն է, ով քաղաքապետ դառնալու ցանկություն ունի:

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
 

Երեկ տեղեկացրել ենք, որ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Կապան-Գորիս ճանապարհահատվածում մարտի 9-ին տեղի ունեցած սողքի պատճառով վտանգավոր է դարձել այդ հատվածով երթեւեկելը:

Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ թեւեւ ճանապարհահատվածը երթեւեկելի է, բայց վտանգ, այնուամենայնիվ, կա: Այժմ տեղում շարունակվում են ճանապարհի լայնացման հողային աշխատանքները, տեղադրված են երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Երեկ դեպքի վայրում էր նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ նախարարության աշխատակիցների, Սյունիքի մարզպետի եւ մարզպետարանի համապատասխան բաժինների մասնագետների ուղեկցությամբ: Մասնագետները քննարկում են հարցի լուծման հնարավոր տարբերակները: «Առաջիկա 10 օրերին դեպքի վայրում երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, որից հետո կպարզվի՝ նոր շրջանցիկ ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ հնարավոր կլինի անվտանգ երթեւեկություն ապահովել՝ նորոգել նույն ճանապարհը»,- տեղեկացրեց Սարիկ Աղաբեկյանը:

Իսկ մինչ այդ, ճանապարհը սպասարկող «Ոսմար» ընկերության աշխատակիցները սողանքի վայրում շուրջօրյա հերթապահություն են սահմանել:

 

 

Եվրամիությունը ողջունել է Վրաստանի նոր ռազմավարությունը
 

Եվրամիությունը ողջունել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի նոր ռազմավարությունը: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշտոնը:

Դեռեւս հունվարի 28-ին Վրաստանի կառավարության հավանությանն արժանացած եւ «Մասնակցություն՝ համագործակցության ճանապարհով» վերնագրված այդ ռազմավարությունը նպատակ ունի հասնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի լիակատար «դեօկուպացիային», եւ կանխելու ՌԴ կողմից գրավյալ տարածքներն անեքսիայի ենթարկելու գործընթացը, նաեւ այդ տարածքներն ու դրա բնակիչներին, բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով, ինտեգրել Վրաստանին՝ միաժամանակ մերժելով հարցի լուծումը ռազմական ճանապարհով»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Վրաստանի կառավարությանը կոչ է արել խորհրդատվություններ սկսել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ այդ ռազմավարության գործողությունների ծրագիրը նախապատրաստելու նպատակով: Էշտոնը ողջունել է նաեւ Վրաստանի մտադրությունը՝ «Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերահսկող իշխանությունների» հետ չեզոք հարցերի շուրջ համագործակցության ծրագիր մշակելու նախաձեռնությունը եւ բոլոր կողմերին կոչ է արել դրա շուրջ հնարավորինս արագ բանակցություններ սկսել: Նա կրկնել է, որ Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ընդսմին, ինչպես փոխանցում է «Newsru»-ն, Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ նոր հակասություն է ի հայտ եկել: Հարավային Օսեթիան, չսպասելով իր կողմից Վրաստանին արած՝ սահմանների ապառազմականացման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկի պատասխանին, պաշտոնական Թբիլիսիին նաեւ տարածքային պահանջներ է ներկայացրել: Ցխինվալում հայտարարել են, թե սկսում են Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի «պետական սահմանին» ֆիքսող սյուներ տեղադրել: Ընդ որում, Հարավային Օսեթիայի տարածքը, այդ սահմանագծման համաձայն, զգալիորեն ավելի մեծ է, քան՝ այսօր կա: Ցխինվալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, թե Խորհրդային Վրաստանը իր կազմում գտնվող ինքնավար այդ մարզի տարածքները ժամանակ առ ժամանակ յուրացրել է, եւ հիմա օսերը մտադիր են դա եւս վերականգնել: Վրաց վերլուծաբաններն արդեն ահազանգել են, թե դա «շատ վտանգավոր զարգացումների եւ նոր հակամարտության կարող է հանգեցնել»:

 

Իրանը ռուս օդաչուներից պահանջել է լքել երկրի տարածքը
 

Ռուս օդաչուները շարունակում են Իրանում աշխատել սովորական ռեժիմով, չնայած այն բանին, որ այդ երկրի ղեկավարությունը վերջիններիս խնդրել է լքել Իրանը: Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աղբյուրը «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ին փոխանցել է, թե որեւէ պաշտոնական ծանուցում՝ առ այն, որ Իրանն այլեւս օտարերկրյա օդաչուների կարիք չունի, ռուսական ավիացիոն ձեռնարկությունը չի ստացել: «Ռուսական անձնակազմերի աշխատանքն Իրանում շարունակվում է սովորական ռեժիմով, ՌԴ դեսպանությունը մշտական կապ է պահում իրանական ավիաընկերությունների հետ համագործակցող ռուսական ավիացիոն ձեռնարկությունների հետ եւ վերջիններին ապահովում է հայրենական ինքնաթիռներով»,- շեշտել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Իրանի իշխանությունները այդ երկրում աշխատող քաղաքացիական ինքնաթիռների ռուս օդաչուներին երկու ամիս ժամանակ են տվել երկրի տարածքը լքելու համար: Ընդ որում, Իրանի տրանսպորտի նախարարը, իբր, հիմք է ընդունել երկրի նախագահի հրամանը: Նման որոշման պատճառը, իրանցի նախարարի ասելով, այն է, որ Իրանն իր արհեստավարժ օդաչուներն ունի եւ օտարերկրյա մասնագետների անհրաժեշտություն այլեւս չկա: Փորձագետները, սակայն, կարծիք են հայտնում, որ նման քայլը Իրանի նկատմամբ միջուկային ծրագրերի հետ կապված հնարավոր նոր պատժամիջոցներ կիրառելու մասին Մոսկվայի հայտարարության պատասխանն է, նաեւ այն, որ Ռուսաստանն այդպես էլ չի կատարել իր՝ Իրանին ռուսական C-300 տիպի հրթիռներ վաճառելու մասին նախնական պայմանավորվածությունը:

 

Բեռլուսկոնին տարերքի մեջ է
 

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մարտի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որին, բացի Բեռլուսկոնիից, ներկա է եղել նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Իգնացիո Լա Ռուսսան, լրագրող Ռոկկա Կառլոմանյոն մի քանի անգամ փորձել է հարց տալ վարչապետին, սակայն նրան թույլ չեն տվել մոտենալ բարձրախոսին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, լրագրողը փորձել է բարձր ձայնով պնդել իր պահանջը՝ խափանելով ասուլիսի ընթացքը: Ի պատասխան՝ Բեռլուսկոնին լրագրողին անվանել է անդաստիարակ եւ սադրիչ ու հավելել. «Այս ասուլիսը լրագրողների համար է, եւ ոչ թե ձեր նման անձանց»: Ի պատասխան Կառլոմանյոյի պնդմանը, թե այլ լրագրողների տված հարցերը նախապես պատրաստված են, Բեռլուսկոնին ասել է, թե ոչինչ էլ նախապես պատրաստված չէ եւ վիրավորական արտահայտություններ է արել լրագրողի հասցեին: Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, Իտալիայի պաշտպանության նախարարը փորձել է կոպիտ կերպով լրագրողին դուրս հանել դահլիճից: Կառլոմանյոն անվտանգության աշխատակիցներից պահանջել է դահլիճից վռնդել Լա Ռուսսային, որին նա «ֆաշիստ» է անվանել եւ խոստացել է դիմել դատարան:

 

ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՆՈՐ ԱԼԻՔ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
 

Հունաստանում գործադուլների նոր ալիք է սկսվել: Երեկ գործադուլ են հայտարարել պետծառայողները, չի աշխատել հասարակական տրանսպորտը, փակ են եղել օդակայանները, դպրոցներն ու հիվանդանոցները: Սպասվում է, որ համընդհանուր գործադուլը կտեւի մի քանի օր: BBC-ին հիշեցնում է, որ Հունաստանում բողոքի ակցիաների պատճառ են դարձել կառավարության կողմից պետական բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում պետական ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները: Հունաստանում սկսված գործադուլային ալիքի հետեւանքով երկիրն արտաքին աշխարհից մեկուսացվել է, քանի որ ավիադիսպետչերները եւս դադարեցրել են իրենց աշխատանքը, նրանց են միացել նաեւ նավահանգստային եւ առափնյա ծառայության աշխատակիցները, ինչի արդյունքում նավահանգիստներում բազմաթիվ նավեր են կուտակվել: Սպասվում է, որ գործադուլավորներին են միանալու նաեւ ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցներն ու մաքսավորները:

Հունաստանի կառավարությունը հայտարարել է, թե հասկանում է քաղաքացիների դժգոհությունները, բայցեւ հրաժարվել է մեղմել ձեռնարկված քայլերը: Գործատուների հունական դաշնության ղեկավարը մեղադրել է գործադուլավորներին այն բանում, որ նրանք փորձում են ստիպել երկրին ողորմություն խնդրել: Հավելենք, որ Հունաստանի բյուջեի դեֆիցիտն այսօր կազմում է ՀՆԱ-ի 12,7 տոկոսը, պետական պարտքը 300 մլրդ դոլար է, գործազրկությունը՝ 10 տոկոս եւ արժեզրկումը երկրում կազմում է 2,8 տոկոս:

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԻԿՈԼԱՅ ԱԶԱՐՈՎՆ Է
 

Հինգշաբթի օրը երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերջապես հաջողվել է Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր՝ «Կայունություն եւ բարեփոխումներ» կոալիցիա ձեւավորել: Վերջինը՝ անհրաժեշտ 226 պատգամավորների փոխարեն, ունի արդեն 235 անդամ: Այդ մասին, ըստ «Newsru»-ի, երեկ հայտարարել է Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Կոալիցիայի ձեւավորումից անմիջապես հետո վերջինի անդամներն առաջարկել եւ քվեարկությամբ Ուկրաինայի նոր վարչապետ են ընտրել «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Նիկոլայ Ազարովին (նկարում): Ուկրաինայի խորհրդարանում նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ այլեւս նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի զինակիցները հրաժարվել են ճանաչել ոչ միայն նոր ձեւավորված կոալիցիան, այլեւ նոր կառավարությունում ներկայացված լինելու առաջարկից՝ հայտարարելով, թե անցնում են ընդդիմադիր ճամբար:

 

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՆԱԿՑԵԼ
 

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցություններին մասնակցել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին Աբբասը հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Միջարաբական այդ խոշոր կազմակերպության գլխավոր քարտուղարի ասելով, Պաղեստինի ղեկավարը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Իսրայելի ՆԳ նախարարը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում 1600 հրեա ընտանիքների համար բնակելի տների շինարարության ծրագրի մասին: «Պաղեստինի առաջնորդը որոշել է այս փուլում բանակցություններ չսկսել: Ներկա պայմաններում նա դրան պատրաստ չէ, բոլոր շփումներն այդ ուղղությամբ դադարեցվել են»,- ասել է Ամր Մուսան՝ Կահիրեում տեղի ունեցած ԱՊԼ-ի արաբական խաղաղարար նախաձեռնության կոմիտեի նիստից հետո: «Եթե Իսրայելի ծրագրերը հնարավոր չլինեն կանխել, իսկ դրանք կարող են փոխել պաղեստինյան տարածքներում՝ ներառյալ Արեւելյան Երուսաղեմը, ժողովրդագրական վիճակն ու աշխարհագրական տեսքը, ապա Լիգան այդ բանակցությունները անարդյունավետ կհամարի»,- հայտարարել է Մուսան:

Հիշեցնենք, որ Իսրայելի հիշյալ նախաձեռնությունը քննադատել են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը՝ իսրայելցիներին կոչ անելով դադարեցնել բնակավայրերի շինարարություն

 

25. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
 


Տեսարան Սարի թաղի «երբեմնի անտառից»:


Սարի թաղի 8-րդ փողոցի բնակիչ Սամվել Թովմասյանը:


ԱՄՆ-ում բնակվող սարիթաղցու տուն:

Կրկին անտառ մտա: Ավելի շուտ՝ «երբեմնի անտառ» պիտի ասեի: Քսան տարի առաջ այնքան խիտ անտառ էր այստեղ, որ ընդմիջման ժամին հեռուստաստուդիայից հանգստանալու նպատակով այստեղ գալով, ձգտում էինք չկորցնել արահետը: Առանց բացատ դուրս գալու՝ անհնար էր ներքեւում փռված քաղաքը տեսնել: Իսկ ահա այժմ չկան այն սաղարթախիտ ծառերը, որ խանգարեն տեսնելու Երեւանի համայնապատկերը:

Արդեն իմ առջեւ քաղաքն է՝ իր աղմուկ-աղաղակով, ժխորով, մարդկային բարդ հարաբերություններով: Քիչ անց պիտի ներխրվեմ այդ ամենի մեջ: Ափսոսանքով եմ ետ հայացք ձգում: Գիտեմ, որ շատ բան չտեսա, չբացահայտեցի: Մտովի շատերից ներողություն եմ խնդրում ու լանջով ցած իջնում: Սակայն լանջի լայնքով զուգահեռ փողոցներ են ձգվում, ու վերջին անգամ չխոսել սարիթաղցիների հետ՝ չէի կարող: 10-րդ շարքն անցնելիս դիմեցի սեփական տան շեմին կանգնած 65- ամյա կնոջը.

- Սարի թաղից քաղաք իջնելու ճանապահ կա՞ այս կողմերում:

- Իհարկե, այստեղից ոտքի ճանապարհ կա, երկաթուղի կհասնես: Երկաթուղին հիմա չկա, քանդել են, տեղը ավտոճանապարհ են գցել: Է՜, գնացքի ձենին կարոտել ենք: Հիմա ամբողջ գիշեր ավտոմեքենաների աղմուկ ենք լսում:

- Ո՞նց եք ապրում,- զրույց սկսելու համար իմ ավանդական դարձած հարցից սկսեցի ես:

- Չգիտե՞ք ոնց կարող ենք ապրել,- պատասխանեց Սուսաննա Ղազարյանը,- հինգ հոգով ենք տանը բնակվում, միայն աղջիկս է աշխատում: Թոռս բանակում է, Արմավիրում է ծառայում, բայց չեմ կարողանում այցի գնալ: Քսան հազար դրամ թոշակ եմ ստանում, հազիվ ենք սննդի հոգսը քաշում: Պետհամալսարանի տնտեսագիտականն եմ ավարտել, տարբեր ձեռնարկություններում գլխավոր հաշվապահ, գլխավոր տնտեսագետ, տնօրեն եմ աշխատել: Հիմա մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում: Ամուսինս վերեւում՝ քարերի մեջ մի 200 քառակուսի մետր հողամաս է մաքրել, պտղատու ծառեր տնկել, որ թոռներին խնձոր, ծիրան բերի:

Քիչ անց եկավ ամուսինը՝ Կիմ Սահակյանը:

- Հոնին ծաղկել է,- ասաց 66- ամյա նախկին շինարարը,- միայն թե ձյուն չգա ու բերքը փչացնի: Ի՞նչ անեմ, 16 հազար դրամ թոշակ եմ ստանում...

- Քիչ առաջ լանջն ի վեր բարձրացա: Անտառը չի՞ ջրվում:

- Ոռոգման խողովակները քանդեցին- տարան, սյուներ էին տնկել, էլեկտրականություն քաշել մինչեւ պահակատուն, սյուներն էլ տարան... Հետեւող չկա, տեր չկա... Եթե ոռոգվի, ամենը կկենդանանա:

- Գազի խողովակը ձեր պատշգամբով է անցնում, ինչո՞ւ գազ չեք քաշում:

- Հնարավորություն ունենք՝ չե՞նք քաշում:

Տետրում գրառումներ էի անում, երբ մեզ մոտենացող մի մարդ քննախույզ իմ կողմը նայելով ասաց.

- Կա- չկա՝ ակտ է կազմում:

Կիման դարձավ իմ կողմը.

- Այ, Սամվել Թովմասյանը իսկական զրուցակից է, էնքան բան պատմի...

- Քսան տարի առաջ եմ դուրս եկել հեռուստատեսությունից, կարոտել եմ անտառը, եկա, որ տեսնեմ,- Սամվելին դիմելով՝ ասացի ես:

- Իմ մանկությունը այս անտառում է անցել: Որ աչքերս կապեին՝ կգնայի ծառերի արանքով: Մեր էս թաղի մարդիկ ոչ մի ճյուղ չեն պոկել անտառից, որովհետեւ անտառը սրբություն էր մեզ համար: Նար- Դոսի փողոցի բնակիչները 1992-93 թվականներին հատեցին ու տարան: Իհարկե, էներգետիկ ճգնաժամի հեղինակներն են մեղավորները:

- Անտառը շատ ընտանիքներ փրկեց սառնամանիքից,- ասացի ես,- բայց հիմա քաղաքը պարտավոր է վերականգնել այն:

- Հայրս պատմում էր, որ 1937- ին են հիմնել անտառը: Լավ կլինի, որ քաղաքի մեծամեծերին հուշես, որ տիրություն անեն: Թե չէ՝ ծառատունկին հեռուստացույցով գլուխ են գովում, բայց հետո մոռանում են, որ կարեւորը խնամքն է: Դե որ «Առավոտի» համար ես գրում, մեր թաղի բնակիչները մի խնդիր ունեն: Ճիշտ է, դիմում եմ պատրաստում քաղաքապետարանի համար, բայց լրագրողին պատմելն էլ չի խանգարի: Էստեղ քաղաքային տրանսպորտ չի գալիս: Ստիպված ենք թեքությամբ Չարենցի փողոց իջնել: Իսկ անբարենպաստ եղանակին մեզ շատ դժվար է լինում: Առաջարկում եմ երթուղային տաքսու նոր գիծ բացել: Տեսնո՞ւմ եք փողոցի մաքրությունը: Ամբողջ երեսուն տարի ցեխի մեջ էինք: Շնորհակալ ենք քաղաքապետարանից, եկան, ասֆալտապատեցին, իրենց խոստումը կատարեցին: Մենք էլ պարտքի տակ չմնացինք, ընտրություններին մի մարդու պես քվեարկեցինք: Քաղաքապետը խոստացել է փողոցներում լուսավորություն անցկացնել, որ հիշեցնես՝ քեզ էլ շնորհակալություն կհայտնենք:

- Բայց ես ընտրվելու նպատակ չունեմ, ո՞նց պիտի շնորհակալ լինեք,- կատակով ասացի ես:

- Որ հեռվից տեսնես մեր թաղի լույսերը, քեզ լավ կզգաս: Դա էլ քիչ բան չի: Հա, մի բան էլ. ողջ Սարի թաղում թերթի կրպակ չկա: Երբեմն բերում են ձեռքներին, տնետուն վաճառում: Բայց այդ ձեւը հարյուր տարի առաջ էր:

- Հարյուր տարով ե՞տ եք մնում քաղաքակրթությունից: Սարի թաղում եկեղեցի, գոնե մատուռ չկա, որ մոմ վառեք, աղոթեք, Աստծու հետ խոսեք:

- Ո՞վ է մեր մասին մտածում: Նախագահական ընտրություններին էլ եմ ակտիվ մասնակցել: Մեր թաղում ընտրությունների կազմակերպիչը ես եմ: Փոքրուց էլ սիրել եմ հասարակական գործը:

- Գո՞հ ես ընտրությունների արդյունքից:

- Արտաքին քաղաքականության մասին բան չունեմ ասելու: Դիվանագիտական բարդ խաղերի մեջ ենք մտել: Վտանգ էլ կա մեջը: Բայց երկրի տնտեսությունը խելքի չի գալիս: Երեւանից դուրս կյանքը մեռած է: Բոլոր երեքն էլ կադրային խնդիրներ ունեին լուծելու, չկարողացան: Առանց մարդկանց ըստ իրենց ունակության ճիշտ տեղը դնելու՝ ո՞նց կառավարես, խելքի բերես երկիրը:

- Արմատներդ որտեղի՞ց են:

- Ծնողներս 1932 թ. եկել են Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառից: Հայրս՝ Գեւորգ Թովմասյանը, թաղի լիազորն էր: Պատմում էր, որ Աղասի Խանջյանը Անաստաս Միկոյանի հետ 1933- ին Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում բնակիչների հետ հանդիպման եկան, ժողովրդի պահանջով լուծեցին Սարի թաղի խմելու ջրի հարցը: Սարի թաղի հիմնական բնակիչները մշեցի, մոկացի, վանեցի, ալաշկերտցի, բիթլիսցի էին: Հետո Հայաստանի շրջաններից էլ եկան, սովորությունները, կենցաղը խառնվեցին իրար: Հայրս պետությանը հավատարիմ մարդ էր, միշտ ասում էր՝ պատերազմում Ստալինը հաղթեց: Հարեւան տղաների՝ Հուսիկի ու Աղաբեկի հետ ռազմաճակատ մեկնեց, ինքը վերադարձավ, ընկերները՝ ոչ:

Սամվելն ինձ իր տան ձեղնահարկ առաջնորդեց, որտեղից Երեւանի հրաշալի համայնապատկերն էր բացվում:

- Ամռանը օրերս այստեղ եմ անցկացնում:

Վերջապես, նեղ ճանապարհով Արաբկիրի թաղամասից եկող մայրուղուն հասա: Նախկինում այստեղով երկաթուղին էր անցնում, որը մի շարք գյուղերով անցնելով՝ կայարանը կապում էր Երեւանի գործարանների, Չարենցավանի, Հրազդանի, Սեւանի, ապա եւ երկրի հյուսիսի (Դիլիջան, Տավուշ) ու արեւելքի (Զոդ) հետ: Այս երկաթուղու փոխարեն քաղաքը արեւմուտքից շրջանցող երկաթուղի է կառուցվել: Իսկ երկաթգծի փոխարեն վերջին տարիներին քաղաքի Արաբկիր ու Էրեբունի թաղամասերն իրար կապող մայրուղի է անցկացվել:

Մայրուղու մոտ կանգնած տաքսու վարորդ Սարո Մանասյանը, որն այս թաղամասի բնակիչ է, իր պարտքը համարեց տեղեկանալ, թե ինչո՞ւ եմ լուսանկարում:

- Ինչ որ հետաքրքիր է թվում աչքիս՝ լուսանկարում եմ,- պատասխանեցի ես,- իսկ դու հավանո՞ւմ ես նոր ճանապարհը:

- Ո՞ւր է ճանապարհ այստեղ, էն օրը մի ավտո էր փչացել, ճանապարհը մինչեւ Պլանի գլուխ խցանվել էր: Դե թող նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը գար ու յոթ րոպեում ծայրից ծայր անցներ... Մայթ չկա, որ մարդ անցնի: Բնակարանների դռները ճանապարհի վրա են բացվում...

Տների արանքում ծռմռված, տեղանքին հարմարված թթենու մոտ երեխաներ էին խաղում: Նրանք զգացին իրենց ուղղված օբյեկտիվը:

8- րդ շարքում տղաները ավտոմեքենա էին լվանում:

- Երեւի անձնագրի լուսանկար ես անում, հա՞,- դիմեց տղաներից մեկը:

- Իսկ ի՞նչ արժե մի լուսանկարը,- հարցրեց մյուսը:

- Արա, չէ, 02- ի համար է նկարում:

- Չէ, տղաներ, եթե ուզեք, կարող եմ «Առավոտ» թերթի համար լուսանկարել:

- Չէ, ախպեր, չեմ ուզում:

12- ամյա տղայի ձեռքը վիրակապած էր:

- Ի՞նչ է եղել, տղաս,- դիմեցի ես:

- Ընկել եմ,- ասաց տղան:

- Տո չէ, հերն ա խփել- ջարդել տղի ձեռքը:

- Տեսա՞ք, որ վերջը գործ դառավ:

- 02- ի համար լավ նյութ է, չէ՞, ընկեր լրագրող:

- Տղաներ, ընդհանրապես աշխատո՞ւմ եք,- հարցրի ես:

- Մեզանից ոչ ոք չի աշխատում,- պատասխանեց կլոր դեմքով երիտասարդը:

- Իսկ այս շքեղ ավտոմեքենան ո՞ւմն է:

- Արա, որ ասում եմ՝ գործ է բացվելու, չեք հավատում: Հիմա էլ կհարցնես՝ ի՞նչ անաշխատ եկամուտներով ես ավտոմեքենա գնել:

- Չէ, ես էլ մեքենա ունեմ, բայց բենզին չեմ կարողանում գնել,- ասացի ես, ստիպված ոտքով եմ Սարի թաղի փողոցները չափչփում:

- Մենք էլ մեքենան բրթելով տանում ենք մինչեւ խանութ, նույն ձեւով էլ ետ բերում:

- Ի՞նչ ես վաճառում:

- Ո՞ր մեկն ասեմ, մի քանի խանութ ունեմ:

- Լավ, տղաներ, ինչպես երեւում է, Սարի թաղի հումորի զգացումը տեղն է,- ասացի ես,- կարմիր տուֆով կառուցած այս երկու շինություններն ինձ հիացմունք պատճառեցին, փորձեցի բնակիչների հետ զրուցել, չկարողացա:

- Չես էլ կարա: Տերերը Ամերիկայում են բնակվում: Այսպիսի տներ միայն Ամերիկայում ապրողը կարա կառուցի:

- Ուրեմն Ամերիկա է գնացել, բայց հայացքը դեպի ետ է պահում:

- Դժվար է ասել...

Վերջապես դուրս եկա Սարի թաղի ճիրաններից, սակայն մտովի դեռ խոսում էի սարիթաղցիների հետ: Հենց այդ պահին էլ զանգեց կոշկակար Ստեփանն ու խնդրեց հանդիպել իրեն, քանի որ Սարի թաղի մասին նոր բաներ է հիշել:

- Ստեփան ջան, շնորհակալ եմ, բայց հենց նոր Չարենցի փողոց եմ հասել:

- Էլ Սարի թաղ չե՞ս գալու:

- Ճանապարհորդության գործով՝ չէ:

- Ափսոս... նոր բաներ ունեմ պատմելու: Համ էլ նոր բանաստեղծություն եմ գրել:

- Եթե գիրք գրելու լինեմ՝ կգամ:

Քայլեցի դեպի Ռոստոմի փողոցը: Ես ճամփորդությունս Սարի թաղում ավարտված էի համարում, երբ վաղեմի բարեկամս՝ քաղաքապետարանի աշխատակից Գրիգոր Սարիբեկյանը, որը Երեւանին ու նրա պատմությանը քաջատեղյակ է, խորհուրդ տվեց այդ փողոցի անցյալի մասին էլ գրել:

- Այդ փողոցում չլինես՝ հաշվի, որ Սարի թաղում չես եղել,- ասաց նա:

 

«ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈ՞ՒՅԹ», ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
 

Կան աղջիկներ, որոնք չեն ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը

«Գրականության մեջ բացակայում է «կուսության բարդույթ» տերմինը,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը, ում պրակտիկայում ավելի հաճախ հանդիպող տերմինը «մանկության բարդույթն» է, որն ինքնին մոտ է «կուսության բարդույթ» ասվածին: Ա. Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ շատ աղջիկներ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո շարունակում են իրենց կույս զգալ, պարզաբանեց, որ այդ կարգի բարդույթ ունեցող աղջիկը անգիտակցաբար չի պատրաստվում հրաժեշտ տալ մանկությանը, ձգտում է պաշտպանված լինել իրեն սիրող մարդու կողմից: Հաճախ այս դերում լինում է նրա մայրը:

Բժիշկը ասում է, որ շատ աղջիկներ մանկուց կապված են լինում մայրերի հետ եւ մայր-աղջիկ հարաբերություններում քննարկման թեմա կարող է դառնալ նույնիսկ աղջկա առաջին ամուսնական գիշերը:

Նրա խոսքերով, այսպիսի զրույցներն ու խորհուրդները, ինչպես փորձը ցույց է տալիս, ստեղծում են ավելորդ լարվածություն, ինչի հետեւանքով ձեռք է բերվում նեւրոզ, ձեւավորվում է սեքսուալ բարդույթ, որն էլ իր հերթին կարող է բերել սեքսուալ ցանկության բացակայության: Կլինիկայում հանդիպում է «կույս ամուսնություն» կոչվածը, երբ լիաժեք չի բացվում կուսաթաղանթը: Ա. Գրիգորյանը պատմում է, որ իրեն հաճախ են այս կարգի բարդույթներով ամուսնական զույգեր այցելում եւ, որպես կանոն, ծնողների ուղեկցությամբ, եղել է դեպք, որ այցելել են գյուղի մեծերից մեկի հետ:

Բանն այն է, որ անկողնում իրենց կանոններն են թելադրում սկեսուր-մայրիկներն ու զոքանչները, քանի որ դեռ գոյություն ունի «կարմիր խնձոր» տանելու կուլտուրան: «Այս տեսակի բարդույթից ձերբազատվելու համար խորհուրդ ենք տալիս ծնողներին հնարավորինս մեկուսացնել անկողնային գործերից: Չէ՞ որ սեռական կյանքը երկուսի համար է տրված»,- եզրափակում է սեքսապաթոլոգը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը եւս ժխտում է «կուսության բարդույթ» տերմինը ու հավելում, որ դա ավելի շատ էթնիկ բարդույթ է: «Յուրաքանչյուր ազգ ունի իրեն հատուկ բնորոշ ավանդույթներ: Կուսության պաշտամունքը, այսպես կոչված՝ ձեւական թասիբը, հայերի շրջանում դեռ երեխայի մեջ փոքրուց է դրվում եւ նույնիսկ ուղեկցվում որոշակի վախերով, մեղքի զգացումով եւ այլն... Ինչի հետեւանքով կորցնելով կուսությունը, աղջկա մեջ ափսոսանքի զգացում է արթնանում, ձգտում՝ վերադառնալ դեպի մանկություն: Շատ աղջիկների համար կուսության կորուստը մահից հետո ամենասարսափելի բանն է կյանքում: Նույնիսկ կան աղջիկներ, որոնք մինչ ամուսնանալը անկողնում ունենում են բավականին անկաշկանդ կապեր՝ պահպանելով կուսությունը: Ինչը, գուցե, ավելի կեղտոտ է ու անբարոյական»,- ասում է հոգեբանը:

Ըստ Մ. Մադաթյանի, շատ աղջիկների մոտ նույնիսկ ագրեսիա, ոտնձգություն է սկսվում նրա հանդեպ, ով իրենց զրկել է կուսությունից եւ շարունակում է հաճույք պարգեւել: «Այս ամենը գալիս է նրանից, որ սեռական կյանքը շղարշվում է գիշերվա քողի տակ եւ նմանվում ինչ-որ արարողության, պարտականության, այլ ոչ թե արվեստի, սիրո բացատրության, երաժշտության, ինչու չէ՝ ներդաշնակ սիմֆոնիայի: Իսկ ես հաճախ այսպիսի սեռական ակտը՝ պարտականությունը, համեմատում եմ լվացք անելու գործընթացի հետ»,- պարզաբանում է հոգեբանը ու հավելում, որ շատ կանայք նույնիսկ չգիտեն, թե ինչ է օրգազմը:

Ընդունված կարգի համաձայն, մեզ մոտ սեռական հաճույքը ուղղված է միմիայն տղամարդուն բավարարելուն: Մ. Մադաթյանը ասում է, որ մեզ մոտ ամուսնական զույգերը, որպես կանոն, սեքսի շուրջ զրույցներ չեն վարում:

Հոգեբանը, անդրադառնալով հեռուստահաղորդումներին, նաեւ ասաց, որ դրանք իրեն մտահոգում են, եւ հատկապես այն հաղորդումները, որոնց ընթացքում շատ բաց թեմաներ են շոշափվում:

«Ինչ-որ այսօր խոսվում է էկրաններից սեքսի շուրջ ու տպագրվում որոշ ամսագրերում՝ բավական գռեհիկ է ու պարզունակ: Սեքսուալը մերկ կինը չէ, այլ հագնվածը, որից ակնկալվում է մերկ գեղեցկություն»,- նշում է հոգեբանը ու եզրափակում, որ, ցավոք, կնոջ մերկ մարմինն այսօր սեռական ցանկություն չի արթնացնում: Այն ընդամենը սովորական պաստառ է, պատկեր, որին կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի:

 

Քնե՞լ իրար հետ, թե՝ ոչ…
 

Մինչամուսնական սեռական հարաբերությունները շարունակում են մնալ քննարկման թեմա

«Էրեխեք, երեկ գիշերը ֆորումներից մեկում կռիվ եմ արել մի տղայի հետ, որն ասում էր՝ ես երբեք չեմ ամուսնանա այն աղջկա հետ, ով մինչեւ ամուսնությունը իմ կամ ուրիշ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած լինի: Լրիվ նահապետական հայկական մտածելակերպ ուներ: Հիմա այստեղ տղաներով շատ եք, խնդրում եմ ասեք, էլ ով է այդպես մտածում, ով է դեմ նախաամուսնական սեռական կյանքին»,- ասաց Շուշանիկ Մելքոնյանը: «Հա, ես դեմ եմ, ո՞նց կարամ ես հագած կոշիկ հագնեմ»,- նրան պատասխանեց Արսենը...

Վերջերս նման խոսակցության ականատես եղա Երեւանի պետական թատրոններից մեկում, որտեղ տեղի էր ունենում հերթական ներկայացման փորձը: Հենց ընդմիջմանն էլ սկսվեց այս թեժ խոսակցությունը, որը բավականին երկար շարունակվեց: Խոսակցության ընթացքում, լսելով տարատեսակ կարծիքներ այս հարցի վերաբերյալ, որոշեցի անդրադառնալ դրան՝ խոսելով ազգագրագետի, հոգեբանի, սեքսապաթոլոգի եւ քահանայի հետ:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսօրվա երիտասարդները ուզում նախքան ամուսնությունը անպայման սեռական հարաբերություններ ունենալ սիրած էակի հետ, մի՞թե սեռական կապը ձեզ համար սիրո ապացույց է դարձել: Յուրաքանչյուր տղամարդ ունի պատկերացումներ կնոջ մասին, եւ այդ պատկերացումները չորս կերպարով են դրսեւորվում: Առաջին կերպարը Եվան է, որ մարմնավորում է սեռականությունը, երկրորդը՝ Հեղինեն (Ելենան), որ խորհրդանշում է ռոմանտիկությունը, երրորդը՝ Սուրբ կույս Մարիամը՝ մայրության խորհրդանիշը, եւ չորրորդ կերպարը Սոֆիան է՝ իմաստնությունը: Երբ տղան ձգտում է սեռական հարաբերությունների, միգուցե զուգընկերուհու մեջ Եվային է տեսնում: Ճիշտ է, փոխվում են ժամանակները, բայց զգացմունքները չեն ենթարկվում ժամանակի փոփոխություններին»,- ասում է հոգեբան Վլադիմիր Միքայելյանը:

Իսկ երիտասարդների խոսակցությունը շարունակվում է այսպես...

«Կյանքում ավելի վեհ հարաբերություններ ու զգացմունքներ կան, քան այդ մինչամուսնական սեռական հարաբերությունները: Չէ՞ որ երկու հասկացություն կա՝ զբաղվել սեքսով եւ զբաղվել սիրով, դրանք շատ տարբեր բաներ են»,- ասում է դերասան Լեւս Դավթյանը:

«Անշուշտ, ժամանակները փոխվում են, սակայն դա չի նշանակում, որ փոխվում է նաեւ մեղք գործելու գաղափարը: Այս պարագայում մինչամուսնական սեռական կապը մեղք է: Ով է ասում, որ մինչամուսնական սեռական համապատասխանությունը կարեւոր է հետագայում ամուր ընտանիք ունենալու համար: Ամուր ընտանիք ունենալու հիմքը սերն ու զիջողությունն են: Խորհուրդ կտամ ամուսնանալ, ստանալ Աստծո օրհնությունը եւ դառնալ ոչ թե երկու, այլ մեկ մարմին»,- ասում է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ թեմայի մասին խոսելիս նշեց, որ որքան էլ փոխվեն ժամանակները, միեւնույն է՝ մենք դեռ շարունակում ենք ապրել մեր նախապաշարմունքներով: «Մենք ավանդութային հասարակության կրողներ ենք, եւ դա ժամանակի ընթացքում փոխել անհնար է: Որքան էլ մարդիկ պնդեն, թե ազատ մտածելակերպի տեր են եւ իբր ուշադրություն չեն դարձնում «կարմիր խնձորին», այնուամենայնիվ, համոզված չեմ, որ կգտնվի որեւէ հայ ծնող, ում չի հետաքրքրի իր հարսի կույս լինելը: Դա ավանդական մտածելակերպ է, որ աղջիկը պետք է կույս լինի մինչ ամուսնությունը եւ փորձառություն ձեռք բերի միայն ամուսնությունից հետո»,- ասում է նա:

«Եթե տղա ու աղջիկ իրար հետ ընկերություն են անում, թող մի հատ քնեն իրար հետ, տենան ամեն ինչ նորմալ է, թե չէ, հետո նոր ամուսնանան: Ես քանի ընկերուհի ունեցել եմ՝ բոլորի հետ էլ քնել եմ»,- կեսկատակ-կեսլուրջ հավելեց Լեւսը:

Սեքսապաթոլոգ Ռուզան Ազատյանից էլ փորձեցի ճշտել՝ այսօր երիտասարդների մոտ մե՞ծ է արդյոք սեռական անհամապատասխանության խնդիրը: «Մինչամուսնական սեռական հարաբերություններում չափազանց կարեւոր է զույգերի ցանկությունը, այլ ոչ թե հարաբերություննների անհամապատասխանության պարզաբանումը: Այս հարցը շատ հարաբերական է. կան զույգեր, որոնց համար մինչամուսնական սեռական հարաբերությունները սովորական կլինեն, հնարավոր է՝ նաեւ հակառակը լինի: Բացի այդ, երիտասարդները, տրվելով զգացմունքներին, որոշակի բարդությունների առաջ կարող են կանգնել, ինչպես, օրինակ, սեռավարակներն են: Շատ դեպքերում էլ պատահում է նաեւ առաջին հղիության ընդհատում, ինչն էլ անդառնալի հետեւանքներ կարող է թողնել: Երկար ժամանակ սեռական ցանկություն ունենալը, բայց սեռական հարաբերություններից խուսափելը եւս բացասական ազդեցություն է թողնում: Նման դեպքերում սեռական խանգարումներ են լինում եւ վերականգնվելու համար հատուկ բուժում է հարկավոր»,- ավելացրեց Ռ. Ազատյանը:

 

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
 

(Սկիզբը՝ նախորդ համարում)

Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի եւ սպանում է նրան ու հրավեր ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող ուրիշ կնոջ ամուսնուն, դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին «հանգցնել հայի լույսը», իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը եւ իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:

Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը հանդիսանում են ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքը էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության՝ տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր «ես»-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է «ոչ ասպետական վարքագիծ» եւ նա որակվում է որպես անբարո մարդ:

Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները, կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե՛ կինը, թե՛ տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես, օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է: Երբ կնոջ կամ տղամարդու մոտ, երեխաների մեծանալուն զուգընթաց, թուլանում են մայրական կամ հայրական զգացմունքները, երբ նրանց բազմացման բնազդը սկսում է գերիշխել բարոյական հատկանիշների նկատմամբ, ապա նրանք սկսում են նոր զուգընկերոջ որոնումներ, իսկ նախկինին փորձում են ինչ-որ կերպ երկրորդական պլան մղել կամ չեզոքացնել: Առաջանում է կոնֆլիկտային իրավիճակ այս եռյակի հարաբերություններում, որտեղ ներառվում են հետագայում սեռային հետաքրքրության նոր զուգընկերը, հասարակական-պետական խմբերն ու կառույցները:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news