2020թ. հոկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել էր քննիչի միջնորդությունը «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանի պաշտպանյալի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգելու մասին, եւ վերջինս ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Նա անհիմն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով (առողջությանը ծանր եւ միջին վնաս պատճառելը):
«AM» իրավաբանական ընկերությունից «Առավոտը» տեղեկացավ, որ մեղադրյալն ազատ արձակվելուց հետո մի քանի օր անցկացնելով ընտանիքի անդամների հետ՝ հոկտեմբերի 16-ին կամավորական հիմունքներով իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենայով մեկնում է հայրենիքի պաշտպանության՝ ընդգրկվելով ՀՀ ԶՈՒ կազմում:
Պատերազմի ընթացքում մասնակցելով տարբեր մարտական գործողությունների՝ ավտոմեքենայով անմիջականորեն փրկում է 4-5 հայորդու կյանք, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների:
Ըստ Լ. Սահակյանի, «Մարտական խնդիր կատարելիս մեղադրյալը միայնակ հայտնվում է թշնամու եռակողմ կրակի տակ եւ հրաշքով փրկվում է ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատայինների օգնությամբ: Նա այժմ էլ շարունակում է իրականացնել իր ծառայությունը մինչ ռազմական դրության ավարտը:
Կարդացեք նաև
Օրերս մեղադրյալը հրամանատարության կողմից ստացել է թույլտվություն եւ մի քանի օրով վերադարձել է ընտանիք ու տեղեկացել, որ Շիրակի մարզի դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի կողմից կայացրած որոշումը եւ պահանջում է կալանավորել իրեն: Դատախազը ներկայացված միջնորդությամբ պնդում էր, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը»:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանի ջանքերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի դեմս դատավոր Սեւակ Համբարձումյանի, մերժեց դատախազության առավել քան անհիմն բողոքը, եւ մեղադրյալը շարունակում է ծառայել հանուն հայրենիքի:
Սեփական լրատվություն
«Առավոտ» օրաթերթ
27.11.2020