ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց․ «Միանգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ»։
Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պետք է հեռացվի Փաշինյանը։ Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7,5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետեւանքներով։ «Փաշինյանի գլխավոր հանցանքը ժողովրդի առաջ եւ գլխավոր ձախողումն այն էր, որ ինքը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Իր կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետեւանքով կորցրել ենք 5000 մարդ, եւս մեկ հայոց աշխարհ՝ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա»,- հայտարարեց նա։
Զուրաբյանն ասաց, որ այս ամենը հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանքով է, այս իշխանությունը ժողովրդից թաքցնում է մի կարեւոր գաղտնիք, որն իր գործած հանցանքների ամենալուրջ վկայությունն է։ «Դա այն է, որ 2019 թվականի ապրիլին, իսկ հետո նաեւ հունիսին Մինսկի խմբի համանախագահության կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է խաղաղության մի փայլուն պլան, եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, եւ կկնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով։ Իսկ ԼՂ կարգավիճակի հարցը շաղկապվում էր Քարվաճառի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Զուրաբյանի խոսքով՝ այսօր Փաշինյանը փորձում է մեր ժողովրդի վզին փաթաթել ադրբեջանահպատակ հայկական պետության մոդելը։ Ավարտելով Արցախը՝ նա հիմա զբաղված է Հայաստանի անկախության ոչնչացմամբ։
«Ինչ պետք է անել՝ մենք ունենք համաժողովրդական շարժման ստեղծման ծրագիր, որը պետք է լուծի այս խնդիրները, փոխի մթնոլորտը երկրում, մոբիլիզացնի մեր ժողովրդին, դառնա նրա երազանքների կրողը, մշակի մեր ինքնությունը հարգող խաղաղության հաստատմամբ իրատեսական ծրագիր։ Քանի դեռ այն ստեղծված չէ, ոչ մի խնդիր չի լուծվի»,- հավելեց Զուրաբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ