Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող թվարկեն՝ ի՞նչ նոր ձեռնարկություն են ստեղծել Շիրակում, բացի մաքսատնից»․ Վահան Թումասյանը՝ Փաշինյանի՝ Հպարտ անձնագրի մասին

Փետրվար 28,2020 19:21

Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։

«Ես, անկեղծ ասած, նայում եմ Շիրակի մարզի, Գյումրիի աչքերով և ասում եմ՝ կրճատումներ կարող ենք նշել, լուծարված ձեռնարկությունների ցանկ կարող ենք թվարկել՝ սկսած «Շիրակ» հեռուստատեսությունից և այլ և այլն, այդ տենդենցը նաև հիվանդանոցների վրա է տարածվում, բայց նոր աշխատատեղեր չեմ կարող նշել։ Ի՞նչ ձեռնարկություն է բացվել, ասենք մաքսատունն է բացվել, որտեղ 20 աշխատող կան, թե չգիտեմ քանի։

Շիրակի մարզում ճիշտ հակառակ տենդենց է գնացել, կրճատումներ են եղել, չգիտեմ որտեղ ի՞նչ է բացվել, որ մարդիկ պիտի մտնեին, աշխատեին։ Գուցե Փաշինյանի երազանքն է կամ նպատակը, բայց չեմ հասկանում թվերը որտեղի՞ց։

Ես իրական կյանքն եմ պատկերացնում, մարդկանց հետ ամեն օր շփվում եմ և հասկանում եմ, առավել ևս շուկայի համար մրցակցային ձեռք էլ չունենք։ Եթե աշխատատեղեր բացվեն, աշխատողները մրցակցային պետք է լինեն։ Նախորդ տարիներին այնքան պրոբլեմներ են եղել, մարդիկ կորցրել են իրենց մասնագիտական կարողությունները, պահանջարկ չի եղել շուկայում, քաղաքում արհեստավոր չի մնացել, եթե նույնիսկ աշխատատեղեր բացվեն, մենք աշխատողների խնդիր էլ կունենանք։ Մնացել են աղքատ, ճակատագրական հարվածներ ստացած, մասնագիտական կարողություններով աշխատաշուկայում մրցակցություն չունեցող մարդիկ։ Նույնիսկ, եթե Գյումրիում կամ Շիրակի մարզում աշխատատեղեր բացվեն, մենք անպայման այդ պրոբլեմին կառնչվենք, այսինքն չի ստեղծվել, որ չենք առնչվել։

Թող մի հատ թվարկեն, ասենք ասեն, որ Գյումրիում կամ Շիրակի մարզում երեք տեղանոց ձեռնարկություն է ստեղծվել, բացի Հյուսիսային ավտոմաքսատնից, թող այլ որևէ ձեռնարկություն ցույց տան, հակառակ կան կրճատումներ, լուծարված հիմնարկներ»։

Հպարտ անձնագրի «Աղքատության նվազում պատմական ամենացածր մակարդակի» կետի հետ կապված էլ Վահան Թումասյանը կարծիք հայտնեց, թե նոր իշխանությունն այս երկու տարվա կառավարման ընթացքում ի՞նչ կոնկրետ քայլեր է արել, որ աղքատությունը նվազեր։ Ըստ մեր զրուցակցի, աղքատությունը շատ ավելի խորացել է։

«Ես, ճիշտն ասած, նախորդ տարիներին ավելի քիչ ձմռան փայտ եմ բաժանել, քան այս տարի, որովհետև այս տարի պահանջարկը սարսափելի շատ է եղել։ Սա նշանակում է, որ աղքատ խավը, եթե նույնիսկ չի կարողանում ջեռուցում ապահովել, ուրեմն բան չի փոխվել։ Ի՞նչ գործողություն է արել պետությունը, որ փոխվեր»,-ասաց Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829