Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում է փաստաբան Արթուր Ղամբարյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի

Փետրվար 21,2019 10:12

Փաստաբան Արթուր Ղամբարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` պահանջելով վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը:

Նշենք, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո 31.01.2019թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդ` խնդրելով վերականգնել փաստաբանական գործունեության իր արտոնագրի գործողությունը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 06.02.2019թ. թիվ 3/4-Ա որոշմամբ սահմանել է Ա.Ղամբարյանի փաստաբանական արտոնագիրը` միաժամանակ սահմանել, որ նա պարտավոր է 32 ամսվա ընթացքում իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթաց՝ 104 ակադեմիական ժամ ժամաքանակով:

Փաստաբանը վիճարկում է «լրացուցիչ» վերապատրաստման պարտավորությունը, քանի որ օրենսդիրն այն նախատեսել է որպես կարգապահական տույժ: Հետեւապես պարզ չէ, թե ինչու փաստաբանը, որը որեւէ խախտում թույլ չի տվել` պետք է վերապատրաստում անցնի նույն իրավական ռեժիմով, ինչ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանը:

Բանն այն է, որ Օրենքով նախատեսված են «վերապատրաստում» և «լրացուցիչ վերապատրաստում» իրավական հասկացությունները, որոնք ունեն էապես տարբեր իրավական բնույթ: Օրենքի իմաստով՝ վերապատրաստումը փաստաբանի պարտականությունն է, որի նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքների և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է (Օրենքի 19-րդ, 38-րդ հոդվածներ): Օրենքի իմաստով՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացին մասնակցելը կարգապահական տույժի տեսակ է: Խորհուրդը վիճարկվող իրավական ակտում հայցվորի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը՝ «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ, ձևախեղելով և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի և արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար լրացուցիչ վերապատրաստման միասնական կարգ սահմանելով, խաթարել է բարեխիղճ փաստաբանի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը», – նշել է գիտնականը` միաժամանակ արձանագրելով, որ ցանկացած մասնագետ, անկախ գիտական կոչման և գիտական աստիճանիվ, կարիք ունի վերապատրաստման և ինքնազարգացման և պլանավորում է մասնակցել փաստաբանների ընդհանուր վերապատրաստման ծրագրով նախատեսված մի շարք դասընթացների:

«Այս դատավարությունն առավել շատ ստրատեգիական է, քանի որ առաջին անգամ Պալատի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Ավանդաբար Պալատի դեմ հայցերը քննվել են քաղաքացիական դատավարության կարգով, մինչդեռ Պալատը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, իսկ Պալատի և փաստաբանի հարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, ուստի այս ոլորտում ծագող վեճերը պետք է քննել հանրային իրավունքի ռեժիմով: Օրինակ՝ ՀՀ կենտրոնական բանկը օրենսդրությամբ նույնպես բնորոշվում է որպես իրավաբանական անձ, որն իրականացնում է պետական գործառույթներ, իսկ նրա դեմ ներկայացված հայցերը քննվում են ՀՀ վարչական դատարանում: Պալատը նույնպես հիմնադրվում է պետության օրենքով, իրականացնում է հսկողական, արտոնագրման գործառույթներ, որոնք դասական պետական գործառույթներ են, սակայն պատվիրակվել են իրավաբանական անձին: Այս հարցը լուծելու համար պետք է գործադրել նաև սահմանադրական արդարադատության կառուցակարգերը», – ընդգծել է Ա.Ղամբարյանը:

Հայցադիմումն արդեն մուտք է եղել դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728