ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն է քննարկվում եւ «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ նախագծով գրված է, որ ուսումնական հաստատություններում պետք է դասավանդեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք, բայց որեւէ տեղ ամրագրված չէ, թե ովքեր կարող են բացել ուսումնական հաստատություններ. «Այսօր մեր երկրում ինչ-որ մի դերասան, նկարահանվելով սերիալներում, դառնալով հայտնի կամ մեկը, ով հաճախել է պարի ուսումնարան, որոշել է, որ նա կարող է բացել պարի դպրոց կամ թատերական խմբակ, հայտնի չէ, թե ովքեր են դասավանդում: Ձեր մոտեցումը ո՞րն է այս հարցի վերաբերյալ»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքն էլ է նման բողոքներ ստացել վերջին շրջանում, որ նման հաստատություններ բացելու համար լիցենզիա պետք չէ. «Սա կարգավորման կարիք ունի, որովհետեւ անհայտ որեւէ դերասան կարող է նման ստուդիա հիմնել եւ կրթություն տալ 4-5 տարեկան երեխաներից սկսած, որի ընթացքում մատուցած ծառայության ստուգում հնարավոր չէ իրականացնել: Դա նույնպես կարող է մտնի մեր օրակարգ եւ լիցենզավորման խնդիր առաջանա»:
Նա ասաց, որ ավելի հրատապ հարցեր կան, բայց խնդրին ծանոթ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պատգամավորի, Փաշինյանի աներձագը լինելը շեշտելով Ձեր ,,տեղեկացվածությունն,, էիք ուզում ցույց տալ… Պատկերացրեք Ձեր մասնագիտական որևէ քայլի մասին գրելիս անտեղի շեշտեն թե Դուք ում աղջիկն եք կամ կինը…
Չէ, իմ տեղեկացվածությունը ցուցադրելու միտում չունեի, ընթերցողին տեղեկացնելու նպատակ ունեի: Հրաչյա Հակոբյան անուն ազգանունով պատգամավորը նոր է ու ընթերցողները կարող է չկողմնորոշվեն, թե ում մասին է խոսքը: Այնպես որ ձեր չակերտները, համեմատությունը ինձ հետ բացարձակ տեղին չեն: