Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պաշտոնյա է կալանավորվել․ նա կասկածվում է պետությանը միլիոնների վնաս հասցնելու մեջ

Հունիս 10,2018 23:05

Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը երեկ կալանավորվել է։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ Դպրոցի տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։

«Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները հիմք են հանդիսացել նշված դպրոցի տնօրենին նույն հանցագործությունների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միաժամանակ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերվեցին տվյալներ այն մասին, որ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։ Բացի այդ, քննությամբ պարզվեց նաև, որ գործով ներգրավված մեղադրյալ անձը՝ դպրոցի տնօրենը, խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսևորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։

Շարադրված, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքներ, մասնավորապես նաև պետությանը պատճառված վնասը հաշվի առնելով՝ իմ կողմից նախաքննություն իրականացնող քննիչին և տվյալ քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին հանձնարարվել է երեկ միջնորդություն ներկայացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշում է կայացրել այն բավարարելու մասին», -ասաց Շիրակի դատախազը։

Կարեն Գաբրիելյանը մեկ անգամ ևս նշեց, որ իր ղեկավարած կառույցի կողմից բոլոր տեսակի կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը լինելու է անզիջում, այդ ուղղությամբ կատարել ու կատարելու են բազմածավալ աշխատանքներ․ ինքը օգտագործելու է օրենսդրությամբ իրեն ընձեռված ողջ գործիքակազմը։

«Նախկինում ունեցել ենք նման դրսևորումներ և իմ հորդորն է եղել՝ միջոցներ ձեռնարկել պետությանը պատճառված նյութական կամ գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ, ինչն էլ միաժամանակ առիթ կհանդիսանա քրեաիրավական ներգործության մեղմ միջոցների կիրառմանը։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի առումով Շիրակի մարզի դատախազության աշխատանքն առավել քան ակնհայտ է, ինչի մասին օրեր առաջ հրապարակվեց նաև մամուլում։ Մեր աշխատանքը չի սահմանափակվի միայն նմանաբնույթ հանցագործությունների բացահայտման և կատարած անձանց պատժելով։ Պայքարը հետևողականորեն կշարունակվի նաև տարբեր բնույթի հանցագործությունների նկատմամբ։ Շիրակի մարզի դատախազությունը, ի թիվս այլ լիազորությունների, հսկողություն է իրականացնում նախաքննական և հետաքննական մարմինների գործունեության օրինականության նկատմամբ և իրեն օրենսդրությամբ տրված լիազորությունների շրջանակում, դատախազական ակտերի կիրառմամբ և այլ անհրաժեշտ հետևողականությամբ անշեղորեն ապահովել և ապահովելու է օրինականության, օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրագործմանը»,- ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930