Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պայմանավորվածության է եկել Սամվել Ալեքսանյանը՝ նոր իշխանությունների հետ. սպասվում են հարկային փոփոխություններ

Հունիս 02,2018 23:23

Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»: Ըստ «Երեւան սիթիի» մեկնաբանության, «ընկերությունները՝ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները»:

«Առավոտի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն վճարի 5 տոկոս հարկ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել է 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Հիմա 2 տոկոսի փոխարեն Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել 5 տոկոս եւ փոխհամաձայնության եկել: Ընդ որում, այսօր արդեն Սամվել Ալեքսանյանը իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ բոլորը պետք է գրանցված լինեն եւ որեւէ աշխատող չի կրճատվելու: Այսինքն, Ալեքսանյանի հետ այսպիսի փոխհամաձայնության են եկել՝ վճարիր 5 տոկոս, բայց բոլոր աշխատողներին բեր հարկման դաշտ ու փորձիր աշխատել մաքուր:

Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» եւ մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը եւ վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով:

Այս առնչությամբ ՊԵԿ լրատվականից մեզ հայտնեցին, որ «դաշտի խնդիրների կարգավորման հարցի շուրջ ՊԵԿ-ը քննարկումներ է ունենում գործարարների հետ: Հարցը դրված է այնպես, որ գտնվեն այնպիսի լուծումներ, որ բիզնես գործընթացը կազմակերպվի բացառապես օրենքի տառին համապատասխան»:

Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, ոչ միայն «Երեւան սիթիի», այլ ցանցային առեւտրով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

Մեր տեղեկություններով, խնդրի կարգավորման համար շուտով հարկային օրենսդրությունը նոր փոփոխությունների կենթարկվի:

ԱՌԱՎՈՏ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Դուք նույնպես դեռ չեք հասկացել, որ հնարավոր չէ այլևս նման պայմանավորվածություններ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930