Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության աշխղեկ Հրայր Հակոբյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարի ժամկետով ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը օրերս անփոփոխ է թողել դատավճիռը եւ մերժել Հրայր Հակոբյանի բողոքը: «Առավոտին» Հ. Հակոբյանի հարազատները հայտնեցին, թե դիմելու են Վճռաբեկ դատարան: Հ. Հակոբյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Դ. Շախրամանյանը:
Մեղադրանքի կողմի համաձայն, Հրայրը 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հոկտեմբերը «տեղեկացել է ընկերությունում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար ստեղծված հանցավոր խմբի կողմից կատարվող հանցագործությունների մասին, հանցավոր խմբի կազմում փաստաթղթերը կեղծելու եղանակով հափշտակել է քաղաքապետարանի բյուջետային միջոցներից 101.066.467 դրամ»:
Դատական գործընթացների ժամանակ հարցաքննվել են 230 վկաներ, այս գործով տասներեք ամբաստանյալներից Գյուլիզար Շամոյանը, Սամվել Եղոյանը, Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանները, Գագիկ Հարությունյանը, Արմեն Խաչատրյանը, Սամվել Պապոյանը: Նրանցից որեւէ մեկը ցուցմունք չտվեց, թե աշխատանքի են ընդունվել Հրայրի առաջարկով կամ խնդրանքով, որեւէ վկա չի ասել, թե Հրայրն առաջարկել է գրանցվել ընկերությունում, իրականում այնտեղ չաշխատելով:
Հրայր Հակոբյանը եղել է վերնանցումներ եւ գետնանցումներ մաքրող աշխատակիցների աշխղեկը, որոնք սահմանված կարգով կատարել են իրենց աշխատանքը, դրա դիմաց ստանալով աշխատավարձ: Հրայրն աշխատավարձից բացի, այլ գումար չի ստացել կամ գրպանել:
Նախաքննության ժամանակ էլ Հրայրի անունը չի տրվել «փոխարինողների» հետ կապված գումարներ ստանալու սխեման բացահայտելիս, կամ այն մասին, թե տեղյակ է եղել, այսպես կոչված, փոխարինողների մասին:
Հիշեցնեմ, որ աշխղեկներ Գ. Շամոյանն ու Ս. Եղոյանը նախաքննության ժամանակ հայտնել էին, թե նշյալ գումարներից մասնաբաժին է գնացել տնօրեն Արթուր Հովհաննիսյանին, ամբաստանյալ Արմեն Խաչատրյանն էլ հայտնել էր, թե Շամոյանն ու Եղոյանը փոխարինողների գումարներից են իրեն տվել:
Ըստ Հրայր Հակոբյանի, դատարանը հաստատված պետք է համարեր այն, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել իրեն մեղսագրվող արարքին:
Ամբաստանյալների, վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ իրենց մոտ առկա է եղել բանկային քարտ:
Ողջ դատական գործընթացի ժամանակ որեւէ տվյալ ձեռք չբերվեց, որով հաստատվեր, թե Հրայրը ուրիշի փոխարեն ստացել կամ իր մոտ է պահել այլ անձի անվամբ թողարկված բանկային քարտ, նաեւ այն մասին, թե քարտով գումար է ստացել:
Դատարանն, ըստ էության, արժանահավատ չհամարեց Հրայրի բրիգադի հավաքարարների ցուցմունքները, որոնք ցուցմունք էին տվել, թե աշխատել են եւ ստացել են աշխատավարձ:
Իրականում, Հակոբյանի դեմ մեկ «ցուցմունք» կա՝ Հասմիկ Զեյնալյանի:
Ըստ պաշտպանական կողմի. «Վկա Հասմիկ Զեյնալյանը հարցաքննվել է չորս անգամ: Երկու անգամ նախաքննության ժամանակ, երկու՝ դատաքննության: Նախաքննության ընթացքում Զեյնալյանը նշել է, թե նա եւ քույրը աշխատել են ընկերությունում, իրար օգնելով, կիսել են աշխատավարձը: Նշվածը հաստատել է Զեյնալյանի քույրը: Երեք ամիս անց Զեյնալյանը նորից է կանչվում քննիչի մոտ: Ութամյա կրթությամբ, դատարանում շատ թույլ՝ խոսակցական հայերենից էլ ցածր մակարդակի բառապաշար ցուցադրած Զեյնալյանը գրական հայերենով եւ երկար, բարդ նախադասություններով տվել է նախաքննությանն անհրաժեշտ ցուցմունք, որոնք համապատասխանում էին տարբեր անձանց առաջադրված մեղադրանքներին, եւ նույնիսկ հիմք էին տալիս այդ անձանց, Հրայր Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:
Զեյնալյանն ասել էր, թե յուրաքանչյուր ամիս Հակոբյանին տվել է 30 000 դրամ, մինչդեռ, ասել էր նաեւ, որ դա տվել է քրոջը, որն օգնել է իրեն, քույրն էլ հաստատել էր: Դատարանում նույնպես հերքեց ասվածը եւ հայտնեց, որ ցուցմունքը գրել է քննիչի ճնշման ներքո: Ի դեպ, Զեյնալյանի՝ դատարանում ասվածի հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ հարցաքննության ժամանակ ճնշումներ գործադրելու փաստի առթիվ: Այս վկան միակը չէր: Տուժողի կարգավիճակից հետագայում նա դարձել էր կասկածյալ՝ սուտ մատնության համար:
Ու դատաքննության փուլում, երբ այս գործով վկան մեկ այլ գործով մեղադրանքի թակարդում է հայտնվել, կանչվում է դատարան՝ միայն այս անգամ «ոչինչ չեմ հիշում» ասելու համար: Նկատենք, որ Զեյնալյանը 230 վկաներից միակն է, ով իբր Հրայրի հետ քննարկել է այլ անձի հետ աշխատելու հանգամանքը: Պաշտպանական կողմի գնահատմամբ, խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 67-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով երաշխավորված պաշտպանության իրավունքը, ինչն անթույլատրելի է դարձնում այդ ցուցմունքի օգտագործումը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
30.05.2018