Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի». Սասուն Միքայելյան

Մայիս 28,2018 11:36

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին եւ հաշվի առնելով, որ նա ինչ-որ անհայտ մարդ չէ, ազգի հերոս է, նրա նկատմամբ այլ մոտեցում դրսեւորել: Ըստ Եղիազարյանի, սա հեղափոխություն է, հետեւաբար այն պետք է ուղեկցվի բանտերից մարդկանց ազատ արձակելով: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Այո, հեղափոխություն է եղել, այն կապիտալիզացիայի փուլում է, եւ դատարաններին որեւէ մեկը իրավունք չունի ցուցումներ տալու: Պրոցեսներ կան, կոնկրետ Սամվել Բաբայանի մասով Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը միջնորդություն են ներկայացրել՝ դատարանը կքննարկի»:

Հարցին՝ ցուցարարներն ասում են՝ դուք հույսներդ դնում եք այս դատավորների բարոյականության եւ խղճի վրա՞, որոնք տարիներ շարունակ սովոր են եղել աշխատել հայտնի մեթոդներով՝ Մարուքյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ մարդկանց ճնշել են, որ իրենք աշխատեն այդ մեթոդներով, ցուցումներ են տվել, որ աշխատեն այդ մեթոդներով: Հիմա այդ ճնշումներն ու ցուցումները քանի որ չկան, մարդիկ կաշխատեն օրենքով սահմանված կարգով: Ովքեր չեն աշխատի, բնականաբար կպատժվեն եւ կհեռացվեն համակարգից՝ էլի օրենքով սահմանված կարգով»:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այո, ես ստորագրել էի, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվի, քննություն գնա, նա ազատության մեջ լինի…Իսկ ո՞վ չի գտնում, որ Սամվել Բաբայանը ազգի հերոս է, պիտի իր կողմնակիցնե՞րը գտնեն»:

Հարցին՝ ասում են՝ ինչո՞ւ Փաշինյանը ժամ առաջ չի ազատում Սամվել Բաբայանին, թող անհապաղ ազատեն բանտախցից՝ նա պատասխանեց. «Հեղափոխության առաջնորդը Փաշինյանն է, այսօր վարչապետ է, ես ստորագրել եմ, Աղազարյանը, որը կուսակցությունից է, ստորագրել է, պարզ չի՞»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դա արդեն ուղերձ է, որ Բաբայանին ազա՞տ արձակեն՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ուղերձ չի է, պարզ է, որ «Ելք» դաշինքը, Քաղաքացիական պայմանագիրն են ստորագրել Սամվել Բաբայանի ազատման համար»:

Դիտարկմանը, որ, օրինակ, Շանթ Հարությունյանը չի ուզում, որ իրեն այդպես ուղղակի հեղափոխության հոսքի տակ ազատ արձակեն, նա արդարացման դատավճռի է սպասում՝ Միքայելյանը պատասխանեց. «Դրա համար շատ եք շտապում: Օրակարգում այդ հարցերը կան, մենք բոլորս էլ դատված մարդիկ ենք, գիտենք, թե ժամ հետո ինչ է լինում»:

Մենք փոխանցեցինք ցուցարարների քննադատությունը, որ կալանավորի համար մեկ ժամն անգամ նշանակություն ունի, պատի վրա ամեն օրը խազ են քաշում ու սրտատրոփ սպասում՝ Միքայելյանը պատասխանեց. «Իշխանափոխություն որ չլիներ՝ էդ խազն էլ չէին քաշի»:

Մենք ճշտեցինք ՝ այսինքն, ձգձգում չկա՞՝ նա պատասխանեց. «Գիտեք ոնց, այնտեղ պետք է ինչ-որ մարդկանց խափանման միջոց փոխվի, այդ մարդիկ հլը պարզում են, թե ով ինչ է արել, հո բաց թողելով չի՞: Բայց որ պիտի բաց թողեն՝ պիտի բաց թողեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031