Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել. «Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»

Մայիս 27,2018 16:21

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: Բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների: Վերականգնողական կենտրոնի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ: Եվ այդ հայ բարեկամներից մեկը ես եմ: Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, նաեւ շատ մեծ մտավորական, որը շատ կարդում է, գիտի: Հայաստանի պատմությունն էլ շատ լավ գիտի: Ես հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Գարեգին Առաջին Վեհափառը մահացավ, նա ինձ նամակ գրեց, հետո հանդիպեցինք եւ քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը: Երկրորդը՝ ինչպես գիտեք, աշխարհահռչակ երգիչ լինելուց բացի, նա նաեւ հսկայական բարեգործական աշխատանք է տանում՝ ՁԻԱՀ հիվանդության աշխարհի ամենամեծ բարեգործական ծրագիրն է»: Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնը ծրագիր է իրականացնում Երեւանում, որ լսողության խնդիրներ ունեցող երեխաները, մեծահասակները կարողանան հաղթահարել խնդիրը. «Յուրաքանչյուր երեխայի, երբ տեսնում ես, որ առաջին անգամ իր կյանքում սկսում է լսել, ցանկացած մարդ դա տեսելով՝ կարող է հուզվել»:

Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնի այցը Հայաստան կարեւոր նշանակություն ունի, աշխարհում կցուցադրեն, կտեսնեն մի փոքր Հայաստան: Նա նշեց, որ «Երեւան, իմ սերը» իր ստեղծած բարեգործական ծրագիրն է, որտեղ իր ընտանիքից սկսած, նաեւ շատ բարեկամներ իրենց ներդրումն են բերում. «Ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը: Ցավոք սրտի, մարդիկ չհասկացան, թե նա ինչի համար էր եկել, հիմարություններ գրեցին, որ նա եկել է ինչ-որ հանքի համար, որը բացարձակապես… մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երեւան, իմ սեր» ծրագրին, մարդ է, որը շատ լավ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը եւ եկել էր այստեղ՝ Հայաստանը տեսնելու: Եվ միակ բանը, որ ինքը բացի բարեկամությունից արժեք ունի, դա փոքրիկ այգի է, որը պատկանում է հիմա ինձ, իմ ընտանիքին, իմ տղաներին եւ իր տղաներին, որ ես նվիրել եմ, փոքր այգի է: Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Թորոսյան says:

    Սահմանադրության պահապանը
    շարունակում է խախտել Սահմանադրությունը

    Արմեն Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Արքայազն Չարլզի տղաները սեփականություն ունեն Հայաստանում, Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթի անթաքույց խախտում է, այն է՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Ակնհայտ է նաև, որ դա համապատասխան հաղորդում է դատախազության համար:

    Ռուբեն Թորոսյան
    Իրավաբան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031