ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող ամբաստանյալների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն՝ պնդելով՝ նա այնպիսի առողջական վիճակում է, որ չի կարող շարունակել մնալ կալանքի ներքո: «Պարզ է, որ նրա հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում: Նրա մեղադրանքը հասկանալի չէ: Անգամ եթե մեղադրանքը հաստատվեր, քրեորեն պատժելի արարքի փաստ չէր լինի»,-համոզմունք հայտնեց Տիգրան Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ նախկինում քանիցս նման միջնորդություն էին ներկայացրել եւ մերժվել, իսկ հիմա նոր իշխանություն ունենք:
«Հիմա հավատում ենք, որ արդարադատությունը պետք է ապահովի Եղնուկյանի իրավունքների պաշտպանությունը: Հիմա իրադրություն է փոխվել, գլխավոր դատախազն էլ է դա ասում, ուստի հավատում ենք, որ դատարաններին այլեւս հրահանգ տվող չկա»,-նկատեց Հայրապետյանը: Կարո Եղնուկյանն էլ իր հերթին հայտարարեց. «Խափանման միջոցն իմ դեպքում անօրինական ձեւով է կիրառվել: Օրենքը պահանջում է, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Եթե կալանքը կիրառվում է չհիմնավորված, անձը համարվում է քաղբանտարկյալ: Այս իշխանություններն իմ իրավունքները չեն խախտել, ի տարբերություն նախորդ իշխանությունների: Իշխանության վերաբերմունքն է բնորոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»:
Կարո Եղնուկյանը նշեց, որ նախորդ իշխանություններն իր հանդեպ պատժիչ քաղաքականություն են վարել՝ նպատակ ունենալով խախտել անմեղության կանխավարկածը. «Պատժել են՝ անազատության մեջ պահելով»: Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու, մասնավորապես՝ ռադիոկապ ապահովելու համար: Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը՝ նկատելով՝ նոր իշխանությունները հայտարարում են, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, ուստի դատավորն արդեն ազատ է որոշումներ կայացնելու հարցում:
Մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը միջնորդության առնչությամբ այսպիսի կարծիք հայտնեց. «Կարո Եղնուկյանի կալանքի առնչությամբ մինչ օրս կայացված որոշումներն ապօրինի չեն եղել: Որպես կալանքը պահպանելու հիմք դիտարկվում է քննությանը խոչընդոտելը եւ քննությունից թաքնվելը: Արձանագրում ենք, որ այս պահին, ըստ այսօր ներկայացված փաստաթղթի, առողջական վիճակով պայմանավորված՝ նվազել է քննությանը խոչընդոտելու հանգամանքը, ինչը նախկինում չկար: Ուստի կարող ենք դիտարկել խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որովհետեւ գրավը զսպող գործոն է: Կարծում ենք՝ հնարավոր չի լինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, եթե կալանքն առհասարակ վերացվի՝ առանց գրավի»: Ենոքյանը հավելեց, որ սա քաղաքական գործընթաց չէ, այլ դատավարություն, եւ ամեն ինչ պետք է գտնվի իրավունքի տիրույթում:
Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, սակայն, ի զարմանս նիստին հետեւող քաղաքացիների, անհամաձայնություն հայտնեց դատախազի ասածի առնչությամբ. «Նախկինում էլ ենք գրավ առաջարկել, բայց մերժվել է: Եթե հիմա դատարանը գտնի, որ գրավ կարող է կիրառել, բողոքարկելու ենք այդ որոշումը: Պնդում ենք, որ նա փախուստի դիմելու խնդիր չունի: Գրավը չէ, որ ապահովում է մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Ուստի, պետք չէ մեզ «ադալժենի» անել: Խնդիրն այն է, որ նրա մեղադրանքը քրեորեն պատժելի չէ: Մենք մինչեւ Եվրադատարան գնալու ենք…Եղնուկյանը Մաքսիմ Սարգսյանի հետ էլ է հեռախոսով խոսել, բա ինչո՞ւ նրան մեղադրանք չեք առաջադրել: Չի կարելի այսպես»:
Միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ 15:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ