Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինս րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երեւանում»

Մայիս 23,2018 13:30

Շվեյցարաբնակ ռուս ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովայի հայկական արմատների, «սարսափելի» Շուբերտի եւ Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցության մասին:

Շուրջ քառորդ դար, երկաթյա վարագույրը բացվելուց հետո, առաջին անգամ հյուրախաղերով հայրենիք են այցելում ոչ միայն սփյուռքահայ արվեստագետներ, այլեւ հայկական ծագում ունեցող բազմաթիվ, այս դեպքում՝ երաժիշտներ: Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ծնունդով Մոսկվայից շվեյցարաբնակ, հայկական ծագում ունեցող ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովան:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե 2000թ. Ավստրիայում Բրամսի անվան, այնուհետեւ Ցյուրիխում Մոցարտի, հետո Շվեյցարիայում Վարգայի, ավելի ուշ՝ Իտալիայում Լիպիցերիի անվան միջազգային մրցույթներում գլխավոր մրցանակներին արժանանալուց հետո սկսվել ու շարունակվում են իր հյուրախաղերը աշխարհում, հեղինակավոր նվագախմբերի եւ դիրիժորների ընկերակցությամբ: «Իսկապես երկար ժամանակ կպահանջվի թվարկել անուններ, ասեմ նաեւ, որ սիրահար եմ կամերային երաժշտության եւ հանդես եմ գալիս դարձյալ հանրաճանաչ գործընկերներիս հետ: Ստեղծագործական կյանքում նվաճում եմ համարում Ցյուրիխում իմ կողմից հիմնած ամենամյա, չորս համերգներից բաղկացած «Classical Highlights» համերգաշարը, որի նպատակն է ներգրավել տարբեր երկրների երաժշտարվեստի ոլորտը ներկայացնող երիտասարդ երաժիշտներին: Շուրջ 8 տարի է՝ համերգաշարի տնօրենի պարտականությունները կատարում է ամուսինս՝ IT ոլորտի մասնագետ Պատրիկ Նոեն Շվանդերը: Ժամանակին այս համերգաշարում իր արվեստը ցուցադրեց մաեստրո Թոփչյանը, որի հետ, ի դեպ, առաջիկա մի շարք ծրագրեր ունենք իրականացնելու»: Զրույցին ներկա ջութակահարուհու ամուսինը հավաստիացրեց, թե իր խոսքերով՝ «Կինս՝ Մարիան, րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երեւանում»: Առանց մանրամասներ հաղորդելու ասաց, որ կնոջ հայրական կողմից պապն ու տատը հայեր են եւ հայոց պատմության ու հայկական մշակույթի մասին ինքը տեղեկացել է տիկնոջից:

Ջութակահարուհին՝ երեւանյան ելույթի պահին:

Կայացած համերգում Մարիա Սլոզոբովան հանդես եկավ Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտի մեկնաբանմամբ: «Մոցարտն իր 6 կոնցերտներում տալիս է կերպարային ինքնուրույն լուծում, որը նրա ստեղծագործական երեւակայության թռիչքի եւս մեկ ապացույցն է: Եռամաս այս ստեղծագործությունները, իմ կարծիքով, աչքի են ընկնում հատկապես դրանց միջին մասերը, որոնց վրա բացահայտ ազդեցություն է գործել հենց մոցարտյան օպերային արիաների մեղեդայնությունը,- ասաց մեր զրուցակիցն ու ժպիտով հավելեց,- գուցե հայկական գենի միջոցով է ինձ փոխանցվել ցանկացած երկի հատկապես մեղեդային հատվածների նկատմամբ բացառիկ վերաբերմունքը»:

Ջութակահարուհին զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Շուբերտի 9-րդ սիմֆոնիայի մեկնաբանմանը. «Երգային թեմաների հիման վրա գրված այս սիմֆոնիան պատկանում է հենց կոմպոզիտորի հիմնած «երգային սիմֆոնիզմի» տարատեսակին: Այս երկն առանձնանում է իր անսովոր մեծ ծավալով (շուրջ 1 ժամ) եւ երաժշտական կերպարների բազմազանությամբ: Դիրիժորի կողմից բարդ է այդ 1 ժամ հնչող երաժշտությունը պահել հսկողության տակ: Դիրիժորի կողմից առանց չափազանցության մեկ վայրկյան շեղումը կարող է ճակատագրական լինել: Պետք է ասեմ, որ Էդուարդ Թոփչանն ու նվագախումբը իսկապես պատվով դուրս եկան»:
Ի դեպ, մինչ համերգը՝ Էդուարդ Թոփչյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ առաջին անգամ է ղեկավարում Շուբերտի 9-րդ սիմֆոնիան եւ, իր խոսքերով՝ «նման երաժշտությունից վախենում եմ»: Ռեպլիկին՝ ուրիշ ինչի՞ց է վախենում, դիրիժորն ասել էր. «Երաժշտությունից դուրս՝ ոչնչից: Վախենում եմ նաեւ Մալերի, Բրուքների… սիմֆոնիաներից նույնպես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարիա Սոլոզոբովան՝ ամուսնու հետ:

«Առավոտ»

22.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031