Ապրիլի 23-ի առավոտյան Բրյուսելում բնակվող հայերի մի խումբ մտել էր Բելգիայում Հայաստանի դեսպանատուն, և պահանջել դադարեցնել աշխատանքն ու միանալ իրենց։ Սակայն ներս էին մտել ոստիկանները ու ցրել ցուցարարներին։
Բելգիայում Հայաստանի դեսպանատունը կատարվածի առնչությամբ տվել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Ապրիլի 23-ին առավոտյան 8-10 հոգի հայազգի անձինք փորձ են կատարել մուտք գործել Բելգիայում ՀՀ դեսպանության շենք: Դեսպանության շքամուտքում նրանց կանգնեցրել են դեսպանության աշխատակիցները: Դեսպանը և դեսպանության դիվանագետները բացատրական աշխատանքներ են տարել, որի արդյունքում նշված անձիք պատրաստվում էին հեռանալ: Մինչ նշյալ անձիք կհեռանային՝ ժամանել է Բելգիայի ոստիկանությունը, որի շուրջօրյա վերահսկողության ներքո են գտնվում դեսպանատները, և հարկադրել նրանց հեռանալ: Դեսպանությունը չի հրավիրել ոստիկանություն, մերժել է Բելգիայի ոստիկանության կոչը ներկայացրել պաշտոնական բողոք և դիմել է ոստիկանությանը ազատելու բերման ենթարկվածներին»:
«Առավոտը» հրապարակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի տիկնոջ՝ Տաթեւիկ Մանուկյանի գրառումը կատարվածի վերաբերյալ: Այսօր հրապարակում ենք ցույցի մասնակից Մարատ Գրիգորյանի պատասխան գրությունը: Նա «Առավոտին» տրամադրել է նաեւ կատարվածի որոշ տեսագրություններ:
«Օրեր առաջ, համաժողովրդական ընդվզման ամենաբուռն օրերին, աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը ևս իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին միանալով համազգային պայքարին՝ ընդդեմ տարիներ շարունակ երկիրը կեղեքող ապօրինի իշխանության, անարդարության և մարդու իրավունքների մասսայական ոտնահարումների դեմ: Բացառություն չէր նաև հայաշատ Բելգիայի թագավորությունը:
Մի խումբ հայեր մուտք գործեցին Հայաստանի հանրապետության դեսպանատուն, պահանջելով դեսպանին և մյուս աշխատակիցներին սատարելու ժողովրդական շարժմանը: Սակայն վերջիններս աննկարագրելի ստորություն ցուցաբերեցին՝ կանչելով ոստիկանություն, որոնք էլ բռնի ուժ գործադրելով, մարմնական վնասվածքներ պատճառելով և բերման ենթարկելով՝ հեռացրեցին ցուցարարներին: Ավելին՝ մի խումբ արդեն նախկին իշխանական լափամանից օգտվողներ սկսեցին սոցցանցերում վարկաբեկել ցուցարարներին, փորձելով խաղաղ բնույթի ցույցը ներկայացնել իբրև խուլիգանություն և ագրեսիայի դրսևորում:
Ստորև՝ մեր կողմից կատարված ձայնագրություններով և պարզագույն վերլուծություններով կապացուցեմ, որ վերոհիշյալ քայլերը ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստի քարոզ ու կեղտոտ պատվեր:
Տեսանյութում հստակ երևում է, որ միակ դրվագը, որի հիման վրա ակցիան որակվում է իբրև ոչ խաղաղ, քաղաքացիների մուտքը խոչընդոտող աշխատակցին դռան դիմացից ձեռքով հեռացնելն է: Իսկ քանի որ Հայաստանի հանրապետության դեսպանատունը հավասարապես պատկանում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հայերին (իսկ մասնակիցների ճնշող մեծամասնությունը նաև Հայաստանի հանրապետության քաղաքացիներ են), դեսպանատան աշխատողները վարձատրվում են նման քաղաքացիների վճարված հարկերից, հետևաբար տխրահռչակ աշխատակիցը ոչ մի իրավական և բարոյական իրավունք չուներ արգելել քաղաքացիների մուտքը դեսպանատուն:
Նաև տեսանյութում հստակ երևում է, որ քաղաքացիները դեսպանի հետ խոսում են բացարձակ հարգալից, դեսպանատան գույքը վնասելու, աշխատակիցներին վիրավորելու, ուժ գործադրելու նշույլ անգամ չկա:
Մասնակիցների թվում կան կանայք և աղջիկներ, ավելին, առաջին շարքում կանգնած է հորաքույրս՝ 2 տարեկան թոռնիկին գրկած: Միայն անմեղսունակը կարող է մտածել, որ այսպիսի կազմով մարդիկ գնում են անկարգություններ և բախումներ հրահրելու:
Շարժման վարկաբեկողների մյուս ակնհայտ սուտն այն էր, որ իբր ոստիկանություն կանչել են հարևանությամբ գտնվող սրճարանից, այլ ոչ թե դեսպանատան ներսից: Սա բացահայտ ապատեղեկատվություն է, քանի որ ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, և Բելգիայի ոստիկանությունը իրավունք ունի մուտք գործել տվյալ տարածք բացառապես դեսպանատան աշխատակիցների կանչով և թույլտվությամբ, իսկ նրանց ահազանգը ոստիկանությունը դիտում է որպես հարձակում պետական պահպանման տակ գտնվող տարածք, ինչով էլ պայմանավորված էր ոստիկանության ագրեսիվ պահվածքը:
Ստացվեց, որ հայ ժողովրդի այս աննախադեպ համախմբման, համազգային զարթոնքի ու պայքարի ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերի համար դեմ կանգնեցին մի ամբողջ ազգի, վարկաբեկելով համաժողովրդական խաղաղ ցույցերը, և սատարելով տարիներ շարունակ մեր հայրենիքը թալանող, կեղեքող, և վաճառող ազգադավ ռեժիմին:
Եթե սրան էլ ավելացնենք ստորև բերված տեսանյութերի հեղինակներին ուղղված բազմաթիվ սպառնալիքներն ու վիրավորանքները տեսանյութը հեռացնելու պահանջով, դեսպանի կողմից ուղղորդված մարդկանց հորդորները, կարելի է հստակ եզրակացություն անել:
Ավելին, դեպքից մոտ 2 շաբաթ անց համացանցում տարածվեց դեսպանատան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը, իբրև հաստատում ցուցարարների բռնի գործողությունների, սակայն տեսանյութն ընդամենը մի քանի վայրկյան տևողություն ունի, և ցուցադրվում է միայն վերոնշյալ դեպքը ցուցարարների մուտքը ապօրինաբար խոչընդոտող աշխատակցի մասնակցությամբ:
Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Մենք ամեն կերպ բարձրացնելու ենք այս հարցը նորընտիր վարչապետի մոտ, լուծում տալու այս հարցին, քանի որ այս դեպքից հետո դեսպանատունն էլ ավելի է վատացրել մինչև այս էլ եղած ՀՀ քաղաքացիների շահերը սպասարկելու խայտառակ ցածր որակը»: