Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի հայրը ապօրինի շինարարություն է սկսել, ինչի արդյունքում քաղաքացին բիզնեսը կորցրել է

Մայիս 19,2018 14:00

Բիզնես խլելու մի քիչ ոչ դասական օրինակ են ցուցադրում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հայրն ու Երեւանի քաղաքապետարանը: Երբ Երեւանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքը 2,2 միլիարդ դրամով վաճառվեց «Էս Էռ Հոթել» ընկերության սեփականատեր Դերժավայի Արկադի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին, կարճ ժամանակ անց վերջինս Մաշտոցի 52 հասցեում սկսեց «Քրոուն պլազա» հյուրանոցը կառուցել՝ ճարտարապետների պնդմամբ՝ ԵՊՀ Հյուրերի տան գեղեցիկ եւ, կարելի է ասել, եզակի շենքի տեսքն ավերելով: Սակայն մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա այստեղ. այս ընկերությունը շինարարությունը սկսել է առանց շինթույլտվության: Եվ այս շինարարության ընթացքում մեծ վնասներ կրեց ու փակվեց «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ը, որը գործում էր ԵՊՀ Հյուրերի տան նկուղային հարկում: Հյուրանոցի ապօրինի շինարարության ժամանակ «Պիլսներ Հաուս» ռեստորանի գույքը վնասվում էր, անջատել էին գազը, ջուրը, էլեկտրաէներգիան: Եվ որքան էլ ռեստորանի սեփականատերը փորձում էր դատական կարգով կանգնեցնել ապօրինի շինարարությունը, հաջողության չէր հասնում, ստիպված դադարեցրեց բիզնեսը: Այն ո՞ր վարչապետն էր ասում՝ բիզնես չեն խլելու: Կարեն Կարապետյանը:

Հենց Կարապետյանի օրոք էլ իրականացվել ու մինչ օրս շարունակվում է այս ապօրինությունը:

Ռեստորանի սեփականատեր Հարություն Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ 2003 թվականից հանրային սննդի գործունեություն ծավալելու համար Մաշտոցի 52 հասցեում՝ Համալսարանի Հյուրերի տանը, ԵՊՀ-ի եւ պետական գույքի կառավարման վարչության հետ գույքն անհատույց օգտագործման պայմանագիր է կնքել: Ըստ Ղազարյանի՝ 2015-ին պայմանագրի ժամկետը լրացել էր, սակայն կողմը պայմանագիրը լուծելու համար չէր դիմել վարձակալին. «Իսկ օրենքը սահմանում է՝ եթե անշարժ գույքի վարձակալման որոշակի ժամկետով կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո կողմերը շարունակում են նույն պայմաններով վարձակալել տարածքը, ապա համարվում է օրենքի ուժով անորոշ ժամկետով պայմանագիրը երկարաձգված: Մինչեւ 2017-ի հունվարը աշխատեցինք օրենքի այդ պայմանով, սեփականատերը չէր դիմել ու չի էլ դիմում պայմանագիրը լուծելու խնդրով»:


Ստանիսլավ Համբարձումյանի «Էս Էռ Հոթել» ընկերությանը քաղաքապետարանը թույլ է տվել շինարարություն իրականացնել 2017-ի օգոստոսին, սակայն Համբարձումյանը շինաշխատանքները սկսել է 2017-ի փետրվարին, այսինքն՝ անօրինական: Ղազարյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը տեղյակ է եղել, որ Համբարձումյանը ապօրինի շինարարություն է իրականացնում: Դատարանում Ղազարյանի շահերը ներկայացնող Նանե Ղազարյանն «Առավոտին» պատմեց, որ երբ սկսվել էր ապօրինի շինարարությունը, դիմել էին դատարան՝ կասեցնելու այն, սակայն զարմանալիորեն շատ կարճ ժամկետում՝ 15 օրում, դատարանը որոշեց, որ ապօրինություն չկա. «Մենք վիճարկեցինք առաջին ատյանի վճիռը, հիմա գործը Վերաքննիչ դատարանում է, բայց առաջին նիստի օր են նշանակել 2019-ի մարտի 28-ին: Ընդ որում, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այդ շինարարությունը պետք է դադարեցվի, մինչեւ պարզվի՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Սակայն այս պահին էլ ակտիվ շինարարություններ են ընթանում: Մենք դատի ենք տվել Երեւանի քաղաքապետարանին, որովհետեւ ապօրինի շինթույլտվություն է: Քաղաքապետարանը տեղյակ է, որ մենք այդ շինարարության տարածքում իրավունքներ ունենք, եւ շինթույլտվությունը տրամադրելուց առաջ պետք է մեզ լսեր, մեր սեփականության իրավունքն է խախտվել: Բայց ինքը շինթույլտվություն տվել է օգոստոսի համար, բայց փետրվարին ասել է՝ գնացեք քանդեք: Մեր բազմաթիվ բողոքներից հետո քաղաքապետարանն այդ ընկերությանն ընդամենը 200 հազար դրամով է տուգանել: Ընդունել է, որ շինությունն ինքնակամ է, բայց մեր սեփականության իրավունքը չի վերականգնվել»:

Ռեստորանի սեփականատեր Հարություն Ղազարյանն էլ պատմեց. «Երբ 2013-ին որոշել էինք ռեստորանի բացօթյա հատվածը ապակեպատել, ու որոշակի աշխատանք էինք սկսել, քաղաքապետարանից ասել էին՝ «վաղը մեր նկարահանող խումբն ու ապամոնտաժող բրիգադը կգան, կվճարեք ապամոնտաժման ծախսը եւ այլն»: Մենք ինքներս ապամոնտաժեցինք: Իսկ երբ ես մասնակցում էի քաղաքապետարանի վարույթին «Էս Էռ Հոթել»-ի դեմ, քաղաքապետարանի պաշտոնյան ինձ ասաց՝ ի՞նչ անեմ, բանվորի ձեռքից բռնեմ՝ իջացնե՞մ: Այսինքն՝ եթե Դերժավայի Արկադի տղան է կամ հայրը, քաղաքապետարանը թույլ է տալիս անօրինականություն անեն»:

Այս դատական գործով փաստաբան Նանե Ղազարյանն էլ նշեց, որ որպես ապօրինի շինարարություն` անգամ ոստիկանություն են դիմել. «Որովհետեւ Քրեական օրենսգրքով՝ ինքնակամ շինարարությունը ինքնիրավչություն է, եւ մենք հաղորդում տվեցինք հանցագործության մասին: Մերժվեց: Ապա դիմեցինք դատախազություն: Երեւանի գլխավոր դատախազը քննիչի նույն մերժման տակ ստորագրեց ու ուղարկեց մեզ: Այսինքն՝ ապօրինության վրա աչք փակելն առաջին դեմքերով է գնում՝ քաղաքի դատախազ, Երեւանի քաղաքապետ»:

Հարություն Ղազարյանը մեկ տարուց ավելի է՝ բիզնես գործունեություն չի իրականացնում, մինչդեռ բավականին խոշոր գումարներ էր ներդրել եւ բավականին խոշոր գումարներ կորցրել, վնասներ կրել այդ ապօրինի շինարարությունից:
«Մենք մինչեւ վերջ գնալու ենք ու մեր իրավունքները վերականգնելու ենք»,- ասաց Ղազարյանը:

Բայց մի բան էլ հիշեցնենք նախկին վարչապետից՝ նա էր մշտապես խոսում ներդրումները խթանելու եւ բիզնեսի կողքին լինելու, գործարար եւ այլ ոլորտներում հավասար ու օրինական պայմաններ ստեղծելու մասին: Սակայն, ըստ էության, Կարապետյանի այս կոչերը արհամարհել է Երեւանի քաղաքապետը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

18.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031