Aravot.am-ը Ժիրայր Սեֆիլյանի եղբորից՝ Թորոս Սեֆիլյանից մանրամասներ ճշտեց երեկ ուշ երեկոյան կայացած՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպումից: Թորոս Սեֆիլյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ հետամուտ է լինելու «ծռերի» խնդրին: «Մենք հիմա վարչապետի գրասենյակից գործնական քայլերի ենք սպասում: Նա ասել է, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է արագ կերպով լուծում տան:
«Սասնա ծռերի» հետ կապված էլ խոստացավ, բայց իրավական դաշտում: Այո, մենք էլ ենք ասում՝ իրավական լուծում տվեք, բայց «ծռերի» խափանման միջոցը փոխեք: Պետք է ընդառաջեն եւ իրագործեն դա: «Սասնա ծռերը» փախչող չեն: Մեր ասածն այն է, որ նրանք ազատ վիճակում գան-մասնակցեն նիստերին»,-հանդիպման մասին պատմեց Թորոս Սեֆիլյանը:
Նա հայտնեց՝ նախատեսվում է նաեւ, որ «Սասնա ծռերի» աջակիցները հանդիպելու են Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: «Սպասողական վիճակում ենք: Պահանջը նույնն է՝ փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանքը եւ խնդրին իրավական լուծում տալ: Մենք հետքայլ չենք անելու, նրանք տանից պետք է գնան իրենց գործով նիստերին մասնակցելու»:
Հավելենք՝ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի գործողությունները դադարեցնելու մասին քաղաքացիներին ուղղված երեկվա կոչին, «Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են նստացույց անել եւ շրջափակած պահել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի մուտքերը, ինչի պատճառով դատական նիստերը չեն կայանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ