Այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները հայտարարեցին, որ օրուգիշեր մնալու են այդտեղ մինչև պաշտոնական պատասխան չստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել հորդորով՝ դադարեցնել անհնազանդության գործողությունները:
Ինչպես տեղեկացրել ենք, բողոքի գործողություններ իրականացնողների շարքում են «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ազատամարտիկներ: Վճռաբեկ դատարանի շենքի առաջ պառկել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց՝ պահանջել է, որ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը գա, և իրենք կոնկրետ պարզաբանումներ ստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված: Նաև նշեց, թե զգուշացրել է, որ եթե կոնկրետ պարզաբանում չներկայացնի դատարանի ներկայացուցիչը, բողոքի ցույցը չի ավարտվի:
Բողոքող քաղաքացիները գոչեցին. «Հարգելի վճռաբեկ դատարանի նախագահ, մենք Ձեզ դուրս ենք հրավիրում, որ մեզ պատասխան տաք, թե երբ եք կայացնելու դատավարությունը և դատարանի դահլիճից ազատ արձակելու Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին: Դուրս եկեք, միևնույն է, մենք մեր ցույցը շարունակելու ենք օրուգիշեր»:
Գեներալ մայոր Արմեն Չիլինգարյանը (ներկայացավ իբրեւ կազակական ատաման) տեղեկացրեց. որ մեկ ամիս առաջ դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որպեսզի ՀՀ վերաքննիչ դատարանի բողոքը վերանայեն, սակայն պատասխան չեն ստացել. «Թեև Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, բայց մտահոգություն ունենք, որ չեն հասցնի. Վճռաբեկ դատարանը հապճեպ որոշում կկայացնի և Վերաքննիչի բողոքը նույնը կթողնի»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում է գտնվում Սամվել Բաբայանի հայցը, բայց ձգձգվում է: Ըստ նրա, եթե ցանկություն ու բարի կամք լինի, մեկ-երկու օրվա ընթացքում այդ հարցին կանդրադառնան. «Բոլորը հասկանում են, որ Սամվել Բաբայանը միայն քաղաքական դրդապատճառներով է հայտնվել բանտում այն ժամանակ, երբ մի քանի օր էր մնացել ընտրություններին: Հիշում եք, թե ինչպես էին նրան դիմավորում Արցախում: Հայաստանում էլ հասկանում էին, որ բոլոր այն մարդիկ, որոնք ազատագրեցին հողը, նրանք կազատագրեն երկիրը նաև ներքին թշնամուց»:
Արամ Հարությունյանը, դիմելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ու դատավորներին, նշեց, թե միայն մեկ տարբերակ ունեն. գալ ու ասել, որ կառաջնորդվեն իրենց խղճով. «Սա մեր բոլորի հաղթանակն է, այն չպետք է սևացնել: Այս հաղթանակը գրոշ չարժի, եթե բանտում հայտնվել է գոնե մեկը քաղաքական հայացքների համար: Կոչ եմ անում դատավորներին, դատախազներին՝ առաջնորդվեք ձեր խղճով, նայեք ձեր ընտանիքում ձեզ: Եթե Շարմազանովի աղջիկը նամակ է գրել, ձեր էրեխեքը չեն հասցնելու նամակ գրել, գլուխները կախ դպրոց են գնալու կամ չեն գնալու: Ես ուզում եմ, որ ձեզ համար էլ լավ լինի, քանի որ եթե երկիրը յուրաքանչյուրի համար լավը չէ, ուրեմն երկիրը լավը չէ: Մկրտումյան, ուզում եմ, որ քո հոր, քո թոռան համար էլ լինի: Իջիր այստեղ, ինչի՞ց եք վախենում, Սերժ Սարգսյանը գնալու է, չի մնալու այստեղ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ